Chapter 1
I
Գորդոն Նայթն ասես նստած լիներ ասեղների վրա․ նա անհամբեր սպասում էր հինգժամյա աշխատանքային օրվա ավարտին, որ շուտ սլանար տուն։ Հենց այսօր պետք է ստանար «Սարքիր ինքդ» ընկերությանը պատվիրած կոմպլեկտը, եւ անհամբեր ուզում էր գործի անցնել։
Նրա անհամբերությունը բացատրվում էր ոչ միայն շուն ունենալու վաղեմի ցանկությամբ (թեեւ դա էական դեր էր խաղում), այլեւ նրանով, որ դա միանգամայն նոր գործ էր։ Մինչ այդ երբեք գործ չէր արել «Սարքիր ինքդ» կոմպլեկտի այնպիսի տեսակով, որը պարունակում է կենսաբանական բաղադրիչներ, եւ դրա համար էլ հիմա հուզվում էր։ Թեեւ, իհարկե, շունը կենսաբանական եղանակով կստեղծվի մինչեւ որոշակի աստիճան, եւ բաղադրիչների մեծ մասը մտնում է կոմպլեկտի մեջ, իսկ մարդուն մնում է հավաքելը… Այնուամենայնիվ, դրա մեջ ինչ֊որ նորություն կար, եւ նա անհամբեր շտապում էր գործի անցնել։
Նա այնքան համառորեն էր մտածում շան մասին, որ նույնիսկ մի քիչ ջղայնացավ, երբ Ռենոլդ Ստյուարտը, որն անընդհատ վազում էր ջուր խմելու, ետ դառնալիս կանգնեց իր սեղանի մոտ ու սկսեց մանրամասն զեկուցել տնային ատամնաբուժության ասպարեզում իր ձեռք բերած հաջողությունների մասին։
— Դա հեշտ բան է,— ասաց Ստյուարտը,— շատ հեշտ է, եթե հետեւես հրահանգին։ Նայեք, ահա… Սա ինքս եմ արել երեկ երեկոյան։
Նա պպզեց Նայթի սեղանի մոտ ու բացեց բերանը, ինչքան ուժ ուներ մատներով իջեցնելով ստորին ծնոտը։
— Օ՜… օ՜… սա,— ասաց նա, դողդողացող մատով ցույց տալով այն ատամը, որի մասին պատմում էր։— Ինքս եմ պլոմբը դրել,— բերանը փակելով, ինքնագոհ հայտարարեց Ստյուարտը։— Մի ամբողջ շարք հայելիներ եմ դրել, որ տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ։ Հայելիներն էլ են կոմպլեկտով ուղարկել, ու ես ամեն ինչ հրահանգով եմ արել։
Նա մատը մտցրեց բերանը եւ քնքշորեն շոյեց իր արարչագործությունը։
— Սեփական ատամը սարքելը մի քիչ հարմար չի։ Իսկ այ մեկ ուրիշինը շատ հեշտ կլինի։
Նա հույսով լի հայացքը հառեց Նայթին։
Նայթը չխաբվեծ, եւ Ստյուարտը դադարեց գայթակղել նրան։
— Հետո ուզում եմ քարերը հանել։ Պետք է միայն լնդի տակ փորել։ Դրա համար հատուկ կեռիկ կա։ Ինչո՞ւ փող տամ ատամնաբույժին, երբ ինքս կարող եմ բուժել սեփական ատամներս։
— Իհարկե, դա դժվար բան չէ,— համաձայնեց Նայթը։
— Հաստատ գործ է,— ասաց Ստյուարտը,— պետք է միայն հետեւել հրահանգին։ Ի՜նյ ասես չես անի, եթե ճշտորեն կատարես հրահանգը։
Նայթն ընկավ մտքերի մեջ։ Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։ Եթե հետեւես հրահանգին, ինչ ասես կարելի է սարքել, միայն պետք չէ շտապել, այլ նստել եւ դանդաղ, տեղը տեղին ամեն ինչ ուսումնասիրել։
Չէ որ ինքը տուն է կառուցել, կահույքն էլ է ինքը սարքել, եւ ամբողջ տնային տեխնիկան է սարքի գցել։ Եվ այդ բոլորն արել է ազատ ժամանակ, թեեւ… աստված վկա, երբ շաբաթական աշխատում ես տասնհինգ ժամ, ազատ ժամանակ այնքան էլ շատ չես ունենում։
Ինչ լավ արեց, որ հողամաս գնեց ու կառուցեց այդ տունը։ Բոլորն էլ այն ժամանակ այսպես կոչված կալվածքներ էին գնում, եւ դա այնպես էր մտել Գրեյսի գլուխը, որ նա պարզապես չէր կարող հողամաս չգնել։ Նա ի վիճակի չէր վճարելու եւ ատաղձագործներին, եւ՛ քարտաշներին, եւ՛ փականագործներին ու ջրմուղագործներին։ Բայց, կառուցելով տունը իր սեփական ձեռքերով, նա շատ քիչ ծախսի տակ ընկավ։ Ճիշտ է, դա տեւեց տասը տարի, բայց թե ինչպիսի՜ բավականություն էր։
Նա նստել ու մտածում էր, թե ինչքան հետաքրքիր բան է տուն կառուցելը, եւ ինչպես էր ինքը հպարտանում իր աշխատանքով։ Ոչ, սըր, ասաց ինքն իրեն, ոչ ոք քեզանից լավ չէր կառուցի այս տունը։
Թեեւ պետք է խոստովանել, որ նրա արածի մեջ ոչ մի արտասովոր բան չկար։ Նրա ծանոթներից շատերը նույնպես իրենք էին կառուցում իրենց տները, կամ վերակառուցում էին, կամ էլ կից շինություններ ավելացնում…
Նա հաճախ էր մտածում, թե վատ չէր լինի նորից մի տուն էլ կառուցել, հենց այնպես, հանուն հետաքրքրության։ Բայց դե դա հիմարություն կլիներ, որովհետեւ ինքն արդեն տուն ունի, իսկ նորը վաճառել չի լինի, եթե նույնիսկ ինքը կառուցի։ Ո՞վ կուզի տուն գնել, երբ շատ ավելի հետաքրքիր է քո ձեռքով քեզ համար տուն կառուցելը։
Դե ասենք այս տանն էլ շատ բան կա անելու։ Պետք է նոր սենյակներ ավելացնել… դրանք, իհարկե, այնքան էլ հարկավոր չեն, բայց դե հարմարությունները կավելացնեն։ Եվ տանիքը պետք է վերանորոգել։ Եվ ամառային տնակ պետք է սարքել։ Հողամասն էլ մինչեւ հիմա կարգի չի բերված։ Մի ժամանակ նա ծրագրում էր ստեղծել գեղատեսիլ այգի․ դե որ մի քանի տարի ազատ ժամերին աշխատի, հողամասն էլ կարգի կբերի։
Նայթն ու նրա հարեւան Էնսոն Լին հաճախ էին խոսում այն մասին, թե ինչ կարող էին դարձնել իրենց հողամասերը, եթե ազատ ժամանակ ունենային։ Բայց դե Լին, իհարկե, երբեք էլ ոչինչ չի անի։ Նա իրավաբան է, բայց, կարծեմ, իրավաբանությամբ էլ կարգին չի զբաղվում։ Նա մի մեծ աշխատասենյակ ունի՝ լիքը լցված իրավագիտական գրականությամբ, եւ երբեմն սիրում է ճառել այդ գրքերի մասին, թեեւ դրանք երեւի մի անգամ էլ չի բացել։ Սովորաբար նա այդպիսի խոսակցությունները սկսում էր քեֆը լավացնելուց հետո, իսկ դա շատ հաճախ էր լինում, քանի որ իրեն մտածող էր համարում եւ հաստատ համոզված էր, որ ալկոհոլը նպաստում է մտածելուն։
Երբ Ստյուարտը վերադարձավ իր սեղանի մոտ, մինչեւ աշխատանքի ավարտը դեռ մի ժամ էլ կար։ Նայթը թաքուն պայուսակից հանեց «Սարքիր ինքդ» հանդեսի թարմ համարը եւ սկսեց թերթել, աչքի պոչով նայելով չորս կողմը, որ իսկույն պահի հանդեսը, եթե որեւէ մեկը հանկարծ նկատի՝ ինչով է ինքը զբաղված աշխատանքի ժամին։
Նա արդեն վաղուց կարդացել էր բոլոր հոդվածները եւ հիմա թերթում էր ռեկլամները։ Ափսոս, որ մարդ ժամանակ չունի թե չէ ինչքա՜ն գործ կա անելու, մտածում էր նա։
Օրինակ․
ակնոց սարքես ինքդ քեզ համար (հղկելու եւ ոսպնյակները ստուգելու գործիքները մտնում են կոմպլեկտի մեջ),
ինքդ հեռացնես քո նշագեղձերը (կան բոլոր հրահանգները եւ անհրաժեշտ գործիքները),
դատարկ սենյակը վերածես անձնական հիվանդասենյակի (ի՜նչ իմաստ ունի հիվանդանոց գնալը, չէ որ հենց հիվանդ ժամանակ ես ավելի շատ խնամքի ու հանգստի կարիք զգում),
դեղ սարքես ինքդ քեզ համար (հարկավոր է սկսել հիսուն դեղաբույսեր աճեցնելուց․ կան մանրամասն հրահանգներ, թե ինչպես պետք է դրանք խնամել եւ մշակել բերքը),
կնոջդ համար մուշտակ աճեցնես (մի զույգ կզաքիս, մի տոննա ձիու միս, մուշտակագործի գործիքներ),
ինքդ քեզ համար կոստյում եւ վերարկու կարես (հիսուն յարդ բրդյա կտոր եւ աստառ),
հեռուստացույց հավաքես,
գրքեր կազմես,
կառուցես սեփական էլեկտրակայան (թող քամին բանի քեզ համար), հավաքես սեփական ռոբոտ (ամեն ինչի վարպես, խելոք, լսող, հնազանդ, չի պահանջի արձակուրդ եւ արտաժամյա աշխատանքի վճար, կարող է բանել գիշեր ու ցերեկ անդադար, երբեք չի հոգնի, հանգստի կարիք չի ունենա, չի քնի եւ կանի ամեն տեսակ աշխատանք)։
Նայթը մտածեց, որ արժի այդպիսի ռոբոտ ձեռք բերել, նրանից շատ մեծ օգուտ կստանա։ Կարելի է տարբեր հարմարանքներ ճարել նրա համար։ Ռոբոտը, ինչպես ասվում է ռեկլամում, կարող է տարբեր հարմարանքներով տարբեր աշխատանք կատարել նույնքան հեշտությամբ, ինչպես մարդը ձեռնոցներն է փոխում։
Եթե ինքը ռոբոտ ունենա, ամեն օր նրան բանջարանոց կուղարկի լոբի, եգիպտացորեն, սիսեռ, պոմիդոր եւ այլ բանջարեղեն հավաքելու, իսկ հետո դրանք կդասավորի տան ետեւի պատշգամբում։ Երեւի այն ժամանակ բանջարանոցն ավելի շատ բերք կտա, որովհետեւ ռոբոտը երբեք չի քաղի խակ պոմիդորը եւ ոչ էլ կթողնի, որ եգիպտացորենը շատ հասնի։
Կան ամեն տեսակ հարմարանքներ՝ եւ տունը հավաքելու, եւ ձյունը մաքրելու, եւ պատերը ներկելու համար… Մի խոսքով, գրեթե բոլոր աշխատանքների համար կարելի է գնել հարմարանքների լրիվ հավաքածու, հետո կազմել աշխատանքների ծրագիր եւ լիովին վստահել ռոբոտին ու, այդպիսով, ամբողջությամբ ազատվել տնային գործերից, քանի որ ռոբոտը կանի ամեն ինչ։
Միայն մի բան կա խանգարող։ Ռոբոտի մասերի հավաքածուն արժե համարյա տասը հազար դոլար, իսկ հարմարանքներն էլ կարժենան դրանից ոչ պակաս։
Նայթը ծածկեց ամսագիրը եւ դրեց պայուսակի մեջ։ Նայելով ժամացույցին՝ նա տեսավ, որ մինչեւ աշխատանքի վերջը մնացել է տասնհինգ րոպե։ Աշխատել արդեն չարժեր, եւ Նայթը պարապությունից շարունակեց մտածել այն մասին, թե ինչպես ինքը կհասնի տուն ու կտեսնի արդեն իրեն սպասող կոմպլեկտը։
Նա վաղուց էր ուզում շուն ունենալ, բայց Գրեյսը չէր թողնում։ Շները կեղտոտ են, ասում էր, լվոտ են, գզում են գորգերը, չորս կողմը մազ են թափում, եւ նրանցից… վատ հոտ է փչում։
Բայց դե արհեստական շան համար դի առարկի։
Այդպիսի շնից վատ հոտ չի գա, կա երաշխիք, որ նրա մագերը չեն թափվի եւ ոչ էլ լու կլինի վրան, որովհետեւ լվերը սովից կսատկեն կիսամեխանիկական ու կիսակենսաբանական շան վրա։
Նա հույս ուներ, որ շունն իրեն չի հիասթափեցնի, քանի որ ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել էր այդ հարցի վերաբերյալ գրականությունը։ Շունը նրա հետ կզբոսնի, կտանի բեռը եւ կհետապնդի որսին։ Իսկ էլ ինչ կարելի է նրանից պահանջել։ Պատկերն ամբողջացնելու համար նա կողջունի ամեն մի սյունն ու ծառը, սակայն ընկերությունը երաշխավորում է, որ դրանից հետո ոչ մի հետք չի մնա։
Երբ նա մոտենում էր տանը, կոմպլեկտն արդեն դրված էր մարագի դռան մոտ, բայց Նայթը սկզբում չտեսավ։ Հետո, տեսնելով կոմպլեկտը, նա դեռ ընթացքից սկսեց զննել այն ու վիզն այնպես երկարացրեց, որ քիչ մնաց խրվեր ցանկապատի մեջ։ Բարեբախտաբար, նրան հաջողվեց վայրէջք կատարել խճաքարով ծածկված հարթակում, ու դեռ պտուտակները չէին դադարել պտտվել, երբ նա նետվեց դեպի մարագ։
Այո, դա կոմպլեկտն էր։ Վանդակի փաթեթի վրա փակցված էր մի ծրար։ Կոմպլեկտն ավելի ծանր ու խոշոր էր, քան կարծում էր Նայթը։ Նա նույնիսկ մտածեց, թե արդյոք սխալմամբ մի ուրիշ մեծ շուն չե՞ն ուղարկել իրեն, ոչ իր պատվիրածը։
Նա փորձեց վանդակը բարձրացնել, բայց ուժը չպապեց, եւ գնաց տուն, որ նկուղից բերի ձեռնասայլակը։
Հասնելով բակի անկյունը, նա մի պահ կանգ առավ եւ նայեց իր հողամասին։ Այստեղ շատ բան կարելի է անել, մտածեց նա, միայն թե ժամանակ ունենա եւ փող՝ սարքավորում գնելու համար։ Հողամասը կարելի է վերածել այգու։ Պետք է պլանավորողին խնդրել, որ մի նախագիծ կազմի… Ասենք, եթե գնի այգիների պլանավորման վերաբերյալ գրքեր ու մի քանի երեկո դրանք ուսումնասիրի, երեւի, հենց ինքն էլ գործը գլուխ կբերի։
Հողամասի հյուսիսային կողմում կար մի փոքրիկ լճակ, եւ, ըստ Նայթի, այգին պետք էր գցել հենց այդտեղ։ Հիմա լճի մոտ հողը խոնավ է, իսկը ճահիճ։ Քամուց օրորվում են եղեգներն ու մոլախոտերը։ Բայց եթե ցամաքեցման առուներ փորեն, կուլտուրական բույսեր ցանեն, շարունակեն ծառուղիները եւ առուների վրայից էլ գեղատեսիլ կամուրջներ գցեն, ապա սքանչելի բան կստացվի։
Նայթը հայացքը փոխադրեց Էնսոն Լիի տան վրա, որ գտնվում էր լճի ետեւի բլրին։ Հենց որ ինքը հավաքի շանը, նրա հետ կգնա Լիի մոտ։ Շունը, հավանաբար, դուր կգա Լիին։ Երբեմն Նայթը զգում էր, որ Լին այնքան էլ չի խրախուսում իր արածները, օրինակ, որ ինքը Գրեյսին օգնեց կավ թրծելու եւ չորացնելու վառարան սարքել։ Այն ժամանակ իրենց մի քանի անգամ հաջողվեց տնից դուրս բերել Լիին եւ ուղարկել կավի անհրաժեշտ տեսակներ որոնելու։
— Ինչի՞ համար եք սարքում այս կճուճները,— հարցրեց Լին։— Ի՞նչ եք այսքան չարչարվում։ Գնեք դրանք, ու դա ձեզ վրա տասն անգամ էժան կնստի։
Լին պատշաճ հարգանքով չվերաբերվեց Գրեյսի բացատրություններին, որը պնդում էր, թե ինքը հասարակ կճուճներ չի սարքում։ Խեցեգործությունը,— ասում էր Գրեյսը,— արվեստի ճանաչված տեսակներից մեկն է։ Նա այնքան տարվեց դրանով եւ այնպիսի հաջողության հասավ (նրա աշխատանքներից մի քանիսը իսկապես լավն էին), որ Նայթը հնարավոր համարեց դադարեցնել երկաթգծի մոդելի վրա աշխատելը եւ արդեն վերակառուցված տանը ավելացնել եւս մեկ շինություն՝ խեցեղենը չորացնելու, պահելու եւ ցուցադրելու համար։
Մի երկու տարի առաջ, երբ Նայթը արվեստանոց սարքեց Գրեյսի համար, Լին ոչ մի բառ չասաց։ Գրեյսը արդեն ձանձրացել էր կավագործությունից եւ հիմա անցել էր գեղանկարչության։ Սակայն Նայթն զգում էր․ Լին լռում է սոսկ այն պատճառով, որովհետեւ համոզված է, որ վիճելուց բան չի փոխվի։
Բայց շան հարցում Լին կխրախուսի իրեն։ Նայթը հպարտանում էր Լիի հետ իր ընկերությամբ։ Լին հրաշալի մարդ է, թեեւ… չի քայլում ժամանակին համընթաց։ Բոլորը հափշտակված են ինչ֊որ գործերով, իսկ Լին ապրում է պարզ, թեթեւ, տարված է իր ծխամորճով եւ գրքերով, որոնք ոչ մի կապ չունեն իրավաբանության հետ։
Հիմա նույնիսկ երեխաներն են ավելի լուրջ բաներով հետաքրքրվում։ Խաղալով՝ նրանք սովորում են։
Մինչեւ ամուսնանալը Մերին հետաքրքրվում էր գյուղատնտեսությամբ։ Ծաղկանոցը գտնվում էր բլրի ստորոտում, եւ Նայթն ափսոսում էր, որ չի կարող շարունակել նրա գործը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ նա քանդեց Մերիի հիդրոպոնիկ բաքերը։
Ջոնը, բնականաբար, զբաղվեց հրթիռներով։ Նա տարիներ շարունակ ընկերների հետ միասին չորս կողմը լցնում էր իր փորձառական մոդելներով։ Ամենավերջինը եւ ամենախոշորը (բայց ոչ ավարտված) մինչեւ հիմա էլ վեր է խոյանում տան ետեւում։ Նայթն ինքն իրեն ասում էր, որ մի օր կվերցնի ու կվերջացնի որդու կիսատ թողածը։ Համալսարանում Ջոնը այժմ տարված է դարձյալ նույն բաներով, միայն թե նրա հետաքրքրությունների շրջանակը, կարծես թե, ավելի է լայնացել։ Նայթը մտածեց, որ ինքը լավ տղա ունի։ Այո, սըր, շատ լավ տղա։
Նայթը իջավ նկուղ՝ ձեռնասայլակը բերելու։ Ինչպես միշտ, մի քանի վայրկյան կանգնած մնաց, զննելով իր տիրույթները․ այստեղ իսկապես կար այն ամենը, ինչը հետաքրքրում էր նրան կյանքում։ Անկյունում արհեստանոցն է, իսկ այստեղ՝ երկաթգծի մոդելը, որի վրա ժամանակ առ ժամանակ աշխատում է։ Դրա ետեւում՝ ֆոտոլաբորատորիան է։ Նա հիշեց, թե ինչպես նկուղում տեղ չկար լաբորատորիայի համար, եւ ինքը ստիպված եղավ քանդել պատի մի մասը։ Շատ ավելի չարչարվեց, քան կարծում էր։
Նայթը ձեռնասայլակը մոտեցրեց մարագին, կոմպլեկտը դրեց վրան եւ տարավ նկուղ։ Հետո վերցրեց նիգն ու սկսեց բացել արկղը։ Նա աշխատում էր անշտապ եւ հմտորեն․ առաջին անգամ չէր բացում կոմպլեկտի արկղը եւ գիտեր, թե ինչպես պետք է դա անել։
Երբ դուրս հանեց դետալները, մի աղոտ անհանգստություն համակեց նրան։ Դրանք շատ տարօրինակ ձեւ ունեին եւ մեծ չափեր։
Չարչարվելուց եւ հուզմունքից հեւիհեւ շնչելով՝ նա սկսեց բացել փաթեթները։ Արդեն երկրորդ դետալից հասկացավ, որ իրեն շուն չեն ուղարկել։ Հինգերորդ դետալը հանելով փաթեթից՝ նա արդեն որոշակի գիտեր, թե դա ինչ է։
Դա ռոբոտ էր եւ, որքանով որ գլխի ընկավ, լավագույն, ամենաթանկ մոդելի ռոբոտ։
Նայթը նստեց արկղի ծայրին, թաշկինակը հանեց ու սրբեց ճակատի քրտինքը։ Վերջապես բացեց ծրարը։
«Միստր Գորդոն Նայթին,— գրված էր այնտեղ,— մեկ շան կոմպլեկտ։ Լրիվ վճարված է»։
«Ինքդ սարքիր, ինկորպորեյտեդ» ընկերության կարծիքով, ինքը շուն է ստացել։ Ու վճարել է… լրիվ, ինչպես գրված է ծրարում։
Նայթը վեր կացավ, հետո նորից նստեց եւ նայեց ռոբոտի մասերին։
Ոչ ոք եւ երբեք գլխի չի ընկնի։ Կգա վերահաշվառման ժամանակը, եւ ընկերությունն իր մոտ կհայտնաբերի մի ավել շուն։ Մի ռոբոտ կպակասի, բայց դե ով գլխի կընկնի ինչն ինչոց է, եթե վաճառված շների ու ռոբոտների կոմպլեկտներով բազմաթիվ վագոննեց են սլացել հազար ու մի տեղ։
Կյանքում դեռ ոչ մի անգամ Գորդոն Նայթը գիտակցորեն անազնիվ արարք թույլ չէր տվել։ Բայց հիմա անազնիվ վճիռ կայացրեց․ գիտեր, որ անազնվություն է անում, եւ ոչ մի կերպ իրեն արդարացնել չէր կարող։ Թերեւս, ամենավատն այն էր, որ նա խաբում էր նույնիսկ ինքն իրեն։
Սկզբում նա որոշեց, որ ռոբոտը ետ կուղարկի, բայց քանի որ վաղուց էր երազում իր ձեռքով ռոբոտ հավաքել, ապա նախ կհավաքի, կսարքի ռոբոտը, հետո կքանդի, նորից մաս֊մաս կդնի արկղի մեջ եւ կուղարկի ընկերությանը։ Նա չի միացնի ռոբոտը, պարզապես կհավաքի մասերը…
Եվ նույն այդ ժամանակ գիտեր, որ խաբում է ինքն իրեն, հասկանում էր, որ կամաց֊կամաց, քայլ առ քայլ գնում է դեպի խաբեություն։ Նա գիտեր, որ այդպես է անում, որովհետեւ բացարձակ խաբեություն անելու համար չունի անհրաժեշտ լկտիությունը։
Այդ երեկո Նայթը նստել էր եւ, ուշադիր կարդալով հրահանգը, մեկ առ մեկ զննում էր դետալները։ Հենց այդպես էլ պետք էր վարվել «Սարքիր ինքդ» կոմպլեկտի հետ։ Հարկավոր էր առանց շտապելու, կետ առ կետ հասկանալ ամեն ինչ եւ հետո միայն ձեռնամուխ լինել ռոբոտը հավաքելուն։ Նայթն իր փորձից գիտեր, որ շտապողականությունից օգուտ չկա։ Բացի այդ, երեւի էլ երբեք իր ձեռքը ռոբոտ չի ընկնի։
Վրա հասավ նրա աշխատանքային չորսօրյա արձակուրդը, Նայթը եռանդով գործի կպավ եւ ամբողջովին տարվեց դրանով։ Նա բավական թույլ պատկերացում ուներ կենսաբանության մասին եւ ստիպված էր աչքի անցկացնել օրգանական քիմիայի դասագիրքը, որ ծանոթանա մի քանի պրոցեսների հետ։ Գործը դժվարությամբ էր առաջ գնում։ Նա շատ վաղուց չէր զբաղվել օրգանական քիմիայով եւ հիմա հայտնաբերեց, որ լրիվ մոռացել է չնչին իմացածն էլ։
Երկրորդ օրը, մինչեւ քնելը, նա դասագրքից քաղեց այն բոլոր տեղեկությունները, որ անհրաժեշտ էին ռոբոտ հավաքելու համար։
Նրան մի քիչ ջղայնացրեց Գրեյսը, որը տեսնելով, թե նա ինչով է զբաղված, իսկույն սկսեց տնային գործեր հնարել ռոբոտի համար։ Գրեյսից գլուխն ազատելու համար Նայթը հազարումի խոստում տվեց նրան եւ մյուս օրն իսկ ձեռնամուխ եղավ ռոբոտի հավաքմանը։