Chapter 20
Chapter 20
Երբ օպերատիվ խումբը հասավ դեպքի վայրը, մայորը նստած էր դռան առջևի աստիճանին, գլուխն ափերի մեջ։ Ոտքերի տակ ընկած էր «Վալտեր» տիպի ատրճանակը, պատերազմական Ժամանակներից մի թանկ հիշատակ, որ նվիրել էր բանակի հրամանատարը՝ հետախուզական գերազանց ծառայության համար։ Դռան առջև, սևացած ու լերդացած արյան մեջ, փլված էր մորթված աղջիկը։ Սարսափն այնքան մեծ էր և տեսարանն այնքան քստմնելի, որ թաղամասի բնակիչներից ոչ մեկը, ամենահետաքրքրասերներն ու ամենասառնասիրտներն անգամ չէին համարձակվում մոտենալ անգլուխ աղջկան։ Մարկոսյանը պատվի առավ։
Ընկեր մայոր․․․,— և հայացքը հանկարծ առավ զոհին։ Երիտասարդ հետախույզի դեմքն ասես ինչ֊որ ուժով քարացավ, շուրթերը դողդողացին և նա շրջվեց։
Չդիմացա՞ր, լեյտենանտ,— առանց գլուխը բարձրացնելու խուլ, շատ խուլ ձայնով խոսեց Բագրատունին,— գիտեի, որ չես դիմանա, գիտեի․․․ Բայց ահա ես հերթապահում եմ այս տարաբախտ աղջկան, որն ընդամենը մի երկու ժամ առաջ գեղեցիկ աղջիկ էր․․․
Իսկ ո՞ւր է գլուխը,— այնպես մի բան ասած լինելու համար խոսեց թեթևակի իրեն վերագտած լեյտենանտը և իսկույն էլ կծեց լեզուն․ «Հիմար հարց եմ տալիս։ Եթե գլուխը այստեղ պետք է լիներ, էլ ո՞ւր էին կտրում ոճրագործները»։
Պարզվում է, որ նրանք ոչ միայն չէին ցանկանում «Պառավի» խոսելը, այլև ճանաչվելը։ Գլուխը տարել են, լեյտենա՛նտ, տարել են․․․— Օրորվելով բարձրացավ տեղից,— մանրամասն տեղազննություն կատարեցեք։ Հետո կտեսնենք․․․
Ասես հարբած լիներ, օրորվելով մտավ տուն, ննջարան և փլվեց բաց անկողնու վրա։ Քնած էր ամբողջ օրը և ոչ ոք չէր խանգարում նրան։ Քնեց նաև ամբողջ գիշերը և երբ հետևյալ առավոտյան ևս արթնության նշաններ ցույց չտվեց, ստիպված եղան արթնացնել նրան։ Մայոր Բագրատունին շփոթված տեսք ուներ։ Երևում էր ջղային լուրջ ցնցում էր ապրել։ Միլիցիայի շրջանային բաժանմունքի պետը նրան հասկացրեց, որ վատ չէր չինի, եթե գնար հանգստանալու։ Մայորը մերժեց․
Իմ շփոթվածությունը, խնդրում եմ, հոգնածությանս չվերագրել։ Պարզապես ծանր ապրեցի այս անմարդկային արարքը։ Այդ ի՞նչ դև է նստած սրիկաների մեջ։ Չարության և անսրտության ի՞նչ աստիճանի պետք է հասած լինի մարդ արարածը, որ իրեն թույլ տա նման արարք։ Ինչ֊որ է, նյարդային այն ցնցումը, որ ապրեցի ես, մնացել է ետևում։ Ես շուտով կավարտեմ այս ծանր ու դժվարին օպերացիան․․․
Քո կամքն է, մայոր,— ասաց գնդապետը,— սակայն, իմ կարծիքով, նրանք պատրաստ են անելու ամեն ինչ, դիմելու ամեն միջոցի, ամեն հնարք գործադրելու, որ չբռնվեն։ Վստահ չեմ նաև, որ նրանք ձեռք կքաշեն քեզնից։ Իսկ գիտես, մայոր Բագրատունի, պապն ամեն անգամ գաթա չի բերի։
Մի՞թե այս անգամ պապն ինձ գաթա բերեց, ընկեր գնդապետ: Մի՞թե նրանք գաթայով հյուրասիրեցին ինձ։ Եթե մեկ անգամ ևս արժանանամ նման հյուրասիրոլթյան, կարող եք չկասկածել, որ հոգեբույժները մեծ սիրով իմ առջև կբացեն հոգեբուժարանի դռները․․․
Տեսնո՞ւմ ես, ինքդ էլ նույնն ես ասում, մայոր Բագրատունի՛։
Այո՛, ընկեր գնդապետ։ Սակայն աշխատանքի փորձն ինձ հուշում է նաև հակառակը։ Բանդիտական հարձակումն իմ տան վրա և «Պառավին» գլխատելը, հավատացած եմ, հանդիսացան այս գործի կուլմինացիան, չարագործության իններորդ ալիքը։ Իսկ երբ չարագործությունը հասնում է գագաթնակետին, նրան հաջորդում է վայրէջքը։ Կարկուտին ու կայծակին անպայման հաջորդում է խաղաղված ու մաքրված երկինքը։ Ուժեղ փոթորկից, նավաբեկությունից հետո ծովը խաղաղվում է․․․ Կա՜րգ է
Գնդապետը զուր էր ջանում ծուխ քամել հանգած ծխամորճից և ստիպված դիմեց լուցկու օգնությանը։ Նրա խորամանկ աչքերում չթաքնված հեգնանք կար, և մայորը հասկացավ, որ քրեական աշխարհին քաջատեղյակ, մազերն այդ գործում սպիտակեցրած վետերանին ինքը չի կարողացել համոզել իր ճշմարտության մեջ։
Իսկ դու, մայո՛ր, չե՞ս գտնում, որ վիրավորված գազանը առավել վտանգավոր է դառնում, հը՞։ Չէ՞ որ քո «բարեկամներն» իրենց աննախադեպ ոճրագործությամբ, ավելի բարդացնելով իրենց դրությունը, խստացրին իրենց պատժաչափը։ Գայլն արյունով է հարբում, մայո՛ր։ Նրանք վերստին կելնեն գրոհի, ուրիշ ճանապարհ չունեն։ Նրանք ձեռքերը բարձրացրած քեզ գերի չեն հանձնվի, երբե՛ք։ Գնդակահարությունը նրանց պատժաչափն է։ Հանձնվեն, թե բերման ենթարկվեն, միևնույն է՝ պատիժը մեկն է։ Հասարակությունն ի վիճակի չէ այդքան թույնն ու թարախն իր մարմնում պահելու։ Նա պետք է օտարի, վտարի, հեռացնի այդ վտանգավոր խոցը։ Դա լավ են հասկանում նաև իրենք՝ ոճրագործները։ Ուրեմն, երբեք չկասկածես, որ նրանք կռվելու են մինչև վերջ։ Միայն խնդրում եմ քեզ, կռվելիս ու գրոհելիս մշակիր նրանց ուժերը քայքայող, ջլատող միջոցառումներ։ Մեղավորը վախկոտ է լինում։ Նրանք վախկոտ են, ուրեմն օգտագործիր նրանց թուլությունը։ Նրանք փախչելու են քեզնից։ Ուրեմն, դու ավելի արագավազ եղիր, որ հասնես ու բռնես նրանց։ Թափանցիր նրանց որջերը, այնպես, որ դու նրանց տեսնես, տեսնես ափիդ մեջ, իսկ նրանք քեզ՝ ոչ։ Ծանոթը նրանց հետ է, չէ՞․․․
Այո՛,— ասաց մայորը։
Նա նուրբ և խելացի աշխատող է։ Նրա գործունեությունը չպետք է սահմանափակել լոկ տեղեկություններ և ինֆորմացիա ստանալու շրջանակներում։ Եթե նա կարողանա իրար դեմ հանել գայլերին, ներքին խժդժություններով քայքայել, ջլատել նրանց ուժերն ու միասնականությունը, քո գործը կհեշտանա։ Իրար ուտելով և գզգզելով, նրանք ոչ միայն կթուլանան, այլև կկորցնեն հանցագործին այնքան բնորոշ զգաստությունն ու զգուշությունը, իսկ դու օգտվիր դրանից, մայոր, օգտվիր․․․ Մի խոսքով, խելքով ու ճարպկությամբ հեշտացրու քո վտանգավոր nւ դժվարին գործը․․․
Մայոր Բագրատունին ամբողջ օրն անցկացրեց պաշտոնավայրում։ Մարկոսյանից իմացավ, որ Զուլումն արդեն ոտքի է կանգնել և արագորեն ապաքինվում է։ Ընդմիջումից հետո հանդիպեց Ծանոթին, որը քաջատեղյակ էր Բագրատունու բնակարանի վրա կատարված հարձակման բոլոր մանրամասներին։ Խումբը բաղկացած է եղել չորս հոգուց՝ Բուլդոգից, Սուրբից, Բոռից և «Պառավից», որը գողերի շրջանում հայտնի է Բալերինա մականունով։
Նրանք որոշել էին սպանել ձեզ,— ասաց Ծանոթը,— քանի որ հիմնական վտանգն սպասում էին ձեզնից, իմանալով, որ իրենց բոլոր գաղտնի քայլերը հայտնի են ձեզ։ Սուրբի հետ ունեցած ձեր խոսակցությունն արագացրեց նրանց որոշումը։ Իհարկե, այս բոլորը ես դեպքից հետո իմացա։ Զուլումը հրահանգավորել էր չորսին թափանցել ձեր բնակարանը, դանակել ձեզ և առանց աղմուկի, առանց հանցանշաններ թողնելու հեռանալ։ Զուլումի և Սուրբի կողմից մշակված էր բնակարան մտնելու յուրաքանչյուր մանրամասն ու յուրաքանչյուր քայլը։ «Բնակարան թափանցել միայն դռնով,— ասել էր Զուլումը։— Երկու պատի ետևում քնած մարդը դռան սղոցելու ձայնը չի լսի, իսկ եթե փորձեք սողոսկել պատուհանից, նա ձեզ կգնդակահարի դեմ֊հանդիման, ճագարների պես»։ Նրանք ծանոթ են եղել ձեր դռան գաղտնիքներին։ Բուլդոգը դեռևս մեկ, մեկուկես ամիս առաջ, գազի սարքավորումներն ստուգող տեսչի վկայականով, եղել է ձեր տանը և աչքի պոչով ստուգել դռան փականքները։ Այնուհետև, Զուլումն սպասում է իր լրիվ ապաքինմանն ու ինչ֊որ մեկի Ժամանելուն, որպեսզի հեռանա Երևանից։ Ձեր և Բալերինայի հետ կապված աղմկոտ պատմությունից հետո, իմանալով, որ մախաթը պարկում այլևս անհնար է թաքցնել, և իրենց հանցագործության արյունոտ հետքերը կոծկելու նպատակով, ոչ կարճ Ժամանակով քաղաքից փախչելու են նաև երեքը։
Ո՞ւմ է սպասում Զուլումը,— հարցրեց մայորը։
Չգիտեմ,— ասաց Ծանոթը,— ինձ ոչինչ չի ասում։ Տղաներից միայն Սուրբին են հայտնի Զուլումի գաղտնիքները։ Սուրբը մի անգամ, սակայն, բերանից թռցրեց, որ պրոֆեսոր Խախանյանի բնակարանից կողոպտված իրերը պահվում են այն մարդու մոտ, որին անհամբեր սպասում է Զուլումը։
Իսկ նա ե՞րբ է գալու․․․
Չգիտեմ․․,
Իսկ որտե՞ղ է նա։
Չգիտեմ։
Նրա հետ կապ պահպանվո՞ւմ է․․․
Չգիտեմ, ընկեր մայոր․․․
Իսկ ինչպե՞ս են բանդիտների փոխհարաբերությունները․․․
Զուլումին ենթարկվում են անառարկելիորեն։ Քրեականների շրջանում նա մեծ հեղինակություն է։ Նրանից վախենում են շան պես։ Նրա խոսքը ընկերների շրջանում օրենքի ուժ ունի։ Ինչ վերաբերում է մյուսներին, ասեմ, Բուլդոգն ու Սուրբը գժտված են։ Բանն այն է, որ Բուլդոգը սիրում էր Բալերինային, իսկ նրան գլխատելու գաղափարը հղացել է Սուրբը և իրականացրել Բոռի հետ միասին։ Բուլդոգը նույն գիշերը քիչ է մնացել դանակահարի Սուրբին, սակայն Բոռը մի կերպ փրկել է ընկերոջը։ Բուլդոգը կորած է, չի երևում։ Ասում են՝ խելագարի նման շրջում է փողոցներում։ Նրան հրամայված է վերադառնալ թաքստոց, հակառակ դեպքում՝ նրան ևս սպասում է Բալերինայի ճակատագիրը։
Ինչպե՞ս է նայում Բալերինայի գլխատման փաստին Զուլումը։ Ճի՞շտ է համարում Սուրբի այդ քայլը։
Միանգամայն։ Գտնում է, որ դա եղել է ամենաճիշտ լուծումը։ Աղջիկը չպետք է խոսեր և նրան չպետք է ճանաչեին։
Այդպե՜ս, այդպե՜ս,— ասես ինքն իրեն խոսելով՝ մայորը դարակից հանեց մի լուսանկար և դրեց Ծանոթի առջև։ Աղջիկը թեթևակի ժպտում էր և դրանից նրա այտերին փոսիկներ էին գոյացել։ Մուգ շագանակագույն աչքերը մաքուր էին, ներքին լարվածության աննշմարելի երանգով։ Սիրունիկ աղջիկ էր։