Chapter 1
I
«Դե մի շուռ արի, որդի: Պա՛հ, տնաշեն, այդ ի՜նչ ծիծաղելին ես... Այդ ի՞նչ տերտերի փարաջա եք հագել: Եվ այդ հագուստո՞վ են բոլորը ճեմարան գնում»:
Այսպիսի խոսքերով դիմավորեց ծերունի Բուլբան իր երկու որդիներին, որոնք սովորում էին Կիևի հոգևոր դպրոցում և արդեն եկել էին տուն՝ իրենց հոր մոտ:
Որդիները հենց նոր էին ձիերից իջել: Նրանք երկու հաղթանդամ երիտասարդներ էին, որ նորավարտ սեմինարիստների նման դեռևս շեղ էին նայում: Նրանց առույգ և առողջ երեսներին բուսել էր առաջին աղվամազը, որին դեռ ածելի չէր դիպել: Հոր այդպիսի ընդունելությունը խիստ շփոթեցրել էր նրանց, և նրանք անշարժ կանգնել էին՝ աչքները գետնին հառած:
«Կացե՛ք, կացեք, ես ձեզ մի լավ մտիկ անեմ,– շարունակեց հայրը, նրանց դես ու դեն շուռ տալով.– Այդ ի՞նչ երկար վերարկու է: Համա թե վերարկու է հա՜... Այդպիսի վերարկու աշխարհում դեռ չի եղել: Դե, ձեզանից մեկը թող վազի, տեսնեմ չի՞ խճճվի նրա փեշերի մեջ և չի՞ թրմփա գետին»:
«Մի՛ ծիծաղիր, բատկո, մի՛ ծիծաղիր»,– վերջապես ասաց ավագ որդին:
«Մի սրան տես, ի՜նչ փքվածն է: Իսկ ինչո՞ւ չպիտի ծիծաղեմ որ...»։
«Այնպես: Թեև դու իմ բատկոն ես, բայց որ ծիծաղես, աստված վկա, կթակեմ»:
«Այ ես քո էսենց-էնենցը: Ո՞նց թե, հո՞րդ»,– ասաց Տարաս Բուլբան, զարմանքից մի քանի քայլ ետ քաշվելով:
«Այո՛, հենց թեկուզ հորս: Որ ինձ նեղացնեն, էլ ոչ մեկի խաթրը չեմ պահի»:
«Է՜յ, ո՞նց ես ուզում ինձ հետ կռվել, բռունցքներով, հա՞»:
«Ոնց ուզում ես»:
«Դե արի բռունցքներով...– թևերը քշտելով ասաց Բուլբան:– Տեսնենք բռնցքակռվի մեջ ինչ մարդ ես»:
Եվ հայր ու որդի, երկարատև բացակայումից հետո, փոխանակ իրար ողջունելու, սկսեցին բռունցքներով իրար խփել՝ կողքին, մեջքին, կրծքին, երբեմն նահանջելով ու դիտելով, երբեմն նորից հարձակվելով:
«Աստված սիրեք, մի սրանց տեսեք: Ալևորը ցնդել է, բոլորովին կորցրել է խելքը,– ասաց նրանց գունատ, նիհար և բարի մայրը, որ կանգնել էր դռան շեմքին և դեռ չէր կարողացել գրկել իր աննման զավակներին:– Երեխաները եկել են տուն, տարուց ավելի է նրանց չենք տեսել, իսկ ալևորի խելքին ով գիտե ինչ է փչել, և բռնցքակռիվ է անում»:
«Հա՜, շատ երևելի է կռվում,– ասաց Բուլբան դադարելով:– Աստված վկա, շատ երևելի,– շարունակեց նա, մի քիչ շտկելով իրեն:– Այնպես որ լավ է իսկի համը չառնես: Ընտիր կոզակ է լինելու: Դե, բարով ես եկել, որդի, հիմա արի պռոշտի անենք:– Եվ հայր ու որդի իրար համբուրեցին:– Բարով, շատ բարով, որդիս... Այ, այդպես թակի՛ր, ոնց որ ինձ քոթակեցիր: Ոչ մեկին ձեռիցդ բաց չթողնես... Համա հագիդ շորերը էլի ծիծաղելի են: Այդ ի՞նչ պարան է վրայիցդ կախ: Իսկ դու, դմբո՛, ի՞նչ ես ձեռքերդ կախ կանգնել,– ասաց նա, դառնալով կրտսեր որդուն:– Ի՞նչ է, շան զավակ, դո՞ւ ինձ ինչու չես թակում»...
«Տես ինչ փչեց խելքին,– ասաց մայրը, որ այդ միջոցին գրկել էր կրտսեր որդուն:– Որտեղից էլ մտքովն անցավ այդպիսի բան, որ հարազատ տղան հորը ծեծի: Ասես հիմա հենց դրա ժամանակն է, մատղաշ երեխան (այդ երեխան քսան տարեկանից ավելի էր և ուղիղ մի սաժեն հասակ ուներ) այդքան ճանապարհ է կտրել, բեզարել է: Նրան հիմա հանգստանալ է պետք, մի բան ուտել, իսկ նա ստիպում է կռվել»:
«Հը՜, դու մորդ փեշի տակ ես մեծացել, ինչպես տեսնում եմ,– ասաց Բուլբան:– Մորդ մի՛ լսի, որդի, կնիկարմատ է: Նա ոչ մի բան չի հասկանում: Ի՞նչ գգվանք է ձեզ պետք: Մի լավ ձի և ազատ դաշտ՝ ահա ձեր գգվանքը: Իսկ տեսնո՞ւմ եք այս թուրը՝ ահա ձեր մայրը: Ինչ որ լցրել են ձեր գլուխը՝ բոլորն անպետք բաներ են, ճեմարանը և այն բոլոր գրքերը՝ քերականներն ու փիլիսոփայությունները, և այդ բոլոր այբ-ժե-ճե-ռան: Թքել եմ այդ բոլորի վրա:– Այստեղ Բուլբան խոսքի մեջ գցեց այնպիսի մի բառ, որ նույնիսկ չի գործածվում տպագրության մեջ: «Ա՜յ, ավելի լավ է եկող շաբաթ ես ձեզ ուղարկեմ Զապորոժ: Այ թե որտեղ է ուսումը և ի՜նչ ուսում: Այնտեղ է ձեր ուսումնարանը, միայն այնտեղ խելք կսովորեք»:
«Ուրեմն միայն մի շաբաթ ե՞ն նրանք տանը մնալու, – տխուր ասաց նիհար ու պառավ մայրը՝ արտասուքն աչքերին:– Խեղճերը ոչ պիտի կարողանան զվարճանալ, ոչ իրենց հոր տունը կարգին տեսնել, և ոչ էլ ես պիտի կարոտս առնեմ»:
«Հերիք է կռկռաս, պառավ: Կոզակը նրա համար չի, որ կնիկարմատի հետ նստի, վեր կենա: Թող նրանց երկուսին էլ թաքցնեիր փեշիդ տակ և նստեիր նրանց վրա, ինչպես հավի ձվերի վրա: Գնա՛, գնա և մեզ համար շուտով սեղան պատրաստիր, ինչ որ տանը կճարվի: Մեզ պետք չի մեղրահաց, գաթա և ուրիշ այդպիսի զիրթ–զիբիլ բաներ: Բեր մեզ մի ամբողջ ոչխար, այծ բեր և քառասուն տարվա մեղրագինի: Մեկ էլ արաղ շատ բեր, ոչ թե այն շինովի արաղից, որին խառնում են չամիչ և հազար տեսակ փսոր, այլ մաքուր, փրփուր արաղ, որ կատաղածի նման եռա և պճպճա»:
Բուլբան իր որդիներին տարավ վերնատունը, որտեղից արագ դուրս վազեցին երկու գեղեցիկ աղջիկ-սպասուհիներ՝ ալ կարմիր մանյակներով: Նրանք հավաքում էին սենյակները և ըստ երևույթին վախեցան պանիչների գալուց, որովհետև այդ երիտասարդների ձեռքից բան չէր պրծնի, և կամ թե կամենում էին պահպանել իրենց կանացի սովորությունը՝ տղամարդ տեսնելուց ճչալ, ահաբեկված դուրս վազել և հետո, սաստիկ ամոթից, երկար ժամանակ ձեռքերով ծածկել դեմքը: Վերնատունը կահավորված էր այն ժամանակի ճաշակով, մի ժամանակ, որի մասին կենդանի ակնարկներ մնացել են միայն ժողովրդական առասպելների և երգերի մեջ, ու այլևս Ուկրաինայում չեն երգում երկարամորուք կույր ծերունիները՝ փանդիռի մեղմ նվագակցությամբ, շրջապատված ժողովրդով, այն ռազմական դժվար ժամանակի ճաշակով, երբ Ուկրաինայում ունիայի համար սկսվել էին ընդհարումներ և պատերազմներ: Վերնատանն ամեն ինչ մաքուր էր և գունավոր կավով ծեփած: Պատերից կախված էին թրեր, մտրակներ, թռչունների համար ցանց, ուռկաններ և հրացաններ, եղջյուրից ճարտար սարքած վառոդամաններ, ձիու ոսկե սանձ և բխովներ՝ արծաթյա թիթեղիկներով: Վերնատան պատուհանները փոքր էին, կլոր և կիսախավար ապակիներով, որոնց նմանն այժմ կարելի է տեսնել միայն հին եկեղեցիներում, մի պատուհան, որի միջով բան տեսնելու համար հարկավոր է բարձրացնել շարժական ապակին: Դռների և պատուհանների շուրջը կարմիր էին: Անկյուններում՝ դարակների վրա, շարել էին կժեր, կանաչ և կապույտ ապակուց շշեր և ջրամաններ, արծաթյա գավաթներ, ոսկեզօծ թասեր՝ վենետիկյան, տաճկական և չերքեզական բանվածքի, որ հազար ու մի ճանապարհով Բուլբայի վերնատունն էին ընկել երրորդ և չորրորդ ձեռքերից, մի բան, որ շատ սովորական էր այն խիզախ ժամանակների համար: Սենյակի չորս պատերի տակ թեղի փայտից նստարաններ էին. հանդիսավոր անկյունում՝ տիրամոր նկարների տակ, դրված էր մի վիթխարի սեղան, ընդարձակ վառարանը՝ ելուններով և փոսերով, պատած էր գույնզգույն և ծաղկավոր հախճասալերով: Այդ ամենը շատ էր ծանոթ մեր երկու կտրիճներին, որոնք յուրաքանչյուր տարի արձակուրդին տուն էին վերադառնում և վերադառնում էին ոտով, որովհետև նրանք դեռ ձիեր չունեին, նաև այն պատճառով, որ սովորություն չկար դպրոցականներին թույլ տալ ձի քշել: Նրանք միայն երկար ցցունք ունեին, որից կարող էր բռնել և թափ տալ զենք կրող յուրաքանչյուր կոզակ: Բուլբան նրանց միայն ուսումն ավարտելու ժամանակ իր երամակից ուղարկեց երկու ջահել որձաձի:
Իր որդիների գալստյան առթիվ Բուլբան հրամայեց կանչել հարյուրապետներին և զորամասի առկա եղած զինվորականներին: Եվ երբ նրանցից երկու հոգի եկան, նաև եսաուլ Տովկաչ Դմիտրոն՝ Բուլբայի վաղեմի ընկերը, նա իսկույն ներկայացրեց նրանց իր որդիներին, ասելով. «Մի տեսեք ի՜նչ կտրիճներ են... Շուտով նրանց կուղարկեմ Սեչ»: Հյուրերը շնորհավորեցին և՛ Բուլբային, և՛ նրա երկու որդիներին, ապա հայտնեցին, որ բարի գործ են անում և որ երիտասարդների համար Զապորոժյան Սեչից ավելի լավ ուսում չկա:
«Դե, պան եղբայրներ, ամեն մեկը թող նստի սեղանի մոտ, որտեղ սիրտն ուզում է: Հապա, զավակներս, նախ և առաջ արաղ խմենք,– այսպես ասաց Բուլբան:– Տեր աստված, փառք քեզ: Ողջ լինեք, զավակներս, դո՛ւ, Օստապ, և դո՛ւ, Անդրի: Տա աստված, որ կռվի մեջ հաջողակ լինեք, որ ջարդեք անօրեններին, նաև տաճիկներին ջարդեք, ջարդեք և թաթարներին, իսկ եթե լեհերը մեր հավատի դեմ բան սարքեն՝ լեհերին էլ ջարդեք: Դե, մոտեցրու քո թասը... Հը, լա՜վ արաղ է: Հապա մի ասա, տեսնեմ, լատիներեն ի՞նչ են ասում արաղին: Այդ է, որդիս, որ հիմար են եղել լատինացիք: Նրանք չգիտեին էլ, թե աշխարհում արաղ կա: Այդ, ինչպե՞ս էր նրա անունը, որը լատիներեն ոտանավորներ է գրել: Ես այնքան էլ վարժ չեմ գրագիտության, ուստի և չգիտեմ: Հորացիո՞ս էր, ի՞նչ էր»...
«Տեսնո՞ւմ ես բատկոյին,– մտածեց Օստապը՝ ավագ որդին,– պառավ շունն ամեն ինչ գիտի և դեռ չիմանալու է դնում»:
«Ես կարծում եմ, որ հայր սուրբը ձեզ չէր էլ թողնում արաղից հոտ քաշեք,– շարունակեց Բուլբան:– Դե խոստովանեք, տղերք, տեսնեմ՝ ցարասի և բալի կակուղ ճիպոտներով պի՞նդ են ծեծել ձեր մեջքը և այն փափուկ տեղերը, որ ունի կոզակը: Կամ գուցե, երբ շատ խելացի եք եղել, ձեզ զարկել են նաև մտրակներո՞վ: Եվ այն էլ ոչ միայն շաբաթ օրերը, այլ նաև չորեքշաբթի և հինգշաբթի՞»:
«Բատկո՛, հարկավոր չի հիշել ինչ որ եղել է,– սառնարյուն ասաց Օստապը.– եղածն անցել է»:
«Դե թող հիմա փորձի,– ասաց Անդրին:– Մեկնումեկը թող հիմա հենց միայն դիպչի: Թող հիմա որևէ թաթար հանդիպի. նա կիմանա, թե ինչ բան է կոզակի թուրը»:
«Ապրես, որդիս, աստված վկա, ապրես... Դե որ այդպես է, ես էլ եմ գալիս ձեզ հետ, աստված վկա, գալիս եմ: Ի՞նչ ունեմ որ այստեղ նստեմ, որպեսզի ես արի՞նջ ցանեմ, տնարար մա՞րդ շինեմ, ոչխար և խոզ պահեմ և իմ կնկա հետ սիլիբիլի՞ անեմ: Թող կորչի կնիկը, ես կոզակ եմ, չեմ ուզում: Ի՞նչ անենք, որ կռիվ չկա: Ես ձեզ հետ հենց այնպես կգնամ Զապորոժ՝ քեֆ անելու: Աստված վկա, կգնամ»: Եվ ծերունի Բուլբան հետզհետե տաքացավ, տաքացավ, վերջը բոլորովին բարկացավ, վեր կացավ սեղանից և խրոխտ կանգնելով, ոտքով դոփեց գետինը: «Հենց վաղը գնում ենք: Ինչո՞ւ ուշացնել: Ի՞նչ թշնամու կարող ենք այստեղ սպասել: Մեր ինչի՞ն է պետք այս տունը, այս բոլորը, ինչի՞ են պետք այս կճուճները»: Այդ ասելով, նա սկսեց փշրել և դեն շպրտել կճուճները և ամանները: Խեղճ պառավը, որ արդեն վարժվել էր իր ամուսնու այդպիսի արարքներին, տախտի վրա նստած տխուր նայում էր: Նա չէր համարձակվում մի բան ասել: Բայց լսելով իր համար սոսկալի վճիռը, պառավը չկարողացավ պահել արտասուքը. նա նայեց իր զավակներին, որոնց այդքան արագ պիտի հրաժեշտ տար. և ոչ ոք չի կարող նկարագրել համր զորությանը մայրական վշտի, որ կարծես դողդողում էր նրա աչքերի մեջ և ջղաձգաբար սեղմած շրթունքների վրա: Բուլբան սոսկալի համառ էր: Նա մեկն էր այն բնավորություններից, որոնք կարող էին առաջանալ միայն դաժան XV դարում, Եվրոպայի կեսթափառակյաց անկյունում, երբ ողջ հարավային նախնադարյան Ռուսաստանը, որին լքել էին իր իշխանները, մոնղոլական գիշատիչների անդիմադրելի արշավանքներից ամայացել և իսպառ խանձվել էր, երբ օջախից և օթևանից զրկվելով, մարդն այստեղ դարձավ խիզախ, երբ հրդեհի վայրում նա բնակություն էր հաստատում դեմառդեմ հավիտենական վտանգի և ահեղ հարևանների, և վարժվում էր ուղիղ նայել նրանց աչքերին, հետզհետե անգիտանալով, որ աշխարհում գոյություն ունի երկյուղը, երբ ռազմի բոցերի մեջ ողջակիզվում էր սլավոնական վաղնջական ոգին և առաջանում էր կոզակությունը ռուսական բնավորության լայն և սանձարձակ թափը, և երբ բոլոր գետափերը, գետանցները, առափնյա թեք ու հարմար վայրերը գրավում էին կոզակները, որոնց համարքը ոչ ոք չգիտեր և որոնց հանդուգն ընկերներն իրավունք ունեին պատասխանելու սուլթանին, որն ուզում էր իմանալ նրանց թիվը. «Ո՜վ գիտե նրանց... մեզանում ամբողջ տափաստանի վրա նրանք ցրված-փռված են, որտեղ բայրակ, այնտեղ կոզակ» (որտեղ մի աննշան թումբ կա, այնտեղ արդեն կոզակն է): Ճշմարիտ որ այդ ռուսական ուժի արտասովոր երևույթն էր. աղետների հուրը դուրս մղեց այդ ուժը ժողովրդի կրծքից: Նախկին կալվածքների և մանր քաղաքների փոխարեն, որոնք լցված էին բարակապետներով և շնապահներով, մանր իշխանների, իրար թշնամի և առևտուր անող քաղաքների փոխարեն առաջացան ահեղ գյուղեր, կուրեններ և ամրություններ, որոնց իրար էր միացրել վտանգը և ատելությունը ոչ քրիստոնյա գիշատիչների հանդեպ: Արդեն բոլորին հայտնի է պատմությունից, թե ինչպես նրանց հավիտենական պայքարը և անհանգիստ կյանքը Եվրոպան փրկեցին նրան սպառնացող անզուսպ արշավանքներից: Լեհական թագավորները, որոնք գրավել էին նախկին իշխանների տեղը և նրանց ընդարձակ հողերը, թեև հեռու էին և անզոր, ըմբռնել էին կոզակների նշանակությունը և այդպիսի ռազմական պահակային կյանքի օգուտները: Նրանք խրախուսում էին կոզակներին և հովանավորում էին այդ դրությունը: Նրանց հեռավոր իշխանության ներքո հեթմանները, որոնց ընտրում էին կոզակների միջից, կոզակների բանակատեղին և կուրենները վերակազմում էին կանոնավոր գնդերի և շրջանների: Դա ի մի հավաքած շարային զորք չէր, և ոչ ոք չէր տեսնում այդ զորքը: Սակայն պատերազմի և ընդհանուր շարժման ժամանակ, ութ օրվա ընթացքում և ոչ ավելի, յուրաքանչյուրը ներկայանում էր ձիու վրա, զենք ու զրահը կապած, թագավորից ստանալով միայն մի ոսկի, և երկու շաբաթվա ընթացքում, գումարվում էր այնպիսի բանակ, որպիսին անհնար էր հավաքել կանոնավոր զորաժողովի միջոցով: Արշավանքը վերջանում էր, ռազմիկը գնում էր դեպի արոտները և արտերը, դեպի Դնեպրի գետանցները, ձուկ էր որսում, առևտուր էր անում, եռացնում էր գարեջուրը և ազատ կոզակ էր: Ժամանակակից օտարականներն արդարացի զարմանում էին կոզակի արտասովոր ընդունակությունների վրա: Արհեստ չկար, որ կոզակը չիմանար, նա կարող էր արաղ քաշել, սայլ սարքել, վառոդ աղալ, հյուսնի և դարբնի գործ անել և այդ ամենից հետո հախուռն զվարճանալ՝ խմել և քեֆ անել, ինչպես կարող է քեֆ անել միայն ռուս մարդը: Ռեեստրային կոզակներից բացի, որոնք պատերազմի դեպքում պարտավոր էին ներկայանալ, կարելի էր ուզած ժամանակ, մեծ նեղության դեպքում հավաքել նաև սեփական ձիերով կոզակների ամբողջ բազմություն, հերիք էր, որ եսաուլներն անցնեին բոլոր գյուղերի և ավանների շուկաներով ու հրապարակներով և սայլի վրա բարձրանալով բղավեին հուժկու ձայնով. «Հե՜յ, դուք, գարեջուր եփողներ և գարեջրի վարպետներ, հերիք է գարեջուր եռացնեք, թավալ տաք վառարանի կողքին և ձեր գեր մարմնով կերակրեք ճանճերին: Ելե՛ք, ձեռք բերեք ասպետական փառք ու պատիվ: Հե՜յ դուք, մաճ բռնողներ, արինջ ցանողներ, ոչխար պահողներ և կնիկ սիրողներ: Հերիք է գութանի ետևից գնաք, հողի մեջ կեղտոտեք ձեր դեղին քոշերը, մոտենաք ձեր կանանց և խորտակեք ձեր ասպետական զորությունը: Ժամանակն է կոզակի փառք վաստակելու»:
Եվ այդ խոսքերը նման էին կայծերի, որոնք ընկնում են չոր փայտի վրա: Վար անողը փշրում էր իր գութանը, գարեջրի վարպետները և գարեջուր եփողները շպրտում էին իրենց տաշտերը և փշրում էին տակառները, արհեստավորը և չարչին սատանայի բաժին էին դարձնում արհեստը և կրպակը, ջարդում էին տան կճուճները, և բոլորը ձիավորվում էին: Մի խոսքով, ռուսական նկարագիրն այստեղ ստանում էր հզոր ու լայն թափ և զորեղ արտաքին:
Տարասը զորագնդերի հին և հիմնական պետերից մեկն էր: Նա ստեղծված էր ռազմի տագնապի համար և աչքի էր ընկնում իր շիտակ բնավորությամբ: Այն ժամանակ արդեն զգացվում էր Լեհաստանի ազդեցությունը ռուս ազնվականության վրա: Շատերը փոխ էին առել լեհական սովորություններ, մուծել էին շքեղություն, փառահեղ սպասավորներ, բազեներ, բարակապետներ, ճաշկերույթներ և ունեին պալատներ: Այդ բոլորը Տարասի սրտովը չէր: Նա սիրում էր կոզակների պարզ կյանքը և խռովել էր իր այն ընկերներից, որոնք հակված էին Վարշավայի կողմը: Տարասը նրանց անվանում էր լեհական պաների ճորտեր: Հավիտյան անխոնջ, նա իրեն համարում էր ուղղափառության օրինավոր պաշտպանը: Նա ինքնագլուխ մտնում էր այն գյուղերը, որտեղ տրտնջում էին վարձակալների ճնշումներից և յուրաքանչյուր ծխից գանձվող նոր տուրքերի հավելումից: Իր կոզակների հետ նա ինքը նրանց դատաստան էր անում և կանոն էր սահմանել, որ հետևյալ երեք դեպքում հարկավոր է թուր առնել, երբ կոմիսարները որևէ բանով չէին հարգում ավագներին և նրանց առաջ կանգնում էին գլխարկով, երբ ծաղրուծանակում էին ուղղափառությունը և չէին պաշտում նախնիների սովորությունները և, վերջապես, երբ թշնամիներն անօրեններն էին և տաճիկները, որոնց դեմ նա բոլոր դեպքերում թույլատրելի էր համարում զենք բարձրացնել ի փառս քրիստոնեության: Այժմ նա կանխավ մխիթարում էր իրեն այն մտքով, թե ինչպես իր երկու որդիների հետ կներկայանա Սեչի մարդկանց և կասի. «Ահա տեսեք, ի՛նչ կտրիճներ եմ բերել ձեզ»,– ինչպես որդիներին կներկայացնի պատերազմների բովում կոփված իր բոլոր հին ընկերներին, ինչպես ինքը կդիտի իր որդիների առաջին սխրագործությունները ռազմական գիտության ասպարեզում, նաև գինարբության, որը նույնպես համարում էր ասպետի գլխավոր առաքինություններից մեկը: Սկզբում նա կամենում էր նրանց մենակ ուղարկել, սակայն ի տես նրանց աշխուժության, բարձր հասակի և մարմինների հզոր գեղեցկության՝ բռնկվեց նրա ռազմասեր ոգին, և նա մյուս օրը ևեթ վճռեց նրանց հետ գնալ, թեև դրա միակ կարևորությունը՝ նրա համառ կամքն էր: Նա արդեն գործի էր անցել և կարգադրություններ էր անում, երիտասարդ որդիների համար ընտրում էր ձիեր և ձիասարք, մտնում էր ախոռները և ամբարները, ջոկում էր սպասավորներին, որոնք վաղը նրանց հետ պիտի ճանապարհվեին: Իր իշխանությունը նա հանձնեց եսաուլ Տովկաչին և միաժամանակ խստագույն պատվիրեց ամբողջ զորագնդի հետ իսկույն ևեթ ներկայանալ, եթե միայն Սեչից նա որևէ լուր ուղարկի: Ու թեև կատարը տաք էր, և գլխի մեջ դեռ եռում էր խմածը, այնուամենայնիվ, նա ոչինչ չմոռացավ: Նույնիսկ հրամայեց ձիերը ջրել և մսուրների մեջ լցնել խոշոր և ամենաընտիր գարին, ու վերադարձավ դադրած իր բոլոր հոգսերից:
«Դե, տղերք, այժմ հարկավոր է քնել, իսկ վաղը՝ բանն աստված: Մեզ համար անկողին մի՛ փռի: Մեզ տեղաշոր պետք չի: Մենք դուրսը կքնենք»:
Գիշերը դեռ նոր էր պատել երկինքը, բայց Բուլբան միշտ վաղ էր պառկում: Նա մեկնվեց գորգի վրա, վրան քաշեց ոչխարի մորթե մուշտակը, որովհետև գիշերային օդը բավական զով էր և մեկ էլ, Բուլբան երբ տանն էր, սիրում էր տաք փաթաթվել: Շուտով նա սկսեց խռմփացնել, և ամբողջ տունը հետևեց նրան: Ինչ որ կար-չկար բակի զանազան անկյուններում՝ բոլորն սկսեցին խռմփացնել ու եղանակել: Ամենից առաջ քնեց պահապանը, որովհետև պանիչների գալու առթիվ ամենից շատ նա՛ էր խմել: Միայն խեղճ մայրն էր արթուն: Նա խոնարհվել էր կողք կողքի պառկած իր սիրելի զավակների սնարին: Նա սանրում էր նրանց անփույթ խճճված երիտասարդ գանգուրները և թրջում իր արցունքներով: Նա նայում էր նրանց ամբողջ հոգով, նայում էր իր բոլոր զգացմունքներով, նա ողջ էությամբ դարձել էր միայն տեսողություն և չէր կարողանում նայելուց կշտանալ: Նա սնուցել էր նրանց իր կաթով, նա մեծացրել և փայփայել էր նրանց,– և ահա միայն մի վայրկյան է տեսնում նրանց իր առաջ: «Ի՛մ զավակներ, ի՛մ սիրելի զավակներ, ի՞նչ կպատահի ձեզ, ի՞նչ է սպասում ձեզ»,– ասում էր նա, և արտասուքի կաթիլները կանգ էին առնում խորշոմների մեջ, որոնք, կերպարանափոխել էին նրա երբեմնի չքնաղ դեմքը: Ճշմարիտ որ խղճալի էր նա, ինչպես այն հախուռն դարի ամեն մի կին: Նա միայն մի ակնթարթ էր ապրել սիրով, միայն կրքի առաջին բորբոքումը, երիտասարդության առաջին տենդը, և այդ ակնթարթից հետո նրա դաժան հրապուրողը նրան թողել էր թրի համար, ընկերների համար, գինարբության համար: Նա իր ամուսնուն տեսնում էր տարին երկու-երեք օր, որից հետո մի քանի տարի նրանից լուր չկար: Իսկ ի՞նչ կյանք էր, երբ նույնիսկ տեսնվում էր նրա հետ, երբ նրանք միասին էին ապրում: Նա համբերությամբ կրում էր վիրավորանքը, նույնիսկ ծեծը. նա գգվանք էր տեսնում, երբ այդ գգվանքը նրան տրվում էր որպես ողորմություն. նա մի տարօրինակ էակ էր անկին ասպետների բազմության մեջ, որոնց վրա զվարճասեր Զապորոժիեն նետել էր իր դաժան երանգը: Երիտասարդությունն առանց վայելքի առկայծել էր նրա աչքերի առաջ, և նրա չնաշխարհիկ ու թարմ այտերը և կուրծքը թառամել էին առանց համբույրների և ծածկվել վաղահաս խորշոմներով: Նրա ամբողջ սերը, բոլոր զգացմունքները, այն ամենը, ինչ որ կնոջ մոտ նուրբ է և կրքոտ, այդ ամենը նրա մեջ դարձավ միայն մայրական սեր: Նա սաստիկ տապով, խանդով և արցունքն աչքերին պտտվում էր իր երեխաների շուրջը, ինչպես տափաստանի ուրուրը: Նրա զավակներին, նրա սիրելի զավակներին առնում են նրանից, տանում են, որպեսզի երբեք այլևս մայրը նրանց չտեսնի: Ո՞վ գիտե, գուցե առաջին ճակատամարտում թաթարը կտրի նրանց գլուխները, և մայրը չպիտի գիտենա, թե որտեղ են նրանց դեն գցած մարմինները, որոնց կտցահարելով կքրքրի ճանապարհի գիշատիչ թռչունը, և որոնց ամեն մի կաթիլ արյան համար մայրը կտար իր ամբողջ կյանքը և իրեն: Արտասվելով, նա նայում էր նրանց աչքերին, որոնց ամենակարող քունն արդեն սկսել էր փակել, և մտածում էր՝ գուցե թե Բուլբան զարթնի և մի երկու օրով հետաձգի ճանապարհ ընկնելը: Նա շատ էր խմել և գուցե դրանից էր շուտ ճանապարհվելու միտքը:
Երկնի բարձունքից լուսինն արդեն լուսավորել էր քնած մարդկանցով լի ամբողջ բակը, ուռիների խիտ խմբերը և բարձր մոլախոտը, որի մեջ ընկղմվել էր բակը շրջապատող ցանկապատը: Իսկ մայրը դեռ նստել էր իր սիրելի զավակների գլխավերևը, ոչ մի րոպե աչքը նրանցից չէր հեռացնում և չէր մտածում քնի մասին: Արդեն ձիերը, զգալով լուսաբացը, պառկել էին խոտի վրա և այլևս չէին ուտում: Ուռենու վերի տերևներն սկսեցին սոսափել և տակավ առ տակավ սոսափի հոսանքը ճյուղերի վրայով իջավ մինչև ներքև: Մինչև լույս նա նստեց, ամենևին չհոգնելով, և ներքուստ կամենում էր, որպեսզի գիշերը տևի որքան կարելի է ավելի: Դաշտից լսվեց որձաձիու զնգուն վրնջոցը: Երկնքի վրա պայծառ փայլեցին կարմրագույն շերտերը: Բուլբան հանկարծ զարթնեց և վեր թռավ: Նա շատ լավ հիշում էր այն ամենը, ինչ որ կարգադրել էր երեկ:
«Դե, տղերք, հերիք քնեք... Ժամանակն է, վե՛ր կացեք: Ձիերը ջրե՛ք: Իսկ որտեղ է պառավը (նա սովորաբար այդպես էր կոչում կնոջը): Դե շուտ արա՛, պառավ, ուտելու բան պատրաստի: Երկար ճանապարհ ենք գնալու»:
Խեղճ պառավը, վերջին հույսը կտրած, տրտում քարշ եկավ դեպի տուն: Մինչդեռ նա արտասվելով պատրաստում էր նախաճաշը, Բուլբան արձակում էր իր հրամանները, գոմի ներսը դես ու դեն էր ընկնում և իր որդիների համար ինքն էր ընտրում ամենալավ սարքը: Բուրսակները միանգամից կերպարանափոխվեցին: Նախկին կեղտոտ կոշիկների փոխարեն նրանք հագան կարմիր սեկե կոշիկներ՝ արծաթյա պայտերով, շալվարներ՝ Սև ծովի լայնությամբ, հազար ծալքերով ու փոթերով, և ոսկե խոնջանով ձիգ կապեցին: Խոնջանից կախված էին երկար փոկեր՝ ծոպերով և չիբուխի այլ զանգուլակներով: Կրակի նման վառ, ալ կարմիր մահուդե կոզակինի վրայից կապեցին ծաղկանկար գոտի. տաճկական քանդակազարդ փշտովները խրեցին գոտու մեջ. կախ ընկած թուրը զրնգում էր՝ դիպչելով ոտքին: Նրանց դեռ քիչ արևառ դեմքերը, կարծես, ավելի սպիտակեցին և գեղեցկացան, նորածիլ սև բեղերը այժմ, կարծես, ավելի էին ցոլացնում նրանց դեմքերի սպիտակը և երիտասարդության առողջ ու զորեղ գույնը: Նրանք աննման էին՝ ծայրը ոսկի, սև մորթե գդակներով: Թշվառ մայրը, երբ նրանց տեսավ, մի խոսք անգամ չկարողացավ ասել, և արցունքները սառեցին նրա աչքերում:
«Դե, տղերք, ամեն ինչ պատրաստ է: Պետք չէ ուշանալ,– ասաց վերջապես Բուլբան:– Այժմ, որպես վայել է քրիստոնյաների սովորության, ճանապարհ ընկնելուց առաջ բոլորը պիտի նստեն»:
Բոլորը նստեցին, ներառյալ և սպասավորները, որոնք դռների մոտ պատկառանքով կանգնել էին:
«Այժմ, մա՛յր, օրհնիր քո զավակներին,– ասաց Բուլբան:– Աղոթիր աստծուն, որ նրանք քաջի նման կռվեն, միշտ պաշտպանեն ասպետական պատիվը, Քրիստոսի հավատի պահապան լինեն, ապա թե ոչ, լավ է թող իսպառ կորչեն, որպեսզի աշխարհի երեսին նրանց հետքը չմնա: Երեխաներ, մոտեցեք ձեր մորը: Մայրական աղոթքը փրկարար է ջրի վրա և ցամաքի վրա»: Մայրը, անզոր ինչպես մայր, գրկեց նրանց, հանեց տիրամոր երկու պատկեր և հեկեկալով կախեց նրանց վզերից: «Թող պահապան լինի ձեզ տիրամայրը... իմ զավակներ, չմոռանաք ձեր մորը... Ձեր մասին լուր կուղարկեք...»– և այլևս չկարողացավ խոսել:
«Դե գնանք, տղերք»,– ասաց Բուլբան:
Դռանը սպասում էին թամբած ձիերը: Բուլբան թռավ իր ձիու Դևի վրա, որ գազազած թեքվեց մի կողմ, իր վրա զգալով քսան փթի ծանրություն, որովհետև Տարասը չափազանց ծանր էր և հաստ: Երբ մայրը տեսավ, որ իր որդիները ևս նստեցին ձիերը, վրա վազեց դեպի կրտսեր որդին, որի դիմագծերն ավելի քնքշություն էին արտահայտում: Նա բռնեց նրա ասպանդակը, կպավ նրա թամբից և հուսահատ աչքերով նրան բաց չէր թողնում ձեռքից: Երկու հաղթանդամ կոզակներ նրան զգուշությամբ առան ձեռքերի վրա և տուն տարան: Բայց երբ նրանք դուրս եկան դարպասից, մայրը,– վայրի այծի թեթևությամբ, որ անհամապատասխան էր նրա տարիքին,– դարպասից դուրս վազեց, աներևակայելի ուժով կանգնեցրեց ձին և գրկեց նրանցից մեկին խելացնոր և անզգա ջերմությամբ: Նրան նորից տուն տարան: Երիտասարդ կոզակները գնում էին հուզված և զսպելով արցունքը, երկյուղելով հորից, որը նույնպես մի քիչ հուզված էր, թեև ջանում էր ցույց չտալ: Գորշ օր էր, կանաչը վառ փայլում էր. թռչունները մի տեսակ աններդաշնակ էին ճռվողում: Բավական առաջ գնալուց հետո նրանք ետ նայեցին, իրենց խուտորը կարծես գետնի տակ էր անցել, և գետնի երեսին միայն երևում էին իրենց համեստ տան երկու ծխանները և ծառերի կատարները, որոնց ճղների վրա նրանք մանուկ օրերին մագլցում էին սկյուռի նման: Նրանց առաջ փռված էր միայն այն հեռավոր մարգագետինը, որ նրանց հիշեցնում էր իրենց կյանքի ողջ պատմությունը, սկսած այն տարիներից, երբ նրանք գլորվում էին նրա ցողապատ խոտերի վրա, մինչև այն տարիները, երբ այնտեղ սպասում էին սևաչյա կոզակուհուն, որը վախով սլանում էր մարգագետնի վրայով իր կայտառ և արագ ոտքերի օգնությամբ: Ահա արդեն միայն ձողն է ջրհորի վրա, վերևում` սայլի անիվը, որ միայնակ ցցվել է դեպի երկինք: Այն հարթավայրը, որոնք նրանք անցան, հեռվից երևում է լեռան նման և իր հետևում ծածկում ամեն ինչ:
Մնաք բարով և՛ մանկություն, և՛ խաղեր, և՛ ամեն ինչ, ամեն ինչ...