1. Քաջ Նազարը

Chapter 1

I

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

— Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։

Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ ​Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում—պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է, երեսին զարկում։ Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին վեր թափում։

— Վա՛հ, էս ինչ էր․․․— մնում է զարմացած։

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՛հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել․․․։

Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։

— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։

— Աստված օրհնի, որդի՛ս։

— Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես—էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,

Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Ու տալիս է իրեն։

Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։

Comments