1. Սարքիր ինքդ

Chapter 5

V

Լին ու ռոբոտները մնացին քաղաքում, որ սպասեն դատարանի վճռին, իսկ Նայթը թռավ տուն։

Նա թեթեւացած շունչ քաշեց, իմանալով, որ ամեն ինչ վերջացել է եւ ոչ այնքան վատ, ինչպես ինքն էր կարծում։ Համենայն դեպս, իրեն ծաղրի առարկա, հիմար ու գող չդարձրին։ Լին պաշտպանեց իր արժանապատվությունը, բայց արդյոք փրկե՞ց կաշին՝ դեռեւս հայտնի չէր։

Դեռ օդում Նայթը տեսավ իր տունը եւ զարմանքով նկատեց, որ այն փոխվել է։ Տունը շրջապատված էր բարձր սյուների օղակով։ Իսկ սիզամարգերում կանգնած էին մեկ տասնյակից ավելի ինչ֊որ մեխանիկական հրեշներ, որոնք նմանվում էին հրթիռների։ Նայթն իր թռչող սարքը ուղղեց ներքեւ եւ գլուխը դուրս հանեց, որ ավելի լավ տեսնի։

Սյուները մոտ տասներկու ոտնաչափ բարձրություն ունեին։ Նրանք պահում էին հաստ մետադալարը, տունը օղակներով պողպատե հաստ ցանցով։ Սիզամարգերում կանգնած մեխանիկական հրեշները մարտի էին պատրաստվում։ Բոլոր հրթիռները նշան էին բռնել Նայթի վրա։ Ու Նայթի սիրտը քիչ մնաց պայթեր նրանց նայելուց։

Նա զգուշորեն անցավ վայրէջքի եւ շունչ առավ միայն այն ժամանակ, երբ անիվները դիպան վայրէջքի հրապարակին։ Հենց որ դուրս եկավ խցիկից, տան անկյունից նրան ընդառաջ շտապեց Ալբերտը։

— Ի՞նչ է կատարվում այստեղ,— հարցրեց նա ռոբոտին։

— Միջոցներ են ձեռք առնված, եթե հանկարծ արտակարգ դրություն ստեղծվի,— ասաց Ալբերտը։— Ահա եւ ամենը, տեր իմ։ Մենք պատրաստ ենք բոլոր անակնկալներին։

— Էլ ի՞նչ անակնկալներ…

— Օ՜, եթե ամբոխը հանկարծ որոշի ինքնադատաստան անել։

— Կամ էլ եթե դատարանը մեզ համար աննպաստ վճիռ կայացնի՞։

— Դա նույնպես, տեր իմ։

— Հո դուք չե՞ք կռվելու ամբողջ աշխարհի դեմ։

— Մենք չենք ուզում ետ գնալ,— ասաց Ալբերտը,— ոչ ես, ոչ էլ իմ երեխաները չենք հանձնվի «Սարքիր ինքդ» ընկերությանը։

— Կռվե՛լ մինչեւ արյան վերջին կաթիլը,— բացականչեց Նայթը։

— Կռվե՛լ մինչեւ արյան վերջին կաթիլը,— բարկացած ասաց Ալբերտը։— Իսկ մենք՝ ռոբոտներս, խիզախորեն ենք մարտնչում։

— Եվ տան շուրջը դասավորված այն կրակողները…

— Մեր պաշտպանական ուժերն են, տեր իմ։ Հրթիռները կխփեն նկատակակետին։ Ունենալով հեռադիտակ աչքեր, հաշվիչ եւ սենսոր հարմարանքներ, դրանք, արձակվելուց հետո, մտածողության մնացորդային ունակության շնորհիվ, իրենք գիտեն, թե ինչ պետք է անեն։ Եթե նրանք կպչեն մեկի պոչից, էլ պրծում չկա։ Կանգնիր ու նայի՜ր։

Նայթը հոնքերը վեր բարձրացրեց։

— Դուք պետք է հրաժարվեք այդ մտքից, Ալբերտ։ Ձեզ կոչնչացնեն մեկ ժամվա ընթացքում։ Մի ռումբը…

— Ավելի լավ է մեռնենք, քան հանձնվենք։

Նայթը հասկացավ, որ վիճելն անօգուտ է։

Նա մտածեց, որ վերջիվերջո ռոբոտները զուտ մարդկայնորեն են վարվում։ Այն, ինչ ասաց Ալբերտը, բազմիցս կրկնվել է մարդկության պատմության մեջ։

— Ես նորություն պիտի հայտնեմ,— ասաց Ալբերտը։— Դուք գոհ կմնաք։ Ես հիմա աղջիկներ ունեմ։

— Աղջիկնե՞ր։ Մայրական բնազդո՞վ։

— Վեց աղջիկ,— հպարտորեն ասաց Ալբերտը։— Ալիսա, Անգելինա, Ագնեսա, Ագաթա, Ալբերտա եւ Աբիգայլ։ Ես չեմ կրկնել «Սարքիր ինքդ» ընկերության սխալները։ Նրանց կանացի անուններ եմ տվել։

— Եվ բոլորն էլ բազմանո՞ւմ են։

— Եթե դուք տեսնեի՜ք այդ աղջիկներին։ Մենք յոթս էլ անդադրում աշխատում ենք։ Մեր նյութերը վերջացան, ու ես ստիպված եմ շատ բան գնել պարտքով։ Հուսով եմ, դուք չեք առարկի։

— Ալբերտ,— ասաց Նայթը, մի՞թե դուք չեք հասկանում, որ ես սնանկացել եմ։ Կործանվել։ Ես մի ցենտ անգամ չունեմ։ Դուք ինձ սնանկացրիք։

— Ընդհակառակը, տեր իմ, մենք հռչակեցինք ձեզ։ Ձեր անունը զարդարում է լրագրերի առաջին էջերը, ձեզ ցույց են տալիս հեռուստատեսությամբ։

Նայթը հեռացավ Ալբերտից եւ, սայթաքելով սանդուղքի աստիճանների վրա, մտավ տուն։ Նա տեսավ ձեռքերի փոխարեն փոշեծծիչով մի ռոբոտի, որ մաքրում էր գորգը։ Նա տեսավ մատների փոխարեն վրձիններով ռոբոտի, որը ներկում էր դռներն ու պատուհանների շրջանակները։ Նա տեսավ քերիչով ռոբոտի, որը մաքրում էր բուխարում աղյուսները։

Գրեյսը ինչ֊որ բան էր երգում իր արվեստանոցում։

Նայթը գնաց արվեստանոց։

— Ա, դո՞ւ ես,— ասաց Գրեյսը։— Ե՞րբ ես եկել, սիրելիս։ Ես մոտավորապես մեկ ժամ հետո կազատվեմ։ Հիմա ծով եմ նկարում, եւ ջուրը ոչ մի կերպ չի ստացվում։ Չեմ էլ ուզում աշխատանքը կիսատ թողնել։ Վախենում եմ, որ գույնի զգացողությունս ինձ դավաճանում է։

Նայթը գնաց հյուրասենյակ եւ նստեց աթոռին։ Մոտակայքում ոչ մի ռոբոտ չկար։

— Գարեջուր,— ասաց նա, սպասելով, թե ինչ կլինի հետո։

Խոհանոցից վազելով հայտնվեց մի ռոբոտ՝ փորի փոխարեն տակառ, որի ներքեւում ծորակն էր, իսկ կրծքին կախված էին մի քանի պղնձե գավաթներ։

Նա գարեջուր լցրեց գավաթի մեջ։ Գարեջուրը սառն էր եւ հաճելի։

Նայթը նստել ու գարեջուր էր խմում, երբ հանկարծ պատուհանից տեսավ, որ Ալբերտի պաշտպանական ուժերը նորից մարտական դիրք ընդունեցին։

Համա թե գործ է՜… Եթե դատարանը վճիռ կայացնի ոչ իր օգտին, եւ «Սարքիր ինքդ» ընկերության ներկայացուցիչները այստեղ գան իրենց գույքի ետեւից, կսկվի մարդկության պատմության մեջ ամենաֆանտաստիկ քաղաքացիական պատերազմը, եւ մարդկության հետքն անգամ չի մնա։ Նա փորձեց մտովի պատկերացնել՝ ինչպիսի մեղադրանքներ կներկայացնեն իրեն, եթե սկսվի այդ պատերազմը։ Չինված ապստամբություն, դիմադրություն՝ կալանքի վերցնելիս, խռովության կազմակերպում։ Է՛հ, մեղադրելու բան կգտնես, եթե, իհարկե, ինքը կենդանի մնա։

Նա շրջվեց դեպի հեռուստացույցը եւ թեքվեց առաջ։

Պզուկոտ մեկնաբանը սովորական ժուռնալիստական փրփուրն էր թափում։

— «…գործնական կյանքը փաստորեն դադարել է։ Շատ արդյունաբերողներ վախենում են, որ իրենց դիմադրությունը երկար չի տեւի, եթե Նայթը շահի գործը։ Նրանք ստիպված կլինեն մեծ գումարներ ծախսել դատարանում ապացուցելու համար, որ իրենց ձեռնարկություններում եղած ավտոմատ սարքերը ոչ թե ռոբոտներ են, այլ մեքենաներ։ Կասկած չկա, որ ձեռնարկությունների ավտոմատ սարքավորումների մեծ մասը բաղկացած է մեքենաներից, սակայն արտադրությունը ղեկավարում են ռոբոտների տիպի խելացի համակարգեր։ Եթե այդ համակարգերն սկսեն դիտվել ոչ որպես ռոբոտներ, ապա արդյունաբերողների դեմ գործեր կհարուցվեն վնասների հատուցման համար, իսկ գուցեեւ քրեական գործեր՝ անօրինական ազատազրման համար…

Վաշինգտոնում շարունակվում են խորհրդակցությունները։ Ֆինանսների մինիստրությունը անհանգստացած է, որ կնվազեն հարկային գանձումները։ Սակայն էլ ավելի լուրջ խնդիրներ են կանգնած կառավարության առջեւ։ Օրինակ, քաղաքացիության հարցը։ Եթե վճիռը կայացնի հօգուտ Նայթի, ապա դա կնշանակի՞ արդյոք, որ բոլոր ռոբոտներին ինքնաբերաբար պետք է հայտարարել քաղաքացի։

Քաղաքական գործիչները նույնպես ունեն իրենց հոգսերը։ Կանգնած լինելով նոր կատեգորիայի ընտրողների առջեւ՝ բոլորը մտածում են, թե ինչպես նվաճեն ռոբոտների ձայները»։

Նայթն անջատեց հեռուստացույցը եւ ավելի հարմար նստեց, որ գարեջուր խմի։

— Գարեջուրը լա՞վն է,— հարցրեց գարեջրի ռոբոտը։

— Գերազանց,— պատասխանեց Նայթը։

Օրերն անցնում էին։ Լարվածությունն աճում էր։

Լին եւ ռոբոտ իրավաբանները ոտիկանության պահպանության տակ էին։ Առանձին շրջաններում ռոբոտները խումբ֊խումբ հավաքվում էին եւ փախչում էին լեռները, վախենալով ամբոխի դատաստանից։ Արդյունաբերության որոշ բնագավառներում ավտոմատ համակարգերը գործադուլ էին հայտարարում, պահանջելով բանակցություններ վարելու իրավունք։ Որոշ նահանգներում նահանգապետները մարտական պատրաստ վիճակում էին պահում ոստիկանությանը։ «Քաղաքացի ռոբոտ» նոր ներկայացումը Բրոդվեյում սուլոցներով ընդունվեց քննադատների կողմից, բայց հասարակությունը տոմսերը վաղօրոք էր գնել։

Վճռական օրը մոտենում էր։

Նայթը նստել էր հեռուստացույցի մոտ եւ սպասում էր, թե դատավորը երբ կհայտնվի։ Նա լսում էր, թե հետեւում ինչպես են աղմկում հավաքված ռոբոտները։ Գրեյսը ուրախ մի երգ էր երգում արվեստանոցում։ Նայթը ինքն իրեն հարց տվեց, թե Գրեյսը դեռ շա՞տ պետք է զբաղվի նկարչությամբ։ Այս հրապուրանքը մյուսներից երկար էր շարունակվում, եւ երկու օր առաջ նա Ալբերտի հետ խոսում էր Գրեյսի կտավների համար պատկերասրահ կառուցելու մասին, որ տունը դատարկվի։

Էկրանի վրա հայտնվեց դատավորը։ Նայթը մտածեց, որ դատավորը նման է այն մարդուն, որը չի հավատում ուրվականների եւ հանկարծ տեսնում է նրանց։

— Ինձ երբեք չէր վիճակվել այսքան դժվարին վճիռ կայացնել,— հոգնատանջ ասաց նա,— քանզի հետեւելով օրենքի տառին, ես կարող եմ կործանարար ազդեցություն թողնել նրա ոգու վրա։ Օրենքների եւ տվյալ գործի բոլոր պարագաների երկարատեւ ուսումնասիրությունից հետո ես վճիռ եմ կայացնում հօգուտ պատասխանողի։ Գորդոն Նայթի։ Սակայն, կայացնելով սույն վճիռը,— շարունակեց դատավորը,— ես ստեղծում եմ մի միջադեպ, որը կարող է ունենալ շատ հեռուն գնացող հետեւանքներ։ Ռոբոտները գույք չեն համարվում եւ որպես այդպիսիսն ենթակա չեն հարկման։ Այդ դեպքում նրանք պետք է մարդ լինեն, իսկ դա նշանակում է, որ կարող են օգտվել բոլոր իրավունքներից եւ արտոնություններից ու, դրա հետ միասին, պատասխանատվություն կրել եւ պարտականություններ ունենալ, ինչպես մարդիկ։ Ես չեմ կարող այլ վճիռ կայացնել, սակայն այս ամենը չի տեղավորվում իմ գիտակցության մեջ։ Այսպիսի բան առաջին անգամ է պատահում իմ ողջ կյանքի ընթացքում, եւ ես դեռ հույս ունեմ, որ վերադաս դատական օրգանները ավելի իմաստուն կլինեն, քան ես, ու հարկ կհամարեն վերանայել իմ վճիռը։

Նայթը վեր կացավ եւ դուրս եկավ այգի, որը փռվել էր հարյուրավոր ակր տարածությամբ։ Այգու գեղեցկությունը փոքր֊ինչ փչացնում էր տասներկու ոտնաչափ բարձրությամբ արգելապատը։

Դատավարությունը շատ լավ ավարտվեց։ Մեղադրանքը հանեցին Նայթի վրայից․ նա հարկեր չի վճարելու։ Իսկ Ալբերտը եւ մյուս ռոբոտները դարձան ազատ թռչուններ ու կարող էին անել ինչ քեֆներն ուզեր։

Նա գտավ մի քարե նստարան, նստեց ու սկսեց նայել լճին։ Նրա այգին հրաշալի էր․ հենց այդպիսի այգի էր երազում… Այգին նույնիսկ ավելի գեղեցիկ էր, քան իր երազածը՝ ծառուղիներով եւ կամրջակներով, ծաղկաթմբերով եւ նավերի մոդելներով, որոնք քամուց օրորվում էին ծփացող ջրերի վրա։

Նայթը նստել ու նայում էր։ Սքանչելի էր, բայց զգաց, որ չի հպարտանում, չի սքանչանում իր այգիով եւ գոհունակություն չի զգում։

Նա ձեռքերը վերցրեց ծնկներից եւ, մատները սեղմելով, ասես գործիք էր բռնել, նայեց դրանց։ Բայց իր ձեռքերում ոչինչ չկար։ Եվ հասկացավ, թե ինչու է այդպես անտարբեր այգու նկատմամբ ու ոչ մի գոհունակություն չի զգում։

Երկաթուղու մոդել։ Նետուաղեղ։ Մեխանիկակենսաբանական շուն։ Կավագործություն։ Տանը կից սարքված ութ սենյակ։

Արդյոք երբեւիցե ինքը կկարողանա՞ մխիթարվել երկաթուղու մոդելով կամ իր սարքած կավե ամաններով։ Եթե կարողանա էլ, թույլ կտա՞ն արդյոք իրեն զբաղվել դրանով։

Նա դանդաղ վեր կացավ եւ քայլեց դեպի տուն։ Այնտեղ իրեն զգաց անօգտակար եւ ավելորդ։

Վերջապես որոշեց իջնել նկուղ։

Ալբերտը գրկեց նրան։

— Մենք հաղթեցինք, տեր իմ։ Ես գիտեի, որ մենք կհաղթենք։

Նա ետ քաշվեց Նայթից եւ ձեռքերը դրեց նրա ուսերին։

— Մենք երբեք չենք հեռանա ձեզնից, տեր իմ։ Մենք կմնանք ու կաշխատենք ձեր համար։ Դուք երբեք որեւէ բանի կարիք չեք ունենա։ Մենք ամեն ինչ կանենք ձեր համար։

— Ալբերտ…

— Ամեն ինչ լավ է, տեր իմ։ Դուք ոչ մի բանի համար մի՛ անհանգստացեք։ Մենք կլուծենք փողի հարցը։ Կսարքենք շատ իրավաբան ռոբոտներ ու խոշոր հոնորարներ կստանանք։

— Մի՞թե դուք չեք հասկանում…

— Իսկ առաջին հերթին,— շարունակեց Ալբերտը,— մենք ցանկանում ենք հասնել այն բանին, որ դատարանը որոշում կայացնի մեր իրավունքները ապահովելու մասին։ Չէ որ մենք պատրաստված ենք պողպատից, ապակուց, պղնձից եւ այլ բաներից, ճի՞շտ է։ Ու մենք չենք կարող թույլ տալ, որ մարդիկ ծախսեն այն նյութերը, որոնցից ստեղծվում ենք մենք, ինչպես նաեւ այն էներգիան, որը պահանջում է մեր կյանքը։ Հավատացնում եմ ձեզ, տեր իմ, որ մենք տանուլ չենք տա։

Հոգնած նստելով հաստոցի ծայրին՝ Նայթը տեսավ մի ցուցանակ, որ Ալբերտը նոր էր նկարել։ Գեղեցիկ ոսկե տառերով, որոնք ավելի հստակության համար եզերված էին սեւ գույնով, գրված էր․

Էնսոն, Ալբերտ, Աբներ,

Անգուս եւ ընկ․

Փաստաբաններ

— Իսկ հետո, տեր իմ,— ասաց Ալբերտը,— մենք մեր ձեռքը կվերցնենք «Սարքիր ինքդ» ընկերությունը։ Նա արդեն ի վիճակի չի լինի դիմանալու մրցակցությանը։ Մենք մի հոյակապ մտահղացում ունենք, տեր իմ։ Մենք կսկենք ռոբոտներ սարքել։ Շատ ռոբոտներ։ Բայց ոչ չափից դուրս շատ։ Մենք մտադիր չենք նեղացնել ձեզ՝ մարդկանց, ուստի կսկսենք արտադրել «Սարքիր ինքդ» կոմպլեկտներ։ Միայն թե դրանք նախապես հավաքված կլինեն, որ դուք չչարչարվեք։ Ինչ եք կարծում, սկզբի համար հերի՞ք է այսքանը։

— Միանգամայն,— շշնջաց Նայթը։

— Մենք ամեն ինչի մասին մտածել ենք, տեր իմ։ Մինչեւ ձեր կյանքի վերջը դուք ոչ մի բանի համար անհանգստանալու հարկ չեք ունենա։

— Այո,— ասաց Նայթը,— ոչ մի բանի։

Comments