Chapter 5
Մաս 3
-Սառա՛, դուրս արի այդտեղից, դա քոնը չի՛, չի՛ կարելի,- նյարդայնացած ձայնով ասաց մայրը։
-Չէ՛, մամ, այստեղ համով բաներ կան, կգնե՞ս ինձ համար,- նվնվաց Սառան։
Մայրը բռնեց փոքրիկի ձեռքից ու նախատելով՝ դուրս բերեց նրան խանութից։ Հետո երբ քայլում էին փողոցով, մի երեխա էր անցնում իր հոր հետ, ձեռքին՝ հրաշագեղ մի տիկնիկ։ Սառան թողեց մոր ձեռքն ու վազեց երեխայի մոտ, խլեց նրա տիկնիկն ու վազելով՝ վերադարձավ մոր մոտ։ Մայրն ապշած էր ու զայրույթից հարվածեց Սառային հենց փողոցում, ձեռքից վերցրեց տիկնիկն ու տվեց լացող երեխային։ Հետո վերադարձավ Սառայի մոտ ու ասաց.
-Ի՞նչ էր սա նշանակում։ Եթե շարունակես քեզ այսպես պահել, էլ մայրիկի արքայադուստրը չես լինի։
Սառան ոչինչ չասաց, նա լուռ էր ու գլուխը կախ քայլում էր այն ուղղությամբ, որ ուղղությամբ մայրը կտաներ։ Սովոր էր մոր կշտամբանքներին։ Շատ չանցած, երբ հասան տուն, մայրն անցավ խոհանոց՝ քիչ առաջ խանութից գնած իրերը դասավորելու։
Սառան նստեց հյուրասենյակի բազմոցին ու միացրեց հեռուստացույցը։ Իր սիրելի մուլտֆիլմն էին ցույց տալիս այդ ժամին։ Օրվա իր ամենասիրելի պահն էր։ Րոպեներ անց նրանք արդեն զրուցում էին, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, մայրն էր խոսում, իսկ Սառան լուռ լսում էր մորը։
Լսում էր մորը, թե՝ ոչ, միայն ինքը գիտեր։
-Սառա, հիշի՛ր, դու կարող ես խաղալ կամ օգտագործել միայն այն իրերը, որոնք քոնն են, չի՛ կարելի նայել ուրիշի ունեցածին, որքան էլ փոքր բան դա լինի։ Բավարարվիր քոնով ու այնպիսի մարդ դարձիր, որ կարողանաս ինքդ ունենալ այն, ինչ ուզում ես կամ գոնե իրավունք ունենաս ժամանակավոր խնդրել ինչ-որ բան մեկ ուրիշից, մինչև քոնը կունենաս։ Պատկերացնու՞մ ես, եթե այդ երեխան գար ու վերցներ քո տիկնիկը,- բարյացակամ տոնով փորձում էր բացատրել մայրը։
Սառան մտածում էր, որ մայրն իրեն զրկել է ամեն ինչից ու չարանում էր մոր հանդեպ։ Նմանատիպ դեպքերը քիչ չէին, բայց Սառայի հիշողություններում այս դեպքը, հատկապես, լավ էր պահպանվել ու նա երբեք չէր մոռանում։ Նույնիսկ հիմա, երբ մայրն էլ չկար։
Սառայի մայրն ինքնասպան էր եղել յոթ տարի առաջ, երբ իմացել էր, որ ամուսինն իրեն դավաճանում է իր ամենամոտ ընկերուհու հետ։ Հորը Սառան արդեն վաղուց չէր տեսել։ Կնոջ մահից երկու տարի անց նա իր սիրուհու հետ տեղափոխվել էր Բելգիա՝ թողնելով Սառային, ով երկար ժամանակ էր, ինչ նրա հետ չէր շփվում, մոր ինքնասպանության համար։ Սառային տատն էր մեծացրել՝ հոր մայրը։ Հասկանալով, թե ինչն ինչոց է, նա որդու հետ կապ չէր պահպանում։
Սիրելի տատիկը մեկ տարի առաջ էր մահացել։
Սառային հորից մնացել էր երկու բան միայն՝ տունն ու ազգանունը։ Եթե առաջինը նա ընդունել էր ու ապրում էր այդ տան մեջ, ապա երկրորդից ուղղակի նողկում էր։ Ներկայանալիս երբեք չէր ասում իր ազգանունը, դեռ ավելին՝ աշխատում էր խուսափել նրանից, որ իր ազգանունը փաստաթղթերում երևա, որտեղ հնարավոր էր, նա շրջանցել էր տալիս այդ տվյալը։ Այդ հիվանդագին մոլուցքը շատ հեռուն էր գնում, նա նույնիսկ երբեմն կաշառում էր ամենահասարակ փաստաթղթերը լրացնողներին։
Նման դեպքերից մեկի ժամանակ, երբ ես կողքին էի ու նկատեցի դա, նրան հարցրի, ու նա պատմեց իր պատմությունը։ Ահա, թե որտեղից գիտեմ այս ամենը, տեսուչ։ Այս պատմությունն իրականություն է։ Ինչպես և մնացած ամենն, ինչ կլսեք։