Chapter 27
XXVII
Եվ ահա անցել է վեց տարի... Ես դեռ ոչ ոքի այդ մասին չեմ պատմել: Երբ ես վերադարձա, իմ ընկերները շատ ուրախացան, որ ինձ ողջ և առողջ են տեսնում: Ես շատ տխուր էի, բայց նրանց ասում էի.
– Այդ նրանից է, որ հոգնել եմ...
Եվ այնուամենայնիվ կամաց-կամաց սկսեցի մխիթարվել: Այսինքն... ոչ ամբողջովին: Բայց ես գիտեմ՝ նա վերադարձավ իր մոլորակը, որովհետև երբ լույսը բացվեց, ես ավազի վրա չգտա նրա մարմինը, որն այնքան էլ ծանր չէր: Իսկ գիշերները ես սիրում եմ լսել աստղերին: Կարծես թե հինգ հարյուր միլիոն զանգակներ լինեն...
Բայց ահա թե ինչ պատահեց: Երբ ես գառնուկի համար դնչկալ էի նկարում, մոռացա կապի մասին: Փոքրիկ իշխանը չի կարողանա դնչկալը հագցնել իր գառնուկին: Ու ինքս ինձ հարց եմ տալիս՝ երևի մի բան պատահի նրա մոլորակի վրա. հանկարծ ու գառնուկը վարդը ուտի:
Երբեմն ես ինքս ասում եմ. «Ո՛չ, իհարկե՝ ո՛չ: Փոքրիկ իշխանը գիշերները միշտ էլ վարդը ծածկում է ապակիով և շատ է հետևում գառնուկին»: Երբ այդպես եմ մտածում, ինձ երջանիկ եմ զգում: Եվ բոլոր աստղերը կամացուկ ծիծաղում են:
Իսկ մեկ-մեկ ինքս ինձ ասում եմ. «Երբեմն մարդ ցրված է լինում... Այդ ժամանակ ամեն ինչ կարող է պատահել: Հանկարծ ու նա մի օր մոռանա ապակին դնել, և գառնուկն էլ գիշերը թաքուն դուրս գա...»:
Այս բոլորը անհասկանալի է ու առեղծվածային: Ձեզ համար, որ նույնպես սիրեցիք Փոքրիկ իշխանին, ինչպես նաև ինձ համար, դա ամենևին էլ միևնույնը չէ. ամբողջ աշխարհը մեզ համար ուրիշ տեսակ է դառնում այն պատճառով, որ ինչ-որ մի տեղ՝ տիեզերքի անհայտ անկյուններից մեկում, մի գառնուկ, որին մենք երբեք չենք տեսել, կարող է հանկարծ ուտել մեզ համար անծանոթ վարդը:
Նայեցեք երկնքին: Եվ ինքներդ ձեզ հարց տվեք. «Դեռ ապրո՞ւմ է վարդը, թե՞ արդեն չկա: Հանկարծ ու գառնուկը կերել է այն...»: Եվ դուք կտեսնեք, որ ամեն ինչ ուրիշ կերպ կդառնա...
Եվ երբե՛ք ոչ մի մեծահասակ չի հասկանա, թե որքան կարևոր է այդ:
Իմ կարծիքով, սա աշխարհի ամենագեղեցիկ և ամենաթախծոտ վայրն է: Անապատի այս անկյունը նկարված է նախորդ էջի վրա. ես մի անգամ էլ եմ նկարում, որ դուք ավելի լավ հիշեք: Առաջին անգամ Փոքրիկ իշխանը այստեղ հայտնվեց, այստեղ էլ անհետացավ:
Ուշադիր նայեք, որպեսզի անպայման ճանաչեք այս վայրը, եթե երբևէ Աֆրիկայի անապատներն ընկնեք: Եթե այնպես պատահի, որ դուք անցնեք այս վայրերով, պարտք եմ դնում ձեզ վրա՝ մի շտապեք, մի փոքր կանգ առեք այս աստղի տակ: Եվ եթե ձեզ մոտենա ոսկեգանգուր մի փոքրիկ տղա, եթե նա զրնգուն ծիծաղ ունենա և ձեր հարցերին չպատասխանի, դուք, իհարկե, գլխի կընկնեք, թե ով է նա:
Այդ ժամանակ, շատ եմ խնդրում ձեզ, չմոռանաք փարատել իմ վիշտը. անմիջապես գրեք ինձ, որ նա վերադարձել է:
ՎԵՐՋ