1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 24

Քսանչորսերորդ գլուխ - Կղզու նոր բնակիչները։ Անգլիացիների գալուստը

Հենց որ բնակարան պատրաստեցինք գերությունից նոր ազատված մեր հիվանդ հյուրերի համար, նրանց տարա իրենց նոր տան ծածկի տակ, որտեղ նրանք կարող էին հանգստանալ ու վերականգնել իրենց ուժերը, հարկավոր եղավ ուտելիք պատրաստել նրանց համար։ Ուրբաթն իմ ցուցումներով ճաշ պատրաստեց։ Նա գարիով ու բրնձով արգանակ եփեց, որը հիանալի սննդարար բան դուրս եկավ։ Ճաշը պատրաստվեց արտաքին պարսպից դուրս, որովհետև ամրոցի ներսում երբեք կրակ չէի վառում։

Նոր վրանում սեղան բաց արինք և չորսով ճաշի նստեցինք։

Այդ սեղանը ես էի ղեկավարում և զրույցով զբաղեցնում մեր հյուրերին։ Ուրբաթը թարգմանի դեր էր կատարում ոչ միայն այն ժամանակ, երբ խոաում էի իր հոր, այլև՝ երբ խոսում էի իսպանացու հետ, որովհետև վերջինս արդեն բավական լավ խոսում էր վայրենիների լեզվով։

Երբ մենք ճաշեցինք, ավելի ճիշտ՝ ընթրեցինք, Ուրբաթին պատվիրեցի մակույկներից մեկը վերցնել և գնալ բերել մեր հրացանները, որ թողել էինք կռվի վայրում։ Մյուս օրը Ուրբաթին ուղարկեցի սպանվածների դիակները թաղելու, ինչպես նաև ոչնչացնելու արյունոտ խնջույքի մնացորդները։ Ես չէի կարող առանց սարսուռի մտածել, թե ինքս կկարողանամ թաղել այդ դիակները։

Ուրբաթը ճշտությամբ կատարեց իմ բոլոր հրամանները։ Նա վայրենիների բոլոր հետքերն այնպես խնամքով էր ծածկել, որ միանգամից այդ տեղը չկարողացա ճանաչել։ Միայն առափնյա անտառի ծառերից գլխի ընկա, որ մարդակերները կերուխում են արել հենց այստեղ։

Մի քանի օրից հետո, երբ իմ նոր բարեկամները հանգստացել էին և իրենց կրած փորձություններից հետո մի փոքր ուշքի եկել, սկսեցի Ուրբաթի օգնությամբ զրուցել նրանց հետ։

Ամենից առաջ Ուրբաթի հորը հարցրի, թե նա չի՞ վախենում արդյոք, որ փախած մարդակերները կարող են կղզի վերադառնալ ուրիշ վայրենիների մի ամբողջ հրոսակախմբով, որը դաժան դատաստան կտեսնի մեզ հետ։

Ծերունին պատասխանեց, որ իր կարծիքով փախած վայրենինեը ոչ մի կերպ իրենց ափերին հասնել չեն կարող այնպիսի ուժեղ փոթորկի պահին, ինչպիսին տեղի ունեցավ այն գիշերը, որ հավանորեն նրանց մակույկը շուռ եկած կլինի և նրանք բոլորն էլ՝ խեղված։

― Իսկ եթե նույնիսկ ողջ մնացած լինեն, ― ասաց նա, ― փոթորիկը նրանց քշած կլինի թշնամի ցեղերի ափերը, որտեղ նրանց անպայման կուտեն։

Ապա մի փոքր լռելուց հետո ծերունին ավելացրեց․

― Բայց եթե նույնիսկ հաջողությամբ հասած լինեն տուն, դարձյալ սիրտ չեն անի վերադառնալ։ Ձեր անակնկալ հարձակումից, կրակոցների որոտից նրանք այնքան էին վախեցել, որ հավանորեն իրենց ցեղակիցներին կպատմեն, թե իրենց ընկերները զոհվեցին կայծակի ու շանթի հարվածից։ Իսկ ձեզ երկուսիդ՝ քեզ և Ուրբաթին նրանք կդնեն ցասումով լցված ոգիների, դևերի տեղ, որոնք երկիր են իջել իրենց պատժելու համար։ Ինքս լսեցի, թե ինչպես նրանք այդ էին ասում միմյանց։ Նրանք չեն կարող պատկերացնել, թե հասարակ մահկանացուն կարող է հուր ժայթքել, խոսել որոտներով և հեռու տարածությունից մարդ սպանել նույնիսկ առանց ձեռքը բարձրացնելու։

Եվ ծերունին իրավացի էր։ Հետագայում իմացա, որ նույնիսկ երկար տարիներ հետո ոչ մի վայրենի չի համարձակվել երևալ իմ կղզում։ Երևի այն փախստականները, որոնց մենք զոհված էինք համարում, համենայն դեպս վերադարձել են հայրենիք և իրենց զարհուրելի պատմություններով վախեցրել մյուս վայրենիներին։ Հնարավոր է նաև, որ նրանց ցեղի մեջ հավատ է ստեղծվել, թե ով ոտք դնի այդ կախարդական կղզու ափերին, աստվածները նրան կոչնչացնեն հրով։

Չկանխատեսելով այդ՝ մշտական անհանգիստ վիճակում էի, սպասելով վայրենիների վրեժխնդրությանը։ Ի դեպ, և՛ ես, և՛ իմ փոքրիկ բանակը միշտ պատրաստ էինք կռվի բռնվելու։ Չէ՞ որ մենք հիմա չորս հոգի էինք, և եթե նույնիսկ մի հարյուր թշնամի երևար մեզ մոտ, չէինք վախենա և ուզած ժամանակ կռվի մեջ կմտնեինք նրանց հետ։

Բայց չէ՞ որ նրանք կարող էին լինել երկու հարյուր, երեք հարյուր, և այն ժամանակ կհաղթեին մեզ։

Սակայն օրերն անցնում էին, իսկ վայրենիների մակույկները չէին երևում։ Դրա հետ միասին ավելի ու ավելի հաճախ էի վերադառնում դեպի մայր ցամաք ճանապարհորդելու իմ վաղուցվա բաղձանքին։ Ուրբաթի հայրը ինձ հավատացնում էր, որ լիովին կարող եմ հույս ունենալ իր հայրենակիցների սրտագին ընդունելությանը, որովհետև փրկել եմ և՛ իր որդուն, և՛ իր կյանքը։

Սակայն իսպանացու հետ ունեցած մի լուրջ զրույցից հետո սկսեցի կասկածել, թե արդյոք միտք ունի՞ իրականացնել իմ ծրագիրը։

Իապանացին ինձ ասաց, որ թեև վայրենիներն, իրոք, իրենց մոտ ապաստան են տվել տասնյոթ իսպանացիների ու պորտուգալացիների, որոնց նավը խորտակվել էր նրանց ափերի մոտ, բայց և այնպես այդ եվրոպացիներն այժմ ծայրահեղ կարիքի մեջ են և երբեմն նույնիսկ քաղցած են մնում։ Վայրենիները նրանց չեն նեղում, լիակատար ազատություն են տալիս, բայց հենց իրենք էլ այնքան աղքատիկ կյանք են վարում, որ երբեմն նորեկներին կերակրել չեն կարողանում։

Ես իսպանացուն հարցրի նրանց վերջին նավարկության մանրամասնությունների մասին, և նա պատմեց, որ իրենց նավը Ռեո֊դե֊լա֊Պլատայից գնալիս է եղել Հավանա, ուր պետք է տաներ արծաթ ու մորթեղեն և այնտեղից պետք է վերցներ եվրոպական ապրանքներ, որոնցից այնտեղ առատորեն կան։

Հավանայի ճանապարհին նրանք մի ուրիշ խորտակված նավից վերցրել են հինգ պորտուգալացի նավաստի։ Փոթորկի ժամանակ իրենց նավի անձնակազմից հինգ հոգի խեղդվել են, իսկ մյուսները բազմօրյա տանջանքներից ու սարսափներից հետո վերջապես քաղցից ու ծարավից հյուծված հասել են մարդակերների երկիրը։ Ափ իջնելով այդ երկրում՝ նրանք սոսկալի հուսահատություն էին ապրում, որովհետև րոպե առ րոպե սպասում էին, որ մարդակերները կուտեն իրենց։ Նրանք հրազեն ունեին, սակայն վառոդ ու գնդակ չկար․ իրենց հետ վերցրած համարյա ամբոջ վառոդը թրջվել էր ճանապարհին, իսկ մնացածն էլ վաղուց էին ծախսել, որովհետև սկզբնական շրջանում իրենց համար ուտելիք էին ճարում միայն որսի միջոցով։

Ես իսպանացուն հարցրի, թե նրա կարծիքով ի՛նչ վիճակ է սպասում նրա ընկերներին վայրենիների երկրում, և արդյոք նրանք երբևիցե փորձե՞լ են դուրս գալ այնտեղից։ Նա պատասխանեց, որ իրենք շատ անգամ են խորհրդակցել դրա մասին, բայց այդ բոլոր խորհրդակցություններն էլ վերջացել են արցունքներով ու գանգատներով։

― Ախր մենք, ― ավելացրեց նա, ― ոչ նավ ունեինք, որով կարելի լիներ բաց ծով դուրս գալ, ոչ գործիքներ ունեինք այդպիսի նավ պատրաստելու համար, և ոչ էլ ուտելիքի պաշար։

Այն ժամանակ ասացի․

― Ես ձեզ հետ պարզ կխոսեմ։ Ի՞նչ եք կարծում, կհամաձայնե՞ն ձեր ընկերները, եթե նրանց առաջարկեմ փոխադրվել այստեղ, իմ կղզին։ Ինձ թվում է, որ մենք բոլորս միասին մի միջոց կգտնենք որևէ եվրոպական երկիր հասնելու, իսկ այդտեղից էլ՝ մեր հայրենիքը։ Մի բան միայն վախեցնում է ինձ․ հրավիրելով այստեղ՝ ինձ հանձնում եմ նրանց ձեռքը։ Ի՞նչ կլինի, եթե իմ հյուրասիրությունը նրանք դավաճանությամբ պատասխանեն։ Ճիշտն ասած՝ շնորհակալությունը հատուկ չէ որոշ մարդկանց։ Իսկ դա ընդունեցեք, որ շատ ցավալի բան կլիներ, մարդկանց փորձանքից ազատել միայն նրա համար, որ գերի ընկնես նոր Իսպանիայում, որտեղ ոչ մի անգլիացի դեռ իր գլուխը չէր կարողացել ազատել։ Ավելի լավ է վայրենիներին կեր դառնալ, քան թե ընկնել տերտերների անողոք ճիրանները կամ խարույկի վրա այրվել ինկվիզիտորների ձեռքով։ Եթե ձեր ընկերները գան այստեղ, ― շարունակեցի ես, ― համոզված եմ, որ այդքան մարդկանցով մենք կկարողանանք կառուցել մի խոշոր նավ, որով կգնանք դեպի հարավ ու կհասնենք Բրազիլիա, կամ դեպի հյուսիս և կհասնենք իսպանական տիրապետությունները։ Սակայն հասկանալի է, եթե զենք տամ նրանց ձեռքը, իսկ նրանք շնորհակալության փոխարեն այդ զենքն ուղղեն իմ դեմ, եթե օգտվելով իրենց ուժեղությունից խլեն իմ ազատությունը, ապա դրանով ինձ կստիպեն շատ ափսոսալ, որ այնքան լավություն եմ արել իրենց։

Իսպանացին ինձ պատասխանեց լիակատար անկեղծությամբ․

― Իմ ընկերներն այնպիսի ծանր նեղություններ են կրում և այնպես պարզ են պատկերացնում իրենց դրության անելանելիությունը, որ մտքով անգամ չի կարող անցնել թե նրանք վատ կվարվեն այն մարդու հետ, որ նրանց կօգնի ազատվելու գերությունից։ Եթե ուզում եք, ― շարունակեց նա, ― այս ծերունու հետ կգնամ նրանց մոտ, կհաղորդեմ ձեր առաջարկությունը և պատասխան կբերեմ։ Եթե նրանք ձեր պայմաններին համաձայնեն, նրանցից հանդիսավոր երդում կվերցնեմ, որ ձեզ հետ կգան այն երկիրը, ուր դուք կցանկանաք, և մինչև տուն վերադառնալն անտրտունջ կհնազանդվեն ձեզ որպես իրենց առաջնորդի ու պետի։ Դուք կհրամայեք, իսկ մենք կենթարկվենք։ Եթե ցանկանում եք, մենք գրավոր պայմանագիր կկազմենք, բոլորս էլ կստորագրենք և կբերեմ ձեզ։

Ապա նա ասաց, որ ինքը պատրաստ է անհապաղ երդվելու, որ ինձ հավատարիմ կլինի։

― Երդվում եմ, որ ես մինչև մահս կծառայեմ ձեզ, ― այսպես ավարտեց նա իր ջերմ ճառը։ ― Դուք փրկեցիք իմ կյանքը, և ես ձեզ եմ տալիս այն։ Ուշի ուշով կհետևեմ, որ իմ հայրենակիցները չխախտեն ձեզ տված երդումը և միշտ կպայքարեմ ձեզ համար։

Այսպիսի անկեղծ խոսքերից հետո, իմ բոլոր կասկածները չքացան, և որոշեցի այդ մարդկանց փրկելու փորձ անել։ Իսպանացուն ասացի, որ իրեն ու ծերունուն կուղարկեմ նրանց մոտ։

Բայց երբ ամեն ինչ պատրաստ էր նրանց մեկնելու համար, իսպանացին ասաց, որ ավելի լավ է մեր մտադրությունը հետաձգել մի քանի ամսով, կամ գուցե մեկ տարով։

― Նախքան հյուրերին բերելը, ― ասաց նա, ― հարկավոր է հոգալ նրանց սննդի մասին։

Նա միանգամայն իրավացի էր։ Մեր պաշարը քիչ էր։ Չորսիս հազիվ կբավականացներ, իսկ եթե հյուրերն էլ գային, մի շաբաթում ամբողջ պաշարը կսպառվեր, և մենք սովի կմատնվեինք։

― Դրա համար էլ, ― ասաց իսպանացին, ― խնդրում եմ թույլ տաք նոր հողամասեր վարել։ Հանձնարարեցեք մեզ՝ երեքիս, մենք իսկույն գործի կանցնենք և կցանենք այն ամբողջ հացահատիկը, որ դուք կարող եք հատկացնել ցանքին։ Հետո կսպասենք բերքին, հացը կհավաքենք, և եթե պարզվեց, որ նորեկներին կերակրելու համար բավական է, այն ժամանակ ես և Ուրբաթի հայրը կգնանք նրանց բերելու։ Իսկ եթե նրանք հենց հիմա գան այս կղզին, ծանր կարիքի մեջ կընկնենք, իսկ այդ ամենևին ցանկալի չէ, որովհետև կարիքը կարող է պառակտումներ և փոխադարձ ատելություն ծնեցնել նրանց մեջ։

Այդ մարդու խելացի հեռատեսությունն ինձ դուր եկավ։ Հասկացա, որ նա իրոք հոգում է իմ բարօրության մասին և ամբողջ սրտով նվիրված է ինձ։

Մենք անմիջապես չորսով սկսեցինք նոր հողեր վարել։ Եռանդով փխրեցնում էինք հողը(որքան այդ հնարավոր էր փայտե գործիքներով), և մի ամսից հետո, երբ ցանքի ժամանակը եկավ, մենք արդեն խնամքով հերկած մի մեծ հողամաս ունեինք, որտեղ ցանեցինք քսաներկու բուշել գարի ու բրինձ, այսինքն այն ամենը, ինչ կարող էի հատկացնել ցանքին։

Այժմ, երբ մենք չորս հոգի էինք, վայրենինեը մեզ համար կարող էին երկյուղալի լինել միայն այն դեպքում, եթե գային շատ մեծ թվով։ Վայրենիներից մենք չէինք վախենում և ազատորեն շրջում էինք ամբողջ կղզում։ Եվ քանի որ բոլորս էլ միայն մտածում էինք այստեղից շուտ հեռանալու մասին, ապա մեզանից յուրաքանչյուրը սիրով աշխատում էր այդ հույսի իրականացման համար։ Կղզում շրջելու ժամանակ հարմար ծառեր էի ընտրում նավ կառուցելու համար, Ուրբաթը հոր հետ կտրում էր այդ ծառերը, իսկ իսպանացուն հանձնարարում էի ղեկավարել նրանց աշխատանքը։

Ես նրանց ցույց տվի, թե ինչպիսի աներևակայելի դժվարություններով եմ տաշել յուրաքանչյուր տախտակը մի ամբողջական ծառի բնից, և մենք բոլորս միասին սկսեցինք տախտակների պաշար պատրաստել։ Տաշեցինք մոտ մի դյուժին տախտակ։ Դրանք ամուր կաղնի տախտակներ էին երեսունհինգ ոտնաչափ երկարությամբ, երկու ոտնաչափ լայնությամբ և երկուսից չորս մատնաչափ հաստությամբ։ Հասկանալի է, թե ինչպիսի աներևակայելի աշխատանք էինք թափում այդ գործի վրա։

Միաժամանակ աշխատում էի հնարավորին չափ մեծացնել իմ այծերի փոքրիկ հոտը։ Դրա համար մեզանից երկուսն ամեն օր գնում էին վայրի այծեր որսալու, այնպես որ շուտով հոտն ավելացավ մինչև քսան գլուխ։

Այնուհետև մենք մի կարևոր գործ էլ ունեինք․ հարկավոր էր հոգալ չամիչ պատրաստելու մասին, որովհետև խաղողն սկսում էր հասնել։ Մենք մեծ քանակությամբ խաղող հավաքեցինք և չորացրինք։ Չամիչը հացին հավասար հիմնական սնունդ էր։ Բոլորս էլ շատ էինք սիրում չամիչ։ Իսկապես, դրանից ավելի համեղ ու սննդարար ուտելիք չգիտեմ։

Հնձի ժամանակը հասավ։ Բրնձի ու գարու բերքը վատ չէր, ասեք, շատ առատ չէր, բայց այնքան կար, որ հիմա արդեն կարող էինք կերակրել թեկուզ հիսուն մարդու։ Մեկին տասը բերք ստացանք։ Այդ քանակությունը մեզ լիովին պետք է բավականացներ ոչ միայն մինչև եկող տարվա բերքը մեր համայնքը կերակրրելու համար, այլև ուտելիքի այդպիսի պաշարով մենք համարձակորեն կարող էինք ճանապարհ ընկնել և հասնել Հարավային Ամերիկայի ափերը։

Բայց որտե՞ղ պետք է լցնեինք ամբողջ բրինձն ու գարին։ Դրա համար հարկավոր էին խոշոր կողովներ, և մենք սկսեցինք կողովներ հյուսել, ըստ որում, պարզվեց, որ իսպանացին այդ գործի հմուտ վարպետ է։

Այժմ, երբ արդեն սպասվող հյուրերին կերակրելու համար բավականաչափ միս ու հաց ունեի, իսպանացուն թույլ տվի մակույկը վերցնել և գնալ նրանց բերելու։ Նրան խիստ պատվիրեցի չբերել ոչ մի մարդ, առանց նախապես երդումով խոստում անելու, որ ոչ միայն ինձ ոչ մի չարիք չի անի, զենքը ձեռքին ինձ վրա չի հարձակվի, այլև, ընդհակառակն, կպաշտպանի ինձ բոլոր թշնամիներից։ Այդ երդումը նրանք պետք է գրի առնեն թղթի վրա, և յուրաքանչյուրը պետք է ստորագրի։

Բայց ես մոռացել էի, որ խորտակված նավից ազատված իսպանացիները ոչ թանաք ունեն, ոչ գրիչ, ոչ թուղթ։

Այս պատվերներն ստանալով իսպանացին և ծերունի վայրենին ճանապարհ ընկան այն նույն մակույկով, որով իրենց բերել էին իմ կղզին։

Ինչպիսի՜ ուրախություն էր ինձ համար պատրաստել նրանց այդ ճանապարհորդութունը։ Չէ՞ որ այդ կղզում բանտարկվելուս քսանյոթ տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ կարող էի հուսալ, թե ազատություն ձեռք կբերեմ։ Այդ մարդկանց հացի ու չամիչի առատ պաշար տվեցի, որպեսզի բավականացնի և՛ իրենց, և՛ մեր ապագա հյուրերին։

Վերջապես նրանց մակույկ նստեցրի և բարի ճանապարհ մաղթեցի։ Հրաժեշտ տալիս նրանց հետ պայմանավորվեցի, որ երբ իրենց մակույկով իսպանացիներին բերելուս կլինեն, դեռ բաց ծովում թող դրոշակ բարձրացնեն, որպեսզի հեռվից ճանաչեմ իրենց մակույկը։

Նրանք հոկտեմբեր ամսին ճանապարհ ընկան մի այնպիսի լիալուսին գիշեր, երբ զով քամի էր փչում։ Դժբախտաբար օրն ավելի ճշգրիտ նշել չեմ կարող, որովհետռ օրերի ու շաբաթների հաշիվը մի անգամ կորցրած լինելով՝ այլևս վերականգնել չկարողացա։

Մեր ուղևորների մեկնելուց հետո բավական ժամանակ անցավ։ Ես օրըստօրե սպասում էի նրանց։ Ինձ թվում էր, որ ուշանում են, որ արդեն ութ օր առաջ պետք է վերադարձաց լինեին կղզին։ Հանկարծ տեղի ունեցավ մի չտեսնված դեպք, որպիսին երբեք չէր եղել իմ կղզում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում։

Մի օր վաղ լուսաբացին, երբ դեռ խոր քնած էի տանը, Ուրբաթը ներս վազեց բարձր գոռալով․

― Գալի՜ս են, գալի՜ս են։

Ես վեր թռա, իսկույն հագնվեցի, ցանկապատի վրայով իջա և ամեն մի վտանգ մոռացած՝ վազեցի դեպի պուրակ (որը, ի դեպ ասած, այդ ժամանակ այնպես էր աճել, որ ավելի շուտ անտառ կարելի էր անվանել)։ Վտանգի մասին այնպես էի մոռացել, որ սովորությանս հակառակ ոչ մի զենք չէի վերցրել հետս։ Լիովին հավատացած էի, որ իսպանացին է վերադառնում իր ընկերների հետ։

Բայց որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ ծովում, ափից մի հինգ մղոն հեռավորության վրա, տեսա եռանկյունի առագաստով մի անծանոթ մակույկ։ Այդ մակույկը գալիս էր ուղիղ դեպի իմ կղզին և համընթաց քամուց մղվելով՝ մոտենում էր արագորեն։ Նա գալիս էր ոչ թե մայր ցամաքի կողմից, այլ կղզու հարավային ծայրից։

Մի խոսքով դա բոլորովին այն մակույկը չէր, որին այնքան երկար սպասում էի։

Համենայն դեպս հարկավոր էր պատրաստվել պաշտպանության։

Ուրբաթին հրամայեցի պուրակում թաքնվել և ուշադիր հսկել մակույկում գտնվող մարդկանց, որովհետև մեզ հայտնի չէ՛ թշնամինե՞ր են դրանք, թե՝ բարեկամներ։ Հետո վերադարձա տուն, վերցրի դիտափողս և սանդուղքի օգնությամբ բարձացա լեռան գագաթը, որպեսզի առանց նկատվելու դիտեմ ամբողջ շրջակայքը․ այդպես էի անում միշտ, երբ թշնամիների հարձակաման երկյուղ էի կրում։

Հենց նոր էի լեռը բարձրացել, մեկ էլ հանկարծ մի նավ տեսա։ Նա խարիսխ գցած կանգնած էր կղզու հարավ֊արևելյան կողմը, իմ բնակարանից ութ մղոն հեռավորության վրա։ Ափից մինչև նավը հինգ մղոնից ավելի չէր լինի։ Նավը, անտարակույս, անգլիական էր։ Մոտեցող մակույկը ևս, ինչպես արդեն կարողացա համոզվել, անգլիական բարկաս էր։

Դժվար է արտահայտել, թե ինչպիսի բազմապիսի զգացմունքներ հարուցեց իմ մեջ այդ հայտնությունը։

Աննկարագրելի էր իմ ուրախությունը, երբ նավ տեսա, այն էլ անգլիական նավ, երբ արդեն հույս չունեի, թե շուտով կհանդիպեմ իմ հայրենակիցներին (ուրեմն և բարեկամ մարդկանց)։

Բայց միաժամանակ մի գաղտնի անհանգստություն, որ ես ոչ մի կերպ բացատրել չէի կարողանում, ինձ ստիպում էր զգույշ լինել։

Ամենից առաջ ինքս ինձ հարց տվի, թե անգլիական առևտրական նավն ինչու՞ է եկել այս կողմերը, որոնք, որքան ինձ հայտնի էր, հեռու էին անգլիացիների առևտրական ճանապարհներից։ Ես գիտեի, որ չի կարող փոթորիկը քշած լինել այստեղ, քանի որ վերջին ժամանակներս փոթորիկ չէր եղել։ Եթե նույնիսկ նավի վրա իսկապես անգլիացիներ լինեն, ես չպետք է միառժամանակ երևամ նրանց աչքին, որովհետև շատ հավանական էր, որ նրանք բարի նպատակով չեն եկել։ Ավելի լավ է մնամ կղզում, քան վստահեմ կասկածելի մարդկանց և գողերի ու մարդասպանների ձեռք ընկնեմ։

Լեռան վրա կանգնած շարունակում էի դիտել կղզուն մոտեցող նավակը։

Հանկարծ այդ մակույկը կտրուկ թեքվելով ափի երկարությամբ գնաց դեպի այն ծովախորշը, որտեղ մի ժամանակ իմ լաստերն էի կանգնեցնում։ Հավանորեն մակույկում նստած մարդիկ նկատել էին, թե որտեղ ավելի հարմար է կանգ առնել։ Նրանք ծովախորշը չտեսան, այլ կանգ առան մի ուրիշ տեղ, նրանից կես մղոն հեռավորության վրա։

Ուրախ էի, որ նրանք հենց այդտեղ ափ իջան, որովհետև, եթե մտնեին ծովախորշը, կհասնեին, ինչպես ասում են, իմ տան շեմին և, ով գիտե, գուցե դուրս կանեին ինձ իմ ամրոցից և կկողոպտեին եզած֊չողածը։

Մարդիկ ափ իջան, և ես կարողացա համոզվել, որ իրոք դրանք, համենայն դեպս դրանց մեծամասնությունն անգլիացիներ են։

Ճիշտ է, մեկ֊երկուսին հոլանդացու տեղ դրի, սակայն, ինչպես հետո պարզվեց, սխալվել էի։ Ընդամենը տասնմեկ մարդ էին։

Նրանցից երեքը, ըստ երևույթին, այստեղ էին բերվել որպես գերիներ, որովհետև նրանց ձեռքին ոչ մի զենք չտեսա և ինձ թվաց, որ նրանց ոտքերը կապկպած են։ Տեսա, թե ինչպես հինգ մարդ, որոնք առաջինը դուրս ցատկեցին մակույկից, դուրս բերին նաև այն երեքին։

Գերիներից մեկը, ըստ երևույթին, ինչ֊որ բան էր խնդրում․ նրա ձեռքերի շարժումներն արտահայտում էին և՛ աղերսանք, և՛ հուսահատություն։

Երևում էր, որ նա բոլորովին կորցրել էր գլուխը։ Մյուս երկուսը նույնպես ինչ֊որ բան էին աղերսում և նույնպես ձեռքերը վեր էին բարձրացնում, բայց ընդհանրապես կարծես ավելի հանգիստ էին և այնքան բուռն կերպով չէին արտահայտում իրենց վիշտը։

Ես նայում էի նրանց և ոչինչ չէի հասկանում։ Հանկարծ Ուրբաթը իր կոտրտված անգլերենով գոչեց․

― Օ՜, Ռոբին Կրուզո, տես սպիտակ մարդերն էլ մարդեր ուտեն, ինչպես վայրենիները։

― Խելագարվե՞լ ես, Ուրբաթ, ― ասացի ես։ ― Մի՞թե դու կարծում ես, թե ուտելու են նրանց։

― Իհարկե ուտելու են, ― պատասխանեց նա։

― Ոչ, ոչ, Ուրբաթ, սխալվում ես, ― շարունակեցի ես։ ― Վախենում եմ, որ կսպանեն նրանց, բայց ուտելը՝ կարող ես համոզված լինել, որ չեն ուտի։

Ես դեռևս չէի հասկանում, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց ամբողջ մարմնով դողում էի այն սոսկալի մտքից, որ ահա, իմ աչքի առաջ արյունոտ ոճիր է կատարվելու։

Ինձ նույնիսկ թվաց, թե ավազակներից մեկը իր զոհի գլխին բարձրացրեց մի զենք, որ կարծես թուր լիներ կամ սուսեր։ Սրյունը կանգ առավ երակներիս մեջ։ Ես համոզված էի, թե հիմա դժբախտը գետին կտապալվի։ Այդ րոպեին որքա՜ն էի ափսոսում, որ իսպանացին ու ծերունի վայրենին մեզ հետ չեն։

Ես նկատեցի, որ ավազակներից ոչ մեկի մոտ զենք չկար։

«Լավ կլիներ, ― մտածեցի ես, ― հիմա գաղտագողի մոտենանք նրանց, դեմառդեմ կրակ բաց անենք և ազատենք գերիներին»։

Սակայն հանգամանքներն ուրիշ ընթացք ստացան։

Ավազակներն, ըստ երևույթին, մտադիր չէին սպանելու իրենց գերիներին։ Նրանց ահ տալուց և ծաղրի ենթարկելուց հետո չարագործները ցրվեցին կղզում, երևի ցանկանալով իմանալ, թե ինչ տեղ են ընկել։

Գերիներին թողին իրենց երկու ընկերների հսկողության տակ։ Բայց, ըստ երևույթին, նրանք հարբած էին․ հենց որ մյուսները գնացին, մտան մակույկ և իսկույն քնեցին։

Այսպիսով գերիները մնացին մենակ։ Սակայն առիթից օգտվելու փոխարեն նրանք նստել էին ավազի վրա և անելանելի հուսահատության մեջ շուրջն էին նայում։

Այդ ինձ հիշեցրեց կղզին ընկնելու իմ առաջին օրը։ Ճիշտ այդպես ես նստել էի ափին և ահը սրտումս շուրջս էի նայում։ Ես էլ ինձ կորած էի համարում։ Այն ժամանակ ես վախենում էի, որ ինձ կհոշոտեն գիշատիչ գազանները, բարձրացա ծառը և այնտեղ գիշերեցի։ Չկային այնպիսի սարսափներ, որոնք չպաշարեին ինձ սկսզբնական շրջանում։ Այնինչ որքա՜ն խաղաղ ապրեցի այսքան տարիների ընթացքում։ Բայց այն ժամանակ այսպիսի բան ես նախատեսել չէի կարող։

Ահա ճիշտ այդպես էլ այդ երեք դժբախտները հուսահատության մեջ էին ընկել, չիմանալով, որ փրկությունը մոտիկ է։

Comments