1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 21

Քսանմեկերորդ գլուխ - Ռոբինզոնը զրուցում է Ուրբաթի հետ և խրատում է նրան

Իմ ամրոցում Ուրբաթին տեղավորելուց երկու֊երեք օր հետո մտածեցի, որ եթե ուզում եմ, որ նա մարդու միս չուտի, պետք է սովորեցնեմ կենդանիների միս ուտել։

«Թող նա այծի միսը փորձի», ― ասացի ինքս ինձ և որոշեցի ինձ հետ որսի տանել նրան։

Վաղ առավոտյան մենք գնացինք անտառ և տանից երկու֊երեք մղոն հեռանալուց հետո մի ծառի տակ տեսանք վայրի այծ՝ իր երկու ուլերով։

Ես Ուրբաթի ձեռքը բռնեցի և նշան արի, որ չշարժվի։ Հետո մեծ հեռավորության վրա նշան բռնելով՝ կրակեցի և սպանեցի ուլերից մեկին։

Խեղճ վայրենին չհասկանալով, թե ինչպես կարելի է կենդանի արարած սպանել առանց նրան մոտենալու (թեպետ և առաջ տեսել էր, թե ինչպես սպանեցի իր թշնամուն), բոլորովին շշմել էր։ Նա դողդողում էր, օրորվում, և ինձ նույնիսկ թվաց, թե հիմա վայր կընկնի։

Նա չնկատեց իմ սպանած ուլը և կարծելով, թե ուզում էի իրեն սպանել, սկսեց շոշափել իրեն, որ տեսնի, թե որևէ տեղից արյուն չի՞ գալիս։ Հետո նույնիսկ բարձրացրեց իր բաճկոնի փեշը, որպեսզի տեսնի, թե վիրավորված չէ՞, և համոզվելով, որ ինքը ողջ ու անվնաս է, իմ առաջ ծունկ չոքեց, գրկեց ոտքերս ու երկար ժամանակ ինչ֊որ բաներ էր ասում իրենց լեզվով։

Նրա խոսքերն անհասկանալի էին, բայց դժվար չէր կռահել, որ խնդրում է իրեն չսպանել։

Ցանկանալով նրան հասկացնել, որ իրեն վնասելու ոչ մի մտադրություն չունեմ՝ բռնեցի ձեռքը, ծիծաղեցի և ցույց տալով իմ սպանած ուլը հրամայեցի գնալ բերել։ Ուրբաթը կատարեց իմ հրամանը։ Մինչ նա ուլն էր դիտում և աշխատում էր հասկանալ, թե նա ինչու է սպանվել, ես հրացանս նորից լցրի։

Քիչ հետո ծառին, ինձանից մի հրացանի կրակոցի հեռավորության վրա, տեսա մի խոշոր թռչուն, որ նման էր մեր բազեին։ Ցանկանալով ուրբաթին բացատրել, թե ինչ բան է հրացանի կրակոցը՝ իմ վայրենուն մոտ կանչեցի, մատով ցույց տվի սկսզբում թռչունին, ապա հրացանը, հետո էլ գետինը այն ծառի տակ, որի վրա նստած էր թռչունը, դրանով ուզում էի ասել․ «Ահա, նայիր, հիմա այնպես կանեմ, որ նա վայր կընկնի»։ Ապա կրակեցի։ Թռչունն ընկավ, և պարզվեց, որ ոչ թե բազե էր, այլ՝ թութակ։ Ուրբաթն այս անգամ էլ, չնայած իմ բոլոր բացատրություններին, քարացավ վախից։

Այդտեղ միայն հասկացա, թե նրան ի՛նչն էր առանձնապես զարմացնում, երբ կրակում էի․ մինչ այդ նա երբեք չէր տեսել, թե ինչպես են լցնում հրացանը և, հավանորեն կարծում էր, թե այդ երկաթե մահակի մեջ ինչ֊որ չար ոգի է նստած, որն ամեն տարածության վրա մահ է բերում մարդուն, գազանին, թռչունին, ամեն մի կենդանի էակի, որտեղ էլ որ լինի՝ հեռու թե մոտիկ։

Հետագայում էլ նա երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել այն զարմանքը, որ պատճառում էր նրան իմ յուրաքանչյուր կրակոցը։ Ինձ թվում է, որ եթե թույլ տայի, նա կսկսեր պաշտել ինձ և իմ հրացանը՝ ինչպես աստծուն։

Սկզբներում նա սիրտ չէր անում ձեռք տալ հրացանին, բայց հետը խոսում էր ինչպես կենդանի էակի հետ, երբ կարծում էր, թե չեմ լսում, և երևակայում էր, թե հրացանը պատասխանում է իրեն։ Հետագայում նա խոստովանեց, որ հրացանին աղաչում էր խնայել իրեն։

Երբ Ուրբաթը մի փոքր ուշքի եկավ, նրան հրամայեցի գնալ բերել սպանված որսը։ Նա իսկույն վազեց թռչունի հետևից, բայց միանգամից չվերադարձավ, որովհետև ստիպված էր եղել որոնել թռչունը․ պարզվեց, որ նրան չեմ սպանել, այլ միայն վիրավորել եմ, և նա բավական հեռու է թռել։ Վերջ ի վերջո նա գտավ և բերեց թռչունը։ Իսկ ես օգտվելով նրա բացակայությունից՝ հրացանս նորից լցրի։ Կարծում էի, որ լավ կլինի միառժամանակ նրանից թաքցնել, թե այդ ինչպես է արվում։

Հույս ունեի, թե էլի մի որևէ որս կհանդիպի, բայց ոչինչ չհանդիպեց, և մենք վերադարձանք տուն։

Այդ նույն երեկոյան մաշկեցի սպանված ուլը և խնամքով մաքրեցի միսը։ Հետո մի լավ խարույկ վառեցի և մի կտոր միս կտրելով՝ եփեցի կավե կճուճի մեջ։ Շատ համով մսե արգանակ ստացվեց։ Համը տեսնելուց հետո Ուրբաթին էլ առաջարկեցի փորձել։ Եփած ճաշը նրան շատ դուր եկավ, միայն թե զարմացել էր, թե ինչու՞ ճաշի մեջ աղ լցրի։ Նա սկսեց ինձ նշաններով հասկացնել, որ իր կարծիքով աղը զզվելի, սիրտ խառնող ուտելիք է։ Մի պտղունձ աղ բերանը գցելով՝ նա սկսեց թքոտել, այնպես ցույց տալ, թե սիրտը խառնում է, իսկ հետո բերանը ջրով ողողեց։

Նրան առարկելու համար ես էլ իմ հերթին բերանս դրի մի կտոր անալի միս և սկսեցի թքոտել, ցույց տալով, թե առանց աղի ուտելը զզվելի է։

Բայց Ուրբաթը համառում էր իր ասածին։ Ինձ այնպես էլ չհաջողվեց նրան աղ գործածել սովորեցնել։ Շատ ժամանակ անց միայն սկսեց իր ուտելիքի վրա աղ ցանել, այն էլ շատ քիչ քանակությամբ։

Իմ վայրենուն այծի եփած մսով ու արգանակով կերակրելուց հետո որոշեցի մյուս օրը նրան հյուրասիրել խորովածով։ Միսը խարույկի վրա խորովեցի այնպես, ինչպես հաճախ անում են մեզ մոտ՝ Անգլիայում։ Խարույկի երկու կողմերին գետնի մեջ ձողեր են խրում, վերևից հորիզոնական դիրքով դրանց ամրացնում են մի ուրիշ ձող, որից կախում են մսի կտորը և այնքան են պտտում կրակի վրա, մինչև որ խորովվում է։

Այս ամբողջ սարք ու կարգը Ուրբաթին շատ դուր եկավ։ Իսկ երբ խորովածի համը տեսավ, նրա հիացմունքին սահման չկար։ Ամենապերճախոս նշաններով ինձ հասկացրեց, որ այդ ուտելիքը շատ հավանեց և, վերջապես, հայտնեց, որ այլևս մարդու միս չի ուտի, որ, իհարկե, ինձ շատ ուրախացրեց։

Հաջորդ օրը նրան ստիպեցի աշխատել․ հանձնարարեցի հատիկը կալսել ու քամուն տալ, իհարկե, նախապես ցույց տալով, թե ինչպես պետք է անել և սկսեց եռանդով աշխատել, մանավանդ, երբ իմացավ, թե ինչի համար է կատարվում այդ աշխատանքը։ Իսկ նա այդ բանը իմացավ հենց նույն օրը, որովհետև նրան կերակրեցի մեր ալյուրից թխված հացով։

Շատ շուտով Ուրբաթը սովորեց աշխատել ինձանից ո՛չ վատ։

Քանի որ այժմ պետք է կերակրեի երկու մարդու, հարկավոր էր ապագայի մասին մտածել։ Ամենից առաջ անհրաժեշտ էր վարելահողերն ընդարձակել և ավելի շատ հացահատիկ ցանել։ Մի մեծ հողամաս ընտրեցի և սկսեցի ցանկապատել։ Ուրբաթը ոչ միայն շատ բարեխղճությամբ, այլև շատ ուրախ ու մեծ բավականությամբ օգնում էր իմ աշխատանքին։ Ես նրան հասկացրի, որ դա հացաբույսերի նոր դաշտ է լինելու, որովհետև այժմ մենք երկու հոգի ենք, և հարկավոր է հացի պաշար ունենալ ոչ միայն ինձ, այլև նրա համար։ Նա շատ զգացվեց, որ այդպես հոգում եմ իր մասին․ զանազան նշաններով նա ամեն կերպ ուզում էր ինձ ասել, որ ինքը հասկանում է, թե այժմ որքան է ավելացել իր աշխատանքը և խնդրում է, որ շուտով իրեն սովորեցնեմ բոլոր անհրաժեշտ աշխատանքները և ինքը գործի կկպչի ամբողջ ուժով։

Այդ տարին իմ ամենաերջանիկ տարին էր կղզու վրա։

Ուրբաթը սովորեց բավական լավ խոսել անգլերեն լեզվով․ նա արդեն գիտեր մեզ շրջապատող բոլոր առարկաների և այն տեղերի անունները, ուր կարող էի ուղարկել նրան, ուստի և շատ լավ կատարում էր իմ բոլոր հանձնարարությունները։

Նա շատ սրտաբաց, մարդամոտ երիտասարդ էր, սիրում էր խոսել, և այժմ ես առատորեն կարող էի հատուցում ստանալ երկար տարիների հարկադրված լռությանս համար։

Սակայն Ուրբաթն ինձ դուր էր գալիս ո՛չ միայն նրա համար, որ հնարավորություն ունեի խոսելու նրա հետ։ Օրեցօր ավելի ու ավելի էի գնահատում նրա ազնվությունը, նրա պարզասրտությունը, նրա անկեղծությունը։ Կամաց֊կամաց շատ կապվեցի նրա հետ, և նա էլ իր կողմից այնպես սիրեց ինձ, ինչպես, երևի, ոչ ոքի չէր սիրել մինչ այդ։

Մի անգամ մտածեցի նրան հարցուփորձ անել իր անցյալ կյանքի մասին։ Ուզում էի իմանալ, թե չի՞ կարոտում իր հայրենիքին և չի՞ ուզում տուն վերադառնալ։ Այդ ժամանակ նրան արդեն այնպես լավ էի սովորեցրել անգլերեն, որ կարող էր պատասխանել համարյա իմ բոլոր հարցերին։ Եվ ահա նրան հարցրի իր ցեղի մասին։

― Իսկ ի՞նչ կասես, Ուրբաթ, քա՞ջ ցեղ է ձեր ցեղը։ Պատահե՞լ է, որ հաղթի թշնամիներին։

Նա ժպտաց և պատասխանեց․

― Օ՜, այո, մեր ցեղը շատ քաջ ցեղ, մենք միշտ հաղթենք կռվի մեջ։

― Դուք միշտ հաղթու՞մ եք, ասում ես։ Հապա ինչպե՞ս եղավ, որ քեզ գերի վերցրին։

― Բայց էլի մերոնք խփեցին նրանց, շատ խփեցին, սպանեցին։

― Բայց չէ՞ որ ասում էիր, թե նրանք հաղթեցին ձեզ։ Չէ՞ որ նրանք գերի վերցրին քեզ և ուրիշներին։

― Որտեղ ես կռվեցի, այնտեղ թշնամին շատ։ Նրանք բռնեցին մեզ մեկ, երկու, երեք և ինձ։ Բայց մերոնք խփին նրանց ուրիշ տեղ, որտեղ ես չկար։ Այնտեղ մերոնք բռնեց նրանց՝ մեկ, երկու, երեք, շատ, շատ։

― Իսկ ինչու՞ ձերոնք չեկան ձեզ օգնության, ձեզ չազատեցին թշնամիների ձեռքից։

― Թշնամիներ բռնեց մեկ, երկու, երեք և մեզ տարավ մակույկով, իսկ մերոնք այդ ժամանակ մակույկ չունի։

― Բայց, ասա ինձ, Ուրբաթ, ինչպե՞ս են վարվում ձերոնք իրենց բռնած գերիների հետ։ Նրանք է՞լ են տանում մի որևէ հեռու տեղ և ուտում, ինչպես այն մարդակերները, որոնց ես տեսա։

― Այո, իմ ցեղն էլ մարդ ուտի, բոլորը ուտի։

― Իսկ ու՞ր են տանում գերիներին, երբ ուզում են նրանց ուտել։

― Շատ տեղեր։ Այնտեղ տանի, ուր ուզի։

― Իսկ այստեղ գալի՞ս են նրանք։

― Այո, այո, այստեղ էլ գալիս են։ Շատ տեղեր գալիս են։

― Իսկ դու այստեղ եղե՞լ ես նրանց հետ։

― Այո, ես եղել ես, այնտեղ եղել ես… ― Եվ նա ցույց տվեց կղզու հյուսիս֊արևելայն ծայրը, որտեղ, երևի, միշտ հավաքվում էին նրա ցեղակիցները։

Այսպիսով պարզվեց, որ իմ բարեկամ Ուրբաթը եղել է այն վայրենիների մեջ, որոնք այցելում էին կղզու հեռավոր ափերը և շատ անգամ են մարդիկ կերել այն տեղերում, ուր հետո ուրիշները ուտել էին ուզում նրան։

Երբ որոշ ժամանակ անց ես սրտապնդված Ուրբաթին տարա այն ափը (որտեղ առաջին անգամ տեսել էի մարդկային ոսկորների կույտեր), նա իսկույն ճանաչեց այդ տեղերը։ Նա ինձ պատմեց, որ մի անգամ, երբ նա իր ցեղակիցների հետ եկել էր իմ կղզին, նրանք սպանել ու կերել են քսան տղամարդ, երկու կին և մեկ երեխա։ Նա չգիտեր անգլերեն ինչպես են ասում «քսան» և, որպեսզի ինձ հասկացնի, թե քանի մարդ կերան, քսան հատ քար շարեց իրար մոտ։

Շարունակելով զրուցել Ուրբաթի հետ, ես հարցրի, թե հեռու՞ է արդյոք իմ կղզին այն երկրից, որտեղ ապրում են վայրենիները, և արդյոք հաճա՞խ են մակույկները խորտակվում այդ տարածությունն անցնելիս։ Պարզվեց, որ այստեղ գալը միանգամայն ապահով է։ Ուրբաթը չէր հիշում մի դեպք, որ այստեղ որևէ մակույկ խորտակված լինի, որովհետև մեր կղզուց ոչ հեռու անցնում է մի ծովային հոսանք․ առավոտներն այդ հոսանքն ուղղվում է մի կողմ, այն էլ միշտ համընթաց քամու հետ, իսկ երեկոյան դեմ և՛ քամին, և՛ հոսանքն ուղղվում են հակառակ կողմը։

Սկզբում ինձ թվում էր, թե այդ հոսանքը կախված է մակընթացությունից ու տեղատվությունից, և միայն շատ ուշ իմացա, որ դա Օրինոկո գետի զորեղ հոսանքի շարունակությունն է։ Իմ կղզին էլ գտնվում էր հենց ուղիղ այդ գետի դելտայի դիմաց։ Իսկ ցամաքի այն շերտերը, որ տեսնում էի արևմուտքում և հյուսիս֊արևմուտքում, և որոնք մայր ցամաքի տեղ էի դնում, պարզվեց Տրինիդադ խոշոր կղզին է, որ ընկնում էր միևնույն գետի֊գետաբերանի հյուսիսային մասի դիմաց։

Ես հազար ու մի հարց տվի Ուրբաթին այդ ցամաքի ու նրա բնակիչների մասին, հարցնում էի, թե վտանգավո՞ր են արդյոք այնտեղի ափերը, փոթորկո՞տ է այնտեղ ծովը, արդյոք շա՞տ են դաժան այնտեղի մարդիկ և ինչպիսի՞ ժողովուրդներ են ապրում մոտերքում։ Նա սիրով պատասխանում էր իմ յուրաքանռյուր հարցին և առանց որևէ բան թաքցնելու պատմում էր ամեն բան, ինչ իրեն հայտնի էր։

Ես հարցրի նաև, թե ինչպես են կոչվում այն կողմերում ապրող վայրենիների զանազան ցեղերը, բայց նա միայն կրկնում էր մեկ անուն․ «Կարիբե, կարիբե»։ Ես, իհարկե, առանց դժվարության գլխի ընկա, որ նա խոսում է կարաիբների մասին, որոնք, դատելով մեր աշխարհագրական քարտեզով, ապրում են Ամերիկայի հենց այդ մասում, զբաղեցնելով Օրինոկոյի գետաբերանից մինչև Գվիանա ամբողջ առափնյա շերտը և մինչև Սանտա֊Մարթա քաղաքը։

Բացի դրանից ինձ պատմեց, որ հեռու, «լուսնի այն կողմը», այսինքն այն կողմում, ուր մայր է մտնում լուսինը, կամ, այլ խոսքով ասած՝ նրա հայրենիքից դեպի արևմուտք ապրում են ինձ նման սպիտակ ու մորուքավոր մարդիկ (այս ասելիս նա ցույց տվեց իմ երկար բեղերը, որոնց մասին վերը խոսել ենք) և որ այդ մարդիկ «շատ, շատ մարդեր սպանել»։

Ես հասկացա, որ նա խոսում է իսպանական նվաճողների մասին, որոնք այդ ժամանակ հռչակված էին իրենց դաժանություններով։

Ես հարցրի նրան, թե արդյոք որևէ հնարավորություն ունե՞մ ծովով գնալու այդ մարդկանց մոտ։

Նա պատասխանեց․

― Այո՛, այո՛, այդ կարելի։ Միայն պետք է լողալ երկու նավակ։

Ես երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է ուզում ասել, բայց վերջապես մեծ դժվարությամբ գլխի ընկա, որ նրա լեզվով այդ նշանակում է՝ սովորական մակույկից առնվազն երկու անգամ մեծ նավակ պետք է ունենալ։

Ուրբաթի այդ խոսքերը մեծ ուրախություն պատճառեցին ինձ։ Այդ օրվանից իմ մեջ հույս արթնացավ, որ վաղ թե ուշ դուրս կպրծնեմ այստեղից և որ իմ ազատությանը պարտական եմ լինելու իմ խեղճ վայրենուն։

Comments