Chapter 21
Chapter 21
Ամառը վերջանում էր։ Հովեկները վերադառնում էին։ Վերադարձան նաև մայոր Բագրատունու ու լեյտենանտ Մարկոսյանի ընտանիքները։ Տունը նորից լցվեց աղմուկով ու ջերմությամբ, ծիծաղով ու լացով, կենդանացավ։ Հարևանները մայորի կնոջը պատմել էին ահավոր գիշերվա մասին, և կինը, կնոջ բնավորության համաձայն, թեկուզև մեծ ուշացումով, բայց ցույց տվեց իր բուռն վերաբերմունքը, այնպիսի աղեկտուր լաց ու կոծ բարձրացնելով, որ երեկոյան ամուսինը ոտքը դռան շեմքից ներս դնելով, քիչ մնաց կաթվածահար լիներ, կարծելով, թե տանը դժբախտություն է պատահել։ Սակայն լսելով ահաբեկված կնոջ կցկտուր պատմությունը, թեթևացած Ժպտաց, գրկելով նրան՝ «հիմարիկ» անվանեց, բայց իզուր, կինը շարունակում էր ծվատել ինքն իրեն․
Բա որ քեզ սպանեին, տան մեջ՝ անտեր ու մենակ, ես ի՞նչ էի անելու,— հեծեծում ու ծեծում էր ծնկները։
Լսիր, այ Արուսյակ, տեսնում ես՝ չեն սպանել, էլ ինչո՞ւ ես քեզ սպանում։ Տեսնո՞ւմ ես նույնիսկ քերծվածք չեմ ստացել։ Քո ժամկետանց լացը, ախր, բոլորովին անտեղի է․․․
Բա որ սպանեի՜ն․․․,— չէր հանգստանում կինը։— Վահագն, խնդրում եմ քեզ, աղաչում եմ, դուրս արի էդ անիծված աշխատանքից, դուրս արի, լսո՞ւմ ես․․․ Լսո՜ւուո՜ւմ ես․․․ Ամեն օր պատերազմի մեջ ես։ Վահագն, ես ու քո երեխաները խաղաղություն ենք ուզո՜ւո՜ւո՜ւմ
Խնդրեց֊պաղատեց, հնար չեղավ։ Կինն ամուր կառչել էր իր հայտնագործությանը և ցանկանում էր նրա անմիջական տեղափոխումը այլ աշխատանքի։ Ինչպես ասում են, զույգ ոտքը դրել էր մի ոտնամանի մեջ, չէ՛ ու չէ՛։ Վերջում սպառնաց, թե կբաժանվի։ Կվերցնի իր երեխաներին ու կգնա։ Թե ո՞ւր էր գնալու, այդպես էլ չիմացվեց։ Բայց հազար երդումով հաստատեց իր որոշումը։ Բագրատունին երկար, համբերությամբ համոզում էր նրան և, ի վերջո, խնդրեց կնոջը ժամանակ տալ իրեն, մինչև հարմար գործ գտնի, նոր միայն թողնի աշխատանքը։ Կինը թեև չհավատաց, բայց նահանջեց։
Դու ծանր փորձանքից ես փրկվել, Վահագն, մեծ փորձանքից,— անկողնում ամուսնուն փաթաթված՝ հեկեկում էր կինը։— Ես վաղը գնալու եմ սուրբ Սարգիս, մոմեր վառելու աստվածամոր առջև, որ քեզ պահեց-պահպանեց կնոջդ ու երեխաներիդ համար։ Մատաղ եմ խոստանալու նրան, Վահա՛գն,— չէր հանգստանում Արուսյակը,— իսկ դու մի սպիտակ մատաղացու գառ գտիր, որ մատաղ անենք նրան։
Մայորն ասես առաջին անգամ էր տեսնում իր կնոջը։ Ցավով էր մտածում, որ կնոջն առ այսօր կարգին չի ճանաչում։ Միայն հիմա իմացավ, որ իր կինը, իր տարիների անդավաճան ընկերուհին՝ լեզվի ու գրականության ուսուցչուհի Արուսյակ Բագրատունին հուզված պահերին դառնում է երես առած մի աղջնակ և, մանավանդ, աստվածապաշտ է։ «Չէ, հնար չկա, մատաղի գառը պետք է խոստանալ, թե չէ մի ավելի դժվար բան կփաթաթի վզիս։ Պիտի խոստանամ։ Ո՞ւր էր քո աստվածամայրը այն բարդուղիմեոսյան գիշերը, Արուսյա՛կ։ Եթե երևար, կփրկեր ինձ մենակությունից և այն ծանր հոգեկան ցնցումներից։ Չէ՛, չէ՛, մատաղը պետք է խոստանալ, այլ ելք չկա։ Աշունն ուր որ է նստելու է դռանը, մի թեթև քեֆ կանենք և ոչ աստվածամայրը կնեղանա, ոչ էլ մանավանդ Արուսյակը»։
Լավ, Արուսյա՛կս, թոդ քո ասածը լինի։ Վաղը։ Կամ ամենաուշը մյուս օրը մատաղի գառը կապված կլինի խնձորի ծառից։ Եղա՞վ․․․
Եղավ, Վահագնս, եղավ․․․,— փարվեց ամուսնուն կինը։
Մայորն զգաց, որ կինը կարոտել է իրեն։ Զգաց, որ ինքը ևս կարոտել է նրան, նրա ոչ ջահել, բայց խլրտուն ու տաք մարմնին, մազերի բույրին։ Եվ քնքշորեն, մատների ծայրերով սրբելով այտերի արցունքները, համբուրեց աչքերն ու գլուխը թաղեց նրա խիտ վարսերի մեջ․․․