1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 13

Տասներեքերորդ գլուխ - Ռոբինզոնը նավակ է շինում և իր համար նոր զգեստ կարում

Դուք կարող եք չկասկածել, որ այս ամբողջ ժամանակամիջոցում իմ մտքից դուրս չէր գալիս այն ցամաքը, որ երևում էր կղզում մյուս ափից։ Հոգուս խորքում չէի դադարում ափսոսալ, որ այն ափին բնակություն չեմ հաստատել․ ինձ թվում էր, որ եթե այդ ցամաքը միշտ իմ աչքի առաջ լիներ, այնտեղ գնալու մի որևէ հնարավորություն կստեղծեի։ Իսկ եթե հասնեի այնտեղ, գուցե թե կհաջողվեր այնտեղից էլ ազատության հասնել։

Ահա թե ինչու հաճախ հիշում էի իմ փոքրիկ բարեկամ Քսուրիին և իմ երկար մակույկը, իր կողային առագաստով, որով ես աֆրիկական ափերով նավարկեցի ավելի քան հազար մղոն։

Բայց ի՛նչ օգուտ այս ամենը մտաբերելուց։

Որոշեցի գնալ, տեսնել ինչ վիճակում է մակույկը, որ դեռ մեր նավի խորտակման ժամանակ փոթորիկն ափ էր նետել իմ բնակարանից մի քանի մղոն հեռու։ Այդ մակույկն ընկած էր մի քիչ հեռու այն տեղից, որտեղ ափ էր նետվել։ Ալեբախությունը մակույկը շուռ էր տվել հատակը դեպի վեր և քշել էր մի քիչ դեպի վեր, ավազի վրա։ Մակույքն ընկած էր ցամաքի վրա, և շուրջը ջուր չկար։

Եթե ինձ հաջողվեր այդ մակույկը նորոգել և ջուրն իջեցնել, ես առանց մեծ դժվարության կարող էի մինչև Բրազիլիա գնալ։ Բայց այդպիսի աշխատանքի համար մի զույգ ձեռքեր բավական չէին։ Դժվար չէր հասկանալ, որ այդ մակույկը տեղից շարժելն ինձ համար նույնքան դժվար էր, որքան իմ կղզին տեղից շարժելը։ Բայց և այնպես որոշեցի փորձել․ գնացի անտառ, կտրեցի հաստ ձողեր, որոնք պիտի ծառայեին լծակների տեղ, կոճղերից տաշեցի երկու թավալուկ և այդ ամենը քաշ տվի մակույկի մոտ։

«Միայն թե ինձ հաջողվեր շուռ տալ հատակի վրա, ― ասում էի ինքս ինձ, ― իսկ նորոգելը դժվար բան չէ։ Այնպիսի հիանալի նավակ կստացվի, որ համարձակորեն կարող եմ ծով դուրս գալ»։

Եվ ես ջանքեր չխնայեցի այդ անօգուտ աշխատանքի համար։

Երեք թե չորս շաբաթ զբաղվեցի դրանով։ Դեռ ավելին․ երբ վերջապես, հասկացա, որ իմ թույլ ուժերով չեմ կարողանալու տեղից շարժել այդ վիթխարին, մտածեցի նոր պլան։ Սկսեցի նավակի մի կողմից ավազը փորել ու հեռու թափել, հուսալով, թե հենակետից զրկվելով՝ նավակը շուռ կգա և կկանգնի հատակի վրա։ Միաժամանակ նրա տակ փայտի կտորտանք էի դնում, որպեսզի շուռ գալուց հետո կանգներ այնտեղ, որտեղ հարկավոր է ինձ։

Նավակը, իրոք որ շուռ եկավ հատակի վրա, սակայն դա ամենևին էլ ինձ չմոտեցրեց իմ նպատակին․ միևնույն է, ջուրն իջեցնել չէի կարող։ Ես նույնիսկ լծակները նրա տակը մտցնել չկարողացա և վերջ ի վերջո ստիպված եղա հրաժարվել իմ մտքից։ Սակայն այս անհաջողությունը իմ մեջ չմեռցրեց որևէ մայր ցամաք հասնելու փորձեր անելու միտքը։ Ընդհակառակն, երբ տեսա, որ այս զզվելի ափից հեռանալու ոչ մի հնարավորություն չունեմ, օվկիանոս դուրս գալու ին ցանկությունը ոչ միայն չթուլացավ, այլ էլ ավելի ուժեղացավ։

Վերջապես իմ գլխում մի միտք ծագեց․ արդյոք չփորձե՞մ ինքս պատրաստել մի նավակ կամ ավելի լավ է, մի պիրոգա (կարիբյան մակույկ, ինչպիսին այս լայնությունների վրա շինում են կարմրամորթերը)։

«Պիրոգա շինելու համար համարյա թե գործիքներ հարկավոր չեն, ― մտածում էի ես, ― որովհետև այդ մակույկը փորվում է ամբողջական ծառի բնից․ այդպիսի աշխատանքը կարող է գլուխ բերել նաև մեկ մարդ»։

Մի խոսքով պիրոգա շինելն ինձ թվում էր ոչ միայն հնարավոր, այլև ամենահեշտ գործը, և դրա մասին մտածելն ինձ համար շատ հաճելի բան էր։ Մեծ գոհունակությամբ մտածում էի, որ այդ խնդիրը գլուխ բերելն ինձ համար նույնիսկ ավելի դյուրին է լինելու, քան նեգրերի կամ հնդիկների համար։

Ինքս ինձ հարց չէի տալիս, թե ինչպես եմ ջուրն իջեցնելու իմ մակույկը, երբ այն պատրաստ կլինի, մինչդեռ այդ դժվարությունը շատ ավելի լուրջ էր, քան գործիքների պակասությունը։

Ես այնպես էի տարվել իմ ապագա ճանապարհորդության երազանքներով, որ մի վարկյան անգամ կանգ չէի առնում այդ հարցի առաջ, թեև միանգամայն ակներև էր, որ մակույկը ծովի վրայով քառասունհինգ մղոն առաջ տանելը շատ ավելի դյուրին գործ էր, քան ցամաքի վրայով քառասունհինգ սաժեն մինչև ջուրը քաշելը։

Մի խոսքով պիրոգայի պատմության մեջ ինձ պահեցի այնպես հիմար, ինչպես կարող է պահել միայն առողջ դատողություն չունեցող մարդը։

Ես մխիթարվում էի իմ մտադրությամբ, առանց հաշիվ տալու, թե արդյոք ուժերս կներե՞ն այդ խնդիրը գլուխ բերելու համար։

Եվ չկարծեք, թե մակույկը ջուրն իջեցնելու միտքը բոլորովին չէր ծագում իմ մեջ։ Ո՛չ, այդ խնդիրն անցնում էր իմ մտքով, բայց ես նրան ընթացք չէի տալիս, ամեն անգամ խեղդում էի՝ ասելով․ «Նախ մակույկը կշինենք, իսկ հետո կմտածենք ջուրն իջեցնելու մասին։ Չի կարող պատահել, որ ես մի հնար չգտնեմ»։

Իհարկե, այս ամենն անմտություն էր։ Բայց իմ բորբոքված երազանքն ամեն մի դատողությունից ավելի ուժեղ եղավ և ես առանց երկար մտածելու կացինը ձեռքս առա։ Կտրեցի մի հիանալի եղևնի, որի բնի հաստությունը մոտ հինգ ոտնաչափ և տասը մատնաչափ էր, իսկ վերևում, քսաներկու ոտնաչափ բարձրության վրա՝ չորս ոտնաչափ և տասնմեկ մատնաչափ տրամագիծ ուներ։ Դրանից հետո ծառի բունն աստիճանաբար ավելի էր բարակում և վերջապես սկսում էր ճյուղավորվել։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ջանք պահանջվեց ինձանից այդ վիթխարի ծառը տապալելու համար։

Քսան օր կտրում էի այդ ծառի բունը, անցնելով մերթ մի, մերթ մյուս կողմը, ապա տասնչորս օր էլ նրա ճյուղերն ու գագաթը կտրելու համար։ Մի ամբողջ ամիս այդ կոճղը տաշում էի դրսի կողմից, աշխատելով նավախելի ձև տալ նրան, որովհետև առանց նավախելի մակույկը ջրի երեսին ուղիղ կանգնել չէր կարող։ Երեք ամիս էլ հարկավոր եղավ մեջը փորելու համար, այս անգամ գլուխ բերի առանց կրակի․ այդ ամբողջ հսկայական աշխատանքը կատարեցի կացնով ու դուրով։ Վերջապես ստացվեց մի հիանալի մակույկ, այնքան մեծ, որ հեշտությամբ կարող էր վերցնել քսանհինգ մարդ, հետևապես՝ կարող էր վերցնել ինձ ու իմ ամբողջ բեռը։

Ես ցնծության մեջ էի իմ աշխատանքից, կյանքումս երբեք չէի տեսել այդպիսի խոշոր մակույկ, որ պատրաստված լիներ ամբողջական փայտից։ Բայց և թանկ նստեց ինձ վրա։ Քանի՜֊քանի անգամ հոգնածությունից ուժասպառ՝ ես ստիպված եղա այդ փայտին հարվածել կացնով։

Այսպես թե այնպես, գործի կեսն արված էր։ Մնում էր միայն մակույկը ջուրն իջեցնել, և չեմ կասկածում, որ եթե դա ինձ հաջողվեր, ես պիտի ձեռնարկեի ամենացնորամիտ ու ամենաանհուսալի ծովային ճանապարհորդությունը՝ երկագնդում երբևիցե տեղի ունեցած ճանապարհորդուցյուններից։

Սակայն, մակույկը ջուրն իջեցնելու ուղղությամբ իմ թափված բոլոր ջանքերն ապարդյուն անցան՝ իմ պիրոգան մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։

Այն անտառից, որտեղ ես կառուցել էի մակույկս, մինչև ջուրը հիսուն սաժենից ավել չէր լինի, սակայն անտառը գտնվում էր մի հովտում, իսկ ափը բարձր էր ու դարափուլ։ Դա առաջին խոչընդոտն էր։ Ասենք՝ ես համարձակորեն որոշեցի վերցնել այդ խոչընդոտը․ հարկավոր էր ամբողջ ավելորդ հողը հանել այնպես, որ անտառից մինչև ծովափը մի թեք վայրէջք գոյանար։ Զարհուրելի է հիշել, թե որքան քրտինք թափեցի այդ աշխատանքի վրա, սակայն ո՞վ իր վերջին ուժերը չի գործադրի, երբ խնդիրը վերաբերում է ազատություն ձեռք բերելուն։

Եվ այսպես, առաջին խոչընդոտը հաղթահարված էր․ մակույկի ճանապարհը պատրաստ էր։ Սակայն դա ոչ մի արդյունք չտվեց․ որքան էլ չարչարվեցի, տեղից շարժել չկարողացա իմ մակույքկը, ինչպես առաջ շարժել չէի կարողացել նավից մնացած մակույկը։

Այն ժամանակ չափեցի ծովը մակույկից բաժանող տարածությունը և որոշեցի առու փորել նրա համար․ եթե չէր կարելի մակույկը մոտեցնել ջրին, ապա մնում էր ջուրը մոտեցնել մակույկին։ Եվ արդեն սկսեցի փորելը, բայց հանկարծ մտքումս հաշվեցի ապագա առվի խորությունն ու երկարությունը և երբ հաշվեցի, թե մեկ մարդը մոտավորապես որքան ժամանակում կարող է կատարել այդ աշխատանքը, պարզվեց, որ գործն ավարտեու համար ինձ հարկավոր կլինի տասը֊ տասներկու տարի։

Ճար չկար․ սրտի ցավով ստիպված եղա այդ մտքից հրաժարվել։

Ես վշտացած էի մինչև հոգուս խորքը, և միայն այդ ժամանակ գլխի ընկա, թե որքան անմտություն է գործը ձեռնարկել, առանց նախօրոք հաշվելու, թե որքան ժամանակ ու աշխատանք կպահանջի և արդյոք ուժերս կբավականացնե՞ն գործը մինչև վերջ հասցնելու համար։

Այս անիմաստ աշխատանքը կատարելիս բոլորեց իմ կղզում գտնվելու չորրորդ տարին։

Մինչ այդ նավից վերցրած իմ իրերից շատերը կամ բոլորովին մաշվել էին, կամ իրենց դարն ապրել, իսկ պարենամթերքներն արդեն սպառվելու վրա էին։

Թանաքից հետո սպառվեց իմ հացի ամբողջ պաշարը, այսինքն՝ ոչ թե հացի, այլ՝ նավից վերցրած պաքսիմատի։ Որքան հնարավոր էր ես խնայում էի այն։ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ես օրական մեկ պաքսիմատից ավելի չէի ուտում։ Բայց և այնպես համարյա մի տարի մնացի առանց հացի փշրանքի, մինչև որ իմ դաշտից այնքան հացահատիկ հավաքեցի, որ կարելի էր սկսել գործածել որպես սնունդ։

Մինչ այդ իմ հագուստը բոլորովին անպետքացել էր։ Ես ունեի միայն վանդակավոր կտորից կարված վերնաշապիկներ (մոտ երեք դյուժին), որ գտել էի նավաստիների սնդուկներում։ Այդ վերնաշապիկները առանձին խնամքով էի պահում․ իմ կղզում հաճախ այնպիսի շոգ էր լինում, որ ստիպված էի լինում շրջել միայն վերնաշապկով, և չգիտեմ, ինչ պետք է անեի, եթե չլինեին այդ վերնաշապիկները։

Իհարկե, այդ կլիմայում ես կարող էի նաև մերկ ման գալ։ Սակայն արեգակի ջերմությանն ավելի հեշտ էի դիմանում, եթե հագիս շոր էր լինում։ Արևադարձային արևի կիզիչ ճառագայթները վառում էին իմ մաշկն ու բշտիկներ առաջացնում, մինչդեռ վերնաշապիկը ինձ պաշտպանում էր արևից և, բացի դրանից, ինց զովեցնում էր վերնաշապկի ու մարմնի միջև եղած տարածության օդի շարժումը։ Արևի տակ գլխաբաց շրջելուն նույնպես չէի կարողանում վարժվել․ ամեն անգամ, երբ գլխաբաց էի դուրս գալիս, գլուխս սկսում էր ցավել։

Հարկավոր էր կարգի բերել գեթ այն փալաս֊փուլուսը, որ դեռ մնացել էր։

Ամենից առաջ ինձ մի բաճկոն էր հարկավոր․ իմ բոլոր ունեցածները մաշվել էին։ Դրա համար էլ որոշեցի, բաճկոնի վերափոխել նավաստիական բուշլատները, որոնք ընկած էին անօգտագործելի։ Նավաստիները ձմեռ ժամանակ այդ բուշլատները հագնում ու հերթապահ են կանգնում։ Եվ ահա սկսեցի դերձակություն անել, ավելի ճիշտ՝ ասեղն առած սկսեցի կարել, կցել֊կցմցել, որովհրտև խղճով ասած՝ բավական անշնորհք դերձակ էի։

Այսպես թե այնպես, մի կերպ դուրս բերի երկու բաճկոն, որոնք, իմ հաշվով, երկար ժամանակ պետք է բավականացնեին ինձ։ Վարտիկ կարելու իմ առաջին փորձի մասին ավելի լավ է չխոսել, որովհետև այդ փորձը խայտառակ անհաջողությամբ վերջացավ։

Բայց դրանից հետո հագուստ կարելու նոր միջոց գտա և այնուհետև հագուստի պակասաուցյուն չէի քաշում։

Բանն այն է, որ ինձ մոտ մնացել էին իմ սպանած բոլոր կենդանիների մորթիները։ Յուրաքանչյուր մորթին ձողիկի վրա ձգելով չորացնում էի արևի տակ։ Միայն սկզբում իմ անփորձության պատճառով մորթիները խիստ շատ էի պահել արևի տակ, ուստի առաջին մորթիներն այնպես էին կոշտացել, որ հազիվ թե որևէ բանի պետք գային։ Բայց մնացածները շատ լավն էին։ Ահա հենց դրանցից էլ առաջին հերթին մի մեծ փափախ կարեցի բուրդը դրսի կողմն արած, որպեսզի անձրևից չվնասվի։ Մորթե փափախն այնքան հաջող դուրս եկավ, որ որոշեցի միևնույն նյութից ինձ համար լրիվ հագուստ պատրաստել, այսինքն՝ բաճկոն և շալվար։ Շալվարը կարեցի կարճ, մինչև ծնկներս, և շատ լայն։ Բաճկոնը ես ընդարձակ պատրաստեցի, որովհետև և՛ շալվարը և՛ բաճկոնը, ինձ հարկավոր էին ոչ այնքան տաքության, որքան արևից պաշտպանելու համար։

Ձևը և աշխատանքը, պետք է խոստովանել, բանի պետք չէին․ ես վատ հյուսն էի, բայց որպես դերձակ՝ ավելի վատն էի։ Այսպես թե այնպես, իմ կարած հագուստը հիանալի էր ծառայում ինձ, մանավանդ, երբ տանից դուրս էի գալիս անձրևոտ օրերին․ ամբողջ ջուրը հոսում էր երկար մազերի վրայով և բոլորովին չոր էր մնում։

Բաճկոնից ու շալվարից հետո մտածեցի հովանոց պատրաստել ինձ համար։

Ես տեսել էի, թե Բրազիլիայում ինչպես են հովանոց պատրաստում։ Այնտեղ այնպիսի ուժեղ շոգ է լինում, որ առանց հովանոցի յոլա գնալ դժվար է, իսկ իմ կղզում ավելի հով չէր, թերևս նույնիսկ ավելի շոգ էր, որովհետև հասարակածին ավելի էր մոտիկ։ Շոգից ազատվել չէի կարող, քանի որ օրվա մեծ մասը բաց երկնքի տակ էի լինում։ Կարիքն ինձ ստիպում էր տանից դուրս գալ ամեն եղանակի, իսկ երբեմն էլ երկար ժամանակ ստիպված էի լինում թափառել և՛ արևի, և՛ անձրևի տակ։ Մի խոսքով հովանոցն ինձ անհրաժեշտ էր։

Շատ չարչարվեցի և շատ ժամանակ կորցրի, մինչև որ ինձ հաջողվեց հովանոցի նման մի բան շինել։ Երկու֊երեք անգամ, երբ արդեն կարծում էի, որ հասել եմ նպատակիս, ստացվում էին այնպիսի անպետք բաներ, որ ստիպված էի լինում ամեն ինչ նորից սկսել։ Բայց վերջ ի վերջո իմ նպատակին հասա և բավականին տանելի հովանոց պատրաստեցի։ Բանն այն է, որ ես ուզում էի, որ հովանոցը բացվի ու փակվի, և հենց այդ էլ ամենամեծ դժվարությունն էր։ Իհարկե, անշարժ հովանոց սարքելը շատ հեշտ գործ էր, բայց այդ դեպքում ստիպված պիտի լինեի շարունակ բացված պահել, որը մեծ անհարմարություն էր։ Ինչպես արդեն ասացի, այդ դժվարությունը հաղթահարեցի, և իմ հովանոցը կարող էր բացվել և փակվել։ Հովանոցի վրա այծի մորթի քաշեցի, մազը դեպի վեր։ Անձրևաջուրը մորթու վրայով հոսում էր ինչպես թեք տանիքի վրայով, և ամենաթեժ արեգակի ճառագայթները չէին կարող անցնել նրա միջով։

Այդ հովանոցն ունենալով՝ չէի վախենում ոչ մի անձրևից և արեգակն ինձ վրա չէր ազդում նույնիսկ ամենաշոգ օրերին։ Իսկ երբ հովանոցն ինձ հարկավոր չէր լինում, այն փակում էի և դնում թևիս տակ։

Այսպես ապրում էի իմ կղզում հանգիստ, խաղաղ ու գոհ։

Comments