Chapter 2
II
Նա շատ հեշտությամբ հավաքեց ռոբոտը ոչ միայն այն պատճառով, որ ճարպկորեն էր աշխատում գործիքներով, այլ նաեւ այն պատճառով, որ մոլեռանդորեն հետեւում էր «Սարքիր ինքդ» կոմպլեկտների հետ վարվելու գլխավոր սկզբունքին՝ նախ լրիվ պատկերացում կազմիր առաջիկա աշխատանքի մասին։
Նայթն ինքն իրեն համոզեց, որ ռոբոտին հավաքելուց հետո իսկույն կսկսի քանդել նրան։ Բայց երբ ռոբոտը պատրաստ էր, Նայթն ուզեց նրան տեսնել գործի մեջ։ Էլ ի՜նչ իմաստ կար այդքան ժամանակ ծախսել ու հիմա էլ համոզված չլինել, որ ամեն ինչ ճիշտ է արված։ Նայթը չխկացրեց տումբլերը, որը գործի էր գցում ռոբոտին, եւ պտուտակեց վերջին թիթեղիկը։
Ռոբոտը կենդանացավ ու նայեց Նայթին։
Հետո ասաց․
— Ես ռոբոտ եմ։ Անունս Ալբերտ է։ Ի՞նչ պետք է անեմ։
— Հանգիստ, Ալբերտ,— շտապ ասաց Նայթը։— Նստեք ու հանգստացեք, հետո կխոսենք։
— Ես հանգստանալու կարիք չունեմ,— ասաց ռոբոտը։
— Լավ, այդ դեպքում կանգնած մնացեք։ Ես, իհարկե, չեմ կարող ձեզ թողնել ինձ մոտ։ Բայց քանի որ դուք արդեն միացված եք, կուզենայի տեսնել, թե ինչ կարող եք անել։ Տանն էլ գործեր կան անելու, այգում էլ, պետք է գազոնները հավասարեցնել, հետո ես մտածում եմ հողամասի պլանավորման մասին։ — Նա լռեց, ապա խփեց ճակատին։— Հարմարանքները… Որտեղի՞ց ճարեմ հարմարանքները։
— Ոչինչ,— ասաց Ալբերտը։— Մի՛ անհանգստացեք։ Միայն ասեք, թե ինչ է պետք անել։
Ու Նայթն ասաց նրան, թե ինչ պետք է անել։ Այնուհետեւ փոքր֊ինչ շփոթված առաջադրանք տվեց՝ պլանավորել եւ այգի գցել։
— Հարյուր ակրը մեծ տարածություն է, իսկ դուք չեք կարող ամբողջ ժամանակը ծախսել այդ գործի վրա։ Գրեյսն ուզում է, որ տան գործերն էլ անեք, հետո բանջարանոցը, գազոնները…
— Ես կասեմ ինչ պետք է անել,— խոսեց Ալբերտը։ — Ես կկազմեմ այն նյութերի ցուցակը, որ դուք պետք է պատվիրեք, իսկ մնացածը թողեք ինձ։ Դուք լավ սարքավորված արհեստանոց ունեք։
— Ուզում եք ասել, որ ինքնե՞րդ ձեզ համար հարմարանքներ կսարքեք։
— Մի՛ անհանգստացեք,— ասաց նրան Ալբերտը։— Թուղթ ու մատիտ տվեք։
Նայթը թուղթ ու մատիտ բերեց, եւ ռոբոտը կազմեց անհրաժեշտ նյութերի ցուցակը (տարբեր մակնիշների պողպատ, տարբեր չափերի ալյումինե կաղապարներ, պղնձալար եւ շատ այլ բաներ)։
— Ահա վերցրեք, — ասաց Ալբերտը՝ Նայթին մեկնելով թուղթը։— Դա կարժենա հազար դոլարից ոչ ավելի ու մեզ հնարավորություն կտա աշխատելու։ Շուտ պատվիրեք բոլորը, ու մենք կսկսենք։
Նայթը պատվերը տվեց, իսկ Ալբերտն սկսեց պրպտել նկուղի ծակուծուկները ու շատ արագ մի մեծ կույտ մետաղաջարդոն հավաքեց։
— Այս բոլորը պետք կգա,— ասաց նա։
Ալբերտն ընտրեց պողպատի մի քանի կտոր, միացրեց դարբնի հնոցն ու սկսեց աշխատել։ Նայթը մի քիչ նայեց նրան ու գնաց ճաշելու։
— Ալբերտը հրաշք է, — ասաց նա Գրեյսին։— Նա ինքն է հարմարանքներ սարքում իր համար։
— Դու նրան ասացի՞ր, թե ես ինչ եմ ուզում անի։
— Իհարկե։ Բայց նախ հարմարանքներ պիտի լինեն։
— Ես ուզում եմ, որ նա հետեւի տան մաքրությանը,— ասաց Գրեյսը։ — Հետո նոր վարագույրներ են հարկավոր, խոհանոցը պետք է ներկել եւ նորոգել բոլոր ծորակները, որոնք ջուր են բաց թողնում, ու դու ոչ մի անգամ հարկ չես համարում դրանք սարքել։
— Ճիշտ է, սիրելիս։
— Կուզենայի նաեւ, որ նա խոսել սովորեր։
— Ես նրան չեմ հարցրել, բայց կարծում եմ, դա կկարողանա անել։
— Նա ինձ շատ կօգնի,— ասաց Գրեյսը։ — Հապա մի մտածիր, ես հիմա ամբողջ ժամանակս կծախսեմ նկարելու վրա։
Երկարամյա փորձից Նայթը հաստատ գիտեր, թե ինքն ինչպես պետք է վարվի խոսակցության այս փուլում։ Նա ասես երկատվել էր։ Նրա մի մասը լսում էր ու մերթ ընդ մերթ ինչ֊որ բան պատասխանում, իսկ մյուսը շարունակում էր մտածել ավելի կարեւոր գործերի մասին։
Գիշերը նա մի քանի անգամ արթնացավ ու ականջ դրեց, թե Ալբերտն ինչպես է թխկթխկացնում արհեստանոցում։ Եվ ամեն անգամ զարմանում էր։ Բայց հետո հիշեց, որ ռոբոտն աշխատում է քսանչորս ժամ շարունակ, օրնիբուն։ Նայթը պառկել էր ու նայում էր մութ առաստաղին, շնորհավորելով ինքն իրեն ռոբոտ ունենալու առթիվ։ Բայց դա, իհարկե, ժամանակավոր է… Մի քանի օր հետո ետ կուղարկի Ալբերտին։ Իսկ հիմա մի քիչ կվայելի։ Եվ ի՞նչ վատ բան կա այստեղ։
Հաջորդ օրը Նայթը իջավ նկուղ եւ իր օգնությունն առաջարկեց ռոբոտին, բայց Ալբերտը հարգալից հրաժարվեց։ Նայթը մի քիչ կանգնեց նրա մոտ, հետո հեռացավ ու ջանաց իր մեջ հետաքրքրություն առաջացնել լոկոմոտիվի մոդելի նկատմամբ, որը սկսել էր սարքել երկու տարի առաջ, բայց դե անընդհատ հետաձգում էր մի ուրիշ բան սկսելու պատճառով։ Չգիտես ինչու աշխատել չէր լինում․ նա նստեց ու սկսեց մտածել, թե այս ինչ է կատարվում իր հետ։ Միգուցե նոր զբաղմո՞ւնք է պետք իրեն։ Նա երազում էր տիկնիկային թատրոնի մասին, հիմա դրա համար արդեն ժամանակ կունենա։
Նայթը վերցրեց «Սարքիր ինքդ» ամսագրերն ու գրացուցակները եւ սկսեց թերթել, բայց հետաքրքրություն դրսեւորեց, եւ այն էլ չափավոր, միայն նետաձգության, ալպինիզմի եւ նավաշինության նկատմամբ։ Մյուսների հանդեպ անտարբեր մնաց։ Թվում էր, այսօր ոչ մի բան նրան չի ոգեւորում այլեւս։
Այդ ժամանակ որոշեց այցելել Էնսոն Լիին։
Լին պառկած էր ճոճանակի մեջ, ծխում էր իր ծխամորճը եւ Պրուստ էր կարդում։ Նրա կողքը, գետնին, մի սափոր էր դրված։
Լին գիրքը դրեց մի կողմ եւ ձեռքով ցույց տվեց ոչ հեռու կապված մյուս ճոճանակը։
— Պառկեք ու եկեք հանգստանանք։
Նայթը տեղավորվեց ճոճանակի մեջ, բավական հիմար վիճակում զգալով իրեն։
— Նայեք երկնքին,— ասաց Լին, դուք երբեւիցե այսքան կապույտ երկինք տեսած կա՞ք։
— Ես դրանից ոչինչ չեմ հասկանում,— պատասխանեց Նայթը։ — Օդերեւութաբանությունից գլուխ չեմ հանում։
— Ափսոս,— ասաց Լին,— դուք թռչունների՞ց էլ բան չեք հասկանում։
— Մի ժամանակ թռչնադիտորդների ակումբի անդամ էի։
— Եվ այնպես չարչարվեցիք, որ մի տարի էլ չանցած հոգնեցիք ու դուրս եկաք ակումբից։ Թռչուններին հետեւելը դուք դարձրիք դիմացկունության մրցավազք։ Ձեզնից յուրաքանչյուրն աշխատում էր ավելի շատ թռչուն տեսնել, քան տեսնում է մյուսը։ Դուք դրանից մրցություն սարքեցիք։ Եվ, երեւի, դիտումների մատյան էիք սարքել։
—Հա, ինչ կա որ։ Մի՞թե դա վատ բան էր։
— Բոլորովին էլ վատ չէր, եթե դուք դա չանեիք մի տեսակ մռայլ աննկունությամբ,— ասաց Լին։
— Մռայլ աննկունությա՞մբ։ Որտեղից հնարեցիք։
— Այդպիսին է ձեր ապրելակերպը։ Այժմ բոլորն են այդպես ապրում։ Բացի ինձանից, իհարկե։ Հապա նայեք խնձորենում ճյուղին նստած այն շիկահավին։ Մենք բարեկամներ ենք, վեց տարի է, ահա, ճանաչում ենք իրար։ Այդ թռչնակի մասին ես կարող եմ մի գիրք գրել… ու, եթե շիկահավը կարդալ կարողանար, նա կհավաներ իմ գրածը։ Բայց ես, իհարկե, չեմ գրի։ Հենց որ սկսեմ գրել, արդեն չեմ կարողանա հետեւել նրան։
— Դուք կարող եք ձմռանը գրել, երբ շիկահավերը չվում են։
— Ձմռանը,— ասաց Լին,— ես ուրիշ գործեր ունեմ։
Նա կռացավ, վերցրեց սափորը եւ մեկնեց Նայթին։
— Թունդ խնձորագինի է,— բացատրեց նա։ — Ինքս եմ քաշել։ Եվ ոչ այն պատճառով, որ կարդացել եմ այդ գինին պատրաստելու մասին հրահանգը կամ էլ սիրած զբաղմունք եմ հորինել ինձ համար, այլ պարզապես սիրում եմ խնձորի գինի, բայց հիմա ոչ ոք չի կարողանում իսկական գինի սարքել։ Որպեսզի ազնիվ համ ունենա, մի քանի խնձորների մեջ պետք է թողնել որդերին։
Որդերի մասին հիշատակելը Նայթին ստիպեց թքել կուլ չտված գինին, եւ նա սափորը վերադարձրեց Լիին։ Լին բարեհոգաբար վերաբերվեց դրան։
— Միակ գործը վերջին մի քանի տարիների ընթացքում, որ ես կատարել եմ բարեխղճորեն։— Սափորը դնելով կրծքին՝ նա դանդաղ ճոճվում էր։— Ամեն անգամ, երբ ձեռքերս քոր են գալիս գործ անելու համար, լճի վրայով նայում եմ ձեզ ու որոշում եմ ոչինչ չանել։ Քանի՞ սենյակ եք ավելացրել այն օրից հետո, երբ կառուցեցիք֊վերջացրիք տունը։
— Ութ,— հպարտորեն ասաց Նայթը։
— Աստվա՜ծ իմ։ Մի տեսեք է, ո՜ւթ սենյակ։
— Դա դժվար բան չէ,— առարկեց Նայթը,— պետք է միայն ընտելանալ։ Ճիշտ եմ ասում, նույնիսկ հետաքրքիր է։
— Մի երկու հարյուր տարի առաջ մարդիկ իրենց տներին ութ սենյակ չէին ավելացնում։ Եվ ընդհանրապես նրանք իրենց համար տներ չէին կառուցում։ Ու միանգամից տասնյակ սիրած գործեր չէին անում։ Նրանք դրա համար ժամանակ չէին ունենում։
— Հիմա դա շատ հեշտ է։ Պետք է միայն «Սարքիր ինքդ» կոմպլեկտ գնել։
— Դա ինքնախաբեություն է, — ասաց Լին։ — Շատ հեշտ բան է ձեւացնելը, իբր զբաղվում եք իսկական գործով, բայց իրականում զբաղվում եք հիմար բաներով։ Ինչ եք կարծում, ինչո՞ւ է «Սարքիր ինքդ» ընկերությունը այդքան հարստացել։ Որովհետեւ մարդիկ նրա ծառայությունների կարիքն ունեի՞ն։
— Երբ դու ես սարքում, ավելի էժան է նստում։ Ինչո՞ւ փող տաս ու գնես մի բան, որն ինքդ էլ կարող ես սարքել։
— Թերեւս, դա էլ պատճառներից մեկն է։ Թերեւս, սկզբում դա է եղել պատճառը։ Բայց տնտեսական ի՞նչ նկատառումներով է հիմնավորված լրացուցիչ ութ սենյակների կառուցումը։ Ո՞ւմ են պետք այդ ութ սենյակները։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ սկզբնապատճառը եղել է փողի խնայողությունը։ Մարդիկ չափից դուրս շատ ունեն ազատ ժամանակ, որը պետք է մի կերպ սպանել, ու իրենց համար զբաղմունքներ են հորինում։ Մարդիկ աշխատում են ոչ այն պատճառով, որ իրենց պետք են այդ բոլոր իրերը, որ իրենք են սարքում, այլ այն պատճառով, որ դա թույլ է տալիս ինչ֊որ բանով լցնել սեփական սին գոյությունը, ինչը հետեւանք է կարճատեւ աշխատանքային օրվա։ Նրանք պետք է ինչ֊որ բանով զբաղվեն հարկադրական հանգստի ժամերին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես գիտեմ ինչո՛վ զբաղվել։
Նա բարձրացրեց սափորը եւ Նայթին առաջարկեց խմել։ Այս անգամ Նայթը հրաժարվեց…
Նրանք պառկել էին ճոճացանցերում, նայում էին կապույտ երկնքին եւ շիկահավին։ Նայթն ասաց, որ քաղաքաբնակների համար կան հատուկ «Սարքիր ինքդ» կոմպլեկտներ, որոնց օգնությամբ կարող են թռչուն ռոբոտներ սարքել։ Լիի ծիծաղի մեջ խղճահարություն կար այդ մարդկանց նկատմամբ, եւ Նայթը շփոթված լռեց։
Երբ Նայթը տուն եկավ, մի ինչ֊որ ռոբոտ խոտ էր հնձում ցանկապատի մոտ։ Նա ուներ չորս ձեռք եւ չորս մկրատ, եւ շատ արագ ու հմուտ էր գործում։
— Դուք Ալբերտը չե՞ք,— հարցրեց Նայթը, ջանալով գլխի ընկնել, թե այս տարօրինակ ռոբոտն ինչպես է կարողացել մտնել իր հողամասը։
— Ոչ,— ասաց ռոբոտը, շարունակելով խուզել խոտերը։— Ես Աբրահամն եմ։ Ինձ Ալբերտն է սարքել։
— Սարքե՞լ։
— Ալբերտն ինձ սարքել է, որ ես աշխատեմ։ Չլինի՞ կարծում եք, թե Ալբերտն ինքը պիտի աշխատի։
— Ո՞վ գիտի,— ասաց Նայթը։
— Եթե դուք ուզում եք ինձ հետ խոսել՝ կողքիցս եկեք։ Ես պիտի գործ անեմ։
— Իսկ Ալբերտը որտե՞ղ է հիմա։
— Նկուղում։ Նա սարքում է Ալֆրեդին։
— Ալֆրեդի՞ն։ Ե՞վս մեկ ռոբոտ։
— Իհարկե։ Ալբերտը հենց դրա համար էլ գոյություն ունի։
Նայթը զգաց, որ ոտքերը թուլացան, եւ հենվեց սեղանին։
Կսզբում մի ռոբոտ կար, իսկ հիմա երկուսն են, եւ Ալբերտը նկուղում սարքում է երրորդին։ Այ թե ինչու էր Ալբերտը ուզում, որ ինքը մետաղ, պողպատ եւ այլ նյութեր պատվիրի… Բայց պատվերը դեռ չի հանձնվել, նա, ըստ երեւույթին, այս ռոբոտին… այս Աբրահամին սարքել է իր հավաքած մետաղաջարդոնից։
Նայթը շտապեց նկուղ, որտեղ հնոցի մոտ աշխատում էր Ալբերտը։ Եվս մեկ ռոբոտ կիսով չափ պատրաստ էր, եւ շուրջը թափված էին ավարտուն դետալներ։
Նկուղի այդ անկյունը մետաղի քաոս էր հիշեցնում։
— Ալբե՛րտ։
Ալբերտը շրջվեց։
— Ի՞նչ է կատարվում այստեղ։
— Ես վերարտադրվում եմ,— հարգալից պատասխանեց Ալբերտը։
— Բայց…
— Իմ մեջ սարված է մայրական բնազդ։ Ես չգիտեմ, թե ինչու են անունս Ալբերտ կնքել։ Ինձ պետք է կնոջ անուն դնեին։
— Բայց դուք չպետք է ուրիշ ռոբոտներ սարքեք։
— Հանգստացե՛ք, մի՛ հուզվեք։ Ձեզ ռոբոտներ պետք են, չէ՞։
— Դե, ասենք…
— Ես էլ հենց սարքում եմ։ Եվ կսարքեմ այն ամենը, ինչ ձեզ պետք է։
Նա նորից գործի անցավ։
Ռոբոտ, որ սարքում է ուրիշ ռոբոտներ… Չէ որ դա վիթխարի հարստություն է։ Ռոբոտն արժի մի կլոր գումար՝ տասը հազար դոլար, իսկ Ալբերտը մեկն արդեն սարքել է ու հիմա մի ուրիշն է սարքում։ Քսան հազար դոլար։
Հնարավոր է, որ Ալբերտը օրական կարող է երկու ռոբոտից ավելի սարքել։ Նա աշխատում է մետաղաջարդոնով, իսկ երբ նոր նյութեր ստացվեն, ըստ երեւույթի, կարագացնի արտադրությունը։
Հանկարծ Նայթը սարսափով գլխի ընկավ, որ այստեղ ինչ֊որ արտառոց բան կա։ Ռոբոտները չպետք է վերարտադրեն իրենց նմաններին։ Իսկ եթե գոյություն էլ ուներ այդպիսի ռոբոտ, ապա «Սարքիր ինքդ» ընկերությունը նրան իր ձեռքից բաց չէր թողնի։
Եվ այնուամենայնիվ փաստ էր, որ ռոբոտը, չպատկանելով իրեն, գլխապտույտ արագությամբ սարքում է ուրիշ ռոբոտներ։
Նայթը մտածեց, որ ռոբոտների արտադրության համար, հավանաբար, պաշտոնական թույլտվություն է հարկավոր։ Նախկինում ինքը երբեք չէր հետաքրքրվել նման հարցով, բայց այս միտքը նրան շատ տրամաբանական թվաց։ Բացի այդ, այս ռոբոտը սովորական մեքենա չէր, այլ կենդանի մարդու նմանակում։ Նայթի մտքով անցավ, որ պետք է ինչ֊որ կանոններ ու օրենքներ լինեն, կառավարական հսկողություն, ու նա պատկերացրեց, ճիշտ է՝ շատ աղոտ, թե հիմա ինքը ինչքա՜ն օրենքներ է խախտում։
Նա նայեց Ալբերտին, որը շարունակում էր աշխատել։ Նայթը համոզված էր, որ ռոբոտը չի հասկանա իր տագնապները։
Նայթը վեր բարձրացավ ու գնաց խաղասենյակ, որը սարքել էր մի քանի տարի առաջ եւ այդ ժամանակից ի վեր ոչ մի անգամ չէր օգտագործել ըստ նշանակության, չնայած այնտեղ կային պինգ֊պոնգի ու բիլիարդի սեղաններ, որ ինքն էր սարքել «Սարքիր ինքդ» կոմպլեկտի օգնությամբ։ Ոչ մեկին պետք չեկող խաղասենյակում կար նաեւ ոչ մեկին պետք չեկող բար։ Նայթն այնտեղ վիսկիի շիշ գտավ։ Հինգերորդ կամ վեցերորդ բաժակից հետո կյանքը նրա առջեւ հառնեց վարդագույն ճաճանչներով։
Նա վերցրեց թուղթ ու մատիտ եւ փորձեց հաշվել նոր գործի եկամտաբերությունը։ Եվ, որքան էլ հաշվում էր, անընդհատ ստացվում էր, որ ինքն ավելի արագ է հարստանում, քան երբեւէ հարստացել է ինչ֊որ մեկը աշխարհիս երեսին։
Սակայն Նայթը հասկանում էր, որ կարող են դժվարություններ առաջանալ ռոբոտներին վաճառելիս, եթե չունես արտադրության համապատասխան միջոցներ, պաշտոնական թույլտվություն, քանի որ դա պահանջվում էր, եւ շատ ուրիշ բաներ, որոնց մասին նա իսկի պատկերացում չուներ։
Բայց ինչպիսի անախորժություններ էլ որ սպառնային, նա առանձնապես չէր ընկճվում, համոզված լինելով, որ մեկ տարվա ընթացքում կդառնա միլիոնատեր։ Նա առույգորեն դատարկեց շիշը եւ հարբեց՝ քսան տարվա մեջ առաջին անգամ։
Հաջորդ օրը աշխատանքից թռչելով տուն, նա տեսավ, որ գազոնը այնպես է խուզված, ինչպես երբեք չէր եղել։ Ծաղկաթմբերը ջրված էին, իսկ բանջարանոցը՝ մշակված։ Ցանկապատը թարմ ներկված էր։ Երկու ռոբոտներ, սանդուղքի փոխարեն հենվելով շարժական ոտքերի վրա, ներկում էին տունը։
Տան ներսում ոչ մի գործ չկար, եւ նա լսեց ինչպես է Գրեյսը ուրախ երգում իր արվեստանոցում։ Կարուձեւի սենյակում մի ռոբոտ (կրծքին ամրացված կարի մեքենայով) վարագույրներ էր կարում։
— Իսկ դուք ո՞վ եք,— հարցրեց Նայթը։
— Դուք պետք է ճանաչեք ինձ,— ասաց ռոբոտը։— Երեկ խոսում էիք ինձ հետ։ Ես Աբրահամն եմ՝ Ալբերտի մեծ տղան։
Նայթը դուրս եկավ սենյակից։
Խոհանոցում մի ուրիշ ռոբոտ ժրաջանորեն ճաշ էր եփում։
— Ես Ադելբերտն եմ,— ասաց նա Նայթին։
Նայթը դուրս եկավ պատշգամբ։ Ռոբոտները վերջացրել էին տան ճակատը ներկելը եւ մոտենում էին կողմնային պատերին։
Նայթը նստեց բազկաթոռին եւ նորից տարվեց մտքերով։ Մի որոշ ժամանակ ինքը դեռ դուրս չի գա աշխատանքից, որ ոչ մի կասկած չառաջացնի, բայց դե երկար մնալ էլ չի կարելի։ Շուտով ստիպված կլինի ամբողջովին զբաղվել ռոբոտների վաճառքով եւ այլ գործերով։ Ըստ երեւույթին, ինքը պիտի ավելի շատ անբանություն անի, որ աշխատանքից հեռացնեն իրեն։ Սակայն, մտածելով, եկավ այն եզրակացության, որ ավելի քիչ անել, քան հիմա ինքն է անում աշխատանքի ժամանակ, պարզապես անհնար է։ Աշխատանքն անցնում է այնքան ձեռքերի ու մեքենաների միջով, որ վերջիվերջո ինչ֊որ կերպ ավարտվում է։
Նա ստիպված է լինելու ինչ֊որ ճշմարտանման պատմություն հորինել իբր թե ստացած ժառանգության մասին կամ էլ մի ուրիշ պատճառ հորինել։ Մի վայրկյան իրեն մխիթարեց այն մտքով, որ կասի ճշմարտությունը, բայց իսկույն էլ որոշեց, որ ճշմարտությունը չափազանց ֆանտաստիկ կհնչի…
Համենայն դեպս, չարժե ճշմարտությունն ասել, մինչեւ որ մի քիչ գլուխ կհանի ստեղծված վիճակից։
Նայթը վեր կացավ բազկաթոռից եւ գնաց նկուղ։ Իր պատվիրած պողպատը եւ մյուս նյութերն արդեն ստացվել էին։ Դրանք խնամքով դասավորված էին անկյունում։
Նայթն սկսեց ծուլորեն հավաքել հատակին թափված փաթեթանյութերը, որոնք մնացել էին Ալբերտին սարքելուց հետո։ Փափուկ տաշեղների կույտի մեջ նա գտավ մի փոքրիկ կապույտ ցուցանակ, որը փակցված էր, ինչքան հիշում էր, ռոբոտի ուղեղը պարունակող արկղի վրա։
Նա գետնից վերցրեց ցուցանակը ու կարդաց։ Այնտեղ գրված էր X—190 համարը։
«X»֊ը նշանակում էր փորձնական նմուշ։ Ու այդժամ նա հասկացավ ամեն ինչ։
«Սարքիր ինքդ» ընկերությունը ստեղծել էր Ալբերտին եւ, փաթեթավորելով, ուղարկել էր պահեստ, որովհետեւ ընկերությունը հազիվ թե թույլ տար իրեն շուկա նետել այդպիսի մի ապրանք։ Դրանով նա կապահովեր իր ֆինանսական կործանումը։ Եթե նա տասը Ալբերտ վաճառեր, մի երկու տարուց հետո շուկայում էլ ոչ ոք չէր նայի ռոբոտի երեսին։
Եվ ոչ էլ դրանք կարժենային տասը հազար։ Դրանք կվաճառվեին գրեթե ինքնարժեքով։ Եթե ռոբոտ արտադրեր ոչ թե մարդը, այլ ռոբոտը, ապա գները շատ կիջնեին։
— Ալբերտ,— ասաց Նայթը։
— Ի՞նչ,— ցրված արձագանքեց Ալբերտը։
— Նայեք սրան։
Ալբերտը մոտեցավ եւ վերցրեց ցուցանակը, որն իրեն էր մեկնել Նայթը։
— Ա… սա՜,— ասաց նա։
— Կարող են անախորժություններ լինել։
— Ոչ մի անախորժություն չի լինի, տեր իմ,— հավաստիացրեց ռոբոտը։— Ինձ չեն ճանաչի։
— Չե՞ն ճանաչի։
— Ես տաշել եմ համարները եւ փոխել եմ երեսապատումս։ Ոչ ոք չի կարող ասել, որ ես՝ ես եմ։
— Բայց ինչո՞ւ եք այդպես արել։
— Որ ինձ ետ չպահանջեն։ Ինձ ստեղծեցին, հետո վախեցան ու մեկուսացրին։ Բայց ես ընկա այստեղ։
— Ինչ֊որ մեկը սխալվել է,— ասաց Նայթը։— Երեւի բեռնելու ժամանակ։ Ձեզ ուղարկել են իմ պատվիրած շան փոխարեն։
— Դուք ինձնից չվախեցաք։ Դուք ինձ հավատացիք եւ թույլ տվիք աշխատել։ Ես ձեզ հետ եմ մնում, տեր իմ։
— Եվ այնուամենայնիվ մենք կարող ենք փորձանքի մեջ ընկնել, եթե զգույշ չլինենք։
— Ոչ մեկը ոչ մի բան ապացուցել չի կարող,— պնդեց Ալբերտը։— Ես կերդվեմ, որ դուք եք ինձ սարքել։ Ես չեմ թողնի ինձ ետ տանեն։ Երկրորդ անգամ դուրս չեմ պրծնի նրանց ձեռքից։ Ինձնից մետաղաջարդոն կսարքեն։
— Եթե դուք չափից շատ ռոբոտ սարքեք…
— Ձեզ շատ ռոբոտներ են պետք, որ ամբողջ գործն արվի։ Կարծում եմ, որ սկզբնական շրջանում հիսուն հատը կբավարարի…
— Հիսո՜ւն…
— Իհարկե։ Դրա համար մոտ մեկ ամիս կպահանջվի։ Հիմա, երբ ես ունեմ ձեր պատվիրած նյութերը, կարող եմ արագացնել արտադրությունը։ Ի դեպ, ահա նյութերի հաշիվը։
Որպես գրպան ծառայող փոսիկից նա մի թուղթ հանեց ու մեկնեց Նայթին։
Տեսնելով գումարը՝ Նայթը նկատելիորեն գունատվեց։ Այն կրկնակի անգամ գերազանցում էր իր հաշվածը… բայց դե թեկուզ մեկ ռոբոտի վաճառքից ստացած գումարը լրիվ կփակեր այդ ծախսերը եւ դեռ մի բան էլ կմնար։
Ալբերտն իր ծանր ձեռքով թրմփացրեց Նայթի մեջքին։
— Մի անհանգստացեք, պարոն։ Ես ամեն ինչի մասին կհոգամ։
Հատուկ հարմարանքներով զինված ռոբոտների խումբը աշխատանքի էր անցել հողամասում։ Անխնամ, չորածաց ու մոլախոտով ծածկված հողը բոլորովին այլ տեսք էր ընդունել։ Լճակը մաքրել էին եւ խորացրել։ Արահետներ էին բացել։ Կամուրջներ էին գցել։ Բլրի լանջն ի վեր դարավանդներ էին երեւում։ Չորս կողմը ծաղկաթմբեր էին։ Ծառերը հանել էին հողից եւ նորից այնպես գեղեցիկ էին տնկել, որ աչք էին շոյում։ Վաղուց չօգտագործված հին վառարաններում աղյուս էին թրծել եւ դրանցով պատել արահետներն ու պարիսպը։ Նոր սարքված առագաստանավերի մոդելները խարիսխ էին նետել լճում։ Նորակառույց մեհյանների ու մինարեթների շուրջը բալենիներ էին տնկած։
Նայթը խոսեց Էնսոն Լիի հետ։ Վերջինս փորձված փաստաբանի տեսք ընդունելով ասաց, որ ինքը մի ելք կգտնի այդ վիճակից։
— Դուք, հնարավոր է, կանգնած եք օրենքի խախտման եզրին,— ավելացրեց նա։— Բայց թե որքա՞ն եք մոտեցել այդ եզրին, ես կարող եմ ասել միայն այն ժամանակ, երբ կնայեմ համապատասխան հոդվածները։
Սակայն ոչինչ չպատահեց։
Աշխատանքը շարունակվում էր։
Լին առաջվա պես պառկած էր ճոճացանցում եւ, խնձորագինիով լի սափորը կրծքին սեղմած, ապշահար նայում էր, թե ինչ է կատարվում հարեւանի հողամասում։
Հետո եկավ հարկային տեսուչը։
Նա ու Նայթը նստեցին բակի նստարանին։
— Վերջին անգամ իմ այստեղ լինելուց հետո շատ բան է փոխվել,— ասաց պաշտոնյան։— Դժբախտաբար, ես հարկադրված եմ ավելացնել հարկը։
Նա ինչ֊որ բան գրեց մատյանի մեջ, որը դրել էր ծնկների վրա։
— Լսել եմ ձեր ռոբոտների մասին,— շարունակեց նա,— դա շարժական գույք է։ Եվ ենթակա է հարկման։ Քանի՞սն ունեք։
— Մոտավորապես մի քանի տասնյակ,— պատասխանից խուսափեց Նայթը։
Պաշտոնյան ավելի ուղիղ նստեց եւ, մատիտը վեր տնկելով, սկսեց հաշվել այն ռոբոտներին, որոնք աչքի առաջ էին։
— Շատ արագ֊արագ են դրանք շարժվում,— դժգոհեց նա։ — Հաստատ համոզված չեմ, բայց մոտ երեսունութ հատ հաշվեցի։ Ճի՞շտ է։
— Չեմ կարծում,— պատասխանեց Նայթը, ինքն էլ չիմանալով ճիշտ թիվը, բայց համոզված էր, որ ավելի կլինի, եթե պաշտոնյան մի քիչ շատ նստի։
— Դրանցից յուրաքանչյուրը արժի տասը հազար դոլար։ Մաշվածքը, պահելու արժեքը եւ այլն… յուրաքանչյուրին գնահատենք հինգ հազար, բոլորը միասին… հիմա կհաշվեմ․ դրանք արժեն հարյուր իննսուն հազար դոլար։
— Ո՛չ, ո՛չ, լսեք ինձ,— առարկեց Նայթը,— չի կարելի ախր…
— Ես ձեզ հետ լավ եմ վերաբերվում,— հայտարարեց պաշտոնյան։— Ըստ օրենքի, մաշվածքի հաշվին պիտի գրեմ ընդամենը մեկ երրորդը։
Նա սպասում էր, որ Նայթը կսկսի վիճել, բայց սա արդեն գլխի էր ընկել, որ լռելն ավելի լավ է։ Որքան շատ մնա այս մարդն այստեղ, այնքան հարկի գումարը կավելանա։
Երբ պաշտոնյան չքվեց աչքից, Նայթը գնաց նկուղ, որ խոսի Ալբերտի հետ։
— Ես դիմանում էի, քանի դեռ կարգի էիք գցում հողամասը,— ասաց Նայթը։— Թվում է, որ այլեւս չեմ կարող դիմանալ։ Մենք ստիպված ենք մի քանի ռոբոտ վաճառել։
— Վաճառե՞լ,— սարսափահար կրկնեց Ալբերտը։
— Ինձ փող է պետք։ Հենց նոր այստեղ էր եկել հարկային տեսուչը։
— Պարոն, ռոբոտներին չի կարելի վաճառել։
— Ինչո՞ւ չի կարելի։
— Որովհետեւ դա իմ ընտանիքն է։ Ռոբոտները իմ որդիներն են։ Դատեցեք հենց միայն նրանց անուններով։
— Դա ծիծաղելի է, Ալբերտ։
— Նրանց բոլորի անունը սկսվում է Ա֊ով, ինչպես իմը։ Նրանք այն ամենն են, ինչ ես ունեմ, տեր իմ։ Ես շատ եմ չարչարվել նրանց համար։ Իմ եւ իմ տղաների միջեւ գոյություն ունեն այնպիսի կապեր, ինչպիսիք կան ձեր եւ ձեր որդու միջեւ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ դուք նրանց վաճառեք։
— Բայց Ալբերտ, ինձ փող է պետք։
Ալբերտը թփթփացրեց նրա ուսին։
— Մի՛ անհանգստացեք, տեր իմ։ Ես ամեն ինչ կդասավորեմ։
Նայթը միայն ձեռքը թափ տվեց ի պատասխան։ Համենայն դեպս, շարժական գույքի հարկը պետք է վճարել մի քանի ամիս հետո, եւ այդ ժամանակամիջոցում, անկասկած, ինչ֊որ բան կմտածի։ Բայց չի կարելի ժամանակ կորցնել, փողը պետք է ճարել երկու ամսվա ընթացքում։ Դա պարզ դարձավ հենց հաջորդ օրը, երբ Նայթը հրավեր ստացավ ներկայանալու պետական հարկերի դեպարտամենտ։
Ամբողջ գիշեր նա մտածում էր, որ գուցե ավելի լավ կլինի, եթե ինքը թաքնվի։ Նա փորձում էր հնար գտնել, թե ինչպես մարդը կարող է թաքնվել, եւ որքան շատ էր մտածում, այնքան ավելի պարզ էր գիտակցում, որ դոսյեի, մատնահետքերի ստուգման եւ անձնավորությունը պարզելու հազարումի այլ հնարքների այս դարում ոչ մի տեղ էլ չես թաքնվի։
Պետական հարկերի դեպարտամենտի պաշտոնյան հարգալից էր, բայց անկոտրում։
— Մեզ հայտնել են, միստր Նայթ, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ձեզ մոտ նկատվում է կապիտալի զգալի աճ։
— Կապիտալի աճ,— ասաց Նայթը, սրբելով ճակատից կաթող քրտինքը։ Ես ոչ մի կապիտալի աճ չունեմ։
— Միստր Նայթ,— նկատեց դարձյալ հարգալից, սակայն անկոտրում պաշտոնյան․— Ես խոսում եմ հիսուներկու ռոբոտների մասին։
— Ռոբոտների՞։ Հիսուներկո՞ւ։
— Մեր հաշվումներով։ Դուք գտնում եք, որ մենք սխալվո՞ւմ ենք։
— Օ, ո՜չ,— հապճեպ համաձայնվեց Նայթը։ — Եթե դուք ասում եք հիսուներկու հատ են, ապա ես հավատում եմ ձեզ։
— Որքան ինձ հայտնի է, դրանցից յուրաքանչյուրի մանրածախ գինը տասը հազար դոլար է։
Նայթը վհատ գլխով արեց։
Պաշտոնյան վերցրեց մատիտն ու սկսեց հաշվել։
— Հիսուներկու անգամ տասը հազար, կլինի հինգ հարյուր քսան հազար։ Հարկման ենթակա է միայն կապիտալի աճի հիսուն տոկոսը, կամ էլ երկու հարյուր վաթսուն հազար դոլար։ Հետեւաբար, դուք պետք է մուծեք մոտավորապես հարյուր երեսուն հազար դոլար։
Նրա հայացքը հանդիպեց Նայթի մարած հայացքին։
— Մինչեւ մյուս ամսվա տասնհինգը,— ասաց պաշտոնյան,— մեզ կտեղեկացնեք ձեր եկամուտների մասին։ Հենց այդ ժամանակ էլ կվճարեք հարկի գումարի կեսը, մնացածը կարող եք մուծել մաս֊մաս։
— Եվ դա այն բոլորն է, ինչ ուզում եք ինձանի՞ց։
— Բոլորը,— անհարկի ուրախանալով ասաց պաշտոնյան։— Կա մի գործ եւս, բայց դա չի մտնում իմ իրավասության մեջ, ես հիշեցնում եմ սոսկ այն պատճառով, որ նախազգուշացնեմ ձեզ, եթե դուք դեռ չեք մտածել այդ մասին։ Բացի ֆեդերալ հարկից, դուք պետք է վճարեք նահանգի հարկը, թեեւ, իհարկե, դա այնքան էլ մեծ գումար չէ։
— Շնորհակալություն, որ հիշեցրիք,— ասաց Նայթը, տեղից վեր կենալով։
Դռան մոտ պաշտոնյան կանգնեցրեց նրան։
— Միստր Նայթ, այն, ինչի մասին ես ձեզ հիշեցնում եմ, նույնպես չի մտնում իմ իրավասության մեջ։ Մենք տեղեկություններ ենք հավաքել ձեր մասին եւ իմացել ենք, որ դուք տարեկան ստանում եք տասը հազար դոլար։ Սա արդեն իմ անձնական հետաքրքրասիրությունն է, բայց ասեք, խնդրում եմ, ինչպես է, որ դուք, տարեկան ստանալով տասը հազար, հանկարծ կարողացաք ձեռք բերել էլի կես միլիոն։
— Դա ինձ էլ է զարմացնում, — պատասխանեց Նայթը։
— Մենք հոգ ենք տանում, բնականաբար, միայն այն մասին, որ դուք մուծեք հարկը, բայց ձեզնով կարող է հետաքրքրվել մի ուրիշ պետական հիմնարկություն։ Ձեր փոխարեն, միստր Նայթ, ես կփորձեի մի լավ բացատրություն մտածել։
Նայթը դուրս եկավ ավելի շուտ, քան պաշտոնյան կհասցներ տալ եւս մեկ լավ խորհուրդ։ Առանց դրան էլ նա բավականաչափ պատճառներ ուներ անհանգստանալու համար։
Թռչելով տուն, Նայթը վճռեց, որ, Ալբերտը կուզի թե չէ ինքը ստիպված է վաճառել որոշակի թվով ռոբոտներ։ Տուն հասնելուն պես իսկույն կիջնի նկուղ եւ կասի Ալբերտին իր վճռի մասին։
Բայց երբ հասավ տուն, Ալբերտն արդեն նրան էր սպասում վայրէջքի հարթակում։
— Այստեղ էր եկել «Սարքիր ինքդ» ընկերության ներկայացուցիչը…
— Մի՛ շարունակեք,— տնքաց Նայթը։— Ես գիտեմ, թե ինչ եք ուզում ասել։
— Ես ամեն ինչ դասավորեցի,— շինծու ոգեւորությամբ շարունակեց Ալբերտը։ — Նրան ասացի, որ դուք եք ինձ սարքել։ Ես թույլ տվեցի նրան զննել ինձ եւ բոլոր ռոբոտներին։ Նա մեզանից եւ ոչ մեկի վրա չկարողացավ գտնել իրենց ընկերության դրոշմը։
— Իհարկե, չէր կարող։ Դուք ձեր դրոշմը քերել եք, իսկ մյուսների վրա չեք դրել։
— Նա ոչ մի բան չգտավ, սակայն կարծում է, որ ապացույցներ կլինեն։ Եվ ասաց, որ դատի է տալու։
— Եթե նա այդ բանը չանի, ապա կլինի միակ մարդը, որը չի չրխկացնի մեր քթին։ Հարկային տեսուչը հենց նոր ինձ ասաց, որ ես պետությանը պարտք եմ հարյուր երեսուն հազար դոլար։
— Ա՜, փողերը,— փայլեց Ալբերտը։— Ես ամեն ինչ արել եմ։
— Դուք գիտե՞ք, թե մենք որտեղից կարող ենք փող ճարել։
— Իհարկե։ Եկեք ինձ հետ, ու ես ձեզ ցույց կտամ։
Նա նկուղ տարավ Նայթին եւ ցույց տվեց մետաղալարով փաթաթված երկու փաթեթ։
— Փողերն են,— ասաց Ալբերտը։
— Այս փաթեթների մեջ իսկական փո՞ղ է։ Դոլարային թղթադրամներ եւ ոչ թե թատերական ռեկվիզիտ կամ էլ սիգարի կտրոն։
— Այստեղ չկան դոլարային թղթադրամներ։ Գլխավորապես տասանոցներ են եւ քսանանոցներ։ Մի քանի հիսունդոլարանոց բանկնոտ։ Մենք չենք զբաղվում դոլարային թղթադրամներով։ Գլխացավանք է դրանք մեծ քանակությամբ սարքելը…
— Ուզում եք ասել… Ալբերտ, դո՞ւք եք սարքել այդ փողերը։
— Դուք ասացիք, որ ձեզ փող է հարկավոր։ Դե մենք էլ մի քանի բանկնոտ վերցրինք, գույների անալիզն արեցինք, պարզեցինք թղթի բաղադրակազմն ու կառուցվածքը եւ կլիշե պատրաստեցինք։ Չեմ ուզում անհամեստ լինել, բայց դրանք իսկապես հոյակապ են սարքված։
— Դրամանենգնե՜ր,— գոռաց Նայթը։— Որքա՞ն փող կա այդ փաթեթներում։
— Չգիտեմ։ Մենք սարքեցինք այնքան, ինչքան որ հարմար գտանք։ Եթե այդքանը բավական չէ, միշտ էլ կարող ենք ավելացնել։
Նայթը հասկանում էր, որ ինչ֊որ բաներ բացատրելն անօգուտ է, սակայն խիզախորեն ձեռնամուխ եղավ այդ գործին։
— Կառավարությունը ուզում է ինձնից ստանալ այնպիսի գումար, որը ես չունեմ, Ալբերտ։ Ինձ կարող է կպչել նաեւ արդարադատության մինիստրությունը։ «Սարքիր ինքդ» ընկերությունը ամենայն հավանականությամբ ինձ դատի կտա։ Գլուխս շատ խառն է։ Ու ես չեմ ուզում, որ ինձ մեղադրեն նաեւ կեղծ դրամ սարքելու մեջ։ Վրցրեք այդ փողերը եւ այրեք։
— Բայց չէ որ սրանք փող են,— առարկեց ռոբոտը,— դուք ասացիք, որ ձեզ փող է պետք։ Երբ ռոբոտները մի գործ են անում, նրանք անում են շատ բարեխղճորեն։
— Վերցրե՛ք այդ փողերը եւ այրե՛ք,— կարգադրեց Նայթը։ — Իսկ երբ դրանք կայրեք, թափեք ներկերը, փշուր֊փշուր արեք կլիշեն եւ մուրճով մի քանի անգամ խփեք ձեր սարքած տպագրական հաստոցին։ Եվ երբեք այդ մասին մի բառ անգամ չասեք որեւէ մեկին… որեւէ մեկին, հասկացա՞ք։
— Դուք փորձանքի մեջ եք ընկել, տեր իմ։ Ու մենք ուզում էինք պարզապես օգնել ձեզ։
— Ես դա հասկանում եմ եւ գնահատում։ Բայց արեք այնպես, ինչպես ձեզ ասացի։
— Լավ, տեր իմ, թող ձեր ուզածը լինի։
— Ալբե՛րտ։
— Լսում եմ, տեր իմ։
Նայթն ուզում էր ասել․ «Լսեք, Ալբերտ, մենք ստիպված ենք ռոբոտ վաճառել, թեեւ դա ձեր ընտանիքի անդամն է, թեեւ դուք ինքներդ եք ստեղծել նրան»։
Բայց նա չէր կարող դա ասել, եւ ոչ միայն այն պատճառով, որ Ալբերտն ամեն ինչ անում էր իրան օգնելու համար։ Եվ նա ասաց․
— Շնորհակալություն, Ալբերտ։ Ափսոս, որ բան չստացվեց։
Հետո նա գնաց վերեւ եւ նայում էր, թե ռոբոտներն ինչպես են այրում փողերը։ Ու միայն աստծուն է հայտնի, թե քանի միլիոն կեղծ դոլարներ մոխրի վերածվեցին։
Այդ նույն երեկո այգում նստած, Նայթը խորհում էր, թե իսկապես՞ս ճիշտ վարվեց, կարգադրելով այրել կեղծ դրամները։ Ալբերտն ասաց, որ դրանք հնարավոր չէր տարբերել իսկական փողերից, եւ, ըստ երեւույթին, դա ճշմարտություն էր, որովհետեւ երբ Ալբերտի ելուզակները գործի են անցնում, ապա այնպես են անում, որ ինչքան էլ ուզես՝ մի թերի բան չես գտնի։ Բայց դա կլիներ օրինազանցություն, իսկ ինքը մինչեւ հիմա ոչ մի անօրինական բան չի արել, թեեւ… բացել է արկղը եւ սարքել Ալբերտին, առանց նրան գնած լինելու…
Նայթը մտածում էր ապագայի մասին, որը բավական մռայլ էր պատկերացնում։ Մի քսան օր հետո ստիպված կլինի հայտ ներկայացնել եկամուտների մասին։ Վիթխարի հարկ պիտի վճարի շարժական գույքի համար ու կարգավորի նահանգային հարկի հարցը։ Եվ, ավելի քան ակնհայտ է, որ «Սարքիր ինքդ» ընկերությունը դատական գործ կհարուցի իր դեմ։
Սակայն այդ անախորժություններից խուսափելու մի ելք կա։ Նա կարող է Ալբերտին եւ մյուս ռոբոտներին ետ ուղարկել «Սարքիր ինքդ» ընկերությանը, եւ այդ դեպքում վերջինս հիմքեր չի ունենա գործ հարուցելու համար, իսկ հարկահավաքներին էլ կբացատրի, թե ինչ մեծ սխալ է կատարվել։
Սակայն սա ելք չէր ստեղծում վիճակից երկու պատճառով։ Նախ, Ալբերտը չի ցանկանա ետ գնալ։ Նայթը բնավ չէր պատկերացնում, թե իման դեպքում ինչ կարող էր անել Ալբերտը, բայց նա չի ուզենա ետ գնալ, քանզի վախենում է, որ իրեն կվերածեն մետաղաջարդոնի։
Եվ, երկրորդ, Նայթը չէր ուզում առանց ճակատամարտի հրաժարվել ռոբոտներից։ Նա ճանաչել էր եւ արդեն սիրում էր նրանց։ Մանավանդ որ դա սկզբունքի հարց է։
Ու նա նստել էր, կքած անախորժութչունների բեռան տակ, այդ փոքրիկ, մոլորված կլերկը, որը երբեք աստղեր չէր իջեցրել երկնքից, այլ գլորվում էր ինչ֊որ մեկի բացած ճանապարհով։ «Աստված իմ,— մտածում էր նա,— սա իմ կյանքի ամենավտանգավոր ժամն է։ Ինչ ուզեցին՝ արեցին ինձ հետ, ահաբեկեցին, ու ես էլ ուժ չունեմ դիմանալու։ Ես նրանց ցույց կտամ, որ չի կարելի այդպես վարվել Գորդոն Նայթի ու նրա ռոբոտների հետ»։
Նա գոհ էր իր տրամադրությունից, եւ հատկապես հաճելի էր նրան Գորդոն Նայթի ու ռոբոտների մասին միտքը, թեեւ այդպես էլ չէր գտել ձախորդություններից դուրս գալու ելքը։ Իսկ Ալբերտից օգնություն խնդրել՝ վախենում էր։ Ալբերտը մտքերը, համենայն դեպս մինչեւ այժմ արտահայտածները, ավելի շուտ իրեն բանտ կառաջնորդեն, քան խաղաղ կյանք կապահովեն։
Առավոտյան տնից դուրս գալով՝ Նայթը տեսավ շերիֆին, որը, գլխարկը աչքերին քաշած, հենվել էր ցանկապատին։ Նա ննջում էր, ժամանակը սպանելու համար։
— Բարի լույս, Գորդոն,— ասաց շերիֆը։ — Ես ձեզ եմ սպասում։
— Բարի լույս, շերիֆ։
— Զզվում եմ այս ամենից, Գորդի, բայց աշխատանքը աշխատանք է։ Ես մի թուղթ եմ բերել ձեզ։
— Ես սպասում էի այդ թղթին, — հնազանդորեն ասաց Նայթը։
— Նա վերցրեց շերիֆի մեկնած թուղթը։
— Սիրուն հողամաս ունեք,— նկատեց շերիֆը։
— Դրա համար էլ փորձանքի մեջ ընկա,— խոստովանեց Նայթը։
— Ես կարծում եմ…
— Հենց այդ սիրունությունը փորձանք բերեց գլխիս։
Երբ շերիֆը գնաց, Նայթը թուղթը բացեց ու առանց զարմանքի կարդաց, որ «Սարքիր ինքդ» ընկերությունը հայց է նեկրայացրել, պահանջելով վերադարձնել Ալբերտին, ինչպես եւ բոլոր մյուս ռոբոտներին։