Chapter 24
XXIV
Այն օրից, ինչ ես վթարի էի ենթարկվել, անցել էր ուղիղ մեկ շաբաթ և լսելով հաբ վաճառողի պատմությունը՝ ես խմեցի իմ վերջին կում ջուրը:
– Այո՛,– ասացի Փոքրիկ իշխանին, – այն, ինչ դու պատմում ես, շատ հետաքրքիր է, բայց ես դեռ չեմ նորոգել իմ օդանավը, ոչ մի կաթիլ ջուր չունեմ այլևս, և ես նույնպես երջանիկ կլինեի, եթե ուղղակի աղբյուր գնալու ժամանակ ունենայի:
– Այն աղվեսը, որի հետ ես բարեկամացա...
– Սիրելի՛ս, ես հիմա քո աղվեսի մասին լսելու ժամանակ չունեմ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև ստիպված պիտի ծարավից մեռնեմ...
Նա չհասկացավ, թե ինչ կապ կա աղվեսի և ծարավից մեռնելու մեջ, և առարկեց.
– Նույնիսկ երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա: Ա՛յ, ես շատ ուրախ եմ, որ բարեկամացել եմ աղվեսի հետ...
«Նա չի հասկանում, թե վտանգն ինչքան մեծ է: Նա երբեք քաղց ու ծարավ չի զգացել: Նրան բավականացնում է անգամ արևի մի ճառագայթը»:
Ես սա բարձրաձայն չասեցի, այլ միայն մտածեցի: Բայց Փոքրիկ իշխանը նայեց ինձ ու շշնջաց.
– Ես էլ եմ ուզում խմել... գնանք ջրհոր փնտրենք...
Ես ձեռքով մի հոգնած շարժում արեցի... Ի՞նչ օգուտ անծայր անապատում ենթադրաբար ջրհոր փնտրելուց: Բայց, այնուամենայնիվ, մենք ճամփա ընկանք:
Երկար ժամանակ մենք քայլում էինք լուռ: Վերջապես մթնեց, և աստղերն սկսեցին երկնքում մեկիկ-մեկիկ վառվել: Ծարավից ես տենդի մեջ էի ընկել, և ինձ թվում էր, թե երազիս մեջ եմ աստղերը տեսնում: Անընդհատ հիշում էի Փոքրիկ իշխանի խոսքերը, և ես նրան հարցրի.
– Ուրեմն դո՞ւ էլ գիտես, թե ինչ բան է ծարավը:
Բայց նա չպատասխանեց: Նա ուղղակի ասաց.
– Սրտին էլ է ջուր պետք:
Ես չհասկացա, բայց լռեցի: Ես գիտեի, որ պետք չի նրան հարցուփորձ անել:
Նա հոգնեց: Նստեց ավազի վրա: Ես նստեցի նրա կողքին: Լռեցինք: Հետո նա ասաց.
– Աստղերը շատ գեղեցիկ են, որովհետև նրան վրա ինչ-որ մի տեղ կա մի ծաղիկ, թեև չի երևում...
– Այո, իհարկե, – ասացի ես՝ նայելով լուսնի լույսով լուսավորված ալիքվող ավազին:
– Անապատն էլ է գեղեցիկ, – ավելացրեց Փոքրիկ իշխանը:
– Դա ճիշտ է: Ինձ անապատը միշտ էլ դուր է եկել: Նստում ես ավազաթմբի վրա՝ ոչինչ չի երևում, ոչինչ չի լսվում: Բայց էլի լռության մեջ ինչ-որ բան շողում է...
– Գիտե՞ս ինչու է անապատը լավ, – ասաց նա: – Նրա մեջ ինչ-որ տեղերում աղբյուրներ են թաքնված...
Ես մնացի քարացած, հանկարծ հասկացա, թե ինչ է նշանակում ավաից բխող խորհրդավոր լույսը: Մի ժամանակ, երբ ես փոքրիկ տղա էի, ապրում էի մի հին, շատ հին տան մեջ: Պատմում էին, թե այդ տանը գանձ կա թաքցրած: Հասկանալի է, որ այդպես էլ այդ գանձը ոչ ոք չգտավ, գուցե ոչ ոք երբեք էլ չէր փնտրել այն: Բայց դրա պատճառով տունը ոնց որ կախարդված լիներ: Այդ տունն իր սրտում գաղտնիք ուներ պահած...
– Այո, – ասացի ես: – Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի:
– Ես շատ ուրախ եմ, որ դու համաձայն ես իմ բարեկամ աղվեսի հետ, – արձագանքեց Փոքրիկ իշխանը:
Հետո նա քնեց: Ես նրան առա ձեռքերիս վրա ու շարունակեցի ճամփան:
Ես հուզված էի: Ինձ թվում էր, թե փխրուն մի գանձ եմ տանում: Ինձ թվում էր, որ մեր Երկրի վրա նրանից ավելի փխրուն բան չկա:
Լուսնի լույսի տակ ես նայեցի նրա գունատ ճակատին, իրար միացած թարթիչներին, մազերի ոսկե փնջերին, որոնց հետ խաղում էր քամին, և ասում էի ինքս ինձ, որ այս բոլորը միայն պատյանն է: Ամենագլխավորը այն է, որ հասարակ աչքերով չես տեսնի...
Նրա կիսաբաց շրթունքները ժպիտից շարժվեցին, և ես ինձ ասացի էլի. «Ամենահուզիչ բանը այս քնած Փոքրիկ իշխանի մեջ ծաղկի նկատմամբ նրա հավատարմությունն է, այն վարդի կերպարը, որը կանթեղի նման շողում է նրա մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»: Եվ ես հասկացա, որ նա ավելի փխրուն է, քան թվում է: Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:
Այդպես ես գնացի և լուսադեմին հասա ջրհորին: