1. ԹԵՆԻՍԻ ԱԿԱԴԵՄԻԱ Կողմերի Տեղափոխություն

Chapter 2

Աքսորյալ

ԱԿՍԵԼ

Առաջին նամակը մորիցս ա.

«Բարի ժամանում տղաս։
Պատկերացնում եմ, ինչպես ես կարոտել հայրենի երկինքը։
Վայելիր։
Չմոռանաս, ընթրիքը՝ 7-ին։»

Երկրորդ նամակը Անահիտից ա.

«Welcome back little brother.
Պաչիկներ և բարի մարզում։
Կհանդիպենք երեկոյան։
Chat soon xx»

Այս երկու նամակով էլ կսահմանափակվենք։ Հայրս արդեն զանգել էր, երբ ինքնաթիռ էի նստում. նրանից նամակների փոխարեն գալիս են սովորաբար հինգից քսան վայրկյան տևող զանգեր, իսկ Հայաստանում ինձ սպասող ուրիշ մեկին պարզապես չունեմ։ 

Քրոջորդուս վարորդը՝ Տիգրանը, մեքենայի բանալին դնում ա ձեռքիս մեջ։ Նա պիտի օդանավակայան բերեր մեքենաս, ինձ դիմավորեր ու ապա վերադառնար Հովհաննեսին դպրոց տանելու։   

— Տիգրա՛ն, շնորհակալ եմ,— գլխով եմ անում ու հասկացնում, որ արդեն կարող ա գնալ։ 

Մեքենայի մեջ նստած, մարմնովս սարսուռ ա անցնում սպասվելիք ընթրիքը մտատեսնելիս։ Բայց այս մտքերը կսպասեն։ Այս պահին կա ուրիշ նպատակակետ՝ հասնել կորտեր, ու տեսնել՝ թե ինչ ա իրանից ներկայացնում Թենիսի ակադեմիան։ 

***

Օդանավակայանից կորտեր ճանապարհը ձանձրալի էր, պատուհանից տեսարանը՝ տխուր։ Բայց Ակադեմիայի մերձակայքին մոտենալիս պատկերը կտրուկ փոխվեց. հարթ ասֆալտով հյուրասեր ճանապարհ, որի մի կողմում շողացող նորակառույցներ են, մյուսում՝ անհրապույր ուղղանկյուն շինությունների նոսր շարք, պարբերաբար ցայտող քարուքանդ տներով։ Մոտ հինգ րոպեից հասնում եմ արվարձանի եզրին ու ձախ կողմից բացվում են բարդիների շարքեր, իսկ աջ կողմից՝ հեռու բլուրների ու լեռների կանաչ լանդշաֆտ։ 

Ակադեմիայի պատկերանշով փոքրիկ ցուցանակը դեպի ձախ շրջադարձ ա ցույց տալիս, որից երկու րոպե անց երևում են կանաչավուն դարպասներ։ Առավոտյան 6:25 րոպե ա։ Դարպասների դիմաց կանգնած են վեց մեքենաներ ու արդեն իսկ կիսով լցրել են նեղլիկ կայանատեղին։ 

Ակադեմիայի տնօրենի՝ Գանթալյանի հետ հանդիպումս նշանակված ա 6:30-ին, իսկ 7:00-ին կսկսեմ օրվա առաջին մարզումը։ Դարպասի վրա սեղմում եմ մուտքի կոճակն ու խոսափողի թեթև խշշոցից հետո լսվում ա երիտասարդ կնոջ ձայնը. 

— Ակսել Բատրիկեա՞ն։

— Այո, ես եմ։

— Համեցեք,— սիրալիր ձայնին հաջորդում ա դարպասի չխկոցը։ 

Առաջս բացվում ա Հայաստանի առաջին ու միակ թենիսի ակադեմիան՝ փոքրածավալ, բայց գերահռչակ։ Երկու կողմից կանաչ խոտածածկ ա, խնամված ծառաթփերի ու ծաղիկների բույլերով, իսկ հղկված կրաքարի սալիկներով ուղին տանում ա դեպի Ակադեմիայի երկհարկանի սպիտակ շենքը։ Շենքը միջազգային ոճի մոդեռն կառույց ա՝ մինիմալիստ ու ֆունկցիոնալ, հարթ մակերեսով, ուղիղ գծերով։ Իսկ խոշոր ու լայնարձակ պատուհանները տեղ-տեղ կոտրում են միապաղաղությունը։ Շենքի աջ թևից այն կողմ նշմարում եմ մոխրագույն ռետինե հատակը՝ ֆիթնեսի մարզումների համար։ Քայլում եմ ուղիղ դեպի շենքի գլխավոր մուտքը։

Մուտքի առաջ ցածր սանդուղք ա, իսկ դրա վրա ծառացած ֆիգուրը՝ Ռաֆայել Գանթալյանը, ձեռքերը լայն պարզած նայում ա ուղիղ վրաս։ Աստիճանով բարձրանում եմ ու Գանթալյանի աջ ձեռքն ինձ առաջ ա քաշում, մինչ նրա ձախ ձեռքը երեք ամուր զարկ ա հասցնում թիկունքիս.

— Ակսե՜լ,— բացականչում ա նա,— վերջապե՛ս։ Բարի վերադարձ Հայաստան։ Բարի գալուստ Ակադեմիա։ 

— Շնորհակալ եմ,— բաց եմ թողնում նրա ձեռքը,— ինքս ուրախ եմ վերադարձիս համար։ 

Գանթալյանը քառասունն անց ա, սպիտակ այտամորուսներով, ճակատին երկու խորը կնճիռ՝ որոնք ավելի իմաստության քան սթրեսի մասին են ակնարկում։ Նա բավական լավ ֆիզիկական մարզավիճակում ա, ինչը և հպարտորեն ցուցադրում ա քիփ պոլոյի ուրվագծերի միջոցով։ 

Գանթալյանը ժամանակ չի կորցնում ու ինձ միանգամից մտցնում ա Ակադեմիայի նախասրահ, հերթով տանելով հանդերձարաններով, աշխատակազմի գրասենյակներով, մարզման պարագաների պահոցով, մարզասրահով, ու լողավազանով։ Գանթալյանը ականջիս տակ խոսում ա ամփոփ նկարագրություններով, ձեռքերի մեծ ու անկաշկանդ շարժումների ուղեկցմամբ։

Հետո բարձրանում ենք երկրորդ հարկ, որտեղ ձախ թևի վրա տեղակայված ա ճաշարանը. լուսավոր ու ընդարձակ տարածք՝ պարզ փայտե սեղաններով ու հատակից առաստաղ պատուհաններով: Աջ թևի վրա են մերսման ու վերականգնողական սենյակները, հանդիպման սենյակները, դասասենյակներն ու փոքրիկ գրադարանը։ 

Ամեն բան լավ մտածված ա։ Ճոխ ոչինչ չկա, բայց և ոչինչ չի պակասում։ Շենքը կառուցված ա, որ ծառայի կարգապահությանն ու առաջընթացին: Ինքս ինձ հանկարծ բռնում եմ այն մտքի վրա, որ տպավորված եմ:

Շենքի մյուս ճակատից դուրս ենք գալիս բացօթյա հատված. առջևում զույգ ավազե կորտեր են, ու ևս մեկ զույգ՝ հենց դրանց հետևում, թեթևակի ձախ տեղադրությամբ։ 

— Առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը,— Գանթալյանը մատը պարզել ա կարմիր կորտերի կողմը ասես հաշվի իր ոչխարները։ 

— Օդագմբեթները էս ամիս ենք հանել,— բացատրում ա փոքր-ինչ շտապելով,— ավազինը դրսում ենք սարքել, որ շնչի, իսկ ներսում սինթետիկ ծածկույթով կորտեր ունենք՝ հինգերորդն ու վեցերորդը,— այս անգամ թվերը հնչեցին ասես Գանթալյանը կորտերը նշեց իրենց անուններով։ 

Երեսս աջ թեքելով հայացքով հետևում եմ նրա ցուցամատին ու կանգնում կանաչ պատերով, սպիտակ տանիքով շինության վրա։ Փակ կորտերը տեղակայված են Ակադեմիայի տարածքի խորքում, մեր կանգնած դիրքից անկյունագծի վրա։ 

Այդ շենքի դիմաց ու մեզանից աջ բացօթյա ֆիթնեսի մակերեսն ա, մի հատվածում հիմնական սարքավորումներով, մյուսում՝ ցիրուցան եղած ֆիթնեսի պարագաներով։ Դրա կողքով քայլելիս նկատում եմ ցանցավոր մի պարկ՝ կիսով լցված գնդակներով ու կոներով՝ շպրտված խառնիխուռն պարագաների կողքին։ Այս խառնաշփոթը հակադրվում ա տարածքի այլապես կոկիկ, նպատակային դասավորությանը։ 

— Ֆիթնեսի քանի՞ մարզիչ կա,— հարցնում եմ։

— Մեկ,— պատասխանում ա Գանթալյանը,— Գուրգենը։ 

Նա շարունակում ա բացատրել, որ Գուրգենը իմ ու Արամի օգնականն ա։ Նաև, որ մարզասրահի մարզիչը՝ Անահիտը, մեկ-մեկ ֆիթնես էլ ա պարապում։ Մոտենում ենք ամառային բացօթյա տաղավարին՝ հետևի ավազե կորտերի ու փակ շինության արանքը։ Գծավոր ծածկով այս տաղավարը ոնց որ միջերկրածովյան ինչ-որ կուրորտից ուղիղ փոխադրված լինի Երևան. այստեղ կարելի ա հանգստանալ, զրուցել, ուտել ու ակնկալել, որ դիմացդ պիտի բացվի խաղաղ ալիքներով ծովը։ 

Իսկ արդեն տաղավարի ու բացօթյա կորտերից այն կողմ, Ակադեմիայի պարսպի դիմաց երկու շատրվաններ են՝ մեծ ու փոքր։ Գանթալյանը մի պահ ձեռքերը կոնքերին դրած հիացավ այդ աչք շոյող դետալով ու արագ թեքվեց դեպի փակ կորտերի շենքը։ Նա ներս մտավ, ես նրա հետևից։ 

Կապույտ ծածկույթով զույգ կորտերը եզրված են կատարելապես սպիտակ գծերով։ Երկու կողմից երեք շարք երկար նստարաններ են։ Բարձր առաստաղը, հավասարաչափ լուսավորությունը տարածությանը տալիս են նույն անհասցեության զգացողությունը, ինչ իմ նախորդ ակադեմիաների փակ կորտերը՝ Լոնդոնում, Փարիզում, Իսպանիայում, ԱՄՆ-ում: Կարող ես փոխել երկիրը երկրի հետևից ու մեկ ա հայտնվել հենց նույն տեղում: 

— Նույն մակերեսն ա օգտագործված, ինչ US Open-ի ​​պարապմունքների կորտերինը: Ցատկը պահում ա մաքուր, ճշգրիտ,— Գանթալյանի աչքերը փայլում են գոհությամբ։

Երբ շինությունից դուրս ենք գալիս Գանթալյանը ձեռքով կանչում ա ֆիթնեսի տարածքում մկաններն ու հոդերը տաքացնող երիտասարդին։ Նա վայրկենապես ուղղվում ու մի տեսակ անկաշկանդ քայլքով մոտենում ա մեզ։ Արդեն 8 մետրից ճանաչում եմ այդ լայն ժպիտով, աշխարհի հոգսերից կտրված դեմքը։ Արամը։ Նրա քայլերն առույգ են, բայց մյուս կողմից նրա քայլվածքը հեշտ ու հոսուն ա, քանի որ Արամը չափազանց cool ա շտապելու համար:

Դեռ չհասած, Արամը ձեռքը պարզում ու ընթացքի մեջ բռնում ա իմ ձեռքը՝

— Ակսե՛լ, ընկերս, փաստորեն լեգենդները ճիշտ էին՝ եկար Հայաստան,— անկեղծ ուրախությամբ ինձ ողջունում ա Արամը։

— Վաղուց իրար չէինք տեսել,— ժպտում եմ ես,— արդեն ժամանակն էր։ 

Արամը միջազգային որակավորմամբ մարզիչ ա, Հայաստանի ու տարածաշրջանի մրցույթները հիմնականում հաղթում են նրա մարզիկները։ Բայց ես առաջին հերթին նրան ճանաչել եմ իբրև մրցավար։

Արամը 24 տարեկանում մեկնեց Իսպանիա՝ մրցավարի դասընթացների մասնակցելու, ու Թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից մրցավարի որակավորում ստացավ։ Դրանից հետո Արամը հաճախ էր մասնակցում Եվրոպայի մրցաշարերին՝ իբրև մրցավար, ու մենք ծանոթացանք Մոնպելիեում, որտեղ ինքս խաղում էի Open Sud de France-ի մրցաշարում։ Նրան ևս մի քանի անգամ մրցավարի դերում տեսել եմ Իսպանիայում ու Կիպրոսում, որտեղ փոխանակվել ենք քաղաքավարի կարճաբանություններով։

Գանթալյանից տեղեկացա, որ Հայաստանում Արամին Որսորդ են անվանում, քանի որ նա որսում ա լավագույն մարզիկներին ու իր ցանցի մեջ պահում տարածաշրջանի հաղթանակները։  

Ես ու Գանթալյանը վերադառնում ենք շենք. ես՝ մարզչական հանդերձարան՝ փոխվելու ու մարզմանը պատրաստվելու, Գանթալյանը՝ իր գրասենյակ։ Նա ամբողջ ժամանակ սպասում էր այս մի բառին՝ «տպավորված եմ», որը մեր զբոսապտույտի վերջում լսելուց հետո նրա հպարտ կեցվածքը մի փոքր թուլացավ։  

Պայուսակիցս հանում եմ սպորտային հագուստը, որը հաճելիորեն սառն ա մատներիս վրա։ Գանթալյանը նշեց, որ իմ աշխատասենյակում կգտնեմ իմ թիմի թղթապանակը՝ մարզիկների տվյալներով ու մինչև հիմա ունեցած հաջողությունների մանրամասներով։ 

Թեև չեմ կարող ասել, որ այն տեսնելու առանձնապես մեծ ցանկություն ունեմ, այնուամենայնիվ մտապահում եմ, որ առաջին պարապմունքից հետո մտնեմ աշխատասենյակ։ 

Բոթասներս եմ կապում, ոնց արել եմ հազարից ավել անգամ, երբ գիտակցությունը ծանր քարի պես ընկնում ա վրաս. ես այստեղ եմ, ոչ թե ինքս ինձ, այլ մեկ ուրիշին հղկելու համար։ Դերերի այս տեղափոխությունը ինձ անակնկալի ա բերում։ Մարզչական գործով զբաղվելու միտքն անգամ ինձ երբեք չէր այցելել։ Բայց անցյալ տարի, նոյեմբերին՝ նույն ամսին, երբ ես պաշտոնապես հայտարարեցի թենիսը թողնելու մասին, ինձ հասավ կանաչ եզրագծով մի ծրար։ Այն Հայաստանի Թենիսի ակադեմիայից էր։ Ես դրան մեծ նշանակություն չտվեցի։ Բացեցի այն, կարդացի և համաձայնեցի։ Առանց որևէ մարզչական կրթության հրավիրված մարզիչ դառնալու հնարավորությունը Անգլիայից փախուստի հոյակապ առիթ էր։ Այն ինձ հեռացրեց մի անցյալից, որի հետ դեռ չէի հաշտվել, ու ապագայից, որը հայրս արդեն գծել էր ինձ համար։ 

Բայց հիմա, այս փոքրիկ հանդերձարանում նստած, իմ կյանքը նմանվում ա գորգին թափված մի փազլի, որի կտորներն իրար բոլորովին չեն համապատասխանում:

Comments