Chapter 3
III
Նա գրպանը դրեց թուղթը եւ քայլելով լճակի նոր՝ աղյուսաշար ապահետով, անօգտակար, սակայն աչք շոյող կամրջակներով, անցավ մեհյանի կողքով ու բլրալանջի դարավանդով գնաց Էնսոն Լիի մոտ։ Լին խոհանոցում էր, ապուխտով ձվածեղ էր սարքում։ Նա երկու ձու էլ ավելացրեց, նորից ապուխտ կտրատեց եւ թեյի բաժակ ու ափսե հանեց Նայթի համար։
— Իսկ ես էլ հա մտածում էի, թե ինչու այսքան ժամանակ չեք երեւում,— ասաց նա։— Հուսով եմ, որ ձեզ չեն դատի մահապատիժ պահանջող հոդվածով։
Նայթը պատմեց եղելությունը, եւ Լին, շուրթերից սրբելով ձվի դեղնուցը, այնքան էլ չհուսադրեց նրան։
— Դուք հարկադրված եք հայտարարություն ներկայացնել ձեր գույքի վերաբերյալ, նույնիսկ եթե ի վիճակի չեք վճարելու հարկը,— ասաց նա։— Ձեւականորեն դուք չեք խախտել օրենքը, եւ նրանք կարող են միայն մի բան անել՝ ձեզնից ես ստանալ իրենց հասանելիք փողերը։ Հավանաբար, ձեր աշխատավարձը կալանքի տակ կդնեն։ Բայց քանի որ աշխատավարձը չի գերազանցում օրինական նվազագույնից, ապա կալանքի կենթարվեի ձեր բանկային հաշիվը։
— Իմ բանկային հաշիվը սպառված է,— ասաց Նայթը։
— Տանը ձեռք տալ չի կարելի։ Համենայն դեպս, առայժմ չեն կարող խլել ձեր ունեցվածքը, ուստի եւ սկզբնական շրջանում մեծ անախորժություններ չեն լինի։ Այլ բան է՝ շարժական գույքի հարկը, սակայն վճարելու ժամկետը լրանում է մյուս տարվա գարնանը միայն։ Ես կասեի, որ դուք ամենից շատ պետք է զգուշանաք «Սարքիր ինքդ» ընկերության հայցից, եթե, իհարկե, չցանկանաք գործը հաշտ ու խաղաղ ճանապարհով վերջացնել։ Կարծում եմ, նա ետ կվեցնի իր հայցը, եթե դուք վերադարձնեք ռոբոտներին։ Որպես իրավաբան, պետք է ասեմ, որ ձեր գործը տանուլ տալու գործ է։
— Ալբերտը վկայություն կտա, որ ես եմ իրեն սարքել,— անվստահ ասաց Նայթը։
— Ալբերտը չի կարող հանդես գալ իբրեւ վկա,— ասաց Լին։ — Նա ռոբոտ է, եւ նրա խոսքը ոչ մի նշանակություն չունի դատարանի համար։ Բացի այդ, դատարանը երբեք չի հավատա, որ դուք ընդունակ եք ստեղծելու մի այնպիսի մեխանիկական հրեշ, ինչպիսին Ալբերտն է։
— Ես շատ հմուտ եմ գործ անում,— առարկեց Նայթը։
— Իսկ դուք ի՞նչ գիտեք էլեկտրոնիկայի մասին։ Որքանո՞վ եք գիտակ որպես կենսաբան։ Գոնե հակիրճ շարադրեք ռոբոտագիտության տեսությունը։
Նայթն իրեն պարտված ճանաչեց։
— Թերեւս, դուք իրավացի եք։
— Գուցե, վերադարձնե՞ք ռոբոտներին։
— Բայց ես չեմ կարող։ Մի՞թե դուք չեք հասկանում։ Ալբերտը «Սարքիր ինքդ» ընկերությանը հարկավոր է ոչ այն բանի համար, որ նրան օգտագործեն։ Նրանք իսկույն ռոբոտից ջարդոն կսարքեն, կայրեն գծագիրները, ու երեւի կանցնեն եւս հազարավոր տարիներ, մինչեւ որ նորից կհայտնագործվեն նրա գործելու սկզբունքները։ Ես չգիտեմ, այդ սկզբունքը օգո՞ւտ կբերի մարդկանց, թե վնաս, սակայն նույնը կարելի է ասել ցանկացածդ գյուտի վերաբերյալ։ Ես դեմ եմ այն բանին, որ Ալբերտը դառնա մետաղի կույտ։
— Ձեզ հասկանում եմ,— ասաց Լին,— եւ համաձայն եմ ձեր տեսակետին։ Սակայն պետք է զգուշացնեմ, որ ես այնքան էլ լավ փաստաբան չեմ։ Իմ փորձը այնքան էլ մեծ չէ։
— Բայց ես չեմ ճանաչում ուրիշ մեկին, որ առանց հոնորարի հանձն առնի այս գործը։
Լին կարեկցանքով նայեց նրան։
— Հոնորարի մասին կխոսվի ամենավերջում։ Իսկ այ դատական ծախսերի մասին արժե մտածել։
— Միգուցե նորի՞ց խոսեմ Ալբերտի հետ։ Ես կպատմեմ նրան գործի վիճակը, ու նա թույլ կտա վաճառել մի քանի ռոբոտի, որ գոնե ժամանակավորապես ազատի ինձ փորձանքից։
Լին տարուբերեց գլուխը։
— Ես այդ մասին արդեն մտածել եմ։ Դուք պետք է ռոբոտ վաճառելու թույլտվություն ունենաք, իսկ այդպիսի թույլտվություն ունենալու համար պետք է ապացույցներ ներկայացնեք, որ դուք նրանց տերն եք։ Պետք է ապացուցեք, որ դուք կամ գնել եք, կամ էլ սարքել եք դրանց, իսկ դուք ռոբոտ արտադրելու թույլտվություն չունեք։ Այդպիսի թույլտվություն ստանալու համար պետք է ունենաք ձեր մոդելի գծագրերը, էլ չենք խոսում գործարանի եւ բնութագրի, բանվորական ուժի օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի եւ զանազան այլ հարցերի մասին։
— Ուրեմն, ես նրանցից պրծում չունեմ։
— Ես դեռ տեսած չկամ այնպիսի մարդու,— հայտարարեց Լին,— որի խելքին փչեր դեմ ելնել այդքան մեծ թվով մարդկանց։
Խոհանոցի դուռը ծեծեցին։
— Մտե՛ք,— կանչեց Լին։
Դուռը բացվեց, եւ ներս մտավ Ալբերտը։ Նա կանգ առավ շեմին ու անհամբերությունից տեղում դոփդողեց։
— Աբները հայտնեց ինձ, որ տեսել է, թե շերիֆը ինչ֊որ բան է հանձնել ձեզ,— ասաց նա Նայթին,— ու դուք իսկույն այստեղ եք եկել։ Ես անհանգստացած եմ։ Դա կապվա՞ծ է «Սարքիր ինքդ» ընկերության հետ։
Նայթը գլխով արեց։
— Ալբերտ, միստր Լին կպաշտպանի մեզ դատարանում։
— Ես կանեմ ամեն հնարավոր բան,— ասաց Լին,— բայց ինձ թվում է, որ դա ապարդյուն կլինի։
— Մենք, ռոբոտներս, ուզում ենք օգնել ձեզ։ Վերջիվերջո պայքարը գնում է հանուն մեզ։
Լին թոթվեց ուսերը։
— Ձեզնից մեծ օգուտ չի լինի։
— Ես ամեն ինչ մտածել եմ,— ասաց Ալբերտը,— ամբողջ գիշեր աշխատել եմ ու մտածել։ Ու իրավաբան ռոբոտ եմ սարքել։
— Իրավաբա՞ն ռոբոտ։
— Այո, հիշողության մեծ ծավալով, քան ունեն մյուս ռոբոտները, եւ հզոր որոշիչ սարքով ռոբոտ, որը ղեկավարվում է ձեւական տրամաբանության օրենքներով։ Չէ որ իրավունքը հիմնված է տրամաբանության վրա, այդպես է, չէ՞։
— Հավանաբար,— պատասխանեց Լին։— Համենայն դեպս, պետք է հենվի։
— Ես կարող եմ իրավաբան ռոբոտներ շատ սարքել։
— Դրանից ոչ մի օգուտ չկա,— հոգոց հանելով ասաց Լին։— Դատարանում հանդես գալու համար պետք է ունենալ պրակտիկայով զբաղվելու իրավունք, իրավաբանական կրթություն, եւ պետք է քննություն հանձնել։ Ու թեեւ չի եղել համանման դեպք, ես կարծում եմ, դատապաշտպանի թեկնածու պետք է լինի մարդը։
— Եկեք չշտապենք,— ասաց Նայթը։— Ալբերտի ռոբոտները չեն կարող զբաղվել փաստաբանությամբ։ Բայց մի՞թե նրանց չի կարելի օգտագործել որպես կլերկներ կամ օգնականներ։ Նրանք կարող են շատ օգնել դատավարությանը պատրաստվելիս։
— Դա երեւի հնարավոր լինի անել,— մտախոհ ասաց Լին։— Նախկինում նման բան չի եղել, բայց այնպիսի օրենք էլ չկա, որն արգելեր դա անել։
— Նրանք պետք է միայն գրքեր կարդան,— ասաց Ալբերտը։— Նրանք մոտավորապես տասը վայրկյան կծախսեն մի էջ կարդալու վրա։ Այն ամենը, ինչ նրանք կկարդան, կկուտակվի հիշողության բջիջում։
— Հոյակա՜պ միտք է,— բացականչեց Նայթը։— Ռոբոտները կիմանան միայն իրավաբանություն։ Նրանք գոյություն կունենան միայն դրա համար։ Մինչեւ ուղնուծուծը…
— Բայց արդյո՞ք նրանք կկարողանան կիրառել իրենց գիտելիքները,— հարցրեց Լին։— Կկարողանա՞ն արդյոք օգտագործել դրանք մի որեւէ պրոբլեմ լուծելու համար։
— Պետք է սարքել մի քանի տասնյակ ռոբոտ,— ասաց Նայթը։— Եվ նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն տալ դառնալու իրավագիտության մի որեւէ ճյուղի գիտակ։
— Ես նրանց կօժտեի հեռազգացությամբ,— ասաց Ալբերտը։— Նրանք կաշխատեին բոլորը միային՝ որպես մեկ ռոբոտ։
— Փոխազդեցության սկզբունքո՞վ,— բացականչեց Նայթը։— Նրանցից յուրաքանչյուրը իսկույն կստանա ցանկացած ինֆորմացիան, որը կունենան մյուսները։
Լին բռունցքով շփեց կզակը, նրա աչքերը փայլեցին։
— Արժե փորձել։ Եթե այդպես լինի, ապա իրավաբանության համար, թերեւս, սեւ օրեր կգան։— Նա հայացքը գամեց Ալբերտին։— Ես գրքեր ունեմ, սարի չափ գրքեր։ Դրանց վրա ահագին փող եմ ծախսել եւ երբեք չեմ օգտագործել։ Ես կարող եմ տալ այն բոլոր գրքերը, որ ձեզ հարկավոր լինեն։ Լավ, ուրեմն, անցեք գործի։
Եվ Ալբերտը համենայն դեպս երեք տասնյակ իրավաբան ռոբոտ սարքեց։
Ռոբոտները լցվեցին Լիի աշխատասենյակը, կարդացին նրա ունեցած բոլոր գրքերը եւ դարձյալ գրքեր պահանջեցին։ Նրանք կլանում էին պայմանագրային իրավունքի վերաբերյալ գրքերը, իրավախախտման այն դեպքերի նկարագրությունները, որ կապված չէին պայմանագրի խախտման հետ, բայց հիմք էին տալիս հայց ներկայացնելու, անգիր էին անում վկաների ցուցմունքների եւ դատական հաշվետվությունների ամբողջ հատորներ։ Նրանք իրենց մեջ ներառան այն ամենը, ինչ հայտնի էր շարժական եւ անշարժ գույքի, պետական կառուցվածքի եւ դատավարության կանոնների մասին։ Նրանք յուրացրին Նեմեզիդայի հեղինակավոր սպասավորների աշխատությունները, Հուստինիանոս կայսեր օրոք հրատարակված հռոմեական օրենքների ժողովածուն եւ բոլոր մյուս հատորները՝ մահու չափ տաղտկալի ու ծանրակշիռ, ինչպես դամբանաքարերը։
Գրեյսը ջղայն վիճակում էր։ Նա հայտարարեց, որ չի ապրի այնպիսի մի մարդու հետ, որն ուզում է իր անունն ընկնի լրագրերի էջերը։ Այդ հայտարարությունը բավական անհեթեթ էր։ Հասարակայնության ուշադրությունը գրավել էր մի նոր խայտառակ վեճ՝ կապված տիեզերակայանի մատակարարման հետ, եւ այն հաղորդումը, որ «Սարքիր ինքդ» ընկերությունը ոմն Գորդոն Նայթի մեղադրում է ինչ֊որ ռոբոտ յուրացնելու մեջ, մնաց գրեթե աննկատ։