1. Շահմարի Առեղծվածը

Chapter 6

Chapter 6

Շրջանային բաժանմունքում մայորը հավաքեց բաժնի աշխատակիցներին և առաջադրանք տվեց․ ի՛նչ գնով էլ լինի գտնել Զուլումի հետքերը, առայժմ լոկ հետևել նրան և պարզել քրեական տարրերի հետ նրա ունեցած կապերը։ Խստիվ հետևել կասկածելի աղջիկների վարքագծին։ Դիտորդ նշանակվեց Խախանյանի փեսացուի վրա։ Կարգադրվեց զրուցել Աբովյան քաղաքի բնակչուհի Սուսան Սեդրակյանի հետ։ «Լուսավան» ռեստորանում այս առավոտ տեսել են Զուլումին մեզ արդեն ինչ֊որ չափով ծանոթ շիկահեր աղջկա հետ։ «Ծանոթը» նրանց տեսել է մոտիկից։ Նկարագրեց աչքերը, սանրվածքը, պահվածքը։ «Խնդրում եմ բաժին հրավիրել Լեռնուհուն, զրուցել առանց բարոյական ճնշում գործադրելու նրա վրա։ Եթե նա է Զուլումի ընկերուհին, ուրեմն, խոսք քաշելը դժվար բան չէ։ Թեթևամիտ, անկամ բնավորություն ունի։ Բացի այդ, նա տաղանդ ունի կերպարանափոխվելու, հասկանո՞ւմ ես, Լևոն, տաղանդ․․․ Փորձված հանցագործի համար դա գյուտ է։ Ես վախենում եմ, նրան պառավի և զանազան դերերի համար օգտագործելուց հետո, մի ոչ գեղեցիկ օր, սուսուփուս վերացնեն մեջտեղից․․․ Բայց ավելի լավ է ծանոթացիր այս անստորագիր նամակին»։ Մայորը նրան երկարեց դեղնավուն թղթի վրա գրված մանրատառ նամակը։ «Հարգելի Վահագն Բագրատունի։ Սովետական քաղաքացու պարտքը մղեց ինձ գրելու այս նամագը։ Հայտնում եմ, որ Երևանում է գտնվում կալանավայրից փախաձ և քրեական ռոզիսկի մեջ գտնվող Զուլումը։ Չեմ կասգաձում, որ նրան լավ գիտեք և որոնում եք։ Ես նրա տեղը չգիդեմ, բայց քանի՜-քանի անգամ տեսել եմ նրան, նույնպես ձեզ քաջաձանոդ, բարոյապես կասգաձելի վարքի տեր Լեռնուհու հետ, որ տարփաձուներին հայտնի է «արտիստուհի» մագանունով։ Նրանց միասին ես տեսել եմ «Դվին» սրջարանում, մի քանի օր առաջ։ Խնդրում եմ աչալուրջ լինել և վնասազերձել սրիկաներին։ Ձեր բարեկամ»։

  • Հը՞, ի՞նչ կասես,— հարցրեց մայորը։

  • Կնոջ ձեոագիր է,— պատասխանեց լեյտենանտը։— Գրագետ կնոջ, որը դիտավորյալ գրել է տառասխալներով։

  • Ապրես, Մարկոսյան, ճիշտ է,— ուրախացավ մայորը։

  • Մատնահետքեր կա՞ն․․․

  • Ո՛չ,— մռայլվեց մայորը։

  • Կասկածո՞ւմ եք որևէ մեկին․․․

  • Առայժմ ոչ, բայց․․․,— մայորը հոտ քաշեց դեղնավուն թերթերից,— ֆրանսիական օդեկոլոնի այս նուրբ բուրմունքը ծանոթ է ինձ։ Հիշեցնում է, հիշեցնում է մեկին, բայց ո՞ւմ․․․ Եթե հիշեցի, ուրեմն, ձեռագիրը կհանձնեմ լաբորատորիա՝ ստուգման։ Բայց, իմ կարծիքով, այս նամակի հեղինակի միտքը այլ է։ Նա ցանկանում է շեղել մեր ուշադրությունը, մեզ նետել կեղծ հետքի վրա, աղջկան որոնելը խափանել։ Այնուհետև՝ այս կինը ցանկանում է մեջտեղից վերացնել Զուլումին։ Ո՞ւմ է անհանգստացնում Զուլումը, ո՞ւմ է հարկավոր Զուլումի անհապաղ կալանավայր վերադարձնելը կամ մեջտեղից վերացնելը, ո՞ւմ, ո՞վ է վերջապես նամակի հեղինակը։ Նույնիսկ չեմ էլ կասկածում, որ նամակը գրվել է հենց այդ նկատառումներով․․․ Բայց ինչ֊որ է՝ Լեռնհւհու հետ խոսելը չէր խանգարի։

  • Հասկանալի է,— վեր կացավ լեյտենանտը,— դուք կցանկանայի՞ք մասնակցել Լեռնուհու հարցաքննությանը։

  • Անպայմա՛ն,— ասաց մայորը։

Comments