1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 25

Քսանհինգերորդ գլուխ - Ռոբինզոնը հանդիպում է անգլիական նավի նավապետին

Ավազակները կղզին էին ընկել մակընթացության ժամանակ։ Մինչ նրանք թափառում էին այս ու այն կողմ, բավական ժամանակ անցավ, սկսեց տեղատվությունը, և մակույկը մնաց ծանծաղուտի վրա։

Ինչպես արդեն ասացի, մակույկում մնացել էին երկու մարդ, որոնք քնած էին։

Մի ժամ հետո նրանցից մեկն արթնացավ և տեսնելով, որ մակույկն ծովափին է մնացել, փորձեց ավազի վրայով քաշել դեպի ջուրը, բայց չկարողացավ։ Այն ժամանակ սկսեց կանչել մյուսներին։ Նրանք վազեցին ու սկսեցին օգնել։ Սակայն մայույկը ծանր էր, իսկ ավազն այնպես թաց էր ու փխրուն, որ նրանք ուժ չունեին մակույկը ջուրն իջոցնել։

Այն ժամանակ նրանք որպես իսկական ծովայիններ, ― իսկ ծովայիններն ինչպես հայտնի է, անհոգ մարդիկ են և գալիքի մասին ամենևին չեն մտածում, ― մակույկը թողին ու նորից գնացին զբոսանքի։ Գնալուց առաջ նրանցից մեկը բարձրաձայն ասաց մյուսին․

―Թող կորչի, Ջեկ, ձեռքերդ կոշտուկ առաջացնելու հավե՞ ս ունես։ Շուտով մակընթացություն կսկսվի, և մակույկը ինքն իրեն ջուրը կընկնի։

Այս խոսքերը նա աասց անգլերեն։ Նշանակում է, որ նրանք իրոք իմ հայրենակիցներն էին։

Քանի դեռ նրանք չէին գնացել, ես կամ իմ ամրոցի ցանկապատի հետևը նստած թաքնվում էի, կամ բլրի գլխից դիտում էի, նրանց։

Մինչև մակընթացության սկսվելը առնվազը տասը ժամ կար։

Նշանակում է՝ այդքան ժամանակ մակույկը մնալու էր ավազի վրա։

Երեկոյան, երբ մութն ընկնի, ես դուրս կգամ թաքստոցից, գաղտագողի կմոտենամ այդ նավաստիներին, կհետևեմ նրանց յուրաքանչյուր արարքին, յուրաքանչյուր շարժումին և գուցե նույնիսկ կհաջողվի լսել, թե ինչի մասին են խոսում։

Իսկ քանի դեռ չի մթնել, հարկավոր է կռվի պատրաստություն տեսնել։ Այժմ իմ հակառակորդն ավելի ուժեղ էր ու վտանգավոր, քան առաջ, ուստի հարկավոր էր ավելի լուրջ պատրաստվել։

Երկար ժամանակ կարգի էի բերում հրացանները, մաքրեցի ու լցրի դրանք, ապա Ուրբաթին, որն արդեն մինչ այդ լավ հրաձիգ էր դարձել, հրամայեցի զինվել ոտքից մինչև գլուխ։ Ես վերցրի երկու որսորդական հրացան, իսկ նրան տվի երեք մուշկետ։ Մնացած զենքերը մենք ևս բաժանեցինք մեր միջև։

Պետք է ասել, որ սպառազինված վիճակում ես շատ մարտական տեսք ունեի։ Հագիս իմ անճոռնի բաճկոնն էր՝ կարված այծի մորթուց, գլխիս՝ սրածայր փափախս, կողքիցս կախված էր մերկ սուրս, երկու ատրճանակ խրված էին գոտիս, և ամեն ուսիս մի հրացան կար։

Ինչպես ասացի, որոշել էի ոչ մի բան չնախաձեռնել, մինչև մութն ընկնի։ Սակայն ժամը երկուսին մոտ, երբ արևն սկսեց առանձնապես ուժեղ դաղել, նկատեցի, որ նավաստիները գնացին անտառ, և չվերադարձան։ Հավանորեն շոգը զոռել էր նրանց, և ծառերի ստվերում պառկել քնել էին։

Բայց գերիների աչքին քու՞ն կգար։ Նրանք իրենց դառը բախտից ճնշված՝ տխուր֊տրտում նստել էին մի մեծ ծառի տակ։

Ոչ ոք նրանց չէր հսկում, և որոշեցի չսպասել մինչև երեկո, մոտենալ նրանց և հետները խոսել։ Չէի համբերում, ուզում էի շուտ իմանալ, թե ինչ մարդիկ են նրանք և ինչու են այստեղ։ Գնացի նրանց կողմը այն նույն արտառոց հագուստով, որ հենց նոր նկարագրեցի։ Իմ հետևից կրնկակոխ քայլում էր Ուրբաթը։ Նա ևս զինված էր ոտքից գլուխ, թեև այնպիսի խրտվիլակի տեսք չուներ, ինչպես իր տերը։

Ես բոլորովին մոտեցա երեք գերիներին (նրանք նստած էին մեջքները իմ կողմն արած, ուստի ինձ տեսնել չէին կարող) և իսպաներեն բարձրաձայն հարցրի․

― Ո՞վ եք դուք, սինյորնե՛ր։

Նրանք ցնցվեցին այդ անակնկալից, սակայն թվում է, որ է՛լ ավելի վախեցան, երբ հետ նայեցին ու տեսան, թե ինչ զարհուրրելի արարած է մոտեցել իրենց։

Նրանցից ոչ ոք ոչ մի բառ չպատասխանեց, և ինձ թվաց, թե ուզում են փախչել ինձանից։

Այն ժամանակ խոսեցի անգլերեն։

Ջենթլմեննե՛ր, մի՛ վախենաք, ― ասացի ես։ ― Գուցե դուք բարեկամ կգտնեք այնտեղ, որտեղ ամենից ավելի քիչ եք սպասում։ Ես անգլիացի եմ և ուզում եմ օգնել ձեզ։ Տեսնու՞մ եք․ մենք ընդամենը երկու հոգի ենք՝ ես և իմ ծառան։ Մենք զենք էլ ունենք, վառոդ էլ։ Ասացեք ուղղակի․ ինչո՞վ կարող ենք թեթևացնել ձեր վիճակը, ի՞նչ դժբախտություն է պատահել ձեզ։

― Մեր դժբախտությունն այնքան մեծ է, որ նկարագրելը շատ երկար կտևեր, ― պատասխանեց գերիներից մեկը, ― այնինչ մեզ տանջողները մոտիկ են և ամեն րոպե կարող են հայտնվել։ Բայց ահա, սըր, համառոտակի ասեմ մեր ամբողջ պատմությունը։ Ես այս նավի նավապետն եմ։ Բայց հիմա նավի անձնակազմը խռովություն է բարձրացրել։ Ես միշտ սիրել եմ իմ նավաստիներին, և նրանք էլ ինձ են սիրել։ Իմ հրամանատարության տակ նրանք շատ լավ էին ապրում։ Սակայն նրանց ճանապարհից շեղեց սրիկաների մի խումբ, որը վերջերս է ընդունվել իմ նավը։ Այդ սրիկաները նավաստիներին համոզել են դառնալ ծովահեններ և ուրիշ նավեր հրկիզել ու կողոպտել։ Իմ ընկերները, որոնց դուք տեսնում եք այստեղ (մեկը իմ օգնականն է, մյուսը՝ ուղևոր), հազիվ համոզեցին այդ մարդկանց, որ մեզ չսպանեն, և նրանք, վերջապես, համաձայնեցին այն պայմանով, որ մեզ երեքիս իջեցնեն մի որևէ անմարդաբնակ ցամաք։ Եվ այդպես էլ արին։ Մենք հավատացած էինք, որ այստեղ մեզ սովամահություն է սպասում, որովհետև այս կղզին անմարդաբնակ էինք համարում։ Այնինչ, ահա, պարզվում է, որ այստեղ կան մարդիկ, որոնք պատրաստ են անձնվիրաբար փրկել մեզ մահից։

― Որտե՞ղ են այդ չարագործները, ― հարցրի ես։ ― Ու՞ր գնացին նրանք, ո՞ր կողմը։

― Նրանք պառկած են, ահա այն ծառերի տակ, սըր, ― պատասխանեց նավապետը՝ մատնացույց անելով մոտակա անտառը։ ― Սիրտս թփրտում է վախից, որ հիմա ձեզ կտեսնեն և կլսեն, թե ինչի մասին ենք խոսում։ Եվ եթե այդպես լինի, մենք կորած ենք․ նրանք կսպանեն մեզ բոլորիս, ոչ ոքի չեն խնայի։

― Հրացան ունե՞ն նրանք, ― հարցրի ես։

― Երկուսը միայն, այն էլ մեկը մակույկի մեջ է։

― Շատ լավ, ― ասացի ես։ ― Ամեն ինչ ինձ վրա եմ վերցնում։ Նրանք բոլորն էլ քնած են, և մեզ համար դժվար չէ գաղտագողի մոտենալ ու բոլորին ոչնչացնել։ Բայց ավելի լավ չի՞ լինի ողջ֊ողջ բռնենք, գուցե թե կզղջան, վերջ կտան ավազակությանը և ազնիվ մարդիկ կդառնան։

Նավապետն ասաց, որ նրանց մեջ կան երկու վտանգավոր չարագործ, որոնց հազիվ թե հարկ լինի խնայել։ Եթե այդ երկու մարդուց ազատվենք, մյուսները կզղջան և կվերադառնան իրենց նախկին աշխատանքին։

Ես նրան խնդրեցի ցույց տալ այդ երկու մարդուն։ Նա պատասխանեց, որ այսքան հեռու տեղից հազիվ թե կարողանա ճանաչել նրանց, բայց երբ առիթը եկավ, իհարկե, ցույց կտա։

― Ընդհանրապես ես և իմ ընկերները, ― ասաց նա, ― պատրաստ ենք ամեն բանում ենթարկվել ձեզ։ Մենք մեզ դնում ենք ձեր լիակատար տրամադրության տակ։ Ձեր ամեն մի հրամանը օրենք կլինի մեզ համար։

― Եթե այդպես է, ― ասացի ես, ― մի փոքր հեռու քաշվենք, որպեսզի նրանք մեզ չտեսնեն ու մեր խոսակցությունը չլսեն։ Թող նրանք իրենց համար քնեն, իսկ մենք որոշենք, թե ի՛նչ ենք անելու։

Երեքն էլ վեր կացան և հետևեցին ինձ։

Ես նրանց տարա անտառի թավուտը և այնտեղ նավապետին դիմելով ասացի․

― Ես կփորձեմ ձեզ փրկել ծովահեններից, սակայն մինչ այդ երկու պայման եմ դնում։

Նա չթողեց, որ խոսքս ավարտեմ։

― Ընդունում եմ ամեն տեսակ պայման, սըր, ― ասաց նա։ ― Եթե ձեզ հաջողվի խռովարարների ձեռքից խլել նավը, ապա ես ու իմ նավը կլինենք ձեր լիակատար տնօրինության տակ։ Իսկ եթե այդ մտադրությունը ձեզ չհաջողվի, կմնամ այստեղ ձեզ հետ միասին և մինչև կյանքիս վերջը կլինեմ ձեր ջանասեր օգնականը։

Նույնպիսի խոստում տվին նաև նրա ընկերները։

― Եթե այդպես է, ― ասացի ես, ― ահա իմ պայմանները։ Նախ՝ քանի դեռ ձեր նավը չեք վերադարձել, պիտի մոռանաք, որ դուք նավապետ եք և առանց առարկության պիտի ենթարկվեք իմ յուրաքանչյուր հրամանին։ Եվ եթե ձեզ զենք տամ, ոչ մի դեպքում այն չեք ուղղելու իմ ու իմ հպատակների դեմ և պետք է վերադարձնեք առաջին իսկ պահանջով։ Երկրորդ, եթե նավը ձեզ վերադարձվի, դուք պետք է առանց որևէ վարձատրության Անգլիա տանեք ինձ և իմ ընկերոջը։

Նավապեետն ամեն տեսակ երդումներով, ինչպիսիք կարող է հնարել մարդկային միտքը, երդվեց, որ իմ երկու պահանջն էլ սրբությամբ կկատարեն և՛ ինքը, և՛ իր ընկերները։

― Եվ ոչ միայն նրա համար, ― ավելացրեց նա, ― որ ես այդ պահանջները լիովին հիմնավոր եմ գտնում, այլև գլխավորապես նրա համար, որ ձեզ եմ պարտական իմ կյանքը և մինչև մահս երխտապարտ եմ ձեզ։

― Այդ դեպքում չդանդաղենք, ― ասացի ես։ ― Ահա ձեզ երեք մուշկետ, ահա վառոդ և գնդակներ։ Իսկ հիմա ասացեք, ձեր կարծիքով ի՞նչ պետք է անենք։

― Շնորհակալ եմ ձեազնից, որ դիմում եք իմ խորհրդին, ― ասաց նավապետը, ― բայց մի՞թե կարող եմ ձեզ խորհուրդ տալ։ Դուք մեր պետն եք։ Ձեր գործն է հրամայել, մերը՝ ենթարկվել։

― Ինձ թվում է, ― ասացի ես, ― մեզ համար ավելի հեշտ կլինի հաշիվ մաքրել նրանց հետ, եթե աննկատելիորեն մոտենանք, քանի դեռ նրանք քնած են, և միանգամից կրակենք մեր բոլոր հրացաններից։ Ում վիճակված է սպանվել, կսպանվի, իսկ եթե ողջ մնացածներն անձնատուր լինեն և ներողամտություն խնդրեն, նրանց թերևս կարելի կլինի ներել։

Նավապետը համեստությամբ առարկեց, ասելով, որ ինքը չէր ցանկանա այդքան արյուն թափել, և որ, եթե կարելի է, ինքը կգերադասեր չդիմել այդպիսի խստության։

― Այդ մարդկանցից միայն երկուսն են անուղղելի սրիկաներ, ― ավելացրեց նա, ― և հենց նրանք են խռովության նախաձեռնողներն իմ նավի վրա։ Եթե նրանք մեր ձեռքից փախչեն ու նավ վերադառնան, մենք կորած ենք, որովհետև այստեղ կգան մյուս բոլոր նավաստիների հետ և բոլորիս կկոտորեն։

― Նշանակում է, պետք է ընդունել իմ խորհուրդը, ― ասացի ես։ ― Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ մենք ակամայից պետք է անողոք լինենք․ դա մեր փրկության միակ միջոցն է։

Բայց երևում էր, որ նա բոլորովին չէր ուզում այդքան շատ մարդկանց արյուն թափել, թեև այդ մարդիկ նրան սովամահության էին դատապարտել։

Նկատելով այդ՝ ասացի, որ նա մյուս ընկերների հետ առաջ գնա և տնօրինի ինչպես ուզում է։

Մինչ մենք այս խոսակցությամբ էինք զբաղված, ծովահեններն սկսեցին արթնանալ։ Անտառից լսվեցին նրանց ձայները։ Ես տեսա, որ նրանցից երկուսն արդեն ոտքի վրա են, և նավապետին հարցրի, թե արդյոք դրանք չե՞ն խռովություն սկսողները։

― Ոչ, ― պատասխանեց նա։ ― Այդ մարդիկ մինչև վերջին րոպեն հավատարիմ էին իրենց պարտքին և խռովարարներին են միացել սպառնալիքների ազդեցության տակ։

― Ուրեմն թող իրենց համար հեռանան, ― ասացի ես, ― չենք խանգարի նրանց։ Երևում է, ինքը՝ բախտն է հոգացել, որ անմեղները փրկվեն գնդակներից։ Բայց ինքներդ ձեզ վրա զայրացեք, եթե մյուսներին հնարավորություն տաք դուրս պրծնելու։ Նրանք կբռնեն ձեզ, և փրկության հույսը իսպառ կկորչի։

Այս խոսքերը նավապետի մեջ վճռականություն արթնացրին։ Ե՛վ նա, և՛ իր ընկերները հրացանները վերցրին, ատրճանակները գոտիները խրեցին և առաջ նետվեցին։

Ավազակներից մեկը ոտքերի աղմուկի վրա հետ նայեց և իրենց գերիների ձեռքին զենք տեսնելով՝ տագնապ բարձրացրեց։

Սակայն արդեն ուշ էր․ նրա գոռալուն պես որոտացին երկու կրակոց։ Կրակողները չվրիպեցին․ ավազակներից մեկն իսկույն սպանվեց, մյուսը ծանր վիրավորվեց։ Բայց նա նորից ոտքի թռավ և սկսեց օգնություն կանչել։ Սակայն այդ րոպեին նրան մոտեցավ նավապետը։

― Ուշ է, ― ասաց նա։ ― Այժմ արդեն քեզ ոչ ոք չի փրկի։ Ահա քեզ քո դավաճանության վարձատրությունը։

Այս ասելով, նա մուշկետը բարձրացրեց և կոթով այնպես խփեց ավազակի գլխին, որ նա լռեց հավիտյան։

Այժմ, չհաշված այն երեքը, որոնք, հավանորեն, գնացել էին անտառի մյուս մասը, մեզ մնում էր միայն երեք հակառակորդ, որոնցից մեկը թեթև վիրավորված էր։ Այդ ժամանակ մոտեցանք նաև ես և Ուրբաթը։ Թշնամիները տեսան, որ իրենց փրկություն չկա, սկսեցին գթություն աղերսել։ Նավապետը պատասխանեց, որ ինքը պատրաստ է նրանց կյանը խնայելու, եթե գործով կապացուցեն, որ զղջում են իրենց ուխտադրժությունը և կերդվեն, որ կօգնեն տիրելու նավին։ Նրանք ծունկ չոքեցին նավապետի առաջ և սկսեցին ջերմորեն հավատացնել նրան, որ անկեղծորեն զղջում են։

Նավապետը հավատաց նրանց երդումներին և հայտարարեց, որ սիրով նրանց խնայում է։ Ես չառարկեցի դրան, բայց պահանջեցի, որ գերիների ձեռքերը և ոտքերը կապկպեն։

Հենց որ բանակցությունները վերջացան, ես Ուրբաթին և նավապետի օգնականին հրամայեցի վազել բարկասի մոտ և այնտեղից վերցնել առագաստն ու թիերը։

Շուտով վերադարձան նաև այն երեք նավաստին, որոնք թափառում էին կղզում։ Նրանք հեռու էին գնացել և մեր կրակոցների ձայնը լսելով՝ վազելով հետ եկան։

Երբ տեսան, որ նավապետը գերի վիճակից հաղթողի դրության մեջ է ընկել, նույնիսկ չփորձեցին դիմադրել, այլ լուռումունջ անձնատուր եղան, թույլ տվին իրենց կապկպել։

Այսպիսով հաղթությունը մնաց մեզ։

Comments