1. Շահմարի Առեղծվածը

Chapter 16

Chapter 16

Ամառը շոգ էր։ Ջերմ աստիճանի սյունը անցավ քառասունից։ Բնակիչները չվում, փախչում էին քաղաքից, բարձրանում լեռները, իջնում ծովափերը, գնում արտասահման՝ հանգստանալու և տուրիստական ուղևորության։ Գնացողների փոխարեն մայրաքաղաքն ընդունում էր տուրիստական բազմահոծ խմբերի և բարձրագույն ուսումնական հաստատությունները ընդունվել ցանկացող տասնյակ հազարավոր դիմորդների։ Քաղաքը լցվում էր ու դատարկվում։ Շոգը կեսօրին մարդկանց հրում էր դեպի պուրակների ու այգիների ստվերները, ցայտաղբյուրների զով շուրթերը, հրազդանի կիրճը։ Երեկոյան զովաշունչ քամին, որ իջնում էր մերթ Արագածից, մերթ էլ Գեղամա լեռներից, սպասված ցանկալի հյուրի նման, մտնում էր երևանյան տոթակեզ փողոցները, այգիները, տների բաց պատուհաններից ներս և լեռների շնչառությունը խառնում քաղաքի տապին։ Ծովափ մեկնեց պրոֆեսոր Խախանյանն իր, ինչպես ասում են, ամբողջ տնային գրքույկով։ Տանը ոչ ոքի չցանկացավ թողնել։ Առարկեցին, նեղացավ․

  • Մի տնից մեկ տարում երկու գողություն բացառված է։ Հիմա, փառք աստծո, տանելու բան էլ չկա, չունենք։ Իսկ կահույք թռցնող գողեր առ այսօր մարդկությունը չի տեսել․․․

Սյուզաննա Սուրենովնան աղջկա՝ Հասմիկի և փեսացուի՝ Մերժի հետ, «Ժիգուլիով» մեկնեցին Գագրա, իսկ պրոֆեսորը Արեգ Արամովնայի հետ՝ Վառնա։

Վահագն Բագրատունին մնաց քաղաքում։ Մնացին նաև լեյտենանտ Մարկոսյանն ու մայորի ենթակայության տակ գտնվող անձնակազմը։ Քաղաքում բնակարանային կողոպուտի դեպքերը շատացան։ Անզգույշ տանտերերը, որոնք ցերեկը տանը չէին լինում, քիչ դառնություններ չաշեցին։ Սակայն, ինչպես ասում են, դրանք ընթացիկ հոգսեր ու հարցեր էին, և անփորձ գողերը, սովորաբար, բռնվում էին, իրենց թողած «ձեռագրի», մատնահետքերի և ուրիշ վրիպումների հետևանքով։ Իսկ երբ մի անգամ Մարկոսյանն ակնարկեց հանգստանալու և առողջությունը պահպանելու անհրաժեշտության մասին, մայորը կտրուկ մերժեց նրա խնդիրքը։

  • Գիտես ինչ, լեյտենանտ, հանգստանալու համար հանգիստ խիղճ ու հոգի է հարկավոր։ Ճիշտն ասած, իմ խիղճը հանգիստ չէ, քրքրում է ինձ, այս չբացահայտված հանցագործությունը կշռաքարի նման կախված է վզիցս։ Գուցե ես ծիծաղելի վիճակում եմ, գուցե սրտիս շատ մոտ եմ ընդունում մեր վերջին ձախողումները, բայց ես մտքիս մեջ երդվել եմ, որ «մինչև չավարտեմ Զուլումի և Շահմարի գործը, չեմ կարող հանգստանալ, չեմ կարող թողնել իմ հայրենի քաղաքը»։ Ծիծաղելի մարդ եմ, չէ՞․․․ Եթե ցանկանում ես, լեյտենա՛նտ, ես թույլ եմ տալիս քեզ արձակուրդ ձևակերպելու․․․

  • Ո՛չ, ընկեր մայոր,— խոսեց լեյտենանտը,— որտեղ դուք, այնտեղ էլ՝ ես։ Այս օրերին ես չեմ կարող ձեզ մենակ թողնել։ Մենք արձակուրդ կգնանք միասին։

  • Շնորհակալ եմ,— ասաց մայորը,— բայց գոնե մեր ընտանիքներին հարկավոր է հեռացնել այս կրակե կաթսայից։ Լեռնային շրջաններից մեկում մի հարմար տեղ ընտրիր, մեր տնեցիներին ուղարկենք, թող հանգստանան․․․

  • Ստեփանավանից լավ տեղ չենք ճարի։ Եղբայրս այնտեղ հիանալի մենատուն ունի, այգիով և ջրի ավազանով։ Թող գնան․․․

Տնեցիներին ամառանոց ուղարկելուց հետո մայոր Բագրատունին և իր աշխատակիցները ամբողջապես նվիրվեցին այն գործի բացահայտմանը, որը պայմանական կրում էր «Երկու անհայտով հավասարում» անունը։

Comments