Chapter 4
Մաս 2
Սառան ու Հայկն արդեն ընկերություն էին անում։ Ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց, քան ի սկզբանե նախատեսվում էր։ Ամիսներ հետո Հայկը հրավիրեց Սառային իրենց տուն հոր հետ ծանոթացնելու համար։
Հայկի հայրը՝ Արտաշեսը, ժամանակին ուներ կոնյակի գործարան, օծանելիքի խանութների ցանց ամբողջ Հայաստանի տարածքում ու շատ ներդրումներ տարբեր ընկերություններում։ Արտաշեսը հենց այն մարդն էր, ով իր երիտասարդության տարիներին ամեն ինչ փորձել էր, սկսել էր տարբեր գործեր, միմյանց հետ բացարձակապես կապ չունեցող, ինչի արդյունքում հասել էր մեծ կարողությունների։ Նա վստահ էր, որ հարստանալու համար պիտի մի քանի տարբեր ոլորտներում հաջողես ու տեղում չլճանաս։ Հիմա զբաղվում էր սեփական ներդրումային ընկերությունով ու, ինչպես միշտ, քիթն անընդհատ խոթում էր այնպիսի գործերի ու գործարքների մեջ, որոնց մեջ այն դեռ չէր հասցրել լինել։ Այդ ամենի հետ միասին Արտաշեսը զբաղվել էր Հայկի դաստիարակությամբ, իսկ հիմա ուրախ էր, քանզի մտածում էր, որ Հայկի մոտ կստացվի ու նա կամուսնանա այդ աղջկա հետ։
Հայկը երբեք ոչ մեկին չէր պատմել հոր հարստությունների մասին։ Իսկ հորը նա ասում էր, որ մարդիկ չպետք է իմանան իր հարստության մասին, որպեսզի բոլորն անկեղծ ու անշահախնդիր լինեն իր հետ։ Հայկի հենց այս խոսքերն էր Արտաշեսի մտքում, երբ դռան զանգը հնչեց։ Արտաշեսը վստահ էր՝ տղան ճիշտ ընտրություն է կատարել։ Չէ՞ որ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Նայեց ժամացույցին (սի-րում էր ճշտապահությունը), անշտապ հրեց անվասայլակն ու տեղից շարժվեց դեպի դուռը։
Վայրկյաններ անց նրանք երեքն էլ հյուրասենյակում էին՝ սեղանի մոտ։ Սեղանին դրված էր ամենահամեղ խորտիկների, հայկական ավանդական ուտելիքների ախորժելի տեսականի ու իհարկե գինի, առանց դրա սեղանը սեղան չէր լինի։ Մանավանդ Արտաշեսի տանը։ Արտաշեսը նստեց սեղանի գլխին, իսկ նրա կողքին՝ Հայկը և Սառան։
-Ծանոթանա՞նք, աղջիկս,- Արտաշեսի ձայնի մեջ բարեհամբույր անհամբերություն նկատվեց։
-Իհարկե, Սառա,- ժպտալով՝ ասաց Սառան։ Ոչ, դա կեղծ ժպիտ չէր։
-Ինչո՞վ ես զբաղվում, Սառա, ի՞նչ հետաքրքրություններ ունես,- Արտաշեսի այս հարցին ու դրան հետևած Սառայի պատասխանին Հայկը առանձնահատուկ ռեակցիա չտվեց։ Նա լսում էր։
-Դե «Գրական ակումբ» եմ հաճախում, գրքեր ու ֆիլմեր եմ սիրում, իմ կյանքն առանց դրանց չեմ պատկերացնում,- հիացած պատմում էր Սառան։
-«Գրական ակու՞մբ»,- հարցրեց Արտաշեսը՝ ուսի վրայով նայելով Հայկին,- այնտեղ չէի՞ր ծանոթացել Նարեկի հետ։
Նարեկի մասին Արտաշեսը շատ էր լսել, մի անգամ էլ հանդիպել էին, բայց միայն այդքանը։
-Հա՛, պապ, Սառայի հետ էլ այնտեղ ծանոթացանք,- ասաց Հայկը։
-Էէէ՜, Սառա, Անուշը նույնպես գրքերի սիրահար էր,- ասաց Արտաշեսը ու, նկատելով Սառայի ոչինչ չասող հայացքը, ավելացրեց,- Անուշը՝ կինս։
Սառան նկատեց, թե ինչպես Արտաշեսի աչքերի փայլը մարեց։ Գիտեր, որ Հայկի մայրը մահացել է, բայց չգիտեր, թե ինչ պայմաններում, ուստի հարցրեց՝ պահը բաց չթողնելով.
-Ինչպե՞ս է նա մահացել, Հայկն ինձ պատմել էր, որ նա․․․- ասաց Սառան ու միանգամից հասկացավ, որ հարցը նորմալ չհնչեց, ուստի՝ ավելացրեց,- կներեք հարցիս համար։
-Ես ու Անուշը գնացել էինք կինոթատրոն «Ghost» ֆիլմի պրեմիերային։ Ի դեպ, տեսե՞լ ես այդ ֆիլմը,- հարցրեց Արտաշեսը։
-Ոչ,- արագ պատասխանեց Սառան, որպեսզի լսի պատմության շարունակությունը։
-Հայրս շա՜տ է սիրում Պատրիկ Սուեյզիին ու նրա մասնակցությամբ ֆիլմերը,- վրա բերեց Հայկը, կարծես դա ինչ-որ կերպ առանձնացնում էր հորը մյուսներից։
-Սուեյզին հրաշալի դերասան է։ Երբ փոքր էի, շատ էի ֆիլմեր դիտում ու երազում էի դերասան դառնալ,- ավելի ոգևորված պատասխանեց Արտաշեսը ու շարունակեց,- ինչևէ, Անուշը շատ էր հավանել ֆիլմը, նույնիսկ մեզ նմանեցրեց հերոսներին։ Դե, ես արտաքինով էլ եմ նման Սուեյզիին, բայց չէի էլ պատկերացնում, որ մեր կյանքն էլ է նմանվելու նրանց մարմնավորած հերոսների կյանքին։ Վստահ եմ՝ ինքն էլ։
Որոշակի դադար եղավ, բայց հետո տիրող սառը լռությունը նորից ճեղքեցին Արտաշեսի բառերը․
-Կինոթատրոնից դուրս գալուց հետո,- շարունակեց Արտաշեսը,- անմիջապես նկատեցինք, որ եղանակը շատ է ցրտել։ Սկզբում այդպես չէր։ Երբ մտնում էինք կինոթատրոն, քաղաքով հանգիստ զբոսնելու եղանակ էր, իսկ դուրս գալիս սաստիկ սառը քամի էր սկսել, ինչին էլ հաջորդեց հորդառատ անձրևը։ Այդ ամենի հետ մեկտեղ երկինքը մառախլապատ էր։ Մենք որոշել էինք ֆիլմից հետո զբոսնել քաղաքով մեկ, մինչև անմարդկային կհոգնեինք, բայց այդչափ մռայլ եղանակին քայլելուց խուսափեցինք, վազեցինք կինոթատրոնի ավտոկայանատեղի՝ մեքենան նստելու։ Վայրկյաններ անց մեքենայի մեջ էինք։ Անուշը շատ էր թրջվել ու մրսում էր, որովհետև անձրևանոց չէինք վերցրել։ Նստեցինք մեքենան, վերարկուս գցեցի նրա ուսերին, մեքենան գործի գցեցի ու միացրեցի տաքացուցիչները։ Մի քանի վայրկյան, և մենք արդեն ճանապարհին էինք։
-Պապ, խնդրում եմ, պետք չէ շարունակել, չեմ կարծում, որ հիմա պահն է,- մեղայական տոնով փորձեց կանխել պատմության շարունակությունը Հայկը՝ տեսնելով, որ հոր ինքնազգացողությունը վատանում է։
-Չէ՛, տղաս։ Որքա՜ն նման ես մորդ,- կարոտով խոսեց Արտաշեսը,- պիտի շարունակեմ։ Ճանապարհը բարդ տեսանելի էր այդպիսի եղանակին։ Կարծես այդ ամենը քիչ էր, ամպրոպ սկսվեց՝ ավելի մռայլ ու կործանիչ դարձնելով եղանակը։ Չգիտեմ, Սառա, մեքենա վարել ես, թե՝ չէ, բայց հավանաբար գիտես, որ թաց ճանապարհներին մեքենային արգելակելու համար ավելի երկար ճանապարհ է պետք։ Ինչևէ, երբ արդեն պիտի խաչմերուկից աջ թեքվեինք, մեր․․․ խաչմերուկից, մենք․․․ գրեթե տանն էինք,- ասաց Արտաշեսը, ու նկատվեց նրա աչքից գլորվող անհույս արցունքի կաթիլը, որ կարծես ցույց էր տալիս, թե որքան պարզ են մեր կյանքում ամենադժբախտ բաները, արցունքի կաթիլի պես պարզ ու աղի,- հանկարծ մեր դիմաց հայտնվեց մի բեռնատար մեքենա, ասես երկնքից իջավ։ Մեքենան արգելակեց, բայց տարածքը չբավականացրեց կանգնելու համար, ու բեռնատարը հարվածեց մեր մեքենայի ձախ կողմին՝ Անուշի ուղղությամբ։ Ուղիղ իմ սրտին։
Սառան ապշել էր։ Հայկի համար շատ ծանր էր նորից այս պատմությունը լսելը, այդ օրը նա տանն էր եղել, տա՛նը, և ո՛չ ծնողների հետ։ Արդյոք մեղավո՞ր էր Հայկը, նա մտածում էր «եթե ես լինեի այնտեղ․․․»։ Ինքը շատ փոքր էր այդ ժամանակ՝ ութ տարեկան։ Ի՞նչ կարող էր անել։ Այս հարցերը իրեն հանգիստ չէին տալիս տարիներ շարունակ։ Մենք շատ հաճախ մտածում ենք, որ կարող էինք ամեն բան փոխել, որ եթե մենք ներկա լինեինք, մենք կփոխեինք։ Բայց մենք չենք կարող միշտ ներկա լինել։ Միշտ լինել ներկա, նույնն է, թե միշտ լինել բացակա։
-Իսկ հետո՞,- տևական դադարից հետո հանդգնեց Սառան։
-Հետո՞,- ջախջախված վերսկսեց Արտաշեսը,- հետո մեզ տարան հիվանդանոց ու պիտի վիրահատեին։ Ես դեռ կարող էի սպասել մի քանի ժամ, Անուշն էր վատ վիճակում։
Արտաշեսը մի քանի վայրկյանով դադարեց խոսել։ Այդ վայրկյանները շատ ավելի երկար տևեցին Հայկի համար, քան իրականում էին։ Հայկը մտովի տեղափոխվել էր այդ օրեր։ Մորը շատ էր սիրում, հորից էլ ավելի։ Դա բոլորը գիտեին, ու ինքն էլ երբեք չէր թաքցրել։ Բնավորությամբ էլ նման էին՝ միամիտ, անզգույշ ու վախկոտ։ Տարօրինակ էր, որ վախն ու անզգուշությունը աշխարհում ինչ-որ տեղ հանդիպել էին, այս դեպքում նույնիսկ երկու մարդկանց մարմիններում։
-Ամենասարսափելին դու դեռ չես լսել, Սառա,- ցավագին տոնով վերսկսեց Արտաշեսը՝ սառած հայացքով նայելով մի վերացական կետի, իրականում ոչնչի չնայելով։
-Մեզ երկուսիս էլ վիրահատեցին միաժամանակ։ Վիրահատվելուց հետո, երբ արթնացա, առաջին հարցս էր «ինչպե՞ս է Անուշը», որի պատասխանը եղավ «Անուշը լավ է, բայց հիմա կոմայի մեջ է», գուցե դա լավագույն պատասխանը չէր, որ կարող էի լսել, բայց հաստատ ավելի գերադասելի էր, քան լսելը, որ նա էլ չկա։ Դրանից որոշ ժամանակ հետո ես ընկա կոմայի մեջ։ Ամիսներ անց, երբ արթնացա, իմացա, որ նա մահացել է։ Անուշին չփրկեցին։ Իսկ ես, ինչպես տեսնում ես, փրկվել եմ, բայց փոխարենը էլ երբեք չեմ քայլի։
-Իսկ բեռնատարի վարո՞րդը, նրան ձերբակալեցի՞ն,- հարցրեց Սառան՝ առանց որևէ խղճի խայթի, կամ գոնե ձևական դադար պահելու։
-Բեռնատարի վարորդը․․․- խոր շունչ քաշեց, արտաշնչեց ու շարունակեց Արտաշեսը,- նրան գուցե կձերբակալեին, որովհետև նա ակնհայտ մեղավոր էր, բայց դա էլ ոչ ոք չի իմանա։ Նա տեղում մահացավ։
-Ահավոր պատմություն է, ցավում եմ,- կարծես մեքենայաբար արտասանեց Սառան,- այսինքն՝ այսքան մեծ տանը դուք երկուսո՞վ եք ապրում,- փորձելով թեման փոխել՝ շարունակեց Սառան։
-Այո,- որոշ դադար պահելուց հետո, ունքերը խոժոռելով, պատասխանեց Արտաշեսը։ Ակնհայտորեն նրան դուր չեկավ հարցը, իսկ Արտաշեսի արձագանքը դուր չեկավ Հայկին։
-Ինչպե՞ս եք հասել այսպիսի հարստության,- փայլող աչքերով հարցրեց Սառան։
-Հայկ, կարծում եմ՝ դուք արդեն պետք է գնաք, ինձ լավ չեմ զգում,- կոպտեց Արտաշեսը։
-Լավ, պապ, մենք արդեն դուրս գանք՝ Սառային ճանապարհեմ ու վերադառնամ,- շատ կտրուկ ասաց Հայկը նեղացած տոնով։
Հայկի տնից դուրս գալու և վերադառնալու ժամանակը տևեց մոտ քսանհինգ րոպե։ Այդ ընթացքում Արտաշեսը մի քանի գործ կարգի գցեց հեռախոսազանգերի միջոցով։
Հայկը, տուն մտնելուն պես, հարցրեց.
-Ի՞նչ էր դա, պա՛պ։
-Ի՞նչը։
-Ինչու՞ կոպտեցիր Սառային։
-Ե՞րբ։
-Երբ հարցրեց «երկուսո՞վ եք ապրում այստեղ»։
-«Ինչպե՞ս եք հասել այսպիսի հարստության» նորմա՞լ հարց է ծանոթության հանդիպման համար։ Տղա՛, լա՛վ մտածիր քայլեր անելուց առաջ, դեռ ոչինչ կորած չէ, այդ աղջիկն ուրիշ նպատակներ ունի,- ձեռքի գինով լի բաժակը խփելով սեղանին՝ ասաց Արտաշեսը։
-Դե լա՜վ, հաստատ դա նկատի չուներ, դու նրան չես ճանաչում։ Ինչպե՞ս ես նման բաներ մտածում։
-Ուշադիր ինձ լսիր։ Գուցե նրան չեմ ճանաչում, բայց նրա նմաններին տասը մատիս պես գիտեմ։ Նա աչք ունի ունեցվածքիդ վրա, քո «տղամարդկային հմայք»-ի համար չի քեզ հետ, ինչի փոխարեն, խոստովանեմ, ուրախ կլինեի, որ մի քիչ խելք ու տրամաբանություն ունենայիր։
-Ինչե՞ր ես խոսում, պապ,- ծիծաղեց Հայկը՝ չհավատալով սեփական ականջներին։
-Այն աղջիկը, ով գալիս է հորդ հետ ծանոթանալու, հարցնում է, թե ինչպես է մահացել մայրդ, հետո հարցնում է, թե ինչու եք դու ու հայրդ երկուսով ապրում ընդարձակ, լավ կահավորված բնակարանում, նա պարզապես քո տվյալներն է հավաքագրում։ Էլ չեմ խոսում վերջին հարցի մասին․․․ Նա ուզում է որոշել, արդյոք դու արժե՞ս այնքան, որ նա քեզ հետ ամուսնանա, թե՞ ոչ։ Խոսքը հենց նյութական արժեքի մասին է։ Ամբողջ կյանքում փախչել ես շահամոլներից, իսկ հիմա ընկնում ես նրանց ծուղակը,- թափահարելով ձեռքը՝ փնթփնթաց Արտաշեսը։
-Ինչպե՞ս կարող ես նման բաներ խոսել նրա մասին,- ջախջախված ասաց Հայկը,- նա ամենաչքնաղ էակն է, ում ես երբևէ ճանաչել եմ։
-Շատ քչերին ես ճանաչել, եթե այդպես ես կարծում։ Դու կույր ես, ամեն ինչ չէ, որ աչքերով է որոշվում։ Ես բավարար ճանաչում եմ մարդկանց, որ հասկանամ նրանց խոսքերի թաքնված իմաստները, իսկ դու ոտքից գլուխ մայրդ ես՝ անհույս միամիտ,- զայրացած ասաց Արտաշեսն ու, անմիջապես անվասայլակն առաջ հրելով, հեռացավ իր սենյակը՝ էլի ինչ-որ բան քթի տակ մրթմրթալով։
Այդ միջադեպից հետո նրանք չէին խոսում միմյանց հետ շաբաթներով։ Հայկը տուն հասնելուն պես բարձրանում էր իր սենյակ ու փակում դուռը՝ կողպեքով, այլևս դուրս չգալով սենյակից։ Փոխարենը Արտաշեսը չէր դիմավորում Հայկին, երբ նա գալիս էր, դեռ ավելին՝ նույնիսկ դուռը չէր բացում, Հայկն իր բանալիով էր բացում այն։
Թվում է, թե խնդիրը փոքր է՝ մանրուք է, և կարելի է ուղղակի նստել ու խոսել, բայց Արտաշեսը սկզբունքներ ուներ, որոնց չէր դավաճանում երբեք։ Նա նույնիսկ ընկերներ չուներ, որ իր հետ փողի համար ընկերություն կանեին, այդ պատճառով էլ քչերն էին նրա հետ անկեղծորեն ընկերանում։ Շատ բծախնդիր էր, հասարակ բաներ տանել չէր կարողանում՝ սաստիկ շոգը, դռան ճռռոցը և նմանատիպ այլ բաներ։ Էլ ուր մնաց, թե հայտնվի մեկն, ով իր հետ շահի համար շփվի։ Տարօրինակ կերպով նա ամբողջ կյանքում շան հոտառությամբ հասկանում էր, թե ով ինչի համար է իր հետ շփվում և արագ դասակարգում էր մարդկանց ու հեռացնում իր կյանքից նրանց, ովքեր անիմաստ հայտնվել էին այնտեղ, որտեղ չպիտի լինեին։ Իր համար անիմաստ։
Հայկը չէր ժառանգել հոր սկզբունքայնությունը, իսկ հոտառություն ասվածն ընդհանրապես չուներ։ Ուստի հոր պնդումները կատարյալ սին էին իր համար։ Այս ամենի պատճառով նրանք ամիսներ շարունակ գնալով ավելի ու ավելի հեռացան իրարից, այն աստիճանի, որ նույնիսկ առանձին էին ընթրում։ Իսկ դա, ի դեպ, ծանր բան է հայրերի ու որդիների համար։
Ես դա հստակ գիտեմ։