Chapter 4
Չորրորդ գլուխ - Ռոբինզոնը հաստատվում է Բրազիլիայում։ Նա նորից ծով է դուրս գալիս։ Նրա նավը խորտակվում է։
Նավապետը հիանալի մարդ էր և առատաձեռն ոչ միայն խոսքով, այլև գործով։ Նա բարեխղճությամբ կատարեց իր յուրաքանչյուր խոստումը։ Հրամայեց, որ նավաստիներից ոչ մեկը չհամարձակվի դիպչել իմ իրերին, ապա կազմեց դրանց մանրամասն ցուցակը, հրամայեց տեղավորել իր իրերի հետ, իսկ ցուցակը հանձնեց ինձ, որ Բրազիլիա հասնելուց հետո ես կարողանամ բոլորը լրիվ ստանալ։
Նա ուզեց գնել իմ նավակը։ Այդ նավակն իրոք որ լավն էր։ Նավապետն ասաց, որ այն կգնի իր նավի համար և հարցրեց, թե որքան կգնահատեմ։
― Դուք, ― պատասխանեցի ես, ― ինձ այնքան շատ բարություն եք արել, որ ես ոչ մի դեպքում ինձ իրավունք չեմ համարում մակույկի գինը նշանակելու։ Ոեքան կտաք, այնքան էլ կվերցնեմ։
Այն ժամանակ նավապետը ինձ ասաց, որ պարտավորագիր կտա Բրազիլիա հասնելուն պես վճարելու ութսուն ոսկի, բայց եթե այնտեղ կգտնվի մի ուրիշ գնորդ, որն ավելի շատ կառաջարկի, նավապետն ինքը կվճարի այդ գումարը։
Մինչև Բրազիլիա մեր ուղևորությունը միանգամայն հաջող անցավ, և քսաներկու օրվա նավարկությունից հետո մենք մտանք Բոլոր Սրբերի ծովախորշը։
Այդտեղ ես վերջնականապես զգացի, որ իմ բոլոր թշվառությունները հետևում են մնացել, որ իմ կյանքը նորից է սկսվում։
Երբեք ես չեմ կարող մոռանալ, թե ինչպիսի մեծահոգի վերաբերմունք ցույց տվեց ինձ պորտուգալական նավի նավապետը։
Նա ինձանից ոչ մի գրոշ չվերցրեց ուղևորության համար, լիովին ինձ վերադարձրեց իմ բոլոր իրերը, մինչև իսկ երեք հատ կավի կժերը, ինձ քառասուն դուկատ վճարեց առյուծի մորթու համար և քսան դուկատ՝ ընձառյուծի մորթու համար, ընդհանրապես գնեց այն ամենը, ինչ ինձ համար ավելորդ էր և ինչ ինձ համար հարմար էր վաճառել, այդ թվում նաև գինու շշերով լի արկղը, երկու հրացան ու մնացած մեղրամոմը (որի մի մասից մենք մոմ էինք պատրաստել)։ Մի խոսքով, երբ ես իմ գույքի մեծ մասը վաճառեցի նրան և իջա բրազիլական ափը, իմ գրպանում երկու հարյուր քսան ոսկի կար։
Ես չէի ուզում բաժանվել իմ ուղեկից Քսուրիից։ Բայց նա ինձ մոտ անելիք չուներ․ բացի այդ, ես վստահ չէի, թե ինձ կհաջողվի կերակրել նրան։ Դրա համար էլ շատ ուրախացա, երբ նավապետն ինձ ասաց, որ սիրով տղային կվերցնի իր նավը, նրան կդարձնի յունգ, իսկ հետո նավաստի։ Մեր նավագնացուցյան ժամանակ Քսուրին արդեն կապվել էր նավապետի հետ և ուրախ էր, որ աշխատելու է նրա հրամանատարությամբ, նրա նավի վրա։
Բրազիլիա հասնելուց հետո շուտով իմ բարեկամ նավապետն ինձ տարավ իր մի ծանոթի տունը, որ իր նման մի բարեսիրտ ու ազնիվ մարդ էր։ Դա շաքարի պլանտացիայի ու գործարանի տեր էր։ Ես բավական երկար ժամանակ ապրեցի նրա մոտ և դրա շնորհիվ լավ ծանոթացա շաքարի արտադրությանը։
Տեսնելով, թե որքան լավ են ապրում այստեղ մարդիկ, և որքան արագ են հարստանում՝ ես որոշեցի տեղավորվել Բրազիլիայում և նույնպես զբաղվել շաքարի արտադրությամբ։ Իմ ամբողջ կանխիկ գումարով ես կապալով վերցրի մի հողամաս և սկսեցի իմ ապագա պլանտացիայի ու դաստակերտի ծրագիրը կազմել։ Լոնդոնում ես մի քիչ փող էի թողել։ Որոշեցի այն էլ այդ գործի մեջ դնել։
Իմ պլանտացիային հարևան կար մի մարդ, որ եկել էր Լիսաբոնից։ Նրա անունն Ուելս էր։ Ծագումով անգլիացի էր, բայց վաղուց արդեն պորտուգալահպատակ էր դարձել։ Շուտով ես ու նա մտերմացանք և ամենաբարեկամական հարաբերությունների մեջ էինք։ Թե նրա և թե իմ շրջանառու կապիտալները փոքր էին, այնպես որ առաջին տարիներին մենք երկուսս էլ հազիվ էինք կարողանում մեզ պահել մեր բերքով։ Բայց քանի հողը մշակվում էր, այնքան մենք հարստանում էինք։
Մի չորս տարի Բրազիլիայում ապրելով և աստիճանաբար իմ գործն ընդարձակելով՝ ես, հասկանալի է, ոչ միայն սովորեցի իսպաներեն, այլև ծանոթացա իմ հարեևանների, ինչպես նաև մեր մերձակա ծովափնյա քաղաքի՝ Սան֊Սալվադորի վաճառականների հետ։ Նրանցից շատերն իմ բարեկամները դարձան։ Մենք հաճախ հանդիպում էինք և, իհարկե, ես պատմում էի Գվինեական ափերին կատարած իմ երկու ուղևորությունների մասին, այն մասին, թե ինչպես էի առևտուր անում այնտեղի նեգրերի հետ, ինչպես հեշտ է այնտեղ զանազան մանրուքներով, ուլունքներով, դանակներով, մկրատներով, կացիններով կամ հայելիներով ձեռք բերել ոսկու ավազ և փղոսկր։
Նրանք միշտ ինձ լսում էին շատ ուշադիր և երկար քննության նյութ էին դարձնում իմ պատմածները։
Մի անգամ նրանցից երեքը եկան ինձ մոտ և ինձանից խոստում առնելով, որ մեր ամբողջ խոսակցությունը գաղտնի կմնա, ասացին․
― Մենք բոլորս էլ պլանտացիաներ ունենք, բայց մեր գործը շատ դանդաղ է ընթանում, որովհետև հող մշակող չունենք։ Դուք ասում եք, որ այնտեղ, ուր եղել եք, հեշտությամբ կարելի է ոսկու ավազի կույտեր և այլ թանկագին բաներ ձեռք բերել։ Մենք ուզում ենք մի նավ ուղարկել Գվինեա՝ ոսկի բերելու։ Մենք ուզւում ենք սևամորթ ստրուկներ գնել մեզ համար։ Եթե մենք ոսկի ունենանք, ստրուկներ ունենանք, մեր ագարակները մեծ բերք կտան։ Դուք համաձա՞յն եք գնալ Գվինեա։ Այդ գործի մեջ դուք ոչ մի գրոշ չեք դնի․ մենք ամեն բան կտանք, ինչ հարկավոր է փոխանակության համար։ Աշխատանքի համար դուք կստանաք շահույթի ձեր բաժինը այնքան, որքան մեզանից յուրաքանչյուրը։
Լավ կլիներ, որ հրաժարվեի և երկար մնայի արգավանդ Բրազիլիայում, բայց, կրկնում եմ, ես միշտ էլ իմ սեփական դժբախտությունների պատճառն եմ եղել։ Ես շատ ուզեցի ծովային նոր արկածների հանդիպել, և գլուխս պտտվեց ուրախությունից։
Ինչպես սկզբում ես չկարողացա հաղթահարել ճանապարհորդուցյունների սերս և չլսեցի իմ հոր բարի խորհուրդները, այնպես էլ այժմ չկարողացա հակառակել իմ բրազիլական բարեկամների գայթակղեցուցիչ առաջարկությանը։
Ես պատասխանեցի, որ սիրով կգնամ Գվինեա, միայն այն պայմանով, որ նրանք համաձայնեն իմ բացակայության ժամանակ պահել իմ գույքը, և եթե չվերադառնամ, տնօրինեն իմ ցուցումների համաձայն։
Նրանք հանդիսավոր կերպով խոստացան կատարել իմ ցանկությունները և մեր պայմանագիրը հաստատեցին գրավոր պարտավորությամբ։ Իսկ ես իմ կողմից ձևական կտակ արի մահվան դեպքի համար․ իմ բոլոր շարժական ու անշարժ գույքը կտակեցի այն պորտուգալացի նավապետին, որը փրկեց իմ կյանքը։ Բայց, միաժամանակ ես վերապահում արի, որ իմ կապիտալի մի մասը նա ուղարկի Անգլիա, իմ զառամյալ ծնողներին։
Նավը պատրաստվեց և իմ ընկերները պայմանի համաձայն նավամբարը ապրանքով լցրին։
Եվ ահա, նորից մի թարս ժամի, 1659 թ․ սեպտեմբերի 1֊ին ես բարձրացա նավի տախտակամածը։ Այդ այն նույն օրն էր, երբ ութ տարի առաջ ես փախա հորիցս ու մորիցս, որի հետևանքով այնպես անիմաստ կործանեցի իմ երիտասարդությունը։
Մեր նավարկության տասներկուերորդ օրը հասարակածը կտրեցինք անցանք և գտնվում էինք հյուսիսային լայնության 7 °42' վրա, երբ հանկարծ մեզ վրա տվեց մրրիկը կամ, ավելի ճիշտ՝ փոթորիկը։ Քամին փչում էր հարավ֊արևելքից, հետո սկսեց փչել հակառակ կողմը և, վերջապես, սկսեց փչել հյուսիս֊արևելքից և անընդհատ փչում էր այնպես զարհուրելի ուժով, որ տասներկու օր շարունակ մենք տարերքի կամքին հանձնված՝ ստիպված էինք լողալ, ուր ալիքները քշում էին։
Հարկ չկա ասելու, որ այդ տասներկու օրն անընդհատ ես մահվան էի սպասում, ասենք մեզանից ոչ ոք էլ չէր կարծում, թե ինքը ողջ կմնա։
Մի անգամ վաղ առավոտյան (երբ քամին դեռ փչում էր նախկին ուժով) նավաստիներից մեկը գոչեց․
― Ցամա՜ք, ցամա՜ք։
Բայց դեռ մենք չէինք հասցրել դուրս վազել նավախցից, իմանալու համար, թե ինչ ափերի մոտով է անցնում մեր խեղճ նավը, երբ զգացինք, որ նավը նստել է ծանծաղուտի վրա։ Նույն վայրկյանին անակնկալ կանգ առնելուց մեր ամբողջ տախտակամածը ծածկվեց այնպիսի մի կատաղի ու հզոր ալիքով, որ մենք ստիպված էինք իսկույն ևեթ թաքնվել նավախցի մեջ։
Նավն այնպես խորն էր նստել ավազի մեջ, որ ծանծաղուտից հանելու մասին մտածելն էլ ավերոդ էր։ Մեզ մնում էր մեկ բան․ հոգալ սեփական կյանքի փրկության մասին։ Մենք երկու մակույկ ունեինք։ Մեկը կախված էր նավախելում։ Փոթորկի ժամանակ նա ղեկին դիպչելով փշրվել էր, իսկ հետո կամ ջրասույզ էր եղել, կամ քամին քշել տարել էր ծովի խորքերը։ Մնացել էր մյուս մակույկը, բայց ոչ ոք չգիտեր, թե մեզ կհաջողվի՞ արդյոք ջուրն իջեցնել այն։ Իսկ մտածելու ժամանակ չկար։ Ամեն րոպե նավը կարող էր երկու կտոր լինել։
Նավապետի օգնականը նետվեց դեպի այդ մակույկը և նավաստիների օգնությամբ ջուրն իջեցրեց։ Մենք բոլորս, տասնմեկ մարդ, մտանք այդ մակույկը և անձնատուր եղանք կատաղի ալիքների կամքին, որովհետև թեև փոթորիկն սկսել էր մեղմանալ, բայց և այնպես դեպի ափն էին թռչում վիթխարի ալիքներ և ծովը իրավացիորեն կարելի էր անվանել կատաղի։
Մեր դրությունն ավելի զարհուրելի դարձավ․ պարզ տեսնում էինք, որ մակույկը որտեղ որ է շուռ է գալու, և մենք փրկվելու ոչ մի միջոց չունենք։ Առագաստ չունեինք, իսկ եթե ունենայինք էլ, բոլորովին անօգուտ բան կլիներ մեզ համար։ Մենք թիավարում էինք դեպի ափ՝ հուսահատությունը սրտներումս, ինչպես այն մարդիկ, որոնց տանում են մահապատժի։ Բոլորս էլ հասկանում էինք, որ բավական է մակույկը մոտենա ափին, ալեբախությունն իսկույն փշուր֊փշուր կանի։ Քամուց առաջ քշվելով՝ մենք հենվում էինք թիերի վրա, մեր սեփական ձեռքով մոտեցնելով մեր մահը։
Այսպես առաջ քշվեցինք մի չորս մղոնաչափ, մեկ էլ հանկարծ լեռան չափ բարձր մի կատաղի ալիք հետևի կողմից հարձակվեց մեր մակույկի վրա։ Դա վերջին, մահացու հարվածն էր։ Մեր մակույկը շուռ եկավ։ Դեռ շունչ չառած՝ մենք արդեն ջրի տակ էինք։ Փոթորիկն իսկույն մեզ զանազան կողմեր նետեց։
Անկարելի է նկարագրել, թե ինչ տագնապի մեջ ընկա, երբ սուզվեցի ջրի տակ։ Եա լողալ լավ գիտեմ, բայց միանգամից ջրի երեսը դուրս գալու ուժ չունեի, որպեսզի շունչ առնեմ, ուստի քիչ մնաց խեղդվեի։ Ալիքն ինձ առավ, քշեց դեպի ափ, ապա փշրվեց ու հետ քաշվեց, ինձ թողնելով կիսամեռ վիճակում, որովհետև շատ ջուր էի կուլ տվել։ Ես շունչ քաշեցի և մի փոքր ուշքի եկա։ Տեսնելով, որ ցամաքը մոտիկ է (շատ ավելի մոտիկ, քան ես սպասում էի), ոտքի թռա և ամենայն արագությամբ վազեցի դեպի ափը։ Հույս ունեի, թե կհասնեմ ափին, նախքան մյուս ալիքը կգա իմ հետևից ու կբռնի, բայց շուտով հասկացա, որ նրանից փրկվել չեմ կարող․ ծովն ինձ վրա էր գալիս բարձր լեռան պես և հասնում էր իմ հետևից ինչպես մի կատաղի գազան, որի դեմ կռվելն անկարելի է։ Ես սկսեցի չդիմադրել այն ալիքներին, որոնք ինձ քշում էին դեպի ափը, բայց հենց որ նրանք սկսում էին ցամաքից հետ քաշվել, ես ամեն կերպ թպրտում էի ու չարչարվում, որ ալիքներն ինձ հետ չտանեն դեպի ծովը։
Հաջորդ ալիքը ինձ իր տակ թաղեց մի քսան֊երեսուն ոտնաչափ խորությամբ։ Հետո վերցրեց ու անասելի արագությամբ նետեց դեպի ցամաք։ Երկար ժամանակ ես լողում էի հոսանքի ուղղությամբ, իմ բոլոր ուժերով օգնելով նրան, և քիչ էր մնում խեղդվեի ջրի մեջ, երբ մեկ էլ հանկարծ զգացի, որ բարձրանում եմ վեր։ Բարեբախտաբար, շուտով իմ գլուխն ու ձեռքերը դուրս եկան ջրի երես և, թեև մի երկու վայրկյան անց մի նոր ալիք ծառացավ ինձ վրա, բայց և այնպես այդ կարճ դադարը ուժ ու եռանդ էր տվել ինձ։ Նոր ալիքը կրկին ծածկեց ինձ, բայց այս անգամ ես երկար չմնացի ջրի տակ։ Երբ ալիքը փշրվեց ու հետ քաշվեց, ես նրա ճնշմանը չենթարկվեցի, այլ լող տվի դեպի ափը և շուտով զգացի, որ իմ ոտքերի տակ ցամաք է արդեն։ Մի երկու֊երեք վայրկյան կանգնելով՝ խոր շունչ առա և ամբողջ ուժով վազեցի դեպի ափը։
Բայց այժմ էլ ես դեռ ազատված չէի կատաղի ծովից․ նա նորից ընկավ իմ հետևից։ Էլի երկու անգամ ալիքները հասան ինձ ու քշեցին դեպի ափը, ուր այդտեղ շատ զառիվայր էր։
Վերջին ալիքը ինձ այնպիսի ուժով խփեց ժայռին, որ ես գիտակցությունս կորցրի։ Միառժամանակ բոլորովին անօգնական էի, և եթե այդ րոպեին ծովը նորից բռներ ինձ, անպայման կխեղդվեի։
Բարեբախտաբար, գիտակցությունս նորից տեղը եկավ․ տեսնելով, որ շուտով ալիքը դարձյալ ծածկելու է ինձ, ես ամուր կառչեցի ժայռի ցցվածքներին և շունչս պահած՝ աշխատեցի դիմանալ, մինչև ալիքը հետ կքաշվի։
Այստեղ, ցամաքին մոտիկ, ալիքներն այնքան վիթխարի չէին։ Երբ ջուրը հետ քաշվեց, ես նորից առաջ վազեցի և այնքան մոտեցա ափին, որ հետևյալ ալիքը թեպետև ամբողջովին ծածկեց ինձ, բայց այլևս չկարողացավ հետ տանել ծովը։ Ես վազեցի էլի մի քանի քայլ և ուրախությամբ զգացի, որ արդեն կանգնած եմ ամուր գետնի վրա։ Սկսեցի մագլցել առափնյա ժայռերի վրայով և հասնելով մի թմբի՝ ընկա կանաչ խոտերի մեջ։ Այստեղ արդեն ես ապահով էի․ ջուրը ինձ հասնել չէր կարող։
Կարծում եմ չկան այնպիսի բառեր, որոնցով կարելի լինի արտահայտել այսպես ասած՝ գերեզմանից հարություն առած մարդու ուրախության զգացմունքները։ Սկսեցի ցատկոտել ու վազվզել, ձեռքերս թափահարել, նույնիսկ երգում էի ու պարում։ Իմ ամբողջ էությունը, եթե կարելի այսպես արտահայտել, համակված էր իմ փրկության մտքերով։
Սակայն ես թախիծով էի մտածում իմ խեղդված ընկերների մասին։ Ափսոսում էի նրանց, որովհետև նավարկության ժամանակ արդեն կապվել էի նրանցից շատերի հետ։ Հիշում էի նրանց դեմքերը, անունները։ Ավա՜ղ, նրանցից ոչ մեկին այլևս չտեսա․ նրանց հետքն էլ չէր մնացել, բացի երեք գլխարկից, մեկ թասակից և երկու կոշիկից, որ ցամաք էին նետել ծովի ալիքները։
Նայելով այն կողմը, ուր մեր նավն էր կանգնած, ես հազիվ նշմարեցի կայմը բարձր ալիքների շարքի հետևը, այնքան էր հեռու ափից։ Եվ ինքս ինձ ասացի․ «Չէ, սա հրաշք է, մեծ հրաշք, որ այսպիսի փոթորկին այսքան հեռավոր ափ հասա»։
Մահացու վտանգից ազատվելուս առթիվ այսպիսի խոսքերով իմ ջերմ ուրախությունն արտահայտելուց հետո հիշեցի, որ ցամաքը նույնպես կարող է վտանգավոր լինել, որքան և ծովը, որ ես բոլորովին չգիտեմ, թե որտեղ եմ ընկել, և որ ինձ անհրաժեշտ է ամենակարճ ժամանակամիջոցում ուշի ուշով հետախուզել այս անծանոթ վայրը։
Հենց որ սրա մասին մտածեցի, իմ ցնծությունը անմիջապես չքացավ․ ես հասկացա, որ թեև կյանքս փրկվել է, բայց դեռ չեմ փրկվել աղետներից, զրկանքներից ու սարսափներից։ Իմ ամբողջ հագուստը շատ էր թրջվել, իսկ փոխելու բան չունեի։ Ուժերս վերականգնելու համար ոչ ուտելիք ունեի, ոչ խմելու ջուր։ Ի՞նչ ապագա էր սպասում ինձ։ Կամ պիտի քաղցից մեռնեմ, կամ գիշատիչ գազաններն են ինձ հոշոտելու, և, որ ամենատխուր բանն էր, ես չէի կարող որս անել, չէի կարող գազաններից պաշտպանվել, որովհետև ոչ մի զենք չունեի։ Ընդհանրապես, ինձ մոտ ոչինչ չէր մնացել, բացի մի դանակից, ծխամորճից ու մի տուփ ծխախոտից։
Այս մտքերն ինձ այնպիսի հուսահատության հասցրին, որ խելագարի պես սկսեցի ափի երկարությամբ հետ ու առաջ վազել։
Գիշերը վրա էր հասնում, և ես ահաբեկ հարցնում էի ինքս ինձ․ «Ի՞նչ է լինելու իմ օրը, եթե այս վայրերում գիշատիչ գազաններ լինեն։ Չէ՞ որ նրանք միշտ գիշերներն են որսի դուրս գալիս»։
Ինձանից ոչ հեռու եղևնու նման մի լայնաճյուղ ծառ կար։ Որոշեցի բարձրանալ այդ ծառը և մինչև առավոտ նստել նրա փշփշոտ ճյուղերին։ Գազաններից փրկվելու համար ուրիշ ոչ մի բան մտածել չէի կարող։ «Իսկ երբ կլուսանա, ― ասացի ինքս ինձ, ― կտեսնեմ, որ ավելի լավ էր մեռնել, որովհետև այստեղ ապրել չի կարելի»։
Ծարավը տանջում էր ինձ։ Գնացի շրջակայքը դիտելու, թե արդյոք խմելու ջուր չկա՞։ Իմ բախտից, մի քառորդ մղոնաչափ ափից հեռանալով մի գետակ գտա։
Ջուր խմելուց հետո մի քիչ ծխախոտ դրի բերանս, որպեսզի քաղցս խեղդեմ, ապա վերադարձա, բարձրացա լայնաճյուղ ծառը և այնպես տեղավորվեցի, որ քնած ժամանակ վայր չընկնեմ։ Ապա կտրեցի մի կարճ փայտ և ինձ համար մահակ պատրաստեցի, որպեսզի թշնամիների հարձակումից պաշտպանվեմ, տեղս մի լավ հարմարեցրեցի և ծանր հոգնածությունից անմիջապես խոր քուն մտա։
Քնեցի այնպես քաղցր, ինչպես քչերը կարող էին քնել այդպիսի անհարմար անկողնում, և դժվար թե որևէ մեկը այդպես գիշերելուց հետո արթնանար այնպես թարմ ու առույգ, ինչպես ես։