Chapter 14
Գլուխ 14
- Մի րոպե, իսկ Ալվարդի վերաբերյալ ինչ-որ բան ունե՞ս, - հարցրեցի ես:
- Ոչ մի հստակ բան: Ստուգեցի, թե որտեղից է ստանում է ապրանքը, - շաորւնակեց նա, - հիմնական վայրն Ամրէն է: Համենայն դեպս՝ փայտիկները այնտեղից են: Եվ նա իսկապես ստացել է այն երեք օր առաջ:
- Եվ ի՞նչ ես կարծում:
- Չգիտեմ: Պետք է լրացուցիչ ստուգումներ անել: Դա շատ տարօրինակ է:
- Հասկանում եմ: Ալվարդը հիմար չէ: Ուրեմն, ինչ-որ մեկը Ամրէից փոխանցում է փայտիկները չարքերին:
- Անօրինական ձևով, - լրացրեց Արեգը:
- Ճիշտ ես, - ընդունեցի ես, - պետք է ամեն ինչ ստուգել: Չնայած շատ բարդ կլինի դա անել:
- Վաղը կպատմեմ Էրիկային դրա մասին: Թող ինքը որոշի՝ ինչ պետք է անել:
Մենք հրաժեշտ տվեցինք իրար: Ոտքերիս մոտ նստած Բլիթը ակտիվացավ և սկսեց ցատկոտալ շուրջս: Հիշեցի, որ պիտի հետը զբոսնեի:
- Հիմա-հիմա, գնում ենք, - ասացի ես:
Շունը բերեց վզկապը և կազմուպատրաստ նստեց դռան մոտ:
Զբոսանքի ընթացքում ճշտեցի Թաբիից, թե երբ է գալու տուն: Պարզվեց՝ մեկ ժամից: Դե ինչ, այդ ընթացքում կարելի է հոգեբանի ասածը անել:
Երբ տուն եկանք, առանց հագուստս փոխելու՝ վերցրեցի ծնողներիս տան բանալիները և Բլիթի հետ գնացինք վերև: Միանգամից գնացի հյուրասենյակ, քանի որ հիշում էի՝ այնտեղ տեսել եմ լուսանկարների ալբոմներ: Լիլիթն ասել է փնտրել ինչ-որ բան, որը կհիշեցնի ինձ մինչև վեց տարեկան կյանքս: Ես գտա մի քանի ալբոմներ, որտեղ ես էի՝ նորածին ժամանակից: Նայում էի նկարներին և հավատս չէր գալիս, որ երջանիկ էի: Այսինքն՝ բոլորն էլ երջանիկ կլինեին, եթե իրենց կողքին լինեին ծնողները, խաղալիքները և համեղ ուտելիքը: Գտա նկարներ Թաբիի հետ, որտեղ խաղալիք-բահերով ավազի հետ էինք խաղում:
- Բլիթ, հապա մի տես ինչ թմբլիկ երեխա եմ եղել, - ասացի ես, երբ շունը նստեց կողքիս և հետաքրքրությամբ նայեց նկարներին, - երևի մայրիկի թխվածքների շնորհիվ էր: Իսկ սա Թաբին է … օ, հիշեցի: Մենք առաջին անգամ իմացանք, որ նա թուրինջ էր սիրում և ծաղրում էինք նրան: Նա արդեն այն ժամանակ իրեն նեղացնողներին լավ ծեծում էր … բացի ինձնից, իհարկե:
Շունը գրեթե մարդկային ձևով փնչացրեց: Գլուխը շոյեցի:
- Տանենք սրանք ներքև, - որոշեցի ես, - միասին կհիշենք մանկությունը: Իսկ սա՞ ինչ է:
Գտա ևս մեկ ալբոմ, բայց արդեն ծնողներիս նկարներով: Շունչս պահած բացեցի այն: Ինչքա՜ն երիտասարդ էին նրանք … և երջանիկ: Ելնելով նկարների ժամանակագրությունից՝ նկարները սկսվում էին նրանց հանդիպելու շրջանից: Ահա մայրիկը ծիծաղում է, երբ հայրիկը նրան ձեռքերի վրա է բարձրացնում: Իսկ այստեղ նրանք լեռներում են …
Մեկ րոպե, սա ի՞նչ է:
Մյուս նկարում մայրիկը լողազգեստով էր՝ գետի ափին: Նրա ուսին դաջվածք էր՝ արևի և կայծակի նշանը:
Չհասկացա … Դա Ծովինարի տան նշանն է: Ի՞նչ գործ ունի այն մայրիկի ուսին: Նա հասարակ մարդ է եղել … չէ՞:
Բլիթը զգաց տրամադրության փոփոխությունը և սկսեց հաչել:
Մայրիկը Ծովինարի ուժի կրողը չի եղել: Ընդհանրապես, ոչ մի տուն թույլ չի տալիս տարբեր ուժերը կրողների միջև ամուսնություններ: Իհարկե, դա չէր խանգարում, որ տարբեր տների ներկայացուցիչներ իրար հետ լավ ժամանակ անցկացնեն, բայց ամուսնանա՜լ … Ո՜չ, դա արգելված էր:
Գլխումս ամեն ինչ խճճվեց: Զուր ջանում էի գտնել մի թել, որպեսզի քանդեմ այդ կծիկը, երբ հեռախոսազանգը խախտեց մտքերիս ընթացքը: Նայեցի էկրանին: Թաբին էր:
- Թաբ, կներես, ես վերևում եմ, - արագ ասացի ես՝ վերցնելով հեռախոսը, - հիմա կիջնեմ, մի թեթև բան կպատրաստեմ:
- Թեթև տար, - ասաց նա, - տուն գալու ճանապարհին պիցցա եմ գնել ու աղցաններ: Իջիր, միասին ընթրենք:
Անջատեցի հեռախոսը, հավաքեցի ալբոմները և Բլիթի հետ իջա ներքև: Լրիվ մոռացել էի, որ Թաբին այսօր մոնիթորինգի էր: Գոնե ինչ-որ բան պատրաստեի նրա համար:
Ընկերուհիս սեղան էր գցում, երբ եկա: Ճմռթված թղթի տեսք ուներ, բայց առույգ էր ձևանում:
- Բա ինչու՞ էիր այնտեղ գնացել, - հարցրեց նա:
- Այսօր հոգեբանի մոտ էի գնացել, - պատասխանեցի ես, - հանձնարարություն էր տվել, մտածեցի անեմ, քանի հիշում եմ:
- Հետո՞: Արեցի՞ր, - հետաքրքրվեց նա:
- Ըհըն, - գլխով արեցի ես, - նրա ասելով՝ ազատել է ինձ տագնապային հարձակումներից և սարսափներից, բայց չգիտեմ: Գիշերը պարզ կլինի:
- Շարունակիր մոտը գնալ: Մեկ խորհրդատվությամբ ոչնչի չես հասնի:
Նստեցինք սեղանի շուրջ և անցանք գործի: Բլիթը տեղավորվել էր մեր կողքը և պարբերաբար համեղ պատառներ էր ստանում մերթ ինձնից, մերթ՝ Թաբիից:
- Ի՞նչ ես հետդ բերել, - հարցրեց նա՝ հայացք նետելով ալբոմներին:
- Լուսանկարներ, - պատասխանեցի ես, - հոգեբանը ասաց, որ ինձ պետք է հիշել մինչև վեց տարեկան կյանքս: Դե, ես էլ մտածեցի, որ նկարներից լավ բան չի լինի դա անելու համար:
- Ընտիր է, - աշխուժացավ Թաբին, - արի միասին նայենք:
Ընթրիքից հետո տեղավորվեցինք բազմոցին: Որոշ բաներ նա ավելի լավ էր հիշում և հաճույքով կիսվում էր հիշողություններով: Պարզվեց, որ հինգ տարեկան հասակում ես ու Թաբին գաղտնի մտել էինք մեր հարևան տատիկի այգին և քաղել խոշոր ազնվամորի: Բայց դրա համար թանկ վճարեցինք. մեզ կծեցին մեղուները և ուղիղ երկու շաբաթ տնից չէինք կարողանում դուրս գալ:
Մեկնեցի նրան հերթական նկարը: Թաբին ուշադիր նայեց նրան ու խոստովանեց.
- Այ սա չեմ հիշում: Ավելի ճիշտ՝ նկարի երեխային չեմ հիշո՛ւմ: Գուցե հարևան շենքերից ինչ-որ մեկն է:
Ինչքանով որ հիշում էի, ես ու Թաբին միշտ իրար հետ էինք խաղում: Մեր բակում շատ երեխաներ չկային, իսկ հարևան բակեր չէինք գնում: Այդ դեպքում ի՞նչ գործ ունի այս նկարը ալբոմի մեջ: Մի կողմ դրեցի այն: Նույն կերպ վարվեցի նաև այն մեկի հետ, որտեղ երևում էր մայրիկի դաջվածքը:
Այդ օրը ուշ պառկեցինք քնելու: Զրուցում էինք, հիշողությունների գիրկը ընկնում:
Գիշերը ոչ մի սարսափ երազ չտանջեց ինձ: Լավ քնեցի ու հանգստացած արթնացա առավոտյան: Թաբին դեռ քնած էր, դրա համար հնարավորինս լուռ դուրս եկա ննջասենյակից, արագ նախաճաշեցի ձվածեղով և աղցանով, զբոսնեցի Բլիթի հետ ու գնացի բազա: Երեկ ես ահագին զարմացա, թե որքան գումար էր դրել Ալվարդը: Դա շատ ավելին էր, քան պետք էր: Սկզբում ինձ վատ զգացի, բայց հետո հիշեցի այն կլորիկ գումարի մասին, որ վճարեցի հոգեբանին և հասկացա, որ պետք չի վատ զգալ:
Բազայում մի տեսակ դատարկություն էր: Մարզադաշտում Աբելն ու Տրդատն էին մարզվում: Նրանցից մի փոքր հեռու վազում էին աշակերտները: Սայան նույնպես նրանց մեջ էր: Մի տեսակ մեղքի զգացում ունեցա, որ կարգին չեմ զբաղվում նրանով: Քննությունների օրերը մոտենում են, պետք էր ավելի լավ աշխատել նրա հետ: Որոշեցի մինչև մոնիթորինգը մի քանի հանձնարարություն տալ:
Ներսում մի քանի այցելուներ կային: Մատուցողուհիները ակտիվ աշխատում էին: Նրանց գլխով բարևեցի և գնացի միանգամից ծառայողական հատված: Երբ լռեց սրահի աղմուկը, լսեցի բարձր ձայներ, որոնք, ըստ երևույթին, Էրիկայի աշխատասենյակից էին գալիս: Կարծես թե ճիշտ ժամանակին չեմ եկել: Մի տեսակ անհարմար զգացի: Բայց մյուս կողմից, հաշվետվությունը չէր կարող սպասել …
Արեգի աշխատասենյակի դուռը փակ էր, և ես գնացի շեֆի մոտ: Որքան մոտենում էի, այնքան ավելի հստակ էի լսում Արեգի և Էրիկայի ձայները:
- Դու հասկանու՞մ ես ինչի մասին ես խոսում, - բացականչեց շեֆը, - նա Առաջին է: Եթե փորձեմ անգամ փոքրիկ ակնարկ անել, պատկերացնու՞մ ես՝ ինչ կլինի:
- Րիկկի, ես չեմ ասում, որ նա է մեղավոր, - մեղմ և համբերատար բացատրում էր Արեգը, - նրան կարող էին օգտագործել:
- Ո՞վ:
- Չգիտեմ: Դրա համար էլ ասում եմ, որ անհրաժեշտ է ամեն ինչ հետաքննել: Չեմ ասում, որ դա հեշտ կլինի: Ստվերային շուկա հեշտ չի թափանցել: Էլ չասեմ Ամրէի մասին:
- Ի՞նչ կապ ունի Ամրէն, - գրգռված հարցրեց Էրիկան:
- Մոռացե՞լ ես, որ փայտիկները այնտեղից են: Ինչ-որ մեկը կարող էր բերել Քիլիս:
- Ամեն դեպքում մենք չենք կարող թաքցնել հետաքննությունը Առաջիններից: Որքան էլ որ չսիրեմ այդ փաստը, ստիպված եմ լինելու պատմել նրանց: Իսկ նրանք …
- Իսկ նրանք առանց ապացույցների չեն հավատա, - լրացրեց Արեգը, - հասկանում եմ, դրա համար էլ խնդրում եմ անցկացնել հետաքննությունը գաղտնի: Հետո արդեն ամեն ինչ ասել նրանց:
- Խնդիրը միայն դա չէ: Եթե դա Ալվարդը չէ, ապա նշանակում է, որ …
Լռություն տիրեց:
- Դու կարծում ես …, - Արեգի կամացուկ ձայնը հազիվ լսելի էր:
- Ոչինչ էլ չեմ կարծում, բայց վաղ թե ուշ դա լինելու է, - գրգռված ասաց Էրիկան, - ատում եմ անորոշությունը ու փորձում եմ ամեն ինչի պատրաստ լինել, բայց գրողը տանի, հարվածը կարող է հանկարծակի լինել…
- Րիկ, հասկանում եմ, իսկապես հասկանում եմ: Դու գիտես, որ ես ամեն ինչ զգույշ եմ անում: Խոստանում եմ ոչ ոքի չխառնել գործին: Միայն եթե կարիք լինի: Ստվերային շուկայով կարող եմ ինքս էլ զբաղվել, բայց հարցում Ամրէ չեմ կարող անել: Դա իմ լիազորություններից վեր է:
- Իսկ եթե նրանք կասկածե՞ն:
- Չեն կասկածի, եթե ճիշտ ձևակերպես հարցումը:
- Լավ, կանեմ ինձնից կախված ամեն ինչ:
Ես հեռացա այդտեղից, որքան հնարավոր է լուռ: Լիովին հասկանում եմ Էրիկայի մտավախությունները, ինքս էլ պատկերացնում եմ, թե ինչ անկարգություն կսկսվի, եթե ապացուցվի Առաջիններից մեկի մասնակցությունը նման խարդախ բաներին: Բայց … ի՞նչ պիտի լինի: Ինչի՞ մասին էր խոսում Էրիկան: Դա մնաց ինձ համար հանելուկ:
Գնացի ու կանգնեցի Արեգի դռան մոտ: Մի քանի րոպեից Էրիկան ու Արեգը երևացին:
- Օ, արդեն եկել ես, - ասաց շեֆը:
Նրա աչքերի տակ անքնության հետքեր էին, մազերը անփութ կապված:
- Արեգը …հը՜մ … պատմեց ինձ փայտիկների մասին, - շարունակեց նա, - ապրես, որ նկատեցիր: Հիմա ավելի կխորանանք այդ գործի մեջ:
Հասկացա, որ նրանք չեն պատրաստվում կիսվել իրենց մտքերով: Պարզապես գլխով արեցի և ասացի.
- Մեր պարտքն է կանխել ցանկացած տեսակի չարը:
Էրիկան նյարդային շարժումով ետ գցեց ճակատին ընկած մազերը:
- Մոնիթորինգի համա՞ր ես եկել, - փոխեց նա թեման:
- Ոչ միայն: Հաշվետվություն էլ պիտի գրեմ, Սայայի հետ գործեր էլ ունեմ:
- Ճիշտ է, լրիվ մոռացել էի փարիի մասին: Արեգ, Սաթենիկին բլանկ տուր, իսկ ես գործերով զբաղվեմ:
Նա արագ դուրս եկավ ծառայողական սենյակից կարծես վախենում էր, որ հարցեր կտամ: Ես ու Արեգը գնացինք նրա աշխատասենյակ, որտեղ նա հանձնեց ինձ բլանկը և գրիչը:
Հաքերը նույնպես հոգնած տեսք ուներ: Ռիսկ չարեցի ասել, որ լսել եմ նրանց խոսակցությունը: Միայն այդ էր պակասում, որ մտածեն ականջ դնողի մեկն եմ:
- Երբ ավարտես, կուղարկեմ քո և Աբելի մոնիթորինգի օրերը, - ասաց նա, - այսօր նաև մի հասցե կա, որ պետք է ստուգել: Սկզբում այնտեղ գնացեք, հետո՝ նշված ճանապարհով:
Գլխով արեցի, առանց կտրվելու գրելուց: Մինչ գործս էի անում, հաքերը մի մեծ բաժակ սուրճ խմեց և խորացավ համակարգչի մեջ: Չնկատեց էլ, երբ պատրաստի հաշվետվությունը թողեցի սեղանին և դուրս եկա:
Սրահում գտա Սայային: Վերջինս ջանասիրաբար մարզվում էր քննության գրավոր մասի վրա:
- Ուսուցիչ, - ոգևորված բացականչեց նա՝ տեսնելով ինձ, - ես կատարել եմ ձեր բոլոր առաջադրանքները:
- Ապրես, - ասացի ես, - արի տեսնենք՝ ինչ ես արել:
Ստուգեցի բոլորը, մի քանի դիտողություններ արեցի, ստիպեցի բանավոր պատմել կոնկրետ դասակարգի չարքերի տեսակների տարբերություններն ու նմանությունները: Հետո գնացինք մարզադաշտ, որտեղ ֆիզիկական մի քանի վարժանքներ արեցինք: Ուշադիր Սայային էին նայում և ապշում, թե որքան արագաշարժ և ճարպիկ էր: Սկզբում ինձ թվաց, թե տիպիկ գերազանցիկ է և ֆիզիկական տեսակետից այնքան էլ հարմար չէ ակտիվ որսորդ լինելու համար: Ամենաշատը՝ գիտնական կամ հաքեր: Սակայն հիմա, նայելով, թե ինչ հեշտությամբ է հաղթահարում ճանապարհի արգելքները՝ միտքս փոխեցի: Ահա թե որքան խաբուսիկ է լինում արտաքինը:
Դասից հետո կրկին հանձնարարություններ տվեցի տղային և ասացի, որ հնարավոր է մի քանի իրական որսի կտանեմ:
- Իսկապե՞ս, - Սայայի աչքերը փայլեցին, - ես ձեզ հուսախաբ չեմ անի, ուսուցիչ:
- Հուսամ, - գլխով արեցի ես, - համենայն դեպս Արեգին խնդրի՝ քեզ լավ սուր տրամադրի ու հմայիլներ: Կփորձեմ մոտ օրերս տանել քեզ:
Տղան այնքան ոգևորվեց, որ միանգամից գնաց հաքերի մոտ:
Հաջորդ կետը Աբելին գտնելն էր: Ի ուրախություն ինձ՝ պետք չէր երկար-բարակ փնտրել: Նա հայտնաբերվեց մարզադաշտում: Միայնակ մարզվում էր սրով: Հատուկ կանգ առա կաղնու ծառի տակ, որ նայեմ, թե ինչպես է ձիգ և արիստոկրատիկ երիտասարդը կռվում անտեսանելի հրեշների հետ: Նրա շարժումները թեթև էին և հստակ: Նրա ձախ ձեռքը կարծես սերվել էր սրի հետ և սահուն ճեղքում էր օդը: Նա այնքան նրբագեղ էր շարժվում, կարծես պարելիս լիներ: Ակամայից հիշեցի նրա պարը ակումբում: Իսկապես տպավորիչ էր:
Աբելը նկատեց ինձ: Դեմքին լայն ժպիտ առաջացավ: Ստիպված եղա դուրս գալ կաղնու ստվերի տակից:
- Դե՞, ինչպե՞ս էի, - քծնեց նա՝ խաղացնելով մկանները:
- Վատ չէր, - ասացի ես:
- Վատ չէ՞ր: Դու ինձ վիրավորում ես, - կեղծ վիրավորվեց նա, - իմիջիայլոց, ես այստեղ առավոտվանից մարզվում եմ ու մի գրամ ալկոհոլ չեմ խմել:
- Դու միշտ ես մարզվում և աշխատում, - աչքերս առաստաղին հառեցի, - չես մոռացել չէ՞, որ այսօր մոնիթորինգի մեր հերթն է:
- Ո՞նց կարելի է մոռանալ նման թյուրիմացության մասին: Առավոտից ականջներս տարան, - փնթփնթաց Աբելը, - մի րոպե հագնվեմ:
Նստեցի ծառի ստվերի տակ և նայեցի լեռներին: Վաղուց չեմ եղել բնության գրկում: Մտածեցի, որ կարելի էր փոքրիկ պիկնիկի գնալ, սակայն ներկայիս գրաֆիկով դժվար թե մոտ ապագայում ստացվի:
- Վերջ, պատրաստ եմ, - լսեցի Աբելի առույգ ձայնը:
Թաքցրեցինք մեր սրերի բռնակները և գնացինք քաղաք: Որոշեցինք քաղաքի կենտրոն իջնել ոտքով, քանի որ որոշ թաղամասեր բազային մոտ էին գտնվում:
- Չհասկացա, ինչու՞ պիտի ծայրամաս գնանք, - ջղայնացավ Աբելը՝ զննելով ցուցակը:
Չհասցրեցի պատասխանել, քանի որ նա զանգեց Արեգին:
- Ալլո … հա, լսիր … չեմ հասկանում էլ մարդ չկա՞, որ այնտեղ գնա … հա … դե լավ Արեգ տղա, ես քեզ մի օր սա կհիշեցնեմ:
Աբելը անջատեց կապը:
- Ի՞նչ է պատահել, - հարցրեցի ես:
- Տիրի ձեռքը թաղամասում երեխաներ են անհետանում, - մռայլ պատասխանեց նա, - տեղացիները մի քանի անգամ ոստիկանություն են դիմել, բայց նրանք բան չեն գտել: Դրա համար գործը մեզ են փոխանցել:
- Պարզ է: Արի հենց այնտեղ էլ գնանք: Եթե չարքի մատը խառն է, միասին ավելի արագ կզբաղվենք այդ հարցով:
Նա համաձայնվեց:
Իջանք կենտրոն և նստեցինք մետրո: Այն բոլոր թաղամասերը, որ մեր ճանապարհի վրա էին, ստուգեցինք: Իսկ մետրոյով գնացինք Տիրի ձեռքը թաղամասը: Վերջինս մի փոքր դատարկ և լքված տեսք ուներ: Բարձր շենքերը իրար մոտ էին կանգնած և նրանց մոտ կար մեծ այգի՝ մանկական խաղահրապարակով: Միակը ողջ թաղամասի համար: Իսկ մնացած տարածքը դատարկ էր: Միայն հին տների ու ավտոտնակների ուրվագծերն էին երևում:
Խաղահրապարակում տեսանք մի քանի տատիկի և մոտեցանք նրանց հետ զրուցելու: Աբելը շլացուցիչ ժպտաց և պատմեց, թե ովքեր ենք և ինչու ենք եկել: Ծեր կանայք հալվեցին երիտասարդի ժպիտից և պատրաստակամ կիսվեցին ինֆորմացիայով: Պարզվեց, որ երեխաները անհետանում էին անգամ ցերեկը: Ներկա դրությամբ կորել են վեցը: Ծնողները այնքան են վախեցել, որ երեխաներին մենակ չեն թողնում դուրս գալ: Բոլորը կարծում են, որ մանյակի ձեռքի գործ է: Բայց ոստիկանությունը ոչինչ չի գտել, իսկ երեխաները շարունակում են անհետանալ հենց այս թաղամասում: Այսինքն՝ եթե մանյակ լիներ, գոն ինչ-որ հետքեր կմնային, սակայն դա էլ չկար: Պարզ է, որ չարքի մատը խառն է:
Տատիկները պատմեցին, թե որտեղ են երեխաներին տեսել վերջին անգամ: Դա մի հին կիսախարխուլ առանձնատուն էր: Կանայք պատմեցին, որ նախկինում այնտեղ ապրում էր մի չար ծերուկ, և կարծում էին, որ նրա հոգին տանում է երեխաներին իր մոտ:
Իհարկե, դա լրիվ հիմարություն էր, բայց կիսախարխուլ տանը կարող էր չարք լինել: Դրա համար առանց ժամանակ կորցնելու գնացինք այնտեղ:
Երբ մոտեցանք շինությանը, հասկացանք, թե ինչու էին տեղացիները վախենում նրանից: Այն սարսափ ֆիլմերի տներին էր նման: Պատերը տեղ-տեղ մամռակալած էին: Ներքին բակում իսկական աղբանոց էր, ինչ ասես կար: Հոտն էլ ահավոր էր:
Էներգետիկ ֆոնը համապատասխանում էր տան տեսքին: Այստեղ հաստատ չարք է ապրում, ընդ որում երկար է ապրում: Հավանաբար նրա մատը խառն է երեխաների անհետացման գործում: Ինչ էլ լինի, չի կարելի թողնել սա:
Աբելը առաջինը ներս մտավ, ես՝ հետևից: Ներսում զզվելի նեխածի հոտ էր գալիս: Հազիվ զսպեցի ինձ, որ չհազամ և թոքերիցս դուրս չմղեմ այդ զզվելի օդը: Սակայն մի քանի րոպեից հոտառությանս ընկալիչները սովորեցին: Ես հանեցի սրի բռնակը: Աբելը գլխով ձախ կողմը ցույց տվեց: Ուշադիր նայեցի և տեսա դուռ, ըստ երևույթին, դեպի նկուղ: Մոտեցանք դրան՝ աշխատելով շատ աղմուկ չբարձրացնել: Չնայած՝ դա ոչ մի ձևով չէր խանգարի մեզ: Ով էլ ապրելուց լիներ այստեղ, հաստատ զգացել է օտար ներկայությունը և վաղ թե ուշ իմաց կտա իր մասին:
Աբելը բացեց դուռը: Այնտեղ դեպի ներքև տանող սանդուղք կար:
- Թող անտեսանելին դառնա տեսանելի, - շշնջացինք մենք:
Ակտիվացան թե՛ մեր սրերը, թե՛ կախարդական տեսողությունը: Հիմա կարող էինք գնալ՝ առանց վախենալու մթից. այնքան լավ էինք տեսնում, ինչպես ցերեկային լույսի ժամանակ:
Դանդաղ սկսեցինք իջնել ներքև: Ամեն քայլի հետ ավելի ու ավելի էր մթնում, բայց ոչ մեզ համար: Վերևից ինչ-որ թանձր և կպչուն հեղուկ էր թափվում, որը նաև զզվելի հոտ ուներ: Հուսով եմ արտաթորանք կամ ինչ-որ ավելի անտանելի բան չէ:
Հանկարծ առջևից քայլող Աբելը կտրուկ կանգ առավ: Անսպասելիությունից բախվեցի մեջքին և արդեն ուզում էի դժգոհել, բայց տեսա, որ լարված նայում է դիմացը: Հետևեցի հայացքին և տեսա կռացած ծերուկի: Նա կանգնած էր պատի մոտ, իսկ նրա ոտքերի մոտ …
Չդիմացա ու բերանիցս վատ բառեր դուրս թռան:
Ծերուկը շրջվեց և նայեց մեզ սաթի աչքերով:
Շահապետ:
Իսկ ավելի ճիշտ՝ շվոդ, շահապետի տեսակ, որը պահպանում է տունը: Կա նաև շվալ, սակայն նա արդեն պատասխանատու է դաշտերի համար: Աշխատանքիս ընթացքում մեկ անգամ եմ նրա հետ բախվել և ձեռք չեմ տվել, քանի որ նա վատը չէր ցանկանում ոչ ինձ, ոչ էլ ուրիշ մարդկանց:
Սակայն հիմա այնքան էլ վստահ չեմ նրա անվտանգ լինելու մեջ:
- Հաաաա, որսսսորդները եկան, - ֆշշացրեց նա և ամբողջությամբ շրջվեց:
Ոտքերի փոխարեն պոչ էր: Ըստ երևույթին չէր հասցրել լիարժեք կերպարանափոխվել:
- Քո ձեռքի գո՞րծն է, - խիստ հարցրեց Աբելը՝ հայացք նետելով պատառոտված երեխային:
Շահապետը ֆշշացրեց: Նրա աչքերը վտանգավոր փայլեցին:
- Ես ձեզ բոլորիդ կսսսսպանեմ, - ասաց նա:
- Ինչու՞, - հարցրի ես, - նախկինում դու նման բաներով չես զբաղվել: Ինչու՞ հենց հիմա:
Չարքը լեզուն հանեց, կարծես փորձում էր հասկանալ, թե ինչ է այստեղ կատարվում:
- Շշշուտով ամեն ինչ կփոխվի, - շշնջաց նա, - մարդկանց դարաշրջանը հավիտյան հիշողությունների մեջ կմնա:
Ես առաջ դուրս եկա: Սա արդեն եսիմորերորդ հիմարն էր, որ նման բաներ էր խոսում:
- Ի՞նչ նկատի ունես, - հարցրեցի ես, - ուզում ես ասել, որ շուտով ինչ-որ ուժեղ մե՞կը կգա:
Շահապետը հռհռաց: Այդ տեսարանը այնքան զզվելի էր, որ դեմքս ծամածռվեց:
- Օ, այո, շուտով կգա և ոչ միայն նա, - խոսեց նա:
- Ո՞վ՝ նա, - հարցրեցի ես:
Շահապետը ոչինչ չպատասխանեց: Նա պոչով հարվածեց գետնին և հարձակվեց: