1. Սարքիր ինքդ

Chapter 4

IV

Լին ցած իջավ բլրից եւ խոսեց Գրեյսի հետ։ Ալբերտը վեր բարձրացավ նկուղից ու նույնպես խոսեց Գրեյսի հետ։ Վերջապես համատեղ ջանքերով հանգստացրին նրան ու համոզեցին նորից զբաղվել գեղանկարչությամբ։ Հիմա Գրեյսը ծովային տեսարաններ էր նկարում։

Իսկ Լիի աշխատասենյակում շարունակում էին չարչարվել ռոբոտները։

— Ես հույս ունեմ, որ նրանք ինչ֊որ բան կյուրացնեն,— ասաց Լին։— Մի մտածիր, է, պետք չէ քրքրել բոլոր գրքերն ու մեջբերումներ գտնել․ ուզածդ հոդվածը եւ ուզածդ դեպքը միշտ ձեռքիդ տակ կլինի։

Հուզմունքից նա ավելի ուժեղ էր ճոճվում ցանցի մեջ։

— Տե՜ր աստված։ Իսկ ինչպե՞ս պետք է շարադրել գործը։

Նա կռացավ, վերցրեց սափորը եւ մեկնեց Նայթին։

— Սա խատուտիկի գինի է։ Մեջը մի քիչ էլ կռոթուկի հյութ կա։ Շատ չարչարվեցի մի խուրձի միջից անպետք խոտերը հանելիս։

Նայթը փնչացրեց։ Գինին այնպիսի համ ուներ, ասես միայն կռոթուկից պատրաստված լիներ։

— Կրկնակի օգուտ եմ անում,— բացատրեց Լին,— Խատուտիկները, մեկ է , պիտի քաղեմ, որ սիզամարգը չփչացնեն։ Եվ քանի որ արդեն դրանք պոկում եմ, կարելի է նաեւ ճիշտ օգտագործել։

Նա խմեց գինին եւ սափորը դրեց ճոճացանցի տակ։

— Նրանք հիմա զրուցում են այնտեղ,— ասաց Լին,— բութ մատը տնկելով տան կողմը։— Ոչ մի բառ չարտասանելով՝ պայմանավորվում են ամեն ինչի մասին։ Ես ինձ մի տեսակ վատ եմ զգում։— Նա նայեց երկնքին ու մռայլվեց։— Ասես այն մարդն եմ, որ միայն ձեւականորեն պիտի ներկա լինեմ։

— Ես թեթեւացած կշնչեմ, երբ այս ամենը կվերջանա,— ասաց Նայթը,— անկախ արդյունքից։

— Ես նույնպես,— համաձայնեց Լին։

Դատն սկսվեց առանց որեւէ աղմուկի։ Լսվում էր հերթական սովորական գործը։

Լրագրերում վիթխարի վերնագրերը հայտնվեցին միայն այն բանից հետո, երբ Լին ու Նայթը դատարանի դահլիճ մտան ռոբոտների դասակի ուղեկցությամբ։

Դահլիճում աղմուկ բարձրացավ, «Սարքիր ինքդ» ընկերության փաստաբանները բերանները լայն բացեցին ու վեր թռան տեղերից։ Դատավորը մոլեգնորեն զարկեց մուրճով։

— Միստր Լի՜,— ոռնաց նա,— սա ի՞նչ է նշանակում։

— Սա, ձերդ ազնվություն,— հանգիստ պատասխանեց Լին,— իմ օգնականներն են։

— Բայց չէ՞ որ դրանք ռոբոտներ են։

— Միանգամայն ճիշտ է, ձերդ ազնվություն։

— Նրանք իրավունք չունեն մասնակցելու դատավարությանը։

— Ներողություն եմ խնդրում, ձերդ ազնվություն, բայց նրանք չեն էլ մասնակցում։ Ես պատասխանող միակ ներկայացուցիչն եմ այստեղ։ Իմ պաշտպանյալը,— ասաց նա, նայելով «Սարքիր ինքդ» ընկերությանը ներկայացնով իրավաբանական տաղանդների զորեղ ճոկատին,— աղքատ մարդ է, ձերդ ազնվություն։ Ես հույս ունեմ, որ դատարանը չի մերժի օգտվելու այն օգնությունից, որն ինձ հաջողվել է կազմակերպել։

— Բայց դա հակասում է կանոնների, սըր։

— Ներողություն եմ խնդրում, ձերդ ազնվություն, բայց համարձակվում եմ նշել, որ մենք ապրում ենք մեխանիզացիայի դարում։ Արդյունաբերության եւ բիզնեսի գրեթե բոլոր բնագավառները իրենց աշխատանքում հենվում են հաշվիչ տեխնիկայի վրա, որը գործում է շատ ավելի արագ եւ լավ, քան մարդը։ Մեր ամբողջ հասարակությունը հենվում է այս մեքենաների՝ ֆիզիկական ու սեւ աշխատանք կատարելու ունակության վրա, մի բան, որ առաջ մարդիկ էին կատարում։

Խելացի մեքենաների օգնությանը դիմելու եւ դրանք լայլորեն կիրառելու միտումը,— շարունակեց Լին,— դրսեւորվում է մարդկային գործունեության բոլոր ասպարեզներում։ Եվ դա վիթխարի օգուտ է բերում մարդկային ցեղին։ Նույնիսկ այնպիսի բնագավառում, ինչպիսին է դեղագործական արդյունաբերությունը, որտեղ դեղորայք պատրաստելիս չնչին իսկ սխալը անթույլատրելի է, մեքենաները, ձերդ ազնվություն, հուսալիորեն աշխատում են։ Ու եթե, ձերդ ազնվություն, այդպիսի մեքենաների օգտագործումն ընդունելի է դեղորայքի արտադրությունում, այսինքն՝ մի արդյունաբերության մեջ, որտեղ հասարակայնության վստահությունը կարելի է համարել խիստ կարեւոր, ապա, համաձայնվեք, դատարանը, որտեղ արդարադատությունը, անկասկած, նույնքան նրբին գործ է, ինչպես դեղորայքի արտադրությունը, ելնում է…

— Սպասեք, միստր Լի,— ընդհատեց նրան դատավորը։— Արդյոք դուք չե՞ք ճգնում ինձ ապացուցել, որ ը… ը… մեքենաների օգտագործումը կնպաստի արդարադատությանը։

— Արդարադատությունը, ձերդ ազնվություն,— պատասխանեց Լին,— ձգտում է կարգուկանոն հաստատել մարդկանց փոխհարաբերություններում։ Այն հենվում է տրամաբանության եւ առողջ դատողության վրա։ Պե՞տք է արդյոք նշել, որ հենց այս խելոք մեքենաներն են տրամաբանության եւ առողջ դատողության մարմնավորումը։ Մեքենաները չեն ժառանգում մարդկային հույզերը, նրանց վրա չեն ազդում նախապաշարմունքները եւ կանխակալությունները։ Նրանց կհետաքրքրեն միայն որոշ փաստերի հաջորդականությունը եւ օրենքները։

— Ես չեմ խնդրում,— շարունակեց նա,— որ իմ օգնականները՝ ռոբոտները, պաշտոնապես ճանաչվեն դատարանում։ Ես չեմ ցանկանում, որ նրանք մասնակցություն ունենան այստեղ քննվող գործին։ Բայց ես խնդրում եմ, եւ դա գտնում եմ միանգամայն օրինական, որ ինձ չզրկեն այն օգնությունից, որ նրանք կարող են ցույց տալ։ Հայցվորն այստեղ ունի տասնյակ փաստաբաններ՝ գիտակ եւ ընդունակ մարդիկ։ Ես մեն֊մենակ եմ այդ բազմության դեմ։ Ես կանեմ այն ամենը, ինչ թույլ կտան ուժերս։ Սակայն ի նկատի ունենալով ուժերի անհավասարությունը, դատարանին խնդրում եմ ինձ չդնել էլ ավելի աննպաստ վիճակում։

Լին նստեց։

— Դա բոլո՞րն է, ինչ կուզենայիք ասել, միստր Լի,— հարցրեց դատավորը։— Դուք համոզվա՞ծ եք, որ ոչինչ չունեք ավելացնելու, քանի դեռ ես վճիռ չեմ կայացրել։

— Միայն մի բան,— ասաց Լին։— Եթե ձերդ ազնվությունը կարողանա ինձ ցույց տալ դատական օրենսդրությունում մի այնպիսի կետ, որն արգելում է ռոբոտի օգտագործումը…

— Դա ծիծաղելի է, սըր։ Այդպիսի կետ, իհարկե, չկա։ Ոչ ոք երբեւիցե չի մտածել, որ մի այսպիսի չնախատեսված հանգամանք կծագի։ Ուստի, բնականաբար, առիթ չի եղել նման արգելք նախատեսել օրենսդրության մեջ։

— Միգուցե կա՞ որեւէ վկայակոչում, որը նկատի ունի նման մի բան։

Դատավորը վերցրեց մուրճը եւ ուժգին հարվածեց սեղանին։

— Դատարանը դժվարին կացության մեջ է։ Վճիռը կհայտարարվի վաղը առավոտյան։

Հաջորդ առավոտյան «Սարքիր ինքդ» ընկերության փաստաբանները փորձեցին օգնել դատավորին։ Քանի որ, ասացին նրանք, վերոհիշյալ ռոբոտները վերաբերվում են այն առարկաներին, որոնցում պատկանելության հաստատումը հենց դատավեճի պատճառն է, ապա դատարանում դրանց օգտագործումը պատասխանողի կողմից՝ ճիշտ չի լինի։ Նրանք նշեցին, որ նման արարքը հավասարազոր կլիներ այն բանին, եթե հայցվորին ստիպեին նպաստել իր սեփական շահերի դեմ հանդես եկողին։

Դատավորը լուրջ տեսքով տմտմբացրեց գլուխը, սակայն Լին իսկույն վրա տվեց․

— Որպեսզի այդ փաստարկը հիմնավորված լինի, ձերդ ազնվություն, նախ պետք է հաստատել, որ ռոբոտներն իսկապես պատկանում են հայցվորին։ Դա էլ հենց, ի դեպ, հանդիսանում է սույն դատավեճի առարկան։ Այնպիսի տպավորություն է ստացվում, ձերդ ազնվություն, որ իմ դիմաց նստած ջենտլմենները ձին թարս են լծում սայլին։

Նորին ազնվությունը, խոր հոգոց հանելով, ասաց․

— Դատարանը ցավ է հայտնում, որ ստիպված է մի վճիռ կայացնել, քաջ գիտենալով, որ սկիզբ կդնի այնպիսի վեճի, որի անկանխակալ լուծումը մեզնից շատ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն ը… ը… ռոբոտներին իրավաբանության մեջ օգտագործելուն դեմ կոնկրետ արգելքի բացակայության պատճառով դատարանը որոշում է պաշտպանվող կողմին թույլ տալ օգտվել նրանց ծառայություններից։

Նա հայացքը հառեց Լիին։

— Սակայն դատարանը ցանկանում է նաեւ զգուշացնել դատապաշտպանին, որ նա հետեւի իր վարքագծին։ Եթե, սըր, դուք նույնիսկ ամենափոքր չափով խախտեք այն, ինչը ես համարում եմ դատարանում իրեն պահելու վարվելակերպ, ապա ձեզ եւ ձեր մեքենաներին անհապաղ կհեռացնեմ դատարանի դահլիճից։

— Շնորհակալություն, ձերդ ազնվություն,— ասաց Լին։ Ես շատ զգույշ կլինեմ։

— Այժմ հայցվորը կարող է ներկայացնել գործը։

Տեղից վեր կացավ «Սարքիր ինքդ» ընկերության գլխավոր դատապաշտպանը։ Նա ասաց, որ պատասխանողը, ոմն Գորդոն Նայթ, ընկերությանը պատվիրել է մեխանիկական֊կենսաբանական շան մի կոմպլեկտ՝ երկու հարյուր հիսուն դոլար արժողությամբ։ Սակայն բեռնման ժամանակ թյուրիմացաբար նրան ուղարկել են ոչ թե շան կոմպլեկտ, այլ Ալբերտ անունով ռոբոտին։

— Ձերդ ազնվություն,— ընդհատեց նրան Լին,— այս կապակցությամբ ես պետք է նշեմ, որ կոմպլեկտի ուղարկումը կատարվել է մարդու կողմից, եւ դա է եղել սխալի պատճառը։ Եթե «Սարքիր ինքդ» ընկերությունը մեքենաներ օգտագործեր, ապա այդպիսի սխալը գուցեեւ չլիներ։

Դատավորը հարվածեց մուրճով։

— Միստր Լի, դուք նոր մարդ չեք դատարանում։ Դուք գիտեք, որ կարգը խախտում եք։— Նա գլխով արեց ընկերության դատապաշտպանին․— Շարունակեք, խնդրեմ։

Ընկերության դատապաշտպանն ասաց, որ ռոբոտ Ալբերտը սովորական ռոբոտ չէ։ Դա փորձնական մոդել է, որ ստեղծվել է «Սարքիր ինքդ» ընկերության կողմից, մոդելի ընդունակությունները փորձարկելուց հետո այն փաթեթավորվել է եւ մի կողմ դրվել։ Ոչ ոք չի մտածել մոդելը վաճառելու մասին, ու ինքը չի պատկերացնում, թե ինչպես է պատահել, որ այդ ռոբոտը ուղարկվել է գնորդին։ Ընկերությունը հետաքննություն է վարել, բայց պատասխան չի գտել։ Այն, որ մոդելն ուղարկվել է, ինքնստինքյան ակնհայտ է։

Նա բացատրեց, որ սովորական ռոբոտի գինը տասը հազար դոլար է։ Ալբերտը շատ ավելի թանկ արժե… եւ նրա արժեքը իրականում դժվար է որոշել։

Ռոբոտին ստանալուց հետո գնորդ Գորդոն Նայթը պարտավոր էր անմիջապես տեղեկացնել ընկերությանը եւ այն վերադարձնել։ Սակայն դրա փոխարեն նա ռոբոտը պահում է իր մոտ եւ կեղծիքի միջոցով օգտագործում իր շահադիտական նպատակներով։

Ընկերությունը խնդրում է դատարանին՝ պարտավորեցնել պատասխանողին վերադարձնել ոչ միայն ռոբոտ Ալբերտին, այլեւ նրա աշխատանքի արդյունքները, այսինքն՝ անհայտ թվով ռոբոտներին, որոնց լույս աշխարհ է բերել Ալբերտը։

Դատապաշտպանը նստեց։

— Ձերդ ազնվություն,— իր հերթին ասաց Լին,— մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ այստեղ ասաց հայցվորը։ Նա ճշտորեն շարադրեց գործի էությունը, եւ ես շնորհավորում եմ նրա գերազանց ճառը։

— Արդյոք ես կարող եմ մտածել, սըր,— հարցրեց դատավորը,— որ ձեր ելույթը հավասարազոր է հանցանքը խոստովանելուն։ Դուք, երեւի, ուզում եք ամբողջովին ապավինել դատարանի ողորմությա՞նը։

— Ոչ մի դեպքում, ձերդ ազնվություն։

— Խոստովանում եմ, որ ես ի վիճակի չեմ հետեւելու ձեր դատողությունների ընթացքին․ եթե դուք ընդունում եք մեղադրանքը, որ հարուցված է ձեր պաշտպանյալի դեմ, ապա ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող եմ վճիռ կայացնել ոչ հօգուտ հայցվորի։

— Ձերդ ազնվություն, մենք պատրաստ ենք ապացուցելու, որ հայցվորը, խաբված չլինելով ոչ մեկի կողմից, ինքը մտադիր է բոլորին խաբել։ Մենք պատրաստ ենք ապացուցելու, որ որոշելով լայն հասարակությունից թաքցնել Ալբերտին հայտնագործելը, «Սարքիր ինքդ» ընկերությունը իրականում ամբողջ աշխարհի մարդկանց զրկել է առաջադիմության ուղիով ընթանալու հաջորդ տրամաբանական քայլի հնարավորությունից։ Նա մարդկանցից թաքցրել է, այսպես ասած, տեխնիկայի համընդհանուր զարգացման այս նվաճումը։

Ձերդ ազնվություն,— շարունակեց նա,— մենք համոզված ենք, որ կկարողանանք ապացուցել ընկերության կողմից մի քանի դրույթների խախտումը, դրույթներ, որոնք ստեղծված են մենաշնորհը անօրինական համարելու համար, եւ պատրաստ ենք վիճելու, որ պատասխանողը ոչ միայն դատապարտելի բան չի արել ընդդեմ հասարակության, այլեւ, ընդհակառակը, մեծ ծառայություն է մատուցել նրան։ Ավելին, ձերդ ազնվություն, մենք մտադիր ենք ներկայացնել ապացույցներ, որոնք կվկայեն այն մասին, որ ռոբոտները ամբողջապես զրկված են որոշ անկապտելի իրավունքներից…

— Միստր Լի,— նախազգուշացնող տոնով ասաց դատավորը,— ռոբոտը ընդամենը մեքենա է։

— Ձերդ ազնվություն, մենք կապացուցենք,— ասաց Լին,— որ ռոբոտը ավելին է, քան մեքենան։ Մենք, իրոք, պատրաստ ենք ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք, մեր խորին համոզմամբ, ցույց կտան, որ ամեն ինչով, բացի նյութափոխանակությունից, ռոբոտը հանդիսանում է մարդու պատճենը, եւ որ նույնիսկ նրա նյութափոխանակությունը որոշ չափով համանման է մարդու նյութափոխանակությանը։

— Միստր Լի, դուք շատ հեռացաք գործից։ Այստեղ քննվում է այն հարցը, թե արդյո՞ք ձեր պաշտպանյալը անօրինական կերպով յուրացրել է «Սարքիր ինքդ» ընկերության սեփականությունը։ Դատավեճը պետք է սահմանափակել միայն այս հարցի լուծմամբ։

— Հենց այդպես էլ անում եմ,— ասաց Լին։— Սակայն միաժամանակ մտադիր եմ ապացուցել, որ Ալբերտ ռոբոտը չի եղել եւ չէր կարող գողացված կամ վաճառված սեփականություն լինել։ Ես մտադիր եմ ապացուցել, որ իմ պաշտպանյալը չի գողացել նրան, այլ սոսկ ազատել է։ Ու եթե ստիպված եմ լինում շեղվել, որպեսզի ապացուցեմ որոշ հիմնական դրույթներ, ապա դատարանին խնդրում եմ ներողամիտ լինել այլ բանի համար, որ ես շահագործում եմ նրա համբերությունը։

— Դուք հենց ամենասկզբից փորձում եք մեզ հանել համբերությունից,— ասաց դատավորը։— Սակայն դատարանը արդար է, եւ դուք իրավունք ունեք ապացուցելու այն, ինչ պնդում եք։ Դուք ինձ ներեցեք, եթե ես ասեմ, որ ձեր պատճառաբանությունները մի քիչ բռնազբոսիկ են։

— Ձերդ ազնվություն, ես ամեն ինչ կանեմ, որ ձեզ դուրս բերեմ այդ մոլորությունից։

— Այդ դեպքում՝ ամեն ինչ կարգին է,— ասաց դատավորը։— Շարունակեք։

Դատավարությունը տեւեց վեց շաբաթ, եւ երկիրը ապրում էր դրանով։ Այդ մասին էին ճչում լրագրերի առաջին էջերում տպվող հոդվածների վիթխարի վերնագրերը։ Դրանով էին կերակրվում ռադիոն եւ հեռուստատեսությունը։ Հարեւանը վիճում էր հարեւանի հետ, սովորական բան էին դարձել վիճաբանությունները փողոցներում, ընտանիքներում, ակումբներում, գրասենյակներում։ Թերթերի խմբագրությունները հեղեղվում էին ընթերցողների նամակներով։

Տեղի էին ունենում միտինգներ, որտեղ հռետորները իրենց զայրույթն էին արտահայտում, անհեթեթ համարելով հավասարության նշան դնելը մարդու եւ ռոբոտի միջեւ, ստեղծվում էին ռոբոտների ազատությունը պաշտպանող կազմակերպություններ։ Հոգեբուժական հիվանդանոցներում կտրուկ իջավ նապոլեոնների, հիտլերների քանակը, որոնց փոխարեն հայտնվեցին անճոռնի քայլող հիվանդներ, որոնք իրենց ռոբոտներ էին համարում։

Գործին միջամտեց ֆինանսների մինիստրությունը։ Տնտեսական դրդապատճառներից ելնելով, նա խնդրեց դատարանին՝ մեկընդմիշտ հայտարարել, որ ռոբոտները գույք են համարվում։ Մինիստրությունը նշում էր, որ եթե ռոբոտները հարկման չենթարկվեն որպես սեփականություն, ապա տարբեր պետական հիմնարկություններ եկամուտների պակասորդ կունենան։

Դատարանը կայացրեց հետեւյալ որոշումները․

Ռոբոտները օժտված են կամքի ազատությամբ։ Դա ապացուցելը շատ հեշտ էր։ Ռոբոտը կարող է ճիշտ կատարել իրեն հանձնարարված գործը, հաշվի չառնելով չնախատեսված գործոնները։ Շատ դեպքերում ռոբոտների առողջ դատելու ընդունակությունը, ինչպես ապացուցվեց, բարձր է մարդկային ողջամտությունից։

Ռոբոտները օժտված են դատողականությամբ։ Սա վեր է ամեն կասկածից։

Ռոբոտները կարող են բազմանալ։ Սա ապացուցելը դժվար էր։ Այն ամենը, ինչ անում է Ալբերտը, ինչպես պնդում էին «Սարքիր ինքդ» ընկերության ներկայացուցիչները, հենց այն աշխատանքն է, որի համար նախատեսված է եղել սույն ռոբոտը։ Իսկ, այ, Լին ապացուցում է, որ Ալբերտը բազմանում է։ Եվ նա գիտակցորեն է անում դա։ Նա սիրում է ռոբոտներին ու նրանց համարում է իր ընտանիքի անդամները։ Նույնիսկ նրանց անուններ է տալիս ի պատիվ իրեն՝ յուրաքանչյուր ռոբոտի անունը սկսվում է Ա֊ով։

Հայցվորն ապացուցեց, որ ռոբոտները կրոնապաշտ չեն։ Լին պնդում էր, որ դա չի վերաբերում գործին։ Շատ մարդիկ ագնոստիկներ եւ աթեիստներ են, եւ այնուամենայնիվ մարդ են համարվում։

Ռոբոտները հույզեր չունեն։ Լին առարկում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ։ Ալբերտը սիրում է իր տղաներին։ Ռոբոտները հավատարիմ են եւ օժտված են արդարության զգացողությամբ։ Եթե նրանք չունեն էլ ինչ֊որ հույզեր, ապա դա, թերեւս, ավելի լավ է։ Նրանք, օրինակ, ընդունակ չեն ատելության։ Կամ էլ ագահության։ Լին գրեթե մեկ ժամ դատարանին պատմեց մարդկային ատելության եւ ընչաքաղցության մռայլ պատմությունը։ Դարձյալ մեկ ժամ նա խարազանում էր այն մարդկանց, որոնք ստրուկ էին դարձնում բանական էակներին։

Լրագրերը տպում էին նրա ճառերը։ Հայցվորի պաշտպանները փրփրել էին կատաղությունից։ Դատավորը զայրացած էր։ Դատավարությունը շարունակվում էր։

— Միստր Լի,— հարցնում էր դատավորը,— ինչի՞ համար եք ասում այդ բոլորը։

— Ձերդ ազնվություն,— պատասխանում էր Լին,— պարզարես ես անում եմ ամեն ինչ, որ հիմնավորեմ մեր տեսակետը։ Այն գործողություններում, որոնցում մեղադրվում է իմ պաշտպանյալը, ոչ մի անօրինական բան չկա։ Ես պարզապես ջանում եմ ապացուցել, որ ռոբոտը գույք չէ եւ, հետեւաբար, չի կարող գողացված լինել… Ես…

— Լավ,— ասաց դատավորը։— Լավ։ Շարունակե՛ք։

«Սարքիր ինքդ» ընկերության փաստաբանները մեջբերումներ էին շռայլում, ապացուցելով իրենց տեսակետը։ Լին պատասխանում էր մեջբերումների կարկուտով, ջարդուփշուր անելով նրանց։ Իրավաբանական աշխատությունների խրթին լեզուն փթթում էր շքեղ ծաղկունքով, վաղուց մոռացված որոշումները եւ դրույթները դառնում էին վեճի առարկա, փշուր֊փշուր էին արվում եւ ծեծվում։

Դատավարության ընթացքից պարզ էր դառնում մի բան․ Էնսոն Լին՝ անհայտ փաստաբանը, որի վրա գրոհում էր տաղանդավոր իրավաբանների բանակը, հաղթանակում էր։ Նրա տրամադրության տակ կային գործին վերաբերող բոլոր օրենքների տեքստերը, աղբյուրների ճշգրիտ վկայակոչումները, բոլոր փաստերը եւ տրամաբանությունը։

Ավելի ճիշտ՝ դրանք ռոբոտների մոտ էին։ Նրանք մոլեգնորեն ճռճռացնում էին գրչածայրերը եւ իրենց դիտողությունները հանձնում էին Լիին։ Յուրաքանչյուր օրվա վերջում դատապաշտպանի սեղանը թաղվում էր թղթերի կույտի տակ։

Դատավարությունն ավարտվեց։ Վերջին վկան տվեց իր ցուցմունքը։ Վերջին փաստաբանն ասաց իր խոսքը:

Comments