Chapter 1
I
Ես հարցնում եմ Ավագին. — Մնո՞ւմ է այն վարագույրը… — Մնում է։ — Իսկ մա՞յրը… — Մայրը դեռ հավատում է։ Հետո բարձրանում է մի այլ վարագույր և երևում են արևի շողերով ողողված Արաքսի տափարակը, առափնյա դեղնած եղեգները, որոնք հազիվ օրորվում են գետի զովից։
Ավագի հետ հասնում ենք հնձած արտերի սահմանին և նստում միայնակ չինարու տակ։ Ընկերս սրբում է քրտնած ճակատը և արևից այրված ալքերը դարձնում մութ սաղարթի կողմը։ Ճյուղերի վրա նստել են գեր սարյակներ և դաշտային գորշ ճնճղուկներ։ Նրանք անհանգստանում են և թվում է, թե հարցնում են իրար, թե ի՞նչ մարդիկ ենք, հրացան չկա՞ մեր ձեռքին, կամ քար չե՞նք առնի։ Ապա հանդարտվում են, որովհետև ծեր սարյակը հանդիմանում է նրանց անտեղի հուզմունքի համար։ Այնուամենայնիվ թռչունները բարձրանում են վերևի ճյուղերի վրա։ Նրանք կորչում են տերևների արանքում և չի դադարում թռչնային անհանգիստ զրույցը։
Շոգից և հոգնածությունից ծանրանում են իմ կոպերը և երբ փակում եմ աչքերս, լսում եմ հազարավոր գերանդիների խշշոց, նույնիսկ հասկերի վայր ընկնելը։ Հետո սաստկանում է այդ խշշոցը, զով է լինում և լսում եմ բազմաթիվ նիզակների իրար զարկվելը։ Աղմկում են եղեգները… Երևի գետի հունով լեռներից իջնում է սառը հոսանքը։
Ապա մեկնվում եմ Ավագի կողքին և աղմկող եղեգների արանքից նայում Արարատին։ Երևում են լեռան մուգ կապույտ ստվերները, վրան ձյունի նման սպիտակ ամպ։ Երբ օրորվում է եղեգը, օրորվում է և լեռան կապույտ ստվերը, հազիվ նշմարելի դողում է գագաթի սպիտակ ձյունը, որ ցուրտ ցոլք է տալիս շիկացած օդում։
Ու լիաթոք շնչում եմ զովը, որ իջնում է լեռան բարձր գագաթից, ամպի նման սպիտակ ձյուներից և այն կապույտ, ինձ համար հավիտյան անհասանելի ամպերից…
Գետնի կավն արևից ճաքել է։ Խոր ճեղքերից բարձրանում է խանձված հողի բույր։ Մի սարդ հյուսել է ոստայնը ճեղքի վրա, ծղնոտի ծայրր մոտեցնում եմ ոստայնին և հողի մթին խորքից դուրս է վազում քաղցած գազանը՝ բրդոտ մի սարդ և ամեհի արագությամբ պտույտ է անում ոսկեգույն թելերի վրա, անհամբեր փնտրելով որսը։
Ծղնոտների արանքում մի սև բզեզ գլորում է աղբի գունդը։ Ահա նա, աղբակեր սկարաբեյը, այն բզեզը, որին եգիպտացիք անվանում էին սրբազան, որովհետև հավատում էին, թե նա գլորում է երկրագունդը, ինչպես այս կլոր աղբը։ Մի րոպե նա սևին է տալիս ծղնոտների մեջ, ապա աղբագունդի հետ գլորվում հողի ճեղքը։
Ես մատնեքով տրորում եմ կավը, ամենահին նյութը, որ կա այս տափարակում։ Քանի՜ ոտքեր, քանի՜ սմբակներ և անիվներ անցել են այս կավի վրայով, ինչքա՜ն է ծեծել ձյունը, և հողմը, և՛ արևը, և՛ անձրևը։
Անմռունչ, հավիտյան համր կավ…
Ահա հեռվում երևում են այգիների գորշ պարիսպները և տների պատերը՝ կառուցված նույն հին կավից։ Արևը խանձել է, քամին և անձրևը պոկել են պարիսպների կատարները, մի տեղ փոս արել, մի ուրիշ տեղ թողել սրածայր։
Նստել են կավե հին պատերն այս ընդարձակ դաշտում, ինչպես չոքած ուղտեր։ Նրանցից մեկը ցցել է վիզը, մյուսի միայն սապատն է երևում, երրորդը չոքել է առաջին ոտքերի վրա, կարծես հիմա պիտի իջեցնի և հետին ոտքերը։
Գնա մինչև հին Բաբելոն, էլամների աշխարհը, մինչև Աղի լիճը և Միջագետքի խանձված դաշտերը, ամեն տեղ կտեսնես այս բիբլիական կավը, մահարձանի պես մի չինար և սրբազան բզեզներ։
Իսկ այս դաշտում ինչքան արագ են մահանում պարիսպները, երկաթե անիվները տրորում են բրդոտ սարդերին և արգավանդ կավը ուռճանում է նոր սերմերով։
— Վե՛ր կաց, Ավագ, զովն ընկավ…
Նրան անվանում էին Սեթ, և որովհետև հայրը վաղուց էր մեռել, կոչում էին մոր՝ Երանուհու անունով՝ Երանի տղա Սեթ և կամ՝ Երանի Սեթ։
Կարճ էր հասակը, թե բարձր, թավ էր ձայնը, թե բարակ, և գիտե՞ր նա սրինգ նվազել, սիրե՞լ էր նա մի աղջկա և հենց այդ չինարու տակ մեզ նման հանգստացե՞լ էր նա, երբ վերադառնում էր Արաքսի ափերի արտերից,— այդ բոլորն ինձ չավանդեց իմ ընկեր Ավագը, կամ գուցե և պատմեց, սակայն իմ հիշողության մեջ ժամանակը խունացրեց այդ պատմության պայծառ գույները։ Եվ հիմա, երբ գրում եմ նրա մասին, որին չեմ տեսել, ես իմ ընկերոջ պատմածից հիշում եմ այն, որ Երանի Սեթը գյուղի ամենալավ սերմնացանն էր։
Այս կողմերում Արաքսը գարնանը ելնում է իր ափերից, վարար ջրերը տիղմ են փռում լայն տափարակի վրա և առափնյա եղեգնուտները դառնում են կանաչ կղզիներ։ Սերմնացանը ցանում է սերմը, երբ ետ են գնում ջրերը, և գետնին նստում է թաց տիղմը։ Նա հանում է ոտքերը, մինչև ծնկները վեր քաշում և փայտյա կոտը պարանոցից կախ գնում է օրոր և հավասար քայլերով։ Գնում է և աջ ձեռքով լիաբուռն վերցնում ծանր հատիկները, որ մի վայրկյան շողում են արևի տակ, ինչպես ճնճղուկների երամը, և ծանրությամբ ընկնում հողի մեջ։
Ահա այդպիսի սերմնացան էր Սեթը, հողի մշակ։ Ուներ մի մայր, մի հին տնակ, երկու բարդի, որի կատարին ամեն տարի ծանոթ արագիլը նորոգում էր բույնը և պառավ Երանի համար բերում գարնան խնդություն, ինչպես մյուս արագիլները՝ գյուղի մնացած տների համար։
Երբ արագիլը տղմուտ հողերում այլևս գորտ չէր բռնում, ուրեմն ետ էին գնացել Արաքսի ջրերը և ժամանակն էր, որ Սեթը կախեր կոտը, սերմ ցաներ, իսկ մայրը ելներ փորելու բակի մարգերը, որոնց կեսը փչացնում էին հարևանի հավերը, իսկ սոխի մարգում պառկում էր իր՝ Երանի կատուն։
…Այս ամենապարզ պատմությունն է, ամենից հասկանալին։ Գյուղը դաշնակների թիկունքում, գյուղում գաղտնի պատրաստություններ ապստամբության, երբ հարավից արշավեր կարմիր հեծելազորը։ Ահի գիշերներ, բռնություն, վախ, կողոպուտ։ Գիշերներ, երբ դեպի դիրքերն էին քշում սովահար մի բազմություն, երբ դիրքերից ետ էին փախչում նրանք, որոնք ուզում էին քրտինք թափել հողի վրա, արտերը ջրել և ունենալ խաղաղություն իրենց խեղճ խրճիթներում։
Երբ գյուղում հարավից լսեցին թնդանոթի առաջին որոտը, և նահանջող թշնամին ետ դարձրեց ձիերի գլուխը, թշնամու թիկունքում պայթեց ապստամբությունը, որպես արձագանք այն առաջին որոտի, որ խրճիթներին ավետեց ազատություն դաշնակցական գերությունից։
Արև էր, էլի արագիլներ կային և յուղոտ փայլով արևի տակ շողում էր արգավանդ տիղմը։ Հանկարծ գնդակների տարափ տեղաց և եղեգնուտների կողմը, որտեղ սպիտակ ձիավորների դեմ ամրացել էին մի խումբ ապստամբ գյուղացիներ։
Սեթը չոքեց այն չինարու հետևը, և որոտաց նրա հրացանը։ Արշավող ձիավորների վախեցած երամը շաղ եկավ, ապա նորից գունդ կազմեցին և թաց հողերի վրայով ձիերը քշեցին դեպի միայնակ ծառը, որ սև ստվերը նետել էր ամայի դաշտում։
Երեկոյան կարմիր հեծելազորը գյուղը մտավ։
Միայն մյուս առավոտ, երբ եկան և ծանոթ թնդանոթները, դաշտի բարակ արահետով, եղեգնյա պատգարակի վրա ընկերները տուն բերին սպանված սերմնացանի մարմինը։ Նրա սրունքները մերկ էին, մի կողքի վրա չորացած տիղմ էր և խառնված արյուն։ Երևում էր միայն սառած աչքը, որ նայում էր անշարժ, ինչպես գորշ ամպը՝ անհունի խորքից…
Նա արնաքամ սողացել էր թաց հողերի վրայով դեպի եղեգները, դեպի ջուրը, կոշտ մատներով չանգռել էր գետինը, ցեխոտել էր մատները և անզգայության մեջ ցեխոտ մատներով սեղմել էր թրատված ուսը։ Հետո երեսնիվայր թաղվել էր սառը հողում՝ որպես ոսկեհատ սերմ։
Ես նայում էի մի ցածր դռնակի, որի հետևը ո՛չ ձայն կար, ո՛չ շարժում։ Արևմուտին այնքան բարձր էին երևում բակի երկու բարդիները։
— Երան հորաքույրը ո՛չ տղայի դիակը տեսավ, ոչ թաղումը։ Երբ նրան հայտնում են, որ ահա բերում են, նա ճչով դուրս է վազում, բայց մինչև շեմքը չի հասնում… Չորս օր մնում է ուշաթափ։ Ասում էին, որ կմեռնի…