1. Տարաս Բուլբա

Chapter 2

II

Երեք ձիավորները գնում էին լուռ ու մունջ: Ծերունի Տարասը մտածում էր անցած-գնացած օրերի մասին, նա վերհիշում էր իր երիտասարդությունը, այն տարիները, այն անցած տարիները, որոնց համար միշտ ողբում է կոզակը, կամենալով, որ իր ամբողջ կյանքը երիտասարդություն լինի: Նա մտածում էր, թե ինչպես Սեչում պիտի հանդիպի իր վաղեմի ընկերներին: Նա համրում էր նրանց, որոնք մահացել էին, և նրանց, որոնք դեռ ողջ էին: Արցունքը հեզիկ ոլորվեց նրա բբի վրա, և նրա ալեհեր գլուխը վհատ կախվեց:

Նրա որդիները զբաղված էին այլ մտքերով: Բայց հարկավոր է ավելի մանրամասն պատմել որդիների մասին: Տասներկու տարեկան հասակում նրանց ուղարկել էին Կիևի ճեմարանը, որովհետև այն ժամանակի բոլոր պատվավոր իշխանավորներն անհրաժեշտ էին համարում իրենց երեխաներին կրթության տալ, թեև այդ արվում էր, որպեսզի հետո իսպառ մոռանան այդ կրթությունը: Նրանք այն ժամանակ, ինչպես բուրսա մտնող բոլոր սաները, վայրենի էին, մեծացել էին ազատ, և միայն այնտեղ նրանք սովորաբար մի քիչ հղկվում էին և ստանում ինչ-որ ընդհանուր բան, որ բոլորին նմանեցնում էր իրար: Մեծ որդին՝ Օստապը, իր ասպարեզն սկսեց առաջին տարին դպրոցից փախչելով: Նրան ետ դարձրին, սաստիկ ծեծեցին և գիրքը ձեռքը տվին: Նա չորս անգամ իր այբբենարանը հողի մեջ թաղեց, և չորս անգամ էլ անխիղճ կերպով նրան ծեծեցին և գնեցին նոր գիրք: Բայց անկասկած նա հինգերորդ անգամն էլ կթաղեր գիրքը, եթե հայրը հանդիսավոր խոստում չտար՝ ամբողջ քսան տարի վանքի փոքրավոր պահել և կանխավ երդվել, որ նա հավիտյան չի տեսնի Զապորոժիեն, եթե ճեմարանում չսովորի բոլոր գիտությունները: Հետաքրքիր է, որ այդ ասել էր նույն Տարաս Բուլբան, որը հայհոյում էր գիտությունը, և ինչպես մենք տեսանք, որդիներին խրատում էր երբեք չզբաղվել գիտությամբ: Այդ ժամանակից սկսած Օստապն արտասովոր ջանասիրությամբ ձեռքն առավ ձանձրալի գիրքը և շուտով լավագույն սաների շարքն անցավ: Այն ժամանակվա ուսման տեսակը խիստ տարբերվում էր կյանքի եղանակից: Այդ սխոլաստիկ, քերականական, տրամաբանական և ճարտասանական նրբություններն ամենևին չէին առնչվում ժամանակի հետ, երբեք չէին գործադրվում և կյանքի մեջ չէին կրկնվում: Որևէ բան պիտանի չէր նրանց՝ թեկուզ առավել նվազ սխոլաստիկ գիտելիքները: Այն ժամանակվա գիտնականներն իրենք բոլորից ավելի անկիրթ էին, որովհետև իսպառ հեռու էին փորձից: Ընդսմին բուրսայի հանրապետական կազմությունը, երիտասարդ, առույգ և առողջ մարդկանց բազմությունը,– այդ ամենը նրանց պիտի ներշնչեր մի գործունեություն, որ բոլորովին դուրս էր նրանց դպրոցական պարապմունքներից: Երբեմն վատ սնունդը, երբեմն հաճախակի պատիժները սովահարությամբ, երբեմն բազմատեսակ պահանջները, որ ունենում էր առողջ, կայտառ և ամրակազմ պատանին,– ամենը միասին նրանց մեջ ծնում էին այն նախաձեռնությունը, որ հետո զարգանում էր Զապորոժիեում: Քաղցած բուրսան վխտում էր Կիևի փողոցներում և բոլորին ստիպում էր զգույշ լինել: Բազարի առևտուր անող կանայք միշտ իրենց ձեռքերով ծածկում էին կարկանդակները, բլիթները և դդումի կորիզները, ինչպես արծիվներն իրենց ձագերին, հենց որ տեսնում էին անցնող բուրսակին: Դասապետ աշակերտը, որի պարտականությունն էր հսկել իր տեսչության ներքո եղած ընկերների վրա, ուներ այնպիսի սարսափելի գրպաններ, որ կարող էր տեղավորել առուտուր անող բացբերան կնոջ ամբողջ կրպակը: Բուրսան մի առանձին աշխարհ էր. նրանց արգելված էր լինել լեհ և ռուս ազնվականների բարձր շրջանում: Ինքը վոևոդը՝ Ադամ Կիսելը, չնայած ճեմարանին ցույց տված իր հովանավորությանը, նրանց չէր մտցնում հասարակության մեջ և հրամայում էր նրանց խստորեն պահել: Սակայն այդ հրահանգը բոլորովին ավելորդ էր, որովհետև տեսուչը և վանական պրոֆեսորները ճիպոտներ և մտրակ չէին խնայում, և հաճախ նրանց հրամանով լիկտորներն իրենց դասապետներին այնքան անխիղճ էին ծեծում, որ նրանք մի քանի շաբաթ քորում էին շալվարները: Նրանցից շատերի համար այդ համարյա ոչինչ բան էր և թվում էր մի քիչ ավելի թունդ, քան տաքդեղով արաղը: Ուրիշներին ի վերջո սաստիկ ձանձրացնում էր այդ անվախճան վերքի սպեղանին, և նրանք փախչում էին Զապորոժիե, եթե կարողանում էին ճանապարհը գտնել, և եթե նրանց ճանապարհին չէին բռնում: Չնայած որ Օստապ Բուլբան մեծ ջանասիրությամբ սկսել էր սովորել տրամաբանություն և նույնիսկ աստվածաբանություն, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէր ազատվում անողորմ ճիպոտներից: Բնական է, որ այդ բոլորը պետք է որևէ կերպ դաժանացներ նրա բնավորությունը և նրան հաղորդեր կարծրություն, որով աչքի էին ընկնում կոզակները: Օստապը միշտ համարվում էր լավագույն ընկերներից մեկը: Նա հազվադեպ էր առաջնորդում ուրիշներին հանդուգն ձեռնարկության ժամանակ, երբ հարկավոր էր կողոպտել ուրիշի պարտեզը կամ բանջարանոցը, սակայն նա միշտ մեկն էր առաջիններից, որոնք հավաքվում էին ձեռներեց բուրսակի դրոշակի ներքո, և երբեք, ոչ մի դեպքում չէր մատնի իր ընկերներին: Ոչ մի ճիպոտ և ոչ մի մտրակ չէին կարող ստիպել նրան այդ անելու: Նա ժուժկալ էր մյուս դրդումների հանդեպ, բացի պատերազմից և զվարթ խրախճանքից. համենայն դեպս համարյա երբեք ուրիշ բանի մասին չէր մտածում: Նա պարզասիրտ էր հավասարների հետ: Նա բարի էր, ինչպիսի բարություն կարող էր ունենալ այդպիսի նկարագրի տեր մարդը և այդպիսի ժամանակ: Նա սրտանց զգացվել էր խեղճ մոր արտասուքից, և միայն այդ էր նրան հուզում և ստիպում մտազբաղ խոնարհել գլուխը:

Նրա կրտսեր եղբայրը Անդրին, ուներ քիչ ավելի կենսուրախ զգացմունքներ, որոնք ավելի զարգացած էին: Նա սովորում էր ավելի սիրով և առանց ուժերը լարելու, ինչպես սովորաբար ձեռնամուխ է լինում ծանր և ուժեղ բնավորության տեր մարդը: Նա ավելի հնարագետ էր, քան եղբայրը, ավելի հաճախ էր հանդիսանում բավական վտանգավոր ձեռնարկության առաջնորդ և երբեմն, իր հնարագետ խելքի օգնությամբ, կարողանում էր պատժից խույս տալ, այնինչ նրա եղբայր Օստապը, մի կողմ թողնելով ամենայն հոգս, հանում էր վերարկուն և պառկում հատակի վրա, ամենևին չմտածելով ներումն խնդրելու մասին: Նա նույնպես եռում էր քաջագործության ծարավով, բայց և միաժամանակ նրա հոգին մատչելի էր նաև ուրիշ զգացմունքների: Երբ տասնութ տարին լրացրեց, նրա ներսում սիրո պահանջը բռնկվեց վառ կերպով: Նրա ջերմ ցնորքների մեջ ավելի հաճախ սկսեց երևալ կինը: Ունկնդրելով փիլիսոփայական բանավեճերը, նա յուրաքանչյուր ակնթարթ տեսնում էր նրան զվարթ, սևաչյա և քնքուշ: Նրա աչքերի առաջ աղոտ կերպով երևում էին նրա լուսեղեն և առաձիգ կուրծքը, նուրբ և չքնաղ, ամբողջովին մերկ ձեռքը, նույնիսկ զգեստը, որ պիրկ պարփակել էր կնոջ կուսական և առույգ մարմինը,– նույնիսկ այդ զգեստը նրա ցնորքների մեջ շնչում էր անպատմելի տռփանքով: Նա իր ընկերներից խնամքով թաքցնում էր պատանեկան կրքոտ հոգու այդ շարժումները, որովհետև այն դարում կոզակի համար ամոթ և անպատվություն էր առանց պատերազմ ճաշակելու մտածել կնոջ և սիրո մասին: Ընդհանրապես վերջին տարիներին Անդրին ավելի հազվադեպ էր առաջնորդում որևէ հրոսախումբ և ավելի հաճախ միայնակ շրջում էր Կիևի որևէ խուլ անկյունում, որ թաղված էր բալի պարտեզների մեջ, չորս կողմը փոքրիկ տնակներ, որոնք հրապուրանքով նայում էին փողոցի կողմը: Երբեմն նա մտնում էր նաև ազնվականների փողոցը, այժմվա հին Կիևում, որտեղ ապրում էին մալոռուս և լեհ ազնվականներ, որոնց տները կառուցված էին քմահաճ ճաշակով: Մի անգամ, երբ նա բացբերան նայում էր, համարյա նրա վրայով անցավ ինչ-որ լեհ պանի ծանր կառքը, և զարհուրելի բեղերով կառապանը խարազանով նրան կարգին շրմփացրեց: Երիտասարդ բուրսակը գազազեց, կատաղի համարձակությամբ նա իր զորեղ ձեռքով բռնեց հետևի անիվից և կառքը կանգնեցրեց: Բայց կառապանը դատաստանից վախենալով մտրակեց ձիերին, ձիերը ձիգ տվին, և Անդրին, որ բարեբախտաբար, կարողացել էր ձեռքը ետ քաշել, երեսի վրա գետին թրմփաց` ուղիղ ցեխի մեջ: Նա լսեց հնչեղ և ներդաշնակ ծիծաղի ձայն: Նա աչքերը բարձրացրեց և տեսավ պատուհանի մոտ կանգնած մի գեղեցկուհու, որի նմանը դեռ երբեք չէր տեսել՝ սևաչյա և սպիտակ, ինչպես ձյունը, որ վառվում է արևի վաղորդյան կարմրից: Աղջիկը ծիծաղում էր ի բոլոր սրտե, և այդ ծիծաղը նրա շլացուցիչ գեղեցկությանը պարգևում էր փայլատակող ուժ: Անդրին շշմեց: Նա իրեն բոլորովին կորցրած նայում էր այդ կնոջը, մտամոլոր սրբելով երեսի ցեխը, որով ավելի կեղտոտվեց: Ո՞վ էր այդ գեղեցկուհին: Նա կամեցավ իմանալ սպասավորներից, որոնք շքեղ հագնված խմբով կանգնել էին դարպասի հետևը և շրջապատել էին փանդիռ նվագող մի երիտասարդի: Սակայն սպասավորները բարձր ծիծաղեցին, տեսնելով նրա ցեխոտ մռութը, և նրան պատասխանի չարժանացրին: Վերջապես տեղեկացավ, որ այդ գեղեցկուհին Կովնոյի՝ ժամանակավորապես Կիև եկած վոևոդի աղջիկն է: Հենց հաջորդ գիշերը, միայն բուրսակներին հատուկ խիզախությամբ, նա ցանկապատի արանքով ներս մտավ այգին, բարձրացավ ծառի վրա, որի ճյուղերը տարածվել էին մինչև տան կտուրը. ծառից իջավ կտուրը և բուխարու ծխնելույզի միջով ուղիղ ներս մտավ գեղեցկուհու ննջարանը, որի տիրուհին այդ ժամանակ նստել էր ճրագի առաջ և ականջներից հանում էր հարուստ գինդերը: Չքնաղ լեհուհին, երբ հանկարծ իր առջև տեսավ մի անծանոթ մարդու, այնպես վախեցավ, որ չկարողացավ մի բառ արտասանել. բայց երբ նկատեց, որ բուրսակը կանգնել էր՝ աչքերը խոնարհած և ամոթխածությունից չէր համարձակվում ձեռքը շարժել, երբ ճանաչեց այն երիտասարդին, որն իր աչքի առաջ, փողոցում թրմփաց, աղջկա ծիծաղը նորից բռնեց, մանավանդ որ Անդրիի դիմագծերի մեջ սարսափելի ոչինչ չկար, և նա շատ սիրունատես տղա էր: Գեղեցկուհին ի սրտե ծիծաղում էր և երկար ժամանակ նրանով զվարճանում: Նա թեթևսոլիկ էր, ինչպես լեհուհի, բայց նրա աչքերը, նրա հրաշալի աչքերը, խորունկ ու պարզ, նետում էին խոր հայացք, ինչպես հավատարմությունը: Բուրսակի ձեռքերը կարկամել էին, և նա մեխվել էր տեղում, երբ վոևոդի աղջիկը համարձակ մոտեցավ նրան և նրա գլխին հագցրեց իր շողշողուն ապարոշը, նրա շրթունքներից կախեց իր գինդերը և վրան գցեց ոսկեկար դրասանգներով զարդարուն մարմաշե թափանցիկ շեմիզետը: Նա զարդարում էր բուրսակին և նրա հետ խաղում էր հազար ու մի խաղ, խաղում էր մանկան ազատ համարձակությամբ, որ հատուկ է թեթևամիտ լեհացի կանանց, և այդպիսով խեղճ բուրսակին գցում էր ավելի մեծ շփոթության մեջ: Անդրին ներկայացնում էր ծիծաղելի կերպարանք և բերանը բաց, անշարժ նայում էր աղջկա շլացնող աչքերին: Այդ ժամանակ դռան մոտ լսվող թրխկոցը վախեցրեց աղջկան: Նա բուրսակին պատվիրեց թաքնվել մահճակալի տակ և, երբ տագնապն անցավ, կանչեց իր նաժիշտին, որը գերի թաթարուհի էր, և նրան հրամայեց բուրսակին զգուշությամբ անցկացնել այգի և այնտեղից ուղի դնել ցանկապատի վրայով: Բայց այս անգամ մեր բուրսակն այնպիսի հաջողությամբ չանցավ ցանկապատը, զարթնած պահակը բավական հարվածեց նրա ոտքերին, իսկ աղմուկի վրա հավաքված սպասավորները նրան թակեցին, այս անգամ փողոցում, մինչև նրա արագավազ ոտքերը կփրկեին տիրոջը: Այդ օրից հետո շատ վտանգավոր էր անցնել նրա տան մոտով, որովհետև վոևոդի սպասավորները բազմաթիվ էին: Անդրին նրան մի անգամ էլ հանդիպեց կաթոլիկների եկեղեցում. աղջիկը նրան տեսավ և շատ սիրալիր ժպտաց՝ իբրև հին ծանոթի. նա մի անգամ էլ թեթևակի տեսավ նրան, և դրանից հետո Կովնոյի վոևոդը շուտով հեռացավ, և սևաչյա չնաշխարհիկ լեհ աղջկա փոխարեն պատուհանից նայում էր ինչ-որ մեկի հաստ դեմքը: Ահա թե Անդրին ինչի մասին էր մտածում, գլուխը խոնարհած և աչքերը հառած ձիու բաշին:

Այնինչ տափաստանը նրանց բոլորին վաղուց էր ընդունել իր կանաչ գիրկը, և բարձր խոտը նրանց շրջապատել ու ծածկել էր, ու միայն կոզակների սև գլխարկներն էին երևում նրա հասկերի միջև:

«Է-հե՜-հե՜յ, ի՞նչ եք այդպես սուս արել,– ասաց վերջապես Բուլբան, սթափվելով իր մտածմունքներից:– Ասես թե սևագլուխներ եք: Դե՛, դե, բոլոր մտքերը սատանային տվեք: Առեք չիբուխներդ, քաշենք, հետո ձիերն ասպանդակենք և այնպես թռչենք, որ թռչունն իր թևով չհասնի մեզ»:

Եվ կոզակները, առաջ կռանալով ձիերի մեջքին, խոտերի մեջ կորան: Այլևս չէին երևում սև գլխարկները, միայն տրորված խոտի բարակ երիզն էր ցույց տալիս նրանց արագաթռիչք վազքի հետքը:

Արևը վաղուց էր դուրս եկել անամպ երկնքի վրա և իր կենարար ջերմ լույսով ողողել տափաստանը: Այն ամենը, ինչ որ կոզակների սրտում ազատ էր և թմրած, մի ակնթարթում ցնդեց, նրանց սրտերը թպրտացին թռչունների նման:

Տափաստանը քանի գնում, այնքան գեղեցկանում էր: Այն ժամանակ ամբողջ հարավը, որ կազմում էր այժմյան Նովոռուսիան, մինչև Սև ծովը կանաչ և կուսական անապատ էր: Երբեք գութան չէր անցել վայրի բույսերի անսահման ալիքների վրայով: Միայն ձիերն էին, որոնք պահվում էին խոտերի մեջ, ինչպես անտառում, ձիերն էին տրորում խոտը: Բնության մեջ տափաստանից ավելի գեղեցիկ բան չկա: Գետնի ամբողջ մակերեսը նման էր կանաչ-ոսկեգույն օվկիանոսի, որի վրա շաղ էին եկել բյուրավոր գույնզգույն ծաղիկներ: Խոտերի բարակ ու բարձր ցողունների արանքից երևում էին կապույտ, երկնագույն և կարմրակապույտ տերեփուկները, դեղին մոշենին բարձր ցցել էր իր բրգաձև կատարը. սպիտակ ոչխարախոտի հովանոցաձև գդակները խայտաբղետ երևում էին, և ո՜վ գիտե որտեղից եկած ցորենը խոտերի խորքում լցնում էր իր հասկը: Նրանց նուրբ արմատների մոտ սորում էին կաքավները, մեկնելով իրենց վիզը: Օդը լցված էր հազար-հազար թռչունների ծլվլոցով: Բազեները, թևերը փռած և աչքերը խոտերին սևեռած, անշարժ կանգնել էին երկնքի տակ: Մի անհայտ կողմից վայրի սագերի երամի կռնչոցն արձագանք էր տալիս ո՜վ գիտե որ հեռավոր լճի մեջ: Թևերը համաչափ շարժելով՝ խոտերի միջից բարձրանում էր ուրուրը և շքեղությամբ լողում օդի կապույտ ալիքների մեջ: Ահա նա կորավ բարձունքներում և միայն հազիվ երևում է, որպես մի սև կետ: Ահա շուռ տվեց թևերը և արևի դիմաց շողշողաց: Գրողը ձեզ տանի, տափաստաններ, ի՜նչ լավն եք դուք... Մեր ուղևորները միայն մի քանի րոպե դադար էին առնում ճաշի համար. նրանց ուղեկցող տասը կոզակների ջոկատն իջնում էր ձիերից, վար առնում փայտե ջրամանները, որոնք լիքն էին արաղով, և ղաբաղները, որ գործ էին ածում ամանների փոխարեն: Ուտում էին հաց ու ճարպ և թխվածք, խմում էին միայն մի թաս և այն էլ միայն թարմանալու համար, որովհետև Տարաս Բուլբան երբեք չէր թույլատրում ճանապարհին հարբել, և ուղին շարունակում էին մինչև երեկո: Ամբողջ տափաստանը երեկոյան իսպառ փոխվում էր: Նրա խայտաբղետ տարածության վրա փռվում էր արեգակի վերջին ցոլքը, ապա հետզհետե մթնում էր, այնպես որ նկատելի էր, թե ինչպես է ձգվում ստվերը, և ստվերներն ստանում էին մուգ կանաչ գույն. ավելի թանձր էին բարձրանում գոլորշիները, յուրաքանչյուր ծաղիկ ու խոտ արձակում էր անուշ բուրմունք, և բուրմունք էր ծխում ամբողջ տափաստանը: Մութ կապույտ երկնքի վրա, կարծես, վիթխարի վրձինով քաշել էին վարդագույն ոսկու լայն շերտեր. մերթ ընդ մերթ սպիտակին էին տալիս թեթև ու թափանցիկ ամպի քուլաները, և ամենաթարմ ու հրապուրիչ, ինչպես ծովի ալիքները, հովը հազիվ էր օրորում խոտերի կատարները և թեթև հպում այտերին: Ողջ երաժշտությունը, որ հնչում էր ցերեկը, հանդարտվում ու փոխարինվում էր ուրիշով: Գորշ առնետները ելնում էին իրենց բներից, կանգնում ետևի թաթիկների վրա և տափաստանը լցնում սուլոցով: Ավելի էր լսվում ճպուռների ճռռոցը: Երբեմն մի հեռավոր լճից լսվում էր կարապի ճիչը, որ արծաթահնչուն արձագանքում էր օդի մեջ: Ուղևորները դաշտերի միջին դադար առնելով, ընտրում էին գիշերելու վայր, խարույկ էին վառում և կրակի վրա դնում կաթսան, որի մեջ եփում էին շիլա: Կաթսայի գոլորշին ծխում էր օդի մեջ: Ընթրիքից հետո կոզակները պառկում էին քնելու՝ խոտերի մեջ արձակելով ոտքերը բխոված ձիերին: Նրանք պառկում էին վերարկուների վրա: Գիշերային աստղերն ուղիղ նրանց էին նայում: Իրենց ականջով նրանք լսում էին խոտերի մեջ լցված անհամար բզեզների ամբողջ աշխարհը, նրանց ողջ բզզոցը, սուլոցը, ճռռյունը, և այդ ամենը կեսգիշերին հնչեղ արձագանքում էր մաքուր օդի մեջ, զտվում և օրորում էր նրանց թմրող լսողությունը: Իսկ եթե ուղևորներից մեկնումեկը զարթնում էր և առժամանակ վեր կենում, նա տեսնում էր տափաստանը՝ լուսատու որդերի շողշողուն կայծերով լցված: Երբեմն գիշերային երկինքը զանազան տեղերում լուսավորվում էր բոցով, որ բարձրանում էր մարգագետինների և գետի չոր եղեգնի հրդեհից, և կարապների մութ շարանը, որ թռչում էր դեպի հյուսիս, հանկարծ լուսավորվում էր արծաթ-վարդագույն լույսով, և այն ժամանակ թվում էր, թե խավար երկնքի տակ թռչում են կարմիր թաշկինակներ:

Ուղևորները գնում էին առանց արկածների: Ոչ մի տեղ նրանք չէին հանդիպում ծառի, նույն տափաստանն էր՝ անվախճան, ազատ և չքնաղ տափաստանը: Միայն երբեմն մի կողմի վրա կապույտին էին տալիս կատարները հեռավոր անտառի, որ ձգվում էր Դնեպրի ափերով: Մի անգամ միայն Տարասը որդիներին ցույց տվեց հեռվի խոտերի մեջ մի սև ու փոքրիկ կետ. ցույց տվեց և ասաց. «Տեսեք, տղերք, հրեն արշավում է թաթարը»: Փոքրիկ, բեղավոր գլուխը հեռվից ուղիղ նրանց սևեռեց իր նեղլիկ աչքերը, օդը հոտոտեց, ինչպես որսի շուն, և այծյամի նման անհայտացավ, տեսնելով, որ կոզակները տասներեք հոգի էին: «Դե, տղերք, փորձեք թաթարի հետևից հասնել... լավ է չփորձեք. հավիտյան չեք հասնի: Նրա ձին իմ Դևից արագ է վազում»: Բայց և այնպես Բուլբան, երկյուղ կրելով թաքնված դարանից, զգուշացավ: Նրանք ձիերը քշեցին դեպի մի փոքրիկ գետակ, որ կոչվում էր Թաթարկա և թափվում էր Դնեպրը, ձիերով ընկան ջրի մեջ և երկար ժամանակ լողալով անցան հոսանքի հետ, որպեսզի կորցնեն իրենց հետքը և այն ժամանակ, ափ դուրս գալով, շարունակեցին իրենց ճանապարհը: Երեք օր անց նրանք արդեն հեռու չէին այն վայրից, որ նրանց ուղևորության կետ–նպատակն էր: Հանկարծ օդը ցրտեց. նրանք զգացին Դնեպրի մոտ լինելը: Ահա նա շողաց հեռվում և հորիզոնից անջատվեց իբրև մուգ շերտ: Նրա սառն ալիքներից փչում էր զովը, նա տարածվում էր ավելի ու ավելի մոտիկ և վերջապես բռնեց երկրի մակերեսի կեսը: Այդ Դնեպրի այն տեղն էր, ուր գետը, մինչ այդ խութերով սեղմված, վերջապես ազատություն էր ստանում և մռնչում էր ինչպես ծովը, ողողելով ափերը, և ուր գետի մեջտեղը եղած կղզիները նրան ափերից ավելի հեռու էին հրում, և նրա ալիքները լայն ու արձակ փռվում էին գետնի երեսին՝ չհանդիպելով ոչ քարափների և ոչ բարձրությունների: Կոզակները ձիերից իջան, նստեցին լաստը և երեք ժամ լողալուց հետո հասան Խորտիցա կղզու ափերին, որտեղ Սեչն էր, որ այնքան հաճախ փոխում էր իր բնակատեղը: Ափի մոտ բազմությունն աղմկում էր լաստավարների հետ: Կոզակները ձիերը սարքի բերին: Տարասը շտկեց իրեն, գոտին ամուր ձգեց և ձեռքով հպարտ սղալեց բեղերը: Նրա երիտասարդ որդիները ևս, մի տեսակ երկյուղով և անորոշ հրճվանքով իրենց դիտեցին ոտքից գլուխ, և բոլորը միասին մտան արվարձանը, որ Սեչից կես վերստի վրա էր: Ներս մտնելու ժամանակ նրանց խլացրին հիսուն դարբնի կռաններ, որոնք զարկում էին գետնի տակ փորած և ճիմով ծածկած քսանհինգ դարբնոցներում: Փողոցում, սրահների ծածկի տակ, նստել էին հաղթանդամ կաշեգործները և իրենց ծանր ձեռքերով տրորում էին եզան կաշիները: Տաղավարների տակ նստել էին կրամարները՝ կողքերին վառոդի, հրահանների և կայծքարի կույտեր: Հայը կախել էր թանկագին աղլուխները: Թաթարը շամփուրների վրա խորովում էր ոչխարի մսի գնդերը՝ խմորով սարքած: Ջհուդը, գլուխը դուրս ցցած, տակառից արաղ էր քամում: Բայց առաջին մարդը, որ նրանց հանդիպեց, մի զապորոժցի էր, որը քնել էր հենց ճանապարհի մեջտեղը, ձեռքերն ու ոտքերը մեկնած: Տարաս Բուլբան չկարողացավ կանգ չառնել և չհիանալ նրանով:

«Է՛, տես ոնց է փռվել... փա՛հ, փա՛հ, ի՜նչ փարթամ մարմին է»,– ասաց նա, պահելով ձին: Իրոք որ, այդ բավական խիզախ տեսարան էր. զապորոժցին առյուծի նման մեկնվել էր ճանապարհի վրա: Նրա հպարտությամբ ետ գցած մազերի փունջը կես արշին տեղ էր գրավել: Նրա կարմիր և թանկագին մահուդե շալվարը կուպրոտ էր, որով տերը ցույց էր տալիս իր կատարյալ արհամարհանքը դեպի զգեստը: Նրան զվարճությամբ նայելուց հետո Բուլբան առաջ անցավ մի նեղ փողոցով, որտեղ լիքն էին արհեստավորները, որոնք հենց այդտեղ էլ բանեցնում էին իրենց արհեստը, և ամեն ազգի մարդկանցով, որոնք հավաքվել էին Սեչի այդ արվարձանը, որ նման էր տոնավաճառի և կերակրում ու հագցնում էր Սեչին: Իսկ Սեչը գիտեր միայն զվարճանալ և հրացան կրակել:

Վերջապես նրանք անցան արվարձանը և տեսան մի քանի ցրված կուրեններ, որոնք ծածկված էին ճիմով կամ ըստ թաթարական ձևի՝ թաղիքով: Մի քանիսի կտուրին դրած էին թնդանոթներ: Ոչ մի տեղ չէր երևում ցանկապատ և կամ այն ցածր տնակներն ու սրահները՝ փայտե փոքրիկ սյունիկների վրա, ինչպես արվարձանում: Փոքր թումբը և ճյուղերով շինած պատնեշը, որոնք բոլորովին առանց հսկողության էին, ցույց էին տալիս սոսկալի անհոգություն: Մի քանի հաղթանդամ զապորոժցիներ, որոնք չիբուխն ատամների արանքում, պառկել էին ճանապարհի վրա, բավական անտարբեր նայեցին նրանց և տեղերից չշարժվեցին: Որդիների հետ Տարասն զգուշությամբ անցավ նրանց միջով և ասաց. «Ողջույն պաներին»:– «Ողջություն և ձեզ»,– պատասխանեցին զապորոժցիները: Ամբողջ դաշտի վրա ամենուրեք գեղանկար խմբով երևում էր ժողովուրդը: Նրանց թուխ դեմքերից հայտնի էր, որ բոլորն էլ կոփվել են պատերազմների մեջ և կրել են բազմատեսակ դառնություններ: Ահա սա՛ է Սեչը... Ահա այն բույնը, որտեղից դուրս են թռչում այն բոլոր առյուծի նման հպարտ ու հզոր մարդիկ: Ահա թե որտեղից է ամբողջ Ուկրաինան հեղեղում ազատությունն ու կոզակությունը: Ուղևորները մտան մի ընդարձակ հրապարակ, ուր սովորաբար հավաքվում էր ռադան: Մի մեծ ու շուռ տված տակառի վրա նստել էր զապորոժցին առանց շապիկի. նա շապիկը ձեռքին էր պահել և դանդաղ լցնում էր ծակերը: Նրանց ճանապարհը նորից կտրեց երաժիշտների մի ամբողջ խումբ, որի մեջտեղը պարում էր մի երիտասարդ զապորոժցի, գդակն ականջի վրա կոտրած և ձեռքերը վեր պարզած: Նա միայն գոռում էր. «Շախով ածեք, շախով... Ֆոմա, ուղղափառ քրիստոնյաներին արաղ մի՛ խնայի»: Եվ Ֆոման, որի մի աչքը վիրավոր էր, ամեն մի մոտեցողի անհաշիվ լցնում էր մի վիթխարի գավաթ: Երիտասարդ զապորոժցու կողքին չորս ծերունիներ պարում էին մանր ցատկումներով, ապա հողմի նման թռչում էին մի կողմի, համարյա երաժիշտների գլխի վրա, և հանկարծ իջնելով, կկզած սլանում էին և իրենց արծաթե պայտերով արագ ու պինդ դոփում խիտ կոխկրտած գետինը... Խուլ թնդում էր գետինը չորս բոլորի վրա և հեռո՜ւ, հեռու արձագանքում էին հոպակները և տրոպակները, որ խփում էին սապոգների զրնգան պայտերով: Բայց մեկը բոլորից ավելի բարձր էր կանչում և պարի մեջ մյուսներից ավելի բարձր էր թռչում: Նրա մազերը ծածանվում էին քամուց, հզոր կուրծքն ամբողջովին մերկ էր. նա հագել էր ձմեռային տաք քուրք, և քրտինքը հեղեղի նման թափվում էր նրանից: «Դե գոնե քուրքը հանիր»,– ասաց վերջապես Տարասը: «Տեսնում ես, ոնց է վառվում»: – «Չի՛ կարելի,– բղավեց զապորոժցին: – «Ինչո՞ւ»:– «Չի՛ կարելի, ես այդպիսի սովորություն ունեմ՝ ինչ որ հանեմ, արաղի կտամ»: Նրա գլխին վաղուց գդակ չկար, ո՛չ գոտի՝ կաֆտանի վրա, ո՛չ էլ ծաղկանկար թաշկինակ, այդ ամենը գնացել էր, որտեղ պետք էր: Բազմությունն աճում էր. պարողներին միանում էին ուրիշները, և առանց ներքին հուզման չէր կարելի տեսնել, թե ինչպես ամեն ինչ իրեն է քաշում պարը ամենից ազատ, ամենից կատաղի պարը, որպիսին երբևիցե տեսել է աշխարհը, մի պար, որ իր հզոր հնարողների անունով կոչվում էր կոզակապար:

«Ա՛խ, եթե ձին չլինե՜ր,– աղաղակեց Տարասը. – ճշմարիտ եմ ասում, որ ես էլ կպարեի, կպարեի»: Իսկ մինչ այդ ժողովրդի մեջ հետզհետե երևում էին նաև իրենց արժանիքների համար Սեչում հարգված ալեզարդ ծերունիներ, որոնք ժամանակին մի քանի անգամ ընտրվել էին ավագ: Տարասը շուտով հանդիպեց բազմաթիվ ծանոթ դեմքերի: Օստապը և Անդրին լսում էին միայն ողջույններ. «Այդ դո՞ւ ես, Պեչերիցա... Բարև, Կոզոլուպ...»– «Այդ որտեղի՞ց այդպես, Տարաս»: «Քեզ ո՞ր քամին բերեց այստեղ, Դոլոտո»: «Բարև, Կիրդյուգա: Բարև, Գուստի: Իսկի մտքովս կանցնե՞ր, որ քեզ կտեսնեմ, Ռեմեն»:

Եվ դյուցազունները, որոնք հավաքվել էին արևելյան Ռուսիայի զվարճասեր աշխարհից, իրար համբուրում էին և իրարից հարցնում. «Իսկ ո՞ւր է Կասյանը, ո՞նց է Բորոդավկան, Կոլոպերը, ի՞նչ է շինում Պիդսիտոկը»: Եվ Տարաս Բուլբան միայն պատասխան էր առնում, որ Բորոդովկային Տոլոպանում կախել են, որ Կիզիկիրմենի տակ Կոլոպերի կաշին մաշկել են, որ Պիդսիտոկի գլուխն աղել են տակառի մեջ և ուղարկել մինչև Ցարգրադ:– Գլուխը կախեց ծերունի Բուլբան և մտածկոտ ասաց. «Երևելի կոզակներ էին»:

Comments