1. Քեզ ապրելու վերջին հատիկը

Chapter 2

Վերջացավ

-Վերջացավ: 

Տանը պակասող հայելիների ու կոտրված բաժակների քանակից կարելի է հաշվել Ջիյոնի հետ կռիվները: Գետնին ապակե բաժակի կտորներ, մի քանի կաթիլ արցունք, բղավոց, ու մի քանի նոր վնասվածքներ ձեռքերին: Ջիյոնի հետ վեճերն ավարտվում են տան համար նոր հայելի ու բաժակներ գնելով: 

-Թող տեսնեմ: Արյուն է գալիս: 

Բռնում եմ ձեռքն ու սկսում աչքերով սահել երակների վրայով: Ջիյոնի ձեռքերը միշտ սառն են, նման են առանց ձեռնոց ձյանը դիպչելուն, երբ սկզբում հաճելի է, իսկ հետո ձեռքերդ սկսում են կարմրել ու մրմռալ: 

Գիտի, որ սպիրտով թաթախված բամբակը մոտեցնելուց հետո՝ ցավին դիմանալը դժվար է լինելու, դրա համար էլ նախորոք փակում է աչքերը: Ամեն հպումից ավելի ուժեղ է սեղմում կոպերն ու ձևացնում, թե իր համար միևնույն է, որ դիպչում են իրեն: Անընդհատ փորձում է ձեռքը հետ քաշել ու վերջին փորձի ժամանակ սպիրտն ուղիղ վերքի վրա է լցվում: 

-Ջիյո՛ն: 

-Ցավում է: 

-Որ հանգիստ նստես չի ցավի: 

Ու լռում է, նորից փակում աչքերը, հենվում բազմոցին: Վերքը մշակելուց հետո սկսում եմ մատներով շոյել ձեռքերը, քիչ-քիչ համարձակություն եմ հավաքում ավելի վերև բարձրանալու համար ու սկսում պարանոցի խալերը հաշվել, շուրթերն ի տարբերություն ձեռքերի՝ տաք են, նուրբ վարդագույն երանգ ունեն ու մատներով դիպչելիս քեզ թվում է, թե կարող ես այրել դրանք: Թարթիչները երկար են, ականջները չգիտես ինչու միշտ կարմիր երանգ ունեն, իսկ մազերը… դրանց դիպչելուց սկսում ես նրբություն զգալ: 

Տեսնում եմ, որ քնել է, իսկ ես զարմանում էի, թե ինչպե՞ս է թույլ տալիս այսքան երկար դիպչել իրեն: Բերում եմ ծածկոցն ու գցում վրան: Նստում եմ գետնին, գլուխս դնում բազմոցին ու սկսում հետևել, թե ինչպես է քնում: 

Մի քանի ժամ կողքին նստելուց հետո՝ սկսում եմ հավաքել կոտրված բաժակի մնացորդները: Մի անզգույշ քայլ ու վնասում եմ ձեռքս: Հոսող ջրի տակ արյունն ասես քո բոլոր ցավերը լինի, որ ուղղակի լվացվում է: 

Ախ, Ջիյոնա՛, երանի իմանայիր, որ ձեռքիս ցավը ոչինչ է քո տված բոլոր ցավերի դիմաց: Առավոտյան կարթնանաս, գուցե չնկատես էլ, որ ձեռքս վիրակապով եմ զարդարել, նկատելուց հետո էլ անգամ քեզ համար միևնույն կլինի պատահածը: Առավոտյան արևի շողերն ուղիղ Ջիյոնի դեմքին էին ընկել, մոտեցա ու ձեռքով փակեցի, չեմ կարող թույլ տալ, որ որևէ բան խանգարի նրա քունը: -Ի՞նչ ես անում: 

-Ոչինչ: 

Սեղանին եմ դնում մի բաժակ դառը սուրճ, ջուր ու երկու դեղահաբ, չէ՞ որ առավոտյան միշտ գլխացավով է արթնանում: Գնում եմ կողքի սենյակ ու սկսում նայել գույներին: Վաղուց չեմ նկարել: 

Մեջքիս հետևում զգում եմ Ջիյոնի բույրը, նա ծաղիկների բույրն ունի՝ ծխախոտին ու օծանելիքին խառնված: 

-Թույլ տուր նկարել քեզ: 

Չեմ շրջվում, չեմ ուզում հանդիպել նրա սառը հայացքին, դառը շոկոլադի գույն աչքերին: 

-Նկարի՛ր: 

Հանում է վերնաշապիկն ու կանգնում ներկերի կողքին: Սկսում եմ խառնել գույները: -Չասես, որ պատրաստվում ես ինձ կտավի վրա նկարել:

-Իսկ դու ի՞նչ ես առաջարկում: 

Բռնում է վնասված ձեռքս, մատներս թաթախում սևի մեջ, մոտեցնում է մարմնին ու սկսում սահեցնել վրայով: 

-Կարող ես շարունակել: 

Զգում եմ, որ ձեռքերիս սառնությունը նրան դուր չի գալիս, բայց չէ՞ որ նա Ջիյոնն է: Այնպես է կանգնել ասես իր համար միևնույն է, որ դիպչում եմ: Վիրակապս լրիվ կեղտոտվել էր, ներկն արդեն սկսել էր տարածվել վերքիս վրայով, իսկ ցավն արդեն անտանելի էր դառնում: 

-Հերի՛ք է: 

-Ի՞նչ: 

-Հերի՛ք է: Արդեն հիսուներկու րոպե է ինչ դիպչում ես ինձ: 

-Հիսունմեկ: 

Դուրս եմ գալիս սենյակից: Սուրճն ու ջուրը խմել է, դեղահաբերն ինչպես միշտ աղբամանում են հայտնվել: Սկսում եմ քանդել վիրակապս ու փորձում զսպել արցունքներս: Գալիս է ու նստում գետնին՝ ուղիղ ոտքերիս դիմաց: Բռնում է ձեռքս ու սկսում զգուշորեն նոր վիրակապ դնել: 

-Այդպես մի՛ նայիր, երեկվա կոտրված բաժակի հետևանքն է: 

Կանգնում է, քայլում դեպի պահարանը, վերցնում ապակե բաժակն ու աչքերիս մեջ նայելով գցում է հատակին: Երրորդ բաժակը կոտրելուց հետո վազում եմ սենյակ ու դուռը կողպում: Չնայած նրան, որ ձեռքերով փակում եմ ականջներս միևնույն է շարունակում եմ լսել կոտրվող իրերի ձայնը: Լավ է, որ գոնե էս դուռը թափանցիկ չէ, չեմ տեսնում ինչպես է վնասում իրեն: 

Մի որոշ ժամանակ անց լռություն է տիրում, բայց դեռ չեմ համարձակվում բացել դուռն ու գրկել նրան: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե դռան հակառակ կողմում արդեն որերորդ ծխախոտն է վառում: Լսում եմ դաշնամուրի ձայնն ու ձեռքս դնում դռան բռնակին: Մի փոքր բացում եմ դուռը, դե այնքան, որ չնկատի, բայց տեսնեմ, թե ինչպես է նվագում: 

Սառը մատները մոտեցնում է դաշնամուրին: Ստեղներն իր կամքից անկախ սահում էին մատների տակ՝ հյուսելով հիասքանչ մի մեղեդի: Նա դարձյալ իր անդավաճան ընկերների հետ էր՝ սև ու սպիտակ ստեղների: Անթարթ նայելով դաշնամուրի ստեղներին՝ նվագում էր: Երևի մտածում էր, որ կյանքն էլ սևի ու սպիտակի համադրությամբ միշտ հորինում է մի նոր մեղեդի: Փորձում էր իր մեղեդին հյուսել՝ ընտրելով միայն սպիտակ ստեղներ, բայց…առանց սևի «մասնակցության» մեղեդին անկատար է… մտածում էր ինչու՞ կյանքում էլ սպիտակը չի գերիշխում ինչպես դաշնամուրի ստեղների դեպքում է: 

Արցունքի կաթիլները գրկում են դաշնամուրի ստեղները: 

Նրա աչքերը հաճախ են թրջվում, սկզբում արցունքի մի կաթիլ ընկնում է աջ աչքից այտի վրա ու ստիպում՝ մի փոքր ջերմություն ու տարօրինակ քոր զգալ, հետո ձախ աչքից է ընկնում, բայց նա մատներով նրբորեն մաքրում է, ասես ոչինչ էլ չի եղել: Ու արցունքների միջից ժպտում է: 

Ատելի են նրա աչքերից հոսող բոլոր արցունքի կաթիլները: Ստիպում են, որ աչքերը կարմրեն, իսկ հետո դժվար է լինում ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է, ընդամենը փոշի է լցվել: 

Գնում եմ ու նստում կողքին: 

Սիրում եմ, երբ Ջիյոնի գրպանում ծխախոտի տուփը լիքն է լինում: Նման դեպքերում կարիք չկա կռվել ու զիջել վերջին հատիկը: 

Գրպանից հանում է ծխախոտի տուփն ու մեջից ընդամենը մի հատիկ վերցնում: Չէի պատկերացնում, որ ինձ համար է: Ջիյոնն առհասարակ միասին ծխել չէր առաջարկում: Երկար ծխախոտին նայելուց հետո՝ վերցնում եմ ու սպասում մինչև իր համար էլ վերցնի: Կրակայրիչը չի փնտրում, դե գիտի, որ անկախ ինձ մոտ ծխախոտ լինելուն՝ կրակայրիչը պարտադիր պայման է: Ծխախոտը դնում եմ բերանումս ու կարծում է, թե առաջինն իմն եմ վառելու: Չէ, Ջիյոնա՛, ես քեզ նման չեմ: Վառում եմ կրակն ու մոտեցնում: Ծխախոտը դնում է բերանն ու փակում աչքերը, տեսնում եմ՝ ինչպես է աչքերը փակ ծուխը ներս քաշում: Ու մի պահ բացում է աչքերը: Վառվող լույսի տակ տեսնում եմ դառը շոկոլադի գույն աչքերն ու չեմ ուզում անջատել էս գրողի տարած կրակը: Եթե հնարավոր լիներ, հավերժ կվառեի նրա ծխախոտները: Մինչ ես ներսս կլցնեի ծխախոտի մի հատիկով, զգացի, որ երկրորդն է վառում: Ու ինձ համար այդպես էլ անհայտ մնաց. եթե առաջին հատիկի համար կրակայրիչ չուներ, ապա ինչպե՞ս երկրորդը վառեց… 

Մեր առավոտները սկսվում են իմ խանութ գնալով ու սուրճ գնելով: Ջիյոնը սուրճը դառն է խմում, հիմնականում կարիք չի լինում շաքարավազի մասին մտածելու: Գիշերը չքնելու հետևանքով՝ առավոտյան ուշ է արթնանում: 

Խանութից վերադառնալուց հետո՝ տեսնում եմ բազմոցին նստած Ջիյոնին: Վերնաշապիկը նետել էր մի կողմ ու ծխում էր: Այնքան է դիպչում ծխախոտներին, որ ձեռքերից ծխախոտի հոտ է գալիս: Նրա հետ կապված ամեն ինչից կարելի է զգալ այդ հոտը՝ բազմոցից, բարձերից, սենյակներից: Գլխավերևի փոքրիկ լամպը միակ սենյակը լուսավորողն է: Ծուխը բարձրանում էր ու կախվում սենյակի պատերից: Մազերը գզգզված, աչքերը կարմրած, շփոթված հայացքով, միանգամից զգացվում է, որ նոր է արթնացել: 

Ինձ տեսնելուց հետո կանգնում է, ծխախոտը պահում է բերանում: Դա խելագարության հասցնող պահ է, պետք է կարողանաս չխեղդվել, երբ ծուխը աչքերդ է լցվում, սկսում է մրմռալ ու արցունքոտվել, բայց չէ՞ որ նա Ջիյոնն է, նրա մոտ ամեն ինչ ուրիշ է: 

Հագնում է վերնաշապիկն ու սկսում դանդաղ կոճկել, վերջին կոճակը բաց է թողնում: Նստում է բազմոցին ու շարունակում ծուխն ագահորեն ներս քաշել: Նստում եմ կողքին ու սկսում եմ շնչել նրանից եկող ծխախոտի հոտը: Ավելի եմ մոտենում ու շունչս սկսում է կտրվել: Ինչպե՞ս կարող ես նստել Ջիյոնի կողքին ու ոչինչ չզգալ: Դժվար է ձեռքերիդ ստիպել, որ չդիպչեն նրան, չփորձեն ստուգել մազերի փափկությունը: -Ջիյո՛ն: 

Ջիյոնը երբեք չի արձագանքում, երբ իր անունն ես տալիս: Պետք է մթության մեջ որոնել նրա հայացքն ու խոսել հետը: 

-Արի գեղեցիկ բաժանվենք… 

-Ես կարծում եմ,որ մենք պիտի գեղեցիկ բաժանվենք:Եվ կարծում եմ այս բաժանումն անխուսափելի է: 

-Բաժանվու՞մ ենք:Բայց արի թեյ խմենք նոր բաժանվենք: 

-Թե՞յ: 

-Լիմոնո՞վ: 

-Քա՞ղցր: 

-Շուրթերիդ նմա՞ն: 

-Քեզ նմա՞ն: 

-Բայց թեյը քաղցր չէիր սիրում չէ՞: 

-Չարժի՞ փորձել: 

-Ինձ համա՞ր: 

-Քեզ համա՞ր: 

-Շոկոլա՞դ: 

-Համե՞ղ:

-Դառը՞: 

-Հայացքիդ նմա՞ն: 

-Սիրելուդ նմա՞ն: 

-Մի բաժա՞կ էլ: 

-Մի քիչ է՞լ: 

-Գուցե նվագե՞ս: 

-Ես հիմա ոչինչ չեմ հասկանում,բաժանվու՞մ ենք,թե չէ՞:

Comments