Chapter 25
XXV
– Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, – ասաց Փոքրիկ իշխանը: – Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում...
Հետո ավելացրեց.
– Եվ իզուր...
– Այն ջրհորը, որ մենք գտանք, նման չէր Սահարայի մյուս ջրհորներին: Սովորաբար ջրհորներն այստեղ ուղղակի ավազի մեջ փորված փոսեր են: Դա մի իսկական գյուղական ջրհոր էր: Բայց մոտերքում ոչ մի գյուղ չկար, և ես մտածեցի, թե այդ բոլորը տեսնում եմ երազում:
– Ի՜նչ տարօրինակ է, – ասացի ես Փոքրիկ իշխանին, –այստեղ ամեն ինչ պատրաստել են՝ և՛ չարխը, և՛ դույլը, և՛ պարանը:
Նա ծիծաղեց, ձեռք տվեց պարանին, և սկսեց չարխը պտտել: Եվ չարխը ճռճռաց հին հողմաղացի նման, որը երկար ժամանակ քամի չլինելու պատճառով ժանգոտվել էր...
– Լսո՞ւմ ես, – ասաց Փոքրիկ իշխանը: – Մենք ջրհորին արթնացրինք, և նա երգեց...
Ես վախենում էի, թե նա կհոգնի:
– Ջուրը ես ինքս կհանեմ, – ասացի, – քեզ համար դժվար կլինի:
Ես դանդաղ դուրս քաշեցի դույլը և զգուշորեն դրեցի ջրհորի քարե եզրին: Իմ ականջներում հնչում էր չարխի ճռճռան երգը, դույլի մեջ ջուրը դեռ ծփում էր, և նրա մեջ թրթռում էին արևի շողքերը:
– Ես ուզում եմ այդ ջրից մի կում անել, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Տուր մի քիչ խմեմ...
Եվ ես հասկացա, թե նա ինչ էր փնտրում:
Ես դույլը մոտեցրի նրա շրթունքներին: Նա խմում էր աչքերը փակ: Նրա համար դա ոնց որ ամենագեղեցիկ խնջույքը լիներ: Դա հասարակ ջուր չէր:
Այդ ջուրը ծնվել էր աստեղրի տակով անցնող երկար ճանապարհից, չարխի ճռճռոցից և իմ ձեռքերի ճիգից:
Դա կարծես նվեր էր սրտի համար: Երբ ես փոքրիկ էի, ինձ համար այդպես շողում էին Սուրբ Ծննդյան տոնի նվերները՝ տոնածառի մոմերի փայլով, երգեհոնի կեսգիշերային նվագով և մեղմ ու հարազատ ժպիտներով:
– Քո մոլորակի վրա, – ասաց Փոքրիկ իշխանը, – մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում... և չեն գտնում այն, ինչ փնտրում են...
– Չեն գտնում, – համաձայնեցի ես:
– Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ, մի կում ջրի մեջ...
– Այո՛, իհարկե, – համաձայնեցի ես:
Եվ Փոքրիկ իշխանն ասաց.
– Բայց աչքերը կույր են: Հարկավոր է սրտով փնտրել:
Ես ջուր խմեցի: Շնչելը հեշտ էր: Լուսադեմին ավազը մեղրի նման ոսկեգույն է դառնում: Եվ ես դրանից էլ էի երջանիկ: Ինչո՞ւ պիտի ես տխրեի...
– Դու պիտի խոսքիդ տերը լինես, – նորից նստելով իմ կողքին՝ զուսպ ասաց Փոքրիկ իշխանը:
– Ո՞ր խոսքի:
– Հիշո՞ւմ ես, դու խոստացար... իմ գառնուկի համար դնչկալ... Չե՞ որ իմ ծաղկի համար պատասխանատու եմ:
Ես գրպանիցս հանեցի իմ գծանկարները: Փոքրիկ իշխանը նայեց ու ծիծաղեց:
– Քո բաոբաբները կաղամբի նման են:
Իսկ ես դեռ պարծենում էի իմ բաոբաբներով:
– Իսկ քո աղվեսի ականջները... ոնց որ եղջյուրներ լինեն: Եվ այնքա՜ն էլ երկար են:
Եվ նա նորից ծիծաղեց.
– Դու իրավացի չես, բարեկամ՛ս: Չէ՞ որ ես երբեք նկարել չեմ իմացել, բացի վիշապօձերից, որ նկարում էի ներսից ու դրսից:
– Դե ոչինչ, – հանգստացրեց նա ինձ, – երեխաները այդպես կհասկանան:
Եվ ես դնչկալ նկարեցի գառնուկի համար: Ես նկարը տվեցի Փոքրիկ իշխանին, ու սիրտս ճմլվեց:
– Դու ինչ-որ բան մտածեցիր, բայց ինձ չես ասում...
Բայց նա չպատասխանեց:
– Գիտե՞ս, – ասաց նա, – վաղը մի տարին կլրանա, ինչ ես ընկել եմ ձեզ մոտ՝ երկրագնդի վրա...
Եվ լռեց: Հետո նա ավելացրեց.
– Ես այստեղ մոտերքում եմ ընկել...
Եվ կարմրեց:
Եվ նորից, աստված գիտե թե ինչու, նորից սրտիս վրա ինչ-որ բան ծանրացավ: Այնուամենայնիվ, ես հարցրի.
– Ուրեմն մի շաբաթ առաջ, այն առավոտ, երբ մենք ծանոթացանք, պատահական չէր, որ դու մեն-մենակ թափառում էիր այս կողմերում՝ մարդկանց բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու: Դու ուզում ես վերադառնալ այնտեղ, ուր ընկել էիր այն ժամանակ:
Փոքրիկ իշխանը ավելի կարմրեց:
Եվ ես անվճռական շարունակեցի.
– Գուցե այդ նրա համար, որ լրանում է տարի՞ն...
Եվ նորից նա կարմրեց: Նա չպատասխանեց իմ ոչ մի հարցին, բայց չէ՞ որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո», այդպես չէ՞...
– Ես սարսափում եմ, – հառաչելով սկսեցի ես:
Բայց նա ասաց.
– Արդեն ժամանակն է, որ դու գործի անցնես: Գնա քո մեքենայի մոտ: Ես քեզ այստեղ կսպասեմ: Արի վաղը երեկոյան:
Սակայն ես չհանգստացա: Ես հիշեցի աղվեսին: Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս: