Chapter 3
III
Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում․ ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։
— Բարի օր ձեզ։
— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։
Համե՛ցեք, հա, համե՛ցեք․ դե ղոնախն աոտծունն է․ սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե՛ ուտելիք, թե՛ խմելիք։
Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ո՞վ է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է․
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ՝ իր կողքի նստածին, սա էլ՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին․ էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը՝
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար
— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը,— ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի․․․
Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։
— Հապա ի՞նչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։
— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ — Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։
— Շնորհքն էլ հենց դրա մեջն է, է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես, ջարդես հազար, թե չէ՝ լավ թրով ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։
Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր․․․
Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։
Բարով եկար, հազար բարի,
Հըզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըղ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։
Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։
Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։
Ու ցրվելով՝ հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։