1. Շահմարի Առեղծվածը

Chapter 7

Chapter 7

Աղջիկը ոտքը ոտքին գցած՝ ծխում և ծխի միջից նայում էր լեյտենանտին։ Հեգնախառն, փոքր֊ինչ չարաճճի հայացքը շոշափում էր լեյտենանտին, որը չէր շտապում սկսել հարցաքննությունը, այլ ինչ֊որ թուղթ էր խզմզում։ Մարկոսյանը հոգու խորքում հավատացած էր աղջկա անմեղությանը, սակայն համոզիչ էր նաև մայորի փաստարկը՝ Լեռնուհին կերպարանափոխվելու արտակարգ շնորհք ուներ, որով և կարող էր արժանանալ քրեական տիպերի ուշադրությանը։

  • Ո՞ւմ ենք սպասում, ընկեր լեյտենա՛նտ,— նեղսրտեց Լեռնուհին,— թե՞ ամոթխածությունը թույլ չի տալիս գեղեցիկ աղջկա հետ վստահ ու տղամարդավարի վարվելու․․․

  • Այսի՞նքն,— Ժպտաց լեյտենանտը։

  • Զբաղեցրեք ինձ, ես սովոր չեմ անուշադրության։ Իսկ եթե կարծում եք մեղավոր եմ ինչ֊որ բանում, ասեմ սկզբից, որ ամուսնացած տղամարդկանց հետ սիրային կապեր չունեմ, նույնիսկ մերժում եմ հարուստ քսակ ունեցողներին․ սկզբունք է, հետևաբար, իմ մեղքով ընտանիքներ քայքայվելու վտանգ չկա։ Երդվում եմ։ Այնուհետև, չեմ տառապում վեներական հիվանդություններով։ Չեմ երդվում, իսկ եթե կասկածում եք, կարող եք ուղարկել ստուգման՝ մաշկավեներական դիսպանսեր։ Հետո, մինչև չսիրեմ, չեմ նվիրվում ոչ ոքի։ Երդվում եմ։ Հետևաբար, չկան նաև բարոյական նորմերի խախտումներ։ Ուրեմն, ի՞նչ եք ուզում ինձնից։— Աղջիկը նայեց ժամացույցին։— Ախր, ես շուտով ժամադրավայր պետք է ներկայանամ, իմ Շուրիկն անհամբեր է, կարող է խռովել ինձնից և չքանալ․․․

  • Ես քեզ հավատում եմ, Լեռնուհի,— խոսեց լեյտենանտը,— բայց դու, ախր, շուտ-շուտ ես սիրահարվում։ Սիրածներիդ փոխում ես գիշերանոցներիդ նման։ Լրջացիր, Լեռնուհի, անունդ ցեխի ու կեղտի մեջ տրորում ես։ Միթե՞ չես ափսոսում քեզ, քո գեղեցկությունը․․․

  • Չգիտեմ,— տխրեց աղջիկը։— Լավ կլիներ դուք, բարոյականներդ, մի քիչ էլ հոգեբաններ լինեիք։ Ես, ախր, գեղեցիկ աղջիկ եմ և տառապում եմ սիրվելու, սիրված լինելու մանիայով։ Իմ հոգեկան կերտվածքն այնպիսին է, որ ես լիարժեք կին չեմ կարող դառնալ, որովհետև օրը մի քանի անգամ կդավաճանեմ նույնիսկ նրան, ում խենթորեն սիրում եմ։ Իսկ ամուսնությունը պարտավորեցնում է, քեզ լավ պահես՝ դու ես մեղք, քեզ վատ պահես՝ սիրածդ ամուսինը։ Իսկ այսպես ես ազատ եմ թռչնի պես և կարող եմ թռչել ում գիրկն ուզեմ․․․

  • Իսկ ո՞ւր կարող է հասցնել քեզ,— լեյտենանտի խրատական տոնի մեջ ցավոտ երանգներ հնչեցին,— գրկից գիրկ թռչելը․․․

  • Քո գիրկը,— ծիծաղեց աղջիկը։ Նա կտրուկ կերպարանափոխվեց։ Աչքերում տաք, քաշող կայծեր բռնկվեցին։ Հայացքը մգացավ ու քնքշացավ։ Հայացքում բռնկված գոլ զգացմունքը մերկացավ, նյութականացավ մերկացած մարմնի նման, իսկ խոսքը կրքոտվելով՝ մտերիմ երանգ նվաճեց և նա անցավ դու-ի։— Իսկ դու գիտես, սիրելի լեյտենա՛նտ, որ կանանց համար շատ ցանկալի ես, այ, եթե ինձ սիրեիր, ես քեզ կյանքս չէի խնայի․․․

  • Քեզ կարգին պահիր,— նեղացավ Մարկոսյանը,— այստեղ սիրային բացատրության տեղ չէ, ես քո Շուրիկը չեմ, գնալով խրվում ես ճահիճը․․․

  • Իսկ դու հանիր ինձ ճահճից,— քրքջաց Լեռնուհին։

  • Ինչպե՞ս, ինչպե՞ս,— վրդովվել էր լեյտենանտը,— այնպես ես խրվել, որ բուլդոզերն էլ չի օգնի․․․ Մե՜ղք ես, չէ՛․․․

  • Սիրիր և ինձ կփրկես ճահճում խեղդվելուց․․․

Այդ պահին ներս մտավ մայոր Բագրատունին, և աղջկա դեմքը ասես մեկեն հանգավ։ Նա կծկվեց աթոռին, փոքրացավ, և լեյտենանտը զարմանքով նկատեց, որ նա արդեն նման է դասը չսերտած ծույլ աղջնակի․․․

  • Բարև, Լեռնուհի,— ասաց մայորը՝ ձեռքը երկարելով աղջկան։

  • Բարև, ընկեր մայոր,— թեթև ռևերանսով տեղից բարձրացավ Լեռնուհին։

  • Զարգացել ես, Լեռնուհի՛,— խոսեց մայորը,— Երևանի ճաշատեսակներն արդեն քեզ չեն բավարարում և ճաշելու համար գնում-հասնում ես մինչև «Լուսավան» ռեստորանը։

  • Ե՜ս, ե՞ս,— զարմացավ աղջիկը։

  • Իհարկե, դու,— խոսքը հանգիստ առաջ տարավ մա-յորը։— Քո գործն է, թե որտեղ կնստես ճաշելու կամ զվարճանալու, բայց ում հետ լինելդ մեր գործն է նաև և հետաքրքրում է մեզ․․․

  • Բայց ես «Լուսավան» ռեստորանում երբեք չեմ եղել խոսեց աղջիկը,— ոչ երեկ, ոչ մի տարի, ոչ էլ տասը տարի առաջ․․․

  • «Լուսավանը» արգելված վայր չէ, Լեռնուհի,— իրենն էր պնդում մայորը, սակայն գողերի հետ, նրանց ընկերակցությամբ այնտեղ լինելն արդեն հանցակից դառնալու վտանգ ունի իր մեջ․․․

  • Ես «Լուսավանում» չեմ եղել,— հանկարծ պոռթկաց աղջիկը, և նրա հայացքը բոցավառվեց, չեմ եղել ո՛չ գողերի, ո՛չ էլ բոզերի հետ, հասկանալի՞ է․․․ Ըստ ինձ ես սիրահար եմ, ըստ ձեզ՝ բարոյականներիդ՝ անբարոյական․․․ Եթե դուք իրավունք ունեք մտնելու իմ կյանքի մեջ, գոնե խնայեցեք իմ հոգին, մի՛ փչացրեք, հանգիստ թողեք նրան, անհավատ հավատացյալներ․․․

Մայորը հասկացավ աղջկան։ Նա չէր ստում, չէր խաբում իրենց, նրա անկեղծությունը ջախջախվում էր՝ դիպչելով մայորի սառն անվստահությանը, որը բխում էր իրավիճակից։ Հարկավոր էր վերացնել պաշարումը, նահանջել։ Տարիների փորձով Բագրատունին գիտեր, որ անառակի համար անառակությունը և գողի համար գողությունը սրբագործված առաքինություններ են։ Բարոյական իմաստով նրանք նույնիսկ հպարտանում են իրենց անազնիվ կոչումով, այն համարելով իրենց առավելությունը։ Հպարտանում են ինչպես գեղեցկուհին իր գեղեցկությամբ և տաղանդավորն՝ իր տաղանդով։ Սակայն երբ գործն ստանում է իրավական երանգ, երբ առաջանում է դատի ու դատաստանի վտանգը, նրանք առաջինն են դատապարտում իրենց ստոր զբաղմունքը և մարտնչում են մինչև վերջ, ժխտելով իրենց նկատմամբ հարուցված բոլոր մեղադրանքները։ Մայորը հասկանում էր աղջկան։ Նա մեղսակից չէր և չէր առնչվում իրենց հետաքրքրող հարցին։

Եվ Լեռնուհու աչքերն այդ պահին նման էին մերկացած ժանիքների, որոնք նայում էին վագրի մոլեգնությամբ։ Այդ հայացքում ընթերցվում էր ցավագին իրարանցում՝ վիրավորանքի և ատելության հաջորդական բռնկումներով։ Մայորը հաշտության խոսք նետեց։

  • Դե, լավ,— ասաց նա,— արի խոսենք առանց հիստերիայի։ Ասա, դու Զուլումին ճանաչո՞ւմ ես․․․

  • Ո՛չ։

  • Իսկ գիտե՞ս, թե ով է նա։

  • Ո՛չ։

  • Ինչպե՞u կապացուցես, որ ծանոթ չես նրան։

  • Իսկ դուք ինչպե՞ս կապացուցեք, որ ծանոթ եմ նրան։

  • Ձեզ տեսնողներ են եղել։

  • Ես պատրաստ եմ առերեսման․․․

  • Իսկ եթե հաստատե՞ն․․․

  • Հնարավոր է, որ հաստատվի նաև սուտը։ Սակայն ես ոչ մի Զուլումի չեմ ճանաչում և ոչ մի անգամ «Լուսավան» ռեստորանում չեմ եղել։

  • Եթե, այնուամենայնիվ, ստո՞ւմ ես․․․

  • Իզուր եք ձեզ միամիտի տեղ դնում, ընկեր մայո՛ր։ Եթե ես ստում եմ, ձեր անելիքը դուք ինձնից չէ, որ պետք է իմանաք։ Դանակն էլ է ձեր ձեռքը, դմակն էլ։ Եթե ես հանցագործ եմ կամ մեղսակից, գոյություն ունի բանտ, որի դռները դուք կարող եք մեծահոգաբար լայնորեն բացել իմ առջև․․․

Մայորը նայեց լեյտենանտին, սա թոթվեց ուսերը։ Հարցաքննությունն ավարտված էր։ Աղջկան չհավատալ չէր կարելի։ «Դերասան է, տաղանդավոր դերասան,— խորհում էր լեյտենանտը,— բայց նա կատարում է իր սովորական դերը, խաղում է ինքն իրեն։ Ես վստահ եմ, որ նա ընդունակ չէ ուրիշի դերն ստանձնելու․․․»։

  • Այսքանը,— ասաց մայորը,— մենք քեզ հավատում ենք, Լեռնուհի՛։ Կարող ես գնալ։ Միայն այս խոսք ու զրույցի շուրջը՝ ոչ մեկին ոչ մի խոսք․․․

  • Կլռեմ ձկան պես,— Ժպտաց աղջիկը։

  • Հակառակ դեպքում բանտի դռները մեծահոգաբար կբացենք քո առջև,— կատակեց մայորը։

  • Եթե լեյտենանտը ամեն օր բանտախուց մտնի ինձ այցելության, ես պատրաստ եմ հենց այս րոպեին բանտ գնալու,— աղջիկը աչքով արեց լեյտենանտին, ապա սկսեց քրքջալ և կոնքերը ցուցադրաբար կոտրատելով քայլեց դեպի դուռը։

Comments