Chapter 16
մայր-սիէնա
-Ջիյո՛ն։ Իսկ դու իմ մայրիկին չես բուժել։
Բուխարին արդեն հանգել էր։ Սենյակը ծանր լռությամբ էր լցված։ Ավելի լավ է փորձել ստանալ բոլոր հարցերի պատասխանները։
-Դու պետք է բուժեիր նրան։
-Սիէնա՛։
-Ես սպասում էի։ Հավատում էի, որ կօգնես նրան, որ մի ելք կգտնես, բայց․․․ այսքան տարի ոչինչ չի փոխվել։ Դու ոչինչ չես անում։ Միայն, երբ սկսում է հիշել, լաց է լինում, բղավում է, ինչ-որ բան ես ներարկում ու նա քնում է։ Այդպես հեշտ է, չէ՞։ Դե իհարկե, քնած ժամանակ նա քեզ չի վնասի, ձայնը չես լսի ու կարող ես հանգստանալ։
-Ես․․․ ես հոգեբույժ եմ, Սիէնա՛, բայց հոգիներ բուժել չեմ կարող։
-Գիտե՛մ։ Գիտե՛մ, որ հնարավոր է չկարողանաս նրան այս աշխարհ վերադարձնել, բայց ինչու՞, Ջիյոնա՛, ինչու՞ չես փորձում։
-Դու ոչինչ չգիտես, ոչ մի բան։ Այնպես, որ լռի՛ր։
-Չէ՛, ես տասներկու տարի է ինչ լռում եմ։
Կանգնում եմ, վառում եմ բուխարին ու նստում դրա դիմաց՝ թողնելով Ջիյոնին ետևում։
Մայրս սև ու երկար մազեր ուներ։ Դրանք միշտ փայլում էին ու չամիչով թխվածքաբլիթի հոտն ունեին։ Երբեք չէր կապում մազերը, միշտ արձակած էին ու ծածկում էին ուսերը։ Սիրում էր խոհանոցը՝ հատկապես հրուշակագործությունը։ Երազում էինք միասին սրճարան ունենալ՝ ինքը թխվածքներ կպատրաստեր, իսկ ես՝ սուրճ։ Տանել չեմ կարողանում սուրճը։ Աչքերը մեղրի գույնն ունեին, որը բաց է ու փափուկ, բայց երբ մայրս խորասուզվում էր իր սեփական աշխարհի մեջ, ավելի մուգ երանգներ էին հայտնվում։
Հագուստները հաճախ էին փոխվում, ու չեմ կարող ասել, թե որ ոճն էր նախընտրում։ Մորս անունը Միրաբել է, նշանակում է հիասքանչ կամ զարմանալի գեղեցկություն։ Իրոք որ մայրս հիասքանչ էր։
-Յո՛ն։
Շրջվում եմ ու տեսնում, որ իմ ու Ջիյոնի միջև հազիվ թե երեք սանտիմետր տարածություն մնացած լինի։
-Ջիյոնա՛, կպատմե՞ս, թե մայրս ինչպիսին է հոգեբուժարանում։ Ճիշտ ես ասում, ես ոչինչ չգիտեմ։
-Դե․․․Միրաբելը․․․գեղեցիկ կին է, գեղեցիկ էր։ Սկզբում ինձ պատմում էր իր ընտանիքից, թե ինչպես է ամուսնը միշտ բողոքում չարդուկած վերնաշապիկներից ու թե ինքն ինչքան է ատում վերնաշապիկներ արդուկելը։
-Բայց մայրս միշտ արդուկում էր։
-Բայց հայրդ միևնույն է բողոքում էր․․․Պատմում էր, որ ամուսինը շատ հաճախ չի հավանում ընթրիքը, բայց չպատրաստել չէր կարող, <<Աշխատանքից կգա ու սոված կլինի․․․>>․-ասում էր Միրաբելը։
-Ջիյոնա՛, այնպիսի տպավորություն է, որ մենք երկու տարբեր կանանց մասին ենք խոսում։ Մայրս միշտ հաճույքով պատրաստում էր ընթրիքը ու սպասում հորս։
-Իսկ հայրդ կամ ուշանում էր, կամ էլ ասում․<< Քաղցած չեմ, դու կարող ես ուտել>>։ -Դե․․․այո՛։
-Ու ամեն ինչ քիչ-քիչ սկսվեց։ Սկզբում մայրդ սկսեց չարդուկել վերնաշապիկները, չլվանալ ամաններն ու ընթրիքին հորդ չսպասել։
-Այո՛, բայց ինչու՞, Ջիյոնա՛։
-Որովհետև Միրաբելի մոտ սկսեց զարգանալ Սահմանային անհատականության խանգարում (BPD)։ Բախտդ այնքանով է բերել, որ մայրդ գիտակցում էր դա, ու նախընտրում էր միայնակ մնալ քան վնասել ձեզ։ Բայց միայնության ժամանակ այս հիվանդությունն ավելի է սրվում։
Մի քանի րոպե լռությունից հետո, Ջիյոնը որոշում է շարունակել։
-Սիէնա՛, դու ճիշտ ես վարվել նրան հոգեբուժարան բերելով։ Այս մարդկանց հատուկ է ինքնավնասող վարքը՝ ինքն իրեն կտրվածքներ, միկրոտրավմաներ հասցնելը։ Ինքնավնասող վարքը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով. ձգտում ցավի միջոցով ազատվելու տհաճ ապրումներից, օտարվելու սեփական զգացումներից, ազատվելու անիրականությունից, լարվածությունը հանել և այլն։
-Դրա համար էլ մայրս միշտ փորձում է վնասել իրեն։
-Այո՛․․․ու փոխարենն ինձ է վնասում։
Ես միշտ հաշվում եմ Ջիյոնի սպիերը, առանց մտածելու, որ մայրս է դրանց հեղինակը։ Ջիյոնին ճանաչելով, կարծում էի, թե կռիվների մեջ է ընկնում, բայց պարզվում է՝ ոչ մի կռիվ էլ չկա, մայրս է աշխարհի հետ պատերազմում ու արկերը Ջիյոնին են դիպչում։
Սենյակը լուսավորված էր բուխարու կրակի լույսով։ Ջիյոնը նստած էր կողքիս։ Սև վերնաշապիկի տակից նկատեցի երևացող սպին, որը պարանոցի ներքևից ձգվում էր մինչև ձախ ուսը։ Կամաց մոտեցա ու սկսեցի մատներս սահեցնել պարանոցի վրայով, զգուշորեն արձակեցի վերնաշապիկն ու սկսեցի մատներիս թույլ տալ, որ զգան Ջիյոնի ամեն մի մասնիկը։ Երբ մատներս հասան այնտեղ, որտեղ սպին վերջացավ, բացեցի աչքերս։ Նայելով Ջիյոնի դառը շոկոլադի գույն ունեցող աչքերին՝ հարցրի․
-Մի՞թե ցավում է։
Ջիյոնը չպատասխանեց, եթե նույնիսկ ցավում են, ի՞նչ կարող եմ անել։
Մատներս անկախ իմ կամքից սկսեցին սահել մյուս սպիերի վրայով։ Ոմանք կոշտ էին, մյուսները՝ ավելի հարթ, որոշները գրեթե անտեսանելի։
-Քանի՞ հատ են, Ջիյոնա՛։
-Չեմ հաշվել, բայց ավելի քիչ են քան դու ես թողել ներսումս։
Բայց ես շարունակում էի հաշվել։
Մատներս զգուշորեն հետևեցին մեկ ուրիշ սպիի ուրվագծին, այս մեկը կրծքին է՝ սրտի մոտ, փոքրիկ, բայց կոպիտ։ Դրա շուրջ մատներով շրջանակ ստեղծեցի, զգալով մաշկի թեթևակի խոնավությունը՝ գուցե Ջիյոնի մարմնի ջերմությունից, գուցե իմ սեփական շնչառությունից։
-Սա ավելի հին է, չէ՞։
-Այո՛․․․ամենահինը։
-Շա՞տ է ցավել։
Ջիյոնը ժպտաց, բայց դա ժպիտ չէր, այլ ավելի շատ մի հին, հոգնած արտահայտություն, որը նման էր քամուց խոնարհված ծաղկի։
Մատներս դեռ սահում էին Ջիյոնի մարմնի վրայով, բայց այժմ ոչ թե պարզապես հաշվում էին սպիերի քանակը, այլ ինչ-որ բան զգում էին, հասկանում էին։ Հասնելով ձեռքերի սպիերին՝ կանգ առա։ Մատներս պոկեցի այդքան երազելի մարմնից, բռնեցի ձեռքերն ու աշխարհը կարծես վերացավ ինձ համար։ Ջիյոնի մատները՝ երկար ու նրբագեղ, ասես պատրաստված էին գրչի ու գրքի համար, ոչ թե վերքերի ու ցավի։ Բայց հենց այդ մատներն էին, որ հարված էին կրել, գրկել էին, բաց թողել․․․և,գուցե, երբեմն մոռացել էին՝ ինչպես պետք է սիրել։ Երբ ձեռք տվեցի Ջիյոնի մատներին, տաքություն զգացի, բայց ոչ միայն ջերմության իմաստով։ Ջիյոնի ձեռքերը բուրում էին ծխախոտի թույլ, խամրած բույրով, որը խառնվում էր, ինչ-որ նուրբ, գրեթե աննկատելի երիցուկների բույրին։ Ասես Ջիյոնը երբեք չէր ուզում ամբողջությամբ թողնել ծաղիկների հոտը, բայց նաև երբեք չէր կարողանում ազատվել նիկոտինի շերտից, որը ներծծվել էր նրա մաշկի մեջ։
Մատներով սահեցի նրա դաստակով, զգալով նուրբ սպիերը։ Դրանք ասես բառեր լինեին, որոնք երբեք չեն ասվել։ Աչքերս թեքելով դեպի Ջիյոնի ձեռքերը՝ շնչեցի, երկար, խորը, զգալով այդ խառնված բույրը։ Հետո առանց բառերի, խոնարհվեցի ու համբուրեցի նրա մատները։ Ջիյոնը մի պահ շունչը պահեց։
Ես համբուրում էի յուրաքանչյուր մատը՝ զգուշորեն, ասես փորձելով մեղմացնել այն ցավը, որը երբեք չէի տեսել, բայց միշտ զգում էի նրա հայացքում։
Իսկ վերջում ուղղակի հասկացա,որ Ջիյոնը այս մատներով միայն ցավ չի կրել,նա այսմատներով ինձ է սիրել։