1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 4

Արձակուրդ

Չէ, ի՞նչ կարոտել, մեզ մոտ ընդամենը գրկախառնության արձակուրդ է:

«Գիշեր, աշնանային մի գեղեցիկ օր, ավելի կոնկրետ նոյեմբերի վեցն էր, ես սիրահարվեցի Ջիյոնին:» 

-Ի՞նչ ես անում: 

Ջիյոնը գալիս է ու նստում կողքիս: 

-Գրում եմ, թե ինչպես սիրահարվեցի քեզ: 

-Իսկ ինչպե՞ս սիրահարվեցիր: 

-Ամսաթվերը կարևոր չեն, բայց նոյեմբերի վեցին, ժամը 23:35: 

-Արդեն հետաքրքիր է: 

-Դու գրկեցիր ինձ, Ջիյոնա՛: 

-Հետո ի՞նչ: 

-Հետո այն, որ ես սիրահարվեցի: Քո գիրկը երիցուկներով այգի է: Գիտե՞ս, կյանքում ուրիշ ոչ մի ապահով տեղ չկա, բացի քո գրկից: 

-Այդ օրը դու հարբած էիր, դրա համար էլ սիրահարվել ես: 

-Ես սիրահարվեցի, երբ հարբած էի, ու սիրեցի, երբ սթափվեցի: 

-Պարզ է: 

Կանգնում է, սկսում է պտտվել սենյակով: Վառում է ծխախոտը, սկսում է ծխել: Վերջացնելուց հետո նորից հիշում է իմ մասին: 

-Սու՞րճ: 

-Չես սիրում, չէ՞, սուրճ եփելը: 

-Չէ՛, Ջիյոնա՛, տանել չեմ կարողանում: Սուրճ եփելը զզվելի է, պետք է ամեն ինչ ճիշտ չափաբաժնով լցնել, որ համեղ լինի, հետո կանգնել կողքին, որ չթափվի: Իսկ թեյ եփելը հրաշալի է: Լցնում ես ջուրը թեյնիկի մեջ ու մոռանում, երբ սկսում է եռալ, թեյնիկն անտանելի ձայն է հանում, հասկանում ես, որ թեյդ պատրաստ է, մնում է միայն քո սիրելի համն ընտրես ու վերջ, կարող ես գրկել բաժակը: 

Կանգնում եմ ու գնում խոհանոց, թեյնիկը դնում եմ գազօջախին: 

Սկսում եմ մաքրել նարինջներն ու խնձորները: Մեջքիս հետևում զգում եմ Ջիյոնի շունչը:

-Փաստորեն որոշեցիր, որ պետք է թեյ խմենք: 

-Թեյ խմելն ավելի երկար է տևում, այսպես կարող եմ ներկայությունդ ավելի շատ վայելել, իսկ սուրճը միայնակ էիր խմելու ու մեծ կումերով: 

Ափսեից մի կտոր նարինջ է վերցնում ու սկսում աչքերիս մեջ նայել: Դառը շոկոլադի գույն աչքերին նայելիս՝ սկսում ես հասկանալ, որ կյանքում գոնե դրանց մի քանի վայրկյանով նայելն արդեն ապրելու իմաստ է: 

Թեյնիկի ձայնը խախտում է հաճելի լռությունը: Անջատում եմ գազօջախը, բացում պահարանի դուռն ու վերցնում թեյի համար նախատեսված սև ու կարմիր բաժակները: Լցնում եմ կանաչ թեյը բաժակների մեջ ու սև բաժակը մեկնում Ջիյոնին: Նստում ենք իրար կողքի մութ սենյակում, սենյակի լուսավորությունը ապահովում է հեռուստացույցը: Մեզ համար կարևոր չէ, թե հեռուստացույցի էկրանին ինչ պատկեր է, կարևորն իրար կողքի նստած լինելն է: 

Վերցնում եմ Ջիյոնի դիմաց դրված ծխախոտի տուփը, ներսում գտնում երազելի վերջին հատիկը, վառում եմ ու սկսում ծխել: Զգում եմ Ջիյոնի ինձ ուղղված սառը հայացքը: Նայում եմ աչքերի մեջ ու շարունակում ծուխը ներս քաշել: 

Թեյի բաժակը դնում է սեղանին, բացում է ձեռքերը, ու ես հասկանում եմ, որ գրկելու ժամանակն է:

Երբեմն սիրում եմ առանց բառերի Ջիյոնին: Իր հետ լռելը սկսել է ինձ դուր գալ: Ջիյոնը կարող է առանց բառերի հասկանալ քեզ: Կարող է նստել կողքիդ ու լսել, թե ինպես ես խոսում, բայց նաև կարող է լռությունդ լսել: 

Սպասում է մինչև արցնունքներս դադարում են խոսել, բաց է թողնում: Արցունքներից վերաշապիկը մի քիչ թրջվել է, բայց վստահ եմ, որ ուշադրություն չի դարձնում դրան:

-Ջիյո՛ն, գիտե՞ս, երբ Սևակը գրում էր, քեզ չէր պատկերացնում: 

-Ի՞նչ: 

- «Դու՝ երկու տառ…»,- ասաց Սևակն ու քեզ չպատկերացրեց: Սևակը չգիտեր, որ, երբ խոսքը քեզ է վերաբերվում, դու երկու տառի մեջ չես տեղավորվում: «Դու՝ հասարակ մի դերանուն…»,- գրեց Սևակն այնքան պարզ, բայց դու դրանից ավելի պարզ ու հասարակ չդարձար: 

Բռնում է սառը ձեռքերս ու աչքերիս մեջ նայում: 

-Կներե՛ս, Ջիյոնա՛, երևի գժվել եմ: 

-Չէ՛, չես գժվել, ուղղակի էլ չես կարողանում լռել: Այսքան տարիներ անց դու սովորել ես նստել կողքիս ու ոչինչ չխոսել, հիմա էլ խոսելիքը շատացել է, ներսումդ էլ չի տեղավորվում: 

-Դու էլ չես տեղավորվում: Երբեմն այնքան շատ ես լինում, որ ոչ մի կերպ չեմ կարողանում քեզ դասավորել հոգուս դարակներում, երբեմն էլ այնքան քիչ ես, որ նույնիսկ կարող եմ քեզ ծխախոտի մի հատիկի մեջ տեղավորել ու թունավորել ինձ: 

Լռում ենք: Ի՞նչ իմաստ ունի շարունակել խոսել, երբ նույնիսկ հեռուստացույցի ձայնն ես անջատել, որ լսես նրա լռությունը: 

Աջ ուսիս մի փոքր ծանրություն եմ զգում, ու պարանոցս շոյող թեթև դող: Ջիյոնը որոշել է, որ ես հարմար բարձ եմ իր համար: Նայում եմ փակ աչքերին ու մտածում, որ նույնիսկ աչքերը փակ էլ է ինձ տեսնում: Երկար, սև թարթիչները ասես աչքերը թաքցնող վարագույրներ լինեն: Մազերն այնքան փափուկ են, որ կարող ես հանգիստ գլուխդ դրանց վրա դնել: 

Անջատում եմ հեռուստացույցը, չէ՞ որ ոչինչ չպետք է խանգարի նրան, երբ քնած է: ……………………………………………………………………………………………………………….․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Առավոտյան արթնանում եմ կոտրվող բաժակի ձայնից, վազում եմ խոհանոց: Տեսնում եմ ալյուրի մեջ կորած, գզգզված մազերով Ջիյոնին: 

-Ջիյո՛ն, ի՞նչ ես անում: 

-Որոշեցի նախաճաշը ես պատրաստել, բայց… 

Սկսում է հավաքել գետնին ընկած բաժակի կտորները: Ջիյոնը լավ խոհարար է, առհասարակ լավ է պատրաստում: 

-Կարո՞ղ եմ փորձել: 

Մոտենում եմ գազօջախին դրված կաթսային: 

-Սպասի՛ր, դեռ պատրաստ չէ: 

Հավաքում է բաժակի կտորներն ու լվացվում: 

Մոտենում է ինձ ու գրկում: Զգում եմ սառը ձեռքերը, դանդաղ շունչը, որ ասես սրտիդ զարկերը լինի: 

Նախաճաշից հետո վերդառնում ենք հյուրասենյակ: Իմ ու Ջիյոնի մշտական կռիվների վայրը հյուրասենյակն է, բայց վերջերս նույնիսկ կռվի թեմա էլ չկա, միևնույն է մենք հրաժեշտ տալ չգիտենք: Մեր բաժանումները կարող են նույնիսկ ամիսներ տևել, բայց այդ ընթացքում Ջիյոնի մասին չմտածելը նույնիսկ մեկ րոպե չի տևում: Բաժանվելուց առաջ էլ մարդավարի հրաժեշտ չենք տալիս, գրկում ենք մինչև վերջին րոպեն, ու ես նորից սկսում եմ սիրահարվել այդ գրկին: 

Նստում եմ բազմոցին ու հասկանում, որ շունչս սկսում է կտրվել: Ջիյոնը մոտենում է ու նստում կողքիս: Ձեռքը դնում է ճակատիս, դա երանության պահ է ինձ համար, գլխացավս մի պահ դադարում է, ժպտում եմ: 

-Ջերմում ես: 

-Գիտեմ: 

Գրկում է ու ես սկսում եմ վայելել նրանից եկող ծաղիկների ու օծանելիքի բույրը: Եթե իմանայի, որ կարող եմ այսպես վայելել նրա ներկայությունը հավերժ հիվանդ կմնայի: Բայց հիվանդ ժամանակ շատ եմ սկսում բողոքել: Բողոքում եմ, անընդհատ բողոքում եմ,չէ՛, էնպես չի որ առողջ ժամանակ չէի բողոքում, պարզապես հիվանդ ժամանակ բողոքելունները շատանում են, լսողները՝ քչանում: Հիվանդ ժամանակ անգամ թեյն է ուրիշ: Կանաչ, լիմոնով ու առանց շաքար թեյը փոխարինվում է սև ու քաղցր թեյով: Չորս գդալ շաքարավազ ու լիմոնի թթվությունն էլ չեմ զգում: Զգույշ եմ խմում, որ հանկարծ լեզուս պատահաբար չվառեմ ու տաք թեյը ձեռքերիս լցնեմ: 

Մի քանի օր անց սկսում եմ էդ թեյից էլ բողոքել: Թեյն առհասարակ շատ չի լինում, բայց բողոքում եմ, որ չափն անցել եմ, առանց հասկանալու, որ թեյը բաժակներով են չափում, իսկ Ջիյոնի հանդեպ զգացածս անչափ է: Ու թող մարդիկ այդպես էլ մտածեն, որ միայն սուրճն է սերով լինում, առանց իմանալու, որ իմ թեյն ամենասերովն է: Թեյից բողոքելը վատ չէ, հատկապես, երբ հաջորդ բաժակը լիքն է լինում տաք կապուչինոյով: Սկսում եմ նորից բողոքել, չէ՛, կապուչինոն համեղ է, բայց հետը պաղպաղակ չկա: 

Հիշում եմ, որ ծխախոտից սովորել եմ հրաժարվել, դե լավ, ուղղակի էլ չի առաջարկում: Ու սկսել եմ ինքդ ինձ համոզել, որ թողել եմ ծխելը: Իսկ եթե մի օր նորից առաջարկի՞, կհասկանամ, որ իմ ծխելը թողնելը տևում է այնքան մինչև նրա տուփի վերջին հատիկը: Ու մենք սկսում ենք հաշվել ծխախոտի հատիկները ու վայ եթե վերջում մի հատիկ մնա: Նորից կսկսենք վիճել ծխախոտի վերջին հատիկի համար, ու ես էլի կթողնեմ ծխելը, բայց չեմ թողնի նրան:

 

-Ջիյո՛ն, ես կարոտել եմ քեզ: 

-Բայց ես կողքիդ եմ: 

-Կողքիս ես, բայց հիվանդ լինելս թույլ չէր տալիս զգալ քեզ: 

Գրկում եմ, սկսում եմ ուղղել սև մազերը: 

-Ե՞րբ ես հասկանալու, որ ես մնացողներից չեմ: 

-Երբե՛ք, Ջիյոնա՛, երբե՛ք: Ես էլ հասկացողներից չեմ: 

Եթե ժամանակին կանգ չառնենք, մեր բղավոցները հաստատ վեճերի կվերածվեն:

-Գիտե՞ս,նախանձում եմ ջութակիդ ,որ ինձնից շատ է դիպչում այդքան սիրելի վերնաշապիկներիդ:Նրանից նույնիսկ օծանելիքիդ հոտն է գալիս: 

Կանգնում է, մոտենում է անկյունում դրված ջութակին: Վերցնում է ու սկսում նվագել: Այնքան նուրբ է հպվում ջութակի, որ ասես սրտիդ դիպչի: Ջութակի ու աղեղի միջև տարածություն անգամ չկա, երևի դրա համար է ձայն արձակում, ջութակը լաց է լինում, իսկ աղեղին դա էլ ավելի է դուր գալիս: 

Մոտենում եմ Ջիյոնին, դադարում է նվագել: 

-Ուզու՞մ ես ավելի շատ նախանձեմ նրան: 

Ջութակը մի կողմ է դնում ու գրկում ինձ:

-Մազերդ երկարել են: 

-Բայց էլ սև չեն, չէ՞ որ մի անգամ ասել էիր, որ կարմիրն էլ վատ չէ: 

-Հիշում եմ: 

-Սկսել ես ձեռքերդ քիչ վնասել: Դա ինձ դուր է գալիս: 

-Ես էլ կարծում էի սիրում ես վերքերս մշակել, չէ՞ որ այդ դեպքում դիպչում ես ինձ:

-Բայց ավելի շատ սիրում եմ ձեռքերդ, չվնասված ձեռքերդ: 

-Կարծում եմ բաժանումն ավելի լավ էր: 

-Գիտե՞ս, եթե կարոտը գույն ունենար, հաստատ քո աչքերի գույնն էր լինելու՝ դառը շոկոլադի գույն: Այն աչքերի գույնը, որ չէի տեսնում ամեն օրացույցի վրա թվերը ջնջելիս: Դե լավ ինձնից ի՞նչ օրացույց ջնջող կամ օրեր հաշվող: Ես կարող եմ հաշվել քո սպիերը, խմածդ սուրճի բաժակները, ծխախոտի հատիկները, բայց ոչ կարոտի օրերը: Եվ հետո, ի՞նչ կարոտ, պարզապես արձակուրդ էինք իրարից: Դպրոցական տարիներին շատ սպասված արձակուրդ, երբ խառնում ես օրերն ու ամսաթվերը: Ու չասես, որ էդպես լավ չի, որովհետև սկսում ես մոռանալ, թե ինչ կարճ էր արձակուրդը: 

-Կարծում եմ արձակուրդի ժամանակն է: 

-Ի՞նչ: 

Կանգնում է, շրջվում դեպի դուռը: 

-Չէ՛, մի՛ գնա: 

Բռնում եմ ձեռքը, բայց Ջիյոնը հետ է քաշվում: 

-Մի՛ գնա, Ջիյոնա՛: 

Բացում է դուռն ու հեռանում:

Comments