1. Ռոբինզոն Կրուզո

Chapter 12

Տասներկուերորդ գլուխ - Ռոբինզոնը ամաններ է պատրաստում

Երբ անձրև էր գալիս և տանից դուրս գալ չէր կարելի, գործիս հետ միաժամանակ ես իմ թութակին խոսել սովորեցրի։ Այդ ինձ շատ էր զվարճացնում։

Մի քանի դասից հետո նա արդեն գիտեր իր անունը, իսկ հետո, թեպետ և ո՛չ շուտ, սովորեց բավական ուժեղ և պարզ արտասանել այն։

«Պոլի» այս առաջին բառն էր, որ ես կղզու վրա լսեցի ուրիշի շուրթերից։

Սակայն Պոլիի հետ խոսելն ինձ համար աշխատանք չէր, այլ օժանդակ միջոց։ Այդ ժամանակ շատ կարևոր գործ ունեի։ Վաղուց արդեն գլուխ էի կոտրում այն հարցի վրա, թե ինչպես պատրաստեմ կավե աման, որի կարիքը խիստ զգում էի, բայց ոչ մի հնար չէի գտնում․ համապատասխան կավ չկար։

«Միայն թե կավ գտնեմ, ― մտածում էի ես, ― և ինձ համար դժավար չի լինի կճուճի կամ ամանի նման մի բան պատրաստել։ Ճիշտ է, և՛ կճուճը և՛ ամանը հարկավոր կլինի թրծել, բայց չէ՞ որ ես ապրում եմ տաք կլիմայում, որտեղ արեգակն ավելի թեժ է, քան որևէ հնոց։ Համենայն դեպս իմ ամանեղենը արևի տակ չորանալով բավականին ամուր կստացվի։ Կարելի կլինի ձեռքն առնել, կարելի կլինի մեջը հացահատիկ պահել, ալյուր և ընդհանրապես չոր մթերքներ, որոնք հարկավոր է խոնավությունից ապահովել»։

Եվ որոշեցի, որ հենց որ համապատասխան կավ գտնեմ, հացահատիկի համար մի քանի հատ խոշոր կճուճ կշինեմ։ Առայժմ չէի էլ մտածում այնպիսի կավե ամանի մասին, որի մեջ կարելի լինի մի բան եփել։

Անտարակույս ընթերցողը կխճար ինձ, կամ գուցե և կծիծաղեր ինձ վրա, եթե նրան պատմեի, թե ինչպիսի անճարակությամբ ձեռնամուխ եղա այդ աշխատանքին, ինչպիսի անշնորհք, անճոռնի, այլանդակ իրեր էին ստացվում սկզբնական շրջանում, քանի֊քանի աման փուլ էր գալիս նրանից, որ կավը լավ հունցաց չէր լինում և չէր դիմանում իր սեփական ծանրությանը։ Կճուճներից մի քանիսը ճաքում էին նրանից, որ շտապում էի արևի տակ դնել դրանք, երբ արևը շատ թեժ էր լինում, ուրիշները փշրվում էին առաջին իսկ անգամ ձեռք տալուց։

Երկու ամիս անդուլ աշխատում էի։ Շատ ջանքեր թափեցի բրուտագործական լավ կավ գտնելու, հավաքելու, տուն փոխադրելու և մշակելու համար, բայց և այնպես երկար չարչարանքներից հետո միայն երկու հատ անճոռնի կավե աման ստացա, որովհետև դրանց կճուճ անվանել ոչ մի կերպ չէր կարելի։

Բայց և այնպես դրանք իմ համար շատ օգտակար իրեր էին։ Շիվերից երկու խոշոր կողով հյուսեցի, և երբ իմ կճուճները լավ չորացան ու պնդացան արևի տակ, զգուշությամբ վերցրի ու դրի կողովների մեջ։ Ամանի ու կողովի միջև եղած ամբողջ դատարկ տարածությունը լցրի գարու և բրնձի ծղոտով, որպեսզի իմ կավե ամաններն ավելի ապահով լինեն կոտրվելուց։ Այդ երկու կճուճներն էլ առայժմ հացահատիկ պահելու համար էին։ Վախենում էի, որ եթե կճուճների մեջ խոնավ մթերք պահեմ, նրանք էլ կխոնավանան ու կփչանան։ Հետագայում, երբ իմ հացահատիկն աղալու միջոց կգտնեմ, կճուճների մեջ ալյուր կպահեմ։

Կավից պատրաստված խոշոր ամաններն անհաջող էին ստացվում։ Ինձ ավելի հաջողվում էր մանր ամաններ պատրաստել․ փոքրիկ կլոր ամաններ, ափսեներ, փարչեր, գավաթներ և նման բաներ։ Մանր իրերն պատրաստել ավելի հեշտ է, բացի դրանից, նրանք ավելի համաչափ էին թրծվում արևի տակ, ուստի և ավելի ամուր էին ստացվում։

Բայց և այնպես իմ գլխավոր խնդիրը մնում էր անկատար․ ինձ հարկավոր էր այնպիսի աման, որի մեջ կարելի լիներ բան եփել, նա պետք է կրակին դիմանար և ջուրը պահեր, իսկ դրա համար իմ շինած կճուճները պիտանի չէին։

Բայց ահա, մի անգամ մի մեծ խարույկ վառեցի, որպեսզի շեղջի վրա միս խորովեմ։ Երբ միսը խորովվեց, ուզում էի շեղջը հանգցել և նրա մեջ գտա պատահաբար այնտեղ ընկած կոտրված կճուճի մի կտոր։ Այդ կտորը շիկացել, կարմրել էր կղմինդրի պես և ամրացել էր քարի նման։ Այդ հայտնագործությունը մեծ հաճույք ու զարմանք պատճառեց ինձ։

«Եթե կավե ամանի կտորն այսպես ամրացել է կրակի մեջ, ապա ուրեմն նույնպիսի հաջողությամբ կրակի վրա կարելի է թրծել նաև կավե ամանը», ― որոշեցի ես։

Կարծում եմ աշխարհում ոչ մի մարդ այսպիսի չնչին առիթով նման ուրախություն չի ապրել, ինչպիսին զգացի ես, երբ համոզվեցի, որ ինձ հաջողվել է ջրից ու կրակից չվախեցող կճուճներ պատրաստել։

Ես հազիվ կարողացա սպասել, մինչև իմ կճուճները կպաղեին, ապա իսկույն նրանցից մեկի մեջ ջուր լցրի ու նորից դրի կրակին, որպեսզի միս եփեմ։ Կճուճը շատ լավը դուրս եկավ։ Ես այծի մսից հիանալի արգանակ եփեցի, թեև իհարկե, եթե նրա մեջ կաղամբ ու սոխ և աղ ու այլ համեմունք գցեի, ավելի լավը պիտի լիներ։

Հիմա էլ սկսեցի մտածել, թե ինչպես քարե սանդ շինեմ, որպեսզի նրա մեջ հատիկ մանրեմ, կամ, ավելի ճիշտ՝ աղամ։ Չէ՞ որ արվեստի այնպիսի հիանալի ստեղծագործության մասին, ինչպիսին է ջրաղացը, ես մտածել անգամ չէի կարող․ մարդկային մի զույգ ձեռքերն այդպիսի բան շինել անկարող էին։

Բայց սանդ շինելը ևս այնքան էլ հեշտ բան չէր․ քարտաշի աշխատանքից ես նույնքան քիչ բան էի հասկանում, որքան մյուս բոլոր աշխատանքներից, և բացի դրանից, գործիքներ չունեի։ Քանի՜֊քանի օր կորցրի համապատասխան քար որոնելով, բայց ոչինչ դուրս չեկավ։ Հարկավոր էր շատ ամուր քար, այն էլ բավական մեծ, որպեսզի կարելի լիներ մեջը փոս բացել։

Իմ կղզում ժայռեր կային, բայց, չնայած իմ բոլոր ջանքերին, նրանցից ոչ մեկից չկարողացա համապատասխան չափի բեկոր պոկել։ Բացի դրանից, ավազաքարի այդ փխրուն տեսակը, միևնույն է, պետք չէր գա․ ծանր սանդակոթի տակ նա կփշրվեր և ալյուրին ավազ կխառնվեր։

Այսպիսով, ապարդյուն որոնումների վրա երկար ժամանակ կորցնելով՝ հրաժարվեցի քարե սանդ պատրաստելու մտքից և որոշեցի փայտե սանդ շինել, որի համար շատ ավելի հեշտ էր համապատասխան նյութեր գտնել։

Եվ իրոք, շուտով անտառում գտա շատ ամուր մի կոճղ, այնքան մեծ, որ հազիվ կարողացա տեղից շարժել։ Կացնով տաշեցի այդ կոճղը, որպեսզի հնարավորին չափ ինձ հարկավոր ձև տամ, ապա մասամբ փորելով, մասամբ այրելով մի փոս բաց արի մեջը։ Այդպես են վարվում Բրազիլիայի կարմրամորթները, երբ ուզում են մակույկ շինել։ Հարկ չկա ասելու, որ այս աշխատանքն ինձանից մեծ ջանքեր պահանջեց։

Սանդը պատրաստելուց հետո մի ծանր, խոշոր սանդակոթ պատրաստեցի այսպես կոչված երկաթածառից։ Ե՛վ սանդը, և՛ սանդակոթը պահեցի մինչև հաջորդ բերքը։ Իմ հաշիվներով այն ժամանակ ես բավականաչափ հացահատիկ պիտի ունենայի և կարելի կլիներ մի մասն ալյուր անել։

Այժմ հարկավոր էր մտածել այն մասին, թե ինչպես պիտի խմոր հունցեմ, երբ ալյուր կունենամ։

Ամենից առաջ ես թթխմոր չունեի։ Ասենք այս պակասը ոչ մի կերպ լրացնել չէր կարելի, ուստի թթխմորի մասին չէի հոգում։ Բայց ինչ պիտի անեի առանց փռի։ Սա իսկապես որ դժվարին հարց էր։ Բայց և այնպես հնարը գտա․ մտածեցի, թե ինչով կարելի է փոխարինել փուռը։ Կավից պատրաստեցի սկուտեղի նման մի քանի խոշոր ու լայն աման և լավ թրծեցի կրակի մեջ։ Դրանք պատրաստեցի հնձից շատ առաջ և դարսեցի իմ պահեստում։ Դրանից էլ առաջ գետնի վրա օջախ էի պատրաստել, այսինքն մի հարթ տեղ էի շինել քառակուսի (Ճիշտն ասած, այնքան էլ քառակուսի չէր) աղյուսներից, որոնք լավ թրծված էին կրակի մեջ և նույնպես իմ սեփական արտադրությունն էին։

Երբ հաց թխելու ժամանակը եկավ, ես այդ օջախում մի մեծ խարույկ վառեցի։ Հենց որ փայտն այրվեց, ես շեղջը հավաքեցի իմ օջախում և մի կես ժամ սպասեցի, մինչև որ օջախը շիկանա։ Ապա ամբողջ շեղջը քաշեցի մի կողմ և օջախում դասավորեցի իմ հացերը։ Հետո հացերը ծածկեցի իմ պատրաստած կավե սկուտեղներով և վրայից շեղջ լցրի։

Եվ ի՞նչ եք կարծում․ հացերս թխվեցին ինչպես ամենալավ փռի մեջ։

Որքա՜ն հաճելի էր ինձ համար ուտել նոր թխված, թարմ հացը։ Ինձ թվում էր, թե իմ կյանքում երբեք այդպիսի համով բան չեմ կերել։

Ընդհանրապես կարճ ժամանակում ես շատ լավ հացթուխ դարձա․ չխոսելով արդեն հասարակ հացի մասին՝ սովորեցի պուդինգներ ու բլիթներ թխել բրնձից։ Միայն կարկանդակ չէի թխում և պատճառն այն էր, որ բացի այծի ու թռչնի մսից՝ ուրիշ համեմունքներ չունեի։

Այս տնտեսական աշխատանքների մեջ անցավ իմ կղզում գտնվելու ամբողջ երրորդ տարին։

Comments