1. Պատիժը կանխավ

Chapter 1

I

Նյոո Յորքի տիեզերակայանում բանտային տիեզերաթիռի վայրէջքից արդեն քսան րոպե հետո թղթակիցներին թույլ տվին նավ բարձրանալ։ Նրանք փոթորկող հորձանքով ներխուժեցին գլխավոր միջանցքը, պատերին սեղմելով մինչեւ ատամները զինված հսկիչներին, որոնք նրանց պիտի առաջնորդեին։ Առջեւից սլանում էին լրագրողները եւ տեսաբանները, իսկ հորձանքը եզրափակում էին հեռուստատեսային օպերատորները, նզովքներ փնթփնթալով իրենց դյուրակիր, բայց եւ այնպես ծանր սարքավորման հասցեին։

Չդանդաղեցնելով վազքը, թղթակիցները շրջանցում էին գալակտիկական բանտային ծառայության սեւ֊կարմիր համազգեստով տիեզերագնացներին, որոնք արագ քայլերով գալիս էին նրանց ընդառաջ, շտապելով ոչ մի րոպե բաց չթողնել իրենց հասանելիք մոլորակային արձակուրդից․ չէ որ հինգ օր հետո տիեզերաթիռը, աքսորականների նոր բեռով, կգնա հերթական ռեյսի։

Թղթակիցները մի հայացքի անգամ չարժանացրին այդ անգույն սուբյեկտներին, ում գոյությունը սպառվում էր գալակտիկայի մի ծայրից մյուսը միօրինակ ուղերթով։ Եվ հետո, նրանց կյանքն այնքա՜ն շատ էր նկարագրվել, որ այդ թեման վաղուց արդեն քամված էր մինչեւ վերջին կաթիլը։ Ո՛չ, սենսացիոն նյութը սպասում էր նրանց առջեւում։

Նավի խոր փորում հսկիչները բացեցին վիթխարի դռան փեղկերը եւ մի կողմ թռան, վախենալով, որ իրենց ոտքի տակ կգցեն եւ կտրորեն։ Թղթակիցները բառացիորեն կախվեցին երկաթե վանդակի ճաղերից, որոնք շրջափակում էին վիթխարի խուցը։ Նրանց ագահ հայացքները այս ու այն կողմ էին նետվում խուցով մեկ, բախվելով գորշ կոմբինեզոններով մարդկանց աչքերի սառն անտարբերությանը եւ երբեմն միայն հետաքրքրությանը։ Այդ մարդիկ պառկած կամ նստած էին մահիճների վրա, որոնք շարք֊շարք, հարկ֊հարկ տրտում ձգվում էին խուցի ողջ երկայնքով։

Գորշազգեստ մարդկանցից յուրաքանչյուրը ձեռքում պինդ բռնել էր հասարակ թղթից սարքված մի փաթեթ, իսկ ոմանք էլ քնքշորեն շոյում էին այն։ Ավագ հսկիչը, ատամների միջից փորփրելով նախաճաշի մնացորդները, ներսի կողմից դանդաղ մոտեցավ ճաղերին։

— Բարեւ, տղերք,— ասաց նա։— Այդ ո՞ւմ եք փնտրում։ Ես չեմ կարո՞ղ ձեզ օգնել։

Ոչ ջահել եւ առավել հայտնի լրագրողներից մեկը նախազգուշացնող տեսքով բարձրացրեց մատը։

— Թողեք ձեր կատակները, Անդերսոն։ Տիեզերաթիռը կես ժամ ուշացումով վայրէջք կատարեց, ու մի քսան րոպե էլ մեզ սպասեցրին սանդուղքի մոտ։ Որտե՞ղ են նրանք, գրողը տանի։

Անդերսոնը մի քանի վայրկյան նայում էր, թե օպերատորները ինչպես են իրենց արմունկներով տեղ նվաճում վանդակաճաղերի մոտ։ Հետո նա ատամի միջից հանեց մսի վերջին կտորը։

— Լեշակերներ,— փնթփնթաց նա։— Սատկած մսի որսորդներ, արնախումներ։

Այնուհետեւ ճարպկորեն ձեռքն առնելով մահակը, ավագ հսկիչը սկսեց խփել վանդակի ճաղերին։

— Քրենդո՜լ,— փնչացրեց նա։— Հե՜նք։ Առա՛ջ եւ կենտրո՛ն։

Հսկիչները, որոնք մահակները խաղացնելով անշտապ քայլում էին բազմահարկ մահիճների միջեւ, կրկնեցին հրամանը։

— Քրենդո՛լ։ Հենք։ Առա՛ջ եւ դեպի կենտրո՛ն։

Նրանց ձայները դեսուդեն էին նետվում խցով մեկ, ռիկոշետով ետ թռչելով վիթխարի կամարներից։

Նկլաս Քրենդոլը նստեց, ոտքերը ծալելով հինգերորդ հարկի իմ մահճի վրա եւ ջղայնացած կնճռոտեց դեմքը։ Նա ոնց որ սկսել էր ննջել եւ հիմա տրորում էր հազիվ բացվող աչքերը։ Նրա դաստակի ներսի կողմից երեւում էին երեք կարմիա զուգահեռ սպիներ՝ երեք ուղիղ ակոսներ, որ կարող է թողնել գիշատիչ գազանի ճիրանավոր թաթը։

Ունքերի վերեւում մաշկը հատում էր եւս մեկ սպիի մուգ կեռը։ Իսկ ձախ ականջի բլթակի վրա սեւին էր տալիս կլոր անցքը։ Աչքերը տրորելուց հետո նա ջղայնացած քորեց այդ ականջը։

— Հանդիսավոր դիմավորում,— փնթփնթաց նա։— Նախօրոք կարելի էր գլխի ընկնել։ Դարձյալ անիծյալ Երկիրն է իր բոլոր հմայքներով։

Քրենդոլը շրջվեց փորի վրա եւ ձեռքով թփթփացրեց իր տակի դարակի խռմփացնող նիհարիկ մարդու այտին։

— Օտտո,— ձայն տվեց նա,— Օտտո֊Բլոտտո, վեր կաց։

Հենքը, աչքերը դեռ չբացած, իսկույն վեր թռավ ու նստեց, ոտքերը ծալեց տակը։ Նրա աջ ձեռքը ձգվեց դեպի վիզը, որը ծածկված էր զիգզագանման, Քրենդոլի ճակատի սպիի գույնի եւ մեծության սպիների ցանցով։ Ձեռքի երկու մատները չկային՝ ցուցամատն ու միջնամատը։

— Հենքն այստեղ է, սըր,— խռպոտ ասաց նա, թափահարեց գլուխը եւ, աչքերը բացելով, նայեց Քրենդոլին։— Ա՜, դո՞ւ ես, Նիկ… Ի՞նչ է եղել։

— Մենք տեղ ենք հասել, Օտտո֊Բլոտտո։ Մենք Երկրի վրա ենք, եւ շուտով պատրաստ կլինեն մեր վկայականները։ Եվս մի կես ժամ, ու դու կկարողանաս սիրտդ ուզածի չափ կոնյակ, գարեջուր, օղի ու անիծյալ վիսկի խմել։ Դու էլ ստիպված չես լինի մտնել մահճի տակ եւ պահածոյի բանկայով խմել բանտային ինքնաքաշ օղին, Օտտո֊Բլոտտո։

Հենքը փնչացրեց եւ ետ ընկավ մեջքի վրա։

— Կե՜ս ժամ հետո։ Իսկ ինչո՞ւ ինձ հիմա արթնացրիր, ինչ է, ես քեզ համար գրպանահա՞տ եմ, որը նախ գողանում է, հետո նստում ու հիմա անհամբերությունից ղժժում, թե որտեղ է իր վկայականը։ Իսկ ես, Նիկ, երազումս տեսա մի նոր ձեւ, որով կսպանեմ Էլզային, էնպե՜ս բան է, որ կշշմես…

— Շները կատաղել են,— առաջվա պես հանգիստ պատասխանեց Քրենդոլը։

— Լսո՞ւմ ես։ Նրանց մենք ենք պետք՝ դու եւ ես։

Հենքը նորից նստեց, ականջ դրեց ու գլխով արեց։

Ինչո՞ւ այսպիսի ձայն ունենում են միայն գալակտիկական շները, հը՞։

— Համաձայն հրահանգի,— հավաստիացրեց նրան Քրենդոլը։— Գալակտիկական շուն դառնալու համար պահանջվում է առավելագույն հասակ, նվազագույն կրթություն եւ առավելագույն զզվելի ձայն, որ ընդունակ լինի խլացուցիչ գոռալում։ Իսկ առանց դրա, ինչպիսի նողկալի սրիկա էլ որ լինես, եղբայրս, ստիպված պիտի լինես նստել Երկրում եւ սիրտդ թեթեւացնել՝ տուգանելով իրենց անդրջրհեղեղյան ուռռաթիռներով արագությունը գերազանցող պատվարժան պառառներին։

Հսկիչը մոտեցավ նրանց ու զայրացած խփեց մետաղե ձողին։

— Քրենդո՛լ։ Հե՛նք։ Դուք դեռ աքսորական եք, մի մոռացեք։ Երկու վայրկյան եմ տալիս ձեզ, թե չէ կբարձրանամ ու մի լավ կմշակեմ, որ չմոռանաք։

— Կա, սըր։ Գալիս եմ, սըր,— արձագանքեցին նրանք միաձայն եւ սկսեցին ցած իջնել, ձեռներից բաց չթողնելով փաթեթները, որոնց մեջ իրենց հագուստներն էին, այն հագուստները, որ մի ժամանակ հագնում էին ազատության մեջ եւ հիմա նորից պիտի հագնեին։

— Լսիր, Օտտո,— արագ֊արագ խոսեց Քրենդոլը անձայն բանտային շշուկով, կռանալով Հենքի ականջի վրա, մինչ ցած կիջնեին։— Մեզ կանչում են ինտերվյուի հեռուստատեսության գրչակների ու լրագրողների հետ։ Մեզ հարյուրավոր հարցեր կտան։ Տես, հա, բերանիցդ բաց չթողնես…

— Լրագրողնե՞ր… Իսկ ինչո՞ւ մեզ… Ինչնեի՞ն ենք պետք։

— Որովհետեւ մենք նշանավոր մարդիկ ենք, ավանակ։ Մենք չեղած տեղը նստել ենք ողջ ժամկետը։ Իսկ քո կարծիքով, շա՞տ կան մեզ նման։ Ձայնդ կտրիր ու լսիր։ Եթե քեզ հարցնեն, թե դու ում ես մտադիր սպանել, լռիր ու ժպտա։ Այդ հարցին մի պատասխանիր։ Հասկացար։ Բերանիցդ չթռցնես, թե ում սպանության համար էիր նստած։ Ոնց էլ որ քեզ կպնեն, նրանք չեն կարող ստիպել քեզ, որ պատասխանես։ Օրենքն է այդպիսին։

Հենքը մի պահ քարացավ։

— Նիկ։ Ախր Էլզան գիտի։ Ես հենց այն օրը նրան ասացի, մինչեւ ոստիկանություն գնալս։ Նա հրաշալի գիտի, որ ես համաձայնվեցի սպանության համար նստել միայն հանուն իրեն։

— Նա գիտի՜, նա գիտի՛։ Դե, իհարկե, նա գիտի։— Քրենդոլն արագ ու անձայն հայհոյեց։— Բայց նա չի կարող դա ապարուցել, դմբո։ Իսկ հենց որ դու այդ մասին հայտարարես վկաների ներկայությամբ, նա իրավունք կստանա զենք ձեռք բերելու եւ առանց նախազգուշացնելու կրակել քեզ վրա՝ ինքնապաշտպանության կարգով։ Իսկ եթե դու լռես, նա դրա իրավունքը չի ունենա։ Չէ որ մինչեւ հիմա նա քո խեղճ կինն է, որին դու աստծո առաջ երդվել ես սիրել, հարգել ու գուրգուրել։ Ամբողջ աշխարհի տեսանկյունից…

Հսկիչը բարձրացավ ոտքի թաթերի վրա ու մահակը շրմփացրեց նրանց մեջքներին։ Նրանք ընկան հատակին ու կծկվեցին, իսկ հսկիչը ոռնում էր։

— Ես ձեզ թողե՞լ եմ ռեխներդ բացեք։ Թողե՞լ եմ։ Եթե մեզ ժամանակ մնա, մինչեւ ձեր վկայականները տալը, ես ձեզ, խելոքներիդ, կտանեմ հսկիչների սենյակը վերջին անգամ դաս տալու։ Իսկ հիմա՝ արագացրե՛ք։

Նրանք հնազանդորեն վազեցին, ինչպես հավի ճտերը փախչում են կատաղած շնից։ Խուցը շրջափակող ճաղերի մոտ հսկիչը պատվի առավ եւ զեկուցեց․

— Կանխահանցագործներ Նիկլաս Քրենդոլ եւ Օտտո Հենք, սըր։

Ավագ հսկիչ Անդերսոնը ի պատասխան ձեռքն անփութորեն տարավ դեպի գլխարկը եւ շրջվեց բանտարկյալների կողմը։

— Այս պարոնները ուզում են ձեզ հարցեր տալ, տղերք, մի երկու հարց։ Պատասխանեք․ դրանից ձեզ վնաս չի լինի։ Կարող եք գնալ, ՕʼԲրայեն։

Ավագ հսկիչի ձայնը հնչում էր մեծագույն բարեհոգությամբ։ Նրա դեմքին խաղում էր կիսատ ժպիտը։

Հսկիչ ՕʼԲրայենը նորից պատվի առավ եւ մի կողմ գնաց, իսկ Քրենդոլը մտովի վերհիշեց այն ամենը, ինչ հասցրել էր Անդերսոնի մասին իմանալ Կենտավրոսի Պրոքսիմայից մինչեւ այստեղ թռչելու մեկ ամսվա ընթացքում։ Անդերսոնը մտախոհ օրորում էր գլուխը, երբ այդ խեղճ Մինելիին… նրա անունը Ստիվ Մինելի էր… քշեցին մահակներով զինված հսկիչների շարքի միջով այն բանի համար, որ նա առանց թույլտվության գնացել էր զուգարան։ Անդերսոնը քրքջում էր եւ ոտքով խփում էեր աքսորականի աճուկներին, որը ճաշի ժամանակ խոսել էր հարեւանի հետ… Անդերսոնը…

Ավ, այնուամենայնիվ, չի կարելի ժխտել նրա քաջությունը․ չէ որ նա գիտեր, որ նավի վրա գտնվում են երկու կանխահանցագործ, որոնք կանխավ կրել են իրենց պատիժը սպանության համար։ Այսինքն, նա հաստատ կիմանար եւ այն, որ նրանք իրենց սպանությունները հենց այնպես չեեն վատնի իր վրա, որքան էլ որ ինքը գազանություններ անի։ Մարդը կամավոր կերպով երկար ժամանակով դժոխք չի գնում սոսկ այն բանի համար, որ սատկացնի տեղի հրեշներից մեկին։

— Իսկ մենք պարտավո՞ր ենք պատասխանել այդ հարցերին, սըր,— զգուշորեն հարցրեց Քրենդոլը։

Ավագ հսկիչի ժպիտը մի քիչ նեղացավ։

— Ես արդեն ասացի, չէ, որ դա ձեզ վնաս չի տա։ Իսկ մի ուրիշ բան կարող է եւ խանգարել։ Այնպես որ Քրենդոլ, դեռ ինչ ասես կարող է լինել։ Ես կցանկանայի ծառայություն մատուցել մամուլի ներկայացուցիչներին, եւ դուք, խնդրեմ, եղեք սիրալիր ու բարեհաճ, լա՞վ,— նա կզակը թեթեւակի թեքեց հսկիչների կողմը եւ ձեռքն առավ մահակը։

— Կա, սըր,— պատասխանեց Քրենդոլը, իսկ Հենքը եռանդագին գլխով արեց։— Մենք կլինենք սիրալիր եւ բարեհաճ։

«Գրողը տանի,— մտքում հայհոյեց Քրենդոլը։— Եթե միայն այդ սպանությունը ինձ այդքա՜ն հարկավոր չլիներ մեկ ուրիշի համար։ Հիշիր Ստեֆանսոնին, բարեկամս, միայն Ստեֆանսոնին։ Ոչ մի Անդերսոն, ոչ մի ՕʼԲրայեն եւ ոչ այլ ոք։ Միայն Ֆրեդերիկ Սթոդարդ Ստեֆանսոն»։

Մինչ հեռուստատեսության օպերատորները վանդակաճաղերի մյուս կողմում տեղադրում էին իրենց խցերը, Քրենդոլը եւ Հենքը պատասխանում էին թղթակիցների նախնական սովորական հարցերին։

— Դե, ինչպե՞ս եք ձեզ զգում Երկիր վերադառնալուց հետո։

— Հրաշալի։ Ուղղակի հրաշալի։

— Ի՞նչ եք մտադիր անել, հենց որ վկայականները ստանաք։

— Կարգին ունել։ (Քրենդոլ)։

— Հարբել։ (Հենք)։

— Զգույշ եղեք, որ հանկարծ նորից բանտ չընկնեք՝ այս անգամ որպես ետհանցագործներ։ (Մի թղթակից)։

Ընդհանուր բարեհոգի ծիծաղ, որին իրենց լուման են ներդնում ավագ հսկիչ Անդերսոնը եւ Քրենդոլն ու Հենքը։

— Ինչպես էին ձեզ հետ վարվում բանտարկության ժամանակ։

— Շատ լավ։ (Քրենդոլն ու Հենքը միաձայն, մտախոհ ծուռ֊ծուռ նայեցին Անդերսոնի մահակին)։ — Իսկ դուք չեք ուզում մեզ հայտնել, թե ո՞ւմ եք մտադիր սպանել։ Գուցե ձեզնից որեւէ մեկը կասի՞։

(Լռություն։)

— Ձեզնից որեւէ մեկը միտքը չի՞ փոխել եւ չի՞ հրաժարվել սպանությունից։

(Քրենդոլը մտախոհ նայում է առաստաղին։ Հենքը մտախոհ նայում է հատակին։ Նորից ընդհանուր ծիծաղ, որի մեջ այս անգամ փոքր֊ինչ լարվածություն կա։ Քրենդոլն ու Հենքը չեն ծիծաղում)։

— Դե, մենք պատրաստ ենք։ Այս կողմը, խնդրեմ, շրջվեք,— միջամտեց հեռուստատեսության հաղորդավարը։— Եվ ժպտացեք, մեզ հարկավոր է իսկական փայլուն ժպիտ։

Քրենդոլը եւ Հենքը հնազանդորեն ժպտացին մինչեւ ականջները, եւ հաղորդավարը նույնիսկ երեք ժպիտ ստացավ․ Անդերսոնը չհապաղեց միանալ ժպիտից փայլով զույգին։

Օպերատորների ձեռքերից դուրս թռան երկու խցիկ, մեկը կախվեց բանտարկյալների գլխավերեւում, մյուսը արագ֊արագ ետ ու առաջ շարժվեց նրանց դեմքերի դիմաց․ օպերատորները այդ խցիկնրե էեկավարում էին ափի մեջ տեղավորվող փոքրիկ պուլտերի օգնությամբ։ Խցիկներից մեկի օբյեկտիվի վերեւում վառվեց կարմիր լամպը։

— Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ եւ հեռուստադիտողուհիներ,— թավշյա ձայնով որոտաց հաղորդավարը,— մենք ձեզ հետ միասին գտնվում ենք «Ժան Վալժան» բանտային տիեզերաթիռում, որը հենց նոր վայրէջք կատարեց Նյու Յորքի տեիզերակայանում։ Մենք եկել ենք այստեղ, որ ծանոթանանք երկու մարդու՝ այն հազվադեպ մարդկանց կատեգորիային պատկանող երկու մարդու հետ, որոնք կամավոր կերպով կրելով մարդասպանության համար նախատեսված ժամկետով պատիժը, ստացան օրինական կերպով յուրաքանչյուրը մեկ սպանություն կատարելու իրավունք։ Մի քանի րոպե հետո նրանք ազատված կլինեն, լրիվ յոթը տարի աքսորամոլորակներում բանտարկությունը կրելուց հետո, ազատված կլինեն Արեգակնային համակարգի սահմաններում ցանկացած տղամարդուն կամ կնոջը սպանելու իրավունքով։ Լավ նայեցեք նրանց դեմքերին, սիրելի հեռուստադիտողներ եւ հեռուստադիտողուհիներ, չէ որ կարող է պատահվել, որ նրանք կընտրեն հատկապես ձեզ։

Այսպիսի լավատեսական ակնարկից հետո հաղորդավարը մի փոքր դադար տվեց, եւ օբյեկտիվները գամվեցին բանտային գորշ հագուստով երկու տղամարդկանց դեմքերին։ Այնուհետեւ հաղորդավարը մտավ խցիկների տեսադաշտը եւ դիմեց բանտարկյալներից կարճահասակին։

— Ձեր անո՞ւնը, սըր։

— Կանխահանցագործ Օտտո Հենք, հինգ հարյուր քսանհինգ հինգ հարյուր տասնչորս համար,— սովորականի պես վրա տվեց Օտտո֊Բլոտտոն, չնայած «սըր» բառը մի քիչ շփոթեցրեց նրան։

— Ինչպե՞ս եք ձեզ զգում Երկիր վերադառնալով։

— Հրաշալի։ Ուղղակի հրաշալի։

— Ի՞նչ եք մտադիր անմիջապես անել, հենց որ վկայականը ստանաք։

Հենքը մի փոքր լուռ տատանվեց, հետո երկչոտ նայեց Քրենդոլի կողմը եւ պատասխանեց․

— Մի կարգին ուտել։

— Ինչպես էին ձեզ հետ վարվում, երբ դուք բանտարկված էիք։

— Շատ լավ։ Այնպես լավ, ինչպես որ պետք էր սպասել։

— Ինչպես որ կարող էր սպասել հանցագործը, հը՞։ Բայց չէ որ դուք դեռ հանցագործ չեք, ճի՞շտ է։ Դուք չէ որ կանխահանցագործ եք։

Հենքն այնպես ժպտաց, ասես առաջին անգամ էր լսում այդ բնորոշումը։

— Ճիշտ է, սըր, ես կանխահանցագործ եմ։

— Չէի՞ք ցանկանա հեռուստադիտողներին հայտնել, թե ով է այն անձնավորությունը, որի պատճառով դուք պատրաստ եք հանցագործ դառնալ։ Հենքըք նախատինքով նայեց հաղորդավարին, որը արձակեց մի հյութեղ քմծիծաղ, այս անգամ լրիվ մեն֊մենակ։

— Կամ, գուցե, դուք հրաժարվե՞լ եմ ձեր մտադրությունից։

Տիրեց լռություն, եւ հաղորդավարը փոքր֊ինչ ջղայն ասաց․

— Դուք յոթը տարի պատիժ եք կրել վտանգներով լի եւ դեռեւս չյուրացված մոլորակներում, նախապատրաստելով դրանք մարդու բնակության համար։ Դա առավելագույն ժամկետն է, որ նախատեսված է օրենքով, ճի՞շտ է։

— Այո, սըր։ Պատիժը նախապես կրող կանխահանցագործներին յոթ տարուց ավելի չեն տալիս մադասպանության համար։

— Գրազ կգամ, դուք ուրախ եմք, որ մեր օրերում մահապատիժը վերացված է, չէ՞։ Այսինքն, այդ դեպքում պատիժը կանխավ կրելն իմասստ չէր ունենա, այդպե՞ս չէ։ Իսկ այժմ, միսթր Հենք, թե՞ ես դեռ պիտի ձեզ կանխահանցագործ Հենք կոչեմ, գուցե դուք մեր հեռուստադիտողներին պատմեք, թե պատիժը կրելու տարիներին ձեզ հետ կատարված ո՞ր դեպքն եք համարում ամենասոսկալին։

— Ը… ը…— Հենքը մտքիեր մեջ ընկավ։— Ամենավատը, թերեւս, պատահեց Անթարես VIII֊ի րվա, իմ երկրորդ ճամբարում, երբ խոշոր կրետները սկսեցին ձու դնել… Գիտե՞ք, Անթարես VIII֊ի վրա մի այնպիսի կրետ կա, որ հարյուր անգամ մեծ է…

— Այնտեղ էլ դուք կորցրիք ձեր երկու մա՞տը։

Հենքը վեր բարձրացրեց հաշմված ձեռքը եւ ուշադիր զննեց այն։

— Ոչ։ Ցուցամատիցս զրկվել եմ Ռիգել XII֊ի վրա։ Մենք կառուցում էինք այդ մոլորակում առաջին ճամբարը, ու ես փորեցի հանեցի մի տարօրինակ կարմիր փշփշոտ կայծքար։ Դե ես մատս կպցրի, որ տեսնեմ, շա՞տ պինդ է՝ ու մատիս ծայրը միանգամից անհետացավ։ Շրըմփ՝ ու չկա։ Իսկ հետո ամբողջ մատս թարախակալեց, եւ բժիշկներկ կտրեցին ու դեն շպրտեցին։ Իմ բախտը հալա բերեց։ Տղերքից, այսինքն՝ աքսորականներից ոմանք դեմ էին առել ավելի խոշոր այդպիսի քարերի ու որը ոտքից էր զրկվել, որը ձեռքից, իսկ մեկին էլ լրիվ կուլ էին տվել։ Ախր դրանք իրականում ոչ թե քարեր էին, այլ կենդանի արարածներ, կենդանի եւ սոված։ Դրանք ուղղակի վխտում էին Ռիգել XII֊ի վրա։ Դե, իսկ միջամատս… Միջամատս կորցրել եմ իմ հիմարության պատճառով տիեզերաթիռի մեջ, երբ տեղափոխում էին…

Հաղորդավարը ամեն ինչ հասկացողի տեսքով գլխով ացեց, հազաց եւ ասաց․

— Բայց կրետները, Անթարես VIII֊ի վիթխարի կրետները ամենավատն էին…

Օտտո֊Բլոտտոն միանգամից գլխի չընկավ, թե խոսքն ինչի մասին է, եւ շփոթված թարթեց աչքերը։

— Հա… Դա ճիշտ է։ Նրանք ձուկ են դնում Անթարես VIII֊ի վրա ապրող կապիկների մաշկի տակ, հասկանո՞ւմ եք։ Կապիկները, իհարկե, դրանից շատ են նեղվում, իսկ կրետի թրթուրները կեր են ունենում մինչեւ մեծանալը։ Դե, մենք այնտեղ հիմնավորվեցինք, եւ բանից դուրս եկավ, որ կրետները ոչ մի տերբերություն չեն տեսնում այդ կապիկների եւ մարդկանց միջեւ։ Սկզբում ամեն ինչ լավ էր գնում, իսկ հետո հանկարծ մերթ մեկն էր անզգա շրմփում գետնին, մերթ մյուսը։ Դրանց տարան հիվանդանոց, ռենտգեն արեցին, եւ պարզվեց, որ նրանք ուղղակի լցոնված են…

— Շնորհակալություն, միսթր Հենք, բայց մեր հեռուստադիտողները արդեն ավելի քան երեք անգամ տեսել են Հերքմիրի կրետին եւ լսել են նրա մասին «Միջաստղային թռիչք» հաղորդման ժամանակ։ Այդ ծրագիրը, ինչպես դուք, անկասկած հիշում եք, թանկագին հեռուստադիտողներ, հաղորդվում է չորեքշաբթի օրերը միջերկրային ժամանակով տասնիննից մինչեւ տասնինն անց երեսուն։ Իսկ այժմ, միսթր Քրենդոլ, թույլ տվեք հարցնել ձե, սըր, ինչպես եք զգում Երկիր վերադառնալով։

Քրենդոլն առաջ եկավ եւ ենթարկվեց մոտավորապես նույնպիսի հարցաքննության, ինչպես իր ընկերը։

Ի դեպ, տեղի ունեցավ բավական նշանակալի շեղում շաբլոնից։ Հաղորդավարը հարցրեց, թե նա չի՞ կարծում, որ այդ ժամանակաընթացքում Երկիրը խիստ փոխված կլինի։ Քրենդոլն արդեն ուզում էր ուսերը թոծվել, հետո հանկարծ քմծիծաղ տվեց։

— Մի նշանակալի փոփոխություն տեսնում եմ,— ասաց նա։— Օդում սավառնող այս խցիկները, որոնք ղեկավարում են փոքրիկ տուփեցի միջոցով։ Այն օրը, երբ ես բաժանվեցի Երկրից, այդպիսի բան դեռ չկար, գյուտարարը, երեւի հիմար մարդ չէ։

— Հը՞,— հաղորդավարը նայեց շուրջը։— Դուք խոսում եք Ստեֆանսոնի դիստանցիոնային փոխարկիչի մասին։ Դա հայտնագործել է Ֆրեդերիկ Ստոդարդ Ստեֆանսոնը մի հինգ տարի առաջ։ Ճի՞շտ է, Դոն։

— Վեց տարի,— ճշտեր օպերատորը։— Հինգ տարի առաջ փոխարկիչը սկսեց վաճառվել։

— Փոխարկիչի գյուտը կատարվել է վեց տարի առաջ,— բացատրեց հաղորդավարը։— Իսկ վաճառքը սկսվել է հինգ տարի առաջ։

Քրենդոլը գլխով արեց։

— Այդ Ֆրեդերիկ Ստոդարդ Ստեֆանսոնը, երեւում է, շատ խելոք մարդ է, շա՜տ֊շա՜տ խելոք,— եւ նորից քմծիծաղեց խցիկի օբյեկտիվի մեջ։

«Նայիր ինձ վրա,— մտածեց նա։— Ես հո գիտեմ, որ դու նայում ես այս հաղորդումը, Ֆրեդի։ Նայից ինձ վրա եւ դողա»։

Հաղորդավարը կարծես մի քիչ շշմել էր։

— Այո…— ասաց նա։— Ճիշտ այդպես։ Իսկ այժմ, միսթր Քրենդոլ, չէ՞իք պատմք ձեզ հետ պատահած ամենասոսկալի…

Comments