Chapter 22
Քսաներկուերորդ գլուխ - Ռոբինզոնը և Ուրբաթը մի նավակ են շինում։ Կռիվ վայրենիների հետ
Անցավ էլի մի քանի ամիս։
Այդ ժամանակ արդեն Ուրբաթը սովորել էր հասկանալ ամեն բան, ինչ որ նրան ասում էի։ Նա ինքն էլ անգլերեն բացատրում էր իր մտքերը, թեև անկանոն լեզվով։ Քիչ֊քիչ նրան պատմեցի իմ ամբողջ կյանքը։ Պատմեցի, թե ինչպես եմ ընկել այս կղզին, քանի տարի եմ ապրել այստեղ և ինչպես եմ անցկացրել այդ տարիները։
Դրանից ավելի առաջ Ուրբաթին հասկացրել էի հրացան կրակելու գաղտնիքը (որովհետև այդ նրա համար իրոք գաղտնիք էր)․ ցույց էի տվել փամփուշտը, բացատրել էի վառոդի ներգործությունը և սովորեցրել էի կրակել։ Իմ հրացաններից մեկը դրել էի նրա լիակատար տրամադրության տակ։ Նվիրել էի նրան մի դանակ և այդ նվերով բառացիորեն երջանկացրել էի նրան։ Նրա համար սուսերակալ պատրաստեցի, մոտավորապես այնպիսին, որով մեզ մոտ՝ Անգլիայում կրում են սուսերը։ Միայն թե սուսերի փոխարեն նրան տվի մի կացին, որը, ճիշտն ասած, նույնպիսի լավ զենք էր և, բացի դրանից, կարող էր պետք գալ ամեն տեսակ տնտեսական կարիքների համար։
Ուրբաթին շատ բան պատմեցի եվրոպական երկրների մասին, մանավանդ իմ հայրենիքի մասին։ Պատմեցի, թե ինչպես ենք մենք առևտուր անում աշխարհի բոլոր մասերում և ինչպես ենք նավարկում խոշոր նավերով։ Բացատրեցի խոշոր առագաստանավի կառուցվածքը և պատմեցի, թե ես ինչպես գնացի խորտակված նավը, հեռվից ցույց տվի այն տեղը, որտեղ նավը խրվել էր երկու ստորջրյա ժայռերի մեջ։ Իհարկե, միայն մոտավորապես կարող էի ցույց տալ, որովհետև նավը վաղուց էր փշուր֊փշուր եղել, և նրա բեկորները ցրվել էին ծովում։ Նրան ցույց տվի նաև այն կիսափտած նավակը, որով մենք ուզում էինք փրկվել, երբ փոթորիկը մեզ քշեց դեպի կղզու ափը։
Այդ նավակը տեսնելով՝ Ուրբաթը մտքի մեջ ընկավ և երկար ժամանակ լուռ մնաց։ Ես նրան հարցրի, թե ինչի՞ մասին է մտածում, և նա քիչ հետո պատասխանեց․
― Ես տեսել ես այսպիսի նավակ, ինչպես սա։ Նա կա այնտեղ, որտեղ իմ ժողովուրդ ապրի։
Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է ասում նա․ արդյոք ուզում էր ասել, որ իրենց կողմերում վայրենիներն այդպիսի նավակո՞վ են նավարկում, թե՞ ուզում է ասել, որ այդպիսի մի նավակ է անցել իրենց ափերով։
Երկար հարցուփորձից հետո վերջապես ինձ հաջողվեց պարզել, որ ճիշտ այդպիսի մի նավակ գնացել է այն ափերը, որտեղ նրա ցեղն է ապրում։
― Նրան մեզ մոտ քշել չար եղանակը, ― բացատրեց Ուրբաթը և նորից լռեց։
«Երևի որևէ եվրոպական նավ է խորտակվել նրանց ափերի մոտ, ― մտածեցի ես։ ― Կատաղի ալիքները կարող էին նավակը պոկել նրանից և քշել այնտեղ, ուր վայրենիներն են ապրում»։ Բայց գլխի չընկա, որ այդ նավակում կարող էին մարդիկ լինել, և շարունակելով նարցուփորձ անել Ուրբաթին՝ մտածում էի միայն նավակի մասին։
― Պատմիր ինձ, Ուրբաթ, ինչպիսի նավակ է դա։
Ուրբաթը շատ մանրամասն նկարագրեց այդ նավակը և հանկարծ միանգամայն անսպասելի՝ ջերմ զգացմունքով ավելացրեց․
― Սպիտակ մարդիկ չխեղդված․ մենք նրանց փրկած։
― Բայց մի՞թե նավակի մեջ սպիտակ մարդիկ կային, ― շտապեցի հարցնել ես։
― Այո, ― պատասխանեց նա, ― նավակը լիք սպիտակ մարդեր։
― Քանի՞ հոգի էին։
Նա ինձ ցույց տվեց իր տասը մատները, ապա էլի յոթ մատ։
― Իսկ որտե՞ղ են նրանք, ի՞նչ պատահեց նրանց հետ։
Նա պատասխանեց․
― Նրանք ապրել։ Նրանք ապրել մերոնց մոտ։
Այստեղ հանկարծ իմ մեջ միտք ծագեց․ արդյոք այդ տասնյոթ սպիտակ մարդիկ այն նավից չե՞ն, որ այն փոթորկալի գիշերը խորտակվեց իմ կղզու մոտ։ Հնարավոր է, որ երբ նավը ժայռերին է զարնվել, և նավորդները տեսել են, որ փրկություն չկա, նավակ են նստել, իսկ հետո ալիքները նրանց քշել են վայրենիների ափերը, որտեղ և նրանք ստիպված են եղել մնալ։
Ես մռայլվեցի և խիստ ձայնով սկսեցի հարցուփորձ անել Ուրբաթին, թե հիմա որտե՛ղ են այդ մարդիկ։ Նա պատասխանեց նույն ջերմությամբ․
― Նրանք ապրել։ Նրանք լավ ապրել։
Եվ ավելացրեց, թե արդեն շուտով չորս տարի է, ինչ այդ սպիտակ մարդիկ ապրում են իր հայրենակիցների մոտ և որ իր հայրենալիցները չեն նեղացնում նրանց, ձեռք չեն տալիս, այլ լիակատար ազատության մեջ են։
Ես հարցրի Ուրբաթին․
― Ինչպե՞ս կարող էր պատահել, որ վայրենիները չսպանեն և չուտեն սպիտակ մարդկանց։
Նա պատասխանեց․
― Սպիտակ մարդեր մեզ եղբայր դառնալ։ Մերոնք ուտել միայն նրանց, ում հաղթել կռվի մեջ։
Անցավ էլի մի քանի ամիս։ Մի անգամ կղզում զբոսնելիս ես և Ուրբաթը հասանք կղզու արևելյան կողմը և բարձրացանք մի բլրի գագաթը։ Այդտեղից, ինչպես արդեն ասել եմ, շատ տարիներ առաջ տեսել էի այն ցամաքի շերտը, որը Հարավային Ամերիկայի տեղն էի դրել։
Առաջինը բլուրը բարձրացավ միայն Ուրբաթը, իսկ ես մի փոքր հետ մնացի, որովհետև բլուրը բարձր էր և բավական դիք։
Ինչպես այն ժամանակ, այժմ էլ օդը շատ պարզ էր։
Ուրբաթը երկար ժամանակ նայում էր հեռուն և հանկարծ մի անսպասելի ճիչ արձակեց, սկսեց ցատկոտել, պարել խելագարի պես և ինձ կանչել, որ շուտ բարձրանամ բլուրը։ Վերջապես նա իր պարը դադարեցրեց ու գոչեց․
Շու՜տ, շու՜տ, այստե՜ղ։
Ես հարցրի․
― Ի՞նչ է պատահել, Ուրբաթ։ Ինչու՞ ես այդպես ուրախացել։
― Այո, այո, ― պատասխանեց նա։ ― Ես բախտավոր։ Այ, տես, այնտեղ… այստեղից երևում է․ այնտեղ իմ երկիր, այնտեղ իմ ժողովուրդ…
Նրա դեմքին երջանկության անսովոր արտահայտություն երևան եկավ։ Թվում էր, թե նա իր ամբողջ էությամբ ձգտում է այնտեղ, այն երկիրը, ուր նրա հարազատներն ու մերձավորներն էին։
Տեսնելով, թե ինչպես է ցնծում և ուրախանում՝ ես խիստ վշտացա։
«Իզուր եմ այս մարդուն այսպես անսահմանորեն վստահել, ― ասացի ինքս ինձ։ ― Նա ձևանում է, թե իմ հավատարիմ բարեկամն է, այնինչ մտածում է միայն այստեղից փախչելու մասին»։
Եվ նրան նայեցի մեծ տարակուսանքով։
«Հիմա նա հնազանդ ու խոնարհ է, ― մտածում էի ես, ― բայց բավական է, որ ընկնի մյուս վայրենիների մեջ, իհարկե, իսկույն կմոռանա, որ ես փրկել եմ իր կյանքը և ինձ կմատնի ցեղակիցների ձեռքը, նրանց կբերի այստեղ, իմ կղզին։ Նրանք կսպանեն, կուտեն ինձ, և նա էլ մյուսների հետ քեֆ կանի այնպես ուրախ ու անհոգ, ինչպես առաջ, երբ նրանք գալիս էին այստեղ՝ տոնելու իրենց հաղթանակը թշնամական վայրենի ցեղերի դեմ»։
Այդ ժամանակից սկսած՝ իմ կասկածամտությունը շարունակ աճում էր։
Ես սկսեցի խորթանալ երեկվա բարեկամից․ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ դարձավ չոր ու պաղ։
Այսպես շարունակվեց մի քանի շաբաթ և, իհարկե, ես խիստ անարդար էի այդ պարզասիրտ երիտասարդի նկատմամբ։
Մինչ կասկածում էի, թե Ուրբաթը նենգ ու դավաճանական մտադրություններ ունի, նա շարունակում էր ինձ հետ վարվել նախկին նվիրվածությամբ, նրա յուրաքանչյուր խոսքի մեջ այնքան բարեմտություն ու մանկական դյուրահավատություն կար, որ վերջ ի վերջո ինքս ամաչեցի իմ կասկածներից։ Ես նորից զգացի, որ նա հավատարիմ ընկեր է, և աշխատեցի ամեն կերպ քավել իմ հանցանքը նրա հանդեպ։ Իսկ նա նույնիսկ չէր նկատում իմ վերաբերմունքի փոփոխությունը, և դա նրա հոգու անկեղծության բացահայտ վկայությունն էր։
Մի անգամ, երբ ես և Ուրբաթը նորից բարձրանում էինք բլուրը (միայն թե այս անգամ մառախուղ էր կանգնած, և դիմացի ափը չէր երևում), նրան հարցրի․
― Իսկ դու, Ուրբաթ, կուզենայի՞ր վերադառնալ հայրենիք, ձերոնց մոտ։
― Այո, ― ասաց նա, ― օ՜, ես որքա՜ն ուրախ լինեմ, վերադառնամ այնտեղ։
― Իսկ ի՞նչ կանեիր դու այնտեղ, ― շարունակեցի ես։ ― Նորից վայրենի՞ կդառնայիր, առաջվա նման կսկսեիր մարդու մի՞ս ուտել։
Իմ խոսքերն, ըստ երևույթին, հուզեցին նրան։ Նա գլուխն օրորեց և պատասխանեց․
― Ոչ, ոչ։ Ուրբաթը մերոնց բոլորին ասի․ ապրեցեք ինչպես է պետք, կերեք հատիկի հաց, կաթ, անասունի միս, մարդու միս ուտելը վատ։
― Բայց եթե այդպես ասես, նրանք քեզ կսպանեն։
Նա նայեց ինձ և ասաց․
― Ոչ, չսպանեն։ Նրանք ուրախ լինեն լավ բան սովորել։
Ապա ավելացրեց․
― Նրանք շատ բան սովորել են այն մորուքավոր մարդերից, որ եկել են մեզ մոտ։
― Ուրեմն դու ուզու՞մ ես վերադառնալ տուն, ― կրկնեցի իմ հարցը։
Նա ժպտաց և ասաց․
― Ես այդքան հեռու լող տալ չի կարող։
― Իսկ եթե նավակը քեզ տա՞մ, ― հարցրի ես, ― կգնա՞ս հայրենիք, ձերոնց մոտ։
― Կգնամ, ― պատասխանեց նա։ ― Բայց դու էլ գաս ինձ հետ։
― Ինչպե՞ս կարող եմ գալ, ― առարկեցի ես։ ― Չէ՞ որ նրանք ինձ իսկույն կուտեն։
― Ո՛չ, ո՛չ, չեն ուտեն, ― վրա բերեց նա տաքացած։ Ես այնպես անեմ, որ չեն ուտեն։ Ես այնպես անեմ, որ նրանք քեզ շատ սիրեն։
Ուրբաթը դրանով ուզում էր ասել, որ ինքը իր հայրենակիցներին կպատմի, թե ինչպես սպանեցի նրա թշնամիներին և փրկեցի իր կյանքը։ Նա հավատացած էր, որ դրա համար նրանք շատ կսիրեն ինձ։
Դրանից հետո ինձ պատմեց, թե ինչպիսի բարեսրտությամբ վարվեցին նրանք այն տասնյոթ սպիտակամորթ մորուքավոր մարդկանց հետ, որոնց փոթորիկը գցել էր իր հայրենիքի ափերը։ Այդ ժամանակից, խոստովանում եմ, իմ մեջ բուռն ցանկություն առաջացավ՝ ինչ գնով էլ լինի գնալ վայրենիների աշխարհը և այնտեղ գտնել այն մորուքավոր սպիտակ «մարդերին», որոնց մասին խոսում էր Ուրբաթը։
Ոչ մի կասկած չէր կարող լինել, որ իսպանացիներ կամ պորտուգալացիներ են, և հավատացած էի, որ եթե ինձ հաջողվի տեսնել ու զրուցել նրանց հետ, մենք միասին այստեղից դուրս գալու հնար կգտնենք։ «Համենայն դեպս, ― մտածում էի ես, ― ազատության հասնելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն, երբ մենք տասնութ հոգի դառնանք և սկսենք համերաշխ գործել բոլորիս օգտին։ Իսկ ի՞նչ կարող եմ անել իմ կղզում մենակ, առանց օգնականների, նրանց ափից քառասուն մղոն հեռավորության վրա»։
Այս ծրագիրն ամուր նստեց իմ գլխում, և մի քանի օրից հետո նորից խոսեցի դրա մասին։
Ուրբաթին ասացի, որ մակույկը իրեն կտամ, որպեսզի նա կարողանա վերադառնալ իր հայրենիքը։ Միևնույն օրը նրան տարա այն ծովախորշը, որտեղ գտնվում էր իմ մակույկը։ Ջուրը մակույկի միջից դուրս թափելով՝ մոտեցրի ափին և ցույց տվի Ուրբաթին։ Մենք երկուսս էլ նստեցինք մակույկում, որպեսզի փորձենք նրա ընթացքը։ Պարզվեց, որ Ուրբաթը հիանալի թիավարող է, թիակներն ինձանից վատ չէր բանեցնում։ Մակույկն արագ սլացավ ջրի վրայով։ Երբ ափից հեռացանք նրան ասացի․
― Դե, ի՞նչ կասես, Ոիրբաթ, գնա՞նք քո հայրենակիցների մոտ։
Նա նայեց ինձ տխուր ու վհատ․ ըստ երևույթին նրա կարծիքով մակույկը շատ փոքր էր այդպիսի հեռավոր նավարկության համար։ Այն ժամանակ նրան ասացի, որ ուրիշ մակույկ էլ ունեմ, որն ավելի մեծ է։ Եվ հետևյալ օրը մենք գնացինք անտառ, այնտեղ, ուր ես թողել էի իմ առաջին մակույկը, որը չէի կարողացել ջուրն իջեցնել։ Այդ մակույկն Ուրբաթին դուր եկավ։
― Այսպիսին լավ, լավ, ― կրկնում էր նա։ ― Այնտեղ շատ դնենք հաց, ջուր, ամեն բան։
Սակայն մակույկը շինելու օրից անցել էր քսաներեք տարի։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում անխնամ ընկած էր եղել բաց երկնքի տակ և արևի ու անձրևի ազդեցությունից փտել, չորացել էր։ Այնուամենայնիվ այդ չխախտեց դեպի մայր ցամաք ճանապարհորդություն կատարելու իմ որոշումը։
― Ոչինչ, մի տխրիր, ― ասացի Ուրբաթին։ ― Մենք կկառուցենք ճիշտ այսպիսի մի նավակ և դու կգնաս տուն։
Նա ոչ մի պատասխան չտվեց, բայց շատ մռայլվեց ու տխրեց։ Երբ հարցրի, թե ինչ պատահեց, նա ասաց․
― Ինչու՞ Ռոբին Կրուզո բարկանա Ուրբաթի վրա։ Ես ի՞նչ արել եմ։
― Որտեղի՞ց հնարեցիր, որ ես բարկանում եմ քեզ վրա։ Ամենևին էլ չեմ բարկանում, ― ասացի ես։
― Չեմ բարկանում, չեմ բարկանում, ― կրկնեց նա վեց֊յոթ անգամ։ ― Իսկ ինչու՞ Ուրբաթը ուղարկես տուն, իր հարազատների, ցեղակիցների մոտ։
― Բայց չէ՞ որ ինքդ էիր ասում, որ շատ ես ուզում գնալ տուն, ― վրա բերի ես։
― Այո, շատ ուզում, ― պատասխանեց նա, ― միայն թե քեզ հետ։ Որ ես և դու միասին։ Ռոբին չգնա, Ուրբաթ չգնա։ Ուրբաթ առանց Ռոբին չգնա։
Ինձ մենակ թողնելու մասին նա լսել անգամ չէր ուզում։
― Բայց ինքդ դատիր, ― ասացի ես, ― ինչու՞ գնամ այնտեղ։ Ի՞նչ պիտի անեմ այնտեղ։
Նա տաքացած առարկեց․
― Դու այնտեղ ինչ անե՞ս։ Շատ բան անես։ Լավ բան անես։ Վայրենի մարդերին սովորեցնես բարի լինել, խելոք լինել, նոր կյանք, սովորեցնես նրանց։
― Սիրելի Ուրբաթ, ― ասացի հառաչելով, ― ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ասում։ Ինձ պես խեղճ անուսը ինչպե՞ պետք է ուրիշներին բարություն սովորեցնի։
― Ճիշտ չի, ― առարկեց նա բորբոքված։ ― Ինձ սովորեցրեց բարի, ուրիշ մարդերին էլ սովորեցնես։
― Ոչ, Ուրբաթ, ― ասացի, ― գնա առանց ինձ, իսկ ես կմնամ այստեղ մենակ, առանց մարդկանց։ Հո ապրել եմ մինչև հիմա։
Ինչպես երևաց, այս խոսքերից նա շատ նեղացավ․ շտապ վերցրեց ոչ հեռու ընկած կացինը, բերեց ու մեկնեց ինձ։
― Ինչու՞ ես կացինը ինձ տալիս, ― հարցրի ես։
Նա պատասխանեց․
― Սպանիր Ուրբաթին։
― Ինչու՞ սպանեմ, ― հարցրի, ― դու ինձ ոչ մի վատ բան չես արել։
― Իսկ ինչու՞ Ուրբաթին քշես հեռու, ― բորբոքված բացականչեց նա։ ― Սպանիր Ուրբաթին, մի քշիր հեռու։
Նա ցնցված էր մինչև հոգու խորքը։ Եվ նրա աչքերում արցունք նկատեցի։ Մի խոսքով, նա այնքան ուժեղ էր կապված ինձ հետ, որ եթե նույնիսկ ցանկանայի, չէի կարող ինձանից հեռու քշել։ Այդտեղ նրան ասացի, և հետո էլ հաճախ կրկնում էի, որ երբեք այլևս չեմ խոսի նրա՝ հայրենիք վերադառնալու մասին, որքան որ ինքը կցանկանա կարող է մնալ ինձ հետ։
Այսպիսով վերջնականապես համոզվեցի, որ Ուրբաթն ընդմիշտ նվիրված է ինձ։
Եթե նա ցանկանում էլ էր հայրենիք վերադառնալ, ապա միայն նրա համար, որ ամբողջ սրտով սիրում էր իր ցեղակիցներին․ նա հույս ուներ, որ կգնամ նրանց մոտ և բարություն կսովորեցնեմ։
Բայց լավ էի գիտակցում, որ քարոզիչ լինելու համար ես պիտանի չեմ։ Մի ամբողջ ժողովրդի բարի ճանապարհի բերելը, իհարկե, իմ ուժերից վեր էր։ Ես ոչ մի ընդունակություն և ոչ էլ ցանկություն ունեի ձեռնամուխ լինելու այնպիսի դժվարին գործի, ինչպիսին է վայրենի ցեղերի լուսավորությունը։
Սակայն այդ չէր խանգարում ինձ բուռն կերպով ցանկանալ՝ որքան կարելի է շուտ գնալ Ուրբաթի հայրենիքը, որպեսզի տեսնեմ այն մորուքավոր մարդկանց, որոնք ապրում են այդ երկրում։ Վերջապես որոշեցի առանց հետաձգելու կառուցել այնպիսի մի մեծ նավակ, որով կարելի լինի դուրս գալ բաց ծովը։
Ամենից առաջ հարկավոր էր ընտրել մի հարմար ծառ, որը բավականաչափ հաստ բուն ունենար։
Սա դժվար գործ չէր․ կղզում այնքան շատ կային հսկայական ծառեր, որ նրանցից ոչ միայն նավակ, այլև մի ամբողջ հզոր նավատորմ կարելի էր կառուցել։ Բայց լավ էի հիշում, թե ինչպիսի սխալ գործեցի, երբ իմ խոշոր նավակը կառուցեցի անտառում։ Նավակը պատրաստեցի ծովից շատ հեռու և հետո չկարողացա քաշել մինչև ափը։ Այս սխալը չկրկնելու համար որոշեցի գտնել մի ծառ, որ ծովին մոտիկ լինի, որպեսզի հետագայում առանց մեծ դժվարության կարողանանք նավակը ջուրն իջեցնել։
Բայց ծովի ափերին մեծ մասամբ ցածր ու փոքր ծառեր էին․ շրջեցի համարյա բոլոր ափերը և համապատասխան ծառ չգտա։ Դժվարությունից ինձ դուրս բերեց Ուրբաթը․ պարզվեց, որ այս գործում նա ինձանից ավելի է հասկանում։ Մինչև օրս էլ ես չգիտեմ, թե այն ինչ ծառ էր, որից մենք շինեցինք մեր նավակը։
Ուրբաթը պնդում էր, որ մենք կրակով այրենք ծառի բնի ներսը, ինչպես անում են վայրենիները՝ իրենց մակույկները շինելիս։ Բայց նրան ասացի, որ ավելի լավ է փորել դուրի և այլ գործիքների օգնությամբ։ Եվ երբ նրան ցույց տվի, թե ինչպես պիտի է անել այդ, նա սիրով խոստովանեց, որ իմ եղանակն ավելի վստահելի է ու լավ։ Ուրբաթը շատ շուտ վարժվեց նաև այդ աշխատանքին։
Մեծ ոգևորությամբ մենք գործի անցանք, և մի ամսից հետո նավակը պատրաստ էր։ Մենք շատ աշխատանք թափեցինք դրա վրա, դրսի կողմից տաշեցինք կացիններով, և ստացվեց իսկական ծովային նավակ՝ նավախելը բարձր, կողերը՝ ամուր։ Մեր նպատակի համար շատ հարմար նավակ էր դա, որովհետև հեշտությամբ կարող էր քսան մարդ վերցնել։
Սրանից հետո էլի երկու շաբաթ հարկավոր եղավ, որպեսզի մեր նավակը քաշեինք դեպի ծովը։ Այդ նպատակի համար հարմարեցրինք փայտե գլաններ, սակայն նավակն այնպես ծանր էր և աշխատող ձեռքերն այնքան քիչ, որ նավակն առաջ էր գնում շատ դանդաղ, մատնաչափ առ մատնաչափ։
Երբ նավակը ջուրն իջեցրինք, ես ուղղակի զարմացած մնացի, տեսնելով, թե Ուրբաթն ինչպես է ճարպկորեն թիավարում, ինչպես արագ է շուռ տալիս մեկ աջ, մեկ ձախ։
Նրան հարցրի, թե իր կարծիքով անվտա՞նգ է այդպիսի նավակով ծով դուրս գալը։
― Օ, այո, ― պատասխանեց նա, ― այդպիսի նավակը չի վախենալու, թեկուզ մեծ քամի լինի։
Սակայն մտադիր էի ծով դուրս գալուց առաջ էլի մի բան անել, որի մասին Ուրբաթը ոչինչ չգիտեր, այն է՝ նավակին առագաստով կայմ ամրացնել և խարիսխ ու ճոպան հարմարեցնել։ Կայմ պատրաստելը մեծ դժվարություն չէր․ կղզում շատ կային զարմանալի ուղիղ ու բարձր եղևնիներ։ Ես ընտրեցի մի ջահել ծառ, որ գտնվում էր մեր նոր նավակից ոչ հեռու, և Ուրբաթին պատվիրեցի կտրել։ Հետո իմ ղեկավարությամբ նա ծառի բունը մաքրեց ճյուղերից և խնամքով տաշեց։ Կայմը պատրաստ էր։
Առագաստի մասին ինքս հոգացի։ Իմ պահեստում առագաստի կտոր շատ կար, բայց այդ կտորեղենն այնտեղ մնացել էր ավելի քան քսանվեց տարի։ Եվ որովհետև երբեք հույս չունեի, թե երբևիցե կկարեմ, առանձին արժեք չէի տվել դրան և ամենևին չէի հոգացել պահելու մասին․ կարծում էի, որ իմ առագաստի կտորները վաղուց արդեն փտած կլինեն։ Եվ այդպես էլ կար․ կտորների մեծ մասը փտել էր։ Այնուամենայնիվ որոշ մասը դեռ պետք կգար, և երկու ամուր կտոր ընտրելով՝ սկսեցի առագաստ կարել։
Շատ ջանք թափեցի այդ գործի վրա։ Իսկապես դա կարել չէր, այլ կցմցել էր․ նույնիսկ ասեղ չունեի։ Սակայն վերջ ի վերջո պատրաստեցի նախ՝ բավական խղճուկ, եռանկյունաձև առագաստի նման մի բան, որպիսիք գործածում են Անգլիայում (այդպիսի առագաստն Անգլիայում կոչվում է «այծի ոտ»), և ապա՝ մի ուրիշ փոքրիկ առագաստ, այսպես կոչված՝ «բլինդ»։ Այդպիսի առագաստները ավելի լավ էի կարողանում վարել, որովհետև ճիշտ նույնպիսի առագաստներ ուներ այն բարկասը, որով փախա Բերբերիայի ծովահեններից։
Մոտ երկու ամիս նավակի վրա կայմ ու առագաստներ էի հարմարեցնում, բայց դրա փոխարեն այդ աշխատանքը կատարվեց ամենահոգատար կերպով։ Բացի երկու առագաստներից, պատրաստեցի նաև երրորդը։ Այդ առագաստն ամրացրի նավաքթի կողմը։ Նա պետք է մեզ օգներ ուղղությունը փոխելու դեպքում թեքել նավակը և գնալ քամուն հակառակ։ Հետո պատրաստեցի մի հիանալի ղեկ և հարմարեցրի նավախելի կողմը․ դա պետք է զգալիորեն դյուրացներ նավակին ուղղություն տալու գործը։
Ծովային նավեր կառուցելու գործում անգետ էի, բայց լավ էի հասկանում ղեկի նման հարմարանքի ամբողջ օգուտը, ուստի և ջանք չխնայեցի այդ աշխատանքի համար։ Սակայն դա հեշտությամբ գլուխ չեկավ․ հենց միայն ղեկը շինելու վրա համարյա այնքան ժամանակ գործադրեցի, որքան ամբողջ նավակի կառուցման ու սարքավորման վրա։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, սկսեցի Ուրբաթին սովորեցնել իմ նավակի ղեկավարումը, որովհետև նա ոչ ղեկի մասին հասկացողություն ուներ, ոչ առագաստի։ Սկզբնական շրջանում, երբ նա տեսնում էր, թե ինչպես եմ նավակը թեքում ղեկի օգնությամբ, և ինչպես է առագաստը փքվում մերթ մեկ, մերթ մյուս կողմի վրա, այնպես էր զարմանում, կարծես մի ինչ֊որ հրաշք էր տեսնում։
Բայց և այնպես իմ ղեկավարությամբ նա շուտով անհրաժեշտ փորձ ձեռք բերեց և հմուտ ծովագնաց դարձավ։ Մի բան միայն նրա համար անմատչելի մնաց․ կողմնացույցի գործածությունն էր։ Բայց որովհետև այն վայրերում մառախուղ լինում է միայն անձրևի ժամանակ, կողմնացույցն այնքան էլ անհրաժեշտ չէր։ Ցերեկը մենք կարող էինք նավակն ուղղել այն ափը, որ երևում էր հեռվում, իսկ գիշերը ուղղությունը պահել աստղերի օգնությամբ։ Այլ բան է անձրևային եղանակը։ Բայց անձրևների ժամանակ, միևնույն է, չէր կարելի ճանապարհորդել ոչ ծովով, ոչ ցամաքով։
Վրա հասավ քսանյոթերորդ տարին, ինչ ես կալանավորված էի այդ բանտում։ Ի դեպ, վերջին երեք տարին համարձակորեն կարելի էր հանել հաշվից, որովհետև կղզու վրա իմ հավատարիմ Ուրբաթի երևալուց հետո կյանքս բոլորովին փոխվել էր։
Մոտենում էր անձրևների շրջանը, երբ օրվա մեծ մասը պետք է նստեինք տանը։ Անհրաժեշտ էր այդ ժամանակաընթացքում սպասել և միջոցներ ձեռք առնել, որ անձրևները չվնասեն մեր նավակը։ Մենք նավակը բերինք այն ծովախորշը, որտեղ կանգնեցնում էի իմ լաստերը, և սպասելով մակընթացությանը՝ նավակը ափը քաշեցինք։ Հետո իմ հրամանով Ուրբաթը նավակի կանգնած տեղը մի բավական խոր փոս փորեց, որտեղ նավակը կարող էր տեղավորվել որպես նավաշինարանում։ Այդ փոսը մենք ծովից անջատեցինք մի հաստ պատնեշով, միայն մի նեղ անցք թողնելով ջրի համար։ Երբ հետևյալ մակընթացությանը մեր փոքրիկ նավաշինարանը ջրով լցվեց, մենք պատնեշն ամուր փակեցինք, այնպես որ նավակը մնաց ջրի մեջ, բայց ծովի ալիքները չէին կարող հասնել և մակընթացությունը չէր կարող քշել տանել։ Անձրևներից պաշտպանելու համար մենք նավակը ծածկեցինք ճյուղերի հաստ շերտով, ինչպես տանիքի տակ։
Այժմ մենք կարող էինք հանգիստ սպասել լավ եղանակի, որպեսզի նոյեմբերին կամ դեկտեմբերին առագաստները բանանք ու ծով դուրս գանք։
Հենց որ անձրևները դադարեցին և արեգակը նորից շողաց, սկսեցի առավոտից մինչև երեկո պատրաստվել առաջիկա նավարկությանը։ Նախապես հաշվեցի, թե մեզ որքան մթերք կարող է պետք գալ և սկսեցի անհրաժեշտ պաշար պատրաստել։
Ենթադրում էի, որ երկու շաբաթ հետո, կամ գուցե և ավելի շուտ պատնեշը կքանդենք և նավակը դուրս կբերենք։
Սակայն մեզ վիճակված չէր սկսելու մեր նավարկությունը։
Մի անգամ առավոտյան, երբ սովորականի նման զբաղված էի մեկնումի նախապատրաստությամբ, հանկարծ մտածեցի, որ լավ կլիներ բացի ուրիշ ուտելիքներից՝ հետներս վերցնենք նաև կրիայի մսի մի փոքրիկ պաշար։
Կանչեցի Ուրբաթին և պատվիրեցի վազել ծովափ կրիաներ բռնելու։ (Մենք ամեն շաբաթ կրիա էինք որսում, որովհետև երկուսս էլ սիրում էինք նրա և՛ միսը և՛ ձուն)։
Ուրբաթը վազեց իմ պատվերը կատարելու, բայց քառորդ ժամ չանցած՝ հետ վազեց, թռչունի պես ցատկեց ցանկապատի վրայով և մինչ կհարցնեի, թե ինչ է պատահել, սկսեց գոռալ․
― Փորձա՜նք, փորձա՜նք, անբախտ բա՜ն, վատ բա՜ն։
― Ի՞նչ կա, Ուրբաթ, ի՞նչ է պատահել, ― հարցրի անհանգստացած։
― Այնտեղ, ― պատասխանեց նա, ― ափի մոտ մեկ, երկու, երեք, մեկ երկու, երեք նավակ։
Նրա ասածից եզրակացրի, որ վեց նավակ է տեսել, բայց հետո պարզվեց, որ միայն երեք հատ են եղել, իսկ նա հաշիվը կրկնել է, շատ հուզված լինելու պատճառով։
― Պետք չէ վախենալ, Ուրբաթ, հարկավոր է քաջ լինել, ― ասացի, աշխատելով սիրտ տալ նրան։
Խեղճը շատ էր վախեցել։ Չգիտես ինչու նա կարծում էր, որ վայրենիները եկել են իր հետևից, որ նրանք կտոր֊կտոր կանեն իրեն և կուտեն։ Նա այնպես ուժեղ էր դողում, որ չգիտեի ինչպես վարվեմ հետը։ Ասում էի, որ համենայն դեպս ես էլ նույնպիսի վտանգի եմ ենթարկվում, ինչպես նա, որ եթե նրան ուտեն, ապա կուտեն նաև ինձ։
― Բայց մենք կպաշտպանվենք, ― ասացի ես, ― մենք ողջ֊ողջ նրանց անձնատուր չենք լինի։ Մենք կռվի մեջ կմտնենք նրանց դեմ և դու կտեսնես, որ կհաղթենք։ Դու հո կռվել գիտես, այնպես չէ՞։
― Ես կրակել գիտեմ, ― պատասխանեց նա, ― միայն թե նրանք շատ եկել են, շատ, շատ։
― Ոչինչ, ― ասացի ես։ ― Մի քանիսին կսպանենք, մյուսները կվախենան մեր կրակոցներից և կփախչեն։ Խոստանում եմ, որ քեզ անտեր չեմ թողնի, քաջաբար կպաշտպանեմ և՛ քեզ, և՛ ինձ։ Բայց դու էլ խոստանու՞մ ես, որ նույնպես քաջաբար կպաշտպանես ինձ և կաշխատես կատարել իմ բոլոր հրամանները։
― Ես կմեռնեմ, եթե դու հրամայես, Ռոբին կրուզո։
Դրանից հետո քարանձավից բերի մի մեծ թաս ռոմ և տվի նրան խմելու (ես այնպես խնամքով էի ծախսում իմ ռոմը, որ դեռ բավական պաշար էր մնացել)։
Հետո հավաքեցինք մեր բոլոր մուշկետներն ու որսորդական հրացանները, կարգի բերինք ու լցրինք։ Բացի դրանից, ամեն անգամի պես կապեցի իմ թուրը առանց պատյանի, իսկ Ուրբաթին զինեցի կացնով։
Այսպես կռվի պատրաստվելով, վերցրի դիտափողը և բարձրացա բլուրը՝ հետախուզելու։
Դիտափողն ուղղելով դեպի ծովափը՝ շուտով տեսա վայրենիներին․ նրանք մի քսան մարդ կլինեին, բացի դրանից ափին ընկած էին երեք կապկպված մարդ։ Նավակները, կրկնում եմ, միայն երեքն էին, և ո՛չ թե վեցը։ Պարզ էր, որ վայրենիների այդ ամբողջ ամբոխը կղզի էր եկել միայն մեկ նպատակով՝ տոնել թշնամու դեմ տարած իրենց հաղթանակը։ Զարհուրելի արյունոտ խնջույք էր տեղի ունենալու։
Նկատեցի նաև, որ այս անգամ նրանք ափ են իջել ո՛չ այնտեղ, ուր իջել էին երեք տարի առաջ, Ուրբաթի հետ հանդիպելուս առաջին օրը, այլ իմ ծովախորշին շատ ավելի մոտիկ։ Այստեղ ափը ցածր էր, և խիտ անտառը իջնում էր համարյա մինչև ծովը։
Ինձ խիստ վրդովեց այն ոճրագործությունը, որ այժմ պիտի կատարվի այնտեղ։ Հապաղել չի կարելի։ Բլուրից ցած վազեցի և Ուրբաթին ասացի, որ անհրաժեշտ է որքան կարելի է շուտ հարձակվել այդ արնախում գազանների վրա և կոտորել բոլորին, մինչև վերջին մարդը։
Այս ասելիս մի անգամ էլ հարցրի նրան, թե օգնելու՞ է արդյոք ինձ։ Այժմ նա բոլորովին ազատվել էր վախի ազդեցությունից (որին գուցե և մասամբ նպաստել էր ռոմը), և կայտառ, նույնիսկ ուրախ֊ուրախ կրկնեց, որ պատրաստ է մեռնելու ինձ համար։
Դեռևս զայրույթս չիջած՝ վերցրի ատրճանակներն ու հրացանները (մնացածը վերցրեց Ուրբաթը), և մենք ճանապարհ ընկանք։ Համենայն դեպս գրպանս դրի մի սրվակ ռոմ, իսկ Ուրբաթը վերցրեց մի մեծ պարկ՝ պահեստի գնդակներով ու վառոդով լի։
― Եկ իմ հետևից, ― ասացի ես, ― ոչ մի քայլ հետ չմնաս և լուռ եղիր։ Ոչ մի բան չհարցնես ինձ և չհամարձակվես կրակել առանց իմ հրամանի։
Հասնելով անտառի այն եզրին, որ ամենից ավելի էր մոտիկ ծովափին, կանգ առա, Ուրբաթին կամացուկ կանչեցի ինձ մոտ և ցույց տալով մի բարձր ծառ, հրամայեցի բարձրանալ նրա գագաթը և նայել, երեվու՞մ են արդյոք վայրենիները և ինչ են անում։ Կատարելով իմ հրամանը՝ նա իսկույն իջավ ծառից և հայտնեց, որ վայրենիները խարույկի շուրջը նստած ուտում են իրենց բերած գերիներից մեկին, իսկ մյուս գերին ոտք ու ձեռքը կապած ընկած է ավազի վրա։
― Հետո նրանք այն մեկին էլ ուտեն, ― միանգամայն հանգիստ ավելացրեց Ուրբաթը։
Այս խոսքերը ցասում բորբոքեցին իմ հոգու մեջ։
Ուրբաթն ինձ ասաց, որ երկրորդ գերին հնդկացի չէ, այլ մեկն է այն մորուքավոր սպիտակամորթներից, որոնք նավակով եկել են իրենց ափերը։ «Հարկավոր է գործել», ― որոշեցի ես։ Ապա ինքս թաքնվելով ծառի հետևը՝ հանեցի դիտափողը և պարզ տեսա ծովափին ընկած մարդուն։ Նա պառկած էր անշարժ, որովհետև ձեռքերն ու ոտքերը կապկպած էին ճկուն շիվերով։
Անտարակույս դա եվրոպացի էր․ նրա հագին շորեր կային։
Մեր առջևում թփեր էին և այդ թփերի մեջ կանգնած էր մի ծառ։ Թփերը բավական խիտ էին, այնպես որ կարելի էր այդ թփուտով գաղտագողի մոտենալ ափին։
Թեպետ այնքան խիստ էի զայրացած, որ ամեն րոպե ուզում էի հարձակվել մարդակերների վրա՝ նույնիսկ չմտածելով հնարավոր հետևանքների մասին, այնուամենայնիվ զսպեցի իմ ցաումը և գաղտնաբար մոտեցա ծառին։
Ծառը գտնվում էր թմբի վրա։ Ահա հենց այդ թմբի վրայից տեսնում էի այն ամենը, ինչ տեղի էր ունենում ծովափին։