1. Թեմական տեսուչ

Chapter 2

Բ: ԳՅՈՒՂԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Տեր-Մաշառի խոտադեզի չարդախի տակը դրված երկայն տախտակի վերա ոտնակախ շարվել էին գյուղի առաջավոր մարդիկը, որոնցից որոշվում էր վերի ծայրում դոշակի վրա նստած եվրոպական հագուստով մի մարդ։ Սա թեմական վերատեսուչն էր։

Գյուղացիք իմացան, որ իրանց նոր պաշտոնով նոր եկած հյուրի անունը Գրիգոր է, բայց չէին իմանում, թե հետը խոսելիս ինչ տիտղոս կպցնեն նրա անվանը։ Մեկն ասում էր՝ տիրացու Գրիգոր, մյուսը տեսնում էր, որ նա տիրացու չէ, ասում էր Գրիգոր-բեկ, մի ուրիշն ասում էր Գրիգոր աղա, կային ասողներ և Գրիգոր վարժապետ, Գրիգոր թեմակալ։ Այս զանազան տիտղոսներից թեմական վերատեսչին ազատեց Միքայել վարժապետը, անվանելով նրան պարոն տեսուչ, և իբրև վարժապետ, այդ բառն այնքան կրկնեց, որ ամենի համար գործածական դարձավ։ Մեր թեմականի տեղ եթե մի ուրիշը լիներ, գուցե նեղանար, թե ինչո՞ւ իրան տեսուչ են ասում և ոչ վերատեսուչ, բայց նա ավելի ուրախ կլիներ, որ իրան սոսկ Գրիգոր ասեին, միայն թե իր առաջարկություններին կատարում տային։ Նա ոչ մի տիտղոսից չէր նեղանում յուր մտքումը բացի բեկ տիտղոսից, որ նա ատելով ատում էր, և եթե այդ տիտղոսը տար նրան իրեն ճանաչողներից կամ ընկերներից մինը, նա այդ կընդուներ իբրև մի հայհոյանք։

Գրիգորը միջահասակ մի երիտասարդ էր՝ մոտ երեսուն կամ քառասուն տարեկան։ Նա անմորուք էր, այսինքն գերծում էր երեսը և ուրիշ ոչ մի առանձին հատկություն չուներ, միայն նրա կազմվածքին նայողը կկարծեր, թե նա ոտքից մինչև գլուխ մի կանոնավոր պրիզմայաձև կաղապարով է ձուլված։

Գյուղացիք, որ հետաքրքիր երեխայի բնավորություն ունին, տեղի և անտեղի հարց ու փորձով ծանրաբեռնում էին խեղճ թեմական վերատեսչին և ձանձրացնում։ Ի բնե սակավախոս Գրիգորի համար դրանից մեծ պատիժ կարող չէր լինել։ ​

— Պարոն տեսուչ, քանի՞ երեխա ունիս,— հարցնում էր մեկը։

— Ես երեխա չունիմ,— պատասխանում էր Գրիգորը։

— Բնավ չի՞ եղած, թե չե՞ն ապրում։

— Չեն եղած...

— Խե՜ղճ... քանի՞ տարի կլինի ձեր ամուսնանալուն։

— Ես չե՛մ ամուսնացած...

— Ա՛յ օրհնված, դե ասա կին չունիմ, էլ երեխան ո՞րտեղից կլինի... Ուրեմն վարդապե՞տ եք դառնալու, ե՞րբ եք ձեռնադրվելու...

Գրիգորը լսում էր և ոչինչ չէր պատասխանում, որ գուցե վերջ տա այդ մարդու հարց ու փորձին, բայց դրանից ազատվելով՝ մի ուրիշի ձեռքն էր ընկնում։ Մինը հարցնում էր, թե նա քանի լեզու գիտե, մյուսը, թե քանի չին ունի, մի ուրիշը, թե տարին քանի մանեթ է ստանում... Նորան այս անտեղի հարց ու փորձից ազատեց Արզուման ապերը, գյուղի պատվավոր իշխաններից մինը, որ շատ չար ու բարի տեսած՝ նորերի ապականությունից ազատ մնացած և հին պարզ-հայկական կյանքով ու խոսքով ապրող մի պատկառելի ծերունի էր։ Երբ որ նա եկավ, ամենքը տեղներից վեր կացան և նրան տեսչի մոտ նստեցրին։ Արզուման ապերը տեսչի կողքին նստելով բարևեց նրան ասելով․— «բարով եք եկել, հազար բարի, մեր աչքի լույսն եք, մեր գլխի վերա տեղ ունիք»։... և բռնոթու պարկի կապը բաց անելով՝ շարունակեց. «Է՜, ի՞նչ ունիք հայտնելու մեզ, պարո՛ն, ասացեք, տեսնենք ինչ ենք անելու, լսեցի, որ եկել եք մեր շենումը ուսումնարան բաց անեք»...

Թեման տեսուչը տեսավ, որ էլի շատ մարդիկ եկան և գլուխ տալով նստեցին որը մի քարի վերա, որը գետնին, ուզեց մի քանի խոսքով հասկացնել նրանց իր այցելության նպատակը, ուստի դառնալով տանուտերին, ասաց.

— Պարոն տանուտեր, կարծեմ ձեր գյուղի բոլոր իշխան մարդիկն այստեղ են, և ես կարող եմ հայտնել, թե ինչու համար եմ եկել։

— Դե ես ինչ իմանամ, իրենք գիտեն։ Ես մի երեխա ունիմ, էն է թագավորական շկոլումը. հիմի չեթվերթի կլասումն է... ​Դե ես ինչ իմանամ, իրենք գիտեն, իրանց երեխանց համար ես եկել։

Թեմական տեսչի վերա տանուտերի այդ ոճով խոսելը շատ վատ տպավորություն գործեց, մանավանդ շկոլն ու չեթվերթի կլասը։ Նա մի րոպեաչափ գլուխը քաշ ձգեց և հետո խոսքը տերտերին դարձրեց․

— Տե՛ր հայր, էլի մարդիկ ունի՞ս կանչելու, թե կարելի է արդեն գործ սկսել...

— Պարոն տեսուչ, դրանք որքան քիչ լինին, այնքան լավ է։ Եթե գան լցվին, էլ իրար խոսք չեն հասկանալ, կսկսեն տակից գլխից դուրս տալ։ Կարծում եք ես քի՞չ եմ խոսել, քի՞չ եմ քարոզել, ա՜յ, թող վկա լինին։ Քանի-քանի անգամ ասած կլինեմ, թե ժամանակս փոխվել է, հիմի հարկավոր է մեր որդոցը ուսում տալ, որ գնան մարդ դառնան, մի կտոր հացի տեր լինին, մեզ նման մաճ չբռնեն, գութան չքշեն, գնան թագավորի փեշը բռնեն, մարդիկ քշեն, ինչպես Քրիստոս ասել է․ «Ծառայք հնազանդ լերուք ձեր տերերին և ես զձեզ մարդկանց որսորդ կշինեմ․․․»։ Ծառա՛ եմ, ես այնքան կարդալ չգիտեմ, մեղքս ինչ թաքցնեմ, չեմ էլ ասում, թե բերեք ձեր երեխեքը ես կարդացնեմ, չունքի ես ոչ ռուսերեն եմ գիտում, ոչ արիփմետիկա, ոչ էլ իմ երեխանց համար է իմ ասելը։ Իմ երեխեքն էլ են հրեն քաղաքի շկոլումը, ըստարշի ուչիթելին կշտին, էս տարի էլ փոխվել են ըֆտարոյ կլասը։

Եվ եղև ետինն չար քան զառաջինն․․․ Մեր տեսուչը տանուտերի ոճիցն էր զզված, տերտերինը նրանից անց կացավ։ Շատ լավ նշմարում էր, որ թե՛ տանուտերը և թե՛ տերտերը ընդդեմ են ուսումնարան բացվելուն, բայց մինչդեռ ինքը մտածում էր, թե ի՛նչ խոսի արդյոք և ինչպես խոսի, արդեն կռիվն սկսվել էր․․․

— Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք ուզում ասել, տերտեր,— ասաց Արզումանը ծեր մարդկանց հատուկ բարկությամբ։— Քո տղերքն շկոլումն են, քյոխվինը շկոլումն են։ Ձեր ասելով շկոլն եք ուղարկել, որ այնտեղ մարդիկ քշել սովորեն, բայց մեր քյոխվան ու դու առանց շկոլի երես տեսնելու էլ՝ շատ լավ եք քշում մեզ։ Առանց մեզ հարցնելու մեր անուններն ստորագրում եք՝ տալիս մարդ քշողներին, բայց ​հիմի տեսչի առաջին ուզում եք ցույց տալ, որ շատ սրտացավ եք մեզ համար։ Ինչո՞ւ ուղիղը չեք ասում, որ ադամամութին ձեռագիր եք տվել սատանային և ձեր հոգին նրան խոստացել, որ նա ձեզ լույս տա... Լա՜վ լույս է, որ հոգի կորցնելով պիտի ձեռք բերվի...

— Ա՛յ ջամհաթ, լսո՞ւմ եք ինչ է ասում այդ ալևորը. վկա եղեք, և հարցնելս չասեք, թե չենք լսել,— ասաց քյոխվան ինքնապաստան գոռոզությամբ։

— Է՜յ, քյո՜խվա, դու որ քո չափն ու իրավունքը ճանաչես, շատ լավ կանես,— ասաց ծերունին։— Մեկ ինձ ասա տեսնեմ, դու ի՞նչ իրավունքով ես իմ անունս գրել տվել, առանց ինձ հարցնելու։

— Էդ հետո կտեսնենք, հարցրել եմ, թե չեմ հարցրել։ Եթե կարծում ես թե չեմ հարցրել, կարող ես գնալ գանգատվիլ․․․

— Գիտես, իհարկե, որ գանգատվիլ չեմ կարող, չեմ կարող գնալ իմ դատավորին ասել, որ նա մի շատ անպիտան և խարդախ մարդ է, մեր քյոխվան էլ հետը։ Այդ չեմ կարող ասել, բայց քեզ քո երեսիդ կասեմ, որ դու մարդ չես, այլ կատու ես, աղվես, գայլ ես։ Ես միշտ ասելու եմ քեզ այս խոսքերը, որ գոնե դրանով սիրտս հովացնեմ...

Այս թունդ խոսքերի համար քյոխվան չէր ներիլ Արզուման ապորը, չէր նայիլ նրա ոչ ծերությանը և ոչ պատվին, այլ իր գազանական բարկությունը կհագեցներ գանակոծ անելով նրան, բայց որ լռեց և համբերեց այդ այն երկյուղիցն էր, որ նա կրում էր Արզուման ապոր յոթը հսկա որդիներից, որոնք արդեն մի-մի հաստագլուխ մահակ ձեռքներին՝ կանգնած էին իրանց ապոր քամակին։ Եթե աստված խռովեր քյոխվի գլխին ու մեկ անգամ ձեռք տար ծերունուն, այնուհետև քյոխվի մեծ կտորը ականջը կմնար։ Որպեսզի այդ փորձանքից ազատվի, վեր կացավ և շան նման մռմռալով դուրս գնաց։ Նրան հետևեցին բոլոր քյոխվից վախող մարդիկը։ Արզուման ապերն էլ մի քանի կծու խոսք էլ տերտերին ասաց և վեր կացավ հեռացավ։ Մնաց տեսուչը միայնակ Միքայելի և ​Առստամի հետ։ Տերտերն էլ կգնար ուրախությամբ, եթե ինքն իր տանը չլիներ։

Ահա այսպես կայացավ և վերջացավ գյուղացոց ուսումնական խորհուրդը։

Comments