Chapter 11
Գլուխ տասնմեկերորդ - Ռոբինզոնը վերադառնում է քարանձավ։ Նրա դաշտային աշխատանքն
Այս ճանապարհորոդուցյան ժամանակ իմ շունը մի ուլ բռնեց, բայց նրան վնասել չհասցրեց, որովհետև վազեցի և ուլը խլեցի նրանից։ Ես շատ էի ուզում ուլ տանել ինձ հետ։ Երազում էի մի զույգ այծ ձեռք բերել, որպեսզի ինձ համար այծերի հոտ աճեցնեմ և մսե սնունդ ապահովեմ, երբ վառոդս սպառված կլինի։
Բռնաված ուլի համար վզնոց շինեցի և պարան կապելով հետս տարա․ պարանը պատրաստել էի հին ճոպանների թելերից և միշտ գրպանումս էի պահում։ Ուլիկը համառում էր, բայց և այնպես եկավ ինձ մոտ։ Երբ հասա իմ ամառանոցը, ուլը թողեցի ցանկապատի ներսում, ինքս առաջ գնացի․ ուզում էի շուտ տուն հասնել, որովհետև մի ամսից ավելի ճանապարհորդում էի։
Չեմ կարող ասել, թե ինչպիսի բավականությամբ վերադարձա իմ հին հարկի տակ և նորից պառկեցի գամակում։ Կղզում կատարած երկար թափառումները, որի ժամանակ ես գլուխ դնելու տեղ չունեի, այնպես էին հոգնեցրել ինձ, որ իմ սեփական տունը (հիմա ես այդպես էի անվանում իմ բնակարանը) ինձ արտակարգ չափով կոկիկ թվաց։
Մի շաբաթ ես հանգստանում էի և վայելում տնական ուտելեղեններ։ Այդ ժամանակի մեծ մասը զբաղված էի մի կարևոր գործով․ վանդակ էի շինում իմ թութակի համար, որը միանգամից դարձավ ընտանի թռչուն և շատ կապվեց ինձ հետ։
Հետո հիշեցի խեղճ ուլիկին, որ գերի էի թողել իմ ամառանոցում։ «Երևի հիմա նա կերած կլինի ամբողջ խոտը, ― մտածում էի ես, ― և խմած կլինի իմ թողած ջուրը ու հիմա քաղցած է մնացել»։ Հարկավոր էր գնալ նրա մոտ։
Հասնելով ամառանոց՝ ես ուլիկին գտա այնտեղ, որտեղ թողել էի․ ասենք չէր էլ կարող հեռանալ, քանի որ քաղցից սատկում էր։ Ես մոտակա ծառերից ճյուղեր կտրեցի և ցանկապատից ներս գցեցի։
Երբ կուշտ կերավ, նրա վզից պարան կապեցի և ուզում էի առաջվա պես հետևիցս քաշել, բայց քաղցից նա այնպես էր ընտելացել ինձ, որ պարանը պետք էլ չեկավ․ նա շնիկի պես վազում էր իմ հետևից։
Եկավ դեկտեմբեր ամիսը, երբ պետք է բուսնեին գարին ու բրինձը։ Իմ մշակած հողամասը մեծ չէր, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, երաշտը փչացրեց առաջին տարվա իմ բերքը և հատիկի յուրաքանչյուր տեսակից մեկ ութերորդ բուշելից ավելի չմնաց։
Այս անգամ հիանալի բերք էր սպասվում, բայց հանկարծ պարզվեց, որ իմ ամբողջ ցանքը նորից կորստի վտանգի տակ է, որովհետև իմ դաշտը ավերում էին զանազան թշնամիների ամբողջ ոհմակներ, որոնցից դժվար թե կարելի լիներ պաշտպանվել։ Այդ թշնամիներն էին նախ՝ այծերը, երկրորդ՝ այն վայրի կենդանիները, որոնց ես նապաստակ անվանեցի։ Բրնձի ու գարու անուշ ցողունները նրանց շատ էր դուր եկել։ Գիշեր֊ցերեկ նրանք մնում էին դաշտում և ուտում մատղաշ, դեռ չհասկակալած ցողունները։
Այդ թշնամիների արշավանքի դեմ կար միայն մի միջոց․ ցանկապատել ամբողջ դաշտը։ Այդպես էլ արի։ Բայց դա շատ դժվար աշխատանք էր, գլխավորապես այն պատճառով, որ հարկավոր էր շտապել, թե չէ՝ գազաններն անխնա ոչնչացնում էին հասկերը։ Ասենք դաշտն այնքան փոքրիկ էր, որ երեք շաբաթից հետո ցանկապատն արդեն պատրաստ էր։
Վատ ցանկապատ չստացվեց։ Քանի դեռ գործը չէի ավարտել, թշնամիներին վախեցնում էի կրակոցներով, իսկ գիշերը ցանկապատից էի կապում շանը, որը հաչում էր մինչև առավոտ։ Այդ բոլոր նախազգուշությունների շնորհիվ թշնամիներն ինձ հանգիստ թողին, և իմ հասկերն սկսեցին հատիկակալել։
Սակայն հենց որ հացաբույսերս հասկակալեցին, երևան եկան նոր թշնամիներ․ վրա տվին շատակեր թռչունները և սկսեցին պտտվել իմ դաշտի գլխին, սպասելով, թե ես երբ կհեռանամ, որ հարձակվեն հասկերի վրա։ Անմիջապես կոտորակի մի լիցք արձակեցի նրանց վրա (որովհետև հրացանս միշտ մոտս էր լինում), բայց հենց որ կրակեցի, դաշտից վեր թռավ թռչունների մի ուրիշ երամ, որոնց առաջ չէի նկատել։
Ես լրջորեն անհանգստացա։
«Էլի մի քանի օր այսպիսի կողոպուտ և կկորցնեմ իմ բոլոր հույսերը, ― մտածում էի ես։ Այլևս սերմ չեմ ունենա և կմնամ առանց հացի»։
Ի՞նչ անեի։ Ինչպե՞ս ազատվեի այս նոր վտանգից։ Ոչ մի միջոց չգտա, բայց հաստատ որոշեցի՝ ինչ գնով էլ լինի պաշտպանել իմ հացը, թեկուզ և ստիպված լինեմ գիշեր֊ցերեկ պահակ կանգնել։
Նախ և առաջ շրջեցի ամբողջ դաշտը, որպեսզի պարզեմ, թե որքան վնաս են հասցրել թռչունները։ Պարզվվեց, որ հացի կեսից ավելին ոչնչացրել են, սակայն այդ կորստի հետ կարելի էր հաշտվել, եթե հաջողվեր մնացածը պաշտպանել։ Թռչունները թաքնվեցին մոտակա ծառերի վրա․ նրանք սպասում էին, որ հեռանամ։
Ես հրացանս լցրի և ձևացրի, թե գնում եմ։ Գողերն ուրախացան և սկսեցին իրար հետևից իջնել իմ արտերի վրա։ Այդ բանն ինձ խիստ զայրացրեց։ Սկզբում ուզեցի սպասել, մինչև ամբողջ երամն իջնի, բայց համբերությունս չտվեց։
«Ախր յուրաքանչյուր հատիկի համար, որ հիմա ուտում են նրանք, ես թերևս զրկվում եմ ապագայի մի ամբողջ տարվա հացից», ― ասացի ինքս ինձ։
Վազեցի դեպի ցանկապատը և սկսեցի կրակել։ Երեք թռչուն խփեցի։ Վերցրի դրանք և կախեցի մի բարձր սյան վրա, որպեսզի մյուսներին վախեցնեմ։ Դժվար է պատկերացնել, թե ինչ զարմանալի ազդեցություն ունեցավ այս միջոցը․ դրանից հետո ոչ մի թռչուն չմոտեցավ իմ հացին։ Բոլորը թռան գնացին կղզու այդ մասից։ Համենայն դեպս, քանի դեռ իմ կախած խրտվիլակը իր տեղումն էր, ես ոչ մի թռչուն չտեսա այդտեղ։ Կարող եք համոզված լինել, որ թռչունների դեմ տարած իմ այդ հաղթանակը մեծ բավականություն պատճառեց ինձ։
Դեկտեմբերի վերջերին մոտ իմ արտը հասունացավ, և ես այդ նույն տարին երկրորդ հունձն արեցի։
Դժբախտաբար ոչ մանգաղ ունեի, ոչ գերանդի և երկար մտածելուց հետո որոշեցի հնձի համար օգտագործել այն լայնաբերան թուրը, որ վերցրել էի նավից մյուս զենքերի հետ։ Ասենք իմ արտն այնքան փոքր էր, որ հնձելը մեծ դժվարություն չէր ներկայացնում։ Բացի այդ, ես հնձում էի ուրիշ ձևով․ կտրտում էի միայն հասկերը և զամբյուղով փոխադրում դաշտից։ Երբ հունձն ավարտված էր, ես հասկերը տրորեցի ձեռքով, որպեսզի թեփը բաժանեմ հատիկներից և յուրաքանչյուր տեսակի մեջ ութերորդ բուշել սերմից ստացա մոտ երկու բուշել բրինձ և երկուս ու կես բուշել գարի (իհարկե, մոտավոր հաշիվներով, որովհետև ես չափ չունեի)։
Բերքը շատ հաջող էր, և այդ ինձ թև տվեց։ Այժմ կարող էի հույս ունենալ, որ մի քանի տարուց հետո հացի մշտական պաշար կունենամ։ Սակայն դրա հետ միասին իմ առաջ ծառանում էին նորանոր դժվարություններ։ Առանց ջրաղացի, առանց երկանքի ես ինչպե՞ս պետք է ալյուր անեի իմ հացահատիկը։ Ինչպե՞ս պիտի մաղեի ալյուրը։ Ինչպե՞ս պիտի խմոր հունցեի ալյուրից և, վերջապես, ինչպե՛ս պիտի հաց թխեի։ Այդ հարցերի պատասխանները ես չգիտեի։
Այս դժվարությունների հետևանքով որոշեցի բերքին ձեռք չտալ, ամբողջը թողնել սերմացու, իսկ մինչև նոր բերքի ստանալը բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի լուծեմ գլխավոր խնդիրը, այսինքն հացահատիկը թխած հաց դարձնելու միջոց գտնեմ։