1. Քաջ Նազարը

Chapter 4

IV

Հարսանքատանից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանանչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են, ի՞նչ են տեսնում․ հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,

Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Վա՜յ, Քաջ Նազարն է՜․․․ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում․ որ զարթնում է, աչքերը բաց է անում տեսնում՝ գլխավերևը քառասուն լրդրանոց գուրզները ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ ​Էս հսկաները որ տեսնում են՝ սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է՝ մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են․

— Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,

Որ մին զարկես՝ ջարդես հազար,

Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում․ այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք՝ քո խոնարհ ծառաներդ, օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է, մեջը՝ մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք՝ շնորհ անես, գաս մեր հացը կտրես․․․

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած՝ առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են, ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։

Comments