Chapter 3
III
Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որևէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում: Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ: Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը (ես չեմ փորձի ինքնաթիռը նկարել, միևնույն է, բան դուրս չի գա), հարցրեց.
– Սա ի՞նչ բան է:
– Սա բան չէ, ինքնաթիռ է, թռչում է:
Եվ ես հպարտությամբ բացատրեցի նրան, որ կարող եմ թռչել: Նա բացականչեց.
– Ինչպե՞ս, դու երկնքի՞ց ես ընկել:
– Այո՛,– համեստորեն պատասխանեցի ես:
– Այ թե հետաքրքի՜ր է…
Եվ Փոքրիկ իշխանը ծիծաղեց այնպես ուժգին, որ իմ տրամադրությունն ընկավ: Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
– Ուրեմն դո՞ւ էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից:
«Ահա թե որտեղ է անապատում հայտնվելու նրա խորհրդավոր գաղտնիքը»,– մտածեցի ես և ուղղակի հարցրի.
– Ուրեմն դու ուրիշ մոլորակի՞ց ես այստեղ ընկել...
Բայց նա չպատասխանեց: Իմ ինքնաթիռին նայելով՝ նա գլուխը կամաց օրորեց.
– Դու սրանով հեռվից գալ չէիր կարող...
Եվ երկար մտածմունքի մեջ ընկավ: Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկն ու սկսեց զննել այդ գանձը:
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը «ուրիշ մոլորակների» մասին նրա կիսաբերան ասած խոստովանությունից:
Եվ ես փորձեցի ավելի շատ բան իմանալ:
– Որտեղի՞ց ես դու եկել, փոքրի՛կս: Որտե՞ղ է քո տունը և ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկը:
Նա, մտածմունքի մեջ ընկած, մի փոքր լռեց, հետո ասաց.
– Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր: Գիշերները գառնուկը արկղում էլ կքնի:
– Դե իհարկե: Եվ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես: Ցից էլ կտամ:
Փոքրիկ իշխանը մռայլվեց:
– Կապե՞մ... ինչի՞ համար...
– Ախր եթե չկապես, նա կարող է գնալ հեռու և կորչել:
Այստեղ իմ բարեկամը նորից ուրախ ծիծաղեց:
– Ո՞ւր կարող է նա գնալ:
– Քի՞չ տեղ կա գնալու: Կգնա ուղիղ, ինչքան աչքը կտրի:
Փոքրիկ իշխանը լրջորեն ասաց.
– Դա սարսափելի չէ, ինձ մոտ տեղը շատ փոքր է:
Եվ թախծոտ ավելացրեց.
– Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…