Chapter 2
II
Երբ հեռուստատեսության օպերատորները հավաքեցին իրենց սարքավորումները եւ գնացին, թղթակիրները հարցերի վերջին տարափը տեղացին երկու կանխահանցագործների վրա, հույս ունենալով, թե մի արտառոց հետաքրքիր բան կկորզեն նրանցից։
«Կնոջ դերը ձեր կյանքում», «Ձեր սիրած գրքերը, ձեր հոբին, ձեր սիրած զբաղմունքը», «Աքսորամոլորակներում դուք հանդիպե՞լ եք աթեիստների», «Եթե ձեզ վիճակված լիներ ամեն ինչ սկսել նորից…»
Նիկլավ Քրենդոլը պատասխանում էր հարգալից եւ ձանձրույթով, իսկ ինքը մտածում էր Ֆրեդերիկ Ստոդարդ Ստեֆանսոնի մասին, որն այժմ նստած է իր շքեղ, ամբողջ պատը բռնած էկրանով հեռուստացույցի առաջ։
Կամ գուցե Ստեֆանսոնն արդեն անջատե՞լ է հեռուստացույցը։ Գուցե նա այժմ նստած է, հայացքը հառած մարած էկրանին, եւ ճգնում է գլխի ընկնել այն մարդու մտադրությունը, որ կենդանի է մնացել, չնայած ըստ վիճակագրական տվյալների, նա կենդանի մնալու մեկ շանս ուներ տասը հազարից, եւ վերադարձել է Երկիր, յոթը անհավանական տարի պատիժ կրելով չորս աքսորամոլորակների ճամբարներում…
Իսկ գուցե Ստեֆանսոնը, շրթունքները կծելով, ձեռքում պտտեցնում է իր բլաստերը, բլաստեր, որը գործի դնել չի վիճակվի նրան։ Չէ որ եթե անառարկելիորեն չապացուցվի, որ նա սպանել է չանցնելով անհրաժեշտ պաշտպանության սահմանները, մարդասպանության համար կդատապարտվի լրիվ պատժի ժամկետով, առանց զեղչելու այն յոթ տարիները, որ հանում են կամավոր կերպով կանխավ պատիժ կրողներից։ Եվ նա իրեն տասնչորս տարի կդատապարտի ապրելու ահավոր դժոխքում, որտեղից հենց նոր վերադարձել է Քրենդոլը։
Բայց կարող է եւ պատահել, որ Ստեֆանսոնը կծկված նստել է թանկարժեք պնեւմատիկ բազկաթոռի մեջ եւ մռայլված նայում է չանջատված հեռուստացույցի էկրանին՝ սարսափից քարացած եւ, այնուամենայնիվ, անզոր անջատվելու հետաքրքրաշարժ հաղորդումից, որը հեռուստատեսային ընկերությունը պատրաստել է երկու (հապա մի պատկերացրեք՝ երկու) կանխահանցագործների վերադառնալու կապակցությամբ, կանխահանցագործներ, որոնք նախապես կրել են իրենց պատիժը սպանության համար։
Այժմ, երեւի, հարցազրույց է հաղորդում գալակտիկական բանտային ծառայության մի որեւէ երկրային ներկայացուցչի հետ, մամուլի հետ կապի բաժնի պետի հետ, որը շատ վարժ օգտագործում է սոցիոլոգիական տերմիններ։
«Ասացեք, միսթր Իմյարեկ,— կսկսի հաղորդավարը (մի ուրիշ հաղորդավար, ավելի պատկառելի եւ ավելի կիրթ),— հաճա՞խ են կանխահանցագործները լրիվ կրում սպանության համար նախատեսված ժամկետով իրենց պատիժը եւ վերադառնում Երկիր»։
«Վիճակագրական տվյալները,— այս բառերն ուղեկցվում են թղթի շրշյունով եւ դեպի ցած ուղղված կենտրոնացած հայացքով,— վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ սպանության համար կանխավ պատիժը կրած կանխահանցագործը Երկիր վերադառնում է տասնմեկ եւ յոթ տասնորդական տարին մեկ անգամ միայն»։
«Ուրեմն, միսթր Իմյարեկ, կարելի է ասել, որ երկու այդպիսի մարդկանց վերադարձը նույն օրը բավական արտառոց իրադարձություն է»։
«Բավական արտառոց, այլապես դուք, հեռուստատեսության աշխատողներդ, այսքան աղմուկ չէիք բարձրացնի»։(Ծիծաղ, որին հարգալից մասնակցում է նաեւ հաղորդավարը)։
«Իսկ ի՞նչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր չեն վերադառնում, միսթր Իմյարեկ»։
(Փափլիկ ձեռքի նրբագեղ թափահարում)։
«Նրանք կործանվում են։ Կամ էլ հրաժարվում են իրենց մտադրությունից։ Կատակ բան չէ յոթ տարի մնալ աքսորամոլորակներում։ Այնտեղ աշխատանքը փափկասունների համար չէ, եթե արդեն չխոսենք տեղական կենդանի օրգանիզմների՝ ինչպես խոշոր, մարդակերների մասին, այնպես էլ պստլիկ վիրուսանմանների մասին։ Ահա թե ինչու են բանտային ծառայողներն այդքան բարձր աշխատավարձ եւ այդքան երկարատեւ արձակուրդ ստանում։ Որոշ իմաստով, մենք բոլորովին էլ չենք վերացրել մահապատիժը, այլ սոսկ փոխարինել ենք հասարակայնորեն անհրաժեշտ բախտախաղի նման ինչ֊որ բանով։ Յուրաքանչյուր մարդ, որը կատարել է կամ մտադիր է կատարել առանձնապես վտանգավոր հանցագործություններից որեւէ մեկը, աքսորվում է մի այնպիսի մոլորակ, որտեղ նրա աշխատանքը օգուտ է բերում մարդկությանը եւ որտեղ նա չունի հարյուր տոկոսանոց երաշխիք, թե կվերադառնա Երկիր՝ թեկուզեւ հաշմանդամ դարձած։ Որքան լուրջ է հանցագործությունը, այնքան երկար է պատժի ժամկետը, եւ հետեւաբար այնքան քիչ է վերադառնալու հնարագորությունը»։
«Այ թե ինչ։ Բայց, միսթր Իմյարեկ, դուք ասացիք, որ նրանք կամ զոհվում են, կամ հրաժառվում իրենց մտադրությունից։ Արդյոք բարի չէի՞ք լինի բացատրելու մեր հեռուստադիտողներին, ինչո՞վ է արտահայտվում նրանց հրաժարվելը եւ ինչ է այդ դեպքում տեղի ունենում»։
Միսթր Իմյարեկը ետ է ընկնում բազկաթոռի մեջ եւ փափլիկ մատները իրար հյուսած դնում կլոր փորին։
«Ամեն մի կանխահանցագործ իրավունք ունի դիմելու ճամբարի պետին՝ իրեն անմիջապես ազատելու խնդրանքով, որի համար բավական է լրացնել համապատասխան բլանկը։ Այդ մարդուն անմիջապես հանում են աշխատանքներից եւ առաջին իսկ նավով ուղարկում Երկիր։ Բայց բանն այն է, որ պատժի ժամկետի արդեն կրած մասը լրիվ չեղյալ է համարվում, եւ նա ոչ մի փոխհատուցում չի ստանում։ Եթե ազատություն ստանալուց հետո նա հանցանք է գործում, ապա հասանելիք պատիժը պետք է լրիվ կրի։ Եթե նա նորից ցանկություն է հայտնում պատիժը կանխավ կրել, ապա կրում է լրիվ։ Յուրաքանչյուր չորս կանխահանցագործներից երեքը առաջին իսկ տարում ազատման խնդրագիր են ներկայացնում։ Այդ մոլորակները շատ շուտ են ձանձրացնում»։
«Այո, այո, ես էլ եմ կարծում,— համաձայնվում է հաղորդավարը։— Բայց մենք կուզենայնք ձեր կարծիքն իմանալ կանխահանցագործին հասնող պատժի կրճատ ժամկետի մասին։ Չէ որ շատերը, ինչպես ձեզ հայտնի է, պատժի ժամկետի կիսով չափ կրճատումը համարում են չափազանց գայթակղիչ եւ հանցագործության աղբյուր»։
Բարետես, փափկասուն դեմքին հազիվ որսալի չար արտահայտություն է հայտնվում, որ իսկույն փոխվում է մեծամիտ֊արհամարհական քմծիծաղով։
«Վախենում եմ, որ թեեւ այդ մարդիկ առաջնորդվում են ամենալավագույն մղումներով, բայց այնքան էլ տեղյակ չեն ժամանակակից քրեագիտության եւ պենոլոգիայի հարցերին։ Մենք բնավ էլ չենք ձգտում պակասեցնել կանխահանցագործների թիվը, այլ ձգտում ենք ավելացնել։
Դուք հիշո՞ւմ եք, ես ասացի, որ չորսից երեքը ազատման խնդրագիր են տալիս առաջին իսկ տարում։ Այդ անհատները բավական խելամիտ էին եւ փորձում էին կրել պատժի ժամկետի միայն կեսը, որ հասնում էր նրանց հանցանգործության դիմաց։ Արդյո՞ք նրանք այնքան հիմար կլինեն, որ, այնուամենայնիվ, կդիմեն հանցավործության՝ գիտենալով, որ կստանան լրիվ ժամկետով պատիժ, երբ արդեն համոզվել են, որ աքսորավայրում չեն կարող դիմանալ նույնիսկ տասներկու ամիս։ Եթե չասենք արդեն այն մասին, որ նրանք, ովքեր կենդանի են մնում այդ մոլորակներում, գոյության պայքարի վիճակախաղում հաղթատոմս շահած այդ հատուկետն երջանիկները գործնականում ըմբռնում են մարդկային կյանքի արժեքը, սոցիալական համագործակցության անհրաժեշտությունը եւ քաղաքակիրթ մեթոդների առավելությունը։
Իսկ նա, որ չի խնդրում ազատվե՞լ։ Դե, նա էլ բավական ժամանակ ունի, որպեսզի լրիվ հրաժարվի մտահղացած հանցանքը գործելու ցանկությունից, եթե անտեսենք այն մեծ հավանականությունը, որ նա կզոհվի եւ ոչնչի չի հասնի։ Այսպիսով, վերադարձող եւ հանցագործություն կատարող կանխահանցագործների թիվը այնքան քիչ է, որ հասարակությունը դրանից մեծապես շահում է։ Թույլ տվեք, բերել մի քանի թվեր։ Ըստ Լազարեսի սանդղակի գնահատումը ցույց է տալիս, որ կանխահանցագործների համար կես պատիժ սահմանելու ժամանակից ի վեր միայն դիտավորյալ սպանությունների թիվը նվազել է 41 %֊ով Երկրի համար, 33 %֊ով Վեներայի համար, 27 %…»
«Վատ, շատ վատ մխիթարություն կլինեն Ստեֆանսոնի համար այդ 41 %֊ը եւ 33 ⅓ %֊ը,— գոհունակությամբ մտածեց Նիկլաս Քրենդոլը։ Նա ինքը հաշվառված էր այդ վիճակագրական տվյալների մյուս սյունակում՝ մարդ, որը բավականաչափ ծանրակշիռ պատճառով ուզում է սպանել ոմն Ֆրեդերիկ Ստոդարդ Ստեֆանսոնի։ Նա մնացորդ էր հանումների եւ մարումների էջում՝ հակառակ հավանականության, նա վերադարձել է յոթ տարի աքսորում մնալուց հետո, որպեսզի ստանա ապրանքը, որի համար կանխիկ էր վճարել։
Նա եւ Հենքը։ Անհեթեթության չափ փոքր շանսի երկու մարմնացում։ Հենքի կինը, Էլզան… Գուցե նա էլ է նստած իր հեռուստացույցի առաջ՝ ինչպես օձի հայացքից քարացած թռչուն, բութ հուսահատությամբ հույս ունենալով, որ Գալակտիկական բանտային ծառայությամն ներկայացուցչի բացատրությունները կհուշեն իրեն, թե ինչպես խուսափի անխուսափելիից, ինչպես փրկվի իրեն վիճակված այդչափ հազվադեպ ճակատագրից։
Ի դեպ, Էլզայի մասին թող Օտտո֊Բլոտտոն մտածի։ Թող ուրախանա, նա շատ թանկ է վճարել այդ իրավունքի համար։ Իսկ Ստեֆանսոնը պատկանում է իրե՛ն, Քրենդոլի՛ն։
«Ես ուզում եմ, որ այդ լողլող սրիկան ինչպես հարկն է քրտնի վախից, ես կսպասեմ իմ ժամին, եւ թող նա վախից դողա»։
Թղթակիցները շարունակում էին հարցաքննությունը, բայց ահա նրանց գլխավերեւում բարձրախոսը հազաց եւ հայտարարեց․
«Բանտարկյալներ, պատրսատվեք դուրս գալու։ Առաջին տասնյակը հավաքվում է եւ գնում է նավի պետի գրասենյակը։ Կարգապահության բոլոր կանոնները պահպանվում են մինչեւ վերջ։ Կանչվում են՝ Արթուր, Աուգլյուկ, Գարֆինկել, Հոմես, Գրեհիմ, Քրենդոլ, Ֆեոստա, Ֆու֊Չեն, Հենք…»
Կես ժամ հետո արդեն իրենց հին քաղաքական հագուստներով նրանք գնում էին կենտրոնական միջանցքով դեպի սանդուղքը։ Ելքի մոտ նրանք վկայականը ներկայացրին ժամապահին, մեքենայաբար հաճոյանալով ժպտացին Անդերսոնին, երբ նա իլյումինատորի մեջ գոռաց․ «Հեյ, տղերք, շուտ վերադարձեք», եւ վազելով իջան այն մոլորակի մակերեւույթին, որը չէին տեսել յոթ տանջալից տարիներ։
Ելքի մոտ նրանց դարձյալ սպասում էին թղթակիցներն ու լուսանկարիչները, ինչպես նաեւ հեռուստատեսության օպերատորը, որին հանձնարարված էր աշխարհին ցույց տալ նրանց՝ ազատության առաջին րոպեներին։
Հարցեր, հարցեր, բայց այժմ նրանք կարող էին իրենց թույլ տալ լինել չոր ու կտրուկ, չնայած դեռ դժվարանում էին կոպիտ պատասխանել որեւէ մեկին, բացի իրենց բանտարկյալ ընկերներից։
Բարեբախտաբար, թղթակիցների ուշադրուծյունը շեղեց երրորդ կանխահանցագործը, որ քայլում էր նրանց կողքից։ Ֆյու֊Յենը կրել էր երկու տարվա իր պատիժը (հաշվանցումով)՝ մարմնական վնասվածքներ հասցնող ծեծի համար։ Նա զրկվել էր երկու ձեռից եւ մեկ ոտքից՝ Պռոցիոն III֊ի թունավոր քարաքոսների մեջ աշխատելիս, ազատվելուց ընդամենը մեկ ամիս առաջ, եւ այժմ կաղեկաղ դանդաղ իջնում էր կամրջակով՝ հենվելով առողջ մտքի եւ պրոտեզի վրա․ բազրիքից բռնել չէր կարող։
Երբ թղթակիրներն անկեղծ հետաքրքրությամբ սկսեցին հարցուփորձ անել, թե նա ինչպես պետք է ծեծի իր զոհին, այն էլ մարմնական վնասվածքներ հասցնելով՝ այսպիսի խիստ սահմանափակ հնարավորություններով, Քրելդոլը արմունկով հրեց Հենքին, ու նրանք արագ նստեցին մոտակա գիրոտաքսին եւ վարորդին խնդրեցին տանել մի որեւէ խաղաղ ու ոչ թանկ բար։
Ընտրության լրիվ ազատությունը շշմեցրեց Օտտո֊Բլոտտոյին։
— Նիկ, ես չեմ կարող,— շշնջաց նա։— Այս ինչիա՜ն շատ խմելու բան կա։
Քրենդոլը ազատեց նրան դժվարությունից, պատվիրելով եւ իր, եւ նրա համար։
Երկու կրկնակի վիսկի,— ասաց նա մատուցողուհուն։— Եվ ուրիշ ոչինչ։
Երբ վիսկին բերեցին, Օտտո֊Բլոտտոն թախծոտ, շվարած քնքշանքով լի հայացքը գամեց բաժակին․ այդպես նայում է հայրը իր պատանի զավակին, որին վերջին անգամ տեսել է ծծկեր հասակում։ Նա դողդոջուն ձեռքը զգույշ մեկնեց դեպի բաժակը։
— Մա՛հ մեր թշնամիներին,— ասաց Քրենդոլը եւ, միանգամից խմելով վիսկին, նայեց, թե Օտտո֊Բլոտտոն ինչպես է դանդաղ ըմպում, վայելելով յուրաքանչյուր կաթիլը։
— Շատ չոգեւորվես,— զգուշացրեց նա։— Թե չէ Էլզան չի էլ նկատի քո վերադարձը, գուցե թե միայն ընդունելության օրերին ծաղիկներ տանի հարբեցողների հիվանդանոցը։
— Կարող ես չանհանգստանալ,— փնթփնթաց Օտտո֊Բլոտտոն իր դատարկ բաժակի մեջ։— Ես մորս կաթի հետ ծծել եմ այս թույնը։ Եվ ընդհանրապես էլ չեմ խմի, մինչեւ նրա հաշիվը չփակեմ։ Ես այդպես էլ որոշել էի, Նիկ, մեկ բաժակ՝ ազատությունը նշելու համար, հետո՝ Էլզան։ Ես այս յոթ տարին չդիմացա նրա համար, որ սեփական սխալիս պատճառով ընկնեմ հիմար վիճակի մեջ։
Հենքը բաժակը դրեց սեղանին։
— Յոթ տարի մերթ մի սոսկալի դժոխքում, մերթ՝ մյուս։ Իսկ մինչեւ այդ՝ տասներկու տարի Էլզայի հետ։ Տասներկու տարի նա կերել է իմ հոգին, ծաղրելով նայում էր աչքերիս մեջ եւ ասում, որ ինքը օրենքով իմ կինն է, որ ես պարտավոր եմ նրան պահել եւ պիտի պահեմ, թե չէ ավելի վատ օրի կընկնեմ։ Իսկ հենց որ ես դադարում էի սողալ նրա առաջ, նա իսկույն առիթ էր գտնում ինձ բանտ մտցնելու։ Հետո մի երկու ամիս անց դատավորին ասում էր, որ ես, երեւի, քելքի եմ եկել, ու ինքը պատրաստ է ինձ ներելու։ Ես ծնկաչոք խնդրում էի նրան ապահարզան տալ, ոտքերն ընկած աղաչում֊պաղատում էի,— մենք երեխաներ չունենք, նա առողջ է, ջահել, իսկ նա միայն ծիծաղում էր երեսիս։ Իսկ երբ ուզում էր բանտ գցել, դատավորի մոտ լաց էր լինում, իրեն կոտորում, բայց հենց որ մենակ էինք մնում, քրքջում էր, նայելով, թե ես ինչպես եմ տառապում։ Ես նրան պահում էի, Նիկ։ Ամբողջը տալիս էի նրան, ինչ֊որ վաստակում էի, մինչեւ վերջին ցենտը, բայց դա քիչ էր համարում։ Նրան դուր էր գալիս նայել, թե ես ինչպես եմ ջղաձգվում, նա ինքն այդպես ասաց ինձ։ Իսկ հիմա ջղաձգվելու հերթը իրենն է։— Ու, փնչացնելով, ավելացրեց․— Միայն հիմարներն են ամուսնանում։
Քրենդոլը դուրս նայեց պատուհանից, որի մոտ նստած էր։ Այնտեղ, ցած իջնող մազում մակարդակների վրա եռում էր Նյու Յորքի սովորական կյանքը։
— Գուցե,— մտախոհ ասաց նա։— Չեմ վիճում։ Մենք երջանիկ ամուսիններ էինք, քանի դեռ միասին էինք՝ ամբողջ հինգ տարի։ Իսկ հետո հանկարծ երջանկությունն անհետացավ, ասես հօդս ցնդեց։
— Համենայն դեպս, նա քեզ ապահարզան տվեց,— նկատեց Հենքը։— Ոչ թե վզիցդ կախ ընկավ։
— Օ, Պոլլին այն կանանցից չէ, որ կախ են ընկնում սրա֊նրա վզից։ Ես նրա անունը դրել էի Սքանչելի Պոլլի, իսկ նա իմ անունը դրել էր Մեծ Նիկ։ Իսկ հետո աստղի փայլը խամրեց, դե գուցե ես էլ… Այն ժամանակ ես դեռ կաշվիցս դուրս էի գալիս, որ իմ ու Իրվի ֆիրման շահությբեր լինի։ Էլեկտրոնային սարքավորումների մեծածախ վաճառք։ Դե, իհարկե, դժվար չէր հասկանալ, որ ինձանից միլիոնատեր չի ստացվի։ Հնարավոր է, որ ամեն ինչի պատճառը դա էր։ Բայց ինչեւիցե, Պոլլին որոշեց հեռանալ ինձանից, եւ ես չպահեցի նրան։ Մենք բարեկամաբար բաժանվեցինք։ Ես հաճախ եմ մտածում, որ նամ հիմա…
Լսվեց թրխկոց, որը նման էր ջրի ծփանքի (ասես փոկը մաշկաթաթով խփեց ջրին»։ Քրենդոլը նայեց սեղանին, որտեղ բաժակների արանքում ընկել էր ճզմված փուչիկը։ Նույն պահին Հենքը բռնեց փուչիկն ու դուրս նետեց պատուհանից։ Օդի մեջ գալարվեցին երկար կանաչ թելերը, բայց փուչիկն արդեն վայր էր ընկնում վիթխարի շենքի պատի երկայնքով, եւ շուրջը չկար կենդանի էակ, որին թելերը կարող էին փաթաթվել։
Քրենդոլն աչքի պոչով հասցրեց նկատել, որ մի մարդ արագ դուրս վազեց բարից։ Կասկած չկար, որ նա էր փուչիկը գցել։ Մյուս այցելուները ահաբեկված նայում էին նրա հետեւից ու ապա շրջվում իրենց սեղանի կողմը։ Ստեֆանսոնը, հավանաբար, որոշել էր, որ հարկավոր է լրտեսել Քրելդոլին եւ վնասազերծել։
Օտտո֊Բլոտտոն չսկսեց պարծենալ իր արագ ռեակցիայով։ Երկուսն էլ վաղուց սովորել էին ակնթարթաբար գործել՝ ուրիշների մահերը բավական օգտակար դաս էին եղել նրանց։ Եվ Հենքը միայն ասաց․
— Խատուտիք ռումբ Վենեայից։ Դե, Նիկ, համենայն դեպս այդ տիպը չի ուզում քեզ սպանի։ Ուզում է միայն հաշմանդամ դարձնի։
— Այո, դա նման է Ստեֆանսոնին,— համաձայնվեց Քրենդոլը, երբ փակելով հաշիվը, նրանք ուղղվեցին դեպի դուռը, իսկ չորս կողմը նստած մարդկանց դեմքերը դեռ գունատ էին։— Նա ինքը այդ բանը չէր անի։ Մարդ կվարձեր դրա համար։ Եվ կվարձեր միջնորդի միջոցով, համենայն դեպս զգուշանալով, որ նա կարող է ընկնել ոստիկանության ձեռքը եւ բերանից թռցնելլ։ Բայց դա էլ կլիներ մեծ ռիսկ․ արդեն գործած սպանության մեջ մեղադրվելը բնավ նրա սրտովը չէր լինի։ Ու դրա համար էլ մտածել է՝ խատուտիկ ռումբի մի ոչ մեթ դոզա՝ ու ես արդեն անվտանգ կդառնամ իր համար։ Հնարավոր է, որ նա նույնիսկ կայցելեր ինձ անփուժելի հիվանդների ապաստարանում։ Չէ որ ծննդյան տոներին յոթ տարի շարունակ բացիկներ էր ուղարկում ինձ։ Եվ միշտ նույնը։ «Դեռ բարկանո՞ւմ ես։ Ողջո՜ւյն, Ֆրեդի»։
— Այդ քո Ստեֆամսոնի խելքը տեղն է,— ասաց Օտտո֊Բլոտտոն, ուշադիր նայեց չորս կողմը եւ դրանից հետո նոր դուրս եկավ տասնհինգերորդ մակարդակի մայթը։
— Մի բան էլ ավելի։ Նա աշխարհը պահում է բռի մեջ եւ ժամանակ առ ժամանակ բռունցքն ավելի ուժեղ է սեղմում, հենց այնպես, հաճույքի համար։ Ես նրա մեթոդներին ծանոթացել եմ դեռ ուսանողական տարիներից, երբ մենք միային ապրում էինք հանրակացարանի նույն սենյակում, բայց կարծում ես, թե դա որեւէ չափով օգնե՞ց ինձ։ Ես պատահաբար հանդիպեցի նրան, երբ իմ ու Իրվի ֆիրման վերջին շունչն էր փչում, Պոլլիից բաժանվելուց երկու տարի հետո։ Ես ինձ շատ վատ էի զգում եւ ուզում էի սիրտս բացել մեկնումեկի առաջ ու պատմեցի նրան, որ գործընկերս դողում է ամեն մի գրոշի համար, իսկ ես օդային ամրոցներ եմ կառուցում, ու մենք երկուսս էլ հաստատ սնանկության կհասցնենք ֆիրման, որը կարող էր ոսկու հոր լինել։ Իսկ հետո ես հասա նաեւ իմ դիստանցիոն փոխարկիչին ու ասացի, որ շատ կուզեի լրջորեն զբաղվել դրանով, բայց ոչ մի կերպ ժամանակ չեմ գտնում։
Օտտո֊Բլոտտոն անընդհատ շուրջն էր նայում անհանգիստ, ոչ թե նոր հարձակումից վախենալով, այլ նրան շփոթեցնում էր ազատ քայլելու հնարավորությունը։ Մարդիկ կանգ էին առնում եւ նայում մինչեւ ծնկները հասնող նրանց հնաձեւ պարեգոտներին։
— Այդպես ուրեմն,— շարունակում էր Քրենդոլը։— Իհարկե, ես ինձ հիմարի տեղ դրի, բայց հավատա, Օտտո, դու նույնիսկ չես պատկերացնում, թե Ֆրեդիի նման մարդիկ ոնց են կարողանում բարեկամ ձեւանալ։ Նա ինձ ասաց, որ ամառանոց ունի, բայց հիմա այնտեղ չի ապրում, իսկ նկուղում սարքել է էլեկտրոնային լաբորատորիա նորագույն սարքավորումներով։ Եվ եթե ես ցանկանամ, ապա հաջորդ շաբաթից նա լրիվ ինձ կտրամադրի եւ տունը, եւ լաբորատորիան։ Միայն իմ ուտելու մասին ինքս պիտի մտածեմ։ Նա ոչ մի վարձ չի ուզում, դա անում է հանուն հին բարեկամության եւ մեկ էլ այն պատճառով, որ չի ուզում, որ ես մանրանամ, այլ ստեղծեմ իսկապես մեծ, արժեքավոր բան։ Դե, ասա, ինչպես կարող էի դրան դիմանալ։ Եվ միայն երկու տարի հետո գլխի ընկա, որ նա այդ նկուղում լաբորատոր սարքավորումները տեղադրել էր մեր խոսակցությունից հետո, այն ժամանակ, երբ ես Իրվին առաջարկեցի երկու հարյուրով գնել իմ բաժինը մեր ֆիրմայում։ Եվ, ընդհանրապես, Ստեֆանսոնի՝ մակլերական գրասենյակի տիրոջ, ինչին էր պետք էլեկտրոնային լաբորատորիան, բայց նման բաների մասին չես մտածում, երբ հին ըկներդ քո նկատմամբ այդպիսի ջերմ վերաբերմունք է ցուցաբերում։
Օտտոն հոգոց հանեց եւ շարունակեց․
— Դեհ, նա գրեթե ամեն շաբաթ այցելում էր քեզ, իսկ երբ քո նոր սարքը սկսեց աշխատել, նա դուռը շրխկացրեց քթիդ առաջ, իսկ քո բոլոր գծագրերն ու պատրաստի սարքը տարավ հայտնի չէ ուր։ Իսկ քեզ էլ ասաց, որ այն կպատենտավորի ավելի շուտ, քան դու կհասցնես վերականգնել թեկուզ մեկ գծագիր։ Եվ ախր չէ որ դու նրա տանն էիր աշխատում։ Եվ նա կկարողանա ապացուցել, որ ինքն է քեզ դրամով օժանդակել։ Ու ծիծաղեց երեսիդ, ճիշտ ինչպես Էլզան։ Չէ՞, Նիկ։
Քրենդոլը կծեց շրթունքը, հանկարծ հասկանալով, որ Օտտո Հենքն անգիր գիտի այդ պատմությունը։ Քանի՜ անգամ են նրանք իրար հետ կիսել վրիժառության իրենց պլանները եւ իրար պատմել, թե ինչն է իրենց բերել աքսոր։ Քանի՜ անգամ է նրանցից յուրաքանչյուրը կրկնել իր դառն պատմությունը, եւ ընկերն ասել է կարեկցանքի նույն խոսքերը, նույն ձեւով համաձայնվել է եւ նույնիսկ նույն ձեւով առարկել։
Հանկարծ Քրենդոլն ուզեց ազատվել Օտտո֊Բլոտտոյի ներկայությունից եւ վայելել մենակության երանությունը։ Երկու մակարդակ ներքեւ նա տեսավ հյուրանոցի շողշողացող տանիքը։
— Ես գնում եմ այնտեղ։ Արդեն ժամանակն է մտածել գիշերելու մասին։
Օտտոն գլխով արեց, հասկանալով, թե ինչն էր այդպիսի հանկարծակի որոշման պատճառը։
— Գնա։ Ես քեզ հասկանում եմ։ Բայց դա շա՞տ չի լինի, Նիկ։ «Այծեղջյուր—Ռիտց»։ Օրը տասներկու թղթադրամից ոչ պակաս։
— Հետո ի՞նչ։ Մի շաբաթ ես կարող եմ վայելել։ Իսկ երբ գրպաններս դատարկվեն, ես իմ կենսագրությամբ շատ հեշտությամբ կարող եմ լավ աշխատանք գտնել։ Ես այսօր փոխություն եմ ուզում, Օտտո֊Բլոտտո։
— Դե լավ, լավ։ Դու իմ հասցեն ունես, չէ, Նիկ։ Ես հորեղբորս տղայի մոտ կլինեմ։
— Այո, ունեմ։ Դեհ, հաջողություն քեզ, Էլզայի հաշվով, Օտտո։
Շնորհակալություն։ Հաջողություն՝ Ֆրեդիի հաշվով։ Դե, առայժմ։
Օտտո֊Բլոտտոն կտրուկ շրջվեց եւ մտավ վերելակ։ Երբ նրա հետեւից դռները փակվեցին, Քրենդոլը հանկարծ տխրեց։ Հենքն այժմ հարազատ եղբորից էլ մոտ էր նրա համար։ Չէ որ իրենք այս վերջին տարիների ընթացքում գիշեր֊ցերեկ միասին էին։ Իսկ Դենին ինքը չի տեսել… ինչքան կլինի… հա, մոտավորապես իննը տարի։
Եվ հանկարծ Քրենդոլն զգաց, թե իրականում որքան քիչ կապեր ունի մարդկանց երկրի հետ, եթե հաշվի չառնենք Ֆրեդ Ստեֆանսոնին այդ աշխարհից վերացնելու բացասական ցանկությունը։ Թերեւս, այժմ նրան կին էր հարկավոր, եւ գրեթե միեւնույն է, թե ինչ կին։
Ոչ, նրան ավելի շատ հարկավոր է բոլորովին այլ բան՝ եւ չի կարելի ժամանակ կորցնել։
Նա արագ քայլեց դեպի մոտակա դեղատունը, որը շատ մեծ էր եւ շքեղ։ Ցուցափեղկի կենտրոնում նա միանգամից տեսավ այն, ինչ հարկավոր էր իրեն։
Մոտենալով վաճառասեղանին, Քրենդոլը հարցրեց վաճառողին․
— Ինչ֊որ շատ էժան է։ Հո խոտանվա՞ծ չի։
Վաճառողը պատասխանեց վիրավորված արժանապատվությամբ։
— Նախքան ապրանքը վաճառելը, սըր, մենք այն ենթարկում ենք մանրազնին ստուգման։ Իսկ գինն այդքան ցածր է, որովհետեւ մենք Արեգակնային համակարգի ամենախոշոր մեծավաճառ ֆիրման ենք։
Դե լավ, տվեք միջին կալիբրի մեկ հատ։ Եվ երկու տուփ փամփուշտ։
Բլաստերը դնելով գրպանը, Քրենդոլն իրեն ավելի հանգիստ զգաց։ Նա միանգամայն համոզված էր, որ հարկ եղած պահին կկարողանա մի կողմ ցատկել, խուսափել հակահարվածից․ այս վստահությունը նրա մեջ դաստիարակել էին երկար տարիները, երբ նա ամեն վայրկյան ստիպված էր լինում զգուշանալ կայծակնային ռեակցիա ունեցող գիշատիչ արարածների հարձակումից։ Սակայն միշտ էլ հաճելի է, երբ հնարավորություն ունես հարվածին հարվածով պատասխանելու։ Եվ հետո Ստեֆանսոնն ինքն էլ չի ուշացնի հաջորդ փորձը։
Հյուրանոցում Քրենդոլը կեղծ ազգանուն ասաց․ այդ խորամանկությունը նրա մտքովն անցավ ամենավերջին պահին։ «Կարող էր եւ բոլորովին չանցնել,— մտածեց նա, երբ վերելակավարը գրպանը դնելով նրա նվիրած փողը, ասաց․
— Շնորհակալություն, միսթր Քրենդոլ։ Ցանկանում եմ հաջողություն ձեր զոհին սպանելու գործում, սըր։
Եվ այսպես, ինքը նշանավոր մարդ է։ Հնարավոր է, որ ամբողջ աշխարհը ճանաչում է իր դեմքը։ Թերեւս, այդ պատճառով հեշտ չի լինի Ստեֆանսոնին բռնացնելը։
Մինչեւ լողարան մտնելը, Քրենդոլը հեռատեղեկատու բյուրոյից տեղեկություններ խնդրեց Ստեֆանսոնի մասին։ Արդեն յութ տարի առաջ Ստեֆանսոնը բավական հարուստ եւ գործնական շրջաններում լայնորեն հայտնի մարդ էր։ Իսկ այժմ, Ստեֆանսոնյան (սատանան տանի, ստֆանսոնյան) փոխարկիչի շնորհիվ նա, հավանաբար, ավելի է հարստացել եւ ավելի մեծ ճանաչում է ստացել։
Այդպես էլ կար։ Հեռուստացույցը հայտնեց, որ վերջին օրացուցային ամսվա ընթացքում Ֆրեդերիկ Ստոդարդ Ստեֆանսոնի մասին բյուրոն ստացել է տասնվեց ձայնագրություն։ Քրենդոլը մի քիչ մտածեց եւ խնդրեց, որ իր համար միացնեն վերջինը։ Այն թվագցված էր այդ օրը։ «Ֆրեդերիկ Ստեֆանսոնը, Ստեֆանսոնյան խնայողական բանկի եւ Ստեֆանսոնյան ղլեկտրոնային կորպորացիայի պրեզնդենտը, այսօր վաղ առավոտյան մեկնեց Հիմալայան իր փոքրիկ որսորդական տնակը։ Նա մտադիր է այնտեղ մնալ ոչ պակաս…»
— Բավական է,— գոռաց Քրենդոլը լողարանից։
Ուրեմն, վախենում է Ստեֆանսոնը։ Լողլող ավազակը վախից խելքը թռցնում է։ Դա արդեն քիչ չէ։ Յոթ տարվա աքսորի ոչ վատ տոկոսը։ Թող մի լավ քրտին այնտեղ, որպեսզի մահը, երբ նրանք վերջապես իրար հետ կփակեն հաշիվները, մեծ թեթեւություն թվա նրան։
Քրենդոլը պատվիրեց վերջին լուրեր եւ հաճույքով լսեց վերջին նորություններն իր իսկ մասին, որ ինքը ապրում է «Այծեղջյուր֊Ռիտց» հյուրանոցում Ալեքսանդր Սմեյզերս անվան տակ։ «Սակայն այդ երկու անուններն էլ՝ Քրենդոլ եւ Սմեզերս, ճիշտ չեն,— ճառում էր անտարբեր ձայնագրությունը։— Այդ մարդն ունի սոսկ մեկ իսկական անուն, եւ այդ անունը Մահ է։ Այո, այսօր «Այծեղջյուր֊Ռիտց» հյուրանոցում բնակվել է Կենաց հնձվորը, եւ սոսկ միայն նա ինքը գիտի, թե մեզանից ում չէ վիճակված տեսնել նոր արեւածագը։ Այդ մարդը, մարդկային կյանքի այդ հնձվորը, Մահվան այդ ավետաբերը միակն է մեր մեջ, ում հայտնի է…»
— Սսկվիր,— կատաղած գոռաց Քրենդոլթ։ Այս յոթ տարիների ընթացքում նա լրիվ մոռացել էր, թե ազատ մարդը ինչ տանջանքներ է կրում անտրտունջ։
Հեռուստացույցի էկրանի վրա առկայծեց մասնավոր հեռուստատեսային կանչի ազդանշանը։ Քրենդոլն արագ սրբվեց, հագնվեց եւ հարցրեց․
— Ո՞վ է։
— Միսիս Նիկլաս Քրենդոլը,— պատասխանեց հեռուստավարուհու ձայնը։
Քրենդոլը ապշահար հայացքը գամեց էկրանին։
Պոլլի՜։ Որտեղից հանկարծ հայտնվեց։ Եվ ինչպես իմացավ, թե որտեղ կարելի է իրեն գտնել։ Այսինքն, վերջին հարցին դժվար չէր պատասխանելը․ չէ որ ինքը հռչակավոր մադր է։
Պոլլիի դեմքը գրավեց ամբողջ էկրանը։ Քրենդոլը, մի փոքր ժպտալով, ուշադիր զննում էր այն։ Պոլլին մի քիչ պառավել էր, բայց երեւի կնճիռները կարելի է նկատել միայն այսքան խոշորացնելու հետեւանքով։
Եվ կարծես Պոլլին էլ դա գլխի ընկավ, համենայն դեպս պտտեցրեց բռնակը, եւ նրա դեմքը փոքրացավ, դարձավ նորմալ չափի․ այժմ նա երեւում էր ոտից֊գլուխ։ Ըստ երեւույթին, Պոլլին տնից էր զանգահարում։ Սենյակը այնպիսի տեսք ուներ, ինչպես կահավորված վարձու բնակարանների բոլոր հույրասենյակները, բայց դրա փոխարեն՝ ինքը, Պոլլին, հրաշալի տեսք ուներ եւ շատ հաճելի էր նրան նայելը։ Քրենդոլի սիրտը ջերմացավ հիշողություններից…
— Պոլլի։ Բարեւ։ Ի՞նչ է պատահել։ Չէի սպասում, որ քեզ կտեսնեմ։
— Բարեւ, Նիկ,— նա ձեռքը տարավ դեպի բերանը եւ մի քանի վայրկյան լուռ նայեց նրան, իսկ հետո ասաց․
— Նիկ… Նիկ։ Խնդրում եմ, մի տանջիր ինձ։
Քրենդոլը նստեց առաջին իսկ պատահած աթոռին։
— Ի՞նչ։
Պոլլին լաց եղավ։
— Ախ, Նիկ։ Մի արա։ Այդքան դաժան մի՛ եղիր։ Ես գիտեմ, թե դու ինչի քեզ դատապարտեցիր յոթ տարվա արքսորի։ Հենց որ այսօր լսեցի քո ազգանումնը, իսկույն ամեն ինչ հասկացա։ Բայց, Նիկ, հասկացիր, նրանից բացի ոչ ոք չի եղել, միայն նա է եղել, միայն նա։
— Միայն նա՞… ի՞նչ է նա…
— Ես քեզ դավաճանել եմ միայն նրա հետ։ Ու ես կարծում էի, թե նա սիրում է ինձ, Նիկ։ Ես չէի բաժանվի քեզնից, եթե իմանայի, թե նա ինչպիսին է։ Բայց չէ որ դու էլ դա գիտես, Նիկ։ Գիտես, որքան ինձ ստիպեց տառապել։ Ես արդեն պատժված եմ, Նիկ, մի սպանիր ինձ, խնդրում եմ, Նիկ, մի սպանիր։
— Լսիր, Պոլլի,— ասաց ապշած Նիկը,— Պոլլի, պստիկս, աստծո սիրու…
— Նիկ,— հիստերիկ հեծկլտում էր նա։— Նիկ, չէ որ այդ ժամանակից տասնմեկ տարի է անցել։ Համենայն դեպս, տասը։ Դրա համար ինձ մի սպանիր, Նիկ, խնդրում եմ, մի սպանիր, ազնիվ խոսք, ես միայն մեկ տարի եմ անհավատարիմ եղել քեզ։ Դե մանաշատը՝ երկու տարի։ Ազնիվ խոսք, Նիկ։ Եվ միայն նրա հետ։ Մյուսները հաշիվ չեն։ Դրանք եղել են… թռուցիկ հաճույքներ։ Դրանցից ոչինչ չէր փոխվում, Նիկ։ Միայն թե ինձ չսպանես, Նիկ։ Միայն թե ինձ չսպանես, Նիկ։ Չսպանես ինձ,— եւ, ձեռքով ծածկելով դեմքը, նա ցնցվեց հծկլտանքից։
Քրենդոլը մի քանի վայրկյան նայում էր նրան, հետո լիզեց չորացած շրթունքները։ Հետո սուլեց եւ անջատեց հեռուստացույցը։ Հետո ետ ընկավ աթոռի թիկնակին ու նորից սուլեց, բայց այս անգամ սեղմած ատամների արանքից, այնպես, որ ոչ թե սուլոց ստացվեց, այլ ֆշշոց։
Պոլլի։ Պոլլին իրեն դավաճանել է։ Մեկ տարի… ոչ երկու տարի։ Եվ… ինչպես նա ասա՞ց, մնացածնե՞րը։ Մնացածները եղել են միայն թռուցիկ հաճույքներ…
Միակ կինը, որին ինքը սիրել է եւ, կարծես, երբեք էլ չի դադարել սիրել, այն կինը, որից բաժանվեց անսահման ցավով, ամեն ինչում մեղադրելով միայն իրեն, երբ կինն ասաց, թե ֆիրմայի գործերը նրան խլել են իրենից, բայց քանի որ անազնվություն կլիներ խնդրելը, որ նա հանուն իրեն հրաժարվի այդքան անհրաժեշտ գործից…