Chapter 10
Chapter 10
Գիշերվա լռության մեջ երկար ու տագնապալից հնչեց դռան զանգը։ Պրոֆեսորի համար գիշերային զանգերն ու այցելություեները արտակարգ երևույթներ չէին։ Հարևանները, ծանոթները, բարեկամները և նրանք, ովքեր գիտեին վիրաբույժի ձեռքերի զորությունը, առանց ժամի ու ժամանակի հետ հաշվի նստելու գալիս էին նրա ետևից՝ իրենց հիվանդներին փրկելու ցանկությամբ։ Պրոֆեսորը մերժելու սովորություն չուներ, իր կոչումը նա տեսնում էր այն անհրաժեշտ օգնության մեջ, որ նա բերում էր հիվանդների փրկությանը։
Նա նստեց անկողնում։ Սեղմեց լամպի կոճակն ու վառեց լույսը։ Հետո անցավ խալաթի ու մանավանդ հողաթափերի որոնումներին։ Ակնոցը չգտավ և մահճակալի ոտքերի մոտ դրված հողաթափերը նա գտավ շոշափելով միայն։ Նորից զանգը․ տենդագին, տագնապալից ու երկար։ Թեթև, հանգիստ մշշոցով քնած էր Սյուզաննա Սուրենովնան, և նրա ներկած մազերը սև թանաքի նման խեղդել էին բարձի ձյունաթույր սպիտակությունը։ «Դեռ ասում էլ է, թե հոգեկան լուրջ ցնցում եմ ապրել,— դժգոհ մտածեց պրոֆեսորը՝ խալաթը ուսին գցելով,— իսկ քնում է չորս դոզա քնաբեր ընդունածի նման, առողջ է, հա՜․․․»։ Հետո հողաթափերը քստքստացնելով շարժվեց դեպի դուռը։ Նորից զնգաց զանգը։
Գալի՛ս եմ,— պատասխանեց անհամբեր այցելուներին և քաշեց դռան երկաթե սողնակը։
Այցելուները չմտան, այլ ներխուժեցին։ Երեք հոգի էին։ Պրոֆեսորը շփոթված ընկրկեց նրանց առջև, որովհետև այցելուները դիմակավորված էին, և երեսները գոցող սև ժապավենից խայթում էին զգուշությամբ շրջապատը դիտող սպառնալից աչքերը։
Դուք․․․ դուք ի՞նչ եք կամենում, ի՞նչ գործ․․․
Սպասի՛ր, պրոֆեսո՛ր,— խոսեց նրանցից մեկը,— մենք քեզ վնասելու չենք եկել։ Եկել ենք բանակցելու, խնդրելու մեր ընկերոջ համար, որի կյանքը հիմա քեզնից է կախված։ Զուլումը մեծ մարդ է, պրոֆեսոր։ Երևանից մինչև Կամչատկա Զուլումի անունը պրոպուսկի ուժ ունի․․․ Դու պիտի փրկես նրան։ Քո աշխատանքի դիմաց մենք բերել ենք մեր սահմանած վարձը, ստացիր ավանսով։ Այս պայուսակի մեջ 20 հազար ռուբլի կա։ Փրկեցիր Զուլումին՝ նույնքան էլ կստանաս մյուս գլխից։ Իսկ եթե մնաց քո դանակի տակ, լսո՞ւմ ես, պրոֆեսոր Խախանյան, եթե մնաց քո դանակի տակ, մենք հո գիտենք քո տան տեղը, մենք հո ճանաչում ենք քո կնոջն ու աղջկան, մենք հո ճանաչում ենք քեզ․․․ Մենք էլ ձեր, հատկապես քո վզի վրա, կփորձենք մեր դանակների սրությունը։ Վախեցնելու համար չենք ասում։ Մի՛ վախենա, որ վիրահատելիս ձեռքերդ չդողան, պրոֆեսո՛ր։ Իսկ հիմա, տղերք,— շրջվեց մյուս երկուսին,— ավանսով մեծարենք մեր պրոֆեսորին․․․
Եվ շփոթված ու համրացած Խախանյանին չտալով նույնիսկ խոսելու կամ շարժվելու հնարավորություն, վերցրեց աջը, մոտեցրեց շրթունքներին, չպպոցով համբուրեց։ Նույնը անձայն կրկնեցին նրա ընկերները և պայուսակը խցկելով պրոֆեսորի ձեռքը, քայլեցին դեպի ելքը․
Բարի գիշեր, պրոֆեսո՛ր․․․
Խախանյանն այլևս չկարողացավ քնել։ Անկողնում պառկած նա ծանրութեթև էր անում գիշերային այցելուներից ստացած իր տպավորությունները։ Վիրաբույժը շփոթված էր։ Նման անկոչ այցելուներ նա չէր ունեցել։ «Դերասաններ են Ժամանակակից քրեականները,— դառնացած մտածում էր նա,— անտուն մուրացիկի դեր են խաղում, որպեսզի օգտվելով մարդկանց առաքինությունից ու գթասրտությունից՝ մաքրազարդեն ունեցած֊չունեցածը։ Մի կողմից ձեռքդ են համբուրում, մյուս կողմից քեզ «սիրաշահում» կոկորդդ կտրելու հեռանկարով։ Համա թե արիստոկրատ ավազակներ են, տունդ են մտնում դիմակավորված և 20 հազար ռուբլի ձեռքներին։ Լա՜վ հոնորար է, մի վիրահատման համար 40 հազար ռուբլի, թյո՛ւ․․․»։ Սյուզաննա Սուրենովնան խռմփացնում էր, և դա ակնհայտորեն ջղայնացնում էր պրոֆեսորին։ «Այդ էր պակաս, որ կինն էլ խռմփացներ։ Գիրացել է։ Հոգս չունի, խռմփացնում է, և որքան այլանդակ ձայներ են դուրս գալիu խռմփացնող կնոջ կոկորդից։ Լա՛վ, լա՛վ, նեղսրտել հարկավոր չէ։ Նրա ամբողջ կյանքը մի լուռ, մի նվիրական հպատակություն է եղել ինձ, իսկ ես քիչ է մնում գարադավոյ կանչեմ և նրան դատարան քարշ տամ՝ խռմփացնելու համար։ Ուրեմն, ես էլ մարդ չեմ, մարդ չեմ, չէ՛,— դառնությամբ խորհում էր պրոֆեսորը,— ուրեմն, դադարել եմ քառասուն տարվա կողակցիս սիրելուց։ Իսկ նա իր ամբողջ կյանքում խմռփացրել է, իսկ ես բոլորովին չեմ նկատել նրա այդ թերությունը, բոլորովի և․․․ Նո՜ր, միայն նոր եմ տեսնում․․․ Ասել է, չեմ սիրում այլևս, ասել է քեֆս, եղանակս սիրային չէ։ Դադարել եմ նրան սիրելուց, որովհետև «երբ ծագում է արևը՝ լուսինն ու աստդերը խամրում են»— տեսնես ո՞ր գրողինն է այս ոչ այնքան օրիգինալ միտքը։ Արեգ Արամովնան Սյուզիին դուրս մղեց ինձնից։ Արեգ Արամովնան։ Նա չի խռմփացնում, բոլորովի՜ն։ Նա ուրի՜շ է․․․»։ Ասիստենաուհուն հիշելը այնպիսի ջերմություն առաջացրեց պրոֆեսորի հոգում, որ մի պահ մոռացավ և՛ գիշերային այցելուներին, և՛ կնոջ խռմփոցը, և՛ արար֊աշխարհ․․․ Այդ կինը երիտասարդացրել էր պրոֆեսորին, խանդավառել նրա թանձրացող արյունը, ճախրանքի թևեր տվել նրան։ Վերահաս ծերությունը նահանջել էր, և երիտասարդությունն իրեն այնքան բնորոշ քնարականությամբ օրորում էր Խախանյանի հոգին։ Նա ուժերի այնպիսի հորդում էր զգում իր մեջ, որ թվում էր, եթե ցանկանա՝ կարող է նստել և գրել, ասենք, սիրային մի բանաստեղծություն, որ եթե ցանկանա՝ կարող է «Արարատ» թիմի կազմում 90 րոպե չափչփել ֆուտբոլային դաշտի լայնքն ու երկայնքը և նույնիսկ գոլ խփել մեր անկարող հարձակվողների փոխարեն։ Արեգ Արամովնան ասավածուհի է, հաճույքով մտածում էր պրոֆեսորը, և ինքը, այո՛, այո՛, այդքան խանդավառող կին չի տեսել, չէ՛։ Նա կարող է երիտասարդացնել ծերունուն։ Նա կարող է հնազանդեցնել նույնիսկ ուսսուրիական անսանձելի վագրերին։ Նա կարող է ամենապրոզայիկ սիրահարին բանաստեղծ դարձնել։ Նա, Արեգ Արամովնան, գեղեցկության և մաքրության այդ տիպարը։ Պրոֆեսորը հիշում է, թե որքան էր զայրացել Արեգը Զուլումի պատճառով։ «Պրոֆեսո՛ր, սիրելի՛ս, նա և նրա նմանները այլանդակում են մեր կյանքի գեղեցկությունը։ Դրանք էին, չէ՞, որ հոշոտեցին, հափշտակեցին արդար քրտինքով ձեռք բերած ձեր հարստությունը։ Դրանք չպետք է տեղ ունենան մեր հասարակության մեջ։ Եվ մի՞թե դուք պետք է փրկեք այդ արյունարբու գազանին»։ Այո՛, այո՛, ամենաքնքուշ, ամենամարդկային սիրտ ունեցող մարդն անգամ, որպիսին է Արեգը, առաջին պահ կարող է դավաճանել բժշկի կոչմանը, և դա զարմանալի չէ, որովհետև մարդասպանի, չարագործի առջև երբեմն նահանջում է մարդասիրությունը։ Թյո՛ւ, պրոֆեսորը նորից հիշեց իր գիշերային հյուրերին, և սիրտը վերստին բաբախեց տագնապով ու ատելությամբ։ Իսկ եթե իր վիրաբուժական դանակն անզոր է փրկելու ավազակին, որ ամենահավանական ելքն է նման ծանր վիրահատության դեպքում, ուրեմն, ի՞նչ, այդ սրիկաները իրեն և իր ընտանիքի անդամներին պետք է ոչխարների նման մորթե՞ն, հը՞․․․ Պրոֆեսորի շունչը բռնվում էր, երբ խորհում էր անհաջող վիրահատության հետևանքների մասին։ «Ե՞րբ են կորչելու այս գողեբն ու մարդասպանները, ե՞րբ․․․ Ասում են՝ այդ երևույթները անցյալի մնացուկներ են։ Անցյալի մնացո՜ւկ․․․ Ոչ միշտ, ոչ միշտ․․․ Ասում են՝ գողությունը սոցիալական արմատ ունի, սոցիալական չարիք է։ Այո՛, այո՛, սոցիալական արմատ ունի, ինքնըստինքյան սոցիալական չարիք է։ Բայց մեր օրերում գողերից շատերը գողության են մղվում ոչ չունևորության կամ աղքատության հետնանքով։ Անցյալի մնացո՜ւկ, սոցիալական չարի՜ք, լոզունգային բանաձևումներ են, իսկ մա՞րդը, մա՞րդը, նրա հոգի՞ն, նրա հակվածությո՞ւնը․․․ Չպետք է երևույթին պատրաստի գնահատականներ կպցնել։ Դրանով գործին չես օգնի։ Պատրաստի դեղատոմսեր չկան, կան ախտորոշումից բխող բուժամիջոցներ և դեղեր։ Հարկավոր է երևույթների խորքը նայել։ Մարդը, նրա հոգեկան աշխարհի ամբողջ կոմպլեքսը դեռևս քիչ է ուսումնասիրված, չի ուսումնասիրված․․․ Ութ ամսական երեխայի ձեռքից ո՛չ ուժով, ո՛չ էլ համոզելով չես կարող տիկնիկը, խաղալիքը վերցնել։ Նրա մեջ նստած է փոքրիկ, բայց անհաղթահարելի սեփականատերը։ Խաղալիքը իրենն է, ոչ քոնը, հասկանո՞ւմ ես, փորձիր վերցնել, այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնի, որ մի փութ շոկոլադով չես փրկվի, չես շահի սիրտը․․․ Ուրեմն, ի՞նչ․․․ Այդ ծծկերի մեջ անցյալի մնացուկնե՞րն են հոտում, հը՞․․․ Չլինի՞ անցյալի մնացուկները գենետիկական ակտիվություն ունեն, հը՞․․․ Չլինի՞ ժառանգական են, հը՞․․․ չլինի՞, չլինի՞․․․ Մարդը չի ուսումնասիրված։ Հոգեբանները մարդկային հոգեբանությունը, մարդկային հոգեկան շարժումները փորձում են բացատրել քարացած սահմանումների միջոցով։ Փորձում են, թող փորձեն, փորձը փորձանք չէ, բայց օգուտն ի՜նչ․․․ Գրողները, մարդկային հոգու այդ ճարտարապետները, ընդհակառակը, հոգու, ներքնաշխարհի գաղտնիքները բացում են այնպիսի յուրօրինակ վերլուծությամբ, որ չի ենթարկվում ոչ մի օրինաչափության։ Եվ դա ճիշտ է, ճիշտ է, ցավագնորեն ճիշտ է, որքան մարդ, նույնքան՝ բնավորություն։ Ամեն մարդ ծնվում, ապրում և մեռնում է յուրովի։ Խնդրե՜մ․․․ Այս էլ կոմս Լև Տոլստոյը։ Օ՜, այդ Տոլստոյը, որը կարողանում է մարդու հոգուն նայել և՛ հասարակության շղթայի մեջ, և՛ նրանից անջատ՝ միայնության մեջ։ Գողության, մարդասպանության, կաշառակերության, կաշառատվության պատճառները պետք է ուսումնասիրվեն անհատի ու հասարակության փոխհարաբերության, մարդու հոգեկան աշխարհի ամբողջ կոմպլեքսի խոր ուսումնասիրության միջոցով։ Եվ պրոֆեսորի միտքը նորից մեխվեց գիշերային այցելուներին։ Այն մարդիկ, որոնք քո ձեռքի զորությունն ու ուժը աստվածացնում են, համբուրում քո աջը, որով դու կռվում և հաղթում ես մարդու բկին չոքած մահին, նույն այդ մարդիկ առանց տատանվելու, առանց երկմտելու և խղճի խայթի պատրաստ են կտրելու քո կոկորդը, միայն նրա համար, որ մահվան հետ մենամարտելիս կարող ես պարտվել։ Ուրեմն, ես մահվան բերանից պետք է խլեմ ոչ միայն այդ ավազակ Զուլումին, այլև նրա փրկությամբ փրկեմ նաև պրոֆեսոր Խախանյանի կյանքը։ Թյո՛ւ․․․»։
Հերիք է խռմփացնես, բավակա՛ն է,— գոռալով բոթեց կնոջը,— այնպես ես խզխզում, որ կրծքիդ տակ ասես փտած գերան են սղոցում, բավակա՛ն է․․․
Կինը սարսափած վեր թռավ։ Նա ձեռքով բռնել էր կուրծքը, աչքերը փակ էին։ Լեզվին բառեր չկային և չէին գալիս։ Պրոֆեսորը հանկարծ խղճաց նրան։ Բռնեց ուսերից․
Սչուզի՛, սիրելի՛ս, ախր, խռմփացնում ես, պառկիր աջ կողքիդ։
Տանը բա՞ն է պատահել,— նվաղած ու տագնապոտ ձայնով խոսեց կինը՝ գլուխը վերստին դնելով բարձին և տեղնուտեղը շարունակելով խռմփացնելը, այս անգամ ավելի անողոքաբար։
Ո՜ւխ,— տնքաց պրոֆեսորը,— սա արդեն, այլ երգ է։ Սա արդեն մորթվող խոզի խռնչոց է, ո՜ւխ․․․ Բայց ավելի լավ է մորթվող խոզի մասին մտածել, քան մորթվող մարդու, ո՜ւխ․․․
Լուսացել էր։ Բացվել էր ապրիլյան հեքիաթային առավոտը։ Պատուհանի տակ յասամանի ճյուղերին արդեն սրվել էին բողբոջների ականջիկները, որոնք աղվամազոտ էին, փայլփլուն, ասես լաքած։ Երգում, ծլվլում էին թռչունները։ Զանգվի ձորից ջրի խուլ շառաչ էր բարձրանում և մարում այգու թավուտներում։ Պրոֆեսորը նայեց ժամացույցին։ Բարձրացավ, հագավ խալաթն ու հողաթափերը և մոտեցավ հեռախոսին․
Մայո՞րն է․․․ Բարի առավոտ, մայո՛ր։ Ձեր Զուլումի փրկության սակագինը անսովոր կերպով բարձրացել է։ Նրա ընկերները այս գիշեր ինձ 20 հազար ռուբլի բերեցին, այո, այո, զարմանալի ոչինչ չկա, 20 հազար, դեռ ավելին, խոստացան նորից այդքան տալ, եթե նրան փրկեմ մահից։ Կարծեմ, դուք էլ եք նույնը ցանկանում, չէ՞․․․ Դե, որ ցանկանում եք, ինձ տվեք 40 հազար ռուբլի հոնորարը, կամ եթե այդպիսի հնարավորություններ չունեք, գոնե խոստացեք, որ թույլ չեք տա չարագործներին՝ կոկորդս կտրելու և ոչնչացնելու իմ տունն ու ընտանիքը․․․ Ո՛չ, ո՛չ, խմած չեմ և չար երազներ չեմ տեսել։ Տեսել եմ, պարզապես, չար մարդկանց և, որ ավելի ցավալի է, հասարակական կարգն ու կանոնը պահպանելու կոչված անզոր, անձեռներեց մարդկանց․․․ Աշխատել է հարկավոր, մայոր Բագրատունի, աշխատե՛լ․․․
Եվ սրտնեղած նետեց լսափողը։