1. Շահմարի Առեղծվածը

Chapter 9

Chapter 9

Մայոր Վահագն Բագրատունին մտահոգ էր, հոգնած, նաև անքուն։ Դեպքերը թեև զարգացան արագությամբ, թեև Զուլումն արդեն վնասազերծված էր, այնուամենայնիվ, հետաքննության ընթացքը չէր գոհացնում։ Փորձը հուշում էր նրան, որ դեպքերի նման սրընթաց զարգացմանը, նման չնախատեսված կտրուկ շրջադարձին պարտադիր հաջորդում է մեռյալ սեզոնը, քանի որ հետապնդվող կողմը, զգուշանալով հերթական կորուստներից, դառնում է ավելի զգուշավոր և որոշ Ժամանակ, ինչպես ասում են, անցնում է ընդհատակ։ Մայորն արդեն չէր էլ կասկածում, որ պրոֆեսոր Խախանյանի բնակարանը կողոպտողների մեջ Զուլումը գլխավոր դերակատարն է եղել։ Այս գործը, մայորի անսասան կարծիքով, գլխավորել են առնվազն երկու կին։ Ծանր վիրավոր Զուլումի գրպանում լեյտենանտ Մարկոսյանը հայտնաբերեց պրոֆեսոր Խախանյանի առանձնատան պլանը։ Քանոնով և կապտագույն թանաքով գծված տան հատակագծի մեջ կարմրագույն սլաքները՝ առաջինը հյուրասենյակում և երկրորդը՝ ննջարանում ճշտորոշ կերպով ուղղված էին պատի խոռոչներում տեղադրված թանկարժեք իրերի արկղներին։ Գծագրի տակ գեղեցիկ երկաթագիր տառերով գրված էր գծագրողի անունը՝ Շահմար։ Այս անունը հետախույզին անծանոթ էր․ ոչ քարտարաններում, ոչ էլ հետաքննչական փաստաթղթերում այս անվանը մայորը չհանդիպեց։ Պարզից էլ պարզ էր, որ տան կողոպուտի ամբողջ գործը՝ նախապատրաստումը և իրականացումը գլխավորել է հենց Շահմարը։ Երկրորդ գործող անձը արդեն զգեստափոխված, աղքատ պառավի դերն ստանձնող աղջիկն էր, որի անձի շուրջը լրիվ մթություն էր, անտեղյակություն։ Զուլումը միայն կատարել է վերջին գործողությունը՝ կողոպուտը։ Ահա հիմնական գործող անձինք, որոնք առայժմ քողարկված են անթափանց խորհրդավորությամբ և իսկական հետախույզի մեջ վառում են պրոֆեսիոնալ այն նախանձախնդրությունը, որը ծնում է չարին վնասազերծելու հնարքն ու տաղանդը։ Մայորի գլխում վխտում էին հանգուցալուծման մի քանի վարկածներ, որոնք բացասում էին մեկը մյուսին և խանգարում Բագրատունու հաշիվներին։

Մայորը սեղմեց զանգի կոճակը։ Մարկոսյանը մաավ։

  • Ապրեսյանի վիճակը․․․

  • Ոտքի վրա է։ Ուղեղի թեթև ցնցում․․․

  • Զուլո՞ւմը․․․

  • Անզգա վիճակում է։ Գնդակները մնացել են սրտի շրջանում։ Վիճակը համարյա անհույս է։ Պրոֆեսորն ասում է, որ նրա փրկությունը վիրաբուժական հրաշք կլինի։ Տեղավորված է հիվանդանոցի չորրորդ հարկի ամենավերջին սենյակում։ Հիվանդասենյակի դռանը նշանակված է պահակային հսկողություն։

  • Զուլումը պետք է ապրի, Սուրե՛ն,— խոսեց մայորը,— նրա կյանքը մեզ այսօր, այս պահին ավելի է պետք, քան իրեն։ Նա պետք է ապաքինվի, ապրի՝ խոսելու համար։ Այս մեկ։ Երկրորդ, նրա մոտ՝ հիվանդասենյակ մուտք պետք է ունենա միայն պրոֆեսոր Խախանյանը և մեկ էլ հիվանդապահուհին։ Ուրիշ ոչ ոք, լեյտենա՛նտ, լսո՞ւմ ես․․․ Իսկ հիվանդապահուհու ելքն ու մուտքը, տարածն ու բերածը պետք է ստուգվի մեր մարդկանց կողմից։ Չեմ կասկածում, որ որոշ մարդիկ այս պահին ցանկանում են Զուլումի շուտափույթ մահը, որպեսզի նա գերեզման տանի իրենց մերկացնող գաղտնիքը։ Հետևաբար, բացառված չէ նրան թունավորելու, ինչ-որ ձևով վնասազերծելու հնարավորությունը։ Իսկ բնակարանի կողոպուտին չառնչվող նրա ընկերները, իհարկե, կուզենան, որ նա ողջ մնա, որովհետև նրա շարք վերադառնալը նրանց համար կենաց խնդիր է՝ նոր չարագործությունների, նոր կողոպուտների փայլուն հեռանկարով։ Ոչ ոք չի՞ փորձել այցելել Զուլումին, լեյտենանտ։

  • Ոչ ոք։

  • Ինձ միացրեք Խախանյանին։ Ալլո՛, ալլո՛, պրոֆեսոր, հարգանացս հավաստիքը։ Ինչպե՞ս եք, ինչպե՞ս է ձեր հարգարժան տիկնոջ վիճակը, ապաքինվո՞ւմ է վախից և հոգեկան ցնցումներից։ Այո՞․․․ Շատ ուրախ եմ․․․ Իմ ջերմ ողջույնները․․․ Պրոֆեսոր, խնդրում եմ ասել ինձ, կապրի՞ այն Ժորա Թոփուզյանը, այո՛, այո՛, կրծքին երկու գնդակ ստացած ձեր հիվանդը, այո, որի հիվանդասենյակը հսկում է միլիցիոները։ Չե՞ք կարող ասել․․․ Կապրի կամ կմեռնի՞, միջինը չկա՞․․․ Սրամիտ եք, հա՜, պրոֆեսո՜ր․․․ Խնդրում եմ ամեն ինչ անել նրան փրկելու համար․․․ Չէ՛, ցուցումներ չեմ տալիս, խնդրո՜ւմ եմ․․․

Մայորը դրեց լսափողը։

  • Չէ՛, Սուրեն, իմ և Խախանյանի ջուրը մի առվով չի գնում։ Նեղացավ, որ խնդրում եմ փրկել նրա կյանքը։ Մասնագիտական նեղացկոտություն է։ Ասում է, որ եթե կարողանա, կփրկի հիվանդին, մնացածը դատարկ խոսակցություն է։

Հեռախոսը զնգաց։ Մայորը ընկալուչի մեջ լսեց ծանոթ, հրամայող ձայնը։

  • Այո՛, ընկեր գեներալ։ Իհարկե, լավ չենք աշխատում։ Քնած ենք ուղտի ականջո՞ւմ․․․ Քնած չենք, ընկեր գեներա՛լ, սակայն գտնվում ենք ոչ սթափ վիճակում։ Ամեն բան այժմ կախված է Զուլումի փրկությունից, թե չէ հետաքննությունը մտնում է փակուղի։ Զուլումը մեզ ոչինչ չի՞ ասի։ Կասի, կասի, ընկեր գեներալ։ Եթե փրկվեց՝ կխոսի։ Երկու շաբա՞թ, քիչ է․․․ Գոնե սպասենք մինչև Զուլումի խոսելը։ Եթե մեռնի՞․․․ Ուրեմն, ամեն ինչ պետք է սկսել սկզբից․․․ Այո՛, ամեն օր կզեկուցեմ, ճիշտ այդպես․․․

  • Դաղում են բոլորը՝ վերևից ներքև,— Բագրատունին դրեց լսափողը,— իսկ մենք գործում ենք կույրերի նման, որ կողմ շրջվում ենք՝ դեմ ենք ընկնում կույր պատի, մինչդեռ ճանապարհը երևի քթներիս տակ է։ Սուրե՛ն, գնա հիվանդանոց, այդ բժիշկները ամեն ինչ չափազանցում են։ Քո աչքով տես այդ սրիկային։ Նա մի քանի անգամ ծանր վերք է ստացել և միշտ էլ անվնաս դուրս պրծել այդ ամենից։ Անսովոր ամուր առողջություն ունի։ Տե՛ս, գուցե ուշքի գա հանկարծ․․․

Comments