Chapter 14
Տասնչորսերորդ գլուխ - Ռոբինզոնը պատրաստում է ավելի փոքր չափսի մի ուրիշ մակույկ և փորձում է նավարկել կղզու շուրջը
Անցավ էլի հինգ տարի, և այդ ժամանակամիջոցում, որքան հիշում եմ, ոչ մի արտակարգ դեպք չպատահեց։
Իմ կյանքը ընթանում էր առաջվա պես մեղմ ու խաղաղ։ Ապրում էի իմ հին տեղը և առաջվա պես ամբողջ ժամանակս նվիրում էի աշխատանքի ու որսի։
Այժմ արդեն այնքան հացահատիկ ունեի, որ իմ ցանքն ինձ կբավականացներ անբողջ տարին։ Խաղող նույնպես շատ ունեի։ Դրա շմորհիվ ես անտառում ու դաշտում ավելի շատ էի աշխատում, քան առաջ։
Բայց իմ գլխավոր զբաղմունքը մի նոր մակույկ կառուցելն էր։ Այս անգամ ոչ միայն մակույկ շինեցի, այլև ջուրն իջեցրի։ Այդ մակույկը ծովախորշը հասցրի մի նեղլիկ ջրանցքով, որ ստիպված եղա փորել կես մղոն երկարությամբ։
Իմ առաջին մակույկը, ինչպես արդեն ընթերցողը գիտի, պատրաստել էի այնպիսի մեծ չափսերով, որ ստիպված էի թողնել իր տեղում որպես իմ հիմարության հուշարձան։ Այդ մակույկն ինձ շարունակ հիշեցնում էր, որ առաջիկայում ավելի խելացի պետք է լինել։
Բայց այժմ շատ ավելի փորձված էի։ Ճիշտ է, այս անգամ մակույկը շինեցի ջրից մոտ կես մղոն հեռու, բայց այժմ, համենայն դեպս, վստահ էի, որ ինձ կհաջողվի ջուրն իջեցնել։ Տեսնում էի, որ այս անգամ սկսածս գործը իմ ուժերից վեր չէ, և հաստատորեն որոշեցի մինչև վերջ հասցնել այդ գործը։ Համարյա երկու տարի զբաղվեցի մակույկի կառուցումով։ Այնքան շատ էի ուզում ծովում նավարկելու հնարավորություն ստանալ, որ ոչ մի ճիգ ոը ջանք չէի խնայում։
Սակայն, պետք է նկատել, որ այդ նոր մակույկը շինել էի ամենևին ոչ այն նպատակով, որ հեռանամ իմ կղզուց։ Այդ մտքին ես վաղուց էի հրաժեշտ տվել։ Մակույկն այնքան փոքրիկ էր, որ չէր էլ կարելի մտածել, թե նրանով հնարավոր է նավարկել այն քառասուն կամ գուցե և ավելի մղոնը, որ իմ կղզին բաժանում էր մայր ցամաքից։
Հիմա ավելի համեստ նպատակ ունեի․ պտտել կղզու շուրջը, ուրիշ ոչինչ։ Արդեն մի անգամ եղել էի կղզու հակադիր ափում և իմ կատարած հայտնագործություններն այնպես էին հետաքրքրել ինձ, որ դեռ այն ժամանակ ցանկանում էի դիտել ինձ շրջապատող բոլոր ափերը։
Եվ ահա այժմ, երբ արդեն մակույկ ունեի, որոշեցի ինչ գնով էլ լինի՝ ծովով պտտել իմ կղզու շուրջը։ Ճանապարհ ընկնելուց առաջ խնամքով նախապատրաստվեցի առաջիկա նավարկությանը։ Մակույկիս համար մի փոքրիկ կայմ շինեցի և նույնպիսի փոքրիկ առագաստ կտրեցի իմ ունեցած պարուսինի առատ պաշարից։
Երբ մակույկը պատրաստ էր, փորձեցի ինչպես է գնում և համոզվեցի, որ առագաստով միանգամայն գոհացուցիչ ընթացք ունի։ Հետո սկսեցի նավախելին ու նավաքթին փոքրիկ արկղներ շինել, որպեսզի անձրևից ու ալիքներից պաշտպանեմ ուտելիքի պաշարը, վառոդը և մյուս կարևոր բաները, որ պիտի վերցնեի ինձ հետ։ Հրացանի համար մակույկի հատակում մի նեղ, երկար փոս փորեցի։
Այնուհետև նավախելին ամրացրի բացված հովանոցը, այնպիսի դիրք տալով նրան, որ ուղիղ իմ գլխավերևում լինի և ինձ պաշտպանի արևի ճառագայթներից։
Նոյեմբերի 6֊ին, իմ թագավորության կամ իմ գերության, ― ինչպես կուզեք անվանեցեք, ― վեցերորդ տարում ես ճանապարհ ընկա։
Նավարկեցի շատ ավելի երկար, քան սպասում էի։ Բանն այն է, որ թեև իմ կղզին մեծ չէր, սակայն երբ գնացի դեպի նրա արևելյան ափերը, իմ առաջ ծառացավ մի անսպասելի խոչընդոտ։ Այդտեղ ափից անջատվում էր ժայռերի մի նեղ շարք։ Ժայռերից մի քանիսը ջրի երեսն էին դուրս եկել, շատերն էլ ջրի տակ թաքնված էին։ Այդ ժայռերի շարքը վեց մղոնաչափ ձգվում էր դեպի բաց ծովը, իսկ այնուհետև, ժայռերից դենը էլի մեկ ու կես մղոնաչափ փռված էր ավազոտ ծանծաղուտը։ Այսպիսով, այս ցամաքալեզուն շրջանցելու համար ստիպված էի բավական հեռանալ ափից։ Դա շատ վտանգավոր բան էր։ Ես նույնիսկ ուզում էի վերադառնալ, որովհետև չէի կարող ճշտորեն որոշել, թե ստորջրյա ժայռերը շրջանցրլու համար որքան պիտի նավարկեմ բաց ծովով և վախենում էի վտանգի ենթարկվելուց։ Բացի դրամից, չգիտեի, թե կհաջողվի՞ ինձ հետ դառնալ։ Դրա համար էլ խարիսխ գցեցի (ճանապարհ ընկնելուց առաջ ես նավից վերցրած երկաթից խարսխի նման մի բան էի շինել), հրացանը ձեռքս առա և ափ դուրս եկա։ Ոչ հեռու մի բավական բարձր սար տեսնելով՝ բարձրացա նրա գագաթը, աչքով չափեցի ժայռերի շարքի երկարությունը, որ այստեղից հիանալի երևում էր, և որոշեցի սիրտ անել առաջ գնալ։
Բայց դեռ ժայռերի շարքին չհասած՝ ընկա մի սոսկալի խորության մեջ, որից հետո էլ ծովային մի զորեղ հոսանք նավակս առաջ քշեց։ Հոսանքը պտտեցնում էր ջրաղացի ջրի պես, ապա առավ իր մեջ ու քշեց տարավ։ Դեպի ափ շուռ գալու կամ մի կողմի վրա թեքվելու մասին մտածելն անգամ ավելորդ էր։ Միակ բանը, որ կարող էի անել, այդ այն էր, որ ինձ պահում էի հոսանքի եզրին և աշխատում էի մեջտեղը չընկնել։
Իսկ հոսանքն ինձ ավելի ու ավելի հեռու էր քշում։ Եթե գեթ մի թեթև քամի լիներ, կարող էի առագաստը բարձրացնել, բայց ծովի վրա լիակատար հանդարտություն էր։ Բոլոր ուժերս լարած աշխատում էի թիակներով, սակայն հոսանքին հաղթահարել չէի կարողանում և արդեն հրաժեշտ էի տալիս կյանքին։ Գիտեի, որ մի քանի մղոնից հետո այն հոսանքը, որի մեջ ընկել եմ ես, միանալու է կղզին շրջանցող մի ուրիշ հոսանքի հետ, և եթե մինչ այդ ինձ չհաջողվի մի կողմի վրա թեքվել, կորած եմ։ Իսկ թեքվելու որևէ հնարավորություն չէի տեսնում։ Փրկություն չկար․ ինձ անխուսափելի մահ էր սպառնում, այն էլ ոչ թե ծովի ալիքների մեջ, որովհետև ծովը խաղաղ էր, այլ սովից։
Ճիշտ է, ծովի ափին գտել էի մի կրիա, այնքան խոշոր, որ հազիվ բարձրացրի ու գցեցի մակույկի մեջ, ունեի նաև խմելու ջրի բավականին պաշար (վերվրել էի իմ կավե կճուճներից ամենամեծը)։ Բայց դա ի՜նչ նշանակություն ունի այն ողորմելի էակի համար, որը կորել է անծայրածիր օվկիանոսում, որտեղ հազարավոր մղոններ կարելի է լողալ և ցամաքի նշան անգամ չտեսնել։
Իմ ամայի կղզին այժմ ինձ թվում էր երկրային դրախտ, և իմ միակ ցանկությունն էր վերադառնալ այդ դրախտը։ Բուռն կարոտով ձեռքերս մեկնում էի դեպի կղզին ու բացականչում։
― Օ՜, ինձ երջանկություն պարգևող անապատ։ Ես այլևս չեմ տեսնի քեզ։ Օ՜, ի՞նչ է լինելու իմ վերջը։ Ո՞ւր են քշում ինձ անողոք ալիքները։ Որքա՜ն անշնորհակալ էի ես, երբ տրտնջում էի իմ մենակությունից և անիծում այն չքնաղ կղզին, որտեղ ապաստան էր տվել ինձ իմ բարի բախտը։
Այո, այժմ իմ կղզին ինձ համար թանկ էր ու սիրելի, և տանջալի էր մտածել, որ հավիտենապես պետք է հրաժեշտ տամ այդ կղզին տեսնելու հույսին։
Հոսանքը քշում ու քշում էր ինձ դեպի ջրային անծայրածիր հեռուները։ Եվ թեպետ ես մահացու վախ ու հուսահատություն էի ապրում, բայց և այնպես այդ զգացմունքներին չէի ենթարկվում, այլ անդադար շարունակում էի թիավարել, աշխատելով մակույկն ուղղել դեպի հյուսիս, որպեսզի հոսանքը կտրեմ և շրջանցեմ ծովախութերը։
Հանկարծ կեսօրին մոտ թեթև քամի սկսվեց։ Դա ինձ սիրտ տվեց։ Բայց պատկերացրեք իմ ուրախությունը, երբ քամին սկսեց արագորեն ուժեղանալ և կես ժամից հետո արդեն բավական ուժեղ էր փչում։
Մինչ այդ արդեն իմ կղզուց շատ հեռու էի քշվել։ Եթե այդ ժամանակ մառախուղ բարձրանար, իմ վերջն էր։ Մոտս կողմնացույց չկար, և եթե իմ կղզին տեսողությունից կորցնեի, չէի իմանա, թե որ ուղղությամբ պիտի գնալ, այնտեղ հասնելու համար։ Բայց իմ բախտից արևոտ օր էր և մառախուղի նշան չկար։ Ես կայմը կանգնեցրի, առագաստը բարձրացրի և սկսեցի թիավարել դեպի հյուսիս, աշխատելով դուրս գալ հոսանքից։
Հենց որ իմ մակույկը քամու ուղղությունը բռնեց և գնաց հոսանքին հակառակ, այդ հոսանքի մեջ փոփոխություն նկատեցի․ ջուրն ավելի սպիտակավուն դարձավ։ Հասկացա, որ հոսանքն ինչ֊որ պատճառով սկսում է թուլանալ, որովհետև առաջ, երբ այն ավելի ուժեղ էր, ջուրը շարունակ պղտոր էր։ Եվ իրոք, շուտով իմ աջ թևի վրա, դեպի արևելք նկատեցի ժայռեր (նրանց կարելի էր հեռվից տարբերել այն ճերմակ ալիքներից, որոնք ալեկոծում էին յուրաքանչյուրի շուրջը)։ Ահա հենց այդ ժայռերն էլ փակում էին հոսանքի ուղին և դանդաղեցնում նրա ընթացքը։
Շուտով համոզվեցի, որ այդ ժայռերը ոչ միայն դանդաղեցնում են հոսանքը, այլև բաժանում են այն երկու մասի, որոնցից գլխավորը ժայռերը ձախ կողմը թողնելով, միայն թեթևակի թեքվում է դեպի հարավ, իսկ մյուսը կտրուկ կերպով հետ է դառնում և ուղղվում հյուսիս֊արևմուտք։
Թե ինչպիսի ցնծության մեջ էի այս հայտնագործությունից, հասկանալ կարող են միայն նրանք, ովքեր փորձից գիտեն, թե ինչ է նշանակում ներում ստանալ կառափնարանի վրա կանգնած րոպեին, կամ ավազակներից փրկվել վերջին րոպեին, երբ արդեն դանակը սեղմում էր կոկորդը։
Ուրախությունից թպրտացող սրտով իմ մակույկը թեքեցի դեպի հետ դարձող հոսանքը, առագաստը հարմարեցրի համընթաց քամուն, որն ավելի էր ուժեղացել և ուրախ֊ուրախ սլացա դեպի կղզին։
Երեկոյան ժամը հինգի կողմը ես մոտեցա ափին և մի հարմար տեղ ընտրելով՝ մակույկս կանգնեցրի։
Դժվար է նկարագրել այն ուրախությունը, որ ապրեցի, երբ իմ ոտքերի տակ ամուր գետին զգացի։
Որքա՜ն սիրելի թվաց ինձ իմ բարեբեր կղզու յուրաքանչյուր ծառը։ Ջերմ զգացմունքով էի նայում այն բլուրներին ու հովիտներին, որոնք դեռ երեկ թախիծ էին առաջացնում իմ սրտում։ Որքա՜ն ուրախ էի ես, որ նորից կտեսնեմ իմ դաշտերը, իմ պուրակները, իմ քարանձավը, իմ հավատարիմ շանը, իմ այծերին։ Որքա՜ն գեղեցիկ էր երևում ինձ ծովի ափից դեպի իմ տաղավարը տանող ճանապարհը։
Արդեն երեկո էր, երբ հասա իմ անտառային ամառանոցը։ Ցանկապատի վրայով ներս մտա, ստվերում պառկեցի և սոսկալի հոգնած լինելով՝ շուտով քուն մտա։
Բայց որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ ինձ արթնացրեց ինչ֊որ մեկի ձայնը։ Այո, այդ մարդկային ձայն էր։ Այստեղ կղզու վրա մարդ կար և նա գիշերվա կեսին բարձրաձայն կանչում էր․
― Ռոբին, Ռոբին, Ռոբին Կրուզո։ Խե՜ղճ Ռոբին Կրուզո։ Որտե՞ղ ես ընկել։ Ինչպե՞ս ընկար այստեղ։
Երկար թիավարելուց հոգնած լինելով՝ այնպես խորն էի քնել, որ միանգամից արթնանալ չկարողացա, և երկար ժամանակ ինձ թվում էր, թե այդ ձայնը երազում եմ լսում։
Բայց ձայնը կրկնվում էր․
― Ռոբին Կրուզո, Ռոբին Կրուզո։
Վերջապես ես ուշքի եկա և հասկացա, թե որտեղ եմ գտնվում։ Իմ առաջին զգացմունքը եղավ սոսկալի վախը։ Վեր թռա սարսափահար շուրջս նայելով և հանկարծ գլուխս բարձրացնելով, ցանկապատի վրա տեսա իմ թութակին։
Իհարկե, իսկույն հասկացա, որ հենց նա էր կրկնում այդ խոսքերը։ Ճիշտ այդպիսի ողբալի ձայնով հաճախ նրան ասում էի այդ նախադասությունը, և նա հիանալի կրկնում էր իմ բառերը։ Հաճախ նստում էր իմ մատի վրա, կտուցը բոլորովին մոտեցնում էր իմ երեսին և կրկնում․ «Խեղճ Ռոբին Կրուզո։ Որտե՞ղ ես ընկել։ Ինչպե՞ս ընկար այստեղ»։
Սակայն նույնիսկ համոզվելով, որ ինձ կանչողը թութակն է եղել, և հասկանալով, որ ուրիշ ոչ ոք չի կարող լինել, ես էլի երկար ժամանակ չէի կարողանում հանգստանամ։
Բոլորովին չէի հասկանում, թե նախ, ինչպես է նա ընկել իմ ամառանոցը, երկրորդ, ինչու՞ նա թռել֊եկել է հատկապես այստեղ և ոչ թե մի ուրիշ տեղ։
Բայց քանի որ ես ոչ մի կասկած չունեի, որ ինձ կանչողը թութակն է եղել, իմ հավատարիմ Պոլին, ապա առանց այդ հարցերի վրա գլուխ կոտրելու ես տվեցի նրա անունը և ձեռքս մեկնեցի։ Ընտելացած թռչունն իսկույն նստեց իմ մատին և և կրկնեց․
― Խե՜ղճ Ռոբին Կրուզո։ Որտե՞ղ ես ընկել։
Կարծես Պոլին ուրախացել էր, որ նորից տեսնում է ինձ։ Ինքնին հասկանալի է, որ տաղավարից հեռանալիս նրան նստեցրի իմ ուսին և հետս տարա։
Իմ ծովային ճանապարհորդության անհաճո արկածները մտքիցս հանեցին ծովի վրա նավարկելու սերը, և երկար ժամանակ մտածում էի, թե ինչպիսի վտանգների էի ենթարկվել ես, երբ հոսանքն ինձ քշում էր դեպի օվկիանոս։
Իհարկե, լավ կլիներ, եթե մի մակույկ ունենայի կղզու այս ափին, իմ տանը մոտիկ, բայց ինչպես բերեի մակույկն այնտեղից, ուր թողել էի։ Նույնիսկ չէի փորձի իմ կղզին շրջանցել արևելքի կողմից․ հենց միայն այդ մտքից սիրտս կծկվում էր և արյունս պաղում։ Ես ոչ մի հասկացողություն չունեի, թե ինչ կա կղզու մյուս կողմում։ Ի՞նչ կլինի, եթե այն կողմի հոսանքն այնքան արագ է, որքան այս կողմինը։ Այն ժամանակ նա ինձ առափնյա ժայռերին կխփի նույնպիսի ուժով, ինչպիսի ուժով հոսանքն ինձ քշում էր բաց ծովը։
Մի խոսքով, թեև այդ մակույկի կառուցումը և ջուրն իջեցնելը բավական մեծ աշխատանք պահանջեցին, այնուամենայնիվ որոշեցի, որ ավելի լավ է մնալ առանց մակույկի, քան գլուխս վտանգի տակ դնել։
Պետք է ասել, որ այժմ շատ ավելի հմուտ էի այն բոլոր ձեռքի աշխատանքներում, որ պահանջում էին իմ կյանքի պայմանները։ Երբ ես կղզին ընկա, կացին գործածել բոլորովին չգիտեի, իսկ այժմ կարող էի համեմատվել լավ ատաղձագործի հետ, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե որքան քիչ գործիքներ ունեի ես։
Բրուտագործության մեջ ես (բոլորովին անսպասելիորեն) մեծ առաջադիմություն ունեցա․ սարքեցի պտտվող շրջանով մի դազգահ, որից իմ աշխատանքը և՛ արագացավ, և՛ լավացավ։ Այժմ ծուռումուռ ամանների փոխարեն, որոնց վրա մարդ անգամ նայել չէր ուզում, ստացվում էին կանոնոավոր ձևի ամանեղեն, որոնք շատ կարգին տեսք էին ունենում։
Սակայն, ինձ թվում է, որ իմ գյուտարարությունները երբեք ինձ այնպես չէին ուրախացրել, որքան այն օրը, երբ ինձ հաջողվեց ծխամորճ շինել։ Իհարկե, իմ ծխամորճը նախապատմական տեսք ուներ․ նա շինած էր հասարակ թրծած կավից, ինչպես իմ բոլոր կավե ամանները, և հեռու էր գեղեցիկ լինելուց։ Բայց և այնպես բավական ամուր էր և ծուխը լավ էր անցկացնում, իսկ գլխավորը, այնուամենայնիվ ծխամորճ էր, որի մասին այնքան շատ երազել էի, որովհետև ծխել սովորել էի շատ վաղուց։ Մեր նավի վրա ծխամորճներ կային, բայց երբ այնտեղից իրեր էի փոխադրում, չգիտեի, որ կղզու վրա ծխախոտ է աճում, ուստի մտածեցի, թե չարժե դրանք վերցնել։
Այն ժամանակ էր, երբ նկատեցի, որ իմ վառոդի պաշարներն սկսել են նվազել։ Այս բանն ինձ շատ անհանգստացրեց ու վշտացրեց, որովհետև նոր վառոդ որտեղի՞ց կարող էի ձեռք բերել։ Իսկ ի՞նչ պիտի անեմ, երբ ամբողջ վառոդն սպառվի։ Էլ ինչպե՞ս կարող եմ այծեր ու թռչուններ որսալ։ Մի՞թե մինչև իմ կյանքի վերջը պետք է մնամ առանց մսի։