Chapter 13
Գլուխ 13
Առավոտյան հեռախոսս հիշեցրեց, որ այսօր հոգեբանի մոտ գնալու օրն է: Այցը գրացնված էր երեկոյան, և ես մտածեցի, որ կարելի է Ալվարդի տուն էլ գնալ սեանսից հետո: Իսկ մինչ այդ պիտի գնամ համալսարան և գնեմ Բլիթի համար անհրաժեշտ իրերը:
Նախաճաշի համար պատրաստեցի լոլիկով ձվածեղ հին-քիլիսյան բաղադրատոմսով: Թաբին արթնացավ հոտերից:
- Վա՜խ, ինչ բուրմունք է, - բացականչեց նա՝ մտնելով խոհանոց ու նայելով գցած սեղանին, - ոնց որ ընտանիքի մայրը լինես:
- Ընտանիքի մայր, - փնչացրեցի ես, - իսկ դու ինչ է, երեխա՞ս ես: Նստիր սեղանի շուրջ:
- Ասում եմ էլի՝ ընտանիքի մայր, - ծաղրեց ընկերուհիս, իսկ հետո ծիծաղեց, երբ ձեռքին հարվածեցի:
- Այսօր ինձ չսպասես, - շարունակեց նա, - դասերից հետո գնալու եմ մոնիթորինգի: Միայն աղաչում եմ անջատիր քո չարքեր գտնելու սարքը: Երրորդ անգամ կարող է բախտդ չբերել:
- Դու ինձ վիրավորում ես, - կեղծ վիրավորվեցի ես:
- Ես չեմ ասում, որ հախներից չես գա, բայց փարիի ու դևի դեպքում ավելի լավ է մեկի հետ լինես: Գիտե՞ս ինչ: Ականջակալները դիր ու միշտ կապի մեջ եղիր Արեգի հետ: Եթե ինչ-որ կասկածելի բան տեսնես, միանգամից կապնվիր նրա եհտ:
- Դևից հետո ես գրեթե չեմ հանում դրանք: Անգամ հմայիլներն եմ հետս քարշ տալիս:
- Ապրես:
Նախաճաշից հետո զբոսնեցի Բլիթի հետ և վազեցի համալսարան: Իհարկե, համակուրսեցիներս շրջապատեցին ինձ և հարցերի տարափ տեղացին:
- Ժողովուրդ, ամեն ինչ կարգին է, - վստահեցրեցի նրանց, - գերհոգնածություն կար, հիմա ամեն ինչ լավ է: Հանգստացա ու կարող եմ անցնել գործի:
- Ուրեմն այսօր կգնանք սրճարան, - ասաց Լիդան:
- Ինչ-որ պատճա՞ռ կա, - հետաքրքրվեցի ես:
- Մի՞թե սրճարան գնալու համար պիտի պատճառ լինի, - զարմացավ Հայկը, - բայց եթե քեզ պատճառ է պետք, կարող ենք նշել քո վերադարձը:
Բոլորը համաձայնեցին դրա հետ: Ես էլ չկարողացա առարկել:
Դասերը լավ անցան: Դասախոսները ահագին առաջադրանքներ տվեցին, և ես հասկացա, որ ստիպված եմ ազատ օրերին այդ ամենը անել:
Սրճարանից հետո գնացի կենդանիների համար նախատեսված խանութ: Խորհրդատուն օգնեց ընտրել բոլոր անհրաժեշտ իրերն ու սնունդը:
Երբ տուն եկա, Բլիթը դիմավորեց ինձ դռան մոտ: Հազիվ էի հասցրել դնել տոպրակները, նա սկսեց ցատկոտալ շուրջս և քսմսվել տաբատիս:
- Կներես, - ասացի բարձրաձայն, - քեզ այնպիսի տեր է բաժին ընկել, որ գրեթե տանը չի լինում: Ես պիտի վատ արարածների սպանեմ, սովորեմ, դասընթացներ անեմ … Բայց դու չմտածես, մենք անպայման իրար հետ կզբոսնենք ու կխաղանք առավոտյան և երեկոյան: Ու ազատ ժամանակս էլ հետդ անց կկացնեմ, լա՞վ:
Ծնկների վրա իջա ու շոյեցի նրա գլուխը: Շունը լիզեց քիթս:
- Քեզ համար համովիկներ եմ գնել: Հիմա ամանով ջուր և ուտելիք կթողնեմ, որ սոված չմնաս, իսկ երեկոյան համեղ ոսկորով կհյուրասիրեմ:
Ես ինձ տարօրինակ էի զգում՝ խոսելով շան հետ: Մինչև հիմա չեմ հասկանում ինչ ցեղատեսակ է նա: Փնտրել եմ համացանցում, նայել տարբեր նկարներ և ի վերջո եկել այն եզրակացության, որ Բլիթը նոր տեսակի շուն է: Ճիշտ է, դա չի բացատրում այն, թե ինչպես է հայտնվել շուկայում, բայց ոչինչ: Կարևոր է, որ տանիքի տակ կապրի, լավ կսնվի և կվայելի կյանքը:
Ամեն ինչ տեղավորելուց հետո զանգահարեցի Ալվարդին և պայմանավորվեցի առաջին դասի մասին:
- Ես կուղարկեմ վարորդին այնտեղ, որտեղ կասեք, - վստահեցրեց նա ինձ:
- Հասցեն մի փոքր ուշ կուղարկեմ ձեզ, - ասացի ես:
Պետք է շատ զգուշորեն իմանալ, թե որտեղից է նա բերում ապրանքը: Արեգը դեռ չի զանգահարել, հավանաբար անալիզը պատրաստ չէ: Սակայն լրացուցիչ ինֆորմացիան օգտակար կլինի:
Անելիքներիս ցանկի հաջորդ կետը հոգեբանն էր: Որքան մոտենում էր ժամը, այնքան կասկածում էի՝ արդյո՞ք ճիշտ եմ անում այնտեղ գնալով: Գուցե ամեն ինչ չեղարկեմ և հանգստացնողնե՞ր խմեմ: Մյուս կողմից ինչքա՞ն կարելի է խմել դրանք: Նրանք օգնում են, բայց կարճ ժամանակով: Իսկ ինձ հարկավոր է մեկընդմիշտ ազատվել վերջին տարվա իրադարձությունների հետևանքներից: Գոնե մինչև Անիի ու Էդուարդի գալը: Գարիկի հարցն էլ մնաց օդում: Չգիտեմ արդյոք Առաջինները կարողացել են ազդել նրա վրա, սակայն վերջին օրերին չէի տեսնում նրա շներից և ոչ մեկին:
Պատրաստվեցի և գնացի հոգեբանի հասցեով: Այն գտնվում էր բիզնես կենտրոնի իններորդ հարկում: Մուտքի մոտ անցակետ կար: Հսկիչը ցանկով ստուգեց անունս և միայն դրանից հետո թույլ տվեց անցնել: Չնայած երեկո էր, սակայն լիքը մարդ կար: Կոստյումներով կանայք և տղամարդիկ խոսում էին հեռախոսներով, քննարկում պայմանագրեր, ճշտում հարցեր: Ողջ տարածքը լուսավոր էր ոչ միայն պատերի գույնից, այլև ահռելի պատուհանների շնորհիվ: Ամենուրեք տնային բույսեր էին:
Գնացի դեպի վերելակը և սեղմեցի իննի կոճակը: Մինչ այն սլանում էր վերև, մտքումս կրկնում էի ինչ պիտի ասեմ և ինչ վարքագիծ դրսևորեմ: Սակայն ես ոչ մի պատրանքներ չունեի: Հոգեբանը հեշտությամբ կհասկանա ամեն ինչ, որքան էլ որ ձևական լինեմ և ինչ էլ ասեմ: Նրա կայքում շատերն էին ասում, որ բարձր կարգի մասնագետ էր:
Վերելակը կանգ առավ: Ես դուրս եկա ընդարձակ միջանցք՝ լիքը աշխատասենյակներով: Սկսեցի կարդալ դրանց կողքը կախված ցուցանակները և շուտով գտա այն, ինչ փնտրում էի: «Լիլիթ Ավետիսյան, հոգեբան»: Խորը շունչ քաշեցի և թակեցի:
- Այո-այո, մտեք, - լսեցի երգեցիկ ձայն:
Բացեցի դուռը և մտա: Պարզվեց, որ հայտնվեցի ընդունարանում: Ոչ մեծ սեղանի շուրջ նստած էր գեղեցկադեմ աղջիկ բեյջիկով՝ Ալինա, քարտուղար: Չնայած խիստ կոստյումին՝ բարի ժպտում էր:
- Բարի երեկո, - ասաց նա, - դուք հավանաբար Սաթենիկ Ասլանյա՞նն եք:
- Բարև Ձեզ, այո, - պատասխանեցի ես:
- Մեկ րոպե սպասեք, ես տեղեկացնեմ Լիլիթին:
Նա նրբագեղորեն վեր կացավ և գնաց հարևան սենյակը: Ես էլ սկսեցի զննել տարածքը: Ինձ զարմացրեցին մեջբերում-նկարները, որոնք փակցված էին պատերին:
«Խելքի արի: Կյանքը մեկն է, իսկ սխալների համար ողջ կյանքդ ես վճարելու»:
«Հաճույքը կարճ ակնթարթ է, որի համար վճարելու ես հավիտյան»:
Սրանք ի՞նչ «ոգեշնչող» խոսքեր են: Սա հաստա՞տ հոգեբանի աշխատասենյակն է, թե՞ քրմերինը: Ոնց որ կրոնական մեջբերումներ լինեն …
Քարտուղարուհին հետ եկավ:
- Լիլիթը սպասում է Ձեզ, - հայտնեց նա՝ մի կողմ քաշվելով:
Ներս մտա: Դուռը կտրուկ փակվեց հետևիցս:
Աշխատասենյակում միջավայրը այն չէր, ինչ պատկերացնում էի: Սև գույնի վարագույրը ծածկում էր պատուհանը: Ամենուրեք մոմեր էին վառված, հիմնականում կարմիր, սպիտակ և սև գույների: Պատուհանի մոտ տեսա ագռավի խրտվիլակ: Պատերին կախված էին նկար-մեջբերումներ՝ շատ նման նրանց, որ տեսա ընդունարանում: Կահույքը սովորական էր, միայն թե մուգ գույների մեջ: Օդում զգացվում էր ցիտրուսների թույլ բուրմունքը:
Ինձ լավ չզգացի: Համենայն դեպս դիմեցի որսորդի ուժին՝ միգուցե այստեղ չա՞րք կա: Բայց ոչ, ուժը լռում էր, ինչպես նաև լռում էին բոլոր հմայիլները: Գրողը տանի, ի՞նչ է այստեղ կատարվում:
Բազկաթոռից վեր կացավ մի կին՝ սև հագուստով: Նրա շրթունքները ալ-կարմիր էին իբր գերհասած լոլիկ լինեին: Սև աչքերը փայլում են անբնական կրակով: Սուր դիմագծերը և վառ կոսմետիկան դարձնում էին նրա հայացքը գիշատիչ: Կինը ինձ նայեց և հարցրեց.
- Որսո՞րդ ես:
- Ա-այո, - ապշեցի ես, -որտեղից …
- Ես հոտառություն ունեմ, - կարճ պատասխանեց նա, - նստիր բազմոցին:
Հլուհնազանդ նստեցի: Այնպիսի տպավորություն էր, կարծես մարմինս կաթվածահար է եղել: Չէր ստացվում նորմալ շարժվել: Այսպիսի զգացողություն էլի զգացել եմ, երբ հանդիպել եմ Առաջինների հետ: Չնայած չէ, հիմա սա ավելի սուր է զգացվում, քան այն ժամանակ:
- Ի՞նչ է բերել քեզ ինձ մոտ, որսորդ, - հարցրեց կինը՝ Լիլիթը, - հաշվի առ, դու պիտի պատմես ինձ ԱՄԵՆ ԻՆՉ, հակառակ դեպքում չեմ կարողանա քեզ օգնել:
Չգիտեմ՝ հետս ինչ կատարվեց, բայց ես սկսեցի պատմել ամենը՝ սկսած ծնողներիս մահից մինչև այսօրվա խնդիրները: Հատուկ շեշտը դրեցի սարսափ երազների վրա, որոնք գրեթե ամեն գիշեր տանջում էին:
Լիլիթը ուշադիր լսում էր, չէր ընդհատում, հարցեր չէր տալիս և ոչ մի ձևով չէր արձագանքում: Երբ ավարտեցի, ասաց.
- Ես գիտեմ՝ ինչ խնդիրներ ունես: Դու չես լուծել բոլոր հարցերը անցյալի հետ և կառչում ես նրանից՝ մոռանալով ապրել ներկայում:
Չեմ հասկանում ինչ կապ ունի անցյալը, եթե սարսափ երազները սկսել են տանջել վերջին մեկ տարվա ընթացքում:
- Ի՞նչ եք ուզում ասել, - մռայլվեցի ես, - նկատի ունեք ծնողներիս մա՞հը:
- Ոչ միայն, - պատասխանեց նա՝ արտահայտիչ նայելով ինձ, - ըստ քո պատմածի՝ դու գրեթե չես հիշում կյանքը մինչև վեցը տարեկանը: Ավտովթարը հիշում ես, բայց մանրամասները՝ ոչ:
- Բայց դա նորմալ է չհիշել այն, ինչ սթրես է առաջացրել, - առարկեցի ես:
- Ոչ, նորմալ չէ, հաշվի առնելով այն, որ դու արդեն աշխատել ես հոգեբանի հետ՝ համաձայն քո հարցաթերթիկի: Դու արդեն պիտի ամեն ինչ հիշեիր, անցած լինեիր այդ ցավի միջով և ազատված լինեիր, սակայն դու դա չես արել կամ էլ քեզ ճիշտ ձևով չեն օգնել:
- Այսինքն՝ ուզում եք ասել, որ սարսափները կապված են անցյալիս հե՞տ, - ճշտեցի ես, - և կապ չունի այն, որ … տեղի է ունեցել մրցումների՞ն:
Նա վեր կացավ և դանդաղ մոտեցավ վարագույրով փակված պատուհանին:
- Մեծամասամբ՝ այո, - պատասխանեց նա, - այն, ինչով անցել ես մրցումներին, անշուշտ ավելացրել է քո եղած ցավը: Սակայն այն, ինչ խնդիրներ ունես հիմա, գալիս է անցյալից: Մարդիկ չեն էլ գիտակցում, թե ինչքան է այն ազդում և պահում նրանց, մինչև չեն բախվում զգալի անհարմարության հետ ներկայում: Մանկության տրավմա, աշխատանք, լիքը պարտականությունները արել են իրենց գործը: Դու քո իրական էությունը խորը պահել ես:
- Ինչի՞ մասին եք խոսում, - մռայլվեցի ես, - ես այնպիսին եմ, ինչպիսին կամ:
- Ոչ, դու այդպիսին չես: Քո իրական «ես»-ը մնացել է մանկությունում:
- Եվ դա ազդում է իմ ներկայիս սարսափների վրա՞:
- Այո: Անցյալի բեռից ազատվելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է այն պահում քեզ: Դու ասացիր, որ ավտովթարը պատահական չէ՞ր:
- Դե … ինձ թվաց, որ հայրիկը ինչ-որ բան տեսավ ճանապարհին, - անվստահ ասացի ես, - ես անձամբ բան չեմ տեսել:
- Կամ էլ գերադասել ես մոռանալ, - ավելացրեց Լիլիթը՝ շրջվելով դեպի ինձ, - քեզ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել քսան տարի առաջ:
- Բայց… ո՞նց:
- Իսկ դա արդեն դու պիտի մտածես: Ես քեզ հուշում տվեցի՝ անցյալ: Այնտեղից են ձգվում քո բոլոր սարսափները և տագնապային խանգարումները: Ես իհարկե կօգնեմ քեզ դրանցից ազատվել, որպեսզի ճշմարտությունը իմանալը ադյքան ծանր չնստի քեզ վրա:
- Ինչպե՞ս …
- Դա բավականին հեշտ տեխնիկա է, որը կօգնի քեզ:
- Լավ, արեք դա:
Լիլիթը նրբագեղորեն մոտեցավ ինձ և նստեց կողքիս: Նրա դեմքը մոտիկից ավելի սարսափելի էր երևում: Իշխանության և ինչ-որ տարօրինակ ուժի աուրան լցվեց գիտակցությունս: Նա ուղղակի փակեց աչքերս ձեռքի ափով, իսկ հաջորդ ակնթարթին … Աչքերիս առջև եկան տարբեր դրվագներ այն օրվանից:
Առավոտյան ծնողներս մի քիչ վիճեցին: Ես չէի լսում խոսքերը, սակայն նետվեցի նրանց մոտ՝ խնդրելով չկռվել: Հետո այդ իրավիճակը ճանապարհին: Հորս դեմքը փոխվեց, մայրս անհանգիստ շարժում արեց: Ես ոչինչ չէի տեսնում, միայն սարսափելի ճիչեր և մետաղական ձայն:
Այդ պահին մտածեցի, որ մեռնում եմ այնտեղ: Օդս չէր հերիքում: Սիրտս դանդաղ էր աշխատում: Ուժերը լքում էին մարմինս:
«Արթնացիր», - լսեցի մորս ձայնը:
Իսկ հետո … հետո երանելի լռություն տիրեց: Չկար խավարը, ճիչերը, ծնողներս, միայն լռություն:
- Վերջ, կարող ես բացել աչքերդ, - լսեցի հոգեբանի ձայնը, - հիմա սարսափները և տագնապային հարձակումները քեզ չեն տանջի:
Ես զգուշորեն բացեցի աչքերս: Լիլիթը նստած էր կողքիս և զննում էր իր ալ-կարմիր եղունգները:
- Այսօրվա խոհրդատվությունը ավարտված է, - ասաց նա, - եթե ուզում ես, կարող ես գրանցվել երկրորդին քարտուղարի մոտ:
- Ինչ … ի՞նչ եք արել, - մի կերպ հարցրեցի ես:
- Ոչ մի առանձնահատուկ բան: Վերացրեցի քո կյանքից տագնապային հարձակումները: Հիմա կարող ես առանց դժվարությունների զբաղվել անցյալով: Իսկ ես քեզ դրանում կօգնեմ:
- Ինչպե՞ս:
Կինը կարճ հայացք նետեց վրաս և գիշատչի պես ժպտաց:
- Սկզբի համար, փնտրիր ծնողներիդ տանը այն, ինչը կօգնի հիշել մինչև վեց տարեկան կյանքդ, - ասաց նա, - մի փորձիր կորզել ինչ-որ բան հիշողությունից, թուլացիր և թույլ տուր հիշողությունները հոսեն ինքնըստինքյան: Իսկ հետո գրիր դրանք նոթատետրի մեջ: Հաջորդ հանդիպմանը կքննարկենք: Ամեն ինչ քեզնից է կախված և նրանից, թե որքանով ես պատրաստ ընդունել ճշմարտությունը: Իսկ եթե պատրաստ չես, ուրեմն իմացիր, որ անցյալը ամբողջովին կկլանի քեզ:
Փորձում էի տեղավորել գլխումս նրա ասածները: Ես բացարձակ տրամադրված չէի զբաղվել անցյալի խնդիրներով: Համենայն դեպս ոչ հիմա, երբ ավելի լուրջ խնդիրներ կային: Ինչու՞ փորփրել այն, եթե կարելի է աչք փակել դրա վրա: Բայց մի բանում նա ճիշտ է: Քսան տարի առաջ կատարված ավտովթարի մեջ տարօրինակ բաներ կան: Իսկ ի՞նչ, եթե ավտովթարը ծուղակ էր՝ հատուկ ծնողներիս համար պատրաստված: Ովքե՞ր էին իմ իրական հայրն ու մայրը: Ես երբեք չեմ խորացել դրա մեջ: Որսորդ և հասարակ մարդ, այդքանը բավական էր այսքան տարի ապրելու համար: Իսկ հիմա …
- Պետք չէ ամեն ինչ դասավորել դարակներով, - նկատեց Լիլիթը, - քեզ մի քանի օր է պետք ուշքի գալու համար և անելու այն, ինչ քեզ ասել եմ: Քո դեպքը յուրահատուկ չէ, սակայն հետաքրքիր: Եվ քո բուժումը կախված է բացառապես քեզնից:
Քծնեցի: Ինձնից …
- Լավ, ես կանեմ այն, ինչ ասել եք, - խոսեցի ես, - կգրանցվեմ հաջորդ խորհրդատվության:
Լիլիթը նույնպես քծնեց՝ ի պատասխան ինձ:
Աշխատասենյակից դուրս գալուց անմիջապես հետո գրանցվեցի քարտուղարի մոտ և դուրս եկա: Տարօրինակ զգացողություններ ունեի: Երբեք նման հոգեբանի հետ չեմ բախվել: Ավելի ճիշտ՝ ես համեմատում էի Նինի մասնագետների հետ և ոչ մի նմանություն չէի գտնում: Այնտեղ ինձ լիքը դեղեր էին նշանակել և ակնարկել էին, որ եթե դրանք չօգնեն, կարելի է պառկել հիվանդանոցում: Իհարկե, հոգեբուժարանի մասին ոչ ոք չէր խոսում, սակայն համենայն դեպս հետ չգնացի դեղերը ընդունելուց հետո:
Հեռախոսիս նամակ եկավ, որ բանկային հաշվից գնացել է Լիլիթի խորհրդատվության գումարը: Այն զգալի էր, սակայն ես հույս ունեի, որ միշտ չեմ գնալու նրա մոտ:
Արդեն վերելակում հիշեցի հոգեբանի խոսքերը, որ ինձ ազատել է տագնապային հարձակումներից և սարսափներից: Այսօր երեկոյան դա կամ կհաստատվի կամ կհերքվի: Չնայած մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ ինչպես է դա արել: Ես չեմ զգացել անգամ չնչին քանակի կախարդանքի նշան:
Ներքևում գրեցի Ալվարդին՝ուր ուղարկել մեքենան: Ի ուրախություն ինձ՝ վարորդը արագ եկավ: Ինձ զարմացրեց այն, թե ինչպես տրանսպորտից դուրս եկավ չխոսկան տղամարդը և բացեց իմ առջև սև ջիպի դուռը: Երևի Ալվարդը լավ է վարժեցրել իր աշխատողին:
Առաջինները ապրում էին Քիլիսի ծայրամասերից մեկում: Այդ տարածքը քաղաքի մյուս մասերից առանձնացված էր բարձր ցանկապատով և ուժեղ վերահսկողությամբ: Մինչև ներս մտնելը, ինձ մանրկրկիտ հարցաքննեցին և անունս գրանցեցին ընդհանուր բազայում՝ որպես մշտական այցելուի:
Բարձր ցանկապատից այն կողմ բարեկարգված միջավայր էր: Կարծես փոքրիկ քաղաք լիներ քաղաքում: Ամենուրեք կատարյալ մաքրություն էր, լիքը ծառեր, թփեր, խնամված գազոններ: Տները մի քանի հարկանի էին՝ կառուցված նորաձևության վերջին ճիչերով: Ամենուրեք տեսագրելու սարքեր էին:
Մեքենան մտավ երկհարկանի տան բակը և կանգ առավ: Վարորդը ինձնից շուտ դուրս եկավ ու բացեց դուռը: Նա ուղեկցեց ինձ մինչև տան շեմը և զանգը տվեց: Ուրախ զրնգոցը տարածվեց ամբողջ բակով մեկ: Դռան մոտ դոմոֆոնի պես բան կար էկրանով: Շուտով վերջինս վառվեց և երևաց Ալվարդը:
- Հիմա կբացեմ, - ասաց նա:
Դռան կողպեքը չխկաց, և դուռը բացվեց: Լռակյաց վարորդը ինձ առաջ թողեց և ինքը փակեց դուռը:
Մենք հայտնվեցինք շքեղ միջանցքում: Եվ երբ ես ասում եմ «շքեղ», հենց դա էլ նկատի ունեմ: Հատակին փափուկ բեժ գույնի գորգ էր: Պատերին տարբեր դարաշրջանների նկարներ էին: Տեսա հայտնի տեսարաններ՝ բնապատկերներ, փոթորկվող ծովեր … Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ արժի այդ ամենը: Աջից ու ձախից ոսկեգույն ծաղկամաններ էին դրված: Իսկ առաստաղի ջահը կարծես արվեստի գլուխգործոց լիներ. բազմաթիվ բյուրեղիկներ կասկադի պես թափվում էին ցած, իսկ լույսը շողշողում էր ամենուր: Կարծես պարահանդես եկած լինեի, որտեղ միլիոնավոր լույսեր էին վառվում:
Ես ապշած նայում էի այդ ամենին և չնկատեցի՝ ինչպես եկավ Ալվարդը:
- Ձեզ դու՞ր է գալիս, - հետաքրքրվեց նա, - ես այն հատուկ մասնագետի մոտ եմ պատվիրել: Կարծում եմ նա շատ լավ է ընկալել գաղափարս:
Շրջվեցի: Կինը կանգնած էր դռան մոտ փափուկ կանաչ գույնի հագուստով: Նրա դեմքին թեթև կոսմետիկա կար, սակայն դա պակաս գրավիչ չէր դարձնում նրան:
- Այո, շատ գեղեցիկ է, - զուսպ պատասխանեցի ես:
- Արթուր, սիրելիս, ամուսինս խնդրեց, որ նայես նրա մեքենան, - դիմեց նա վարորդին, - այն ավտոտնակում է: Կնայե՞ս:
Այո, տիրուհի, - կարճ պատասխանեց նա և գնաց:
Տիրուհի … Ինձ զգացի մինչև քիլիսյան դարաշրջանում:
Ալվարդը նորից ինձ նայեց:
- Ներս եկեք, սիրելի Սաթենիկ, իմ Կլարան արդեն Ձեզ է սպասում, - ասաց նա:
Հետևեցի նրան և մտա հյուրասենյակ, համենայն դեպս մեծ տարածությունից հասկացա, թե ինչ սենյակ է: Թաբին այստեղի ոճը կարճ անվանում է «դաժան հարուստ» կամ «հարուստ անճաշակություն»: Ուղեղս չէր ըմբռնում՝ ինչպես կարելի է թանկարժեք նկարների մոտ ահռելի չափերի բուխարի դնել: Իսկ եթե ինչ-որ բա՞ն պատահի:
Նկարները հետաքրքիր էին: Դրանք աստվածների պատերազմի շարքից էին, մասնավորապես Անահիտի մասին: Ես կանգ առա աստվածուհու պատկերի առաջ: Երբեք չեմ տեսել նման մանրակրկիտ նկար: Պատմամշակութային գրքերում ցույց են տրված Անահիտի հուշարձանները, որոնք ընդհանրապես չեն խոսում նրա արտաքինի մասին: Իսկ այստեղ մի ամբողջ նկար է: Կամ էլ նկարիչը նրան այդպես է պատկերացնում:
- Գեղեցիկ է, այնպես չէ՞:
Քիչ մնաց վեր թռչեի անսպասելիությունից: Գրողը տանի, չնկատեցի ինչպես Ալվարդը մոտեցավ:
- Այո, գեղեցիկ է, - գլխով արեցի ես, - նկարիչը շատ լավ է պատկերել Անահիտին:
- Իսկ դուք գիտե՞ք, որ մեր աստվածուհին հենց այսպիսի տեսք էլ ուներ, - հետաքրքրվեց նա:
- Ոչ … գրքերում չեն պահպանվել նրա արտաքին տեսքի նկարները …
Ալվարդը փնչացրեց.
- Ի՞նչ կարող է լինել այդ գրքերում: Մենք նրա ուժի կրողներն ենք, կարողացել ենք պահպանել և մինչև մեր օրերը հասցնել մագաղաթը, որի վրա պատկերված էր Անահիտը: Այն նկարել է նրա տաճարի այցելուներից մեկը, երբ իր կինը երկար տարիների անպտղությունից հետո երկվորյակ է ունեցել:
- Ես երբեք չեմ լսել այդ պատմությունը, - զարմացա ես:
- Եվ դժվար էլ լսեք: Սա մեր տան ժառանգությունն է: Ես պատմեցի ձեզ, քանի որ հետաքրքրություն նկատեցի:
Հետաքրքիր պատմություն է: Չգիտեմ՝ որքանով է ճշմարիտ, բայց հավատս չի գալիս, որ նրանք կարողացել են պահել այդ մագաղաթը: Շատ նման է գեղեցիկ լեգենդի:
- Մա՜մ, - լսվեց երգեցիկ ձայն:
Մենք շրջվեցինք: Աստիճաններով իջնում էր տասնհինգ-տասնվեց տարեկան մի դեռահաս աղջիկ: Գազարագույն մազերը անփութորեն հավաքված էին ծոծարակին, շապիկի վրա ներկերի հետքեր էին՝ հավանաբար նա նկարում էր: Մի քիչ թմբլիկ այտերը կարմիր էին:
- Կլարա, ինչու՞ ես այսպիսի տեսոքով, - խիստ հետաքրքրվեց Ալվարդը, - մի՞թե ես քեզ չէի զգուշացրել, որ այսօր գալու է նիներենի ուսուցչուհին:
Աղջիկը շուրթերը ուռցրեց:
- Գնա վերև և փոխվիր, - հրահանգեց կինը, - մենք կսպասենք քեզ այստեղ: Չուշանաս:
Աղջիկը վազեց վերև՝ բարձր թփթփացնելով ոտքերով: Մայրը մի քիչ չափն անցավ: Հիմա դասերը կասոցացվեն ինչ-որ վատ բանի հետ:
- Կներեք, - ասաց Ալվարդը, - սովորաբար նա լսող աղջիկ է, սակայն վերջերս հաճախ է հակաճառում:
- Դեռահասության շրջա՞նն է, - ենթադրեցի ես:
- Դա նույնպես: Հասկանու՞մ եք, նա ուզում է ամեն ինչ իր ձևով անել և մեզ հակառակ: Անգամ Նինում ուզում է խանութ բացել, որ մեզնից հեռու լինի:
Մտածեցի, որ բարդ կլինի պարապել նման պարագաներում: Չգիտեմ ինչ մոտեցում պիտի ցուցաբերեմ, որ հետաքրքրեմ երեխային: Կամ էլ պիտի իմանամ անհրաժեշտ ինֆորմացիան մինչև այն պահը, երբ համբերությանս բաժակը լցվի:
Կլարան իջավ ուղիղ հինգ րոպեից՝ խիստ դպրոցական համազգեստով: Ալվարդն աննկատ գլուխը շարժեց. նա չէր ասել համազգեստի մասին, միայն մաքուր և կոկիկ հագուստի: Նկատեցի, որ կինը ուզում էր արտահայտվել այդ հաշվով, բայց ես թույլ չտվեցի:
- Ինչ հետաքրքիր համազգեստ է, - խոսեցի ես, - մի՞թե բոլորը պիտի հագնեն սա:
Կլարան կասկածանքով ինձ նայեց:
- Երբ ես դպրոցական էի, մեզ նույնպես ստիպում էին հագնել նման բան, - ես աչքերս առաստաղին հառեցի, - քո համազգեստը իմից լավն է:
- Հնարավոր չի, - փնթփնթաց նա:
- Լուրջ եմ ասում, - ասացի ես, - այն ինձ իսկական տատիկ էր դարձնում:
Աղջիկը քմծիծաղեց:
- Իսկ գիտե՞ս դպրոցում ինչ էինք անում, - շարունակեցի ես, - կիսաշրջազգեստի տակ հագնում էինք շորտեր և վերնաշապիկի տակ շապիկ: Հետո որոշ դասերին հանում էինք համազգեստը և մնում սովորական հագուստով:
- Եվ ի՞նչ: Ձեզ չէի՞ն պատժում, - կասկածամտորեն հարցրեց Կլարան:
- Այն էլ ո՜նց էին պատժում, - պատասխանեցի ես, - բայց մեզ դա չէր կանգնեցնում: Ի վերջո, ուսուցիչները հոգնեցին մեզնից և թույլ տվեցին մեկ օր գնալ դպրոց այն հագուստով, որը հավանում էինք:
- Ձեր բախտը բերել է, - նախանձով ասաց նա՜ հայացքներ նետելով դեպի մայրը:
- Արի այսպես անենք: Երբ ես կգամ քեզ հետ պարապելու, հագնվիր այնպես ինչպես կուզես:
- Լու՞րջ: Կարելի՞ է այդպես, - աղջիկը բերանը բացեց զարմանքից և նայեց մորը:
Վերջինս, գլխի ընկնելով ինչ ռազմավարություն եմ ընտրել, ասաց.
- Լավ, թույլ եմ տալիս:
- Ուռաա՜, - ճչաց նա և վազեց իր սենյակ:
Ալվարդը գլուխը տարուբերեց:
- Սովորաբար ուսուցիչները երկար չեն մնում մեզ մոտ, - նկատեց նա, - հուսով եմ, Ձեզ կհաջողվի ճիշտ մոտեցում գտնել: Չնայած … ինչու՞ «հուսով եմ»: Դուք արդեն ճիշտ ճանապարհին եք:
Ուսերս թոթվեցի: Պետք է պարզապես տալ երեխային այն, ինչ նա ուզում է: Խելամիտ սահմաններում, իհարկե: Իսկ ինձ հարկավոր է առավելագույնս երկար մնալ այստեղ՝ ինֆորմացիա հավաքելու համար:
- Այստեղ պարապեք, - շարունակեց նա, - այսօր աշխատասենյակը ինձ հարկավոր է, սակայն մյուս անգամ կտեղափոխվեք այնտեղ:
Աշխատասենյա՞կ: Հիանալի է, կտեսնեմ՝ ինչ հետաքրքիր բան կա այնտեղ:
Կլարան արագ վերադարձավ: Նա հագել էր իր հին հագուստը:
Ալվարդը գնաց՝ թողնելով մեզ միայնակ: Նստեցինք սեղանի շուրջ:
- Իմ անունը Կլարա է, - աղջիկը մեկնեց ձեռքը:
- Սաթենիկ, - ժպտացի ես՝ սեղմելով նրա ձեռքը:
- Դուք ինձ նիներե՞ն եք սովորեցնելու:
- Այո, եթե ցանկանաս:
- Ես ուզում եմ, բայց ոչինչ չեմ հասկանում:
Դա սարսափելի չէ: Արի տեսնենք՝ ինչ գիտես, իսկ հետո կսովորեցնեմ քեզ զիլ բառեր համացանցից: Օգտվում ես, չէ՞ նրանից:
- Բնականաբար, - փնչացրեց նա:
Ստուգեցի նրան: Պարզվեց՝ շատ բան չգիտեր: Սկսեցինք հեշտ բաներից: Աղջիկը ուշադիր լսում էր, գրում և անգամ հարցեր տալիս: Իմացա, որ նրան դուր է գալիս նկարել, կարդալ կոմիքսներ և բլոգ վարել: Օգտվեցի առիթից, ցույց տվեցի իմ սեփական բլոգը: Կլարան չէր հավատում, որ լեզվի բլոգը կարող է այդքան հայտնի լինել: Նա անմիջապես բաժանորդագրվեց էջիս և խոստացավ կարդալ բոլոր գրառումները:
Նախատեսված ժամը աննկատ անցավ: Ես դա միանգամից չնկատեցի: Պարզվեց, Ալվարդը տասը րոպե կանգնած էր դռան մոտ և նայում էր մեզ:
- Ցտեսություն, ուսուցիչ, - ասաց աղջիկը, - ես կաշխատեմ սովորել: Այսինքն՝ խոստանում եմ:
- Գիտես, չէ՞, որ խոստումները պետք է պահել, - հարցրեցի ես:
- Այո, ոնց ասել եմ, այդպես էլ կանեմ, - գործնական տեսքով ասաց նա և վազեց իր սենյակ:
Կարծես թե կապը օբյեկտի հետ հաստատված է: Ալվարդն էլ, ենթադրելով դեմքի արտահայտությունից, գոհ էր:
- Ես կարծում էի, որ չեմ տեսնի, թե ինչպես է աղջիկս հետաքրքրվում ուսմամբ, - խոստովանեց նա, - դուք աներևակայելի եք:
- Առայժմ վաղ է դրա մասին ասել, - համեստորեն խոսեցի ես, - բայց կարծում եմ, կարելի է ընդհանուր լեզու գտնել, անգամ, ամենաբարդ դեռահասի հետ:
Կինը մեկնեց ինձ ծրար:
- Ես գիտեմ՝ որքան արժեն դասերը, սակայն, տեսնելով, թե ինչպես եք պարապում Կլարայի հետ՝ հասկացա, որ արժանի եք ավելիին: Խնդրում եմ, չմերժեք: Աղջկաս վստահությունը թանկ արժե:
Ես չըմբոստացա: Վերցրեցի ծրարը և շնորհակալություն հայտնեցի:
- Արթուրը սպասում է ձեզ բակում, - ասաց նա:
Պայմանավորվեցինք հաջորդ դասի համար, և Ալվարդը ճանապարհեց մինչև մեքենան:
Հետադարձի ճանապարհը մի քիչ ավելի ժամանակ խլեց: Լռակյաց վարորդը հասցրեց ինձ մինչև շքամուտք և գնաց:
Հենց տուն մտա, հեռախոսս զանգեց: Զանգողն Արեգն էր:
- Բարի երեկո, Սաթենիկ, - ասաց նա, - ո՞նց ես:
- Ողջույն: Զանգում ես, որ հարցնես ո՞նց եմ:
Նա քմծիծաղեց:
- Փայտիկի անալիզն ավարտված է, - ասաց նա, - բաղադրությամբ այն նույնն է, ինչ օգտագործել է դևը: