Chapter 6
Մաս 4
-Ես հավանում եմ հայրիկիդ, Հայկ,- ժպտալով ասաց Սառան,- նա լավ մարդ է և մեծ հաջողությունների է հասել։ Նման մարդկանց մատների վրա կարելի է հաշվել մեր օրերում, նրան պետք է քո սերը, սիրելիս, մի՛ վարվիր նրա հետ այդպես։
Սառան գիտեր, որ Հայկի ու Արտաշեսի հարաբերությունները, մեղմ ասած, ամենալավ վիճակում չեն։ Հայկն էր պատմել այդ մասին, բայց չէր ասել պատճառը, ուղղակի ասել էր.
-Ընտանեկան թեթև հարց է, որը հայրս շատ խորացրեց, նա չպիտի այդպես վարվեր։
-Ի՞նչ հարց կարող է լինել ձեր մեջ, որ այս վիճակն արդարացված լինի, սիրելիս, չէ՞ որ դուք այս աշխարհում միայն իրար ունեք, դուք պետք եք իրար, այդպես չի կարելի։ Ես, օրինակ, շատ կուզեի նման հայր ունենալ։ Մեկը, ով կայացած է, ապահովված և, որ ամենակարևորն է, կողքիդ է միշտ։
-Իսկ քո հա՞յրը։
-Հայրս տականք էր։ Զզվում եմ նրանից ու նրա հետ կապված ամեն ինչից։ Հուսով եմ՝ արդեն սատկել է շան պես՝ մենակ,- Սառան այդ բառերն արտասանում էր հայհոյանքի նման։ Հայկի համար դա նորություն էր, ու Սառայի այդ պոռթկման պահին ինքը նույնիսկ չհասցրեց խոսել, որովհետև Սառան շարունակում էր՝ առանց խոսելու հերթ տալու,- մորս դավաճանեց ու փախավ իր լրբի հետ։ Մայրս էլ ինքնասպան եղավ նրա դարդից,- մի փոքր դադար տալուց հետո կրկին խոսեց, բայց հանգիստ տոնը վերագտած,- դու պիտի հորդ կողքին լինես, Հա՛յկ, խոստացի՛ր։
Այդ կերպ նա փորձում էր խոսեցնել Հայկին և իմանալ ճշմարտությունը՝ նույնիսկ չկասկածելով, որ վեճի թեման կարող է հենց իր հետ կապված լինել։ Պարզապես նրան հետաքրքիր էր։ Նա փորձում էր մտնել մի տեղ, որն իր տեղը չէր։ Մոր խոսքերը հետք էին թողել իր հոգում (հիմնականում այն պատճառով, որ նրան շատ էր սիրում, և հենց նրա խոսքերն էին իր համար ամենաազդեցիկը), կարծես դիտմամբ նա անընդհատ փորձում էր մտնել արգելված տարածքներ։ Իրականում մարդն է այդպիսին․ մենք միշտ մտնում ենք այնտեղ, որտեղ արգելված է, դա մեզ հետաքրքիր է և հետաքրքրել է այն պահից սկսած, երբ այդ տարածքը մեզ համար հայտարարել են արգելված։ Դրանց հետ զգույշ է պետք լինել։ Կամ պիտի չմտնես այնտեղ, կամ պիտի մտնես՝ պատրաստ լինելով հետևանքները սեփական կաշվիդ վրա զգալու։ Իսկ եթե արդեն մտել ես, դուրս գալու երկու տարբերակ կա միայն․ կամ ժամանակին պիտի դուրս գաս ու մնաս ողջամիտ բոլորի առաջ և առաջին հեթին ինքդ քո, կամ պիտի մնաս այնքան ժամանակ, մինչև քեզ այնտեղից դուրս կհանեն՝ ոչ ողջամիտ ձևով։ Իսկ քեզ, ուշ թե շուտ, հաստատ դուրս կհանեն այնտեղից։ Մարդկության համար կան գծված հստակ սահմաններ, որոնք խախտողը ինքն է խախտվում մի օր։ Մի օր ուրիշների համար սահմաններ գծելիս։
Հայկն այդպես էլ ոչինչ չէր պատմել Սառային հոր հետ վեճի մանրամասներից։ Իսկ Սառային հետաքրքրում էր, շատ էր ուզում իմանալ, անընդհատ ուղիներ էր փնտրում այդ հարցը պարզելու համար, անընդհատ տարբեր կողմերից էր մոտենում հարցին, բայց Հայկը սառնասրտորեն էր դիմադրում և ոչինչ չէր ասում։ Հավանաբար, նա չէր մտածում, թե Սառան հետաքրքրությունից դրդված է հարցնում։ Քանզի Հայկը շատ հարցերում էր կիսվել սիրելիի հետ։ Օրինակ՝ մի անգամ, երբ նրանք երկուսով երեկոյան զբոսնում էին, հոգնեցին ու որոշեցին նստել նստարանին։ Հայկը գլուխը հետ էր գցել ու նայում էր երկնքին։ Դա նոր բան չէր, Սառան նկատել էր Հայկի այդ տարօրինակ սովորությունը։
-Սիրելիս, ի՞նչ կա այնտեղ, որ այդքան նայում ես։
-Սառա, հիշու՞մ ես մորս պատմությունը, այն ավտովթարը հորս ու մորս,- ընկճված ասաց Հայկը։
-Իհարկե, ցավոտ թեմա է։
-Անմոռանալի։ Ես երեխա էի ու չէի հասկանում, թե ինչ է կատարվում, ինձ հորեղբայրս տարել էր իրենց տուն՝ գյուղ։ Երբ փոքր էի, մի քանի տարի այնտեղ ենք ապրել։ Գյուղը Լոռիում է։ Հորեղբայրս մնաց այնտեղ, հայրս որոշեց, որ մենք պիտի տեղափոխվենք այստեղ՝ նպատակներ ուներ, որոնք միշտ ասում էր, որ այստեղ ավելի շուտ կիրագործի։ Հորեղբայրս ամուսնացած չէր ու չէր էլ եղել։ Մնաց այնտեղ՝ միայնակ։ Մի խոսքով՝ ես նրա հետ ապրեցի մի քանի ամիս, մինչև հայրս կվերադառնար։ Հետո, երբ նրան բերեցին տուն, նրան հարցրի.
«Պապ, ի՞նչ է եղել ոտքերիդ։»
«Ցավում է, տղաս, հետո կանցնի, բայց հիմա ցավում է», ասաց հորեղբայրս, այդ պատասխանն ինձ բավարարեց, հետո, երբ ես հորս հարցրի, թե մայրս որտեղ է, նա ասաց․
«Տղաս, ամեն գիշեր, երբ կպառկես քնելու, նայիր աստղերին ու հաշվիր դրանք, հենց հաշվես-վերջացնես, մայրիկը կգա, նա հեռու է գնացել, բայց եթե համբերատար հաշվես, կգա ու կհամբուրի քեզ։ Բարի գիշեր կմաղթի։»
Ու ես շուտ պառկեցի այդ օրը։ Մորս կարոտել էի։ Հենց մութն ընկավ, պառկեցի անկողնումս։ Մահճակալի դիրքն այնպիսին էր, որ եթե պառկեի մեջքի վրա ու վերև նայեի, հետ նայելով՝ կտեսնեի աստղերն ու կկարողանայի հաշվել։ Պառկեցի անկողնումս ու սկսեցի հաշվել աստղերը։ Դե, իհարկե քնում էի։ Ամեն գիշեր այդպես քնում էի, իսկ մայրս այդպես էլ չէր գալիս։ Հիմա, իհարկե, հասկանում եմ, որ այն ժամանակ փոքր էի դրա համար հայրս ինձ նման բան ասաց, որ ես միշտ հույս ունենամ։ Ու դա դարձավ սովորություն։ Երբ ես մորս հետ խոսելու բան եմ ունենում, գիշերը պառկում ու նայում եմ աստղերին, խոսում եմ նրանց հետ, այդպես ինձ թվում է, թե նրա հետ եմ խոսում։ Նա այդպես ինձ հետ է։ Իսկ երբեմն թվում է՝ իրոք ստացվում է։ Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություն եմ ունենում։ Ես մորս շատ էի սիրում, ամենաշատը աշխարհում հենց նրան էի սիրում։ Հայրս ինձ ավելի հարազատ էր թվում, երբ մայրս էլ կար, դրանից հետո մենք մի տեսակ հեռացել ենք իրարից ու դա անժխտելի է։
Սառան չգիտեր՝ ինչ խոսի, առհասարակ նա սփոփելուց լավ չէր, բայց չէր էլ կարող լուռ մնալ։ Մինչ մտքերի մեջ էր ընկել, Հայկը նորից խոսեց․
-Երբ փոքր էի, մայրս էր ինձ քնեցնում։ Հայրս միշտ բացակայում էր, իր գործերով էր տարված։ Պատահում էր՝ գիշերն այնքան ուշ էր գալիս, որ ես արդեն քնած էի լինում, առավոտյան մինչ զարթնելս էր գնում։ Օրերով չէինք տեսնում իրար։ Բայց մայրս ասում էր «հայրդ քեզ շատ էր կարոտել, համբուրեց, նոր գնաց», ես ինձ երջանիկ էի զգում այդ բառերից հետո։ Վստահ չեմ, որ հայրս ինձ համբուրում էր, գուցե և չի էլ եկել տուն գիշերը, բայց մայրս գիտեր ինչպես հույսեր արթնացներ իմ մեջ։ Իսկական վարպետ էր։ Նաև երբեք չեմ մոռանա նրա խոսքերը կյանքի մասին։ Այդպիսի մի գիշեր նա ինձ դա ասաց։
-Ի՞նչ խոսքեր,- ծուլորեն հարցրեց Սառան։
-Մի ընկեր ունեի, նրա հայրն էր մահացել։ Ես դա տարիներ հետո հասկացա։ Շատ լավ մարդ էր, ինձ էլ շատ էր սիրում, հիշում եմ՝ միշտ շոկոլադե կոնֆետ էր բերում ընկերոջս ու մեկն էլ ինձ էր տալիս։ Մորիցս հարցրեցի՝ «Ինչու՞ նրա հայրիկը չի գալիս (երկար ժամանակ էր, ինչ չէի տեսել նրան)», մայրս ասաց՝ «Հայկս, հիշիր սա ամբողջ կյանքիդ համար․ Աստված լավագույն մարդկանց առաջինն է տանում իր մոտ, այնտեղ, հավանաբար, ապահով է ավելի»։ «Բայց դու ես լավագույնը», վախենալով պատասխանից՝ պնդել էի ես։ «Տղաս, կյանքը փորձություն է։ Այն մարդիկ, ովքեր շուտ են գնում Աստծու մոտ, ամենաուժեղն են։ Չէ՞ որ նրանք ավելի արագ են անցնում այդ փորձության միջով», ասել էր նա՝ շեղելով ինձ իմ տված հարցից։ Նա հավատում էր ճակատագրին, միշտ էլ ասել է, որ հավատում է։ Երևի թե ինչ-որ բան էր զգում։
-Իսկ դու՞,- նետեց Սառան՝ աչքերը կլորացնելով։
-Ե՞ս։
-Հա, դու։ Հավատու՞մ ես ճակատագրին։
-Եթե այն նույնիսկ կա, ուրեմն դու ես իմ ճակատագիրը,- ասաց Հայկը՝ քնքշորեն շոյելով Սառայի մազերը։
Սառան մոտեցավ նրան, ուշադիր նայեց աչքերի մեջ ու հմայիչ ժպտաց։