1. ԹԵՆԻՍԻ ԱԿԱԴԵՄԻԱ Կողմերի Տեղափոխություն

Chapter 7

Սպիտակ ու բաց վարդագույն

ԱԿՍԵԼ

Ընթրիքից հետո Հովհաննեսը խնդրում ա, որ մնամ ու իր հետ Լեգո խաղամ։ Սա հիանալի առիթ ա հորս հետ առանձին խոսակցությունից խուսափելու ու զարմիկիս հետ ժամանակ անցկացնելու համար։ Հայրս Հայաստանում ա կարճ ժամանակով։ Մինչ նրա հետ՝ Անգլիա վերադարձը առանձին հանդիպումից խուսափելն անհնար կլինի։ Այսօր շատ բաներ չասված մնացին։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ առերեսումը չի կարելի մի քիչ էլ հետաձգել։

Խաղալուց հետո Անահիտին օգնում եմ Հովհաննեսին պառկացնել քնելու։ Ծնողներս արդեն տեղափոխվել են տան այգու հատվածն ու վայելում են հայկական կոնյակ։ Հիշեցնելով առավոտյան շուտ մարզում ունենալուս հանգամանքը նրանց բարի գիշեր եմ մաղթում։ 

Անահիտն ինձ ուղեկցում ա դեպի մուտքի դուռը, խոստովանելով, որ կարոտել էր ամբողջական ընտանիք լինելու զգացողությունը։ Իսկապես, մեր վերջին ընտանեկան ընթրիքը եղել էր գրեթե մեկ տարի առաջ։ Բայց Անահիտի՝ ընտանիքի հանդեպ կարոտը, ոչ մի կերպ լուրջ չի հնչում ականջիս։

Ամբողջ երեկո սպասում էի քրոջս հետ առանձին լինելու հնարավորությանը։ Վերջապես պահը եկավ։ Միջանցքում մենակ եմ Անահիտի հետ։

— Վստահ եմ, հայրիկն առաջարկել ա ձեզ օգնել, մինչև Ալբերտը ոտքի կկանգներ,— սկսում եմ։

— Դրա կարիքը չկար,—շտապում ա Անահիտը։

— Ուրեմն որոշմանդ վրա մի ուրիշ բան ա ազդել։ Որովհետև երեխային ընտանիքից զրկելու— 

Անահիտն ինձ ընդհատում ա.

— Երեխան ընտանիքից չի զրկվում։ Պարզապես ընտանիքը… կառանձնանա։ 

— Կառանձնանա նաև քո ու Ալբերտի համատեղ գույքը, ու դու չես ներքաշվի երկարատև ու վնասաբեր դատավարությունների մեջ,— հավելում եմ անվրդով։ 

Անահիտը չի հակադարձում։

— Հանդիպո՞ւմ ես ինչ-որ մեկի հետ,— հարցնում եմ, առանց հասցնելու գիտակցել, որ այս ամբողջ ժամանակ բնազդորեն վստահ էի, որ քրոջս ու նրա ամուսնու միջև ինչ-որ ստվերոտ տղամարդ կա, դեպի որը ձգվում են ամուսնալուծության արմատները։ 

— Ո՛չ,— կոպտորեն արձագանքում ա քույրս։ 

Զգացմունքային այս պատասխանը Անահիտից ինձ ահագին բան ա ասում։ 

***

Առաստաղին նայելու հետաքրքիր ոչինչ չկա, իսկ ես դրան նայում եմ արդեն քառասուն րոպե։ Թեպետ մարմինս հոգնել ու հանգստանալ ա ուզում, միտքս չի հանդարտում։

Ես ընդամենը տասնչորս տարեկան էի, երբ քույրս հայտարարեց, որ սիրահարված ա։ Անահիտը քսաներկու տարեկան էր՝ Քեմբրիջի համալսարանի իրավագիտության բակալավրի վերջին կուրսի ուսանող։ Ալբերտը սովորում էր նույն համալսարանում՝ իրավագիտության մագիստրատուրայի առաջին կուրսում։ 

Նրանք ծանոթացան Cambridge Law Society-ում, որի նախագահն էր Ալբերտը։ Սա նրանց առաջին հանդիպումը չէր։ Բայց այդ օրը Անահիտը ճանաչեց նրան՝ իր «կատարյալ զույգին», որը նույնչափ սիրում էր ձիավարությունն ու անգլիացի փիլիսոփաներին ընթերցելը։ Ավելին՝ երկուսի ուսանողական երազանքն էր Հայաստանի մարզերում անվճար իրավական օգնություն տրամադրող կազմակերպություն հիմնել։

Նաջարիան ազգանունը մեր ականջին օտար չէր։ Ալբերտն էլ հայ ընտանիքից էր, նույն եկեղեցու անդամ, հաճախում էր նույն ազգային պարերի ակումբ, ամեն տարի ապրիլի 24-ին քայլում էր մոմավառության նույն երթի մեջ։ Մեր ու նրա ծնողները տարիներ շարունակ հանդիպում էին նույն հայկական բարեգործական միջոցառումներում, հայրենիքին նույն չափի նվիրատվություններ էին ընծայում, ու փոխանակվում հայրենաբաղձ նույն արտահայտություններով, որոնք սովորաբար հնչում են նման երեկոներին։ Այնպես որ Ալբերտի տարեց տարի այրացող երեսը բոլորովին անծանոթ չէր մեր ընտանիքին։ 

Բայց սփյուռքական շրջանակներում այս երկուսի առաջվա հպանցիկ շփումները այդ տարի վերաճեցին Քեմբրիջի գրադարանում միասին սովորելու, այգում՝ ձեռք-ձեռքի քայլելու ու միասին երազելու արկածի։

Անահիտի ու Ալբերտի հարսանիքը նման էր հեքիաթի։ Թեպետ երկու ընտանիքներն էլ պնդում էին, որ իրենց երեխաներն ամուսնանային ուսումն ավարտելուց հետո, երիտասարդները շտապում էին իրենց միությունը վկայել։ Իսկ վկայեցին իրենց սերը Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Արարողությունն ինձ վրա անդառնալի տպավորություն էր թողել, ասես աչքերիս առաջ քույրս թևակոխեր մեր աշխարհից ավելի ընդարձակ աշխարհ, նոր կյանքի ու նոր խոստումների աշխարհ։

Թեպետ մինչ այդ մեր ծնողները մեզ տարել էին և անգլիական և հայկական բազում հարսանիքների, ես դրանցից ոչ մեկը չէի հիշում։ Բայց տասնչորս տարեկանիս այս հիշողությունը մտքիս մեջ տպվել ա անջնջելի գույներով՝ ամեն ինչ սպիտակ էր ու բաց վարդագույն։ Անահիտի հագուստը սպիտակ էր, Ալբերտինը՝ բաց վարդագույն, սփռոցները սպիտակ էին, անձեռոցիկները՝ բաց վարդագույն, մոմակալներն ու հարսանեկան տորթը սպիտակ էին, մոմերն ու ծաղիկները՝ վարդագույն… 

Անահիտն իր ամբողջ կյանքում միայն մեկ անգամ ընդդիմացավ մեր ծնողներին։ Նա թույլ չտվեց, որ Ալբերտի հետ իր ամուսնությունը հետաձգեն։ Այդ օրը և դրանից հետո Անահիտը միշտ ուրախ էր, միշտ, մինչև վեց ամիս առաջ։  

Ռոզիի հաղորդագրությունը լուսավորում ա հեռախոսիս էկրանը մթության մեջ՝ 

«Haven’t heard from you in over a week
Soooo I’ve taken the hint
I’m seeing someone else now
Just thought you should know»¹

Ռոզին ու ես տևեցինք մոտ հինգ շաբաթ։ Նա հիասքանչ էր, մոդելի արտաքինով։ Նաև սրամիտ։ Մենք հանդիպում էինք, խմում, նա ժպտում էր ինձ, իսկ ես վերադարձնում էի ժպիտը։ Ռոզին օգնում էր ինձ ցրվել վերջին ամիսների դատական հոգնեցուցիչ քաշքշուկներից, որոնք կապված էին ապահովագրական պահանջների, հովանավորչական վեճերի, ու կարիերայի ավարտին վերաբերող այլ պայմանագրերի հետ։ Բայց ինչքան էլ չփորձեցի, չկարողացա կապվել նրան։ Իսկ Հայաստան գալուս մասին նրան հայտնելն ու մեր հարաբերության մեջ վերջակետ դնելը ուղղակի մտքովս չանցավ։ Ռոզիի նամակը ահազանգ էր, որ իմ կյանքը քիչ-քիչ վերածվում ա անավարտ գլուխների շարքի։ 

Այսպես ինձ առաքվեց օրվա երրորդ հիասթափությունը։


¹Մի շաբաթից ավել ա քեզնից լուր չունեմ
Անհետանալդ ամեն ինչ ինձ ասեց
Ուրիշի հետ եմ հանդիպում
Մտածեցի ուղղակի ասեմ իմանաս

Comments