Chapter 15
Chapter 15
Կոլեգիայի նիստն այնքան լարված էր, հռետորների ելույթների ջերմաստիճանն՝ այնքան բարձր, որ մայոր Բագրատունին չորս Ժամ շարունակ ասես գտնվում էր միտքն ու հոգին ճմլող, խեղդող քարաբաղնիսում և թաշկինակով անընդհատ սրբում էր ճակատից ու դեմքից առու֊առու հոսող քրտինքը։ Հանրապետության քրեական հետախուզության և օպերատիվ ծառայությունների պետերը, մինիստրության քաղբաժնի պետը, մինիստրի տեղակալները, այնուհետև մինիստրը գործը համարեցին արտակարգ դիպված և հուր ու կրակ էին ժայթքում մայոր Բագրատունու գլխին, նրան մեղադրելով անճարակության, անձեռներեցության, անհեռատեսության, անտարբերության և ան․․․ ան․․․ ան․․․ մեջ։ Եթե հնարավոր չիներ չխոսելը, ինքը չէր խոսի, չէ։ Ի՞նչ խոսեր։ Ի՞նչ ասեր։ Եվ վերջապես, ի՞նչ կարող էր ասել։ Ինչո՞վ և ինչպե՞ս արդարանալ։ Արդարացուցիչ հանգամանքներ չկային, եթե լինեին անգամ, ինքը չէր կառչի նրանցից։ Եթե խեղդվողն ինքն է, ինչո՞ւ ձեռքը մեկնի շյուղին։ Հարկավո՞ր է արդարանալու փորձ անել։ Հարկավո՞ր է անհամոզիչ փաստարկների օգնության դիմել։ Հոգու խորքում, իրերի վիճակը ծանրութեթև անելիս, մայոր Բագրատունին չէր կարող չխոստովանել, որ գոտեմարտն ինքը տանուլ է տվել իր իսկ մեղքով։ Հետաքննության ընթացքում թույլ չէր տվել ոչ մի սխալ։ Ոչ մի սխալ։ Բացարձակապես։ Ամեն բան արված էր զարմանալի ճշգրտությամբ։ Եվ Բագրատունին ցավով հայտնագործեց, որ իր պարտության հիմնական պատճառը բծախնդրության հասնող անսխալականությունն է։ Կենդանի, շարժուն, ստեղծագործական աշխատանքում անսխալականությունը հաճախ քարացածության իրավունք է նվաճում և շրջվում հենց քո դեմ։ Փորձված ու դաժան, անտեսանելի ու հաշվենկատ հակառակորդը կարողացել էր կռահել, նույնիսկ տեսնել հարվածների ճշգրիտ հերթականությունը, որսալ հիմնական հարվածի ուղղությունները և դրանց հակադրել սրամիտ ու ճկուն, պարզ ու անսպասելի քայլեր։ հետևանքը՝ դառը, ցավալի պարտություն։ Հակառակորդի բնածին ճկուն ռեակցիան կարողացել էր կռահել, թե որտեղ է իրեն սպասում մայոր Բագրատունին և հայտնվում էր այնտեղ, ուր իրեն չէին սպասում։ Եվ պայթեցին ու շարքից դուրս եկան գերազանց մշակված գործողությունների բոլոր օղակները։ «Մեզ պակասում էին գործողությունների բազմազանությունն ու ճկունությունը,— խորհում էր մայորը։— Մենք պետք է գործեինք ոչ թե հնարավորի, այլ նաև անհնարինի, անսպասելիի, անօրինաչափի օրինաչափությամբ։ Մեզ պակասում էր հանպատրաստից կողմնորոշվելու, ստեղծագործելու հնարքը։ Այո՛, այո՛, միայն ու միայն անօրինաչափի օրինաչափությամբ, ավազակների առջև գոցելով ճողոպրելու բոլոր մուտքերն ու ելքերը»։ Բագրատունին ձայն, խնդրեց․
Ես ընդունում եմ իմ հասցեին արված բոլոր քննադատական դիտողությունները ոչ թե հավուր պատշաճի, ոչ թե որպես սովորական տուրք՝ ինքնաքննադատության, այլ, ըստ էության, որպես անբեկանելի ճշմարտություն, որպես արձանագրություն դառն պարտության, որպես աննախադեպ փաստ իմ երկարամյա անբասիր գործունեության մեջ։ Արդարանալու փորձ չեմ անելու, թեև արդարացուցիչ փաստարկներ ունեմ։ Չեմ հայցելու կոլեգիայի մեծահոգությունն իմ նկատմամբ՝ մեղմ վճիռ կայացնելու նպատակով։ Պատժեցեք ինձ իմ մեղքի չափով, սակայն թույլ տվեք, որ իմ սկսած գործը ինքս էլ ավարտեմ։ Իմ փչացրած գործը ինքս էլ ուղղեմ։ Հակառակ դեպքում ես պատրաստ եմ զեկույց ներկայացնելու իմ պաշտոնական լիազորություններից հրաժարվելու և ծառայական պարտականությունները վար դնելու կապակցությամբ․․․
Մի խոսքով, կամ ռեաբիլիտացիա, կամ կապիտուլյացիա,— ընդմիջեց նրան մինիստրը,— կամ, կամ․․․ Ի՞նչ կասեք, ընկերներ։ Ինձ թվում է, որ մենք ընկեր Վահագն Բագրատունուն նախ կհայտարարենք նկատողություն ձախողման պատճառով, այնուհետև՝ «փլավը դու ես եփել, ինքդ էլ խփշտիր» ժողովրդական առածի սկզբունքով, ինչո՞ւ չէ, ընդառաջելով նաև նրա ցանկությանը, կհանձնարարենք գործը տանել մինչև վերջ, մինչև այդ բանդայի լրիվ մերկացումը։ Որքան էլ որ դառն խոսքեր ասվեցին Բագրատունու հասցեին, որքան էլ որ անհերքելի է նրանց ճշմարտացիությունը, այնուամենայնիվ, նա մեր այն աշխատակիցներից է, որը շահել է ոչ միայն աշխատանքային ընկերների վստահությունն ու հարգանքը, այլև նրա անունն ու գործը լայն ճանաչում են գտել ժողովրդական զանգվածների մեջ։ Սակայն ինձ դուր չի գալիս ընկեր Բագրատունու կապիտուլյանտական, պարտվողական, արագ նահանջելու տրամադրությունը, որն, իմ կարծիքով, հետևանք է ձախողումից առաջացած ինքնակեղեքիչ տրամադրության և, մանավանդ, վիրավորված ինքնասիրության։ Ուրեմն, այսպես, քվեարկում եմ, դեմ չկա՞․․․ Գնացե՛ք, ընկեր մայո՛ր, կարգի բհրեք, ինչպես ասում են, ձեր տնտեսությունը, շտկեցեք ձեր սխալները։ Մենք ձեզ հավատում ենք, վստահում, հետևապես, ձեզնից պահանջում ենք գործ և միայն գործ․․․
Շնորհակալություն, ընկեր գեներա՛լ,— թեթևացած շունչ քաշեց Բագրատունին,— կաշխատեմ արդարացնել ձեր վստահությունը։
Իսկ փողոցում, երբ երևանյան երեկոյան քամին բարեկամաբար գգվեց նրան և չորացնում էր դեմքի քրտինքը, մայոր Բազրատունին հանկարծ այնպիսի հոգնություն զգաց, որ քիչ էր մնում ծալվեին ծնկները։ Հոգնած ու քաղցած, թշշացող ականջներով և մթնող աչքերով, նա իրեն գցեց առաջին իսկ պատահած խորտկարանը՝ ճաշելու և հոգնած մարմնին հանգիստ տալու համար։
Խորոված խնդրեց և մեկ շիշ օղիւ Քաշվեց մի անկյուն, որ ծանոթները չնկատեն և անծանոթները չխանգարեն։ Մենակություն էր ուզում, ինքն իրեն հետ լինել էր ուզում։ Առաջին բաժակ օղին տաքացած մի լայն շերտ գրավեց մարմնում և ընկավ արյան շրջանառության մեջ։ Եվ պտտվեց։ Եվ պտտվեց։ Եվ պտտվեց, մինչև երկրորդ բաժակը տաքացրեց նաև ցաված ու ցամաքած ուղեղը։ Մտքերը, որոնք ասես օտարվել էին իրենից, նորից վերադարձան և զբաղեցրին իրենց ավանդական բջիջները, անկապտելիորեն իրենց պատկանող տարածքը։ Ուտում էր ակամա, խմում էր հաճույքով և հեշտացնում մտքերի շարժումը, որոնք արդեն չէին չարչարում, չէին տանջում իրենց տիրոջը։ Վիրավորված ինքնասիրությունը կամաց նահանջում, կծկվում էր արթնացող ինքնավստահության առջև, որը օղու ուժով ալիք-ալիք, հորձանք-հորձանք, լափին տալով մղվում էր երակները, հոգու մեջ, մտքերի մեջ, էության մեջ։ Մտածելը դարձավ հաճույք։ Պարզ և տակավին սթափ ուղեղով արդեն առանց չարության մայորը նայում էր իր պարտությանը։ «Իսկ ես ինչո՞ւ չպետք է պարտվեի, ինչո՞ւ․․․ Գործ է։ Դիմացինդ մարդ է։ Աստված քեզ էլ, նրան էլ օժտել է մտածելու, չափուկշիռ անելու, կռվելու, հաղթելու, խորամանկելու հնարքով։ Ի՞նչ կլիներ, եթե միշտ, ամենուրեք հաղթեինք մենք և պարտվեին օրինազանցները, ավազակները․․․ Կլիներ երանելի մի վիճակ, երբ օրինազանցն այլևս չէր մղվի հանցագործության, քանի որ անմիջապես կհագներ կալանավորի շերտավոր համազգեստը։ Մարդիկ սկսում են սովորել միայն այն ժամանակ, երբ գիտակցում են իրենց տգիտությունը։ Մարդիկ հաղթելու արվեստը սովորում են պարտության դառնությունից, պարտության դասերից։ Պարտությունը դաս է, հաղթանակը՝ արդյունք։ Ես՝ պարտված հետախույզս, պարտվել եմ լոկ այն պատճառով, որ հաղթելու հարկավոր զինվածություն չունեի, բայց վստահ էի, որ ունեմ․․․ Բնությունը զարմանալի իմաստուն է իր ներդաշնությունն ու առողջությունը պահպանելու հնարքների մեջ։ Եթե բնության հավասարակշռող, կանխարգելիչ, կարգավորիչ միջոցները այնքան բնականորեն գործեին նաև հասարակական կյանքում, համա՜ թե հետաքրքիր կլիներ։ Տե՛ս, թե ինչ է անում, ինչպես է անողոք դառնում բնությունը, եթե չարաշահել ես նրա համբերությունը, խախտել ներդաշնությունը, կորցրել հարազատությունն ու խորթացել նրան։ Ասենք, եթե ստամոքսիդ գերին ես և չես հարգել, այլ չարաշահել ես նրա հնարավորությունները, ուրեմն՝ փա՛ս, պատիժդ՝ փորհարինքն ու խոցն են և աղքատիկ սննդի անուրախ հեռանկարը։ Եթե չարաշահում ես ոգելից խմիչքը, վերջդ «սպիտակ տենդն» է և գժանոց չքվելը։ Եթե ստրուկն ես կանանց տոթ գգվանքների, և ցանկասիրությունից թանձրացել են միտքդ և արյունդ, պարգևդ կլինի սիֆիլիս խայտառակություն՝ ներքինիանալու վերադիրով։ Բնությունը սիրում է հաճույքներով երես տալ իր ստեղծածներին և հարկավոր միջոցներով՝ պատժել շփացածներին։ Նրա պատժաչափը հաստատուն է և դատավճիռը՝ անբեկանելի։ Եվ ահա դո՛ւ, մայո՛ր Բագրատունի, հասարակության կյանքում այն ուժն ես, այն կարգավորող անձը, որը պարտավոր է հասարակությանը փրկել հոգևոր վնասվածքներից՝ գողությունից, սպանությունից, կողոպուտից, ավազակությունից։ Բնության՝ բնական միջոցների փոխարեն այստեղ գործում են հասարակության համակեցությունը կարգավորող դաստիարակչական և բռնի միջոցները, որոնք օրենքներ են կոչվում և որոնց կիրառման իրավունքը տրված է նաև քեզ։ Ուրեմն, նաև քո աշխատանքից է կախված հասարակության առողջական վիճակը, հասարակության առաքինությունն ու նրա այսօրվա և վաղվա պիտանիությունը։ Փիլիսոփայում եմ,— հաճույքով մտածեց Բագրատունին,— խմել եմ և փիլիսոփայում եմ։ Լավ կլինի այս բաժակը չխմել, թե չէ հազիվ են պարզվել ուղեղս, միտքս, հազիվ եմ ինքս իմ դեմ կռվելով՝ հաղթել պարտված Բագրատունուն»։
Որքա՞ն պիտի վճարեմ,— հարցրեց բուֆետապանին։
Վա՜հ, ընկեր մայո՛ր, ամոթ չէ՞, որ Գարսոն քեզնից փող վերցնի, ազի՜զ,— կուչուձիգ եկավ կարմրաթշիկ ու պատրաստակամ բուֆետապանը։
Դու իմ հարցին չպատասխանեցիր, Գարսո՛։ Դա իմ հարցի պատասխանը չէր, լսո՞ւմ ես։ Որքան եմ վճարելու․․․,— և աչքերը ոլորեց։ Գարսոն խեղճացավ, մնաց։ Հետո հաշվիչի վրա ինչ֊որ հաշիվներ արեց և խեղճ֊խեղճ նայեց մայորին․
Ինը ռուբլի, ազի՛զ․․․
Ես քո ազիզը չեմ, Գարսո՛։ Քո ազիզը անկուշտ գայլն է։ Մյուս անգամ ինձ հետ նման խաղ չխաղաս, լսո՞ւմ ես․․․
Ո՞նց կարամ չլսել, ազի՛զ․․․
Մայորը դրամը վաճառասեղանին նետելով, դուրս եկավ խորտկարանից և անշտապ քայլեց դեպի տուն։