Chapter 1
Ամենասկզբում
«Եվ երբ երկար նայում ես անդունդին, անդունդն էլ է նայում քեզ:»
Ֆրիդրիխ Նիցշե
Ոստիկանությունը մեծ դժվարությամբ ներխուժեց բնակարան (պատուհանով) ու տեսավ այն տակնուվրա արված։ Դուռը կողպված էր, բազմոցը ճղճղված էր ու դրված դռան դիմաց։ Սեղանն ու աթոռները անկանոն շպրտված էին տարբեր անկյուններով, մի մասն էլ՝ կոտրած։
Դռան դիմացի պատին ուտելիքի պահածոների հետքեր էին, դրանցից ներքև՝ գետնին, նկատվում էին կոտրված տարաների կտորները։ Հյուրասենյակից խայտառակ նողկալի հոտ էր փչում։ Ընդհանուր առմամբ, այն, որքան հնարավոր է, աղտոտված էր։ Սեղանին երկու լուսանկար կար դրված․ մեկում երիտասարդ զույգ էր, մյուս նկարում էլ զույգ էր, բայց շատ ավելի տարեց, գրկներին էլ երեխա։ Նկարը, դատելով ամենից, շատ հին էր, իսկ շրջանակի ապակին կոտրված էր։
Տեսուչը, շարժվելով առաջ, տեսավ սենյակում տարածված անկենդան հոտի պատճառը՝ դին։
Մահացածը տղա էր։ Նրա մի ձեռքում դանակ էր, որ սպանության գործիքն էր, մյուս ձեռքում՝ դեղահաբերի տուփ, որի բոլոր կոճակները բացակայում էին։
Երիտասարդի թևի արմունկի հակառակ կողմը խորը պատռվածք ուներ։ Այն կարմիր էր ներկված։ Մեծ ծավալի արյուն էր թափվել տնով մեկ, իսկ հոտը, որ տարածվել էր, սրտխառնոց էր առաջացնում։
Պատուհաններից մեկը բաց էր, բայց հազիվ թե դա որևէ օդափոխություն կարողանար ապահոված լինել։ Դիակի կողքին մի անորակ, մոխրագույն երանգով թղթի վրա գրություն էր գրված.
«Տեսու՛չ, լսե՛ք հեռախոսիս վերջին ձայնագրությունները։ Այստեղ ոչ մի բացահայտելու բան չկա, գործը չեմ բարդացնի, ամեն ինչ ինքս եմ պատմել։»
Տեսուչը, այս գրությունը կարդալուց հետո, վերցրեց հեռախոսը, որ դրված էր թղթի կողքին ու հանեց այն լիցքավորիչից։ Իր ենթականերին հանձնարարեց, որ ոչնչի ձեռք չտան։
Հեռախոսը միացված էր ավիառեժիմին։ Հավանաբար, որ ոչ ոք չխանգարի։ Կողքին մի հին տետր կար՝ անխնամ վիճակում ու տեղը տեղին ծռմռված։
Տեսուչը հարմար տեղավորվեց ու միացրեց ձայնագրությունը։