Chapter 8
Chapter 8
Հետևում եմ օբյեկտին,— հնչեց Բագրատունու առանձնասենյակում։ Մայորը գոհունակությամբ ձեռքերը շփեց իրար։
Հիանալի՜ է, Ապրեսյա՛ն, աշխատիր նրան չկորցնել քո տեսադաշտից։
Նա մենակ չէ,— նորից լսվեց կրտսեր լեյտենանտի ձայնը,— նրա հետ կին կա։
Հիանալի՜ է, Ապրեսյա՛ն,— պատասխանեց մայորը,— հետևիր նրանց թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Շուտ-շուտ կապվիր ինձ հետ, եթե հարկ լինի, քեզ օգնողներ կուղարկեմ․․․
Առայժմ հարկ չկա—— խոսեց Ապրեսյանը։
Որտե՞ղ ես դու,— հարցրեց մայորը։
Օրջոնիկիձեի պողոտայում, հետևում եմ նրանց։ Քայլում են սիրահարվածների նման, ընկեր մայո՛ր․․․
Զգույշ եղիր, հա՜, օբյեկտը փորձված է, վտանգավոր և միշտ զինված։
Լսում եմ․․․
Գարնան պայծառ իրիկնադեմ էր։ Շլացուցիչ, բայց չտաքացնող արևը դանդաղ թեքվում էր արևմուտք։ Փողոցում եռուզեռ էր, մեքենաների բվվոց, մանուկների ուրախ աղմուկ։ Մայթեզրի ծառերը բողբոջելու ճիգ էին անում։ Բողբոջները ուռել էին, փափկել, դարձել դարչնագույն և պայթելու պատրաստ։ Մարտն ուր֊որ է կավարտի իր ամենամյա պարտադիր այցելությունը և իրավունքները կփոխանցի ապրիլին։ Ապրեսյանը չէր տեսնում գարունը։ Չէր լսում գարնանային աղմուկը, որ բացել էր իր լեզուն և խլվլում էր ծառերի դեռևս մերկ ճյուղերին, մայթերին, ամենուրեք․․․
Նա տեսնում էր բարձրահասակ, շատ վայելուչ հագնված զույգին։ Քայլում էր հակառակ մայթով, նրանցից բավական մեծ հեռավորության վրա, որպեսզի չմատնի իրեն։ Իսկ նրանք ճեմում էին թվացող անկաշկանդությամբ և, ամենայն հավանականությամբ, ցանկանում էին շրջապատին ներկայանալ սիրահարների դիմակով։ Բայց շրջապատին ի՜նչէ․․․ Ի՞նչ իմանան աշխատանքից տուն դարձող հոգնատանջ մարդիկ, որ այդ գեղեցիկ զույգը դանդաղ գործող ռումբ է, որ մի թանկարժեք իրի, մի կապուկ փողի համար պատրաստ է սպանելու, հոշոտելու խաղաղ մարդկանց։ Զույգը մտավ Կոմիտասի այգում գտնվող «Գարուն» ռեստորանը։ Ապրեսյանը շեֆին հայտնեց իր գտնվելու վայրը և անշտապ մտավ ռեստորան։
Նստել էին դռան ետևի սեղանին։ Հարմար տեղ էր․ կիսաբաց դռնից մտնողը չէր նկատի նրանց, իսկ նրանք կնկատեին առաջինը։ Դռան մոտիկությունը կհեշտացներ նաև արագ դուրս նետվելու և թակարդից ազատվելու հնարավորությունը։ «Փորձված է»,— գնահատեց մտքում Ապրեսյանը և նստեց նրանցից ոչ հեռու։ Տղան մուգ ակնոց էր կրում և դժվար էր կռահել հայացքի ուղղությունը։ Ապրեսյանն աշխատում էր նրանց տեսնել չնայելով։ Ակնդետ լիներ՝ կնկատեին։ Հետո անդրադարձավ, որ անսահման գեղեցիկ է աղջիկը։ «Կեցցե՛ս, Զուլում,— ինքնիրեն խոստովանեց Ապրեսյանը,— ճաշակ ունի տղան։ Աստվածուհին՝ սատանայի, հրեշի գրկում։ Բայց չէ։ Չէ՛, չէ՛, այդ աղջկան աստվածուհի ասելը մեղք է։ Մե՜ղք է աստվածուհին։ Աստվածուհին ի՞նչ գործ ունի Զուլումի հետ։ Նմանն զնմանս սիրե։ Ախր, ի՞նչ գործ ունես, այ գեղեցկուհի, սրիկայի հետ։ Բայց, ո՞վ գիտե, գուցե ինքդ ավելի մեծ սրիկա ես։ Ցանկացածդ տան զարդը կարող ես դառնալ։ Քեզ պես լավին կսիրեն, իհարկե, կսիրեն։ Կհագցնեն թագուհու նման։ Գլուխներին դրած ման կտան։ Թյո՛ւ, ի՜նչ թարս է աշխարհի բանը։ Կամավոր ո՞ւր ես քեզ նետել գայլի բերանը։ Վերջդ միևնույն է՝ փա՜ս․․․»։
Ռուս մատուցողուհին մոտեցավ Զուլումին և ինչ-որ դիտողություն արեց նրան։ Սա ձեռքը կոխեց գրպանը, մի թղթադրամ հանեց և ցանկացավ խոթել մատուցողուհու գրպանը։ Վերջինս վիրավորվեց, դրամը նետեց սեղանին և բարձրաձայն կշտամբելով իրեն վիրավորողին՝ շարժվեց դեպի բուֆետ։
Եվ ինչպե՞ս չեն ամաչում մարդիկ,— հուզվել էր նա,— խնդրում ես, որ վերարկուները կախեն հանդերձարանում, իսկ նա քեզ տասնոց է դեմ անում։ Թյու․․․
«Նրանք չեն հանի վերարկուները, որովհետև փախչելիս հագնել չեն կարող։ Չեն հանի։ Կգժգոհես, սիրելի Նաստյա՛, քեզ բաժին կհանեն իրենց սրիկայական «սիրալիրությունից»։ Լավ, թող նստեն վերարկուներով։ Միևնույն է, նրանց հոգիները չեն տաքանա ոչ վերարկուի մեջ, ոչ էլ թվացող մտերմությամբ։ Չե՞ս տեսնում, քույրիկ Նաստյա, նա աշխարհին նայում է սև ակնոցով։ Նա դռանն է նայում, նա դարանել է, որպեսզի դարան չընկնի։ Ն վախենում է բաց դռներից»։
Ի՞նչ կցանկանայիք,— հարցրեց մատուցողուհին։
Լուլաքաբաբ և հարյուր գրամ օղի․․․
Նրանք մի ամբողջ սեղան էին բացել։ Ժպտում էին, իսկ ծիծաղել չէին կարողանում։ Նայում, բայց չէին տեսնում իրար։ Հայացքներում դեղնում էին տագնապն ու լարվածությունը։ Եվ խմում էին, որ չվախենան։ Օղու մեջ խեղդում էին տագնապը։ Ապրեսյանը ուտում էր դանդաղ, որպեսզի ժամանակ շահեր։ Դրսում կապույտ մանվածքով իջնում էր գարնանային երեկոն։ Լույսերը վառվեցին մեկեն՝ հրթիռային համազարկի նման։ Հետո նրանք վեր կացան։ Հետո վեր կացավ նաև Ապրեսյանը։ Քայլում էին մթին ծառուղով։ Այգու բոլոր էլեկտրական լամպերը, առանց բացառության, ջարդված էին։ «Չարաճճի մանուկները, նաև սիրահարները, խորհում էր Ապրեսյանը, փչացնում են լույսերը, առաջինները՝ ճնճղուկներին պարսատիկներով հարկադրական վայրէջքի ենթարկելու, երկրորդները՝ իրենց համբույրներն ու գգվանքները աշխարհի աչքից թաքցնելու համար»։ Իսկ նրանք Ապրեսյանից ոչ այնքան հեռու, խավարին ձուլված, կանգնել և համբուրվում էին։ Կրտսեր լեյտենանտը համոզված էր, որ իրեն նկատել են և սպասում են, որ ինքն անցնի, հեռանա։ Եվ նա արագացրեց քայլերը․ «Ոչինչ, մի հարմար տեղում կսպասեմ նրանց»։
Ներողություն, ախպերացո՛ւ,— մոտեցավ նրան Զուլումը,— լուցկի չե՞ք ունենա։
Խնդրեմ,— ձեռքը գրպանը տարավ Ապրեսյանը և այդ պահին էլ ահեղ հարվածը նրան տապալեց ներքև։ Հարվածն այնքան ուժեղ, այնքան անսպասելի էր, որ կրտսեր լեյտենանտը համարյա կորցրեց գիտակցությունը։
Հոտոտում ես հետքերս, շո՛ւն,— կռացավ Զուլումը։
Մի՛ թողնի, որ ուշքի գա, Ժորա,— լսեց կնոջ շշուկը։— Նա անպայման զինված կլինի, վերջացրո՛ւ․․․
Արագ ինձ տուր հեծանվի անվաճաղը, Շահմա՛ր,— շտապեցրեց տղան,— հետո թող որոնեն ու փորձեն հայտնաբերել հանգուցյալի վերքը։
Ապրեսյանը պառկած էր անշարժ։ Ուշագնաց էր ձևանում։ Չէր ձևանում, չէ՛, ի՞նչ ձևանալ․․․ Եվ փա՜ռք գիշերային մթությանը, որ չմատնեց և թաքցրեց նրա ձեռքերի թույլ, համարյա աննկատելի շարժումները։ Նա սեղմեց գրպանում գտնվող միկրոֆոնի կոճակը և լսեց Բագրատունու խանձված ձայնը, որ խեղդվում էր նեղլիկ ծոցագրպանում։
Արա՛գ, արա՛գ, Շահմա՛ր,— շտապեցնում էր Զուլումը։
Աղջիկը քրքրում էր իր ձեռքի լայնավուն պայուսակը և երբ բարակ անվաճաղը թույլ, նիհարիկ լույս արձակեց Ապրեսյանի գլխավերևում, կրտսեր լեյտենանտը սեղմեց ատրճանակի ձգանը: Այգու ամայության մեջ կրակոցները դղրդացին պայթող արկերի ուժով։ Դատարկ այգին հանկարծ կենդանացավ և հալածեց մեղավոր ու դարանակալ լռությանը։ Շրջապատը շարժվեց, լցվեց մարդկային մուգ կերպարանքներով։ Ռեստորանը դուրս հոսեց։ Նստարաններին իրար գուրգուրող սիրահար զույգերը ես ոտքի թռան։ Այգու մուտքի կողմից լսվեց հերթապահ միլիցիոներների արգելակվող մոտոցիկլետների խուլ ճռնչոցը։ Ապրեսյանը նստեց, բայց բարձրանալ չհաջողվեց։ Գլուխը ցավից պայթում էր և պտտվում․ հարվածը հասցված էր ձեռքի ափակողքով՝ վզարմատին։ Զուլումը անձայն տափակել էր Ապրեսյանի կողքին և անշարժացել։ Իսկ երբ առաջին միլիցիոները մոտեցավ դեպքի վայրին, կրտսեր լեյտենանտը սարսափով նկատեց, որ կինը, որին Զուլումը կոչում էր Շահմար, չքացել է․․․