Chapter 18
Տասնութերորդ գլուխ - Վայրենիները նորից այցելում եմ Ռոբինզոնի կղզին։ Նավի խորտակումը
Վրա հասավ դեկտեմբեր ամիսը, հարկավոր էր բերքը հավաքել։ Աշխատում էի առավոտից մինչև երեկո։ Մի օր տանից դուրս եկա շատ վաղ, երբ դեռ բոլորովին չէր լուսացել, և ինձ շատ զարմացրեց և սարսափեցրեց այն, որ իմ քարանձավից ընդամենը երկու մղոն հեռավորության վրա, ծովափին տեսա մի մեծ խարույկի բոց։
Նշանակում է նորից վայրենիներ են երևացել իմ կղզում, և երևացել են ո՛չ այն ափին, ուր ես համարյա երբեք չէի լինում, այլ այստեղ, ինձանից ոչ հեռու։ Զարմանքից ու վախից քար կտրեցի։
Ես կանգ առա իմ տունը շրջապատող անտառում և չէի համարձակվում մի քայլ անել, վախենալով, թե որտեղ որ է՝ վայրենիների կհանդիպեմ։
Սակայն անտառում մնալն ինձ չէր հանգստացնում․ վախենում էի, որ եթե վայրենիներն սկսեն կղզում շրջել, կտեսնեն իմ մշակած հողերը, իմ այծերի հոտը, իմ բնակարանը, իսկույն կհասկանան, որ այստեղ մարդիկ են ապրում, և չեն հանգստանա, մինչև չգտնեն ինձ։ Դանդաղել չէր կարելի։ Ես շտապ վերադարձա, անցա ցանկապատի հետևը, սանդուխքը վերցրի, որպեսզի իմ հետքը կորցնեմ և սկսեցի պատրաստվել պաշտպանության։
Ես լցրի իմ հրետանին (այդպես էի անավանում իմ մուշկետոնները), զննեցի ու լցրի երկու ատրճանակներս և որոշեցի պաշտպանվել մինչև վերջին շունչս։
Մոտ երկու ժամ մնացի իմ ամրոցում, մտածելով, թե էլի ինչ ձեռնարկեմ ամրոցի պաշտպանության համար։
«Ափսոս, որ իմ ամբողջ զորքը բաղկացած է միայն մեկ մարդուց, ― մտածում էի ես։ Նույնիսկ լրտեսներ չունեմ, որոնց կարողանայի ուղարկել հետախուզության»։
Ինչ է կատարվում թշնամու ճամբարում․ ես չգիտեի։ Այդ անհայտությունը տանջում էր ինձ։ Վերցրի դիտափողս, սանդուխքը դեմ արի ժայռին և բարձրացա կատարը։ Այնտեղ փորիս վրա պառկեցի և դիտափողն ուղղեցի այն կողմը, ուր խարույկն էի տեսել։ Պարզվեց, որ վայրենիները տասը մարդուց պակաս չեն։ Նրանք բոլորովին մերկ նստած էին խարույկի շուրջը։
Իհարկե, խարույկը տաքանալու համար չէին վառել․ դրա կարիքը նրանք չունեին, որովհետև շոգ օր էր։ Համոզված էի, որ այդ խարույկի վրա նրանք ճաշ էին պատրաստում մարդկային մսից։ Որսը, անտարակույս, արդեն պատրաստ էր, բայց կենդանի էր թե սպանված՝ չիմացա։
Մարդակերները կղզի էին եկել երկու մակույկով, որոնք այժմ կանգնած էին ավազի վրա։ Տեղատվության ժամանակն էր, և իմ զարհուրելի հյուրերն, ըստ երևույթին, սպասում էին մակընթացությանը, որպեսզի հետ գնան։
Այդպես էլ եղավ․ հենց որ մակընթացությունն սկսվեց, վայրենիները նետվեցին մակույկները և գնացին։ Մոռացա ասել, որ մեկնելուց մեկ, մեկուկես ժամ առաջ նրանք պարում էին ծովափին․ իմ դիտափողի օգնությամբ լավ տեսնում էի նրանց վայրենի շարժումները և ցատկրտոցը։
Հենց որ համոզվեցի, որ վայրենիները հեռացան կղզուց ու անհետացան, ժայռի գլխից ցած իջա, երկու հրացանն էլ ուսս գցեցի, երկու ատրճանակները գոտիս խրեցի, վերցրի իմ մեծ թուրը և առանց ժամանակ կորցնելու գնացի դեպի այն բլուրը, որտեցից իմ առաջին դիտողություններն էի կատարում ծովափին մարդու հետք հայտնաբերելուց հետո։
Հասնելով այդտեղ (որ տևեց առնվազն երկու ժամ, որովհետև ես ծանրաբեռնված էի զենքերով), նայեցի ծովի կողմը և տեսա էլի երկու մակույկ, որոնց մեջ վայրենիներ էին նստած և կղզու կողմից թիավարում էին դեպի մայր ցամաքը։
Այս բանը ինձ սարսափեցրեց։ Վազեցի ծովափ և քիչ մնաց պիտի ճչայի զայրույթից, երբ տեսա հենց նոր տեղի ունեցած դաժան խնջույքի մնացորդները․ ամենուրեք թափված էին արյուն, մարդու ոսկորներ ու մսի մնացորդներ, որոնք կերել էին այդ մարդակերները՝ պարելով և ուրախանալով։
Ինձ այնպիսի զայրույթ համակեց, այնպիսի ատելություն զգացի այդ մարդասպանների նկատմամբ, որ իմ մեջ ցանկություն առաջացավ անողոքաբար վրեժ առնել նրանցից այդ արյունռուշտության համար։ Ինքս ինձ երդվեցի, որ հաջորդ անգամ, եթե նորից տեսնեմ իրենց գարշելի խնջույքը ծովի ափին, հարձակվեմ նրանց վրա և ոչնչացնեմ բոլորին, քանի հոգի էլ լինեն։
«Թող ես զոհվեմ անհավասար կռվի մեջ, թող նրանք հոշոտեն ինձ, ― ասում էի ինքս ինձ, ― բայց հո չեմ կարող հանդուրժել, որ իմ աչքի առաջ մարդիկ մարդ ուտեն և անպատիժ մնան»։
Սակայն անցավ տասնհինգ ամիս, բայց վայրենիները չէին երևում։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում իմ մեջ չէր մարում մարտական ոգին․ շարունակ մտածում էի այն մասին, թե ինչպես պետք է ոչնչացնեմ մարդակերներին։
Որոշել էի անակնկալ կերպով հարձակվել նրանց վրա, մանավանդ եթե դարձյալ բաժանված լինեն երկու խմբի, ինչպես վերջին անգամ էին արել։
Այն ժամանակ չէի մտածում, որ եթե նույնիսկ ոչնչացնեմ իմ կղզին եկած վայրենիներին (ասենք թե նրանք տասը֊տասներկու մարդ լինեն), ապա հաջորդ օրը, կամ մի շաբաթ հետո, կամ գուցե մեկ ամիս հետո ստիպված պիտի լինեմ գործ ունենալ նորանոր վայրենիների հետ։ Հետո նորից նոր խմբերի հետ, և այսպես անվերջ, մինչև որ ինքս էլ դառնամ նույնպիսի անողոք մարդասպան, ինչպիսին այդ թշվառ արարածները, որոնք իրենց եղբայրակիցների միսն են խժռում։
Տասնհինգ թե տասնվեց ամիս ես անցկացրի անընդհատ տագնապի մեջ։ Վատ էի քնում, ամեն գիշեր սոսկալի երազներ էի տեսնում և հաճախ անկողնուց դուրս էի թռչում ամբողջովին դողալով։
Երբեմն ինձ թվում էր, թե կոտորում եմ վայրենիներին, և երազումս վառ պատկերացնում էի կռվի բոլոր մանրամասնությունները։ Ցերեկն էլ ոչ մի րոպե հանգիստ չունեի։ Շատ հնարավոր է, որ հոգեկան այդպիսի անհանգիստ վիճակը վերջ ի վերջո ինձ կհասցներ ցնորամտության, եթե հանկարծ տեղի չունենար մի դեպք, որն անմիջապես իմ մտքերն ուղղեց ուրիշ կողմ։
Այդ բանը տեղի ունեցավ կղզում գտնվելուս քսանչորսերորդ տարին, մայիսի կեսին, եթե հավատալու լինեք իմ փայտե օրացույցին։
Մայիսի 16֊ի ամբողջ օրը զարհուրելի փոթորիկ էր, որոտում էր շանթը, փայլատակում էին կայծակները, մրրիկը ոչ մի րոպե չէր մեղմանում։ Ցերեկվան փոխարինեց նույնպիսի փոթորկալից գիշերը։ Ուշ երեկոյան գիրք էի կարդում, աշխատելով մոռացության տալ իմ անհանգիստ վիճակը։ Հանկարծ թնդանոթի կրակոց լսեցի։ Ինձ թվաց, թե կրակոցը եկավ ծովի կողմից։
Վեր թռա տեղիցս, իսկույն սանդուխքս դեմ տվի ժայռին և աշխատելով թանկագին ժամանակից ոչ մի վարկայն չկորցնել՝ աստիճաններով վեր բարձրացա։ Ճիշտ այն րոպեին, երբ արդեն լեռան գագաթին էի, իմ առջև հեռու ծովում մի կրակ փայլատակեց, և իրոք, կես րոպե չանցած լսվեց թնդանոթի երկրորդ կրակոցը։
«Ծովում նավ է խորտակվում, ― ասացի ինքս ինձ։ ― Նա ազդանշան է տալիս, հույս ունի, որ փրկության կհասնեն։ Երևի մոտերքում որևէ ուրիշ նավ էլ կա, որին օգնության են կանչում»։
Ես հուզվեցի ու այլայլվեցի, սակայն ամենևին չշփոթվեցի և անմիջապես մտածեցի, որ թեև ուժ չունեմ այդ մարդկանց օգնելու, բայց կարող է պատահել, որ նրանք ինձ օգնեն։ Անմիջապես հավաքեցի մոտերքում եղած չոր փայտերը և վառեցի։ Չնայած ուժեղ քամուն՝ չոր փայտը շուտով բորբոքվեց և այնպիսի թեժ խարույկ ստացվեց, որ նավից, եթե միայն դա իրոք նավ էր, չէին կարող չնկատել իմ ազդանշանը։ Եվ, անտարակույս, իմ կրակը նկատեցին, որովհետև, հենց որ բոցը բարձրացավ, նորից ու նորից թնդանոթի կրակոցներ լսվեցին շարունակ միևնույն կողմից։
Ամբողջ գիշերը, մինչև առավոտ կրակը վառ էի պահում, իսկ երբ բոլորովին լուսացավ, և լուսադեմի մշուշը փոքր֊ինչ ցրվեց, ծովում, ուղիղ արևելյան կողմում տեսա մի ինչ֊որ մուգ բան։ Սակայն նույնիսկ դիտափողով չկարողացա որոշել, թե դա նավի իրա՞նն էր, թե՝ առագաստը, որովհետև շատ հեռու էր, իսկ ծոովը դեռ թողված էր մշուշի մեջ։
Ամբողջ առավոտը դիտում էի ծովում երևացող առարկան և շուտով համոզվեցի, որ անշարժ է։ Մնում էր ենթադրել, թե դա խարիսխ գցած նավ է։
Ես չդիմացա, վերցրի հրացանս, դիտափողս և վազեցի դեպի հարավ֊արևելյան ափը, այնտեղ, ուր սկսվում էր ծովի մեջ խորացող քարաժայռերի շարքը։
Մառախուղն արդեն ցրվել էր, և, բարձրանալով մոտակա ժայռի գագաթը, կարողացա նկատել, որ դա խորտակաված նավի իրան է։ Սիրտս կծկվեց ցավից։ Հավանորեն դժբախտ նավը գիշերը զարկվել էր ստորջրյա ժայռերին և կանգ առել այնտեղ, որտեղ այդ ժայռերը փակում էին ծովային հոսանքի ուղին։ Դրանք այն նույն ժայռերն էին, որոնք մի ժամանակ մահ էին սպառնում ինձ։
Եթե նավաբեկյալները կղզին նկատեին, ամենայն հավանականությամբ մակույկները կիջեցնեին և կփորձեին ափ հասնել։
Բայց ինչու՞ նրանք թնդանոթ արձակեցին իմ խարույկը վառվելուն պես։
Գուցե խարույկը տեսնելով նրանք ջուրն են իջեցրել փրկարար նավակը և սկսել են թիավարել դեպի ափը, բայց չեն կարողացել հաղթահարել կատաղի փոթորիկը և խեղդվել են ալիքների մեջ։ Կամ գուցե դեռ նավաբեկումից առաջ նրանք մնացել են առանց մակույկների։ Չէ՞ որ փոթորկի ժամանակ պատահում է, երբ նավն սկսում է սուզվել,մարդիկ ստիպված են լինում ամեն ինչ ցած թափել, որպեսզի նավը թեթևանա, երբեմն գցում են նույնիսկ մակույկները։ Գուցե այդ նավը մենակ է եղել։ Գուցե նրա հետ ծովում էլի երկու֊երեք նավ են եղել և ազդանաշանը լսելով՝ մոտեցել են անբախտ ընկերոջը և նրա անձնակազմը վերցրել են իրենց նավը։ Ասենք այդ հազիվ թե պատահած լիներ, քանի որ ուրիշ ոչ մի նավի հետք չտեսա։
Բայց ինչ բախտ էլ վիճակված լիներ տարաբախտներին, օգնել չէի կարող, կարող էի միայն ողբալ նրանց կործանումը։
Ես խճում էի և՛ նրանց, և՛ ինձ։
Այդ օրը առաջվանից ավելի տանջալից կերպով զգացի իմ մենակության ամբողջ սարսափը։ Հենց որ նավը տեսա, իսկույն հասկացա, թե որքան եմ կարոտել մարդկանց, որքան ուժեղ եմ ցանկանում տեսնել նրանց դեմքը, լսել նրանց ձայնը, սեղմել նրանց ձեռքերը, խոսել նրանց հետ։ Իմ կամքից անկախ շարունակ կրկնում էի․ «Ախ, եթե գոնե երկու֊երեք մարդ, կամ թեկուզ մեկ մարդ նրանցից լող տված լիներ դեպի իմ կղզին ու ազատված։ Նա կլիներ իմ ընկերն ու բարեկամը, և ես կկարողանայի նրա հետ բաժանել իմ և՛ ուրախությունը, և՛ վիշտը։
Մենակության տարիների ընթացքում ես ոչ մի անգամ մարդ տեսնելու այդպիսի բուռն ցանկություն չէի ունեցել։
― Ախ, գոնե մեկը։ Ախ, եթե գոնե մեկը փրկված լիներ… ― կրկնում էի ես հազար ու հազար անգամ։
Եվ այս բառերն իմ մեջ այնպիսի թախիծ էին առաջացնում, որ ես ջղաձգաբար սեղմում էի իմ բռունցքները ու ատամները, այնքան ամուր, որ հետո երկար ժամանակ բացել չէի կարողանում։