1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 9

Իններորդ գլուխ - Ռոբինզոնը իրեր է հանում խորտակված նավից։ Հիվանդություն և թախիծ

1 մայիսի։ Այսօր առավոտյան տեղատվության ժամանակ ծովափին նկատեցի մի ինչ֊որ մեծ առարկա, որ հեռվից նման էր տակառի։ Գնացի նայելու, և իրոք, պարզվեց, որ տակառ է։

Այդտեղ թափված էին նաև նավի բեկորներ։ Երևի, այդ ամենը փոթորիկն էր ափ նետել։ Ես նայեցի այն կողմը, ուր ցցված էր նավի կմախքը, և ինձ թվաց, որ նա սովորականից ավելի է բարձրացել ջրի երեսը։

Տակառում վառոդ կար, որը, սակայն, ամբողջովին թրջվել էր ու պնդացել։ Այնուամենայնիվ, ես տակառը գլորեցի վերև, որպեսզի ալիքը նորից չքաշի դեպի ծովը, իսկ ինքս ափով գնացի դիտելու նավի կմախքը, թե արդյոք այնտեղ ինձ պետքական որևէ բան չե՞մ գտնի։

Որոշ տարածություն անցնելով՝ նկատեցի, որ նավի դիրքը տարօրինակ ձևով փոխվել է։ Նավախելը վաղուց արդեն պոկվել էր, հետո փոթորիկը մի կողմ է շպրտել, և ալիքները կտոր֊կտոր էին արել։ Իսկ նավի քթի մասը, որ առաջ համարյա խրված էր ավազի մեջ, բարձրացել էր ամենաքիչը վեց ոտնաչափ։ Բացի դրանից տախտակամածի կողմից նավախելը ծածկվել էր ավազով և այդ կողմից դեպի ափը առաջացել էր մի ավազոտ ծանծաղուտ, այնպես որ այժմ կարող էի բոլորովին մոտ գնալ նավին։ Առաջ դեռ քառորդ մղոն նավից հեռու ջուրն էր սկսվում և, ինչպես ընթեցողը հիշում է, ես ստիպված էի լինում լողալով մոտենալ։ Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչի՛ց է այդպես փոխվել նավի դիրքը, բայց հետո գլխի ընկա, որ այդ տեղի է ունեցել երկրաշարժի հետևանքով։

Երկրաշարժը այնպես էր փշրել ու ճեղքել նավը, որ ամեն օր քամին ու ալիքները զանազան իրեր էին բերում դեպի ափը, որոնք ջուրը քշում էր բացված նավամբարից։

Նավի հետ տեղի ունեցած դեպքը կլանեց իմ ամբողջ միտքը։ Ես նույնիսկ մոռացա մտածել նոր տեղ փոխադրվելու մասին։ Հետևյալ ամբողջ օրը մտածում էի, թե ինչպես մտնեմ նավի ներքին մասերը։ Սա այնքան էլ հեշտ խնդիր չէր, որովհետև բոլոր ներքին մասերը փակված էին ավազով։ Բայց դա ինձ չէր կարող շփոթեցնել․ ես արդեն սովորել էի երբեք չնահանջել դժվարությունների առաջ և ոչ մի բանից չհուսահատվել։ Սկսեցի նավը մաս առ մաս քաշել֊տանել, որովհետև լավ էի հասկանում, որ իմ դրության մեջ ամեն մի բան կարող է օգտակար լինել ինձ։

3 մայիսի։ Սղոցը վերցրի հետս և փորձեցի սղոցել նավախելի ողջ մնացած մասերը, բայց ստիպված եղա աշխատանքը դադարեցնել, որովհետև մակընթացություն սկսվեց։

4 մայիսի։ Ձուկ էի որսում, բայց անհաջող․ շարունակ բռնում էի այնպիսի ձկներ, որոնք սննդի համար պիտանի չեն։ Ձանձրացա և ուզւում էի գնալ, բայց կարթը վերջին անգամ գցելով՝ բռնեցի մի փոքրիկ դելֆին։ Այդ ինձ շատ ուրախացրեց։ Կարթը ինքս էի շինել․ կարթաթելը անտառում պատրաստել էի հին պարանի մազաթելից, իսկ կեռիկըէ երկաթալարից։ Այնուամենայնիվ, իմ կարթը երբեմն այնքան ձուկ էր բռնում, որ ես կուշտ ուտում էի։ Ձուկը ուտում էի չորացրած վիճակում․ չորացնում էի արևի տակ։

5 մայիսի։ Աշխատում էի նավի վրա։ Սղոցեցի բիմսը, տախտակամածից պոկեցի եղևնու երեք խոշոր տախտակ, կապեցի միմյանց և երբ մակընթացությունն սկսվեց, լաստով ափ գնացի։

24 մայիսի։ Դեռևս նավի վրա եմ աշխատում։ Նավամբարում շատ իրեր իրար են կպել։ Այժմ ես դրանք նիգով բաժանում եմ միմյանցից և առաջին իսկ մակընթացուցյանը բոլորն էլ վեր են բարձրանում․ մի քանի տակառ են և նավաստիական երկու սնդուկ։ Դժբախտաբար դրանք լող տվին դեպի ծովը, որովհետև քամին ափից էր փչում։ Բայց այսօր քամին փոխվեց, և ալիքները ափ նետեցին մի մեծ տակառ, լի բրազիլական խոզապուխտով, որը սակայն ուտելի չէ, որովհետև տակառի մեջ շատ աղի ջուր և ավազ է լցվել։

16 հունիսի։ Ծովի ափին մի մեծ կրիա գտա։ Առաջներում ես այստեղ երբեք կրիա չեմ տեսել։

17 հունիսի։ Կրիան կրակի վրա խորովեցի։ Փորի մեջ վաթսուն ձու գտա։ Կյանքումս, կարծեմ, երբեք այդպիսի համեղ միս չեմ կերել։ Զարմանալի չէ․ մինչև այսօր կղզու վրա իմ մսե ուտելիքը եղել է միայն այծի ու թռչունի միսը։

18 հունիսի։ Առվոտից մինչև երեկո անձրև է տեղում։ Տանից դուրս չեմ գալիս։ Ամբողջ օրը խիստ մրսում եմ, թեև, որքան ինձ հայտնի է, այս վայրերում ցուրտ անձրևներ չեն լինում։

19 հունիսի։ Թերևս վատառողջ եմ։ Դողում եմ ցրտից, կարծես ձմեռ լինի։

20 հունիսի։ Ամբողջ գիշերը աչք չփակեցի․ գլուխս ցավում էր և տենդում եմ։

21 հունիսի։ Բոլորովին վատ եմ։ Վախենում եմ, թե կհիվանդանամ և ուժասպառ կլինեմ։ Այդ դեպքում ի՞նչ կլինի իմ վիճակը։

22 հունիսի։ Այսօր կարծես մի փոքր լավ եմ, բայց չգիտեմ երկա՞ր կտևի։

24 հունիսի։ Հիմա ավելի լավ եմ։

25 հունիսի։ Ուժեղ դող ունեմ։ Յոթ ժամ շարունակ մերթ դողացնում էի, մերթ տաքության մեջ այրվում։ Քրտնեցի և կիսաուշաթափ վիճակի մեջ ընկա։

26 հունիսի։ Այսօր ինձ թեթև եմ զգում։ Քանի որ մսի ամբողջ պաշարը սպառվել է, ստիպված գնացի որսի, թեպետև սոսկալի թուլություն էի զգում։ Սպանեցի մի այծ, մեծ դժվարությամբ քաշ տվի տուն, կրակի վրա մի կտոր միս խորովեցի և կերա։ Շատ կուզեի սուպ եփել ինձ համար, սակայն ոչ կաթսա ունեմ, ոչ կճուճ։

27 հունիսի։ Նորից տենդում եմ, այնպես ուժեղ, որ ամբողջ օրը պառկեցի առանց ուտելիքի ու խմելիքի։ Ծարավից մեռնում էի, բայց չէի կարող վեր կենալ ու գնալ ջրի։

28 հունիսի։ Գիշերը ծարավից տանջվում էի, բայց ոչ վրանում, ոչ էլ քարանձավում ոչ մի կաթիլ ջուր չկար, և ստիպված եղա տառապել մինչև առավոտ։ Միայն լուսադեմին հաջողվեց քնել։ Ինձ համար դեղ պատրաստեցի․ ծխախոտի հյութաջուր և ռոմ։ Դեղը ընդունեցի և սիրտս խառնել սկսեց։ Բայցևայնպես մի փոքր թեթևացա։

30 հունիսի։ Ամբողջ օրն ինձ առողջ էի զգում։ Չդողացրի։ Հրացանս առած դուրս եկա, բայց կարճ ժամանակով․ վախենում էի հեռու գնալ։ Ճաշին կերա կրիայի ձվերը, որոնք շատ համեղ էին։

Երեկոյան նորից ընդունեցի այն դեղից, որ երեկ օգնել էր ինձ։

Բայց և այնպես մյուս օրը, հուլիսի մեկին, նորից վատացա․ էլի եմ դողացնում, թեև այս անգամ ավելի քիչ, քան առաջ։

Հուլիսի 3֊ից իմ տենդն այլևս չկրկնվեց։ Սակայն վերջնականապես կազդուրվեցի միայն երկու֊երեք շաբաթ հետո։

Ես հաստատ համոզված էի, որ ինձանից առաջ երբեք մարդկային ոտք չի կոխել այս ամայի ափը, ուստի և վաղուց արդեն կորցրել էի փրկության ամեն մի հույս։

Այժմ, երբ իմ բնակարանը ապահովված էր ամուր ցանկապատով, որոշեցի ուշի ուշով հետազոտել կղզին, որպեսզի պարզեմ, թե արդյոք չկա՞ն որևէ նոր կենդանիներ ու բույսեր, որոնք օգտակար լինեն ինձ։

Հուլիսի 15֊ից հետազոտությունն սկսեցի։ Ամենից առաջ գնացի դեպի այն փոքրիկ ծովախորշը, որտեղ ափ էի հանում իմ լաստերը։ Այդ ծովախորշի մեջ մի գետակ էր թափվում։ Գետակի հոսանքն ի վեր մի երկու մղոն անցնելով՝ ես համոզվեցի, որ մակընթացությունն այդտեղ չի հասնում, որովհետև այդտեղից սկսած դեպի վերև գետակի ջուրը թափանցիկ էր, մաքուր և անուշահամ։ Տեղ֊տեղ գետակը ցամաքել էր, որովհետև տարվա այդ ժամանակին այստեղ երաշտ էլինում։

Գետակի ափերը ցածր էին․ նա հոսում էր գեղեցիկ մարգագետիններով։ Շուրջը կանաչին էր տալիս բարձր ու խիտ խոտը, իսկ այնտեղ, ուր ցածրավայրը մի փոքր բարձրանում էր դեպի լեռը, առատ ծխախոտ էր աճում։ Հեղեղումը մինչև այս բարձր տեղերը չէր հասնում, դրա համար էլ այստեղ ծխախոտն աճում էր շատ փարթամորեն։ Այնտեղ կային ուրիշ բույսեր ևս, որպիսիք ես առաջ չէի տեսել․ երևի, եթե նրանց հատկություններն ինձ ծանոթ լինեին, ես կարող էի մեծ օգուտ քաղել նրանցից։

Ես կասավա էի որոնում, որի արմատից տաք երկրների հնդկացիները հաց են պատրաստում, բայց չգտա։ Դրա փոխարեն տեսա հալվե ու շաքարեղեգնի սքանչելի բույսեր։ Բայց ես չգիտեի, թե կարելի՞ է արդյոք որևէ ուտելիք պատրաստել հալվեից, իսկ շաքարեղեգն անպետք էր շաքար ստանալու համար, որովհետև աճում էր վայրի վիճակում։

Մյուս օրը, ամսի 10֊ին ես կրկին եղա այդ վայրերում և գնացի մի փոքր ավելի հեռու, այնտեղ, ուր մարգագետինը վերջանում էր։ Այնտեղ շատ պես֊պես պտուղներ գտա։ Ամենից շատ սեխ կար։ Ծառերի բներին փաթաթված վեր էին բարձրացել խաղողի վազեր, և իմ գլխավերևում կախված էին հիանալի, հասուն ողկույզներ։ Այս հայտնագործությունը և՛ զարմացրեց, և՛ ուրախացրեց ինձ։ Բայց լավ է, ժամանակին հիշեցի, որ երբ ես ապրում էի Բերբերիում, այնտեղ դիզենտերիայից մեռան մի քանի գերի անգլիացի, որոնք շատ խաղող էին կերել։ Դրա համար էլ ես միայն խաղողի համը տեսա և այլևս չկերա։ Ի դեպ, ես որոշեցի խաղողն օգտագործել ուրիշ եղանակով․ արևի տակ չորացնել և գործածել որպես չամիչ․ Չամիչը շատ համեղ բան է և, որ գլխավորն է, առողջության համար անվնաս է։

Այդ օրը ես գիշերելու համար տուն չվերադարձա։ Ուզեցի մնալ անտառում։ Վախենալով, թե գիշերը որևէ գիշատիչ կհարձակվի ինձ վրա, ինչպես կղզին ընկնելու առաջին օրը, բարձրացա մի ծառ և ամբողջ գիշերն այնտեղ մնացի։ Լավ քնեցի, իսկ առավոտյան ճանապարհս շարունակեցի։ Էլի մի չորս մղոն անցա նախկին ուղղությամբ, դեպի հյուսիս։ Շարունակ քայլում էի երկու շարք բլուրների միջև ընկած հովտով։ Դա մի չքնաղ հովիտ էր։ Ամեն ինչ այնտեղ կանաչ էր, ծաղկափթիթ ու բուրումնավետ։ Կարծես թե ես մարդու ձեռքով մշակված այգու մեջ լինեի։ Յուրաքանչյուր թուփ, յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր ծաղիկ գարնանային շքեղ տեսք էր ստացել։ Կոկոսի արմավենիները, նարնջի ու կիտրոնի ծառերն այստեղ աճում էին առատորեն, սակայն դրանք վայրի էին և միայն մի քանիսի վրա պտուղ կար։ Ես խակ կիտրոններ քաղեցի և հետո կիտրոնահյութով ջուր էի խմում։ Այդ խմիչքն ինձ շատ թարմացրեց և շատ օգտակար էր առողջությանս համար։

Երեք օրից հետո միայն վերադարձա իմ տունը (այժմ ես այդպես եմ անվանում իմ վրանն ու քարանձավը)։ Հիացմունքով էի հիշում իմ հայտնագործած սքանչելի հովիտը, պատկերացնելով նրա գեղատեսիլ դիրքը, նրա պուրակները, որոնք հարուստ էին պտղատու ծառերով։ Մտածում էի, թե որքան լավ է պաշտպանված նա քամիներից, որքան աղբյուրի զուլալ ջուր կա այնտեղ, և եկա այն եզրակացության, որ ես անհաջող եմ ընտրել այն տեղը, որ կառուցել եմ իմ տունը․ դա կղզու ամենավատ տեղերից մեկն էր։ Այսպիսի եզրակացության գալով՝ բնականաբար սկսեցի երազել, թե ինչպես փոխադրվեմ այնտեղ, այդ ծաղկափթիթ, փարթամ հովիտը, որտեղ պտուղների այնպիսի առատություն կա։ Հարկավոր էր հովտում մի հարմար տեղ գտնել և այն ցանկապատել գիշատիչներից պաշտպանված լինելու համար։

Այս միտքը երկար ժամանակ հուզում էր ինձ, չքնաղ հովտի թարմ կանաչը շարունակ հրապուրում էր։ Տեղափոխման հեռանկարը մեծ բավականություն էր տալիս ինձ։ Բայց երբ մանրամասն քննարկեցի այդ պլանը, երբ հաշվի առա, որ այժմ իմ վրանից շարունակ տեսնում եմ ծովը, հետևապես, գեթ մի փոքրիկ հույս ունեմ իմ բախտի բարենպաստ փոփոխության նկատմամբ, ինքս ինձ ասացի, որ ոչ մի դեպքում չպետք է տեղափոխվեմ այն հովիտը, որը բոլոր կողմերից շրջապատված է բլուրներով։ Այն չար ճակատագիրը, որ ինձ գցեց այս կղզին, կարող է ինձ նման մի ուրիշ թշվառի էլ այստեղ գցել, և ով էլ լինի այդ տարաբախտը, ես ուրախ կլինեմ տեսնելու նրան, որպես լավագույն բարեկամի։ Իհարկե, այդպիսի պատահականության հույս քիչ կար, բայց թաքնվել լեռների ու անտառների մեջ, կղզու խորքում, ծովից հեռու, այդ կնշանակեր հավիտենապես փակվել այս բանտում և մինչև մահ մոռանալ փրկության որևէ հույս։

Բայց և այնպես հովիտն այնքան էր դուր եկել ինձ, որ հուլիսի վերջին կեսը մնացի այնտեղ և ինձ համար մի ուրիշ կացարան կառուցեցի։ Հովտում շինեցի մի քողտիկ, ցանկապատեցի մարդու հասակից բարձր, ամուր, կրկնակի ցցապատնեշով, ցցերի միջև ցախուչոփ դրեցի, իսկ ներս ու դուրս էի անում շարժական սանդուխքով, ինչպես իմ հին տանը։ Այսպիսով, ես այստեղ էլ կարող էի չվախենալ գազանների հարձակումից։ Այդ նոր վայրերն ինձ այնքան էին դուր եկել, որ երբեմն մի քանի օր շարունակ մնում էի այնտեղ․ երկու֊երեք գիշեր քնեցի իմ քողտիկում, որտեղ ավելի հեշտ էր շնչելը։

«Հիմա ես ծովի ափին տուն ունեմ, իսկ անտառում՝ ամառանոց», ― ասում էի ինքս ինձ։ Այդ «ամառանոցը» կառուցելու գործով զբաղված էի մինչև օգոստոսի սկիզբը։

Օգոստոսի երեքին տեսա, որ իմ կախած խաղողի ողկույզները բոլորովին չորացել ու հիանալի չամիչ են դարձել։ Ես իսկույն սկսեցի դրանք հավաքել ծառերից։ Հարկավոր էր շտապել, թե չէ անձրևը կփչացներ և ես կզրկվեյի իմ ձմեռային պաշարից, իսկ այդ պաշարը քիչ չէր․ առնվազն երկու հարյուր խոշոր ողկույզ։ Նոր էի վերջին ողկույզը քաղել ծառից, երբ սև ամպեր կուտակվեցին և հորդ անձրև տեղաց։ Եվ երկու ամիս շարունակ, օգոստոսի 14֊ից մինչև հոկտեմբերի կեսը անձրև էր գալիս։ Երբեմն ուղղակի հեղեղ էր լինում, և ես մի քանի օր շարունակ քարանձավից դուրս գալ չէի կարողանում։

Այդ ժամանակ բախտը ինձ մի հաճելի անակնկալի արժանացրեց․ իմ ընտանիքը մեծացավ։ Բանն այն է, որ իմ կատուներից մեկը վաղուց գնացել էր տանից ու կորել։ Ես կարծում էի, թե սատկած կլինի և շատ էի ափսոսում, բայց մեկ էլ օգոստոսի վերջին տուն վերադարձավ երեք ձագուկներով։

Օգոստոսի 14֊ից մինչև 26֊ը անձրևները չէին դադարում, և ես համարյա տանից դուրս չէի գալիս, որովհետև հիվանդությունիցս հետո մրսելուց վախենալով՝ զգուշանում էի անձրևի տակ ընկնելուց։ Բայց երբ ես քարանձավում նստած լավ եղանակի էի սպասում, իմ մթերքի պաշարները սպառվելուն մոտ էին, այնպես որ երկու անգամ ես նույնիսկ սիրտ արի որսի գնալու։ Առաջին անգամ սպանեցի մի այծ, իսկ երկրորդ անգամ, 26 ֊ին, բռնեցի մի ահագին կրիա և ինձ համար մի լավ ճաշ պատրաստեցի։ Ընդհանրապես իմ սնունդը այդ ժամանակ հետևյալն էր․ նախաճաշին մի ողկույզ չամիչ, ճաշին՝ մի կտոր այծի միս կամ կրիայի միս (կրակի վրա խորոված, որովհետև, դժբախտաբար, եփելու աման չունեի), ընթրիքին կրիայի երկու կամ երեք ձու։

Այդ ամբողջ տասներկու օրը, երբ անձրևից թաքնվել էի քարանձավում, օրական երկու֊երեք ժամ զբաղվում էի հողային աշխատանքներով, որովհետև վաղուց արդեն որոշել էի ընդարձակել իմ նկուղը։ Շարունակ փորում ու փորում էի միևնույն ուղղությամբ և, վերջապես, ցանկապատից դուրս տանող ելք բաց արի։

Այժմ ես միջանցիկ մուտք ունեի։ Այստեղ գաղտնի դուռ շինեցի, որով կարող էի ազատորեն ելումուտ անել՝ առանց շարժական սանդուխքի օգնությանը դիմելու։ Այդ, իհարկե, հարմար էր, բայց այնքան ապահով չէր, որքան առաջ։ Այդ ժամանակ իմ բնակարանը բոլոր կողմերից ցանկապատված էր, և ես կարող էի հանգիստ քնել՝ առանց թշնամիներից վախենալու։ Իսկ այժմ դժվար բան չէր քարանձավ մտնելը․ նրա մուտքը բաց էր։ Ի դեպ, չեմ հասկանում, թե ինչու այն ժամանակ չէի մտածում, թե վախենալու ոչ մի բան չկա, քանի որ այդ ամբողջ ընթացքում կղզում այծից խոշոր ոչ մի կենդանի չէի տեսել։

30 սեպտեմբերի։ Այսօր իմ կղզում գտնվելու տխուր տարեդարձն է։ Հաշվեցի սյունի վրա քաշած գծերս և պարզվեց, որ այստեղ ապրում եմ ուղիղ երեք հարյուր վաթսունհինգ օր։

Արդյոք երբևիցե բախտ կունենա՞մ դուրս գալու այս բանտից։

Վերջերս նկատեցի, որ ինձ շատ քիչ թանաք է մնացել։ Հարկավոր է խնայողաբար ծախսել․ մինչև այժմ գրանցումներ էի անում ամեն օր և գրում էի ամեն մի մանրուք, բայց այժմ պետք է գրի առնեմ միայն իմ կյանքի աչքի ընկնող դեպքերը։

Մինչև այժմ ես կարողացել եմ նկատել, որ անձրևային ժամանակաշրջանին այստեղ շատ կանոնավոր կերպով հաջորդում է երաշտը, ուրեմն կարող եմ ժամանակին նախապատրաստվել անձրևներին կամ երաշտին։

Սակայն իմ այս փորձը թանկ ձևով ձեռք բերի։ Դրա մասին վկայում է թեկուզ հետևյալ դեպքը, որ պատահեց ինձ այն ժամանակ։ Անձրևներից անմիջապես հետո, երբ արեգակը փոխադրվեց հարավային կիսագունդ, ես որոշեցի, թե ամենահարմար ժամանակն է ցանելու բրնձի ու գարու աղքատիկ պաշարները, որոնց մասին խոսել եմ վերը։ Ցանեցի և սկսեցի անհամբեր սպասել բերքին։ Սակայն սկսվեցին չորային ամիսները, հողի մեջ ոչ մի կաթիլ խոնավություն չմնաց, և ոչ մի հատիկ չբուսավ։ Դեռ լավ է, որ ես մի֊մի բուռ գարու և բրնձի պաշար էի պահել։ Հենց այդպես էլ ինքս ինձ ասել էի․ «Ավելի լավ է ամբողջ սերմացուն չցանել․ չէ՞ որ այստեղ կլիման դեռ լավ չեմ ուսումնասիրել և հաստատ չգիտեմ, թե երբ պետք է ցանել և երբ հավաքել բերքը»։ Ես ինքս ինձ շատ էի գովում այս զգուշության համար, քանի որ հավատացած էի, թե իմ ամբողջ ցանքը փչացել է երաշտից։ Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ մի քանի ամիս հետո, հենց որ անձրևներն սկսվեցին, իմ ամբողջ հացահատիկը բուսավ, կարծես հենց նոր էի ցանել։

Մինչ իմ հացն աճում ու հասնում էր, ես մի հայտնագործություն արեցի, որը հետագայում ինձ մեծ օգուտ բերեց։

Հենց որ անձրևները դադրեցին և եղանակը լավացավ, այսինքն մոտավորապես նոյեմբեր ամսին, գնացի իմ անտառային ամառանոցը։ Մի քանի ամիս այնտեղ չէի եղել և ուրախությամբ համոզվեցի, որ ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես թողել եմ։ Փոփոխվել էր միայն իմ քողտիկը շրջապատող ցանկապատը։ Այդ ցանկապատը, ինչպես հայտնի է, շինել էի կրկնակի խփած ցցերից։ Ցանկապատը նույն էր մնացել, բայց նրա ցցերը, որ կտրել էի մոտակայքի ինձ անհայտ տեսակի երիտասարդ ծառերից, այժմ երկար շիվեր էին արձակել , ճիշտ այնպես, ինչպես արձակում է ուռենին, երբ կտրում ենք նրա գագաթը։ Այդ թարմ ճյուղերը տեսնելով՝ զարմացա, բայց ինձ համար շատ հաճելի էր, որ իմ ամբողջ ցանկապատը թաղված է կանաչի մեջ։ Ես մատղաշ ծառի ճյուղերը խուզեցի, որպեսզի հնարավորին չափ միանման ձև տամ դրանց։ Եվ նրանք հիանալի աճեցին։

Թեև իմ ամառանոցի շրջանաձև բակը մինչև քսանհինգ յարդ տրամագիծ ուներ, Բայց և այնպես, շուտով իմ ծառերը (այժմ այդպես կարող եմ անվանել ցանկապատի ցցերը), ամբողջ բակը ծածկեցին ճյուղերով և այնպիսի թանձր ստվեր էին արձակում, որ այնտեղ կարելի էր արևից պաշտպանվել օրվա բոլոր ժամերին։ Դրա համար էլ ես որոշեցի էլի մի տասնյակ այդպիսի ցցեր կտրել և կիսաշրջանի նման ձևով տնկել իմ հին տան ցանկապատի երկարությամբ։ Այդպես էլ արեցի։ Ցցերը տնկեցի երկու շարքով, պատից մի ութ յարդ հեռավորության վրա։ Նրանք բոլորն էլ կպան, և շուտով ունեցա մի կենդանի ցանկապատ, որն սկսզբից ինձ շոգից էր պաշտպանում, իսկ հետո մի ուրիշ կարևոր ծառայություն էլ արեց։

Comments