1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 20

Քսաներորդ գլուխ - Ռոբինզոնը փրկում է մի վայրենու և նրան կոչում ուրբաթ

Անցավ էլի մեկ ու կես տարի։ Մի անգամ վաղ առավոտյան ուղիղ ափի մոտ հինգ թե վեց հնդկական մակույկ տեսա։ Մարդիկ չէին երևում․ նշանակում է վայրենիներն ափ էին իջել և ինչ֊որ տեղ թաքնվել։

Քանի որ գիտեի, թե սովորաբար յուրաքանչյուր մակույկում վեց մարդ է նստում, երբեմն նույնիսկ ավելի, ապա, խոստովանում եմ, մի փոքր շփոթվեցի։ Ամենևին չէի սպասում, թե հարկ կլինի կռվի բռնվել այդքան մեծ թվով թշնամիների հետ։

«Նրանք քսան մարդուց պակաս չեն լինի, գուցե նույնիսկ երեսուն մարդ։ Ես ինչպե՞ս կարող եմ միայնակ հաղթել այդպիսի մեծ բազմությանը», ― տխուր֊տրտում ասում էի ինքս ինձ։

Ես երկմտանքի մեջ էի, չգիտեի ի՛նչ անեմ, բայց և այնպես նստեցի իմ ամրոցում և պատրաստվեցի կռվի։

Շուրջս լուռ ու խաղաղ էր։ Երկար ժամանակ ականջ էի դնում, թե արդյոք չե՞ն լսվում վայրենիների ճիչեր կամ երգեր։ Վերջապես սպասելն ինձ ձանձրացրեց։ Իմ հրացանները թողի սանդուխքի տակ և բարձրացա բլրի գագաթը։

Գլուխս դուրս հանելը վտանգավոր կլիներ։ Ես թաքնվեցի բլրի հետևը և սկսեցի նայել դիտափողով։ Վայրենիները վերադարձել էին իրենց մակույկների մոտ։ Նրանք առնվազն երեսուն հոգի կլինեին։ Ծովափին կրակ էին վառել և, ըստ երևույթին, ինչ֊որ ուտելիք էին պատրաստում։ Ես չկարողացա ջոկել, թե ինչ էին եփում, միայն տեսա, որ պարում էին կրակի շուրջը այնպիսի կատաղի ցատկրտոցով ու ծամածռություններով, ինչպես սովորաբար պարում են վայրենիները։

Շարունակելով նայել դիտափողով՝ տեսա, որ նրանք վազեցին մակույկների մոտ, այնտեղից դուրս քաշեցին երկու մարդու և քարշ տվին խարույկի մոտ։ Ակներև էր, որ այդ դժբախտները դատապարտված էին մորթվելու։ Մինչ այդ նրանք երևի ընկած էին մակույկների մեջ՝ ձեռքներն ու ոտքները կապկպված։ Նրանցից մեկին անմիջապես տապալեցին գետին․ երևի գլխին խփեցին մահակով կամ փայտե սրով, որ վայրենիների սովորական զենքերն են։ Անմիջապես երկու֊երեք հոգի վրա պրծան ու գործի անցան․ նրանք պատռեցին ընկածի փորը և սկսեցին փորոտիքը թափել։

Մյուս գերին կողքին կանգնած նույն բախտին էր սպասում։

Առաջին զոհով զբաղված՝ մարդակերները մոռացել էին մյուսին։ Թշվառն իրեն ազատ էր զգում և ըստ երևույթին փրկության հույս առաջացավ նրա մեջ․ հանկարծ նա առաջ նետվեց և անասելի արագությամբ սկսեց փախչել։ Նա վազում էր ավազոտ ափով, այն ուղղությամբ, որտեղ իմ բնակարանն էր։

Ճիշտն ասած՝ շատ վախեցա, երբ տեսա, որ նա վազում է ուղիղ իմ կողմը։ Եվ ինչպե՞ս չվախենայի․ առաջին րոպեին ինձ թվաց, թե ամբողջ խումբը վազում է նրա հետևից։

Բայցևայնպես մնացի իմ տեղում և շուտով տեսա, որ փախստականի հետևից վազում էին միայն երկու֊երեք մարդ, իսկ մյուսները մի փոքր տեղ վազելուց հետո քիչ֊քիչ դանդաղեցրին և այժմ վերադառնում են դեպի խարույկը։ Այդ բանը ինձ քաջալերեց։ Բայց վերջնականապես հանգստացա այն ժամանակ, երբ տեսա, որ փախստականը շատ է առաջ ընկել իր թշնամիներից։ Պարզ էր, որ եթե նա էլի մի կես ժամ վազեր այդպիսի արագությամբ, նրանք ոչ մի դեպքում բռնել չէին կարող։

Վազողներն իմ ամրոցից անջատված էին մի նեղ ծովախորշով, որի մասին շատ անգամ եմ հիշատակել․ այդ այն ծովախորշն էր, ուր ես կանգնեցնում էի իմ լաստերը, երբ մեր ափից իրեր էի փոխադրում ափ։

«Ի՞նչ է անելու խեղճ փախստականը, երբ հասնի այդ ծովախորշին, ― մտծաում էի ես։ ― Նա պետք է լողալով անցնի, հակառակ դեպքում հալածողներից ազատվել չի կարող»։

Բայց ես իզուր էի անհանգստանում նրա համար․ փախստականը ծովախորշին հասնելով, իսկույն նետվեց ջուրը, արագորեն լող տալով անցավ, դուրս եկավ մյուս ափը և առանց դանդաղելու առաջ վազեց։

Նրան հետապնդող երեք վայրենիներից միայն երկուսը նետվեցին ջուրը, իսկ երրորդը սիրտ չարեց․ նա մի քիչ կանգնեց ափին, նայեց մյուս երկուսի հետևից, ապա շուռ եկավ և դանդաղորեն վերաարձավ։

Ես ուրախությամբ նկատեցի, որ փախստականին հետապնդող երկու վայրենիները կրկնակի չափով դանդաղ էին լող տալիս։

Եվ այդ ժամանակ մտածեցի, որ գործի անցնելու ժամանակն է։ Սիրտս բորբոքվեց։

«Այժմ կամ երբեք, ― ասացի ինքս ինձ և առաջ վազեցի։ ― Փրկել, ինչ գնով էլ լինի՝ փրկել այդ թշվառին»։

Առանց ժամանակ կորցնելու սանդուղքով ցած վազեցի դեպի լեռան ստորոտը, վերցրի այնտեղ թողած իմ հրացանը, նույն արագությամբ նորից բարձրացա սարը, իջա մյուս կողմով և վազեցի ուղիղ դեպի ծովը, որպեսզի վայրենիների առաջը կտրեմ։

Քանի որ լեռան լանջով ցած էի վազում ամենակարճ ճանապարհով, դրա համար էլ շուտով ընկա փախստականի և նրան հետապնդողների միջև։ Փախստականը շարունակում էր վազել առանց հետ նայելու և ինձ չնկատեց։

Ես ձայն տվի՝

― Կանգնի՛ր։

Նա հետ նայեց և, կարծում եմ, առաջին րոպեին ինձանից ավելի շատ վախեցավ, քան իրեն հետապնդողներից։ Ես նշան արի, որ մոտենա ինձ, իսկ ինքս դանդաղ քայլով գնացի առաջ վազող վայրենիների դիմաց։ Երբ նրանցից առաջինն ինձ հավասարվեց, անսպասելի հարձակվեցի նրա վրա և հրացանի կոթով գետին տապալեցի։ Կրակել չէի ուզում, որպեսզի մյուս վայրենիները չլսեն, թեև նրանք շատ հեռու էին և հազիվ թե լսեին կրակոցի ձայնը, իսկ եթե լսեին էլ, միևնույն է, չէին հասկանա, թե ինչ կատարվեց։

Երբ հետապնդողներից մեկն ընկավ, մյուսը, երևի վախից, կանգ առավ։ Իսկ ես շարունակում էի հանգիստ մոտենալ նրան։ Բայց երբ մոտեցա և նկատեցի, որ նրա ձեռքին նետ ու աղեղ կա, և նշան է բռնել ինձ, ակամայից ստիպված եղա կրակել։ Նշան բռնեցի, ոտքը քաշեցի և նրան տեղն ու տեղը պառկեցրի։

Թշվառ փախստականը, չնայած սպանել էի նրա երկու թշնամիներին (համենայն դեպս այդպես պետք է թվար նրան), այնքան էր վախեցել հրացանի որոտից ու հրից, որ շարժվելու ունակությունը կորցրել էր։ Նա կանգնել էր տեղում մեխվածի պես և չէր իմանում ինչ անի․ փախչի՞, թե մնա ինձ հետ, թեև, հավանորեն, կգերադասեր փախչել, եթե կարողանար։

Ես նորից սկսեցի կանչել նրան և նշաններ անել, որ մոտենա ինձ։

Նա հասկացավ․ մի երկու քայլ արեց և կանգ առավ, հետո նորից մի քանի քայլ արեց և մեխվածի պես մնաց տեղում։

Այդ ժամանակ նկատեցի, որ նա ամբողջ մարմնով դողում է․ խեղճը երևի վախենում էր, որ եթե իմ ձեռքն ընկնի, նրան էլ իսկույն կսպանեմ, ինչպես մյուս վայրենիներին։ Ես նորից նշան արեցի, որ մոտենա, և ընդհանրապես ամեն կերպ աշխատում էի սիրտ տալ նրան։

Նա ավելի ու ավելի էր մոտենում։ Յուրաքանչյուր տասը֊քսան քայլից հետո ծունկ էր չոքում։ Երևի ուզում էր շնորհակալությունը արտահայտել իր կյանքը փրկելու համար։

Ես սիրալիր ժպտում էի նրան և ամենաբայրակացամ ձևերով շարունակում էի ինձ մոտ կանչել։

Վերջապես վայրենին բոլորովին մոտեցավ։ Նա նորից ծունկ չոքեց, գետինը համբուրեց, երեսը սեղմեց հողին, ապա իմ ոտքը բարձրացնելով դրեց իր գլխին։ Այդ երևի նշանակում էր, որ նա երդվում է մինչև իր կյանքի վերջը մնալ իմ ստրուկը։

Ես նրան վեր կացրի և նույնպիսի սիրալիր, բարեկամական ժպիտով աշխատեցի ցույց տալ, որ ինձանից վախենալու առիթ չունի։

Հանկարծ նկատեցի, որ այն վայրենին, որին խփել էի հրացանի կոթով սպանված չէ, այլ միայն ուշագանց է եղել։ Նա շարժվեց, և սկսեց ուշքի գալ։

Ես փախստականին ցույց տվի նրան։

Քո թշնամին դեռ կենդանի է, նայիր։

Որպես պատասխան նա մի քանի խոսք ասաց, և թեպետ ոչինչ չհասկացա, սակայն նրա խոսքի հնչյուններն ինձ երժշտությունից էլ քաղցր թվացին․ չէ՞ որ քսանհինգ տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ այդ կղզում մարդու ձայն էի լսում։

Բայց այդպիսի խոհերով տարվելու ժամանակ չունեի․ ուշաթափված մարդակերն այնքան էր ուշքի եկել, որ արդեն նստել էր գետնին, և նկատեցի, որ իմ վայրենին նորից սկսել է վախենալ նրանից։ Հարկավոր էր հանգստացնել թշվառին։ Ես ուզեցի նշան բռնել նրա թշնամուն, բայց իմ վայրենին սկսեց նշաններով ինձ հասկացնել, որ իրեն տամ իմ գոտուց կախված մերկ թուրը։ Ես թուրը մեկնեցի նրան։ Նա իսկույն վերցրեց, նետվեց իր թշնամու մոտ և մի հարվածով թռցրեց թշնամու գլուխը։ Նրա այդ հմտությունն ինձ շատ զարմացրեց․ չէ՞ որ խեղճ վայրենին իր կյանքում երբեք ուրիշ զենք չէր տեսել բացի փայտե թրից։ Սակայն հետագայում իմացա, որ այստեղի վայրենիները թուր պատրաստելու համար փնտրում են այնքան ամուր փայտ և սրում են այնպես լավ, որ այդպիսի փայտե թրով գլուխը կարելի է թռցնել ո՛չ վատ, քան պողպատե թրով։ Իր թշնամու հետ այդ արյունոտ դատաստանը տեսնելուց հետո իմ վայրենին (այսուհետև նրան անվանելու եմ իմ վայրենի) ուրախ ժպիտով վերադարձավ ինձ մոտ, մի ձեռքում թուրը, մյուսում՝ սպանվածի գլուխը, և իմ առաջ մի շարք անհասկանալի շարժումներ անելով՝ զենքն ու գլուխը հանդիսավոր դրեց գետնին։

Նա տեսել էր, թե ինչպես սպանեցի իր թշնամիներից մեկին, և այդ շատ էր զարմացրել․ նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է մարդուն սպանել այդքան հեռվից։

Նա ցույց էր տալիս սպանվածին և նշաններով խնդրում էր, որ թույլ տամ գնա նայի։ Ես ևս նշանների օգնությամբ աշխատեցի հասկացնել, որ չեմ արգելում կատարելու իր այդ ցանկությունը, և նա իսկույն վազեց այնտեղ։ Մոտենալով դիակին՝ նա կանգ առավ և երկար ժամանակ զարմացած նայում էր։ Հետո կռացավ դիակի վրա և սկսեց շուռումուռ տալ մերթ մեկ, մերթ մյուս կողքի վրա։ Վերքը տեսնելով՝ նա ուշադիր նայեց։ Գնդակը դիպել էր վայրենու ուղիղ սրտին, և արյուն քիչ էր հոսել։ Տեղի էր ունեցել ներքին արյունահոսություն և մահը վրա էր հասել վայրկենապես։

Իմ վայրենին վերցրեց սպանվածի աղեղն ու կապարճը իր նետերով և վերադարձավ ինձ մոտ։ Ես իսկույն շուռ եկա և ճանապարհ ընկա, առաջարկելով նրան՝ հետևել ինձ։ Աշխատեցի նշաններով հասկացնել, որ այստեղ մնալ չի կարելի, որովհետև ծավափին գտնվող վայրենիները կարող են գալ նրան բռնելու։

Նա նույնպես նշաններով ինձ հասկացրեց, որ հարկավոր է սպանվածներին թաղել ավազում, որպեսզի թշնամիներն այստեղ գալու դեպքում չտեսնեն նրանց։ Ես համաձայնություն տվի և նա անմիջապես գործի անցավ։ Զարմանալի արագությամբ ձեռքերով մի փոս փորեց ավազում այնպիսի խորությամբ, որ մի մարդ կարող էր տեղավորվել այնտեղ, ապա ապանվածներից մեկին քաշ տվեց, գցեց այդ փոսը և ավազով ծածկեց։ Մյուսի հետ էլ վարվեց ճիշտ նույն ձևով։ Մի խոսքով ընդամենը մի տասնհինգ րոպեում նա երկուսին էլ թաղեց։

Դրանից հետո նրան հրամայեցի հետևել ինձ, և մենք ճանապարհ ընկանք։ Քայլում էինք երկար ժամանակ, որովհետև նրան իմ ամրոցը չտարա, այլ բոլորովին ուրիշ, կղզու ամենահեռավոր կողմը, իմ նոր քարայրը տարա։

Քարայրում նրան հաց տվի, մի ողկույզ չամիչ և մի քիչ ջուր։ Արագ վազքից հետո նա այս ամենի կարիքը շատ էր զգում։

Երբ կերավ, ուժերն ամրապնդեց, նրան ցույց տվի քարայրի մի անկյունը, որտեղ ես բրնձի ծղոտ ունեի փռած, և նշաններով հասկացրի, որ կարող է այստեղ պառկել գիշերելու։

Խեղճը պառկեց և անմիջապես քնեց։

Ես առիթից օգտվելով սկսեցի ավելի լավ դիտել նրան։

Դա մի բարձրահասակ, գեղեցկատես, հիանալի կազմվածքով երիտասարդ էր։ Նրա ձեռքերն ու ոտքերը մկանուտ էին, արտաքուստ կլիներ քսանհինգ֊քսանվեց տարեկան։ Նրա դեմքին չնկատեցի ոչ թաղիծ, ոչ դաժանություն․ դա եվրոպացու քաջարի և միաժամանակ նուրբ ու դուրեկան դեմք էր, և հաճախ նրա դեմքին երևում էր գեղեցկության արտահայտություն, մանավանդ, երբ ժպտում էր։ Նրա մազերը սև էին ու երկար, բայց գանգուր չէին ոչխարի բրդի նման, այլ երեսին էին թափվում ուղիղ փնջերով։ Նրա ճակատը լայն էր, բաց, մաշկի գույնը սև չէր, այլ մուգ դարչնագույն, բայց ոչ այն թուխ դեղնավուն գույնը, ինչպես ունենում են Բրազիլիայի բնիկները, այլ ավելի շուտ, աչքի համար շատ հաճելի, ձիթապտղի գույն ուներ։ Նրա երեսը կլոր էր, այտերը՝ լիքը, քիթը մեծ չէր, բայց ոչ տափակ, ինչպես նեգրերինն է լինում։ Բերանը գեղեցիկ էր, շրթունքները՝ նուրբ, իսկ ատամները՝ համաչափ ու սպիտակ փղոսկրի նման։

Կես ժամից ավելի չքնեց, ավելի շուտ՝ ոչ թե քնել էր, այլ ննջում էր։ Հետո վեր թռավ տեղից և այրից դուրս գալով՝ մոտեցավ ինձ։

Ես քարայրի դռանը այծերն էի կթում։ Հենց որ ինձ տեսավ, մոտ վազեց, նորից իմ առաջ ընկավ գետնին՝ զանազան նշաններով արտահայտելով իր շնորհակալությունը, հնազանդությունն ու նվիրվածությունը։

Երեսի վրա գետնին փռվելով՝ նորից իմ ոտքը դրեց իր գլխին և ընդհանրապես բոլոր միջոցներով աշխատում էր ապացուցել իր անսահման ստրկական հնազանդությունը և հասկացանել, որ այդ օրվանից ամբողջ կյանքում ծառայելու է ինձ։

Ես նրա ասածներից շատ բան հասկացա և աշխատում էի ներշնչել, որ իրենից միանգամայն գոհ եմ։

Առաջին իսկ օրվանից սկսեցի նրան անգլերեն բառեր սովորեցնել։ Ամենից առաջ հայտնեցի, որ իր անունը լինելու է Ուրբաթ (այդ անունը նրա համար ընտրեցի ի հիշատակ այն օրվա, երբ փրկել էի նրա կյանքը): Հետո սովորեցրի արտասանել իմ անունը, ասել «այո» ու «ոչ» և բացատրեցի այդ բառերի նշանակությունը։

Ես կավե ամանով կաթ բերի նրա համար և ցույց տվի, թե ինչպես պետք է հացը թրջել մեջը և ուտել։ Նա իսկույն սովորեց և սկսեց նշաններով հասկացնել, որ իմ հյուրասիրությունն իրեն շատ դուր եկավ։

Մենք գիշերեցինք քարայրում, բայց հենց որ լուսացավ, Ուրբաթին հրամայեցի հետևել ինձ և նրան տարա իմ ամրոցը։ Ես հասկացրի, որ ուզում եմ նրան հագուստ նվիրել։ Ըստ երևույթին նա շատ ուրախացավ, որովհետև բոլորովին մերկ էր։

Երբ անցնում էինք այնտեղով, ուր նախորդ օրը թաղել էինք երկու վայրենիներին, նա ինձ ցույց տվեց գերեզմանները և ամեն կերպ ուզում էր հասկացնել, որ մենք պետք է երկու դիակները հանենք, որպեսզի իսկույն ուտենք։

Ես շարժումներով հասկացրի, որ նրա ասածից խիստ զայրացա, որ ինձ համար այդպիսի բաներ լսելն անգամ զզվելի է, որ դրա մասին մտածելուց անգամ սիրտս խառնում է, որ ես կատեմ ու կարհամարեմ նրան, եթե ձեռք տա սպանվածներին։ Վերջապես ձեռքով վճռական նշան արի, հրամայելով հեռանալ գերեզմաններից։ Նա իսկույն հնազանդորեն հեռացավ։

Դրանից հետո մենք բարձրացանք բլուրը, որովհետև ուզում էի իմանալ, թե արդյոք դեռ այնտե՞ղ են վայրենիները։ Հանեցի դիտափողը և նայեցի այն կողմը, ուր նախորդ օրը տեսել էի նրանց։ Բայց վայրենիների հետքն անգամ չէր երևում․ ափի մոտ ոչ մի մակույկ չկար։ Կասկածից դուրս էր, որ վայրենիները գնացել էին նույնիսկ նեղություն չքաշելով որոնել իրենց երկու ընկերներին, որոնք մնացել էին կղզու վրա։

Այդ, իհարկե, ինձ ուրախացրեց, բայց ուզում էի ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքել իմ անկոչ հյուրերի մասին։ Չէ՞ որ հիմա ես մենակ չէի, ինձ հետ էր Ուրբաթը, և դրանից ավելի էի քաջացել, իսկ քաջության հետ իմ մեջ արթնացել էր նաև հետաքրքրությունը։

Ինչպես ասացի, մեզ մնացել էր սպանվածներից մեկի աղեղն ու նետերի կապարճը։ Ես Ուրբաթին թույլ տվի վերցնել այդ զենքը, և դրանից հետո նա գիշեր֊ցերեկ չէր բաժանվում դրանից։ Շուտով առիթ ունեցա համոզվելու, որ իմ վայրենին շատ լավ է տիրապետում նետ ու աղեղին։ Բացի դրանից նրան զինեցի նաև իմ թրով, տվեցի հրացաններից մեկը, իսկ ինքս վերցրի ուրիշ երկու հրացան, և մենք ճանապարհ ընկանք։

Երբ հասանք այնտեղ, ուր նախորդ օրը վայրենիներն էին խնջույք սարքել, մեր աչքի առաջ այնպիսի մի զարհուրելի տեսարան բացվեց, որ սիրտս ճմլվեց և արյունս պաղեց երակներիս մեջ։ Բայց Ուրբաթը բոլորովին չանհանգստացավ․ նման տեսարանները նրա համար զարմանալի չէին։

Գետինը շատ տեղ ծածկված էր արյունով։ Այստեղ֊այնտեղ թափված էին մարդկային խորոված մսի մնացորդներ։ Ամբողջ ափին ցրված էին ոսկորներ, երեք գանգ, հինգ ձեռք, երեք թե չորս ոտքի ոսկորներ և մարդու մարմնի ուրիշ շատ մասեր։

Ուրբաթը նշաններով ինձ պատմեց, որ վայրենիներն իրենց հետ բերել էին չորս գերի, որոնցից երեքին կերել են, իսկ չորրորդը ինքն է եղել։ (Այստեղ նա մատը դրեց իր կրծքին)։

Իհարկե, նրա պատմածները լրիվ չհասկացա, բայց և այնպես գլխի էի ընկնում, թե ինչ է ասում։ Նրա պատմելով մի քանի օր առաջ մի արյունռուշտ թագավորի հպատակ վայրենիները մեծ ճակատամարտ են ունեցել այն ցեղի հետ, որին պատկանում էր Ուրբաթը։ Մյուս վայրենիները հաղթել են և շատ գերիներ վերցրել։ Հաղթողները գերիներին բաժանել են իրենց մեջ և տարել զանազան տեղեր, որպեսզի սպանեն և ուտեն ճիշտ այնպես, ինչպես արեց վայրենիների այն խումբը, որը խնջույքի տեղ էր ընտրել իմ կղզու ափերը։

Ես Ուրբաթին հրամայեցի մի մեծ խարույկ վառել, ապա հավաքել բոլոր ոսկորներն ու մսի մնացորդները, գցել խարույկի մեջ ու այրել։

Նկատեցի, որ նա շատ է ուզում մարդու մսի համ տեսնել (և այդ զարմանալի էլ չէ․ նա էլ մարդակեր էր)։ Բայց նորից զանազան նշաններով հասկացրի, որ այդպիսի բանի մասին մտածելն անգամ ինձ համար գարշելի ու զզվելի է, և սպառնացի, որ եթե իմ հրամանն ամենափոքր չափով անգամ խախտի, կսպանեմ շան նման։

Դրանից հետո մենք վերադարձանք իմ ամրոցը, և ես առանց ուշացնելու սկսեցի հագուստ կարել իմ վայրենու համար։

Ամենից առաջ նրան վարտիք հագցրի։ Խորտակված նավից վերցրած սնդուկներից մեկում գտել էի մի զույգ քաթանե վարտիք, որոնք պետք եղավ միայն մի փոքր ձևափոխել։ Այնուհետև այծի մորթուց նրա համար բաճկոն կարեցի, բոլոր ջանքերս գործադրելով, որ լավ ստացվի (այդ ժամանակ արդեն բավական հմուտ դերձակ էի դարձել)։ Բացի դրանից, նրա համար այծի մորթուց մի շատ հարմար ու բավական գեղեցիկ փափախ կարեցի։

Այսպիսով նա ոտքից գլուխ հագնվեց և, ըստ երևույթին, շատ գոհ էր, որ իր հագուստը իմից վատը չէ։

Ճիշտ է, նա հագուստի մեջ իրեն ազատ չէր զգում, որովհետև ամբողջ կյանքում մերկ էր եղել․ առանձնապես նրան խանգարում էր վարտիքը։ Գանգատվում էր նաև բաճկոնից․ ասում էր, որ թևքերը ճնշում են իր կռնատակերը և սեղմում են ուսերը։ Ստիպված եղա որոշ վերափոխումներ անել, բայց կամաց֊կամաց նա վարժվեց իր հագուստին։

Մյուս օրն սկսեցի մտածել, թե Ուրբաթին որտեղ քնեցնեմ։ Կուզեի հարմար տեղ տալ նրան, բայց դեռ այնքան էլ վստահ չէի նրա վրա և վախենում էի իմ կողքին տեղավորել։ Ես նրա համար մի փոքրիկ վրան խփեցի իմ ամրոցի երկու պարիսպների միջև եղած ազատ տարածության մեջ, այնպես որ նա տեղավորվեց իմ բնակարանի ցանկապատից դուրս։

Սակայն այս նախազգուշությունը բոլորովին ավելորդ էր։ Շուտով Ուրբաթն ապացուցեց, թե որքան անձնուրաբար է սիրում ինձ։ Ես չէի կարող բարեկամ չճանաչել նրան և վերջ տվի նրանից զգուշանալուն։

Երբեք ոչ մի մարդ չի ունեցել այդքան սիրող, այդքան նվիրված ու հավատարիմ ընկեր։ Նա իմ նկատմամբ չէր ցուցաբերում ոչ ջղայնություն, ոչ խորամանկություն։ Միշտ սիրալիր ու պատրաստակամ՝ կապված էր ինձ հետ, ինչպես երրեխան՝ հարազատ հոր հետ։ Համոզված եմ, որ եթե հարկ լիներ, նա ուրխությամբ իր կյանքը կզոհեր ինձ համար։

Ես շատ բախտավոր էի զգում ինձ, որ վերջապես ընկեր ունեցա և որոշեցի սովորեցնել ամեն բան, ինչ֊որ կարող է օգուտ բերել նրան, բայց ամենից առաջ՝ սովորեցնել խոսել իմ հայրենիքի լեզվով, որպեսզի մենք կարողանանք հասկանալ միմյանց։ Եվ Ուրբաթն այնպիսի ընդունակ աշակերտ դուրս եկավ, որ ավելի լավն սպասելն չէր կարելի։

Ամենաարժեքավորն այն էր, որ նա սովորում էր մեծ ջանասիրությամբ, միշտ պատրաստ էր լսելու ինձ և երջանիկ էր զգում իրեն, երբ հասկանում էր, թե ինչ եմ հարցնում։ Դրա համար էլ ինձ համար մեծ բավականություն էր դասեր տալ նրան և զրուցել հետը։

Այն օրվանից, երբ Ուրբաթն ինձ մոտ էր, իմ կյանքն այնքան դուրեկան ու հեշտ դարձավ, որ եթե մյուս վայրենիների հարձակման վտանգը չլիներ, կարծում եմ՝ առանց ափսոսանքի կհամաձայնեի այդ կղզում մնալ մինչև իմ կյանքի վերջը։

Comments